Սաղմոս Ասափի: Հանդիմանություն է չար իշխանների և քահանաների համար, և ասում է պատճառը, թե ինչու է բարձիթողի մատնել:
1. Աստուած եկաց ի ժողովս աստուածոց, և ի միջի նոցա դատէր զնոսա:
Աստված կանգնեց աստվածների ժողովում, և նրանց մեջ դատապարտեց նրանց:
Իշխանները, դատավորները, քահանաներն ու դպիրները, ովքեր կյանքի ու մահվան հրաման են տալիս, աստվածներ են կոչվում, ըստ այնմ, թե՝ «Քո աստվածներին մի՛ վատաբանիր և քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր» (Ելք 22:28), սրանով հայտնելով, թե Աստված նրանց մեջ է, և տեսնում է ու քննում, և սա է դատապարտելը, և ապա ասում է.
2. Մինչև յե՞րբ դատիք անիրաւութեամբ, և ակն առնուք մեղաւորաց:
Մինչև ե՞րբ պիտի անիրավությամբ դատեք. և աչառություն անեք մեղավորներին:
Ցույց է տալիս համբերատարությունը՝ սկսած վաղ ժամանակներից: Եվ աչառություն անեք մեղավորներին, որ զրկում են աղքատին, եթե նույնիսկ ուրիշ մեղքեր չունենան:
3. Դատ արարէք որբոյն և այրւոյ, իրաւունս արարէք տնանկին և խոնարհի:
Տեսե՛ք դատաստանը որբի և այրու, արդա՛ր դատեցեք տնանկին և խոնարհին:
Որ զրկված են օգնականներից, ծնողազուրկ են և այրի: Արդա՛ր դատեք տնանկին, որ զրկվել է սեփական ունեցվածքից, և խոնարհին, որ ի սկզբանե խոնարհ կյանք է վարում և կաշառակեր չէ:
4. Ապրեցուցէ՛ք զաղքատն և զտնանկն, ի ձեռաց մեղաւորի փրկեցէ՛ք զնոսա:
Փրկեցե՛ք աղքատին ու տնանկին, մեղավորի ձեռքից փրկեցե՛ք նրանց:
Նրան, ում խոնարհ ասաց:
5. Ո՛չ իմացան և ո՛չ ի միտ առին, ի խաւարի գնացին, և շարժեցան ամենայն հիմունք երկրի:
Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խավարի մեջ, և երկրի բոլոր հիմքերը ցնցվեցին:
[Չհասկացան] իրենց պատիվը, և ոչ էլ հիշեցին հատուցման մասին, խարխափեցին խավարի մեջ, այսինքն՝ արդարության լույսի փոխարեն անիրավությամբ [գործելով]: Եվ երկրի բոլոր հիմքերը ցնցվեցին. կամ հրեշտակային տերությունների բարկությունը շարժվեց, կամ պատերազմներ և խռովություններ եղան, կամ էլ հենց իշխաններն են երկրի հիմքերը, որ ցնցվեցին Աստծու ընթացքից:
6. Ես ասացի՝ թէ աստուածք իցէք, կամ որդիք Բարձրելոյ ամենեքեան:
Ես ասացի՝ «Աստվածներ եք դուք, կամ բոլորդ էլ որդիներն եք Բարձրյալի»:
Ցանկացա, որ այդպես լինեիք՝ իրավունքը պահելով և արդարությամբ գործելով: Աստվածներ, որովհետև մեկը ծովը բաժանեց, մյուսը գետը ետ դարձրեց և լուսատուներին կանգնացրեց, մյուսը ցողը և անձրևը դադարեցրեց, մյուսը հրաման տվեց և դառը ջուրը քաղցրացավ: Որդիներն եք՝ խոնարհներդ Բարձրյալի:
7. Դուք ահաւադիկ որպէս մարդիկ մեռանիք. և որպէս զմի յիշխանաց անկանիք:
Բայց ահա մեռնում եք դուք որպես մարդ և ընկնում եք ինչպես մի իշխան:
Որպես Ադամի որդիներ նրա պես մեռնում եք, և ընկնում եք ինչպես մի իշխան՝ դևերից, որ ընկան խոնարհություն չունենալու պատճառով, կամ երբ մեռնում եք՝ աղքատներին հավասար եք դառնում, և նրանցից ոչնչով առավել չեք, և հավիտենական կյանքի համար եք մեռնում և հավերժ մնայունը կորցնում՝ պատիվն ու իշխանությունը, այսինքն՝ Տիրոջ ամբողջ ունեցվածքի վրա [իշխան] լինելը:
8. Արի՛, Աստուած, և դատեա՛ զերկիր, զի դու ժառանգեսցես զամենայն հեթանոսս:
Ելի՛ր, Աստվա՛ծ, ու դատի՛ր աշխարհը, քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին:
Ելի՛ր, Աստված, և դատի՛ր արդարությամբ, քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին, քանզի, ըստ Հակոբի, քեզ են սպասում բոլորը (տե՛ս Ծննդ. 49:10):
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը