Այսուհետև՝ հնձանների մասին. սաղմոս Կորխի որդիներին: Հնձանը եկեղեցին է, քանզի մեր գլուխը իրեն որթ կոչեց, իսկ Հայրը՝ մշակ իր ճյուղերի: Ունի նաև Բաբելոնից դուրս գալու, և վերին Սիոնում բնության ազատության խորհուրդը:
1. Որպէս սիրելի են յարկք քո, Տէր զօրութեանց, ցանկայ և փափագէ անձն իմ ի գաւիթս քո:
Որքա՜ն հաճելի է քո հարկի տակ. զորությունների՛ Տեր, իմ հոգին քո գավիթն է ցանկանում ու փափագում:
Հարկը հոգնակի է դնում, ըստ այն խոսքի, թե. «Իմ Հոր տան մեջ բազում օթևաններ կան» (Հովհ. 14:2), և ամբողջ աշխարհում՝ եկեղեցիներ, որոնք վերին Սիոնի դռներն են: Իմ հոգին քո գավիթն է ցանկանում ու փափագում. քանզի այդ ցանկությունն Աստված մեր մեջ սահմանեց, գավիթներն ու սրահները թե՛ ծովում և թե՛ ցամաքում աղոթքի տներ են, որոնք վերին սրահներ են, ուր մեր փափագն է, իսկ նրանք Երուսաղեմն էին ցանկանում:
2. Սիրտ իմ և մարմին իմ ցնծասցէ առ Աստուած կենդանի:
Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստծով:
Քրիստոսի սիրտը եկեղեցականներն են, իսկ մարմինը՝ աշխարհականները, նա է հորդորում ցնծալ Հորով, և մենք նույնպես ասում ենք, թե հոգով ու մարմնով փափագում ենք մեր գլխին, ով ասաց. «Ես եմ կյանքը» (Հովհ. 11:25): Ցնծում են կենդանի Աստծով, որովհետև բաբելոնյանները անշուք են և մեռած, և ամեն տեսակ ունեցվածն ու մարմնավոր ցանկություններն ապականացու են և անցավոր:
3. Քանզի ճնճղուկ եգիտ իւր տուն, և տատրակ զբոյն՝ ուր դիցէ զձագս իւր:
Քանզի ճնճղուկը գտավ տունն իր, տատրակն իր բույնը, որտեղ ձագեր պիտի դնի:
Սիմաքոսն [այսպես է թարգմանում]. «հավքը գտավ գարնանային օրերը», և հավքերը, եթե բույն են հյուսում, այնքան են դեգերում, մինչև որ գտնեն այն, նույնպես նաև մենք՝ մինչև հասնենք Երուսաղեմ: Նորից՝ տաճարի տեղում հավքերը բույն են դրել, ինչը սաստիկ ցավ է մեզ համար: Իսկ եկեղեցում ճնճղուկներն աշխարհականներն են, տատրակը՝ եկեղեցականներն ու անապատականները, քանզի երկուսն էլ սուրբ թռչուններ են թե ճնճղուկը և թե տատրակը, և իրենց բույնը եկեղեցում է, որտեղ իրենց առաքինության ձագերն են բերում: Նորից՝ ճնճղուկները մեղքից բռնված և ապաշխարությամբ ազատվածներն են, ինչպես մեկ այլ տեղ ասում է. «Մեր հոգիները փրկվեցին ինչպես ճնճղուկը որսորդի թակարդից» (Սղմ. 123:7), իսկ տատրակը՝ անմեղներն ու սրբերը, որ միշտ զերծ պահեցին իրենց անձերը որոգայթից:
4. Սեղան քո, Տէր զօրութեանց, թագաւոր իմ և Աստուած իմ:
Գտավ քո սեղանը, զորությունների՛ Տեր, թագավո՛ր իմ և Աստվա՛ծ իմ:
Սեղան, որտեղից առատորեն բխում են բոլոր շնորհները, Տերն ես հրեղեն զորքերի, ուր Հայրդ զվարճանում է, ինչպես սեղանի վրա՝ տեսնելով Հիսուսիդ՝ եկեղեցու ամբողջ առաքինությանը, թագավոր, որ գլուխն է, և Աստված իմ, որ ստեղծեցիր ինձ:
5. Երանի ամենեցուն, որ բնակեալ են ի տան Տեառն. յաւիտեանս յաւիտենից օրհնեսցեն զքեզ:
Երանի բոլոր նրանց, ովքեր բնակվում են Տիրոջ տանը, նրանք հավիտյանս հավիտենից պիտի օրհնեն քեզ:
Այստեղ՝ հույսով, իսկ հետո՝ երկնքում, ուր անձամբ տեսնելով քեզ, հավիտյանս պիտի օրհնեն:
6. Երանեալ է այր՝ որոյ օգնութիւն իւր ի քէն է. ելս եդ ի մտի իւրում ի հովտէս տրտմութեան ի տեղւոջ՝ յորում ուխտեաց:
Երանի այն մարդուն, որի օգնությունը քեզնից է, և որը մտքում դրեց ելնել տրտմության հովտից այն վայրը, ուր ուխտ արեց:
Քանզի առանց քեզ ոչինչ չենք կարող անել: Եվ որը մտքում դրեց ելնել. ցանկությունը մերն է: Տրտմության հովտից, որտեղ հրեշտակը հայտնվելով՝ հանդիմանեց, և ժողովուրդը լաց եղավ, և որի անունից էլ ամբողջ երկիրը կոչվեց տրտմության հովիտ: Դարձյալ՝ ուր Եվան ցավերով ծննդաբերեց: Դարձյալ՝ մեր մահկանացու բնությունն է կոչվում տրտմության հովիտ: Դարձյալ՝ մարդ, ով իր սրտում Աստծու սերն է ունենում և սրտաճմլիկ արտասուքներով նրա առջև բերում իր մեղքերը: Այն վայրը, ուր ուխտ արեց. վերին Սիոնում, և ով չի իջնում այնտեղից, իրապես երանելի է:
7. Զօրհնութիւն ստասցի՝ որ զօրէնս դնէ. գնասցէ նա ի զօրութենէ ի զօրութիւն. և երեւեսցի Աստուած հրեշտակաց ի Սիովն:
Օրենսդիրը օրհնություն պիտի ստանա: Զորությունից զորություն պիտի ընթանա, և հրեշտակների Աստվածը պիտի երևա Սիոնում:
Եզրասը դարձից հետո օրենքը գրեց, և ով մտադրվում է ելնել, թող իր մեջ օրենքներ դնի և թող գնա պահքով դեպի աղոթք, աղոթքով ողորմություն, աղաչանքներ և արտասուք և այլ բարի գործերի: Դարձյալ՝ հավատքով, հույսով, սիրով, ուսանելով, ուսուցանելով և ընթերցելով: Եվ հրեշտակների Աստվածը պիտի երևա Սիոնում, երբ թվարկված աստիճաններով վեր բարձրանա, Աստծու պես կլինի, և ճշմարիտ Աստվածը պիտի երևա այդպիսիներին, ինչպես որ Տերը հարությունից հետո աշակերտներին երևաց Վերնատանը:
8. Տէր Աստուած զօրութեանց՝ լո՛ւր աղօթից իմոց. ո՛ւնկն դիր Աստուած Յակովբայ:
Զորությունների Տե՛ր Աստված, լսի՛ր իմ աղոթքը, ականջ դիր, Հակոբի՛ Աստված:
Ուստի Հակոբի Աստվածը Հիսուսն է, որ Իսրայել կոչեց նրան:
9. Ընդունելի ես դու մեր. տե՛ս, Աստուած և նայեա՛ յերեսս օծելոյ քոյ:
Դու ապավենն ես մեր. տե՛ս, Աստվա՛ծ, ու նայի՛ր քո օծյալի երեսին:
Ապավենն ես նրա, ով դեպի քեզ է գալիս, և դուրս չե՛ս հանի: Տե՛ս, Աստված, ովքեր քեզ մոտ են գալիս, ու նայի՛ր քրիստոնյա աշխարհին, և պարզերես ու լուսավոր դարձրու մեղքի ամոթից նրանց, ովքեր այժմ թրջվում են արտասուքով:
10. Վասն զի լաւ է ինձ մի օր ի գաւիթս քո, քան զհազարս:
Քանզի ինձ համար քո գավթում լինելու մեկ օրը հազար օր արժե:
Եկեղեցին Քրիստոսի հարությունից հետո ավելի լավ է, քան հազար օրը՝ օրենքի ժամանակ, քանզի Դավթից մինչև Քրիստոս հազար տարի է:
11. Ընտրեցի ընդ աղբ գալ ի տան Աստուծոյ առաւել, քան բնականալ ի յարկս մեղաւորաց:
Ես նախընտրեցի ընկեցիկ լինել Աստծու տան մեջ, քան մեղավորների հարկի տակ բնակվել:
Եկեղեցու մեջ վերջինը կամ տաճարի սպասավոր լինել, և նրանց հանցանքների խոստովանությունը լսելն ավելի լավ է, քան հեթանոսների մեջ հազար տարի բնակվելը և նրանց հաջողությունների մասին լսելը: Դարձյալ՝ ընտրեցի այստեղ հող ու մոխրին գալ և վաստակել, և արտասուքով սերմանել, և այնտեղ Տիրոջ տան մեջ լինել և հնձել, քան մարմնավոր հանգստություն գտնել այս անցավոր կյանքում, և անվախճան բնակվել մեղավորների երկրում, քանզի դժոխքը երկրի վրա է:
12. Զողորմութիւն և զճշմարտութիւն սիրէ Տէր Աստուած մեր, զշնորհս և զփառս տացէ:
Ողորմություն և ճշմարտություն է սիրում Տեր Աստվածը մեր, որը շնորհք ու փառք պիտի տա:
Սիրում է Աստված ճշմարիտ մարդուն՝ սուրբ և ողորմած, շնորհներ է պարգևում ողորմածներին և փառք՝ ճշմարիտ եղողներին:
13. Տէր ո՛չ պակաս ունէ զողորմութիւն իւր յայնցանէ, որ գնան յանբծութեան:
Տերն իր ողորմությունը չի զլանա նրանց, ովքեր անմեղությամբ են ընթանում:
Վարձահատույց է լինում, և ողորմության պարգևները անարատներից չի պակասեցնում, և ասում է՝ «Նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ» (Հովհ. 1:12):
14. Տէր Աստուած զօրութեանց, երանեալ է այր, որ յուսայ ի քեզ:
Զորությունների՛ Տեր Աստված, երանելի է այն մարդը, որը հույսը քեզ վրա է դրել:
Տեր Աստվածը Քրիստոսն է, ինչպե՞ս են համարձակվում բաժանել նրան երկու բնության: Եվ բոլոր հուսացողներին երանության է արժանացնում, և հույսը երբեք չի ամաչեցնում:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը