Ավ. ըստ Ղուկասի 5.27-39
27 Դրանից յետոյ դուրս ելաւ այնտեղից եւ տեսաւ մի մաքսաւորի, որի անունը Ղեւի էր, եւ որը, մաքսատանը նստած, գործի վրայ էր: Յիսուս նրան ասաց. «Իմ յետեւի՛ց արի»: 28 Եւ նա, թողնելով ամէն ինչ, վեր կացաւ գնաց նրա յետեւից: 29 Եւ Ղեւին իր տան մէջ նրան մեծ ընդունելութիւն տուեց, եւ մեծ թուով մաքսաւորներ եւ ուրիշներ նրանց հետ սեղան էին նստել: 30 Փարիսեցիներն ու օրէնսգէտները տրտնջում էին Յիսուսի դէմ իր աշակերտների մօտ եւ ասում. «Ինչո՞ւ էք մաքսաւորների եւ մեղաւորների հետ ուտում եւ խմում»: 31 Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Առողջներին բժիշկներ պէտք չեն, այլ՝ հիւանդներին: 32 Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան»: 33 Եւ նրանցից ոմանք ասացին նրան. «Ինչո՞ւ Յովհաննէսի, ինչպէս եւ փարիսեցիների աշակերտները ծոմ են պահում յաճախ եւ աղօթք անում, իսկ քո աշակերտներն ուտում են ու խմում»: 34 Եւ նա ասաց նրանց. «Մի՞թէ կարող էք հարսանքաւորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է: 35 Կգան օրեր, երբ որ փեսան նրանցից կվերցուի, ապա այդ օրերին ծոմ կպահեն»: 36 Եւ նրանց մի առակ էլ ասաց. «Ոչ ոք հնացած ձորձի վրայ նոր զգեստից կտոր չի դնի, ապա թէ ոչ՝ ե՛ւ նորը կպատռուի, ե՛ւ նոր զգեստից վերցրած կտորը չի յարմարուի հնի հետ: 37 Եւ ոչ ոք նոր գինին հին տիկերի մէջ չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին հին տիկերը կպայթեցնի. գինին կթափուի, եւ տիկերը կփչանան: 38 Այլ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք է լցուի, եւ երկուսն էլ կպահուեն: 39 Եւ ոչ ոք, երբ հինը խմի, նորը չի ուզի, որովհետեւ կասի, թէ հինը աւելի լաւն է»:
Գործք 8.26-40
26 Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց եւ գնա՛ դու հարաւի կողմը այն ճանապարհով, որ իջնում է Երուսաղէմից Գազա, որ անապատ է»: 27 Նա վեր կացաւ ու գնաց: Եւ ահա եթովպացի մի ներքինի՝ եթովպացիների Կանդակա թագուհու պաշտօնեաներից մէկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղէմ երկրպագելու էր եկել, 28 վերադառնալիս, իր կառքի մէջ նստած, Եսայի մարգարէ էր ընթերցում: 29 Սուրբ Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր եւ այդ կառքի մօտ գնա»: 30 Եւ Փիլիպպոսը, առաջ վազելով, լսեց, որ նա Եսայի մարգարէ էր ընթերցում. 31 եւ ասաց. «Հասկանո՞ւմ ես արդեօք, ինչ որ ընթերցում ես»: Իսկ նա ասաց. «Ինչպէ՞ս կկարողանամ հասկանալ, եթէ մէկն ինձ չառաջնորդի»: Եւ խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանայ ու իր մօտ նստի: 32 Եւ նրա ընթերցած գրքի հատուածն այս էր. «Մորթուելու տարուեց նա ինչպէս մի ոչխար. եւ ինչպէս անմռունչ գառը իր բուրդը խուզողի առաջ, այնպէս էլ նա իր բերանը չի բացում. 33 իր խոնարհութեան պատճառով նրա դատաստանը տեղի չունեցաւ. եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի. քանի որ նրա կեանքը երկրից վերացուած է»: 34 Ներքինին հարցրեց Փիլիպպոսին. «Խնդրում եմ քեզ, մարգարէն ո՞ւմ մասին է ասում այս. ի՞ր մասին, թէ՞ մէկ ուրիշի»: 35 Փիլիպպոսը բացեց իր բերանը եւ այդ գրքից սկսելով՝ Յիսուսին աւետարանեց նրան: 36 Երբ իրենց ճանապարհն էին գնում, հասան մի ջրի մօտ: Եւ ներքինին ասաց. «Ահա ջուր, ի՞նչն է ինձ արգելում մկրտուել»: 37 Եւ նա ասաց նրան. «Եթէ քո ամբողջ սրտով հաւատում ես, կարելի է»: Նա պատասխան տուեց ու ասաց. «Հաւատում եմ, որ Յիսուս Քրիստոս Աստծոյ Որդին է»: 38 Եւ ներքինին հրամայեց կառքը կանգնեցնել. երկուսով ջուրն իջան՝ ե՛ւ Փիլիպպոսը, ե՛ւ ներքինին: Եւ Փիլիպպոսը մկրտեց նրան: 39 Երբ ջրից դուրս ելան, Սուրբ Հոգին իջաւ ներքինու վրայ. եւ Տիրոջ հրեշտակը յափշտակեց տարաւ Փիլիպպոսին, ու ներքինին այլեւս նրան չտեսաւ: Եւ իր ճանապարհն էր գնում ուրախութեամբ. 40 իսկ Փիլիպպոսը իրեն գտաւ Ազոտոսում: Եւ շրջելով աւետարանում էր բոլոր քաղաքներին, մինչեւ որ եկաւ Կեսարիա:
Ա Պետրոս 1.1-12
1 Պետրոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բիւթանիայի սփիւռքում էք, 2 ընտրեալներիդ՝ ըստ Հայր Աստծոյ կանխագիտութեան, Հոգու սրբագործումով՝ հնազանդուելու համար Յիսուս Քրիստոսին եւ սրբագործուելու նրա արեան հեղումով. շնորհը եւ խաղաղութիւնը թող շատանան ձեզ վրայ: 3 Օրհնեա՜լ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. 4 ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգութեան համար, որ պահուած է երկնքում ձեզ համար, 5 ձեզ, որ Աստծոյ զօրութեամբ պահուած էիք հաւատով՝ փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ժամանակներում: 6 Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ, դէպքերի բերումով, այլեւայլ փորձութիւններով փոքր-ինչ տրտմած էք, 7 որպէսզի ձեր հաւատի փորձը, որ առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած, դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի, 8 որին չէք տեսել, բայց սիրում էք եւ որին այժմ էլ չէք տեսնում, բայց հաւատում էք նրան եւ ուրախ էք անպատմելի ու փառաւոր խնդութեամբ՝ 9 ձեռք բերելով ձեր հաւատի պսակումը՝ հոգիների փրկութիւնը: 10 Այդ փրկութեան համար է, որ փնտրեցին եւ քննեցին մարգարէները, որոնք մարգարէանում էին այն շնորհի մասին, որ վիճակուած էր ձեզ: 11 Քննում էին, թէ որ եւ ինչպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մէջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին եւ դրանից յետոյ՝ նրա փառքի մասին: 12 Աստուած նրանց յայտնեց նաեւ, որ ոչ թէ իրենց համար, այլ մեզ համար էին տրուած այդ պատգամները, որոնք այժմ պատմուեցին ձեզ նրանց միջոցով եւ աւետարանուեցին Սուրբ Հոգով, որն ուղարկուեց երկնքից. մի բան, որ կցանկանային հրեշտակները գոնէ աղօտ կերպով տեսնել:
Ավ. ըստ Հովհաննեսի 2.1-11
1 Գալիլիա հասնելու երրորդ օրը Կանա քաղաքում հարսանիք կար: Եւ Յիսուսի մայրը այնտեղ էր: 2 Հարսանիքի հրաւիրուեցին նաեւ Յիսուս եւ իր աշակերտները: 3 Եւ երբ գինին պակասեց, մայրը Յիսուսին ասաց. «Գինի չունեն»: 4 Եւ Յիսուս նրան ասաց. «Ինձ եւ քե՞զ ինչ, ո՛վ կին. իմ ժամանակը դեռ չի հասել»: 5 Նրա մայրը սպասաւորներին ասաց. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»: 6 Այնտեղ կային քարէ վեց թակոյկներ՝ հրեաների սովորութեան համաձայն մաքրուելու համար. նրանցից իւրաքանչիւրը երկու կամ երեք մար տարողութիւն ունէր: 7 Յիսուս նրանց ասաց. «Լցրէ՛ք այդ թակոյկները ջրով»: Եւ լցրին բերնէբերան: 8 Եւ ասաց նրանց. «Հիմա վերցրէ՛ք եւ տարէ՛ք սեղանապետին»: Եւ նրանք տարան: 9 Եւ երբ սեղանապետը ճաշակեց գինի դարձած ջուրը ու չէր իմանում, թէ որտեղից է (բայց սպասաւորները, որոնք ջուր լցրին, գիտէին), 10 խօսեց փեսայի հետ ու ասաց. «Ամէն մարդ նախ ընտիր գինին է մատուցում, եւ երբ հարբած են, այն ժամանակ՝ վատը: Իսկ դու ընտիր գինին մինչեւ հիմա պահել ես»: 11 Յիսուս այս առաջին նշանն արեց Գալիլիայի Կանա քաղաքում՝ որպէս սկիզբը նշանների, եւ յայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հաւատացին նրան:
Ավ. ըստ Մատթեոսի 6.22-34
22 Մարմնի ճրագը աչքն է. եթէ քո աչքը պարզ է, ամբողջ քո մարմինը լուսաւոր կլինի: 23 Իսկ եթէ քո աչքը պղտոր է, քո ամբողջ մարմինը խաւար կլինի: Եւ արդ, եթէ քո մէջ եղած լոյսը խաւար է, ապա խաւարը՝ որչա՜փ եւս աւելի: 24 Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մէկին կատի եւ միւսին կսիրի, կա՛մ մէկին կմեծարի եւ միւսին կարհամարհի. չէք կարող ծառայել Աստծուն եւ մամոնային: 25 Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ինչ պիտի ուտէք կամ ինչ պիտի խմէք, եւ ոչ էլ՝ ձեր մարմնի համար, թէ ինչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, եւ մարմինը աւելի՝ քան զգեստը: 26 Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում եւ ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. եւ ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք: 27 Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է, հոգս անելով, իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: 28 Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում եւ ո՛չ հիւսում: 29 Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ չհագնուեց նրանցից մէկի նման: 30 Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ եւ վաղը հնոց կնետուի, այդպէս է հագցնում Աստուած, որքա՜ն եւս առաւել՝ ձեզ, թերահաւատնե՛ր: 31 Այսուհետեւ հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՞նչ պիտի ուտենք կամ ի՞նչ պիտի խմենք կամ ի՞նչ պիտի հագնենք, 32 որովհետեւ հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է: 33 Նախ խնդրեցէք Աստծոյ արքայութիւնը եւ նրա արդարութի՛ւնը, եւ այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կտայ: 34 Այսուհետեւ հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետեւ վաղուայ օրը իր մասին կհոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար:
Ավ. ըստ Մարկոսի 2.13-22
13 Եւ նա դարձեալ ծովեզերք գնաց. եւ ամբողջ ժողովուրդը նրա մօտ էր գալիս, եւ նա ուսուցանում էր նրանց: 14 Եւ մինչ նա անցնում էր, տեսաւ Ալփէոսի որդի Ղեւիին, որ մաքսատանը նստած՝ գործի վրայ էր, ու նրան ասաց՝ արի՛ իմ յետեւից: Եւ Ղեւին վեր կացաւ, գնաց նրա յետեւից: 15 Եւ երբ Յիսուս նրա տանը սեղան նստեց, բազում մաքսաւորներ եւ մեղաւորներ էլ Յիսուսի ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին, որովհետեւ շատերն էին նրա յետեւից գնում: 16 Իսկ օրէնսգէտներն ու փարիսեցիները, երբ տեսան, որ նա մաքսաւորների եւ մեղաւորների հետ է ուտում, նրա աշակերտներին ասացին. «Ինչո՞ւ էք մեղաւորների ու մաքսաւորների հետ ուտում եւ խմում»: 17 Երբ Յիսուս լսեց, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պէտք չէ, այլ՝ հիւանդներին. եւ ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին»: 18 Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ էին պահում. եկան եւ նրան ասացին. «Ինչո՞ւ Յովհաննէսի աշակերտները եւ փարիսեցիները ծոմ են պահում, իսկ քո աշակերտները չեն պահում»: 19 Եւ Յիսուս նրանց ասաց. «Մի՞թէ կարելի է, որ հարսանքաւորները ծոմ պահեն, երբ փեսան նրանց հետ է. այնքան ժամանակ, որ փեսան իրենց հետ է, պէտք չէ, որ ծոմ պահեն: 20 Բայց կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցուի, եւ ապա այն օրը նրանք էլ ծոմ կպահեն: 21 Նոր, չօգտագործուած կտաւի կտորը ոչ ոք հնացած զգեստի վրայ չի կարկատի, ապա թէ ոչ՝ նոր կտորը ամբողջութեամբ հին զգեստից կպոկուի, եւ պատռուածքը աւելի վատ կլինի: 22 Եւ ոչ ոք հին տիկերի մէջ նոր գինի չի լցնի, ապա թէ ոչ՝ նոր գինին կպայթեցնի տիկերը, գինին կթափուի, եւ տիկերը կփչանան: Այլ նոր գինին նոր տիկերի մէջ պէտք լցուի»: