Աստծու մարդու՝ Մովսեսի աղոթքը: Մովսեսի գրքում այսպիսի բան չկա, այլ միայն այսքանը. «Մովսեսը Տիրոջ համար զոհասեղան շինեց և դրա անունը դրեց՝ «Տերն իմ ապավենն է»» (Ելք 17:15): Այլ հայտնի է, որ Դավիթը երգեց սա ի դեմս Մովսեսի, քանզի արարչությունն է հիշատակում, և մեր բնության սկզբնական և պատվավոր վիճակը՝ Մովսեսի արարչապատումի նման, որ ունի կրքեր և բնական կարիքներ, նաև գերությունից վերադարձը և քրիստոնեության ծագումը:
1. Տէր, ապաւէն եղեր մեր ազգէ մինչև յազգ. մինչչև լերինք հաստատեալ էին, մինչչև ստեղծեալ զերկիր՝ և զամենայն տիեզերս:
Տե՛ր, սերնդից սերունդ մեր ապավենը եղար: Երբ դեռ չէին հաստատվել լեռները և չէին ստեղծվել երկիրն ու ողջ տիեզերքը:
Ապավեն եղար ոչ թե նոր, այլ Աբելի, Ենովսի, Ենոքի, Նոյի, Աբրահամի, Մովսեսի և մարգարեների ժամանակներից մինչև քո գալուստը, Տե՛ր: Ապավեն եղար՝ դու էիր մեր բնակությունը նախքան այն ամենը [ինչ գոյություն ունեցավ], երբ դեռ չէին հաստատվել լեռները, որ երկրի բևեռներն ու բուրգերն են: Եվ չէր ստեղծվել երկիրը, ամեն ինչից առաջ մեզ ստեղծեցիր՝ քեզանից, և որից էլ մարդացար, և սիրում էիր մեզ՝ պատրաստելով արքայությունդ, ըստ այս խոսքի. «Եկե՛ք, իմ Հոր օրհնեալներ, ժառանգեցե՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը» (Մատթ. 25:34):
2. Յաւիտենից մինչև յաւիտեանս, դու ես. և մի՛ դարձուցաներ զմարդ ի տառապանս. և ասացեր, դարձարո՛ւք առ իս, որդիք մարդկան:
Մարդուն մի՛ մատնիր տառապանքի, քանզի ասացիր. «Մարդկանց որդիներ, վերադարձե՛ք ինձ»:
Հավիտենից մինչև հավիտյան դու ես, միայն դու ես ի սկզբանե, և բոլոր արարածներս քեզանից ենք սկիզբ առել: Մարդուն մի՛ մատնիր տառապանքի, քանի որ մեղքից հետո վերևից վայր ընկանք՝ տառապանքի հողի մեջ, որտեղից ստեղծվեցինք: Հողից հարություն տալուց հետո մի՛ մատնիր տառապանքի դժոխք: Դարձյալ, ով զղջմամբ քեզ է դիմում, նրան ետ մի՛ դարձրու անհույս և մեղքի մեջ տառապելու, որովհետև դու մարգարեների միջոցով ասացիր. «Դարձեք դեպի ինձ, և ես պիտի դառնամ դեպի ձեզ» (Զաք. 1:3):
3. Հազար ամ յաչս Տեառն որպէս օր երեկի՝ զի անց. որպէս պահ մի գիշերոյ. և ամք նոցա անարգութեամբ եղիցին:
Հազար տարին Տիրոջ աչքում երեկվա օրվա պես է, որ անցավ, կամ գիշերվա մի պահի պես: Նրանց տարիները տառապալից պիտի լինեն:
Ոչ միայն հազար, այլև մարդկային ամբողջ կյանքը երեկվա օրվա պես է, որ այլևս մերը չէ, կամ գիշերվա մի պահի պես է, որ լռելյայն անցնում է: Նրանց տարիները տառապալից պիտի լինեն, ոչինչ են համարվելու նեղությունների համեմատ: Չի տանջում Աստված, ուստի և համբերատարությամբ սպասում է, քանզի եթե հազար տարվա մեղսագործը զղջումով ապաշխարի, կընդունի նրան Աստված ինչպես Ադամին: Աստված մի օրում կարող էր ներել, քանի որ ասաց. «Այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ. 2:17): Ասորին ասում է, որ նրանց ազգը քնով անցավ, այսինքն՝ մարդկային ցեղը մահվամբ է ավարտվում:
4. Ընդ առաւօտս որպէս դալարի բուսցին. ընդ առաւօտս որպէս դալարի զուարճասցին և ծաղկեսցին. Ընդ երեկոյս թարշամեսցին՝ չորասցին և անկցին:
Առավոտյան խոտի պես պիտի բուսնեն, առավոտյան խոտի պես պիտի դալարեն ու ծաղկեն. երեկոյան պիտի թառամեն, չորանան ու ընկնեն:
Երիտասարդ տարիքում հաջողություն ունեցած մարդիկ կարծում են, թե դեռ սկիզբն է, սակայն հիվանդությունը հյուծում է նրանց, և հոգին, որ մարմնի արեգակն է, երկինք է մտնում իրենց կյանքի երեկոյին, երբ կարծում էին, թե դեռ առավոտ է և իրենց հաջողությունն առջևում է: Նաև լավ քնից հետո առավոտ է գալիս, որը հարությունն է [խորհրդանշում]: Կրկնում է առավոտը, քանզի նա է Տերը, որտեղ աջակողմյան արդարներն աճում և զվարճացած ծաղկում են, իսկ ձախակողմյաններն իմանալի արեգակի [մայր] մտնելուն պես երեկոյան թառամում են, չորանում և թափվում: Նաև հրեաները, առավոտյան Քրիստոսի ծագման ժամանակ հրաշքներով ծաղկեցին և զվարճացան, սակայն խաչից հետո՝ Արեգակի համբարձման ժամանակ, թառամեցին, չորացան և ընկան փառքի պատվից:
5. Նուաղեցաք մեք ի բարկութենէ քումմէ, և ի սրտմտութենէ քումմէ խռովեցաք:
Մենք մաշվեցինք քո բարկությունից, և քո սրտմտությունից մենք խռովեցինք:
Ադամական բնությունը՝ բարկությունից, իսկ հրեաները՝ գերությունից:
6. Եդիր զմեղս մեր առաջի քո, և զկեանս մեր ի լոյս երեսաց քոց:
Մեր մեղքերը առջևդ դրիր, իսկ մեր կյանքը՝ երեսիդ լույսի տակ:
Չկա դրանից սարսափելի բան, երբ մեր մեղքերը դատավորի առջև դրվեն, որովհետև չեն ծածկվելու: Իսկ մեր կյանքը՝ երեսիդ լույսի տակ կերևա քո առաջ, քո երեսի լույսով կյանքի պտուղները՝ թե բարի և թե չար: Եբրայերենում [այսպես է]՝ մեր մանկությունը երեսիդ լույսի տակ. հրեաները, որ ելան Եգիպտոսից, և մենք, որ մանկացանք ավազանով, նաև՝ հարության լույսով, որ ասաց. «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. 8:12):
7. Ամենայն աւուրք մեր նուաղեցան. և ի բարկութենէ քումմէ խռովեցաք:
Մեր օրերը բոլորովին նվաղեցին, և մենք խռովվեցինք քո բարկությունից:
Ադամի էությունն [ունենալով], և հրեաները՝ գերությունից:
8. Ժամանակ ամաց մերոց անդադար որպէս սարդի, և թիւ աւուրց ամաց մերոց ի նոսա եօթանասուն ամ:
9. Ապա թէ առաւել ևս՝ ութսուն ամ, որ ինչ աւելի քան զայն, ցաւօք և հեծութեամբ:
Մեր կյանքի ժամանակը դադար չունի սարդի նման: Մեր կյանքի օրերի թիվն է յոթանասուն տարի, կամ առավելագույնը՝ ութսուն տարի, իսկ ավելին անցնում է ցավով և հեծությամբ:
Մեր ժամանակը, որ արեգակն ու լուսինն են սահմանում, չեն դադարում: Եվ մենք նույնպես, անդադար աշխատելուց սարդի պես տկարանում և անարգ ենք դառնում, և մեր գործերը սարդոստայնի պես են, իսկ կյանքը նախնիների տարիներից կարճանալով հասել է յոթանասունի և ութսունի, իսկ ավելին լի է ցավերով: Արդարներին նման չենք ոչ տարիներով և ոչ էլ վաստակով: Նաև հրեաների յոթանասուն տարվա գերության մեջ մնալը և դարձը: Ոմանցը՝ ութսուն, և ովքեր ավելի են մնում՝ Աստծու կամքին հակառակ, ցավերով և տրտմությամբ են լինում, ըստ այն խոսքի, որ եթե մինչև հարյուր տարեկանը չի ելնում, ապա մեռնելով՝ մեղավոր է և անիծյալ:
10. Եկն ի վերայ մեր հեզութիւն, և խրատեցաք. իսկ արդ՝ ո՞ գիտասցէ զզօրութիւն բարկութեան քո, կամ յահէ քումմէ զսրտմտութիւն քո համարեսցի:
Մեզ վրա հեզություն իջավ, և մենք խրատվեցինք: Իսկ ո՞վ գիտե քո բարկության ուժը, կամ քո պատճառած ահից ո՞վ կչափի քո սրտմտությունը:
Եթե հեզաբար արված խրատը մեզ այսքան տանջում է, որովհետև այստեղի վշտերը խրատներ են, իսկ ո՞վ գիտե գալիք [բարկության ուժը], երբ գործածվելու է պատուհասի ցասումը, այլ ոչ թե խրատի: Կամ քո պատճառաց ահից ո՞վ կչափի քո սրտմտությունը. ահը բավական է, որ արարածները մոմի պես հալչեն, և այդ ահից ո՞վ կարող է դիմանալ քո սրտմտությանը, որ մեր գործերի պատճառով եղավ:
11. Այսպէս ցո՛յց ինձ զաջ քո. և որ խոնարհ են սրտիւք, զիմաստութիւնս քո:
Այսպես, ինձ ցո՛ւյց տուր քո աջը, և սրտով խոնարհներին քո իմաստությունը:
Այսպես [ցույց տուր], որ խրատով է, այստեղ հեզաբար տանջելով, որ աջով է և բարեհաջող, որպեսզի խոնարհվեն և դողան քո խոսքերից: Իմաստություն [տո՛ւր], որ իմանալով հանդերձյալ բարկության մասին՝ փրկվեմ: Եբրայերենում ասվում է. այսպես ցույց տուր ինձ իմ ելնելու օրը կամ վերադարձի օրը, կամ, ինչպես շատերն են ասում՝ լավ է իմանալ մահվան օրը, որպեսզի դարձի գան անօրինություններց, և եթե այդպես լինի, ապա ապաշխարողներ կկոչվեն, այլ ոչ թե արդարներ, այսինքն՝ տանջանքներից կփրկվեն, սակայն արդարների հետ պսակի չեն արժանանա:
12. Դա՛րձ Տէր մինչև յե՞րբ. մխիթարեա՛ ի ծառայս քո:
Դարձի՛ր, Տե՛ր: Մինչև ե՞րբ. մխիթարի՛ր քո ծառաներին:
Մինչև երբ. մեր բնությունը կամ հրեաները գերության մեջ պիտի լինեն: Մխիթարի՛ր քո ծառաներին, որպեսզի մենք տանջանքներից հետո հանգիստ գտնենք բարկությունից:
13. Լցաք առաւօտու ողորմութեամբ քո, ցնծացաք և ուրախ եղաք՝ զամենայն աւուրս կենաց մերոց:
Առավոտյան լիացանք քո ողորմությամբ, ցնծացինք և ուրախ եղանք մեր կյանքի բոլոր օրերին:
Հրեաները՝ իրենց [գերությունից] դարձով, իսկ մենք՝ Քրիստոսի ծագմամբ, որ լցրեց մեզ շնորհով և ողորմությամբ, ինչպես առաքյալներին և յուղաբեր կանանց՝ հարության առավոտյան: Ցնծացինք և ուրախ եղանք մեր կյանքի բոլոր օրերին. մենք պետք է բոլոր օրերին ուրախ լինենք՝ մեր մեջ ունենալով Իրեն:
14. Ուրախ եղաք փոխանակ աւուրցն, որ խոնարհ արարին զմեզ, և ամացն՝ յորս տեսաք զչարչարանս:
Ուրախացանք այն օրերի փոխարեն, երբ խոնարհեցրիր մեզ, և այն տարիների, երբ չարչարանք տեսանք:
Մեզ խոնարհեցրին դևերն ու քաղդեացիները:
15. Հայե՛ա, Տէր, ի ծառայս քո և ի գործս ձեռաց քոց, և առաջնորդեա՛ որդւոց նոցա. և եղիցի լոյս Տեառն Աստուծոյ ի վերայ մեր:
Նայի՛ր, Տե՛ր, քո ծառաներին ու քո ձեռակերտներին, և առաջնորդի՛ր նրանց որդիներին: Տեր Աստծու լույսը թող մեզ վրա իջնի:
Քո ծառաներին, որովհետև չարչարանքների միջոցով գնեցիր, և քո ձեռքերով հողից ստեղծեցիր: Եվ առաջնորդիր Ադամի և Եվայի [որդիներին], որ ստեղծեցիր և պատկերովդ պատեցիր: Աստծու լույսը թող մեզ վրա իջնի, այսինքն՝ Սուրբ Հոգին, որ Ադամից էլ առաջ էր՝ նախքան մեղանչելը:
16. Զգործս ձեռաց մերոց ուղի՛ղ արա ի մեզ Տէր, զգործս ձեռաց մերոց յաջողեա՛ մեզ:
Ուղղի՛ր մեր ձեռքերի գործերը, Տե՛ր, մեր ձեռքերի գործերը հաջողեցրո՛ւ մեզ:
Տաճարի և Երուսաղեմի կառուցումը, իսկ մեր բնության համար՝ առաքինությունը, որով ստեղծում է նա յուրաքանչյուրին:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը