Այսօր այս աշխարհում այլևս տեղ չի գտնվում ամենքի համար: Եթե մարդ ուզում է ազնիվ ու հոգևոր կյանքով ապրել, ապա նրա համար տեղ չի գտնվում աշխարհում:
— Իսկ ինչո՞ւ տեղ չի գտնվում, հա՛յր:
— Եթե դյուրազգաց, նուրբ հոգու տեր մարդը դաժանության ու քարսրտության մեջ հայտնվի ու նրա կյանքը խավարի վերածեն, ապա ինչպե՞ս կարող է դիմանալ: Կա՛մ պետք է բոլորի պես զազրախոս դառնա, հարմարվի մյուսներին, կա՛մ պիտի հեռանա: Բայց հեռանալ էլ չի կարող, որովհետև ինչ-որ կերպ ապրել է պետք: Օրինակ՝ գործատուն, որ խոտի վաճառքով է զբաղվում, իր աշխատողին ասում է. «Ես քեզ վստահում եմ, որովհետև չես գողանում: Բայց լավ խոտին պետք է նեխածն էլ խառնես»: Ազնիվ աշխատողին իր մոտ պահելու համար գործատուն նրան ինչ-որ ղեկավար պաշտոնի է նշանակում, սակայն վերջինս ստիպված է գործատուի ասածով գործել, հակառակ դեպքում նրան դուրս կշպրտեն: Հետո խեղճը քունն է կորցնում, սկսում է դեղահաբեր ընդունել: Գիտե՞ք, թե ինչպե՜ս են տանջվում խեղճ մարդիկ: Գիտե՞ք, թե ինչպիսի՜ դժվարություններ ու բռնություններ են շատերը կրում իրենց ղեկավարների կողմից աշխատավայրում: Նրանց կյանքը խավարի է վերածվում: Իսկ ի՞նչ անեն: Լքե՞ն աշխատանքը: Ընտանիք ունեն: Մնա՞ն: Տառապանք է: Այնպիսի փակուղի է, որ քայլ անել հնարավոր չէ: Կարծես երկու ջրաղացքարերի միջև մնացած ցորենի հատիկ լինի: Ստիպված համբերում է, պայքարում:
Նաև այնպես է պատահում, որ ողջ աշխատանքը մի մարդու վրա են բարձում, իսկ նրա գործընկերը միայն աշխատավարձ ստանալու համար է աշխատանքի գալիս: Մի այդպիսի մարդու եմ ճանաչում, որ մի կազմակերպության կառավարիչն էր: Ընտրություններից հետո նրան հեռացրին զբաղեցրած պաշտոնից և կառավարության գլուխն անցած կուսակցության անդամներից մեկին նշանակեցին նրա փոխարեն: Այս նոր կառավարիչը նույնիսկ միջնակարգ կրթություն չուներ: Կառավարիչ դարձրին, բայց աշխատել չգիտեր, ուստի նրա նախորդին չէին կարող այլ տեղ տեղափոխել: Եվ ի՞նչ ելք գտան այս իրադրությունից: Ահա, թե ինչ. կառավարչի աշխատասենյակում ևս մեկ գրասեղան դրեցին: Ողջ աշխատանքը նախկին կառավարիչն էր անում, իսկ նորը միայն սուրճ էր խմում, ծխում ու շատախոսում… Ո՛չ խիղճ ունեն, ո՛չ՝ ամոթ: Եվ խելքով էլ չէր փայլում այդ մարդը, հիմարություններ էր դուրս տալիս, իսկ ողջ պատասխանատվությունը նախկին կառավարչի ուսերին էր մնացել: Եվ բանն այնտեղ հասավ, որ խեղճ մարդը ստիպված էր հեռանալ: «Լսիր,- ասաց նա նորեկին,- երևի ես հեռանամ: Մեր աշխատասենյակը նեղ է, երկու սեղան հազիվ է տեղավորվում: Ավելի լավ է մենակ մնաս»: Եվ հեռացավ, որովհետև իր կյանքը մթագնել էր այդտեղ: Քանի որ մեկ կամ երկու օր չէր, այլ երբ ամեն Աստծու օր այդպիսի մեկը շնչիդ է կանգնում, դա իսկական տանջանք է:
Արդարամիտ մարդուն սովորաբար ամենավերջին տեղերն են տալիս կամ ընդհանրապես տեղ չեն տալիս: Այդպիսի մարդկանց հետ անարդարացիորեն են վարվում, ոտքերն են սրբում նրանց վրա, ինչպես ասում են՝ դիակների վրայով են քայլում: Բայց որքան շատ են ճնշում այդպիսի արդարամիտ մարդուն, որքան շատ են ստորացնում, այնքան Աստված վեր է բարձրացնում նրան, ինչպես ջուրն է գինու խցանը վեր հանում: Սակայն ահռելի համբերություն է պահանջվում: Համբերությունը շատ բան է իր տեղը դնում: Նա, ով կամենում է առաքինաբար ապրել ու ազնիվ լինել իր աշխատանքում, լինի բանվոր, վաճառող, թե մեկ այլ մասնագետ, պետք է պատրաստ լինի, որ ազնիվ աշխատելով հնարավոր է, որ նույնիսկ տարածքի վարձակալության համար չկարողանա վճարել, եթե, ասենք, խանութ ունի: Բայց այդ կերպ Աստծու օրհնությունն է ստանում: Սակայն պետք չէ (ազնվությամբ ու ցածր գներով) ձգտել ավելի շատ հաճախորդներ գրավել քո կողմը: Դա չպետք է նպատակը լինի, այլապես Աստված ոչինչ չի տա: Աստված չի թողնի այն մարդուն, որն ասում է. «Աստծով պետք է ապրեմ: Ոչ ոքի անարդարացիորեն չեմ վերաբերվի: Յուրաքանչյուր ապրանքի իրական գինը կասեմ․ օրինակ՝ սրա գինը հիսուն դրահմ է, իսկ այս մեկինը՝ երկու հարյուր»: Իսկ մեկ այլ վաճառող այդ հիսուն դրահմանոց ապրանքը հինգ հարյուրով կվաճառի ու կհարստանա: Սակայն խաբեբային ի վերջո կբացահայտեն և գործը կհասնի նրան, որ ստիպված կլինի իր կրպակը փակել, որովհետև նույնիսկ տարածքի վարձավճարը չի կարողանա վճարել: Իսկ ազնիվ առևտրականի հաճախորդները կամաց-կամաց այնքան կշատանան, որ ստիպված կլինի նորանոր աշխատողներ վարձել, որպեսզի կարողանա բոլորին սպասարկել: Բայց սկզբնական շրջանում պետք է փորձությունների միջով անցնել: Երբ բարի մարդը չարերի ձեռքի տակով է անցնում՝ փորձվում է, ինչպես բուրդն է սանդերքի միջով անցնում:
Եթե մարդ սատանային է լսում՝ խորամանկությամբ ու նենգությամբ է ապրում, ապա Աստված չի օրհնում նրա աշխատանքը: Այն, ինչ մարդիկ խորամանկությամբ են անում՝ չի հաջողում: Կարող է թվալ, թե նենգ մարդկանց գործը բարգավաճում է, բայց վերջիվերջո փլուզվելու է: Յուրաքանչյուր գործում ամենակարևորն Աստծու օրհնությանը ձգտելն է, Նրան մերձենալը: Եթե մարդ ճշմարտությամբ է ապրում, ապա Աստված նրա կողմից է: Իսկ եթե նաև գոնե մի փոքր ձգտում ունի առ Աստված, ապա հրաշքներ են տեղի ունենում: Ըստ Ավետարանի ապրելով՝ մարդ Քրիստոսի հետ է ապրում և աստվածային օգնություն ստանալու իրավունք ունի: Այլ կերպ չի լինում: Քանի որ նա դրա իրավունքն ունի: Ամեն ինչ դրա վրա է հիմնված: Եթե այդպես է, ուրեմն վախենալու բան չկա: Կարևորն այն է, որ մեր յուրաքանչյուր արարք Քրիստոսին, Աստվածամորն ու սրբերին հաճո լինի: Այնժամ Քրիստոսի, Աստվածամոր ու սրբերի օրհնությունը կստանանք, այնժամ Սուրբ Հոգին մեզ վրա կհանգչի: Մարդու ազնվությունն ամենալավ Կյանքի Ծառն է: Եթե ինչ որ մեկն անազնիվ է ու Կյանքի Ծառի (Խաչի) մի մասնիկն է կրում, ապա նույնն է, թե ոչինչ չկրեր: Իսկ եթե ազնիվ մարդը Կյանքի Ծառի մասնիկը չունի էլ, ապա, միևնույն է, ստանում է Աստծու օգնությունը: Իսկ պատկերացնո՞ւմ ես, եթե իր ազնվության հետ մեկտեղ Կյանքի Ծառի մասնիկն էլ ունենա…
Հայր Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը
surbzoravor.am