Ավ. ըստ Ղուկասի 9.1-17
1 Եւ նա, կանչելով տասներկու առաքեալներին, նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները: 2 Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին: 3 Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք՝ ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4 որ տունն էլ մտնէք, այնտեղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք: 5 Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»: 6 Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ: 7 Հերովդէս չորրորդապետը լսեց այս բոլոր գործերը եւ զարմանում էր ոմանց ասածի վրայ, 8 թէ՝ Յովհաննէսը մեռելներից յարութիւն է առել, իսկ ոմանց ասածի վրայ, թէ՝ Եղիան յայտնուեց, եւ ուրիշների՝ թէ՝ նախկին մարգարէներից մէկը յարութիւն է առել: 9 Հերովդէսն ասաց. «Յովհաննէսին ես գլխատեցի, իսկ սա ո՞վ է, որի մասին այսպիսի բաներ եմ լսում»: Եւ ուզում էր նրան տեսնել: 10 Առաքեալները վերադարձան եւ Յիսուսին պատմեցին այն ամէնը, ինչ որ արեցին. եւ նա, նրանց իր հետ առնելով, քաշուեց առանձնացաւ ամայի մի տեղ՝ մօտակայքը մի քաղաքի, որ Բեթսայիդա էր կոչւում: 11 Եւ երբ ժողովուրդն իմացաւ, գնաց նրա յետեւից. եւ նա, ընդունելով նրանց, խօսում էր նրանց հետ Աստծոյ արքայութեան մասին. եւ ովքեր բժշկուելու կարիք ունէին, բժշկում էր նրանց: 12 Եւ օրը սկսեց տարաժամել: Տասներկուսը մօտեցան եւ նրան ասացին. «Արձակի՛ր այս ժողովրդին, որպէսզի գնան շրջակայ գիւղերն ու ագարակները, հանգստանան եւ կերակուր գտնեն, որովհետեւ այստեղ ամայի վայրում ենք»: 13 Նա ասաց նրանց. «Դո՛ւք տուէք նրանց ուտելու բան»: Եւ նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից եւ երկու ձկից աւելին չունենք, եթէ չգնանք եւ այս ժողովրդի համար բաւարար ուտելիք չգնենք». 14 որովհետեւ շուրջ հինգ հազար մարդ կար: Նա աշակերտներին ասաց. «Նստեցրէ՛ք նրանց խումբ-խումբ՝ յիսուն-յիսուն»: 15 Եւ այդպէս արեցին ու ամէնքին նստեցրին: 16 Եւ նա, վերցնելով հինգ նկանակը եւ երկու ձուկը, նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ աշակերտներին տուեց, որպէսզի ժողովրդի առաջ դնեն: 17 Ամէնքը կերան եւ յագեցան. իսկ կտորտանքները վերցրին տասներկու սակառ լիքը:
Գործք 12.25-13.15
12.25 Բառնաբասն ու Սօղոսը, երբ իրենց պաշտօնը կատարեցին, Երուսաղէմից վերադարձան: Իրենց հետ վերցրել էին նաեւ Յովհաննէսին, որ Մարկոս էր կոչւում:
13.1 Անտիոքում գտնուող եկեղեցում կային մի քանի մարգարէներ եւ ուսուցիչներ՝ Բառնաբասը եւ Շմաւոնը, որ կոչւում էր Նիւգեր, Ղուկիոս Կիւրենացին, Մանայենը, որ Հերովդէս չորրորդապետի դայեկորդին էր, եւ Սօղոսը: 2 Մինչ նրանք Տիրոջ պաշտամունքի մէջ էին եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին եւ Սօղոսին առանձնացրէ՛ք ինձ համար, որ անեն այն գործը, որին ես նրանց կոչել եմ»: 3 Այն ժամանակ ծոմ պահելով եւ աղօթելով՝ ձեռք դրեցին նրանց վրայ եւ ուղարկեցին: 4 Ուստի նրանք, Սուրբ Հոգուց ուղարկուած, իջան Սելեւկիա եւ այնտեղից նաւարկեցին դէպի Կիպրոս: 5 Եւ Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծոյ խօսքն էին քարոզում: Որպէս օգնական ունէին նաեւ Յովհաննէսին: 6 Շրջելով ամբողջ կղզին մինչեւ Պափոս՝ այնտեղ գտան մի ոմն մոգի, որ մի հրեայ սուտ մարգարէ էր, եւ որի անունը Բարեյեսու էր. 7 սա բդեշխի փոխանորդ Սերգէոս Պօղոսի հետ էր ապրում, որը մի իմաստուն մարդ էր: Սերգէոսը, աղաչելով Բառնաբասին եւ Սօղոսին, ուզում էր լսել Աստծոյ խօսքը: 8 Բայց նրանց դէմ դուրս եկաւ Եղիմաս մոգը (որովհետեւ նրա անունը այսպէս է թարգմանւում) եւ ուզում էր բդեշխի փոխանորդին հաւատից շեղել: 9 Իսկ Սօղոսը, որը եւ Պօղոսն է, Սուրբ Հոգով լցուած, նայեց նրան ու ասաց. 10 «Ո՛վ դու, որ լի ես ամէն նենգութեամբ ու խորամանկութեամբ, որդի՛ սատանայի, թշնամի՛ ամէն արդարութեան: Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց չե՞ս դադարի: 11 Եւ արդ, ահա Տիրոջ ձեռքը քեզ վրայ է. եւ կոյր կլինես, որ միառժամանակ արեւ չտեսնես»: Եւ անմիջապէս նրա վրայ մէգ ու խաւար իջաւ. եւ խարխափելով՝ առաջնորդողներ էր փնտրում: 12 Այն ժամանակ բդեշխի փոխանորդը, պատահածները տեսնելով, հաւատաց՝ զարմանալով Տիրոջ վարդապետութեան վրայ: 13 Պափոսից խարիսխ վերցնելով՝ Պօղոսը եւ իր հետ եղողները եկան Պամփիւլիայի Պերգէ քաղաքը: Յովհաննէսը, նրանցից բաժանուելով, Երուսաղէմ վերադարձաւ, իսկ նրանք, առաջ գնալով, 14 Պերգէից եկան Պիսիդեան Անտիոք քաղաքը. եւ շաբաթ օրը, ժողովարան մտնելով, նստեցին: 15 Եւ օրէնքի ու մարգարէների ընթերցումից յետոյ ժողովարանի պետերը նրանց մօտ մէկին ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթէ ունէք մխիթարանքի խօսքեր ժողովրդին, խօսեցէ՛ք»:
Ա Պետրոս 4.12-19
12 Սիրելինե՛ր, տարօրինակ մի՛ համարէք այն այրող նեղութիւնը, որ ձեզ փորձելու համար է, որպէս թէ մի տարօրինակ բան պատահած լինէր ձեզ: 13 Այլ, որպէս Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, ուրախ եղէք, որպէսզի նրա փառքի յայտնութեան ժամանակ էլ ցնծաք եւ ուրախանաք: 14 Իսկ եթէ նախատուէք էլ Քրիստոսի անուան համար, երանելի էք, քանի որ փառքի եւ զօրութեան անունը եւ Աստծոյ Հոգին է հանգում ձեզ վրայ: 15 Ձեզնից ոչ ոք թող չտանջուի որպէս մարդասպան կամ որպէս գող կամ որպէս չարագործ կամ որպէս ուրիշի գործին խառնուող. 16 իսկ եթէ տանջւում է որպէս քրիստոնեայ, թող չամաչի, այլ փառաւորի Աստծուն այդ անուամբ, 17 քանի որ ժամանակն է, որ սկսուի դատաստանը Աստծոյ տնից. որովհետեւ եթէ այն նախ մեզնից սկսուի, ապա ի՞նչ վախճան կլինի նրանց, ովքեր չհնազանդուեցին Աստծոյ աւետարանին: 18 Եւ եթէ արդարը հազիւ է փրկուելու, ապա ամբարիշտը կամ մեղաւորը էլ ո՞ւր պիտի մնայ: 19 Հետեւաբար նրանք, որ չարչարւում են ըստ Աստծոյ կամքի, բարի գործերով թող իրենց հոգիները յանձնեն հաւատարիմ Ստեղծողին:
Ավ. ըստ Հովհաննեսի 5.1-18
1 Դրանից յետոյ հրեաների տօնն էր, եւ Յիսուս Երուսաղէմ ելաւ: 2 Եւ Երուսաղէմում Ոչխարների աւազանի մօտ մի տեղ կար, որ եբրայերէն անուանւում էր Բեթհեզդա՝ հինգ սրահ, 3 որտեղ պառկած էր մի մեծ բազմութիւն հիւանդների, կոյրերի, կաղերի եւ գօսացածների, որոնք սպասում էին ջրերի խառնուելուն: 4 Եւ Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր աւազանը եւ ջրերը խառնում. եւ ով ջրերի խառնուելու ժամանակ առաջինն էր իջնում, բժշկւում էր՝ հիւանդութիւնից նշան անգամ չպահելով: 5 Այնտեղ կար մի մարդ, որ երեսունութ տարուց ի վեր հիւանդ էր: 6 Երբ Յիսուս տեսաւ, որ նա պառկած ընկած է, եւ իմացաւ, որ դա շատ ժամանակից ի վեր է, նրան ասաց. «Կամենո՞ւմ ես առողջ լինել»: 7 Հիւանդը պատասխանեց նրան. «Տէ՛ր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնուեն, ինձ աւազանի մէջ իջեցնի. եւ մինչ ես դանդաղում եմ, մէկ ուրիշն ինձնից աւելի առաջ է իջնում»: 8 Յիսուս նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»: 9 Եւ մարդն առողջացաւ, վեր կացաւ, վերցրեց իր մահիճը եւ ման էր գալիս. եւ այդ օրը շաբաթ էր: 10 Հրեաները բժշկուած մարդուն ասացին. «Շաբաթ օր է, եւ օրինաւոր չէ, որ վերցնես մահիճդ»: 11 Նա նրանց ասաց. «Նա, որ ինձ բժշկեց, նա ինձ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛»: 12 Նրան հարցրին ու ասացին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ վերցրո՛ւ քո մահիճը եւ շրջի՛ր»: 13 Իսկ բժշկուածը չէր իմանում, թէ ով է նա, որովհետեւ Յիսուս այդտեղից ամբոխի պատճառով հեռացել էր: 14 Այնուհետեւ Յիսուս նրան գտաւ տաճարում եւ ասաց նրան. «Ահաւասիկ առողջացար. այլեւս մի՛ մեղանչիր, որպէսզի մի աւելի չար բան չպատահի քեզ»: 15 Մարդը գնաց եւ հրեաներին պատմեց, թէ՝ Յիսուս էր, որ ինձ բժշկեց: 16 Եւ հրեաները Յիսուսին հալածում էին նրա համար, որ շաբաթ օրով էր անում այդ բաները: 17 Սակայն պատասխանեց նրանց եւ ասաց. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ»: 18 Դրա համար հրեաները առաւել եւս ուզում էին նրան սպանել, որովհետեւ ոչ միայն չէր պահում շաբաթը, այլ նաեւ Աստծուն կոչում էր իր Հայրը եւ իր անձը Աստծուն հաւասար էր դասում:
Ավ. ըստ Մատթեոսի 11.1-24
1 Եւ երբ Յիսուս վերջացրեց իր տասներկու աշակերտներին պատուէր տալը, այնտեղից գնաց՝ քարոզելու եւ ուսուցանելու շրջակայ քաղաքներում: 2 Իսկ Յովհաննէսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին եւ նրանց միջոցով ասաց նրան. 3 «Դո՞ւ ես, որ գալու էիր, թէ՞ ուրիշին սպասենք»: 4 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք լսեցիք եւ տեսաք. 5 կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրւում, խուլերը՝ լսում, մեռելները՝ յառնում, եւ աղքատներին քարոզւում է աւետարանը: 6 Եւ երանի՜ է նրան, ով իմ պատճառով չի գայթակղւում»: 7 Երբ Յովհաննէսի աշակերտները գնացին, Յիսուս սկսեց ժողովրդին ասել Յովհաննէսի մասին. «Ի՞նչ տեսնելու ելաք անապատում. հողմից շարժուող եղէ՞գ: 8 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. փափուկ զգեստներով զարդարուած մա՞րդ. ահա նրանք, որ փափուկ բաներ են հագել, թագաւորների պալատներում են: 9 Հապա ի՞նչ տեսնելու ելաք. մի մարգարէ՞. այո՛, ասում եմ ձեզ. առաւե՛լ քան մի մարգարէ, 10 որովհետեւ նա է, որի մասին գրուած է. “Ահա ես կուղարկեմ իմ պատգամաւորին քո առջեւից, որ քո առաջ քո ճանապարհը պատրաստի”: 11 Ճշմարիտ եմ ասում ձեզ. կանանցից ծնուածների մէջ Յովհաննէս Մկրտչից աւելի մեծը չի ելել. բայց երկնքի արքայութեան մէջ ամէնից յետինը նրանից մեծ է: 12 Յովհաննէս Մկրտչի օրերից մինչեւ այժմ երկնքի արքայութիւնը բռնադատւում է. եւ հզօրներն են յափշտակում այն, 13 քանի որ ամբողջ օրէնքը եւ մարգարէները մարգարէացան մինչեւ Յովհաննէսը: 14 Եւ եթէ ուզում էք ընդունել, Յովհաննէսն է Եղիան, որ գալու է: 15 Ով լսելու ականջ ունի, թող լսի: 16 Ո՞ւմ նմանեցնեմ այս սերնդին. նման է նա մանուկների, որոնք նստած են հրապարակներում, կանչում են իրենց ընկերներին եւ ասում. 17 ձեզ համար փող հնչեցրինք, բայց չպարեցիք, ձեզ համար ողբ երգեցինք, բայց դուք լաց ուկոծ չարեցիք: 18 Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր եւ ո՛չ խմում, եւ ասացին՝ նրա մէջ դեւ կայ: 19 Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում, եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ՝ բարեկամ մաքսաւորների եւ մեղաւորների. բայց իմաստութիւնը արդարացուեց իր որդիների կողմից»: 20 Այն ժամանակ նա սկսեց պարսաւել այն քաղաքները, որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին: 21 «Վա՜յ քեզ, Քորազին, վա՜յ քեզ, Բեթսայիդա. որովհետեւ եթէ Տիւրոսում եւ Սիդոնում տեղի ունեցած լինէին այն զօրաւոր գործերը, որ ձեր մէջ արուեցին, վաղուց արդէն քուրջով եւ մոխրով ապաշխարած կլինէին: 22 Բայց ասում եմ ձեզ. Տիւրոսի եւ Սիդոնի երկրի համար աւելի տանելի կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար: 23 Եւ դու, Կափառնայո՛ւմ, մի՞թէ մինչեւ երկինք պիտի բարձրանաս. ո՛չ, պիտի իջնես մինչեւ դժոխք. որովհետեւ եթէ Սոդոմում եղած լինէին այս զօրաւոր գործերը, որ եղան քո մէջ, արդարեւ մինչեւ այսօր նրանք կանգուն կլինէին: 24 Բայց ասում եմ ձեզ, որ սոդոմացիների երկրի համար դատաստանի օրը աւելի տանելի կլինի, քան քեզ համար»:
Ավ. ըստ Մարկոսի 4.21-25
21 Եւ նրանց ասաց. «Մի՞թէ ճրագը բերւում է, որ կաթսայի կամ մահճի տակ դրուի: Չէ՞ որ աշտանակի վրայ է դրւում: 22 Արդ, ծածուկ բան չկայ, որ չյայտնուի, եւ գաղտնի բան չի եղել, որ ի յայտ չգայ: 23 Թէ մէկը լսելու ականջ ունի, թող լսի»: 24 Եւ նրանց ասաց. «Զգո՛յշ եղէք, թէ ինչ էք լսում, եւ ինչ որ լսում էք, աւելին կտրուի ձեզ. ինչ չափով որ չափում էք, նոյնով Աստուած պիտի չափի ձեզ համար: 25 Ով որ ունի, նրան պիտի տրուի. իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցուի, ինչ էլ որ նա ունի»: