Գթությունը միաբանության կապն է, սիրո մայրը, հանգստյան առողջությունը, Քրիստոսի ավետիսների սիրո անարատ, սուրբ և անբիծ երախտավորը. քանզի այն առատաձեռն է մերձավորների և հեռավորների հանդեպ, դաստիարակ է մեծամեծների և օգնական՝ տկարների համար, սիրելի է երախտավորներին, որովհետև բարությամբ սիրում է բարեկամներին և կամենում է ատելիների դարձը, որ հասնեն Քրիստոսի սուրբ սիրուն: ….
Գթությունը բարիքների արմատն է: Նրա ոստերը խնդություն են, տերևը՝ զվարթություն, պտուղը՝ անհամեմատելի անուշություն. քանի որ գթությամբ են հեռացվում հանցանքների տրտմությունն ու դառը ձանձրույթը և սուգը, որոնք վհատեցնում են անձը, օտարացնում և հիմարացնում: [Գթությունը] խափանում է ծուլությունը և խթանում առատաձեռնությունը, արմատախիլ է անում ագահությունը և ընդունում սակավապետությունը, հանդիմանում է անպարկեշտությունը, մարում թերահավատությունը և [վառում] հավատի լույսի նշույլները: [Գթությունը] ելք է երկմտությունից և մուտք դեպի կենդանի լույսը: Այն օտարացնում է ատելությունը, խաղաղեցնում վտանգվածներին և սփոփում նեղության ժամանակ:
Գթությունը կռփում է հպարտությունը և ջնջում նենգությունը, խայտառակում է խորամանկությունը և մերժում ոխակալությունն ու նախանձը: Խոշտանգում է անհնազանդներին, քաջալերում համբերողներին, զորացնում է ժուժկալներին ու սրբում գիջությունը: Այն խրախույս է երկայնամիտների և օգնական՝ խոնարհների համար, զգաստության ու անբծության պսակ է և առաքինության հորդորող: Քնածներին ու ծույլերին արթնացնում է և հանգստյան գործերի հասցնում: Լի է ամենայն բարությամբ և խնամածում է սիրո առողջ, սուրբ, անարատ և անբիծ երախտիքներով: Քանզի ով ստացել է հոգևոր այս գութը սուրբ վարքի համար, նա կենդանի երանությամբ պսակվում է Ամենասուրբ Երրորդության սիրո խնամքի կողմից, որն ազատում է գեհենի դառը վշտերից ու վայելել տալիս բարիքները մշտնջենավոր անհամեմատելի կյանքում:
Աղբյուր՝ «Գիրք որ կոչի Յաճախապատում՝ ասացեալ սրբոյ հօրն մերոյ երանելւոյն Գրիգորի Լուսաւորչին».
Կ. Պոլիս, 1824,
Փոխադրությունը գրաբարից՝ Տիգրան Խաչատրյանի