Ավ. ըստ Ղուկասի 12.32-48
32 Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հօտ, որովհետեւ ձեր Հայրը հաճեց տալ ձեզ արքայութիւնը: 33 Վաճառեցէ՛ք ձեր ինչքերը եւ ողորմութիւն տուէք. եւ ձեզ համար շինեցէ՛ք չհնացող քսակներ եւ անհատնում գանձեր երկնքում, ուր ո՛չ գողն է մօտենում, եւ ո՛չ ցեցը՝ փչացնում. 34 որովհետեւ ուր որ ձեր գանձն է, այնտեղ եւ ձեր սրտերը կլինեն: 35 Թող ձեր գօտիները մէջքներիդ պնդուած լինեն, եւ ճրագներդ՝ վառուած: 36 Եւ դուք նմանուեցէ՛ք այն ծառաներին, որոնք սպասում են իրենց տիրոջը, թէ երբ կվերադառնայ հարսանիքից, որպէսզի երբ գայ եւ բախի դուռը, իսկոյն բաց անեն: 37 Երանի՜ այն ծառաներին, որոնց արթուն կգտնի տէրը, երբ գայ: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նա գօտի կկապի մէջքին, սեղան կնստեցնի նրանց եւ կանցնի նրանց սպասարկելու: 38 Եւ եթէ տէրը գայ կէսգիշերին եւ կամ աւելի ուշ եւ գտնի նրանց այդպէս, երանելի են այդ ծառաները: 39 Բայց այն էլ իմացէք, որ եթէ տանտէրը գիտենար, թէ որ ժամին գող կգայ, թոյլ չէր տայ, որ իր տունը կտրեն: 40 Դուք էլ պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասի, կգայ մարդու Որդին»: 41 Պետրոսն ասաց. «Տէ՛ր, մե՞զ համար ասացիր այդ առակը, թէ՞ բոլորի համար»: 42 Եւ Տէրն ասաց. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակին կերակուր տալու համար: 43 Երանի՜ է այն ծառային, որին իր տէրը, երբ որ գայ, այդպէս արած կգտնի: 44 Արդարեւ, ասում եմ ձեզ, որ նրան իր բոլոր ինչքերի վրայ վերակացու կկարգի: 45 Իսկ եթէ այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տէրն ուշանում է գալ”, եւ սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, ուտել, խմել եւ հարբել, 46 այդ ծառայի տէրը կգայ այն օրը, երբ նա չէր սպասում, եւ այն ժամին, որ չէր իմանում. նրան մէջքից երկու կտոր կանի եւ նրա բաժինը անհաւատների հետ կդնի: 47 Իսկ այն ծառան, որ գիտէ իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի պատրաստի, շատ ծեծ կուտի: 48 Եւ այն ծառան, որ չգիտէ իր տիրոջ կամքը եւ ծեծի արժանի գործ է կատարում, քիչ ծեծ կուտի. նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կուզուի, եւ ում շատ է վստահուած, նրանից աւելին կպահանջեն»:
Գործք 18.1-11
1 Սրանից յետոյ Պօղոսը, Աթէնքից մեկնելով, եկաւ Կորնթոս. 2 եւ այնտեղ գտաւ Ակիւղաս անունով մի հրեայի՝ ծագումով պոնտացի, որն իր կնոջ՝ Պրիսկիղայի հետ նոր էր եկել Իտալիայից՝ համաձայն Կղօդէոս կայսեր հրամանի, որով բոլոր հրեաները Հռոմից պէտք է հեռանային: Եւ գնաց միացաւ նրանց: 3 Եւ որովհետեւ արհեստակից էր, նրանց մօտ մնաց եւ աշխատում էր, քանի որ արհեստով վրանագործներ էին: 4 Նա ամէն շաբաթ օր քարոզում էր ժողովարանում եւ համոզում հրեաներին ու հեթանոսներին: 5 Երբ Շիղան եւ Տիմոթէոսը Մակեդոնիայից իջան եկան, Պօղոսը Հոգու կողմից մղւում էր վկայութեամբ փաստելու հրեաներին, թէ Յիսուսն է Քրիստոսը: 6 Եւ երբ նրանք ընդդիմացան եւ հայհոյեցին, զգեստները թափ տուեց ու ասաց. «Ձեր արիւնը՝ ձեր գլուխը. ես անպարտ եմ. սրանից յետոյ հեթանոսների մօտ եմ գնում»: 7 Եւ այնտեղից գնալով՝ մտաւ մէկի տունը, որի անունը Տիտոս Յուստոս էր, մի աստուածապաշտ մարդ, որի տունը ժողովարանին կից էր: 8 Կրիսպոս ժողովրդապետը հաւատաց Տիրոջը իր ամբողջ տնով: Նաեւ կորնթացիներից շատերը, նրան լսելով, հաւատացին եւ մկրտուեցին: 9 Եւ Տէրը գիշերը մի տեսիլքի մէջ Պօղոսին ասաց. «Մի՛ վախեցիր, այլ խօսի՛ր եւ մի՛ լռիր, 10 քանի որ ես քեզ հետ եմ. եւ ոչ մէկը քո դէմ չպիտի ելնի քեզ չարչարելու համար, քանի որ այս քաղաքում ես բազում ժողովուրդ ունեմ»: 11 Եւ նա այնտեղ մնաց մէկ տարի եւ վեց ամիս՝ ուսուցանելով նրանց Աստծոյ խօսքը:
Ա Հովհաննես 2.7-17
7 Սիրելինե՛ր, ոչ թէ մի նոր պատուիրան եմ գրում ձեզ, այլ՝ հին պատուիրանը, որն ի սկզբանէ ունէիք: Եւ հին պատուիրանը այն խօսքն է, որը լսեցիք: 8 Այսուհանդերձ նոր պատուիրան եմ գրում ձեզ, որ ճշմարիտ է նրա մէջ եւ ձեր մէջ. քանի որ ահա խաւարն անցնում է, եւ ճշմարիտ լոյսն արդէն իսկ երեւում է: 9 Ով ասում է, թէ ինքը լոյսի մէջ է եւ ատում է իր եղբօրը, սուտ է եւ խաւարի մէջ է տակաւին: 10 Ով սիրում է իր եղբօրը, բնակւում է լոյսի մէջ, եւ նրա մէջ գայթակղութիւն չկայ: 11 Իսկ ով ատում է իր եղբօրը, խաւարի մէջ է, խաւարի մէջ է շրջում եւ չգիտէ, թէ ուր է գնում, որովհետեւ խաւարը կուրացրել է նրա աչքերը: 12 Որդեակնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ ձեր մեղքերը ներուած են ձեզ նրա անուան սիրուն: 13 Հայրե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ: Երիտասարդնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք յաղթեցիք չարին: 14 Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք Հօրը: Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ: Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ուժեղ էք, եւ Աստծոյ խօսքը բնակւում է ձեր մէջ. եւ դուք յաղթեցիք չարին: 15 Մի՛ սիրէք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մէջ կայ: 16 Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ այս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից: 17 Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը: Իսկ ով կատարում է Աստծոյ կամքը, մնում է յաւիտեան:
Ավ. ըստ Հովհաննեսի 7.37-8.11
7.37 Մեծ տօնի վերջին օրը Յիսուս կանգնած էր եւ աղաղակում էր՝ ասելով. «Եթէ մէկը ծարաւ է, թող ինձ մօտ գայ եւ խմի: 38 Ով ինձ հաւատում է, ինչպէս Գիրքն է ասում, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն»: 39 Նա այս ասում էր Հոգու մասին, որին ընդունելու էին իրեն հաւատացողները. քանի որ Հոգին դեռեւս չկար, որովհետեւ Յիսուս դեռ փառաւորուած չէր: 40 Ժողովրդից ոմանք, երբ լսում էին այս խօսքերը, ասում էին. «Սա է ճշմարիտ մարգարէն». 41 ուրիշներն ասում էին. «Սա է Քրիստոսը». իսկ դեռ ուրիշներ ասում էին. «Մի՞թէ Քրիստոս Գալիլիայից է գալու. 42 չէ՞ որ Գիրքն ասում է, թէ Քրիստոս գալու է Դաւթի սերնդից եւ Բեթղեհէմ գիւղից, որտեղից Դաւիթն էր»: 43 Եւ ժողովրդի մէջ նրա պատճառով պառակտում եղաւ: 44 Եւ նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց: 45 Իսկ սպասաւորները վերադարձան քահանայապետների եւ փարիսեցիների մօտ. եւ սրանք նրանց ասացին. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»: 46 Սպասաւորները պատասխանեցին ու ասացին. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը»: 47 Փարիսեցիներն ասացին. «Մի՞թէ դուք էլ էք մոլորուել: 48 Մի՞թէ իշխանաւորներից կամ փարիսեցիներից որեւէ մէկը հաւատաց նրան, 49 բացի այն խաժամուժ ամբոխից, որ օրէնք չգիտէ եւ նզովեալ է»: 50 Նիկոդեմոսը, որ նախապէս գիշերով եկել էր նրա մօտ եւ նրանցից մէկն էր, նրանց ասաց. 51 «Մի՞թէ մեր օրէնքը դատապարտում է մարդուն, եթէ նախ նրանից լսած եւ կամ իմացած չլինի, թէ ինչ է գործել նա»: 52 Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թէ դու էլ Գալիլիայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլիայից մարգարէ դուրս չի գալիս»:
8.1 Ապա ամէն ոք իր տունը գնաց: Իսկ Յիսուս գնաց Ձիթենեաց լեռը: 2 Առաւօտեան նորից տաճար եկաւ. ամբողջ ժողովուրդը գալիս էր նրա մօտ, եւ ինքն ուսուցանում էր նրանց: 3 Օրէնսգէտներն ու փարիսեցիները բերեցին շնութեան մէջ բռնուած մի կնոջ եւ նրան մէջտեղում կանգնեցնելով՝ ասացին Յիսուսին. 4 «Յանցանքի մէջ բռնուած այս կինը յայտնապէս շնացել է, 5 իսկ օրէնքում Մովսէսը մեզ պատուիրել է այսպիսիներին քարկոծել. արդ, դու դրա մասին ի՞նչ ես ասում»: 6 Նրանք այս ասում էին նրան փորձելու համար, որպէսզի նրան ամբաստանելու պատճառ ունենան: Իսկ Յիսուս, ցած նայելով, մատով գետնի վրայ գրում էր: 7 Իսկ երբ նրան ստիպեցին հարցնելով, վեր նայեց ու նրանց ասաց. «Ձեր միջից անմե՛ղը նախ թող քար գցի նրա վրայ»: 8 Եւ դարձեալ ցած նայելով՝ գետնի վրայ գրում էր: 9 Եւ այս լսելով՝ մէկ առ մէկ ելնում գնում էին՝ տարիքաւորներից մինչեւ փոքրերը: Եւ Յիսուս միայն մնաց եւ կինը՝ կանգնած նրա առաջ: 10 Յիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ո՞ւր են. քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: 11 Եւ նա ասաց. «Ո՛չ, Տէ՛ր»: Եւ Յիսուս ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. գնա՛, այսուհետեւ մի՛ մեղանչիր»:
Ավ. ըստ Մատթեոսի 14.13-21
13 Երբ Յիսուս այդ լսեց, այնտեղից նաւակով առանձին գնաց մի ամայի տեղ: Երբ ժողովրդի բազմութիւնը լսեց այս, քաղաքներից հետիոտն նրա յետեւից գնաց: 14 Եւ երբ նա ցամաք ելաւ, տեսաւ բազում ժողովուրդ, գթաց նրանց եւ բժշկեց նրանց հիւանդներին: 15 Երեկոյեան դէմ աշակերտները մօտեցան նրան եւ ասացին. «Այս տեղը ամայի է, եւ օրը տարաժամել է. արձակի՛ր այդ ժողովրդի բազմութեանը, որպէսզի գնայ շրջակայ գիւղերը, իր համար ուտելիք գնի»: 16 Եւ Յիսուս ասաց. «Հարկ չկայ, որ նրանք գնան, դո՛ւք նրանց ուտելու բան տուէք»: 17 Եւ նրանք ասացին նրան. «Այստեղ ուրիշ բան չունենք, բացի հինգ նկանակից եւ երկու ձկից»: 18 Եւ նրանց ասաց. «Այստե՛ղ բերէք այդ»: 19 Եւ հրամայեց ժողովրդի բազմութիւնը նստեցնել խոտի վրայ. եւ վերցնելով հինգ նկանակն ու երկու ձկները՝ նայեց դէպի երկինք, օրհնեց, կտրեց եւ նկանակները աշակերտներին տուեց. իսկ աշակերտները՝ ժողովրդին: 20 Բոլորը կերան ու յագեցան: Եւ տասներկու սակառ լիքը կտորտանքների մնացորդներ վերցրին: 21 Եւ նրանք, որ կերան, մօտ հինգ հազար հոգի էին՝ չհաշուած կանանց եւ երեխաներին:
Ավ. ըստ Մարկոսի 7.1-16
1 Եւ նրա մօտ հաւաքուեցին փարիսեցիներն ու օրէնսգէտներից ոմանք, որոնք եկել էին Երուսաղէմից: 2 Նրանք, տեսնելով, որ նրա աշակերտներից ոմանք անմաքուր ձեռքերով, այսինքն՝ անլուայ հաց էին ուտում, բամբասեցին, 3 որովհետեւ փարիսեցիները եւ բոլոր հրեաները, եթէ ձեռքները մի լաւ չլուանան, հաց չեն ուտում, քանի որ հների աւանդութիւնը պահում են: 4 Նաեւ, շուկայից տուն մտնելով, եթէ նախ չլուացուեն, չեն ուտում: Եւ ուրիշ շատ բաներ էլ կան, որ աւանդաբար պահում են. ինչպէս՝ բաժակների, սափորների, պղնձէ ամանների ու մահիճների լուացումները: 5 Ահա ինչու փարիսեցիները եւ օրէնսգէտները հարց տուեցին նրան. «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութեան համաձայն չեն շարժւում, այլ անմաքուր ձեռքերով են հաց ուտում»: 6 Նա պատասխանեց եւ ասաց նրանց. «Եսային լաւ մարգարէացաւ ձեր՝ կեղծաւորներիդ մասին՝ ասելով. “Այս ժողովուրդը ինձ շրթներով է մեծարում, բայց նրանց սրտերը ինձնից հեռու են. 7 զուր են ինձ պաշտում. ուսուցանում են վարդապետութիւններ, որ մարդկանց պատուիրածներն են”: 8 Աստծոյ պատուիրանը թողած՝ մարդկանց աւանդութիւնն էք պահում»: 9 Ապա աւելացրեց. «Աստծոյ պատուիրանը լաւ էք անարգում, որպէսզի ձեր աւանդութիւնը հաստատէք. 10 որովհետեւ Մովսէսն ասում է. “Պատուի՛ր քո հօրն ու մօրը. եւ ով որ չարախօսի իր հօր կամ մօր մասին, մահուամբ թող պատժուի”: 11 Իսկ դուք ասում էք. “Եթէ մէկը հօրը կամ մօրն ասի՝ ինչ ինձնից պիտի օգտուես, կորբան է” (այսինքն՝ Աստծուն տալու ընծայ), 12 դրանով իսկ այլեւս թոյլ չէք տալիս, որ նա իր հօր կամ մօր համար որեւէ բան անի, 13 եւ այդպէս անարգում էք Աստծոյ խօսքը նոյն աւանդութեամբ, որ դուք փոխանցում էք միմեանց: Եւ սրա նման ուրիշ շատ բաներ էք անում»: 14 Եւ նա, ամբողջ ժողովրդին իր մօտ կանչելով, ասաց նրանց. «Ամէնքդ ինձ լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. 15 չկայ որեւէ բան, որ մարդու մէջ դրսից մտնելով՝ կարողանայ նրան պղծել. այլ այն, ինչ ելնում է նրանից, այն է, որ պղծում է մարդուն: 16 Ով ականջներ ունի լսելու, թող լսի»: