Ավ. ըստ Ղուկասի 12.49-13.9
12.49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ եւ ինչքա՜ն եմ կամենում, որ արդէն իսկ բորբոքուած լինի: 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում, որ կատարուի: 51 Կարծում էք, թէ երկրին խաղաղութիւն տալո՞ւ եկայ. ո՛չ, ասում եմ ձեզ, այլ՝ բաժանում. 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն՝ երեքը երկուսի դէմ եւ երկուսը երեքի: 53 Հայրը պիտի բաժանուի որդուց, եւ որդին՝ հօրից, մայրը՝ աղջկանից, եւ աղջիկը՝ մօրից, սկեսուրը՝ հարսից, եւ հարսը՝ իր սկեսրոջից»: 54 Ժողովրդին էլ ասաց. «Երբ տեսնէք, որ արեւմուտքից ամպ է ելնում, իսկոյն կասէք, թէ անձրեւ կգայ: Այդպէս էլ լինում է: 55 Եւ երբ հարաւի քամին փչի, կասէք, թէ խորշակ կլինի: Եւ այդպէս էլ լինում է: 56 Կեղծաւորնե՛ր, երկնքի եւ երկրի երեւոյթները քննել գիտէք, իսկ այս ներկայ ժամանակը ինչպէ՞ս չէք քննում: 57 Ինչո՞ւ դուք անձնապէս արժանին չէք ընտրում: 58 Երբ քո թշնամու հետ գնաս իշխանի մօտ, ճանապարհին հաշիւդ մաքրի՛ր, որ նրանից ազատուես, որովհետեւ գուցէ նա քեզ քարշ տայ դատաւորի մօտ, եւ դատաւորը քեզ բանտապահի ձեռքը յանձնի, եւ բանտապահն էլ բանտ նետի: 59 Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գայ, մինչեւ որ չվճարես վերջին գրոշը»: 13.1 Այդ նոյն ժամանակ ոմանք եկան եւ պատմեցին նրան այն գալիլիացիների մասին, որոնց արիւնը Պիղատոսը խառնեց իրենց զոհերի արեան հետ: 2 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Կարծում էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւո՞ր էին, քան բոլոր գալիլիացիները: 3 Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք: 4 Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ: 5 Ո՛չ, ասում եմ ձեզ. սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»: 6 Պատմեց եւ այս առակը. «Մի մարդ իր այգում մի թզենի էր տնկել. եւ երբ պտղի ժամանակը հասաւ, նա եկաւ նրա վրայ պտուղ փնտրելու եւ չգտաւ: 7 Այգեգործին ասաց. “Ահա երեք տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրայ պտուղ փնտրելու եւ չեմ գտնում. արդ, կտրի՛ր այդ. ինչո՞ւ է հողը զբաղեցնում”: 8 Այգեգործը պատասխանեց եւ ասաց. “Տէ՛ր իմ, դա այս տարի՛ էլ թող, մինչեւ որ նրա շուրջը փորեմ եւ աղբ գցեմ. 9 գուցէ թէ պտուղ տայ. ապա թէ ոչ՝ մի տարուց յետոյ կկտրես այն”»:
Գործք 18.12-28
12 Աքայեցիների բդեշխի փոխանորդ Գաղիոնի ժամանակ հրեաները միաբանուելով՝ Պօղոսի դէմ ելան եւ նրան ատեան բերեցին: 13 Նրանք ասում էին. «Սա տարհամոզում է մարդկանց, որ օրէնքին հակառակ եղանակով Աստծուն պաշտեն»: 14 Եւ երբ Պօղոսը պատրաստւում էր բանալ իր բերանը, Գաղիոնը հրեաներին ասաց. «Ո՛վ հրեաներ, եթէ որեւէ անիրաւութիւն կամ մի չարանենգ խարդախութիւն եղած լինէր, պատեհ էր, որ ես ձեզ անսայի. 15 բայց եթէ խնդիրներ կան խօսքի կամ անունների եւ կամ ձեր օրէնքների մասին, դուք ինքնե՛րդ քննեցէք, քանի որ այդպիսի բաների դատաւոր լինել չեմ ուզում»: 16 Եւ նրանց ատեանից դուրս արեց: 17 Եւ բոլոր յոյները, ժողովրդապետ Սոսթենէսին բռնելով, ատեանի առաջ ծեծում էին, եւ Գաղիոնը դրանից բնաւ չէր անհանգստանում: 18 Իսկ Պօղոսը, դեռ շատ օրեր մնալով, եղբայրներին հրաժեշտ տուեց եւ նաւարկեց դէպի Ասորիք: Նրա հետ էին նաեւ Պրիսկիղան եւ Ակիւղասը: Նա Կենքրայում գլուխը խուզել էր, քանի որ ուխտ էր արել: 19 Եւ Եփեսոս հասնելով՝ նրանց այնտեղ թողեց եւ ինքը, ժողովարան մտնելով, խօսքն ուղղեց հրեաներին: 20 Եւ նրան աղաչեցին, որ երկար ժամանակ այնտեղ մնայ. բայց նա յանձն չառաւ, 21 այլ հրաժեշտ տուեց նրանց ու ասաց. «Աստծոյ կամքով նորից կգամ ձեզ մօտ»: 22 Եւ Եփեսոսից մեկնեց ու իջաւ Կեսարիա. դրանից յետոյ ելաւ վեր՝ Երուսաղէմ, եւ ողջոյն տուեց եկեղեցուն. ապա իջաւ Անտիոք: 23 Միառժամանակ այնտեղ մնալուց յետոյ ելաւ հերթով շրջելու գաղատացիների երկիրը եւ Փռիւգիան՝ ամրապնդելով բոլոր աշակերտածներին: 24 Ապողոս անունով մի հրեայ՝ ծագումով ալեքսանդրիացի, եկաւ հասաւ Եփեսոս. սա մի ճարտարախօս մարդ էր եւ հմուտ Գրքերին: 25 Տեղեակ էր նա Տիրոջ ճանապարհին եւ հոգով եռում էր. խօսում եւ ճշմարտութեամբ ուսուցանում էր Յիսուսի մասին: Գիտէր միայն Յովհաննէսի մկրտութիւնը: 26 Սա սկսեց ժողովարանում համարձակօրէն խօսել: Նրան լսելով՝ Ակիւղասը եւ Պրիսկիղան նրան իրենց մօտ առան եւ ճշմարտագոյնս բացատրեցին նրան Աստծոյ ճանապարհը: 27 Երբ նա կամեցաւ Աքայիա գնալ, եղբայրները քաջալերեցին նրան եւ գրեցին աշակերտներին, որ նրան ընդունեն: Երբ նա այնտեղ հասաւ, Աստծոյ շնորհիւ շատ օգտակար եղաւ հաւատացեալներին, 28 քանի որ հրեաներին բուռն կերպով յանդիմանում էր՝ Գրքերի միջոցով հրապարակաւ ապացուցելով, որ Յիսուսն է Քրիստոսը:
Ա Հովհաննես 2.18-23
18 Որդեակնե՛ր, վերջին ժամանակն է: Եւ ինչպէս լսել էք, Նեռը գալու է. բայց արդէն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է: 19 Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կմնային: Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, որ նրանք ամէնքը մեզնից չեն: 20 Իսկ դուք օծում ունէք Սրբից եւ ամէն բան գիտէք: 21 Գրեցի ձեզ ոչ թէ որովհետեւ ճշմարտութիւնը չգիտէք, այլ որովհետեւ գիտէք այն. գիտէք նաեւ այն, որ ամենայն ստախօսութիւն ճշմարտութիւնից չէ: 22 Իսկ ո՞վ է ստախօսը, եթէ ոչ՝ նա, ով ուրանում է, թէ Յիսուսը Քրիստոսն է: Նա է Նեռը, ով ուրանում է Հօրը եւ Որդուն: 23 Ամէն մարդ, որ ուրանում է Որդուն, իր մէջ չունի նաեւ Հօրը: Իսկ ով խոստովանում է Որդուն, նա իր մէջ ունի նաեւ Հօրը:
Ավ. ըստ Հովհաննեսի 8.12-20
12 Յիսուս դարձեալ խօսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լոյսը. ով իմ յետեւից է գալիս, խաւարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լոյսը»: 13 Փարիսեցիները նրան ասացին. «Դու քո անձի մասին ես վկայում, եւ քո վկայութիւնը հաւաստի չէ»: 14 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Թէպէտ ես վկայում եմ իմ անձի մասին, իմ վկայութիւնը ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ, թէ որտեղից եկայ եւ ուր եմ գնում: Բայց դուք չգիտէք՝ որտեղից եմ գալիս կամ ուր եմ գնում: 15 Դուք ըստ մարմնի էք դատում, ես ոչ ոքի չեմ դատում. 16 թէկուզ եւ մէկին դատեմ էլ, իմ դատաստանը ճշմարիտ է, որովհետեւ մենակ չեմ, այլ ես եմ եւ ինձ հետ է նաեւ իմ Հայրը, որ ինձ ուղարկեց: 17 Եւ ձեր օրէնքում իսկ գրուած է, որ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է: 18 Ես նա եմ, որ վկայում եմ իմ մասին, եւ վկայում է իմ մասին Հայրը, որ ինձ ուղարկեց»: 19 Նրան ասացին. «Ո՞ւր է քո Հայրը»: Յիսուս պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Ո՛չ ինձ էք ճանաչում եւ ո՛չ էլ իմ Հօրը. եթէ ինձ ճանաչէիք, թերեւս իմ Հօրն էլ կճանաչէիք»: 20 Յիսուս այս խօսքերը խօսեց գանձատանը, երբ ուսուցանում էր տաճարում. սակայն ոչ ոք նրան չբռնեց, որովհետեւ նրա ժամը դեռ չէր հասել:
Ավ. ըստ Մատթեոսի 14.22-36
22 Եւ նա իսկոյն իր աշակերտներին ստիպեց նաւակ մտնել եւ առաջանալ դէպի միւս կողմը, մինչեւ որ ինքը ժողովրդի բազմութեանն արձակի: 23 Եւ երբ ժողովրդի բազմութեանն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար: Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ: 24 Նաւակը ցամաքից մղոններով հեռացել էր՝ դէս ու դէն քշուելով ալիքներից, քանի որ քամին դիմացից էր: 25 Եւ գիշերուայ ուշ ժամին Յիսուս եկաւ նրանց մօտ՝ քայլելով ծովի վրայով: 26 Երբ աշակերտները նրան տեսան ծովի վրայ քայլելիս, տագնապահար եղան եւ ասացին՝ «Ինչ-որ ուրուական է», ու սարսափից աղաղակեցին: 27 Յիսուս իսկոյն խօսեց նրանց հետ ու ասաց. «Սրտապնդուեցէ՛ք, ես եմ, մի՛ վախեցէք»: 28 Պետրոսը նրան պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր, եթէ դու ես, հրամայի՛ր ինձ ջրի վրայով քեզ մօտ գալ»: 29 Եւ նա ասաց՝ արի՛: Եւ Պետրոսը, նաւակից իջնելով, քայլեց ջրի վրայով ու եկաւ Յիսուսի մօտ: 30 Սակայն տեսնելով ուժգին քամին՝ վախեցաւ: Եւ երբ սկսեց սուզուել, աղաղակեց ու ասաց. «Տէ՛ր, փրկի՛ր ինձ»: 31 Եւ իսկոյն Յիսուս երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահաւա՛տ, ինչո՞ւ երկմտեցիր»: 32 Եւ երբ նրանք նաւակ բարձրացան, քամին հանդարտուեց: 33 Եւ նրանք, որ նաւակի մէջ էին, մօտեցան, երկրպագեցին նրան ու ասացին. «Արդարեւ, Աստծոյ Որդին ես դու»: 34 Եւ կտրել-անցնելով ցամաք ելան Գեննեսարէթում: 35 Եւ երբ այդ տեղի մարդիկ նրան ճանաչեցին, մարդ ուղարկեցին ամբողջ գաւառով մէկ ու բոլոր հիւանդներին նրա մօտ բերեցին: 36 Եւ աղաչում էին նրան, որ գոնէ միայն նրա զգեստի քղանցքներին դիպչեն. եւ նրանք, որ մի անգամ դիպան, բժշկուեցին:
Ավ. ըստ Մարկոսի 7.17-30
17 Եւ երբ ամբոխից բաժանուելով տուն մտաւ, աշակերտները այդ առակի մասին նրան հարցրին: 18 Եւ նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպէս անմիտ էք. չէ՞ք իմանում, թէ ամէն բան, որ դրսից մարդու մէջ է մտնում, չի կարող նրան պղծել, 19 որովհետեւ ոչ թէ նրա սիրտն է մտնում, այլ՝ որովայնը եւ դուրս է ելնում ու մաքրում բոլոր կերածները»: 20 Եւ ասում էր. «Ինչ որ մարդուց դուրս է գալիս, այն է, որ պղծում է մարդուն, 21 որովհետեւ ներսից՝ մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնութիւն, պոռնկութիւն, 22 գողութիւն, սպանութիւն, ագահութիւն, չարութիւն, նենգութիւն, գիջութիւն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտաւանութիւն, անզգամութիւն: 23 Այս բոլոր չարիքները ներսից են ելնում եւ պղծում մարդուն»: 24 Եւ այնտեղից վեր կացաւ եկաւ Տիւրոսի ու Սիդոնի սահմանները. եւ մի տուն մտնելով՝ չէր ուզում, որ որեւէ մէկն իմանայ իր այնտեղ լինելը, սակայն չկարողացաւ թաքնուած մնալ: 25 Նրա մասին լսեց մի կին, որի դուստրը տառապում էր պիղծ ոգուց. սա եկաւ ընկաւ նրա ոտքերը: 26 Այս կինը հեթանոս էր՝ փիւնիկ-ասորի ազգից. աղաչում էր նրան, որ իր աղջկանից դեւը հանի: 27 Եւ Յիսուս նրան ասաց. «Թո՛յլ տուր, որ նախ մանուկները կշտանան, քանի որ լաւ չէ մանուկների հացն առնել ու շների առաջ գցել»: 28 Կինը պատասխանեց եւ ասաց. «Տէ՛ր, շներն էլ մանուկների սեղանի փշրանքներից են կերակրւում»: 29 Եւ նա ասաց նրան. «Այդ խօսքիդ համար գնա՛. դեւը քո աղջկանից դուրս ելաւ»: 30 Կինը գնաց իր տունը եւ դեւին ելած գտաւ, իսկ աղջկան՝ պառկած մահճի վրայ: