Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Աստվածաբանություն

Դավթի Սաղմոսների մեկնություն.Սաղմոս ՃԴ

15 Մայիսի, 2023
Աստվածաբանություն, Եկեղեցին հայկական
Սուրբ Հովհան Ոսկեբերան: Ճառ աղոթքի մասին
0
Կիսումներ
48
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

Ալելուիա. բոլոր ժողովուրդները և երգիչները երգում էին ալելուիա տոներին և յոթերորդ օրերին, որովհետև ալելուիան թարգմանվում է՝ օրհնեք Աստծուն կամ գովաբանեք օրենքը: Սաղմոսը նաև խորհրդանշում է հեթանոսների վարդապետությունը և այն բարիքները, որ հրեաների համար եղան: Նաև նրա համար պատվիրեց օրհնել Աստծուն, որ կատարեց հայրերին տրված խոստումը Որդու գալստյամբ: Ուստի և ասում է.

1. Խոստովան եղերուք Տեառն և կարդացէ՛ք զանուն նորա. պատմեցէ՛ք ի հեթանոսս զգործս նորա:

Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջն ու նրա անունը կանչեցեք, հեթանոսների մեջ պատմեցե՛ք գործերը նրա:

Սիմաքոսը կանչելու փոխարեն քարոզեք է ասում: Հեթանոսների մեջ պատմեցե՛ք, որպեսզի քարոզվի հեթանոսների մեջ աստվածգիտության օրենքը:

2. Օրհնեցէ՛ք և սաղմոս ասացէք նմա. պատմեցէ՛ք զամենայն սքանչելիս նորա. և գովեցարո՛ւք յանուն սուրբ նորա:

Օրհնեցե՛ք ու սաղմո՛ս երգեցեք նրան, պատմեցե՛ք բոլոր հրաշագործությունները նրա: Պարծեցե՛ք նրա սուրբ անունով:

Քրիստոնեական անվամբ, այլ ոչ թե ունեցվածքով և կալվածքներով հպարտանալով, քանզի գովաբանեցեքը Սիմաքոսը պարծեցեք է թարգմանում, ինչն էլ այն իմաստն ունի, որ եթե մեկը պարծենում է, թող Տիրոջով պարծենա:

3. Ուրախ եղիցին սիրտք այնոցիկ, ոյք խնդրեն զՏէր. խնդրեցէ՛ք զՏէր և հզօրք եղերուք, խնդրեցէք զերեսս նորա յամենայն ժամ:

Թող ուրախ լինի սիրտը նրանց, ովքեր փնտրում են Տիրոջը: Փնտրեցե՛ք Տիրոջն ու հզորացե՛ք, փնտրեցե՛ք նրա երեսն ամեն ժամ:

Քանզի ովքեր փնտրում են նրան, գտնում են, և նա սովորեցնում է, թե՝ «Նախ փնտրեցե՛ք Աստծու արքայությունը» (Մատթ. 6:33), և կուրախանան սրտերը՝ հայրենի տան մասին լսելով: Փնտրեցե՛ք Տիրոջն ու հզորացե՛ք, ուստի բոլորս օգնության կարիք ունենք, որովհետև Եվայի պատճառով տկարացանք: Ամեն ժամ պետք է փնտրենք նրա երեսը, այսինքն՝ նրա խնամակալությունը:

4. Յիշեցէ՛ք զսքանչելիս նորա, զոր արար. զարուեստս և զիրաւունս բերանոյ նորա:

Հիշեցե՛ք հրաշագործությունները նրա, սքանչելիքներն ու բերանի պատվիրանները նրա:

Նույնը կատարում է նաև նրա անունը, սքանչելիքները, որ Տիրոջ ձեռքով էին կատարվում, և բերանի պատվիրանները նրա. բերանով ասում էր և գործով իրականանում էր:

5. Զաւակս Աբրահամեան ծառայք նորա, որդիք Յակոբայ ընտրեալք նորա:

Աբրահամի սերունդները ծառաներն են նրա, Հակոբի որդիները՝ նրա ընտրյալները:

Հնում ծառաներ էին կոչվում միջնորդ մարգարեները, որոնք ծառայում էին, իսկ նորում՝ ընտրյալ առաքյալները, ինչպես որ Տերն ասաց. «որովայնից իսկ ընտրյալ եք» (Ես. 46:3):

6. Նա ինքն է Տէր Աստուած մեր, յամենայն երկրի են իրաւունք նորա:

Նա ինքը Տեր Աստվածն է մեր, և ողջ աշխարհում են դատաստանները նրա:

Հիսուս Քրիստոս օրենքով ծառաներ ուղարկեց և ավետարանով՝ ընտրյալներ, ովքեր ողջ աշխարհում եղան նրա դատաստանները, քանզի ամբողջ աշխարհում տարածվեց նրա խոսքը:

7. Յիշեաց յաւիտենից զուխտ իւր, և զբանն, զոր պատուիրեաց մինչև ի հազար ամ:

Իր ուխտը նա հավիտյան հիշեց և իր պատվիրած խոսքը՝ մինչև հազար տարի:

Հիշեց անմոռանալին և խոսքը, որ հազար տարով հավիտյան հիշելն ու չմոռանալն է ասում: Դարձյալ, քանի որ Աբրահամի ուխտը կրկնեց Դավթի հետ՝ հիշելով հազար տարի հետո, որը սահմանադրեց, մինչև նորը սկսվեց՝ որի սահմանն էլ երկրորդ գալուստը հաստատեց, ինչպես որ Պողոսն է ասում. «Քանի անգամ, որ այս հացը (մարմինը) ուտեք, և այս բաժակը (արյունը) խմեք, պատմեցե՛ք Տիրոջ մահը, մինչև որ նա գա» (Ա Կորնթ. 11:26): Այդ պատճառով էլ ասում է.

8. Զուխտն, զոր եդ ընդ Աբրահամու. և զերդումն իւր ընդ Սահակայ:

Ուխտը, որ Աբրահամի հետ կնքեց, և երդումն իր՝ Իսահակի հետ:

Երկրորդ երդումը, որ Իսահակի հետ էր, և որը Աբրահամի և Իսահակի հետ կնքեց:

9. Հաստատեաց առ Յակոբ զհրաման իւր. և առ Իսրայէլ զուխտ իւր  յաւիտենից:

Հակոբի համար իր հրամանը հաստատեց, և Իսրայելի համար՝ ուխտն իր հավիտենական:

Որ և Իսրայել կոչեց, և [ուխտն էլ] Դավթի հազարերորդ տարում սկսեց իր Որդու միջոցով՝ վերնատանը:

10. Ասէ. ձեզ տաց զերկիրն Քանանու, զվիճակ ժառանգութեան ձերոյ:

Ասաց. «Ձեզ պիտի տամ երկիրը Քանանի՝ բաժինը ձեր ժառանգության»:

Քանանի երկիր տալը մեծ ուխտի գրավականն էր, որ ձեր բաժին ժառանգություն է կոչում, քանզի Սեմի բաժինն էր, սակայն զրկվեցին Քամի և Քանանի ազգի աշտարակաշինության և աշխարհով մեկ ցրվելու պատճառով, և խոստանում է այնտեղ վերադարձնել, ինչն էլ տվեց առաքյալներին՝ լինել նրանց հավատքի միջնորդները:

11. Զի էին նոքա թուով սակաւք, նուազք և պանդուխտք ի նմա:

Երբ սակավ էին նրանք թվով, տկար էին և պանդուխտ այդ երկրում:

Աբրահամին, Իսահակին և Հակոբին ժամանակավորապես չտալու պատճառը նրանց սակավաթվությունն էր, որ չէին կարող ժառանգել, և տկար էին, քանի որ պանդխտության մեջ էին և վրաններով էին շրջում: Նույնպես և առաքյալները, որոնք բազում անհամար ազգերի հայրեր դարձան, տկար էին և պանդուխտ:

12. Անցին նոքա ազգէ յազգ, ի թագաւորութենէ ի ժողովուրդ յայլ:

Դեգերում էին սերնդից սերունդ, մի թագավորությունից դեպի մի այլ ժողովուրդ:

Փղշտացիների Աբիմելիքի մոտ և Եգիպտոսի փարավոնի մոտ, իսկ առաքյալները՝ հրեաներից դեպի հեթանոսներ և զանազան այլ թագավորություններ:

13. Ո՛չ եթող մարդկան մեղանչել նոցա. կշտամբեաց զթագաւորս  վասն նոցա:

Նա թույլ չտվեց մարդկանց, որ վնասեն նրանց, կշտամբեց թագավորներին նրանց համար:

Թագավորներին թույլ չտվեց մոտենալ Սառային, և առաքյալներին էլ ասաց. «Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող» (Մատթ. 10:28):

14. Մի՛ մերձենայք, ասէ, յօծեալս իմ. և ի մարգարէս իմ մի՛ մեղանչէք:

«Մի՛ մոտեցեք, ասաց, իմ օծյալներին և մարգարեներիս վնաս մի՛ հասցրեք»:

Հոգով և Աստծու խոսքով օծյալներ էին: Եվ մարգարեներիս վնաս մի հասցրեք. «Կնոջը վերադարձրո՛ւ իր ամուսնուն, ասում է, որովհետև նա մարգարե է, և աղոթք կանի քեզ համար» (Ծննդ. 20:7):

15. Կոչեաց սով յերկիր նոցա, զամենայն զօրութիւն հացի եբեկ:

Սովի մատնեց երկիրը նրանց, հացի ամբողջ զորությունը կոտրեց:

Մեղքի մատնվելն է պատուհաս համարում: Հացի ամբողջ զորությունը, քանզի հացի տեղը չեն կարող լրացնել ընդեղենն ու բանջարը: Կոտրեց, որովհետև լիանալով չէին հագենում, և հեթանոսներն էլ սովի մատնվեցին իրենց առաջին վարքից և օրենքից:

16. Առաքեաց առաջի նոցա այր, ի ծառայութիւն վաճառեցաւ Յովսէփ:

Նրանց առաջից մարդ ուղարկեց՝ Հովսեփին, որ վաճառվեց որպես ստրուկ:

Աստծու նախախնամությունն է [ցույց տալիս], որ թեպետ նրանք վաճառեցին, բայց պահեց նրան: Այր է կոչում, թեև տասնյոթ տարեկան երիտասարդ էր, որովհետև առաքինությունն է այր դարձնում, ինչը լիովին ուներ նա:

17. Խոնարհ արարին ի կապանս զոտս նորա. և անց ընդ երկաթո անձն նորա:

Նրա ոտքերը ցավեցրին շղթաների մեջ, և նրա մարմինը երկաթով պնդացրին:

Անառակ կնոջն իր ողջախոհության պատճառով մերժելու համար նրա մարմինը երկաթով պնդացրին, ամբողջ մարմինն է անձ կոչում կամ հոգու տրտմությունը:

18. Մինչև եկեսցէ բան նորա. և բան Տեառն փորձեաց զնա:

Մինչև որ նրա խոսքը կատարվեց, և Տիրոջ խոսքը փորձեց նրան:

Երազով տեսածը, և Տիրոջ խոսքը փորձեց նրան, քանզի հանձնեց իրեն մատռվակին, որի երազը լավ մեկնեց: Նորից՝ Աստծու խոսքը փորձ էր և անմեղ գտնվեց՝ կատարելով:

19. Առաքեաց թագաւորն և ելոյծ զնա. իշխան ժողովրդեան եթող զնա:

20. Կացոյց զնա Տէր տան իւրոյ, իշխան ի վերայ ամենայն ստացուածոց իւրոց:

Թագավորը մարդ ուղարկեց ու կապանքներից արձակեց նրան, ժողովրդի իշխանը բաց թողեց նրան, իր տան վրա նրան տեր կարգեց ու իր ողջ ունեցվածքի տնօրինող:

Պարզ է [սա]:

21. Խրատել զիշխանս նոցա որպէս զինքն. և զծերս նոցա իմաստունս արասցէ:

Որպեսզի ըստ իր կամքի խրատի նրանց իշխաններին, և նրանց ծերերին իմաստուն դարձնի:

Եգիպտացիների իշխաններին՝ ըստ իր կամքի, նրանց ծերերին իմաստուն դարձնի, քանզի փարավոնը նրան նշանակեց իրենից հետո որպես երկրորդ մարդ: Ոչ ոք չի կարող իր ձեռքը բարձրացնել կամ ոտքը գործի դնել կամ ճանապարհ [անցնել] առանց քեզ:

22. Եմուտ Իսրայէլ յԵգիպտոս, Յակովբ պանդխտեցաւ յերկիր Քամայ:

Իսրայելը մտավ Եգիպտոս, Հակոբը պանդխտության գնաց երկիրը Քամի:

Հովսեփի տեսիլքի պատճառով, և դրանով նրանց Քամի երկիրը տարավ, քանզի Քանանը Եգիպտոսի վիճակի մեջ էր:

23. Աճեցոյց զժողովուրդ իւր յոյժ, և զօրացոյց զնոսա քան զթշնամիս իւր:

Խիստ բազմացրեց Տերն իր ժողովրդին, և նրան իր թշնամիներից զորեղ դարձրեց:

Քանզի մանկաբարձներին պատվիրեց պահել, և նրան իր թշնամիներից զորեղ դարձրեց՝ եգիպտացիներից:

24. Դարձոյց զսիրտ նոցա ատել զժողովուրդ իւր, և ի նենգել զծառայս իւր:

Նրանց սիրտը շրջեց, որ ատեն իր ժողովրդին, և իր ծառաների դեմ նենգություն գործեն:

Նրանց սիրտը շրջեց, ոչ թե բռնությամբ, այլ թողնելով նրանց ազատ կամքին, ինչպես նաև չարությանը:

25. Առաքեաց զՄովսէս ծառայ իւր, և զԱհարովն ընտրեալ իւր:

Տերն ուղարկեց իր ծառա Մովսեսին և իր ընտրյալ Ահարոնին:

Ծառա Մովսեսին, քանզի գետից փրկեց, իսկ իր ընտրյալ Ահարոնին, քանզի քահանայություն էր տալու, և դրա համար էր կոչված:

26. Ետ նոցա զբան նշանաց իւրոց, և զարուեստս իւր յերկիր Քամայ:

Տալով նրանց իր նշանների ու սքանչելիքների խոսքը Քամի երկրում:

Որպեսզի, տեսնելով նշանները, իսրայելացիներին արագ բաց թողնեն:

27. Առաքեաց խաւար և խաւարեցոյց զնոսա, զի դառնացուցին զբան նորա:

Խավար ուղարկեց ու խավարի մեջ թողեց նրանց, քանզի դառնացրին իր խոսքը:

Թանձրամած խավար, քանզի դառնացրին իր խոսքը՝ չլսելով:

28. Դարձոյց յարիւն զգետս նոցա. և սպան զամենայն ձկունս նոցա:

Նրանց գետերն արյուն դարձրեց, և ոչնչացրեց բոլոր ձկները նրանց:

Դրանով Աբրահամի մանուկների արյան վրեժը լուծեց, որը գույնով և համով իրական արյուն էր:

29. Եռաց յերկիր նոցա գորտ, և ի շտեմարանս թագաւորաց նոցա:

Նրանց երկիրն ու նրանց թագավորների շտեմարանները լցրեց գորտերով:

Մանուկների թվով, [որոնք] կարծես կենդանանալով, եկել էին տանջելու նրանց՝ մինչև թագավորի շտեմարանները:

30. Ասաց՝ և եկն շանաճանճ, և մծիխ ընդ ամենայն սահմանս նորա:

Հրամայեց՝ և շնաճանճ ու մժեղ թափվեց նրանց երկրի բոլոր սահմաններում:

Որովհետև շնացողներ էին, և մժեղ, քանի որ խոցող էին:

31. Դարձոյց զանձրև նոցա ի կարկուտ. և հուր յերկիր նոցա բորբոքեցաւ:

Նրանց անձրևները կարկտի վերածեց, և նրանց երկրում հուր բորբոքեց:

Սառն ու հուրը միավորելով իրար, քանզի սառն էին՝ ատելով Իսրայելին և ջերմ՝ տանջելու մեջ:

32. Եհար զայգիս և զթզենիս նոցա. և փշրեաց զամենայն ծառս սահմանաց նոցա:

Հարվածեց այգիներն ու թզենիները նրանց, և ջարդոտեց նրանց երկրի սահմաններում եղած ծառերը բոլոր:

Անասուններին նախ վանեց՝ խնայելով նրանց:

33. Ասաց՝ և եկն մարախ և խառնիճ, զի ոչ գոյր թիւ:

Ասաց՝ և եկավ մարախ ու խառնիճ, որոնց թիվ չկար:

Խառնիճը մորեխների ազգին պատկանող միջատ է, քանզի լի էին նրանց սրտերը դառը ճիճուներով:

34. Եկեր զամենայն խոտ երկրի նոցա, սպառեաց զամենայն պտուղ անդոյ նոցա:

Մարախը կերավ նրանց երկրի ամբողջ խոտը, սպառեց նրանց դաշտի ամբողջ բերքը:

Քանզի բանական բարի բույս չկար նրանց մեջ:

35. Եհար զամենայն անդրանիկս եգիպտացւոց, զսկիզբն ամենայն վաստակոյ նոցա:

Տերը հարվածեց եգիպտացիների բոլոր անդրանիկ ծնունդներին՝ իրենց ամբողջ վաստակի առաջնեկներին:

Մեղմագույնից անցնելով խստագույն կատարմանը, քանզի աստվածպաշտության անդրանիկ խորհուրդը սպանել էին իրենց մեջ:

36. Եհան զնոսա ոսկւով և արծաթով. և ո՛չ գոյր յազգի նոցա հիւանդ:

Նրանց հանեց Եգիպտոսից ոսկով և արծաթով, և նրանց ցեղի մեջ հիվանդ չկար:

Քանզի դա նրանց աղյուսաշինության վարձն էր: Եվ նրանց ցեղի մեջ հիվանդ չկար.  որպեսզի որևէ մեկի գնալուն արգելք չլինի [հիվանդության պատճառով] ծուլանալը: Սա նաև ընդհանրական հարության խորհուրդն ունի:

37. Ուրախ եղև Եգիպտոս ընդ ելանել նոցա, զի անկաւ ահ Տեառն ի վերայ նոցա:

Եգիպտոսն ուրախացավ, որ նրանք դուրս եկան, քանզի Տիրոջ ահն ընկել էր իրենց վրա:

Քանի որ վախենում էին համատարած մահից:

38. Սփռեաց ամպ՝ հովանի ունել նոցա ի տուէ. և հրով լոյս տայր նոցա ի գիշերի:

Ցերեկն ամպ սփռեց նրանց ստվերելու համար, և գիշերը հրով լուսավորեց նրանց:

Ցերեկը՝ ծածկոց շոգից, իսկ գիշերը՝ խավարը փարատող, և ճանաչում էր նրանց ու գնում նրանց հետևից, ինչպես Սուրբ Հոգին՝ ավազանով իրենից ծնվածներին:

39. Խնդրեցին՝ և եկն լորամարգի. և հացիւ երկնից լցոյց զնոսա:

Նրանք խնդրեցին՝ ու լորամարգիներ իջան, և Տերը երկնային հացով կշտացրեց նրանց:

Ցանկացողների համար խոզի մսի համ ուներ, և երկնային հացով կշտացրեց նրանց՝ առատորեն, առավել քան կարիքն էր, մինչև զզվեցին:

40. Եհար զվէմն և բղխեցին ջուրք, և գնացին գետք ընդ անջրդի:

Հարվածեց ժայռին՝ ու ջրեր բխեցին, և գետեր հոսեցին անապատով:

Օրինակն է Տիրոջ կողի խոցման:

41. Յիշեաց զբան իւր սուրբ, որ ընդ Աբրահամու ծառայի իւրում:

Հիշեց խոսքն իր սուրբ, որ տվել էր իր Աբրահամ ծառային:

Որի ժամանակ ասաց, թե քո որդիների չորրորդ սերունդը պիտի ելնի պանդխտությունից (Հմմտ. Ծննդ. 15:16), դրա համար էլ ասում է.

42. Եհան զժողովուրդ իւր ցնծութեամբ, և զընտրեալս իւր ուրախութեամբ:

Հանեց իր ժողովրդին ցնծությամբ, և իր ընտրյալներին՝ ուրախությամբ:

Ճոխ և լի բոլոր տեսակ գանձերով:

43. Ետ նոցա զգաւառս հեթանոսաց, ի վաստակս ժողովրդոց ժառանգեցոյց զնոսա:

Նրանց տվեց գավառներն հեթանոսների, և ժողովուրդների վաստակի ժառանգ դարձրեց նրանց:

Ամուրհացիների և քանանացիների:

44. Զի պահեսցեն զվկայութիւնս նուրա. և զօրէնս նորա խնդրեսցեն:

Որ պահեն վկայություններն իր, ու հետևեն իր օրենքներին:

Սա էր միայն խնդրում, որը, սակայն, անշնորհակալները չպահեցին:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Tags: ԱստվածաբանությունԵկեղեցին հայկական
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ես եմ դուռը. եթէ մէկը իմ միջով մտնի, կփրկուի»:

Հաջորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ»:

Հաջորդ
Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Որդեա՛կ, քո մեղքերը քեզ ներուած են»:

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ո՛վ անհաւատ սերունդ, մինչեւ ե՞րբ ձեզ հետ պիտի լինեմ, մինչեւ ե՞րբ ձեզ պիտի հանդուրժեմ»:

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.