Դավթի օրհնության սաղմոսը
Սաղմոսը մարգարեություն է հրեաների դարձի և հեթանոսների փրկության մասին: Երբ Դավիթը ուղարկեց Հովաբին եդոմացիների որդիների վրա և վեց ամիս կոտորեց նրանց բոլոր արուներին և ետ վերադարձավ, երգեց Դավիթը: Սա ընդհանրություններ ունի 56 և 59 սաղմոսների հետ:
1. Պատրաստ է սիրտ իմ, Աստուած, պատրաստ է սիրտ իմ օրհնել և սաղմոս ասել քեզ փառօք իմովք:
Պատրաստ է սիրտն իմ, Աստվա՛ծ, պատրաստ է սիրտն իմ՝ օրհնելու և սաղմոսերգելու քեզ իմ փառաբանությամբ:
Այսպես են ասում իմաստուն կույսերը, իմաստուն տնտեսը և հավատարմ ծառան: Սիմաքոսը ասում է՝ կազմ [ու պատրաստ] է սիրտն իմ, խիստ լավագույններն են համարձակվում այսպես ասել: Օրհնելու և սաղմոսերգելու քեզ իմ փառաբանությամբ. մարգարեությունն է փառք կոչում, նաև՝ թագավորի և քահանայի փառքը ժողովուրդն է, երբ նրանց նկատի ունենալով են երգում այս, ապա պատրաստ են ու անմեղ:
2. Զարթի՛ք փառք իմ, զարթի՛ք սաղմոսիւք և օրհնութեամբ և ես զարթեայց առաւօտուց:
Արթնացի՛ր փառք իմ, արթնացի՛ր սաղմոսով և օրհնությամբ, և ես կարթնանամ առավոտյան:
Մարգարության շնորհն արթնացնում է աղոթքով, եբրայերենով՝ զարթնի՛ր տավիղ, զարթնի՛ր քնար, որը մեռած վիծակի, մեռելությունից զարթնելն է նշանակում: Զարթնի՛ր, քնարն արթնացնում է հոգին և մարմինը, և ծնգծնգոցով կարծես բարի բանի է դրդում, և գործով՝ Աստծուն երգելու: Եվ ես կարթնանամ առավոտյան՝ բնությունը՝ թմրությունից՝ առավոտյան գալով մեր Քրիստոս Աստծու՝ լույսի մոտ:
3. Խոստովան եղէց քեզ ի ժողովուրդս, Տէր, և սաղմոս ասացից քեզ յազինս:
Գոհություն կմատուցեմ քեզ ժողովուրդների մեջ, Տե՛ր, և ազգերի մեջ սաղմոս կերգեմ քեզ:
Ժողովուրդների մեջ՝ հրեաների, և ազգերի՝ հեթանոսների, ինչպես որ Դավիթն է երգում բոլորի բերանով: Նաև մեր հույսն է, թեև մենք երգում ենք կյանքում և մահվանից հետո՝ քրիստոնյա եկեղեցականների և աշխարհականների բերանով:
4. Մեծ եղեւ մինչեւ յերկինս ողորմութիւն քո, մինչև յամպս ճշմարտութիւն քո:
Մեծ է քո ողորմությունը և երկնքից բարձր, և քո ճշմարտությունը հասնում է ամպերին:
Երկնքից բարձր, ուր Հայրը ողորմեց Որդու գալստյամբ, հասնում է ամպերին, երբ ամպով գա ճշմարտությամբ դատելու համար:
5. Բարձրեալ ես դու յերկինս, Աստուած, և յամենայն երկրի են փառք քո:
Դու երկինք ես բարձրացած, Աստվա՛ծ, և ողջ աշխարհն է բռնել փառքը քո:
Ամբողջ աշխարհին ցույց տո՛ւր քո բարձրությունը. Տերը մարմնով համբարձվեց երկինք, և տեսան երկրավորները, և ողջ աշխարհն է բռնել նրա փառքի պատմությունը: Եբրայերենում ասվում է՝ բա՛րձր եղիր, Աստվա՛ծ:
6. Որպէս փրկեցան սիրելիք քո, կեցո՛ աջով քոյ՝ և լո՛ւր մեզ:
Որպեսզի սիրելիներդ փրկվեն, պահպանի՛ր քո աջով և լսի՛ր մեզ:
Սիրելիներդ՝ Աբրահամը, Իսահակը, Հակոբը, և արդ՝ նոր Իսրայելը: Պահպանի՛ր քո աջով՝ խնամակալությամբ:
7. Աստուած խօսեցաւ ի սրբութենէ իւրմէ, բարձր եղէց՝ բաժանեցայց զՍիւքէմ, և զհովիտսն յարկաց չափեցից:
Աստված խոսեց իր սրբարանից. «Ես պիտի բարձրանամ, բաժանեմ Սյուքեմը և վրանների հովիտը պիտի չափեմ»:
Մարգարեն է խնդրում՝ բա՛րձր եղիր, Աստվա՛ծ, և պատասխան է ստանում Սուրբ Հոգու շնորհով. «Ես կցնծամ քո խնդրանքով, կբարձրանամ՝ խաչով, կբաժանեմ Սյուքեմը»: Հրաշալի քաղաք է [Սյուքեմը], որ Հակոբը տվեց Հովսեփին, և որը դարձի ժամանակ ասում են բաժանվեց տասներկու ցեղերի միջև: Եվ վրանների հովիտը չափով պիտի տա՝ բնակարաններ կառուցելու համար, իսկ ամբողջ աշխարհը քարոզիչների միջև բաժանեց: Աստված խոսեց իր սրբարանից՝ խաչից՝ ավազակի հետ. «Այսօր ինձ հետ դրախտում կլինես» (Ղուկ. 23:43), և Հոր հետ, թե. «Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին» (Ղուկ. 23:46): Ցնծաց մահվամբ, բարձրացավ երկինք, բաժանեց դրախտը՝ հոգու հովիտը, որ դժոխքում չափեց երեք օր, թե դևերը որքան չարիք գործեցին իմ պատկերի դեմ, և հատուցեց նրանց:
8. Իմ է Գաղայադ և իմ է Մանասէ, Եփրեմ հզօրիչ գլխոյ իմոյ:
Իմն է Գաղաադն ու իմն է Մանասեն, Եփրեմն իմ գլխի սաղավարտն է:
Գաղաադը երկրի անուն է, Մանասեն՝ այն ցեղի, որ հնազանդ է ինձ, որը Հուդայի ցեղն է, Եփրեմը թագավորի գլխապահն է:
9. Հուդա թագաւոր իմ. Մովաբ աւազան յուսոյ իմոյ:
Հուդան թագավորս է, Մովաբը՝ ավազանը հույսի:
Հուդան թագավորս է. ամբողջ Իսրայելը չընդդիմացավ դարձին, ասում է, Հուդայի թագավորը Զորաբաբելն է, Մովաբը՝ ավազանը հույսի, այսինքն՝ հույս կա, որ դարձի ժամանակ Մովաբը կտրորենք, և մեր ոտքերը կլվանանք նրանց արյամբ, ինչպես ավազանում: Նաև Հուդայից ծագեց Տերը, և որ Աստված խոստովանվում է եկեղեցիներում, իսկ Մովաբը՝ ավազան. Հոր կամքով է մկրտության շնորհը, որը աստվածանալու մեծ հույս է:
10. Յեդովմէ ուղղեցից զգնացս իմ, և ինձ այլազգիք հնազանդ եղէն:
Դեպի Եդոմե պիտի ուղղեմ երթն իմ. և այլազգիներն ինձ հնազանդվեցին:
[Նկատի ունի] դարձը, և այլազգիները՝ փղշտացիները, հնազանդվում են: Եբրայերենում՝ Եդոմեն՝ իմ կոշիկները հանողը, և փղշտացիների [երկիրը], որին ձայն եմ տալիս: Եդոմեն կտրորեմ հնձանի պես, իսկ փղշտացիներին՝ կհնազանդեցնեմ: Դարձյալ՝ Եդոմեն մարմնավոր մահն է ասում, որովհետև մարմնին է կոշիկ կոչում, իսկ փղշտացիներին ձայն է տալիս, այսինքն՝ դժոխքին, որտեղ այլազգիներն ու դևերը տանջում են հոգիներին, ձայն է տալիս՝ ասելով. «նրանք, ովքեր կապանքների մեջ են, թող ազատ արձակվեն»:
11. Ո՞ տարցէ զիս ի քաղաք ամուր, կամ ո՞ առաջնորդեսցէ ինձ մինչև յԵդովմէ:
Ո՞վ ինձ կտանի բերդաքաղաք, կամ ո՞վ ինձ կառաջնորդի մինչև Եդոմե:
Ո՞վ ինձ կտանի, գերին ցանկանում է գնալ մինչև Երուսաղեմ և տեսնել այն պարսպով ամրացած, իսկ բնությունը՝ դրախտում, որովհետև ամրացած այլևս դուրս չի գա այնտեղից, կամ ո՞վ կառաջնորդի, մինչև անարատությամբ այս երկրից ելնելը:
12. Թէ ոչ դու, Աստուած, որ մերժեցեր զմեզ և ո՛չ ելեր Աստուած ընդ զօրս մեր:
Եթե ոչ դու, Աստվա՛ծ, որ լքեցիր մեզ, և մեր զորքերի հետ դուրս չելար, Աստվա՛ծ:
Ուրիշ էլ ո՞վ զորություն ունի, ասում է, եթե ոչ դու, որ դրախտից և Երուսաղեմից մերժեցիր, և մեր զորքերի հետ դուրս չելար որպես զորքի գլուխ, ինչպես հրեշտակների հետ՝ թմբուկով:
13. Տո՛ւր մեզ օգնութիւն ի նեղութեան, զի սուտ է փրկութիւն մարդոյ:
Նեղության մեջ օգնությո՛ւն տուր մեզ, քանզի ունայն է փրկությունը մարդու:
Քո Հիսուսին [տուր], քանզի ունայն է փրկությունը մարդու, որովհետև եղբայրը չի կարող փրկել, և ոչ էլ [որևէ այլ] մարդ:
14. Աստուծով արասցուք զօրութիւն. և նա յամօթ արասցէ զթշնամիս մեր:
Աստծով զորություն կստեղծենք, և նա ամոթահար կանի մեր թշնամիներին:
Այսուհետև մկրտության ավազանով զորություն կստեղծենք մեզ համար Հոգուն և հրեշտակների բանակը, և նա ամոթահար կանի մեր թշնամիներին՝ երևելի և աներևույթ:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը