«Աստծո Արքայությունը ձեր ներսում է» (Ղկս 17, 21): Այստեղ տեղեկանում ենք, որ մաքրագործված սրտով […] մեր սեփական գեղեցկության մեջ մենք տեսնում ենք Աստվածության պատկերը: […]
Կա քեզնում Աստծուն տեսնելու կարողությունը: Նա, ով քեզ ստեղծել է, էությանդ մեջ դրել է մի անհուն ուժ: Աստված, քեզ ստեղծելով, քո մեջ պարփակել է Իր լիության պատկերը, ինչպես կնիքի հետքը դրոշմվում է մոմի վրա: Բայց ճանապարհից շեղվելով, Աստծո պատկերը ծածկվել է […] :
Դու մետաղի կտորի նման ես. հեսանաքարի տակ, ժանգն անհետանում է: Կտորը սևացած էր, բայց ահա՛ այն, կրկին ցոլացնում է արևի շքեղ փայլը, և ինքն էլ փայլում է իր հերթին: Սրա նմանությամբ, ներքին մարդը, որը մեր Վարդապետի կողմից անվանվում է սիրտ, երբ ազատվում է ժանգից, որի տակ ծածկված էր մնացել իր գեղեցկությունը, վերագտնում է իր սկզբնական պատկերը և իրագործվում է […] :
Այսպիսով մարդը, նայելով իրեն, իր մեջ կտեսնի Նրան, ում փնտրում է: Եվ ահա՛ բերկրանքը, որով առատորեն կլցվի իր մաքրագործված սիրտը. կնայի իր սեփական թափանցիկությանը և պատկերի մեջ կբացահայտի բնօրինակին: Երբ նայում ենք արևին մի հայելու մեջ, նույնիսկ առանց մեր աչքերը դեպի երկինք բարձրացնելու, տեսնում ենք արևը հայելու պայծառության մեջ, ճիշտ ինչպես եթե ուղղակիորեն արեգակին նայեինք: Դուք չեք կարող հայել լույսի էությանը: Բայց եթե վերագտնեք շնորհը պատկերի, որն ի սկզբանե դրված է ձեր մեջ, ձեր մեջ կստանաք ձեր փափաքների կատարումը: […] Աստվածային պատկերը կփայլի մեզնում, ի Քրիստոս Հիսուս, ի Տերն մեր, որին փա՜ռք հավիտյանս հավիտենից:
ԳՐԻԳՈՐ ՆՅՈՒՍԱՑԻ, Քարոզներ Երանությունների մասին,
Աղբյուր: https://mashtoz.org/