Ավ. ըստ Ղուկասի 20.1-8
1 Եւ այն օրերից մէկում, մինչ տաճարում ուսուցանում էր ժողովրդին եւ աւետարանում, վրայ հասան քահանայապետներն ու օրէնսգէտները՝ ծերերով հանդերձ, 2 եւ ասացին նրան. «Ասա՛ մեզ. ի՞նչ իշխանութեամբ ես դու անում այդ, կամ ո՞վ է, որ քեզ տուեց այդ իշխանութիւնը»: 3 Յիսուս պատասխան տուեց նրանց եւ ասաց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացէ՛ք. 4 Յովհաննէսի մկրտութիւնը երկնքի՞ց էր, թէ՞ մարդկանցից»: 5 Եւ նրանք իրենց մտքում խորհեցին ու ասացին. 6 «Եթէ ասենք՝ երկնքից էր, կասի. “Իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան”. եւ եթէ ասենք՝ մարդկանցից, ամբողջ ժողովուրդը մեզ կքարկոծի, որովհետեւ իրենց մտքում Յովհաննէսի մասին հաստատ համոզում կայ, թէ նա մարգարէ է»: 7 Եւ պատասխան տուեցին, թէ չգիտեն որտեղից է: 8 Եւ Յիսուս նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ անում այս»:
Գործք 24.1-26
1 Եւ հինգ օր յետոյ Անանիա քահանայապետը մի քանի ծերերի եւ Տերտիւղոս անունով մի ճարտասան մարդու հետ իջաւ եկաւ: Սրանք Պօղոսի մասին կուսակալին ներկայացրին իրենց ամբաստանութիւնը: 2 Եւ երբ նրան կանչեցին, Տերտիւղոսը սկսեց ամբաստանել ու ասել. «Այս ազգը բազում խաղաղութիւն է գտել քո շնորհիւ եւ գործերի կարգաւորութիւն՝ քո խնամքի պատճառով: 3 Ամէն բանի համար եւ ամէնուրեք քեզնից շնորհակալ ենք, ո՛վ գերազանցդ Ֆելիքս, եւ մեծապես գոհ: 4 Բայց որպէսզի աւելորդ յոգնութիւն չպատճառեմ քեզ, աղաչում եմ, որ քո ներողամտութեամբ մեզ համառօտակի լսես: 5 Մենք գտանք, որ այս մարդը ամբողջ աշխարհում գտնուող բոլոր հրեաների ապականողն ու խռովողն է եւ նազովրեցիների հերձուածի առաջնորդը: 6 Սա տաճարն իսկ փորձեց պղծել. նրան բռնեցինք եւ ըստ մեր օրէնքի ուզեցինք դատել: 7 Եկաւ Լիւսիաս հազարապետը ու մեծ բռնութեամբ մեր ձեռքից յափշտակեց 8 եւ հրամայեց, որ նրան ամբաստանողներն էլ քեզ մօտ գան: Նրան դու ինքդ կրկին դատելով՝ կկարողանաս վերահասու լինել այն ամէնին, ինչի համար մենք նրան ամբաստանում ենք»: 9 Հրեաներն էլ համաձայն գտնուեցին ու ասացին՝ այդպէս է: 10 Երբ կուսակալը նրան գլխով արեց, որ խօսի, Պօղոսը պատասխանեց. «Գիտեմ, որ շատ տարիներից ի վեր դու այս ազգի կուսակալն ես, ուստի իմ խնդրի մասին յօժարութեամբ պատասխան եմ տալիս. 11 ինչպէս որ կարող ես գիտենալ, տասներկու օրից աւելի չէ, ինչ ես Երուսաղէմ եմ բարձրացել երկրպագութիւն անելու համար: 12 Ինձ ո՛չ տաճարում են որեւէ մէկի հետ գտել խօսելիս եւ կամ շուրջս բազմութիւն հաւաքելիս, ո՛չ ժողովարաններում եւ ո՛չ էլ քաղաքում. 13 ո՛չ էլ կարող են քեզ այժմ ապացուցել այն, ինչի համար ինձ ամբաստանում են: 14 Բայց այս խոստովանում եմ քեզ, որ համաձայն այն ճանապարհի, որն ասում են՝ հերձուած է, այնպէ՜ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հաւատալով այն ամէնին, որ գրուած է օրէնքում եւ մարգարէների մէջ: 15 Յոյս ունեմ առ Աստուած, որ, ինչպէս դրանք էլ են ակնկալում, յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների: 16 Դրա համար ինքս էլ ճիգ եմ անում, որ Աստծոյ եւ մարդկանց առաջ միշտ մաքուր խղճմտանք ունենամ: 17 Բազում տարիներից յետոյ եկայ օգնութիւն անելու իմ ազգին եւ զոհեր մատուցեցի, 18 որոնցով սրբուած էի, երբ ինձ գտան տաճարում, որտեղ ո՛չ բազմութեան հետ էի եւ ո՛չ էլ խռովարար ամբոխի: 19 Այդ ասիացի հրեաներից ոմանք իրենք պէտք է գային քո առաջ եւ ամբաստանէին ինձ, եթէ իմ դէմ մի բան ունենային. 20 եւ կամ հէնց սրանք թող ասեն, թէ ինչ անիրաւութիւն են գտել իմ մէջ, մինչ ատեանի առաջ էի կանգնած, 21 բացի միայն գուցէ իմ այն խօսքից, որ ասացի բարձրաձայն, երբ նրանց մէջ կանգնել էի. “Մեռելների յարութեան համար է, որ ես այսօր ձեզնից դատւում եմ”»: 22 Ֆելիքսը նրանց գործը յետաձգեց, քանի որ աւելի ստոյգ գիտէր այդ ճանապարհի մասին, եւ ասաց. «Մինչեւ Լիւսիաս հազարապետը այստեղ իջնի, ձեր գործը կյետաձգեմ»: 23 Եւ հարիւրապետին հրամայեց նրան պահել, բայց՝ որոշ չափով ազատ, եւ նրա իւրայիններից ոչ ոքի չարգելել, որ նրան ծառայեն: 24 Մի քանի օր յետոյ Ֆելիքսը եկաւ իր կնոջ՝ Դրուսիղայի հետ, որը հրեայ էր. կանչեց Պօղոսին եւ նրանից լսեց ի Յիսուս Քրիստոս եղած հաւատի մասին: 25 Եւ մինչ Պօղոսը խօսում էր արդարութեան, ժուժկալութեան եւ գալիք դատաստանի մասին, Ֆելիքսը զարհուրած ասաց. «Դու առայժմ գնա՛. երբ ժամանակ ունենամ, քեզ կկանչեմ»: 26 Միաժամանակ ակնկալում էր, որ Պօղոսից իրեն դրամ կտրուի. դրա համար յաճախ կանչելով նրան՝ խօսում էր նրա հետ:
Բ Հովհաննես 1.1-13
1 Երէցիցս՝ ընտրեալ Տիրուհուն եւ նրա որդիներին, նրան, որին ես սիրում եմ ճշմարտութեամբ. եւ ոչ թէ՝ միայն ես, այլ նաեւ բոլոր նրանք, որոնք գիտակ են ճշմարտութեանը, 2 որովհետեւ այն ճշմարտութիւնը, որ հաստատուած է մեր մէջ, ձեզ հետ էլ է. եւ դուք յաւիտենապէս մեզ հետ էք: 3 Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից՝ Հօր Որդուց՝ շնո՜րհ, ողորմութի՜ւն, խաղաղութի՜ւն ձեզ ճշմարտութեամբ եւ սիրով: 4 Չափազանց ուրախ եղայ, որ գտայ քո որդիներից ոմանց, որոնք ընթանում են ճշմարտութեամբ՝ ըստ այն պատուիրանի, որը ստացանք Հօրից: 5 Եւ այժմ աղաչում եմ քեզ, ո՛վ Տիկին, որ սիրենք միմեանց. ոչ թէ մի նոր պատուիրան եմ գրում քեզ, այլ այն, ինչ որ ի սկզբանէ ունէինք: 6 Եւ այս է սէրը. որ ընթանանք ըստ նրա պատուիրանների: Եւ այս է պատուիրանը, որ ի սկզբանէ լսեցիք, որպէսզի ըստ այնմ էլ ընթանաք: 7 Բազում մոլորեցնողներ են երեւան եկել աշխարհում. ով որ չի խոստովանում Յիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա մոլորեցնող է եւ Նեռ: 8 Զգո՛յշ եղէք ինքներդ ձեր հանդէպ, որպէսզի չկորցնէք, ինչ որ վաստակեցիք, այլ ստանաք բովանդակ վարձը: 9 Ամէն ոք, ով առաջ է անցնում եւ չի մնում Քրիստոսի վարդապետութեան մէջ, չի ճանաչում Աստծուն: Ով մնում է վարդապետութեան մէջ, նա ընդունում է ե՛ւ Որդուն, ե՛ւ Հօրը: 10 Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք: 11 Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կլինի նրա չար գործերին: 12 Շատ բան ունէի ձեզ գրելու, բայց չուզեցի գրել թղթով եւ թանաքով, քանի որ յոյս ունեմ անձամբ գալ ձեզ մօտ եւ դէմ առ դէմ խօսել, որպէսզի մեր ուրախութիւնը կատարեալ լինի: 13 Քեզ ողջունում են քո ընտրեալ քրոջ որդիները: Շնո՜րհ ընդ ձեզ:
Ավ. ըստ Հովհաննեսի 12.24-26
24 Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կտայ: 25 Ով սիրում է իր անձը, կկորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի յաւիտենական կեանքի համար: 26 Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կգայ. եւ ուր ես եմ, այնտեղ կլինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կպատուի իմ Հայրը:
Ավ. ըստ Մատթեոսի 21.18-32
18 Եւ առաւօտեան, երբ քաղաք վերադարձաւ, քաղց զգաց: 19 Եւ ճանապարհի վրայ մի թզենի տեսնելով՝ եկաւ դէպի այն եւ նրա վրայ ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ: Եւ թզենուն ասաց. «Այսուհետեւ քեզնից յաւիտեան պտուղ թող չլինի»: Եւ նոյն պահին թզենին չորացաւ: 20 Երբ աշակերտներն այս տեսան, զարմացան ու ասացին. «Ինչպէ՞ս թզենին իսկոյն չորացաւ»: 21 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ հաւատ ունենաք եւ չերկմտէք, ոչ միայն կանէք այդ թզենուն պատահածը, այլ թէկուզ եւ այդ լեռանն ասէք՝ “Ելի՛ր ու ծո՛վն ընկիր”, այն կկատարուի: 22 Եւ ամէն ինչ, որ ուզէք աղօթքի մէջ հաւատով, կստանաք»: 23 Եւ երբ տաճար եկաւ, մինչ ուսուցանում էր, նրան մօտեցան քահանայապետները, ժողովրդի ծերերը եւ ասացին. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»: 24 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրանց. «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ. եթէ ինձ ասէք, ես էլ ձեզ կասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: 25 Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞ մարդկանցից»: Նրանք իրար մէջ խորհուրդ էին անում ու ասում. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. 26 իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»: 27 Պատասխանեցին Յիսուսին ու ասացին՝ չգիտենք: Նա էլ նրանց ասաց. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում: 28 Բայց ինչպէ՞ս է ձեզ թւում. մի մարդ երկու որդի ունէր: Առաջինին մօտենալով՝ նա ասաց. «Որդեա՛կ, գնա այսօր աշխատի՛ր այգում»: 29 Սա պատասխանեց ու ասաց. «Գնում եմ, տէ՛ր». ու չգնաց: 30 Մօտեցաւ միւսին էլ եւ նոյնն ասաց: Սա պատասխանեց ու ասաց. «Չեմ ուզում»: Բայց յետոյ զղջաց եւ գնաց այգին: 31 Արդ, երկուսից ո՞վ կատարեց հօր կամքը»: Նրանք ասացին՝ վերջինը: Յիսուս նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսաւորները ու պոռնիկները ձեզնից առաջ պիտի հասնեն արքայութիւն, 32 որովհետեւ Յովհաննէսը արդարութեան ճանապարհով եկաւ, եւ նրան չհաւատացիք. իսկ մաքսաւորներն ու պոռնիկները հաւատացին նրան. եւ դուք այդ տեսաք եւ յետոյ էլ չզղջացիք, որ նրան հաւատայիք:
Ավ. ըստ Մարկոսի 11.12-26
12 Յաջորդ օրը, մինչ Բեթանիայից դուրս էին գալիս, Յիսուս քաղցած էր: 13 Եւ հեռուից մի տերեւալից թզենի տեսնելով՝ եկաւ, որ թերեւս նրա վրայ մի բան գտնի. եւ երբ նրան մօտեցաւ, ոչինչ չգտաւ, այլ միայն՝ տերեւ, որովհետեւ տակաւին թզի ժամանակը չէր: 14 Յիսուս խօսքը թզենուն ուղղեց եւ ասաց. «Էլ քեզնից ոչ ոք պտուղ չուտի՛ յաւիտեան»: Եւ նրա աշակերտները լսում էին: 15 Եկան Երուսաղէմ. եւ Յիսուս, տաճար մտնելով, սկսեց դուրս հանել տաճարում գտնուող վաճառողներին ու գնորդներին եւ լումայափոխների սեղանները ցրեց ու աղաւնեվաճառների աթոռները շուռ տուեց. 16 եւ չէր թողնում, որ որեւէ մէկը տաճարի միջով նոյնիսկ որեւէ բան անցկացնի: 17 Եւ ուսուցանում էր նրանց ու ասում. «Գրուած է. «Իմ տունը բոլոր ազգերի համար աղօթքի տուն է կոչուելու». իսկ դուք այն դարձրել էք աւազակների որջեր»: 18 Քահանայապետներն ու օրէնսգէտները լսեցին այս եւ մի միջոց էին փնտրում, թէ ինչպէս կորստեան մատնեն նրան, բայց վախենում էին նրանից, որովհետեւ ամբողջ ժողովուրդը զարմացած էր նրա ուսուցման վրայ: 19 Երբ երեկոյ եղաւ, քաղաքից դուրս ելան: 20 Յաջորդ օրն առաւօտեան, մինչ նոյն ճանապարհով էին անցնում, թզենին արմատից չորացած տեսան: 21 Պետրոսը յիշեց եւ ասաց նրան. «Ռաբբի՛, ահաւասիկ թզենին, որին անիծեցիր, չորացել է»: 22 Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ Աստծոյ հանդէպ հաւատ ունենաք, 23 ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ «Ե՛լ եւ ծո՛վն ընկիր», եւ իր սրտում չկասկածի, այլ հաւատայ, թէ ինչ որ ասում է, կլինի, նա ինչ էլ ասի, կկատարուի: 24 Դրա համար ասում եմ ձեզ. ամէն ինչ, որ աղօթք անելով խնդրէք եւ հաւատաք, թէ կստանաք, կտրուի ձեզ: 25 Եւ երբ աղօթքի կանգնէք, թէ մէկի դէմ մի բան ունէք, ներեցէ՛ք, որպէսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ների ձեզ ձեր յանցանքները»: