Ալելուիա. Անգեի և Զաքարիայի ապաշխարության վրա: Սա ևս օրհնություն է առաջինի նման, որ հորդորում է Աստծու երկյուղն [ունենալ], այստեղ նույնպես խոսում է քաղցրության, երկյուղի և ողորմության մասին՝ խոստանալով մարմնավոր և հոգևոր վարձք, որը և հերթով կուսուցանենք:
1. Երանեալ է այր, որ երկնչի ի Տեառնէ. զպատուիրանս նորա նա կամի յոյժ:
Երանի այն մարդուն, որ վախենում է Տիրոջից, և խիստ կամեցող է նրա պատվիրանների:
Քանզի յուրաքանչյուր մարդ Տիրոջ երկյուղով խորշում է չարից: Խիստ կամեցող է նրա պատվիրանների. Աստծուն մոտ տեսնելով՝ խիստ կամենում է հաճո լինել [նրան]:
2. Հզօր եղիցի յերկրի զաւակ նորա. և ազգ ուղղոց օրհնեսցի:
Նրա սերունդը հզոր կլինի երկրի վրա, և ուղղամիտների ազգը կօրհնվի:
Ինչպես Աբրահամով, որի զավակը ճեղքեց ծովը և գետը վեր բարձրացրեց, և կարգեց արեգակը, լուսինն ու աստղերը: Եվ ուղղամիտների ազգը կօրհնվի՝ ճշմարիտ հավատացողների:
3. Փառք և մեծութիւն են ի տան նորա, արդարութիւն նորա մնայ յաւիտեանս յաւիտենից:
Փառք և հարստություն կլինի նրա տան մեջ, նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից:
Անկատարներին էր սա վայել, իսկ կատարյալներին Տերը խաչ խոստացավ: Փառք և հարստություն ունեցավ Դավթի որդին՝ Սողոմոնը, իսկ արդարությունը գալով հարեց Քրիստոսին և նրան հավատացողներին:
4. Ծագեաց ի խաւարի լոյս ուղղոց. ողորմած գթած եւ արդար է Տէր:
Արդարների համար լույս ծագեց խավարում. ողորմած, գթասիրտ և արդար է Տերը:
Խոսքը պատշաճում է Եզեկիային՝ ասորեստանցիների կործանման առիթով, որի ժամանակ մեծ լույս ծագեց, որն արդար էր: Անգիտության խավարում ծագեց գիտության լույսը, որը շատերին ցույց տվեց՝ Հովսեփին, Դանիելին, Հռութին, Եսթերին, որոնք արդար էին: Նորից՝ թողեց սրբերին խավարում նեղության մեջ, որպեսզի ցույց տա նրանց քաջությունը, ինչպես Հոբին: Ողորմած, գթասիրտ և արդար է ողորմածների, գթասիրտների և արդարների [հանդեպ]:
5. Քաղցր այր՝ ողորմի և տայ փոխ, յօրինէ զբան իւր ի դատաստանի, զի յաւիտեան նա մի սասանեսցի:
Բարի մարդը ողորմած է և փոխ է տալիս, խոսքն իր կատարում արդարությամբ, որպեսզի հավետ նա չսասանվի:
Սիմաքոսն ասում է՝ բարի մարդը շնորհող է և փոխ տվող, և ինչպես առակն է ասում. «Աղքատին ողորմություն տվողը փոխ է տալիս Աստծուն» (Առակ 19:17), և սա հայտնի է, քանզի Հիսուսը բարեհաճ այր է, փոխ տվեց քանքարը և տոկոսներով է պահանջում, իսկ ողորմածը զգուշանում է չսասանվել Տիրոջ խոսքից, որպեսզի իր խոսքերով չդատապարվի (տե՛ս Մատթ. 12:37):
6. Յիշատակ յաւիտենից եղիցի արդարն. ի համբաւէ չարէ նա մի՛ երկիցէ:
Չար լուրից նա չի վախենա, նրա սիրտը պատրաստ է հույս դնելու Աստծու վրա:
Արձանագրելով Աստծու անմոռաց սերն ու պատվիրանները, ոմանք տեսան և հետո հիշեցին նրա փառքը, ինչպես Եզեկիան և բոլոր սրբերը: Չար լուրից նա չի վախենա՝ Սենեքերիմի սպառնալիքներից, և նրանից, որ ասում է. «Ո՞վ պիտի պատմի ձեզ, թե կրակը բորբոքվել է» (Ես. 33:14), աչքերի լացի և այլ բաների մասին, քանզի պսակի ակնկալիք ունի, այլ ոչ թե տանջանքների:
7. Պատրաստ է սիրտ նորա յուսալ առ Աստուած:
Նրա սիրտը պատրաստ է հույս դնելու Աստծու վրա:
Սիմաքոսը [թարգմանում է]՝ «Անդրդվելի է նրա սիրտը հույսի մեջ», ըստ Պողոսի. «Եվ հիմա ինձ է սպասում արդարության պսակը» (Բ. Տիմ. 4:8):
8. Հաստատեալ է սիրտ նորա. և նա մի՛ երկիցէ մինչև տեսցէ ի թշնամիս իւր:
Հաստատուն է սիրտը նրա և չի սոսկա, մինչև իր թշնամիների վերջը չտեսնի:
Անսասան հավատով հաստատված այս կյանքում այլևս ոչնչի մասին չէր խորհում, բացի իր թշնամիներից:
9 Սփռեաց և ետ աղքատաց. արդարութիւն նորա մնայ յաիւտեանս յաւիտենից. և եղջիւր նորա բարձր եղիցի փառօք:
Բաժանեց նա ու տվեց աղքատներին. նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից, և նրա եղջյուրը բարձր կլինի փառքով:
Սերմի պես է ողորմությունը, որ մատների միջոցով տարածվելով ցանվում է և բազմապատիկ պտուղներ առնում, և թեև տրված իրն ապականվում է, սակայն արդարությունը մնում է հավիտյանս հավիտենից: Եվ նրա եղջյուրը բարձր կլինի փառքով, պսակն է՝ գլխի վրա դրված ինչպես կենդանիների գլխի եղջյուրը, քանզի ասում է. «Ողորմությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց» (Հակոբ. 2:13):
10. Մեղաւորն տեսցէ և բարկասցի. զատամունս իւր կրճտեսցէ, և հալեսցի. և ցանկութիւն մեղաւորաց կորիցէ:
Մեղավորը տեսնելով՝ կբարկանա, կկրճտեցնի իր ատամներն ու հալումաշ կլինի, և մեղավորների ցանկությունը կկորչի:
Կտեսնի սատանան և կբարկանա, և ոչինչ չի կարողանա անել, այլ միայն վաստակել աչքերի լաց և ատամների կրճտոց, ու հալումաշ կլինի կիզիչ բոցի մեջ: Նաև բոլոր անողորմները, ինչպես մեծատունը, և մեղավորների ցանկությունը կկորչի. սատանայի ցանկությունն էր՝ իր հետ կործանել Ադամին, ինչպես նաև հիմար կույսերի և հարուստի հանգիստը կկորչի, քանզի չշահեցին ոչինչ: Բոլոր մեղավորների ցանկությունները պիտի չարդարանան:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը