Ալելուիա. Սա անմեղների օրհնությունն է, քանզի առավոտյան Դավիթը խորան գնաց և տեսավ, որ լուռ են երգողների և քահանաների դասերը, և ասաց. Երգեցե՛ք, մանուկնե՛ր, Տիրոջը: Դարձյալ՝ Զորաբաբելի վրա է նաև կատարվում:
1. Օրհնեցէ՛ք, մանկունք, զՏէր. և օրհնեցէք զանուն Տեառն:
Օրհնեցե՛ք Տիրոջը, մանուկնե՛ր, օրհնեցե՛ք անունը Տիրոջ:
Մանուկներ ոչ թե երեխաներին է ասում, այլ՝ արիներին, արթուններին և քաջերին: Նաև ինչպես Ակյուղասն ու Սիմաքոսն են ասում, եբրայերեն «աբդոն» է, այսինքն՝ ծառա, որոնք քահանաներն են, իսկ այստեղ՝ Քրիստոսի արյամբ գնվածները: Օրհնեցեք անունը Տիրոջ. թեև չենք ճանաչում [Աստծու] բնությունը, սակայն [ասում է] օրհնեցե՛ք անունը, և ինքը կառաջնորդի:
2. Եղիցի անուն Տեառն օրհնեալ, յայսմ հետէ մինչև յաիւտեան:
Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան:
Տիրոջ բոլոր անուններն օրհնում ենք, որ բոլորիս բյուրավոր բարիքներ են բաշխում: Այսուհետև, որ Քրիստոսով անմահ եղանք հույսով մինչև հավիտյան:
3. Յարևելից մինչև ի մուտս արևու՝ օրհնեալ է անուն Տեառն:
Արևելքից մինչև արևմուտք օրհնյալ լինի Տիրոջ անունը:
Սա նաև ինքը՝ Աստված ասաց. «Հոժարակամ չեմ ձեր նկատմամբ, և զոհ չեմ ընդունի ձեր ձեռքից, քանզի արևաձագից մինչև մայրամուտ իմ անունը փառավորված է» (Մաղաք. 1:10-11), քանզի հեթանոսներն էլ անգիտաբար օրհնում էին Աստծու անունը՝ դնելով կուռքերի վրա, այն, որ Աստծուն էր վայել պաշտամունք, այլ ոչ թե անշունչներին:
4. Բարձր է ի վերայ ամենայն ազգաց Տէր. և յերկինս են փառք նորա:
Բարձր է Տերը բոլոր ազգերից, և երկնքում է նրա փառքը:
Տիրոջ գալստյամբ և խաչ բարձրանալով բոլոր ազգերն իմացան արեգակի խավարմամբ և երկրաշարժով, և երկնքում է փառքը նրա. ինչպես որ քերովբեներն են ասում. «Օրհնյալ է Տիրոջ փառքը իր բնակատեղիում» (Եզեկ. 3:12):
5. Ո՞վ է որպէս Տէր Աստուած մեր, ի բարձունս բնակեալ. և զխոնարհս տեսանէ յերկինս և յերկրի:
Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում: Նա տեսնում է խոնարհներին երկնքում ու երկրի վրա:
Որ բնակվում է բարձունքներում, որտեղ հանգչում է, այլ ոչ թե պարփակվում: Նա տեսնում է խոնարհներին, քանզի որքան բարձր է երկինքը երկրից, այդքան էլ Աստված բարձր է երկնքից, և թեև նրա ձեռքում են իմանալիներն ու զգալիները, բայց այսպես է ասում, քանի որ արարածներն Արարչից ցածր են:
6. Յարուցանէ զաղքատս յերկրէ. և բարձր առնէ զտառապեալս յաղբևաց:
Աղքատներին բարձրացնում է գետնից, և տառապյալներին վեր հանում աղբանոցից:
Մովսեսին, Դավթին, Սամուելին, Զորաբաբելին: Վեր հանում՝ հեթանոսներին, որոնք տառապանքով խոնարհ շրջում էին՝ գտնելու Աստծուն, և մեղքերի գարշահոտ աղբի մեջ էին, ուստի և նա իրեն բարձրացնելով առավել վեր, քան նրանք էին կարծում, իրենց էլ է բարձրացնում՝ հրեշտակների հետ նստեցնելով:
7. Նստուցանէ զնոսա իշխանս ընդ իշխանս ժողովրդեան իւրոյ:
Նրանց որպես իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին:
Հրեաների առաջնորդներին աղքատների միջից ընտրելով: Իր ժողովրդի իշխանների կողքին՝ քահանաների հետ նստելով, իսկ հեթանոսներին՝ առաքյալների հետ՝ իշխանություն ունենալով դևերի, ցավերի և ախտերի վրա:
8. Բնակեցուցանէ զամուլն ի տան ուրախամիտ, որպէս մայր որդոց բերկրեալ:
Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մեջ՝ իբրև մայր, որ հրճվում է զավակներով:
Սառային, Ռեբեկային, Աննային, Եղիսաբեթին եկեղեցում՝ վերին Երուսաղեմում բնակեցնելով, ինչպես նա՝ իր զավակներով բերկրելով:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը