Ալելուիա: Հաղթություն նրանց, ովքեր Քրիստոսով են պատերազմում, և նրա մասին մարգարեություն: Նաև օրհնություն է սա, դարձից հետո հավաքվեց ազգը, պատերազմեցին և Աստծու զորությամբ հաղթանակ տարան ու ոչնչացրին [թշնամուն], իսկ իրենք տոնախմբություն անելով՝ երգեցին, որը նշանակում է հաղթանակ թշնամու հանդեպ, ինչպես նաև բնության կատարյալ փրկությունն է:
1. Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:
Գոհությո՛ւն մատուցեք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի հավերժ է ողորմությունը նրա:
Ասում է բարիքներ բաշխողի՛ն դավանեք:
2. Ասասցէ տուն Իսրայէլի, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:
Տունն Իսրայելի թող ասի, որ բարի է նա, որ հավերժ է ողորմությունը նրա:
Բոլոր արժանավորներն Իսրայել են կոչվում:
3. Ասասցէ տուն Ահարոնի, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:
Տունն Ահարոնի թող ասի, որ բարի է նա, որ հավերժ է ողորմությունը նրա:
Բոլոր քահանաներդ ձեր գլխով՝ Ահարոնով, իսկ եկեղեցին՝ Քրիստոսով:
4. Ասասցեն երկիւղածք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:
Տիրոջից երկյուղ կրողները թող ասեն, որ բարի է նա, որ հավերժ է ողորմությունը նրա:
Նորեկները, որոնք Տիրոջ հանդեպ ունեցած երկյուղից թողեցին կուռքերին, և Աստված ընդունեց [նրանց] ի պատիվ Ահարոնի, որպեսզի նրանից հետո հիշվի, որ իրենց անձերը որպես պատարագ բերեցին Աստծու առջև: Չորս անգամ կրկնում է գոհությունն՝ ըստ երկրի չորս ծայրերի և չորս կենդանիների ու չորս գետերի, որոնք չորս ավետարանիչներն են, որ աշխարհին գոհություն հայտնել տվեցին Աստծու բարիքների համար, և որ հավիտյան ողորմած է:
5. Ի նեղութեան կարդացի առ Տէր, և լուաւ ինձ յանդորր:
Նեղության ժամանակ ես Տիրոջը կանչեցի, նա լսեց ինձ և հանդարտության առաջնորդեց:
Ոչ թե դադարեցրեց նեղությունը, այլ նեղության մեջ հանգստություն պարգևեց ինչպես երեք մանուկներին ու Դանիելին, և նրանց, ովքեր Երուսաղեմի պաշարման մեջ էին:
6. Տէր է իմ օգնական. և ես ո՛չ երկեայց, զի՞ արասցէ ինձ մարդ:
Տերն օգնականն է իմ, և ես չեմ երկնչի. մարդն ինձ ի՞նչ կարող է անել:
Ի՞նչ կարողացավ անել Նաբուգոդոնոսորը, քանզի Աստծու հետ զորությունն է, իսկ մարդու հետ՝ տկարությունը:
7. Տէր է իմ օգնական. և ես տեսից ի թշնամիս իմ:
Տերն օգնականն է իմ, և ես կտեսնեմ վախճանն իմ թշնամիների:
Քանզի սրբերը Հոգով տեսան թշնամիների հատուցումը:
8. Բարի է յուսալ ի Տէր քան յուսալ ի մարդիկ. բարի է յուսալ ի Տէր քան յուսալ յիշխանս:
Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել մարդկանց վրա: Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել իշխանների վրա:
Քանզի մարդը բնությամբ ապականացու է, իսկ իշխանությունը չնչին բան է:
9. Ամենայն ազինք շրջեցան զինև, և անուամբ Տեառն յաղթեցին նոցա:
Բոլոր ազգերը շրջապատեցին ինձ, բայց Տիրոջ անվամբ հաղթեցի նրանց:
Հետ վերադարձան:
10. Շրջելով շրջեցան զինև, պաշարեցին զիս ի միասին. և անուամբ Տեառն վանեցի զնոսա:
Շուրջբոլորս բռնեցին, միահամուռ պաշարեցին ինձ, բայց Տիրոջ անվամբ վանեցի նրանց:
Գոգը, ինչպես նաև մակաբայեցիների օրերում:
11. Շուրջ եղեն զինև որպէս մեղուք, վառեցան բորբոքեցան որպէս փուշք ի հուր. և անուամբ Տեառն մերժեցի զնոսա:
Մեղուների պես շուրջս լցվեցին, վառվեցին, բորբոքվեցին ինչպես հրաճարակ փուշ, բայց Տիրոջ անվամբ վանեցի նրանց:
Չգիտեին, որ ասորիներն ինչպես հրաճարակ փուշ էին հավաքվում Տիրոջ բարկության օրվա համար, իսկ եգիպտացիները՝ Անտիոքից հետո ինչպես խայթող մեղուներ, որ ուրիշի վաստակն են ծծում, իսկ նրանք՝ մեր աստվածպաշտությունը: Երեք անգամ կրկնում է Տիրոջ անունը, որով պարտվեցին դևերը, որ պաշարել էին մեր բնությունը. Հոր, Որդու և Սուրբ Հոգու անվամբ պարտվեցին, ցրվեցին և մերժվեցին:
12. Ի մերժելն դրդուեցայ, և եղէ մերձ ի գլորել. և Տէր ընկալաւ զիս:
Երբ ինձ հրեցին, ես սասանվեցի և մոտ էի գլորվելու, բայց Տերը բռնեց ինձ:
Երբ մերժեցի նրանց՝ ցնցեցին ինձ և սաստիկ հատուցեցին, մոտ էի գլորվելու, բայց Տերը բռնեց ինձ: Մոտ էի գլորվելու. կարծես անձիս զորությամբ արեցի, սկսեցի հպարտանալ, սակայն սեղմեց ոտքիցս և բռնեց ինձ գլորվելուց, որպեսզի չհպարտանամ:
13. Զօրութիւն իմ և օգնութիւն իմ Տէր, և եղև ինձ ի փրկութիւն:
Իմ զորությունն ու օգնությունն է Տերը, նա իմ փրկությունը եղավ:
Հավատացի, որ ամեն բարիք նրանից եղավ:
14. Ձայն ցնծութեան փրկութեան ի յարկս արդարոց:
Ցնծության և փրկության ձայն կա արդարների տներում:
Ինչպես Եգիպտոսում՝ Իսրայելի տանը, իսկ բոլոր եգիպտացիների տները՝ մեռել և սուգ: Նաև՝ աջակողմյանների համար ցնծություն, իսկ ձախակողմյանների համար՝ լացի ձայն և ատամների կրճտոց:
15. Աջ Տեառն արար զօրութիւն, աջ Տեառն բարձր արար զիս. և աջ Տեառն արար զօրութիւն:
Տիրոջ աջը զորություն գործեց, Տիրոջ աջը բարձրացրեց ինձ, և Տիրոջ աջը զորություն գործեց:
Երեք անգամ է կրկնում նաև սա. նախ՝ ազատեց, երկրորդ՝ տաճարը կառուցեց, երրորդ՝ հեռացրեց իրենից: Եվ ճշմարտապես մկրտության ժամանակ քահանան երեք անգամ աջը դնում է մկրտվողի վրա՝ որպես Հոր, Որդու և Սուրբ Հոգու ձեռք: Հոր աջը զորություն գործեց՝ ազատեց դևերից ու կուռքերից և տվեց Որդուն: Որդու աջը դժոխքից հանեց հոգիներին, իսկ Սուրբ Հոգու աջը ծնեց ջրով և Աստծու որդիներ դարձրեց, «որով աղաղակում ենք Աբբա, Հայր» (Հռոմ. 8:15):
16. Ո՛չ մեռայց, այլ կեցից՝ և պատմեցից զգործս Տեառն:
Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմ և Տիրոջ գործերը պիտի պատմեմ:
Չպիտի մեռնեմ, գիրը սպանում էր, սակայն Հոգով պիտի ապրեմ և պիտի պատմեմ, որ Քրիստոսի գործը կյանք է:
17. Խրատելով խրատեաց զիս Տէր. և ի մահ ո՛չ մատնեաց:
Տերն ինձ խրատելով պատմեց, բայց չմատնեց մահվան:
Խրատեց՝ օրենքով դաստիարակելով, որով էլ մահվան արժանի ցույց տվեց, ավետարանի մկրտությամբ սրբեց և մահվան չմատնեց:
18. Բացէ՛ք ինձ զդրունս արդարութեան, զի մտից ընդ այն, և խոստովան եղէց Տեառն:
Բացե՛ք արդարության դռներն իմ առաջ, որ մտնեմ ներս ու Տիրոջը գոհություն մատուցեմ:
Ոչ թե տաճարի, այլ՝ արդարության, որի մասին Տերն ասաց պատանուն, որ եթե ցանկանում ես հավիտենական կյանք ստանալ, մի՛ շնացիր, մի՛ գողացիր և այլն (տե՛ս Մարկոս 10:17-20), և ինքն իրեն է դուռ կոչում, ինչպես որ ասում է.
19. Այս դուռն Տեառն է, և արդարք մտանեն ընդ սա:
Տիրոջ դուռն է սա, և արդարներն այս դռնով պիտի մտնեն:
Ինչպես որ ասաց. «Եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, չի կարող Աստծու արքայությունը մտնել» (Հովհ. 3:5), արդարները պիտի մտնեն, այսինքն՝ Տիրոջ անդամները:
20. Խոստովան եղէց քեզ, Տէր, զի լուար ինձ. և եղեր ի փրկութիւն:
Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, քանզի լսեցիր ինձ, և ինձ համար փրկություն եղար:
Որ աղքատներս և որբերս քեզ ենք ապավինել:
21. Վէմն, զոր անարգեցին շինօղքն, նա եղև գլուխ անկեան:
Քարն այն, որ շինարարներն արհամարհեցին, ա՛յն դարձավ անկյունաքար:
Այն քարը, որ անապատում նրանց ջուր էր տալիս, և Դանիելի տեսիլքի ժամանակ դարձավ մեծ լեռ և լցրեց ամբողջ աշխարհը (տե՛ս Դան. 3:35), ինչպես որ Եսային է ասում. «Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում» (Ես. 28:16): Եվ դրեց Հայրը, որին պետք է հավատով հարեին ժողովրդի կառուցողները՝ փարիսեցիները, դպիրներն ու քահանաները և կառուցեին, սակայն նրանք խաչի անարգ մահով սպանեցին, և որը, սակայն, երկու քարերի՝ հրեաների և հեթանոսների անկյունաքար եղավ, երկու կտակարանների, հոգու և մարմնի, երկնքի և երկրի, հրեշտակների և մարդկանց: Քարն այն, որ արհամարհեցին. ինչը հրեաները Զորաբաբելի մասին են ասում, սական նրան չանարգեցին քահանա շինարարները, այլ Տիրոջն անարգեցին՝ կոչելով սամարացի և հյուսնի որդի: Դարձյալ՝ Տերը հիմքն է, և ներսից ոչ ոք չի կարող դնել բացի Հիսուս Քրիստոսից, և անկյունաքար է, քանզի վեր է բոլորից. հրեշտակներից՝ աստվածությամբ, իսկ մեզանից՝ մարմնավորներիցս՝ մարդեղությամբ, որով պատվեց ու բազմապատկեց իր անդամները, ըստ Պետրոսի. «Դուք իբրև կենդանի վեմեր կառուցվում եք որպես հոգևոր տաճար» (Ա. Պետ. 2:5):
22. Ի Տեառնէ եղև այս. և ի սքանչելի առաջի աչաց մերոց:
Տիրոջից եղավ այս բանը, և սքանչելի է մեր աչքերին:
Ինքը ցանկացավ անարգանքներ կրել մեզ համար, և սքանչելի է մեր մտքի համար, թե ինչպե՞ս ներեց անարգողներին:
23. Այսօր է, զոր արար Տէր. եկա՛յք ցնծասցուք և ուրախ եղիցուք ի սմա:
Սա է օրն այն, որ Տերը ստեղծեց. եկե՛ք ցնծանք և ուրախանանք այսօր:
Ոչ թե այնպես, ինչպես հրեան է ասում, երբ հազարավոր հեթանոսներ ընկան, այլ՝ երբ փրկվեցին բյուրավոր հեթանոսներ, ոչ թե այն ժամանակ, երբ կուրացան հեթանոսները, այլ՝ երբ բացվեցին հեթանոսների մտքի աչքերը: Սա է օրն այն, որ Տերը ստեղծեց. կիրակի օրը, երբ այս քարը հարություն առավ, և սրանով գոյացավ առաջին լույսը: Լինելու է նաև մի վերջին օր, և որ անլուծանելի մի օր կոչվեց, ու դարձրեց այն ցնծության և ուրախության օր, որում չմեղանչենք Ադամի պես և չտրտմեցնենք, այլ [լինենք] որպես Քրիստոսի անդամներ, որ ցնծությամբ գոհացավ և գոհանում է Հայր Աստծուց:
24. Ո՜ Տէր, փրկեա՛, ո՜ Տէր առաջնորդեա՛. Օրհնեալ որ գալոցդ ես յանուն Տեառն. և օրհնեցուք զքեզ ի տանէ Տեառն:
Ո՜վ Տեր, փրկի՛ր, ո՛վ Տէր, առաջնորդիր: Օրհնալ ես դու, որ պիտի գաս Տիրոջ անունով, մենք օրհնեցինք քեզ Տիրոջ տնից:
Ո՜վ Տեր, փրկի՛ր մեղքից, ո՜վ Տեր, արդարությա՛մբ առաջնորդիր: Օրհնել ես, որ գալիս ես Հոր անվամբ, Որդի, որի մասին մանուկներն աղաղակում էին, իսկ հրեաները՝ նախանձում, ում քահանայապետը հարցնում էր. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնյալ Աստծու Որդին» (Մարկ. 14:61), քառասնօրյա մանուկներն ասում էին. «Օվսաննա», այսինքն՝ փրկի՛ր և ապրեցրո՛ւ, ինչպես որ այստեղ է ասում. ո՜վ Տեր, փրկի՛ր: Օրհնեալ ես դու, որ պիտի գաս. մարգարեներն ասում էին. որ պիտի գաս, իսկ մանուկները՝ որ եկար և գալու ես՝ առաջինից հետո դավանելով նաև երկրորդ գալուստը: Մենք օրհնեցինք քեզ Տիրոջ տնից, որի տունը մենք իսկ ենք. «կենդանի Աստծու տաճար ենք» (Բ. Կորթն. 6:16:), և ինքն էլ ասաց. «Ես և Հայրս նրա մոտ կգանք» (հմմտ. Հովհ. 14:23):
25. Տէր Աստուած մեր երևեցաւ մեզ. արարէ՛ք տօնս ուրախութեան կանխաւ, մինչև յանկիւնս սեղանոյ:
Մեր Տեր Աստվածը երևաց մեզ, կատարեցե՛ք տոնն ուրախության մատղաշ ճյուղերով՝ մուտքից մինչև անկյունները սեղանի:
Երևաց մարմնով, կատարեցե՛ք տոն. այս կյանքում Աստծու երևման համար, շատ նեղություն կրեք՝ հավաքելով տաճարում և եկեղեցում մինչև սեղանի մոտ և մինչև անկյունները սեղանի և կարծես երեսը տեսնելով ասեք.
26. Աստուած իմ ես դու՝ խոստովան եղէց քեզ. Ատուած իմ ես դու՝ և բարձր արարից զքեզ:
27. Խոստովան եղէց քեզ Տէր, զի լուար ինձ, և եղեր ինձ ի փրկութիւն:
Դու իմ Աստվածն ես, պիտի գոհություն մատուցեմ քեզ, դու իմ Աստվածն ես, պիտի մեծարեմ քեզ: Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, քանզի լսեցիր ինձ, և ինձ համար փրկություն եղար:
Եկար և ինձ փրկություն եղար, Հիսո՛ւս, և պատարագ:
28. Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:
Գոհություն մատուցենք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի հավերժ է նրա ողորմությունը:
Որպես սկիզբ և ավարտ նույն բառն է դնում, քանզի բարի և ողորմած բնությամբ կատարեց այս բոլոր հրաշագործությունները:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը