Աստիճանների օրհներգություններ, երբ Տիրոջ առաջնորդությամբ դարձի ավետիս ստացան Կյուրոսից, որի մասին Եսային [մարգարեացավ] շատ առաջ՝ նկարագրելով այդ ամենը և ասելով, թե գալիս էին խնդությամբ, պարերով և ցնծությամբ:
1. Ուրախ եղէ ես, ոյք ասէին զիս, ի տուն Տեառն երթիցուք մեք:
Ուրախանում էի, երբ ասում էին ինձ՝ «Գնանք Տիրոջ տուն»:
Ոչ թե իրենց տան ու հանգստի մասին էին հոգում, այլ՝ Աստծու տան: Ուրախանում էի. եզակիով ժողովրդին է կոչում, որ վերադարձից հետո մի եղան՝ մեկ թագավորությամբ: Երբ ասում էին. հոգնակի է դնում՝ [նկատի ունենալով] Հեսու քահանային և Զորաբաբել թագավորին: Իսկ մարգարեների դասերը հեթանոսներին էին ասում, թե. «Բոլո՛ր հեթանոսներ, ծա՛փ զարկեք» (Սղմ. 46:2), «Լսի՛ր, դուստր» (Սղմ. 44:11), և առաքյալներն էլ մարգարեներից վերցնելով ասում էին. «Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ, որ չծնեցիր» (Գաղատ. 4:27), և ուրա՛խ եղեք հեթանոսներ, նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք հավատացյալներ՝ անարատությամբ ընդունելով խոսքը, ասում է՝ ուրա՛խ եղեք, քանզի «Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում, և այս մարմնի մեջ հառաչում ենք» (Բ Կորնթ. 5:1-2):
2. Հասեալ կային ոտք մեր առ դրունս քո Երուսաղէմ:
Մեր ոտքերը հասել կանգնել էին քո դռներին, ո՛վ Երուսաղեմ:
Քանզի Արտաշեսի հրամանով Երուսաղեմի պարիսպները կառուցեցին և դռները կանգնեցրին Նոյեմի տակառապետի միջոցով: Առաջին աստիճանի նեղությունների փոխարեն, այս երկրորդում ցնծում են՝ հասնելով վերին Երուսաղեմի դռների մոտ, որը սուրբ եկեղեցին է, որտեղ նախ հանդիպում են երկինք հրավիրյալները: Այդ պատճառով էլ մինչև այսօր եղբայրների հետ շրջելիս, ձեռակերտ եկեղեցիների դռների մոտ այս ենք երգում՝ սրանով մտածելով անձեռակերտի մասին, և ի դեմս եղբայրների՝ ողջունում Հիսուսին՝ սրտից հեռու վանելով տրտմության հովիտը և Երուսաղեմի անվամբ՝ պատերազմների փորձությունները, քանզի սա խաղաղության ձայն է:
3. Զերուսաղէմ շինեալ որպէս քաղաք. և բնակութիւն իւր շուրջ զնովաւ:
Երուսաղեմը բարեշեն է որպես քաղաք, և նրա բնակիչներն իր շուրջն են:
Որ մի ժամանակ անտառ էր համարվում՝ բուսած փշերի և մացառների պատճառով, ապա որպես քաղաք, առաջինի պես, այսինքն՝ ինչպես Դավթի և Սողոմոնի ժամանակ էր, կառուցվում է նաև Զորաբաբելի օրոք: Նաև որպես քաղաք ասելով նկատի ունի զգալի [քաղաքը], որ թաղ առ թաղ կառուցվեց ամբողջ երկիրը, իմանալիի նման, որ այնտեղ են հրեղեն զորքերի դասերն ու թաղերը, ուր և պակասը լրացնում են Ադամի որդիները՝ կառուցելով ապստամբի քանդածը: Եվ շրջակա բնակությունը, այսինքն՝ գյուղերը, քաղաքներն ու ագարակները, որ գավառներում են, ետդարձի ժամանակ կառուցելու են Երուսաղեմի շուրջբոլորը: Իսկ իմանալի Երուսաղեմի բնակչությունը՝ իրենց Տիրոջ շուրջը, իսկ նրա փառքը՝ նրանց շուրջը՝ այսինքն՝ մեր, ինչպես որ ասաց. «Մնացեք իմ մեջ, և ես՝ ձեր մեջ» (Հովհ. 15:4):
4. Անդ ելին ազգ՝ ազգ Տեառն, վկայութիւն Իսրայէլի, խոստովան լինել անուան Տեառն:
Ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ, որ Իսրայելի վկայությամբ գոհություն մատուցեն Տիրոջ անվանը:
[Գերությունից] վերադառնալով տասներկու ցեղերը գալիս էին Երուսաղեմի տոնին, և չէին բավականացնում տասը ցեղերը, ինչպես առաջ էր, այլ հեթանոսները ևս, իրենց Իսրայել կոչելով, օրենքով խոստովանում էին, որ ամբողջովին Տիրոջն են: Դարձյալ՝ ցեղերն այնտեղ բարձրացան՝ ցեղերը Տիրոջ, որովհետև խառնվեց, ասում է, Աստված մեր բնության հետ, և ազգակից եղանք նրան՝ նրա մարմինն ու անդամը, ինչպես մարգարեն է ասում. «Դավթի տունը Աստծու տան նման պիտի լինի» (Զաքար. 12:8), և այնուհետև ցեղերն այնտեղ պիտի բարձրանան՝ տղամարդիկ, կանայք և մանուկները՝ կարոտից ծարավածները, ողջունելու տերունական վայրերը (այսինքն՝ Երուսաղեմի սրբատեղիները), որտեղ որ եղավ այս ազգակցությունը: Իսրայելի վկայությամբ, վկայելով, որ այստեղ երևաց Աստված մարմնով, և այստեղ դարձանք նոր Իսրայել, ինչպես որ հրեաներն այնտեղից ելնելով վկայում են, թե իսրայելացիները չեն օտարացել: Նաև այնտեղ՝ իմանալի Երուսաղեմ են բարձրանում հողեղեն ազգերը և հրեղեն տանողները ինչպես Հակոբի սանդուղքով՝ որպեսզի գոհություն մատուցեն Հիսուս Քրիստոսի անվանը, որ մեզ առաջնորդեց բարձրանալ այնտեղ:
5. Անդ արկեալ էր աթոռ դատաստանի. աթոռ արկեալ ի տան Դաւթի:
Այնտեղ են դրված դատաստանի աթոռները՝ աթոռներ դրված Դավթի տան մեջ:
Ուստի, ինչպես տոնին էին բոլոր ցեղերը գալիս, այդպես էլ դատաստանին [պիտի գան]: Աթոռները դրված են Դավթի տան մեջ՝ միավորելով սիդոնացիներին ու երուսաղեմացիներին, ինչպես Դավթի և Քիրամի օրոք, և դնելու են սիրո սեղանն ու աթոռները, նաև՝ Հեսուի և Զորաբաբելի աթոռները: Իսկ Վերին Երուսաղեմում՝ առաքյալների աթոռները, որ Տերը խոստացավ տասներկուսին:
6. Հարցէք զողջունէ զԵրուսաղէմի, և զշինութենէ՝ ոյք սիրէք զնա:
Հայցեցե՛ք Երուսաղեմի խաղաղության ու շինության համար, դուք՝ բոլորդ, որ սիրում եք այն:
Սիմաքոսը [թարգմանում է]՝ ողջո՛ւյն տվեք Երուսաղմին, քանզի յոթանասուն տարի խռովության և ավերման համբավ ուներ, այսուհետև պիտի խոսեն երկրի շենության և խաղաղության մասին, որպեսզի հեթանոսների մեջ մնացածները հոժարությամբ գան Երուսաղեմ, քանզի բոլորը միանգամից չեկան: Դարձյալ՝ ովքեր սիրում են Երկնային Երուսաղեմը, խաղաղություն պիտի ընդունեն Աստծուց և այնտեղ պիտի դնեն առաքինության շինությունները, ըստ Պողոսի, թե՝ «մեր քաղաքացինությունը երկնքում է» (Փիլիպ. 3:20):
7. Եղիցի խաղաղութիւն ի զօրութեան քում, և շինութիւն յաշտարակս յամուրս քո:
Քո ամրություններում թող խաղաղություն լինի, և քո բերդերի աշտարակներում՝ շենություն:
Դավիթը աղոթում է Երուսաղեմի համար, որ հզոր և շեն մնա՝ ամուր աշտարակներով: Ամրությունը Հիսուսն է, խաղաղությունը՝ Հոգին Աստված: Բերդերի աշտարակները, այսինքն՝ խաչը Սիոնում կանգնած, և Հոր գութը՝ բերդերի աշտարակներին, որ ասում ենք՝ աբբա Հայր, և ոչ ոք չի կարող հափշտակել մեզ նրա ձեռքից՝ ըստ Հիսուսի խոսքի:
8. Վասն եղբարց եւ ընկերաց իմոց խօսեցայ զխաղաղութիւն, վասն քոյ և վասն տան Տեառն Աստուծոյ մերոյ խնդրեցաք զբարութիւն ի քէն:
Ի սեր իմ եղբայրների և ընկերների քեզ խաղաղություն մաղթեցի: Եվ ի սեր քո և մեր Տեր Աստծու տան քեզ բարություն ցանկացանք:
Գիտեմ, ասում է Դավիթը, որ այն ժամանակ ես կենդանի չեմ լինի, այլ եղբայրների և ընկեր թագավորների ու իմ ազգի համար եմ ավետիսի մասին խոսում, և քո համար՝ Երուսաղեմ, և Տիրոջ տաճարի համար, և ցանկացանք, որ բարությունը չպակասի քեզանից, ո՜վ Երուսաղեմ: Նաև Դավթի եղբայրներն ու ընկերները քրիստոնյաներն են, որ նրա պես օծյալ են կոչվում, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ և սեփական ժողովուրդ, ու խնդրում է, որ բարությունը չպակասի նրանցից, քանզի Դավիթը լավ գիտե, և իրեն միավորելով ուրիշների հետ՝ ասում է. «Հիշի՛ր մեզ, Տեր, ի հաճություն քո ժողովրդի, և այցելի՛ր մեզ քո փրկությամբ» (Սղմ. 105:4):
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը