Այսօր զանյաղթելի սրբոյն Հռիփսիմեայ զյիշատակս տօնէ սուրբ եկեղեցի.
բարեբանելով ընդ անմարմնական զինուորութիւնսն. զՏէր Աստուած հարցն մերոց:
Այսօր հրաւիրեցաւ յերկնից արքայութիւնն սուրբն Հռիփսիմէ.
եւ արիաբար ընդդիմամարտեալ յաղթեաց բռնաւորին.
խոստովանելով զՔրիստոս Թագաւորն. զՏէր Աստուած հարցն մերոց:
Այսօր պայծառացեալ ի կամարս լուսեղէնս սուրբն Հռիփսիմէ.
եւ հիւսիսականաց տօնողաց ուսոյց փառաւորել
Սուրբ զԵրրորդութիւնն. զՏէր Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Նահատակութիւնը 301թ. Վաղարշապատում
Հրեշտակային եւ հրաշագեղ Հռիփսիմէն՝ մաքուր կոյսը եւ խաչազգեստ մեծ վկայուհին, Հռոմի տան պարծանքը, Հայաստանեայց Եկեղեցու փառքի պսակը եւ երեւելի տան հռոմէացի օրիորդը Օգոստոս կայսեր թագաւորական տոհմի աննման եւ վայելչագեղ դուստրն էր:
Անարատ Հռիփսիմեն, լինելով բարեպաշտ ծնողների զաւակ, մանկուց մեծացաւ կոյս Գայիանէի ձեռքերի մէջ, որը նոյն ազգից էր՝ առաքինի եւ զարմանալի հօր եւ մօր դուստրը: Ապրելով Դիոկղետիանոս կայսեր ժամանակներում՝ հաւատացեալները թէպէտ համարձակութիւն չունէին հեթանոսների մէջ, սակայն ճշմարիտ աստուածպաշտութեամբ եւ խաչակրօն վարքով, որպէս աւետարանական առաքինութիւնների աւանդապահներ, նեղութիւնների եւ հալածանքների ժամանակ փայլում էին լուսատուների պէս՝ նախանձախնդրութեամբ նմանուելով առաքելական դասին: Ինչպէս Խորենացին է գրում, տղամարդիկ առաքեալների պէս առաքինութեան նախանձախնդիր էին, իսկ կանայք Սուրբ Կոյս Աստուածածնի օրինակով՝ պարկեշտ ու ողջախոհ:
Այսպիսին էր նաեւ սուրբ Հռիփսիմէն՝ սուրբ Աւազանից ընտրուած Գայիանէի սանուհին, որը Հռոմի սուրբ Պօղոս առաքեալի վանքում կոյսերի վանամայրն էր: Շրջակայ վայրն առաւել բնակեցուած էր շուրջ երեք հարիւր քրիստոնեաներով, այդ թւում նաեւ՝ քահանաներով: Նրանց բոլոր աղջիկները, յատկապէս նրանք, ովքեր նրա վանքում կուսակրօն վարքով առանձնական կեանքն էին ընտրել, Մեծն Գայիանէին ճանաչում էին որպէս իրենց դաստիարակ եւ հոգեւոր մայր: Այսպէս, լինելով այդ տեղի վերակացուն, Գայիանէն միւս պարկեշտ կոյսերի հետ իր մօտ պահում էր նաեւ Հռիփսիմէին: Եւ Գայիանէի աղօթքների պտուղն արբունքի հասաւ. Հռիփսիմէն ցանկացաւ կուսական մաքրութեամբ հարատեւել այդ վանքում եւ միշտ լինել Կոյս Աստուածածնի աղախինը:
Գայիանէն, իր սանուհու՝ Հռիփսիմէի մէջ տեսնելով նրա մեծանձնեայ հոգին եւ նրան ընդունելով որպէս Սուրբ Աստուածածնի աղախին, աղօթքներով եւ ուխտով նրան յանձնեց Սուրբ Կոյսին: Նրա պարանոցին անցկացրեց տէրունական Արիւնով ողողուած սուրբ Յակոբի խաչը, որն առաքեալների ժամանակներից որպէս գանձ պահուած էր իրենց ազգատոհմում եւ որի համար պատմում են, թէ Յակոբոս Տեառնեղբայրը հռոմէացի հաւատացեալ կնոջ՝ Պատրոնիկէի խնդրանքով այն կտրել էր Կենաց խաչափայտից: Արդ, երանելի Գայիանէն այն ստացել էր Հռիփսիմէի ծնողներից որպէս վանքում իրեն պահապան եւ երկնաւոր Փեսային հարսնանալու խորհրդով այն մեծ փափագով ու երկիւղով անցկացրեց իր սանուհու՝ սուրբ Հռիփսիմէի պարանոցին, ինչպէս Հնում գինդեր անցկացրին Ռեբեկայի ականջներին, երբ նա պէտք է հարսնանար հաւատի հայր Աբրահամին:
Այնուհետեւ երանելի Հռիփսիմէն, վառուած Ամենասուրբ Կոյսի եւ Հօր Կուսածին Որդու սիրով, օրըստօրէ առաջադիմում էր հոգեւոր կեանքում եւ իր սուրբ առաքինութիւններով գերազանցում բոլոր հոգեւոր քոյրերին, որոնք ճգնում էին խաչակիր վարքով: Նրանց՝ Քրիստոսի կամաւոր աղքատների կերակուրն ընդեղէն էր, անխոնջ էին աղօթասիրութեան եւ ընթերցուածքների մէջ, իսկ սակաւ պարէնը ձեռք էին բերում իրենց պէս-պէս ձեռագործներով:
Եւ եղաւ, որ այդ օրերին Դիոկղետիանոս կայսրը որոշեց ըստ հեթանոսական կարգի իր միւս կանանցից զատ նոր կին առնել, որը պէտք է լինէր հռոմէական տան տիեզերական թագուհին, քանի որ նախորդ կինը թէրեւս ամուլ էր կամ էլ ատելի նրա աչքին: Ուստի արքունի հրամանով ամբողջ թագաւորութեան, յատկապէս Հռոմի մէջ սկսեցին փնտռել ազնուական ծագում ունեցող, սքանչելագեղ եւ չքնաղատես աղջիկների, եւ պէտք է ամբողջ հասակով նկարէին նրանց, որպէսզի կայսրն ում հաւանէր, նրան իր համար կնութեան բերէին:
Որոնողները, լսելով, որ Հռոմի սահմանների մօտ գտնուող արգելավանքում կան արքունի եւ ազնուական ծագում ունեցող շատ կոյսեր, եկան-հասան Գայիանէի վանքը, բռնութեամբ ներս մտան եւ այնտեղ տեսան պարկեշտ ու գեղանի Հռիփսիմէին: Սքանչացան նրա պայծառափայլ տեսքից, նրան պատկերեցին տախտակի վրայ եւ իսկոյն բերեցին՝ ցոյց տալու թագաւորին:
Երբ թագաւորը տեսաւ Հռիփսիմէի պատկերագրի գեղապանծ վայելչութիւնը, համակուեց նրա սիրով եւ անյապաղ օր սահմանեց հարսանեաց ուրախութիւն անելու համար: Եւ շուտափոյթ խնդրակներ ու պատուիրակներ ուղարկեց բոլոր երկրների գլխաւոր իշխանների մօտ, որ ամէնքը ընծաներով գային կայսերական դուռը եւ ըստ թագաւորական օրէնքների՝ մասնակցեին հարսանեկան տօնակատարութեանը:
Եւ երբ մաքուր աղաւնիների երամը՝ սուրբ կոյսերի գունդը, տեսաւ թշնամու գաղտնաձիգ նետերը, որոնք միշտ ծածուկ արձակւում են քրիստոսասէր սուրբերի վրայ, հասկացան, որ դրանք չար բանսարկուի դաւերն են, որոնցով նա կամենում է քանդել սրբասէր անձանց կուսութեան ուխտը, եւ մեծ սուգով պատուեցին: Երանելի Գայիանէն, նրա առաքինասէր սանուհին՝ Հռիփսիմեն, եւ իրենց սրբակրօն ընկերները, հասկանալով, թէ ինչ պիտի կատարուի, յոյժ տագնապեցին: Յիշելով սուրբ ուխտը եւ իրենց ընտրած օրինաւոր կրօնի սրբութիւնը՝ մեծ ողբով եւ հառաչանքներով ապաւինեցին աղօթքին եւ խնդրեցին բազումողորմ Աստծուց, որ անարատ Սուրբ Կոյս Տիրամօր բարեխօսութեամբ փրկի իրենց առաջիկայ փորձութիւնից: Աղօթում էին՝ ասելով. «Տէ՛ր, օգնի՛ր մեզ այս պատերազմում, որ փրկուենք թշնամու որոգայթներից: Թող փառաւորուի Քո անունը, Տէ՛ր, եւ արժանացրու մեզ Քո պատուիրանները պահողների հետ հասնել Քո Արքայութեան օթեւանները: Թող չպակասի մեր լապտերների իւղը, եւ չմարեն մեր սուրբ ուխտի եւ հաւատքի ճրագները: Թող կորստեան տխուր գիշերը չհասնի մեր լուսաւոր ճանապարհներին, մեր ոտքերը չշեղուեն Քո լուսագնաց շաւիղներից, եւ մեր աչքի բիբերը չկուրանան Քո ճշմարտութեան զուարթարար ճառագայթներից: Թող մահատարած թռչունը չյափշտակի կենաց բոյսի սերմերը, որ մեր մէջ սերմանեց Քո Միածին Որդին՝ մեր Տէր Յիսուս Քրիստոս: Թող ապստամբ գազանը չվերացնի Քո սուրբ հօտի արթնութիւնը, ապականիչ գայլը չյաղթի Քո գառներին, եւ մեր ուխտի թշնամին չցրի Քո առաքելական սուրբ Եկեղեցու ոչխարներին:
«Տէ՛ր Աստուած, Դու առաքեցիր Քո Միածին Որդուն, որ եկաւ եւ ողջ աշխարհը լցրեց Քո իմաստութեան հոգով, որպէսզի ամէնքին աստուածատես դարձնի նոր Իսրայէլում: Նա մեզ ցոյց տուեց Կեանքի եւ փրկութեան ճանապարհը՝ ասելով. ՛՛Եւ երբ ձեզ հալածեն այս քաղաքում, կը փախչէք դէպի մէկ ուրիշը՛՛: Արդ, խնայի՛ր մեզ, Տէ՛ր, քանզի ապաւինեցինք Քո սուրբ անուանը, որպէսզի չխառնակուենք հեթանոսների պիղծ անարգութեանը: Մեր սուրբ պարկեշտութիւնը մի՛ յանձնիր նրանց անօրէն ու շնաբարոյ վավաշոտութեանը եւ թոյլ մի՛ տուր, որ մեր հաւատի կուսութեան մարգարիտն ընկնի նրանց խոզագնաց շաւիղներին: Թող անաստուածութեան հեղեղները չշարժեն Քո եկեղեցու հիմքերը, որը բազմաթիւ արդարներով՝ որպէս բազմապատիկ քարեր, շինուեց անշարժ վէմի վրայ, եւ որի անկիւնաքարը եղաւ մեր Տէր Յիսուս Քրիստոս:
«Արդ, Տէ՛ր, նայի՛ր երկնքից՝ Քո սրբարանից, որպէսզի չլինենք աւազի վրայ շինուած այն տան նման, որին սասանեցին պէս-պէս փորձութիւնները, այլ խաղաղութեամբ մեզ հաստատի՛ր սուրբ Աւետարանի ճշմարտութեամբ եւ Քո կամքով առաջնորդի՛ր մեզ: Արժանի արա՛ լուսապայծառ հարսանեաց գիշերին, որը ցերեկուայ պէս լուսաւոր կը դարձնես Քո երեսի փառքի ճառագայթների ծագումով: Պահպանի՛ր մեզ Քո թեւերի տակ, որպէսզի հասնենք Քո նաւահանգիստը: Օգնի՛ր մեզ՝ ըմպելու նահատակութեան բաժակից, որ Արդար Դատաստանի՝ Քո փառքի յայտնութեան Օրը փոխարէնը պսակներ ստանանք»:
Այս բոլոր աղօթքներն ու պաղատանքներն ի սրտէ առ Աստուած ուղղելով եւ փրկութիւն յուսալով՝ իրենք իրենց յանձնեցին Աստուծոյ ձեռքը: Ապա Սուրբ Հոգու թելադրանքով սուրբ Գայիանէն Հռիփսիմէի, միւս պարկեշտ անձանց եւ մի քանի քահանաների հետ հեռացան՝ փախուստ տալով, որպէսզի իրենց անձերը սրբութեամբ պահեն մեղսաթաթաւ, մեղանչական, անօրէն ու դիւական մարդկանց խառնակութիւնից եւ արժանի լինեն՝ հասնելու կենդանութեան յոյսին ու յարութեան լոյսին: Եւ այդպէս մօտ յօթանասուն հոգով ծովագնաց ճանապարհով եւ անակնկալ պահին պատրաստուեցին հեռանալ Հռոմից դէպի հեռաւոր մի երկիր: Տէրը յաջողութիւն տուեց նրանց ճանապարհին, որովհետեւ կային պատրաստ նաւեր, որ պիտի ուղղուէին դէպի Ալեքսանդրիա: Իրենց կայքից, որ մերձ էր Տիբերիս գետին, նաւեցին դէպի Եգիպտոս: Ծպտուած անծանօթ կերպարանքներով փախուստ տուեցին, ուր Տէրը կ՚առաջնորդէր իրենց, քանզի լաւ համարեցին տարաշխարհիկ օտարութեամբ շրջել օտար երկրներում եւ մարմնով վտանգի ենթարկուել, քան թէ հեռանալ երկնաւոր Փեսայի սուրբ սիրուց: Իրենց անձերը պատրաստեցին բանտի, կապանքների ու պատիժների, մահուան ու սաստիկ նեղութիւնների, որպէսզի արժանանան արդարութեան պսակներին: Այդպէս թողեցին իրենց ծննդավայրը, ինչքն ու ունեցուածքը, ազգականներին ու տոհմակիցներին, վերցրին Տիրոջ Խաչը ու գնացին Տիրոջ յետեւից, Ով իրենց առաջնորդում էր դէպի Արեւելք, որտեղ նրանց միջոցով պիտի ծագէր Իր փառքի լուսաւորութիւնը:
Եկան Ալեքսանդրիա, բայց քանի որ անծանօթ էին երկրին, շրջեցին այլեւայլ տեղերում եւ որոշեցին նախ անցնել Երուսաղէմ՝ այցելելով աստուածակոխ քաղաքը եւ տնօրինական վայրերը: Բնակավայրերին մօտ տեղերում բաժանւում էին միմեանցից, իսկ ամայի վայրերում՝ իրար միանում, մինչեւ որ կը գտնէին մի ապահով տեղ, ուր ազատ կը լինէին Հռոմի ինքնակալութեան ահից:
Հասնելով Պաղեստին՝ մտան Բեթլեհէմի այրը եւ այնտեղ աղօթեցին ամենօրհնեալ սուրբ Կոյսին, որ օգնի իրենց, բայց առաւելապէս Հռիփսիմէին, որը մանկուց Իր աղախինն էր, վտանգի մէջ էր ու փախուստի մատնուած: Մօտենալով Գեթսեմանին, ուր Աստւածամօր գերեզմանն էր, երանելի Գայիանէն աղօթեց՝ ասելով. «Մա՛յր լուսոյ, անարատ Կո՛յս, սրբութեան պահապա՛ն, կուսութեան հովանաւո՛ր եւ որբերի օգնակա՛ն: Ընդունի՛ր անարժան աղախնուս աղերսալի աղօթքները եւ իմ հոգեորդուն, ում պահելով Քեզ յանձնեցի որպէս աղախին, արթուն պահի՛ր եւ արժանապէս արդարացրո՛ւ: Մի՛ թող, որ նա փորձութեան ենթարկուի օտարի կողմից եւ մի՛ թող, որ պիղծ թագաւորների ձեռքով աղտեղանայ մարմնով, որպէսզի չխափանուի մեր ուխտը, որ ունենք Քեզ հետ: Նայի՛ր իմ եւ իւրայիններիս պանդխտութեանը եւ ալեկոծումներին, յիշի՛ր Քո Որդու եւ մեր Աստուծոյ չարչարանքները եւ ողորմի՛ր մեզ, որպէսզի Սուրբ Միածնիդ հետ օրհնենք ու երկրպագենք Քեզ»:
Եւ այդպէս, բազում արտասուքներ հեղելով ու անդադար աղօթելով, մէկ ամիս մնացին Երուսաղէմում՝ ակնկալելով Տիրոջ եւ Տիրամօր այցելութեանը: Եւ ահա սուրբերին տեսիլք երեւաց, որով Սուրբ Աստուածածնից հրաման առան մեկնել Հայք՝ Արարատեան երկիր, որ բաժին էր ընկել Թադէոս առաքեալին: «Սակայն,- ասաց,- նախ անցէք Եդեսիայով՝ տեսնելու Տիրոջ անձեռագործ Դաստառակը եւ ապա գնացէք Հայք՝ փնտռելու Իմ փայտեղէն պատկերը, որ հպեցի երեսիս Իմ Վերափոխման օրը: Ահա այնտեղ դուք ձեր արեամբ կ՚աւարտէք ձեր կեանքի ուղին»:
Այնժամ, լցուած անպատում ուրախութեամբ, եկան-հասան Եդեսիա, ուր երկրպագեցին Փրկչական պատկերին եւ համարեցին, թէ տեսան մարմնացեալ Բանն Աստծուն, մինչեւ իսկ նրանցից ոմանք չցանկացան հեռանալ այդտեղից:
Ապա դարձեալ սքանչելի տեսիլք երեւաց նրանց, որը իւրաքանչիւրին յորդորում էր ճգնել այնտեղ, ուր կ՚առաջնորդէր Տէրը: Եւ նրանցից ոմանք մնացին նոյն քաղաքում՝ Աբգարի մեծ եկեղեցում՝ կրօնաւորելով սուրբ Թադէոսի հաստատած հիմքի վրայ, ոմանք դէպի հիւսիս մեկնեցին, մէկը հասաւ մինչեւ Վիրք, ուրիշը՝ Դարաղանեաց գաւառ՝ տեղ գտնելու Սեպուհ լերան խորշերում:
Իսկ մեծ առաքելուհի Գայիանէն, նրա սանը՝ սուրբ Հռիփսիմէն, եւ նրանց հետ շատերը բազում տառապանքներով եկան Բզնունեաց գաւառի Խլաթ քաղաք, որտեղ իջեւանելուց յետոյ գնացին Մոկաց գաւառի Սուրբ Խաչ կոչուող վայրը, որտեղ Տէրը սուրբ Խաչի զօրութեամբ եւ նրանց ձեռքով շատ հրաշքներ գործեց: Այնտեղ դեւերի մեծ բագին կար, ուր պաշտամունքներ էին մատուցում: Եւ երբ առաքելանման Եսայի եւ Դանիէլ քահանաները սուրբ կոյսերի հետ եկան այնտեղ, սուրբ Խաչի նշանից զարհուրած դեւերը ոչինչ չկարողացան անել, այլ յարձակուեցին իրենց պաշտօնեաների վրայ. ոմանց կծոտեցին, ոմանց խեղանդամ դարձրին, ոնանց էլ՝ պնչատ: Այնժամ սուրբ քահանաները սուրբ Խաչի զօրութեամբ սաստեցին դեւերին եւ հալածելով նրանց՝ աւիրեցին նրանց պաշտամունքի վայրը ու բժշկեցին խեղուածներին: Այդ պատճառով այդ վայրը կոչուեց Կճաւ, որտեղ յետագայում սուրբ Գրիգորը վանք հիմնեց:
Երբ ամենուր տարածուեց սուրբերի համբաւը, նրանք շտապ հեռացան այդտեղից եւ, անցնելով Կորդուաց բարձրաբերձ լեռները, եկան Բերկրացիների գաւառ՝ Սողոփի լեռը: Ապահովութիւն գտնելով եւ ճանապարհներից յոգնած լինելով՝ կացարաններ շինեցին եւ միառժամանակ մնացին այդտեղ:
Ժամանակ անց, երբ հասան Անձեւացեաց գաւառ, գտան սակաւաթիւ քրիստոնեաներ, եւ նրանցից տեղեկանալով, թէ որտե՞ղ փնտռեն Տիրամօր հրաշագործ պատկերը, եկան Հոգւոց վանք, որտեղ ուրախութեամբ երկրպագեցին եւ գոհութիւն յայտնեցին Սրբուհուն: Սակայն քիչ օրեր անց հաւատացեալները, երկիւղելով կասկածանքի առիթ տալուց, չկամեցան, որ կոյսերն այդտեղ երկար մնան: Եւ նրանք գնացին դէպի Պաղատ լերան գլուխը, սակայն չգիտէին, որ այդ տեղը կուռքերի նշանաւոր վայր եւ դեւերի բնակարան է՝ Արամազդի եւ Աստղիկի տուն, որը մեծարում էին տեղաբնակները: Լերան կատարից քիչ դէպի հարաւ, կար անշէջ հրի կրակատուն, որից ոչ շատ հեռու՝ լերան փեշերի քարերի միջով, յորդաբուխ աղբիւր էր բխում: Եւ ինչպէս որ պատւում էին կրակին՝ որպէս ջրի քոյր, այդպէս էլ աղբիւրին՝ որպէս կրակի եղբայր: Այնտեղ՝ քարայրում, բույն էին դրել երկու սեւ վիշապներ, որոնք այնպիսի սարսափ էին գցել բնակուողների մէջ, որ անգամ նրանց պաշտում էին իբրեւ աստուածներ, մինչեւ իսկ կոյս աղջիկներ եւ անմեղ պատանիներ էին զոհաբերում: Իսկ դեւերը, զուարճացած նրանց արեամբ, բագիններով, կրակով եւ աղբիւրներով զարհուրելի տեսարաններ էին ցոյց տալիս եւ որոտներ, թնդիւններ ու փայլատակումներ արձակում: Էլ չենք ասում, որ խոր ձորերը լի էին մահաբեր թունաւոր օձերով եւ կարիճներով, որոնց ահից սարսափում էին տեղաբնակները: Սուրբ կանայք, հասնելով այնտեղ եւ իմանալով մոլորուածների նեղութեան մասին, գթացին նրանց: Աղօթքներով եւ արտասուքներով երկինք նայելով՝ աղաչեցին Աստծուն այցելութիւն անել երկրին: Վերցրին սուրբ Նշանը, պահեցին աղբիւրի վրայ եւ խաչակնքեցին, եւ ահա դեւերը ճիչեր արձակելով փախան դէպի իրենց բագինը, եւ բացի նրանց աղաղակներից լեռներում այլ ձայն չէր լսւում:
Իսկ սուրբ կոյսերը, անցնելով ձորերի միջով, դարձեալ խաչակնքում էին օձաբնակ վայրերի, լեռնակողմի եւ կուռքերի բագինների վրայ, մինչեւ եկան-հասան Կորիթ կոչուող գիւղը: Սուրբ խաչի զօրութեամբ իսպառ հալածեցին բոլոր դեւերին, փշրեցին կուռքերի արձանները, ոչնչացրին ու քար դարձրին թունաւոր օձերին, ցամաքեցրին թունաւոր աղբիւրները: Տեսնելով այս ամէնը՝ Կորիթ գիւղի բնակիչները սուրբ երանելիների միջոցով հաւատացին Քրիստոսին: Յետագայում, որպէսզի վերանային հին հեթանոսական պաշտամունքի հետքերը, այս տեղում սուրբ Գրիգորը երկու եկեղեցիներ շինեց: Կորիթում փայտեղէն սեղան կանգնեցրեց եւ իր գօտին ու գաւազանը որպէս նշան այնտեղ թողեց:
Իսկ սուրբ կոյսերը հասան Տոսպ գաւառ, գնացին Վարագ լերան ստորոտը, եւ հանգրուանեցին Շամիրամակերտի դիմաց՝ մի վայելչագեղ վայրում, որը յետոյ «Սուրբ Խաչ» կոչուեց:
Երբ իմացան, որ տարածուել էր բագինների կործանման լուրը, եւ որոնում էին իրենց, սուրբ Նշանը թողնում են Վարագ լերան հաւաւային կողմում, իսկ իրենք ցիրուցան մնացին Վարագ լերան վրայ՝ հաստատուելով տարբեր գետնափոր խորշերում: Եւ երբ հեռացան որոնողները, գնացին դէպի հիւսիս՝ Վերին Հայք: Սակայն երկու քահանաներ, ովքեր պահպանում էին սուրբ Նշանը, մնացին նոյն տեղում մինչեւ առ Քրիստոս իրենց կոչման օրը: Նրանց բնակութեան վայրերը կոչուեցին Ուրբաթայրեր, որովհետեւ ուրբաթից ուրբաթ սուրբ պատարագ էին մատուցում եւ սուրբ կանանց արժանապէս բաշխում Տիրոջ Մարմինն ու Արիւնը:
Արդ, երանելիների խումբը Հռոմից ելնելուց եւ մինչ այս վայրը բազմատեսակ չարչարանքներ կրելուց յետոյ բազմաթիւ ճանապարհներ հատեց: Գրեթէ կիսով չափ այս ու այն կողմ ցրուելով՝ մնացին երեսունհինգ հոգի եւ սուրբ Հռիփսիմէի, Գայիանէի ու երեք քահանաների հետ եկան-հասան բուն Արարատեան աշխարհ եւ դադար առան Վաղարշապատ՝ արքայանիստ քաղաքի մօտ, որը նաեւ Նորաքաղաք է կոչւում:
Այնուհետեւ գնացին եւ հաստատուեցին այգեստանների հնձաններում, որոնք գտնւում էին հիւսիս-արեւելեան կողմերում: Սնւում էին՝ իրենց ունեցածքը քաղաքում վաճառելով, չունէին իրենց հետ ապրուստի միջոց, միայն թէ նրանցից մէկը գիտէր ապակեգործութեան արհեստը, որով պատրաստում էին ապակեայ ուլունքներ եւ դրանք վաճառելով՝ հոգում իրենց ապրուստի ու պարէնի կարիքները: Եւ այդպէս տարաշխարհիկ եւ պանդուխտ լինելով՝ բաւականանում էին իրենց չնչին վաստակով: Տեսնելով նրանց՝ անցորդները զարմանում էին այդ անծանօթ օտարականների վրայ, սակայն շատ չանցած՝ ամէնը յայտնի եղաւ: Քանզի երբ նրանք հեռացան Հռոմի սահմաններից, անմիջապէս տեղեկացրին Դիոկղետիանոս կայսրին, թէ կոյսերի մայր Գայիանէն գաղտնաբար հեռացել է Հռիփսիմէի հետ, ում ընտրել էր հարսնութեան համար: Դիոկղետիանոսը յոյժ խռովուեց եւ սուրհանդակներ ուղարկեց՝ փնտռելու նրանց մօտակայ ու հեռաւոր բոլոր տեղերում եւ երբ չկարողացաւ գտնել, ցասումը թափեց Գայիանէի վանքի այլ քոյրերի վրայ եւ նրանց բոլորին սպանել տուեց:
Ապա լուր հասաւ նրան, թէ կոյսերը գնացել են նախ Ալեքսանդրիա, ապա անցնելով Պաղեստինը եւ Միջագետքը, եկել են Հայոց աշխարհ:
Եւ մինչ Հռիփսիմեան կոյսերը դադար էին առնում Վաղարշապատի այգեստաններում, Դիոկղետիանոս կայսեր պատգամաւորները եկան Հայոց Տրդատ թագաւորի մօտ, որ նստում էր Վաղարշապատ քաղաքում, եւ նրան յանձնեցին կայսեր հրովարտակը հետեւեալ բովանդակութեամբ. «Ինքնակալ կայսր Դիոկղետիանոսից մեր սիրելի եղբայր եւ աթոռակից Տրդատին՝ ողջոյն: Թող ի գիտութիւն լինի քո եղբայրութեանը եւ մեր նիզակակցին այն չարիքների մասին, որ ամէն օր մեզ են հասնում խաբեբայ քրիստոնեաներից, քանզի մեր տէրութիւնն անարգւում է նրանց ուխտի կողմից, եւ ոչ մի համեստութիւն չկայ նրանց մէջ: Պաշտում են ոմն խաչեալի, երկրպագում են փայտին, պատւում մեռածների ոսկորները եւ իրենց Աստուծոյ սիրոյ համար մահը փառք ու պատիւ համարում: Նրանք դատապարտելի են մեր արդար օրէնքներով, որովհետեւ դառնացրին մեր նախորդ թագաւորներին: Բթացան մեր սրերը, սակայն նրանք չզարհուրեցին մեռնել, քանզի մոլորուած են՝ հետեւելով ոմն խաչեալ հրեայի: Ուսուցանում են անպատուել թագաւորներին եւ անարգել կուռքերի արձաններին: Ողջ աշխարհին հեռացրին աստուածների պաշտամունքից եւ անգամ կանանց տղամարդկանցից, եւ տղամարդկանց կանանցից բաժանութեան պատճառ են լինում: Եւ թէպէտ նրանց մատնեցինք տեսակ-տեսակ պատուհասների ու տանջանքների, սակայն նրանց արեան հեղումով իրենց աղանդն առաւել ծաղկեց ու տարածուեց: Պատահեց, որ նրանց մէջ մի գեղանի կոյս տեսայ եւ կամեցայ նրան կնութեան առնել, բայց ահա խորամանկութեամբ նրան փախցրին ինձնից: Նա ոչ միայն չփափագեց ինձ որպէս թագաւորի, այլեւ չվախեցաւ իմ սպառնալիքներից: Իրենց աղանդի պատճառով ինձ գարշելի ու պիղծ համարեցին եւ սնուցիչ դայեակի հետ նրան գաղտնաբար ձեր տէրութեան կողմերն ուղարկեցին:
«Արդ, փութաջան եղի՛ր, եղբա՛յր, որպէսզի որտեղ էլ լինեն այդ կողմերում, կարողանաս նրանց հետքը գտնել եւ նրա հետ եղողներին դայեակով հանդերձ վրիժառութեամբ մահուան մատնես, իսկ այն չքնաղագեղ կոյսին էլ այստեղ՝ ինձ մօտ ուղարկես: Սակայն եթէ նրա գեղեցկութիւնը քեզ հաճոյ թուայ, պահի՛ր նրան քեզ մօտ, քանզի նրա նմանը չգտնուեց ողջ Յունաց աշխարհում: Ո՛ղջ եղիր աստուածների օգնութեամբ եւ ամենայն պատուով»:
Երբ ընթերցեցին սոյն հրովարտակը, Տրդատն իսկոյն հրաման տուեց, որ իր իշխանութեան բոլոր սահմաններում փութաջան որոնեն նրանց, քանզի տեղեակ չէր, որ Հռիփսիմեան կոյսերն իր մայրաքաղաքի մօտ են գտնւում: Շուտափոյթ սուրհանդակներ ուղարկեց տարբեր կողմեր, որպէսզի ուր էլ որ գտնեն, անմիջապէս մէջտեղ բերեն, իսկ գտնողներին խոստանում էր հատուցել մեծամեծ պարգեւներով:
Եւ մինչ Հայոց աշխարհի սահմաններում որոնումների իրարանցման մէջ էին, սուրբ կոյսերը եկան թաքնուեցին արքայական նստավայրի մօտ՝ նոյն թագաւորանիստ Վաղարշապատ քաղաքում, սակայն շուտով որոնումներով նրանք յայտնի դարձան: Ճշմարտութիւնը եւ առաքինի նահատակները երբէք չեն կարող թաքնուած մնալ, եւ ոչ էլ լուսավառ ճրագը կարող է ծածկուել գրուանի տակ կամ թաքստոցների ստուերի տակ աներեւոյթ մնալ, այլ պէտք է նրանք երեւան ոսկեայ աշտանակների վրայ, իսկ անուշահոտ իւղերով լի ոսկեայ կանթեղները վառուեն՝ լուսաւորելով Հայաստան աշխարհը աստուածգիտութեան համապայծառ լոյսով: Ահա նրանք, որպէս այսպիսի պատուական լոյս, ակամայ երեւացին մեր Հայաստան աշխարհի հեթանոսների առջեւ:
Երբ յունաց կայսէր հրովարտակը հասաւ Մեծ Հայքի Տրդատ արքային, ոչ քիչ խռովութիւն եղաւ Հայոց աշխարհում, քանզի պահպանւում էին բոլոր անցուղիներն ու տարածքները, եւ նրանց փնտռում էին բոլոր կողմերում: Եւ մէկը տեսնելով պատմեց նրանց մասին:
Եւ ահա երբ նրանց մասին իրողութիւնը յայտնի դարձաւ, երկու օր վահանափակ շրջապատեցին նրանց՝ հետեւակ զօրքի մի լեգէոնի յանձնարարելով նրանց պահել այնտեղ, ուր գտնւում էին: Ապա երկու օր անց Հռիփսիմէի պարկեշտութեան եւ սքանչելի գեղեցկութեան համբաւը տարածուեց բազմամբոխ հրապարակներում, եւ ամէն մարդ մէկը միւսին իր զարմանքն էր յայտնում: Նրա գեղեցկութիւնը տեսնելու համար խուռներամ բազմութիւն հաւաքուեց, նախարարներն ու աւագանու մեծամեծերը նրան տեսնելու համար իրար էին անցնում պարզ հետաքրքրութեան կամ պագշոտութեան, զեխ, անառակ եւ հեթանոսական սովորոյթների համաձայն: Իսկ երանելի կոյսերը, իմանալով որ տեղի մարդիկ վայրենաբարոյ են, անմիտ ու յոռի, ողբաձայն արտասուքներով եւ ձեռքերը դէպի երկինք կարկառած՝ ջերմ աղօթքներով փրկութիւն էին հայցում Տիրոջից, որպէսզի այս մարտում եւս իրենց յաղթութիւն եւ հաւատի պայծառութիւն տայ, ինչպէս որ մէկ անգամ փրկել էր զազրելի հեթանոսների անօրէն պղծութիւնից: Երեսները ծածկել ու ցած էին իջեցրել՝ ամաչելով լկտի ականատեսներից, որ հաւաքուել էին՝ տեսնելու իրենց:
Ապա թագաւորի մերձաւորներից ոմանք գնացին եւ Տրդատին պատմեցին Հռիփսիմէի աննման գեղեցկութեան մասին: Եւ միւս օրն առաւօտեան՝ այգաբացին եւ նոյնիսկ աւելի վաղ, հրաման ելաւ թագաւորից, որ երանելի Հռիփսիմէին արքունիք բերեն, իսկ սուրբ Գայիանէին երանելի ընկերների հետ պահեն այնտեղ:
Եւ արքունիքից իսկոյն սպասաւորներով հանդերձ ոսկէպատ գահաւորակներ տարան հնձան, որ քաղաքից դուրս էր եւ ուր նրանց կացարանն էր: Նաեւ պատուական, գեղեցիկ, ճոխ եւ պայծառ հանդերձներ եւ երեւելի զարդարանքներ տարան արքունիքից, որպէսզի նա զարդարուի եւ շուքով ու փառքով քաղաք մտնելով՝ ներկայանայ թագաւորին, որը դեռեւս նրան չէր տեսել, բայց լսած լինելով նրա գեղեցկութեան մասին՝ որոշել էր կնութեան առնել:
Եւ արդ, սուրբ Գայիանէն, տեսնելով վերահաս փորձութիւնը, սկսեց խոսել իր սրբանուէր սանուհու՝ Հռիփսիմէի հետ՝ ասելով. «Յիշի՛ր, որդեա՛կ, որ կամաւոր թողեցիր ու լքեցիր քո հայրենի մեծապատիւ, շքեղաշուք, ոսկէկուռ գահը, թագաւորական ծիրանիները եւ նախընտրեցիր Քրիստոսի ճառագայթարձակ լոյսի թագաւորութիւնը, Ով արարիչ է, կեցուցիչ եւ նորոգիչ, Ով Իրեն յուսացողներին, ըստ Իր խոստման, անպատում բարիքներ պիտի տայ: Եւ դու, որդեա՛կ, որ արհամարհեցիր քո անցաւոր կեանքի ծիրանին, ինչպէ՞ս կը տաս քո սրբութիւնը՝ որպէս կերակուր այս բարբարոս երկրի շներին: Քա՛ւ լիցի, որդեա՛կ, որ այդպէս լինի: Նա, Ով մանկուց առաջնորդել է մեզ՝ հասնելու այս օրուան ու այս ժամին, թող ընդունի մեզ՝ քեզնով հանդերձ»:
Իր դայեակից լսելով այս խօսքերը՝ սուրբ Հռիփսիմէն զինավառուեց Սուրբ Հոգու զօրութեամբ, քանզի մանկուց զգեստաւորուած էր հաւատքով՝ իբրեւ զրահապատ սպառազէն: Աղաղակեց եւ սկսեց բազկատարած աղօթել. «Տէր Աստուած ամենակալ, որ Քո սիրելի եւ Միածին Որդու միջոցով ստեղծեցիր Քո արարածներին եւ Սուրբ Հոգու միջոցով յօրինեցիր տեսանելի ու աներեւոյթ արարածներին: Քո հրամանով են շարժւում տեսանելի եւ աներեւոյթ բոլոր զօրութիւնները, երկնքում եւ երկրի վրայ, ծովի մէջ եւ ցամաքում: Դու էիր, որ խաչանման փայտով ջրհեղեղից փրկեցիր Քո սիրելի Նոյին, որովհետեւ նա պահեց Քո հրամանի խօսքը: Եթէ այնժամ փրկեցիր խաչիդ օրինակով, ապա այժմ էլ նոյնն արա Քո ճշմարիտ խաչով, որի վրայ գամուեցիր եւ թափեցիր Քո Արիւնը մեր ցաւերի բժշկութեան համար: Դու, որ պահեցիր Աբրահամին քանանացիների ամբարիշտ ազգի մէջ, գթացիր Քո Իսահակ ծառային եւ պահպանեցիր Քո աղախին Ռեբեկային անօրէն փղշտացիներից, յանուն Քո սուրբ անուան մեզ եւս մի՛ լքիր: Սովորեցրիր մեզ, վարդապետեցիր եւ Քո խօսքը դրեցիր մեր բերաններում, որպէսզի կարողանանք փրկուել թշնամու որոգայթից եւ ասացիր, թէ՝ Իմ անունը ձեզ վրայ է, նաեւ՝ դուք Իմ Աստուածութեան տաճարներն էք, եւ թէ՝ Իմ անունը սուրբ պահէք ձեր սրտերում: Խօսք դրիր մեր մէջ՝ խնդրելու Քեզ եւ ասելու. ՛՛Սուրբ լինի Քո անունը՛՛ մեզ վրայ: Եւ ահա հաւաքուել են բազում չարագործներ՝ պղծելու Քո անուան տաճարը եւ Քո սուրբ անունը, որ մեզ վրայ է, քանզի թէպէտ մենք տկար ու անարժան ենք, սակայն Դու, Տէ՛ր, պահի՛ր մեզ այս անվայել խայտառակութիւնից: Մարդասէր Տէ՛ր, որ ձգեցիր մեզ այս փորձութեան մէջ, օգնի՛ր մեզ յաղթել Քո զօրութեամբ, որովհետեւ Քոնն է յաղթութիւնը, եւ Քո անունը պիտի յաղթի՝ պահելով մեզ արթուն յոյսով: Թող այս փորձութեամբ մտնենք Քո արդարների դասի մէջ եւ վարձք ունենանք, որ հատուցելու ես իւրաքանչիւր նրանց, ովքեր երկիւղում են Քեզնից եւ պահում Քո հրամանները: Դու, որ փրկեցիր Նոյին ջրհեղեղից, փրկի՛ր եւ մեզ շրջապատող անօրէնութիւններից, քանզի եթէ գազաններին եւ անբան կենդանիներին պահեցիր տապանում, արդեօք չես խնայի Քեզ փառաւորող ու Քո պատկերն ունեցողներին»:
Մինչ Հռիփսիմէն լալագին աղօթում էր, հաւաքուեց ամբոխը, եկան արքունի սպասաւորները, նախարարները եւ աւագանու մեծամեծները, որպէսզի շքադիր պատուով նրան արքունիք տանեն՝ Տրդատ թագաւորին կնութեան եւ Հայոց տիկնութեան համար:
Իսկ նրանք, արտասուագոչ եւ ձեռքերը ողորմագին երկինք բարձրացրած, խնդրում էին Տիրոջը՝ փրկել իրենց պղծութիւնից: Աղաղակում էին եւ ասում. «Քա՛ւ լիցի, թէ հարստութիւնը մեզ մոլորեցնի, կամ փափուկ կեանքը մեզ գայթակղեցնի, թագաւորութիւնները մեզ հրապուրեն, հալածանքները մեզ նեղեն կամ էլ տանջանքները վտանգի ենթարկեն: Կամ արդեօք կը վախենա՞նք մահից, որին մեզ մատնելու են: Քա՛ւ լիցի, թէ անցաւոր կեանքը փոխանակենք յաւիտենականի հետ, որ անանց է, քա՛ւ լիցի, թէ ուրանանք ամենաարարիչ Աստծուն, Ում բոլոր բարիքները մնայուն են եւ ոչ անցողիկ: Ո՛չ խորութիւնները, ո՛չ բարձրութիւնները, ո՛չ վշտերն ու չարչարանքները, ո՛չ կապանքներն ու տանջանքները, ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ ջուրը, ո՛չ հաճոյքները, ո՛չ պատրանքները, ո՛չ հարստութիւնը, ո՛չ աղքատութիւնը, ո՛չ այն աշխարհը, ո՛չ այս աշխարհը, ո՛չ կեանքը, ո՛չ մահը եւ ո՛չ էլ որեւէ մէկը չի կարող մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց, քանզի մենք մեր կուսութեամբ ընծայուեցինք Նրան եւ Նրան աւանդեցինք մեր սրբութիւնները: Նրան ենք յուսացել եւ Նրա սիրոյ փափագով սպասում ենք առանց ամօթի եւ երկիւղի կանգնել Նրա առջեւ»:
Յանկարծ սաստիկ որոտ եղաւ երկնքում, ամբոխն ահաբեկուեց, եւ մի ձայն լսուեց, որն ասաց նրանց. «Զօրացէ՛ք եւ քաջալերուէ՛ք, քանզի Ես ձեզ հետ եմ: Ես պահեցի ձեզ ձեր բոլոր ճանապարհներում եւ անարատ հասցրեցի մինչեւ այս տեղը, որպէսզի հիւսիսային այս կողմերի հեթանոսների մէջ եւս փառաւորուի Իմ անունը: Մանաւանդ դու, Հռիփսիմէ՛, բնաւ մի վախեցիր, որովհետեւ Գայիանէի եւ քո սիրելիների հետ մահից դէպի կեանք պիտի կոչուես: Մի՛ երկնչէք, որովհետեւ պիտի գաք ուրախութեան այն վայրը, որ Ես եւ Իմ Հայրը պատրաստել ենք ձեզ ու ձեր նմանների համար»:
Եւ այսպէս երկար որոտաց Տէրը, մինչեւ որ մարդիկ թմրեցին ահից: Հեծեալների բազմաթիւ երիվարներ, ահից աքացի տալով, շատերին գետին տապալեցին եւ շատերին էլ ոտքի տակ տալով՝ սպանեցին: Շատերն իրար վրայ կուտակուելով՝ սկսեցին միմեանց կոտորել: Աղաղակի ու վայնասունի ձայներ լսուեցին, սաստիկ արհաւիրք ու չարիք տիրեց մարդկանց: Շատերը մեռան, եւ հողը ներկուեց նրանց արեամբ: Արդ, երբ եղաւ այս խառնաշփոթը, արքունի սպասաւորներից ոմանք շտապեցին՝ պատահածները պատմելու թագաւորին: Կային նաեւ գրիչներ[9], ովքեր գրի առան ամէն բան եւ այն ընթերցեցին թագաւորի առջեւ:
Թագաւորն ասաց. «Քանի որ նա չկամեցաւ գալ իր կամքով, շքեղութեամբ եւ պատիւներով, ապա թող նրան բռնութեամբ ապարանք բերեն ու մտցնեն արքունի սենեակ»:
Արդ, սպասաւորները գնացին եւ բռնութեամբ բերեցին սուրբ Հռիփսիմէին՝ մերթ բարձրացրած, մերթ քարշ տալով: Իսկ նա աղաղակում էր եւ ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, օգնի՛ր ինձ…»: Ամբոխը նրա յետեւից փող էր հնչեցնում, գետինը թնդում էր նրանց բազմութիւնից: Այդպէս բերեցին թագաւորի ապարանքը, եւ երբ նրան փակեցին սենեակում, սկսեց աղօթել՝ ասելով. «Զօրութիւնների Տէ՛ր, Դու ես ճշմարիտ Աստուած, Դու էիր, որ ճեղքեցիր Կարմիր ծովն ու անցկացրիր Քո ժողովրդին: Դու էիր, որ ամուր վէմից ջրի վտակներ բխեցրիր եւ խմեցրիր Քո ծարաւած ժողովրդին: Դու էիր, որ Քո ծառայ Յովնանին իջեցրիր ծովի խոր անդունդները եւ վերստին առանց ապականութեան ողջանդամ դուրս բերեցիր եւ կենդանութիւն տուիր՝ ցոյց տալով նրան Քո զօրութիւնը: Դու էիր, որ Դանիէլին գազաններին որպէս կերակուր տուիր եւ ապա փրկեցիր նրան ահաւոր ժանիքներից՝ փառաւոր պահելով նրան նեղողների առջեւ: Փրկեցիր նաեւ երեք մանուկներին, որոնց գցեցին հուրը Քեզ պաշտելու համար, բայց Դու ողջ ու անարատ պահեցիր նրանց, որպէսզի Քո գործերը տեսնելով՝ փառաբանեն Քեզ: Դու խոտաճարակ դարձրիր բաբելացիների դաժան ու անօրէն թագաւորին, որովհետեւ նա չփառաբանեց Քեզ այն հրաշքների համար, որ ցոյց տուիր նրան: Դու նոյն Ինքն ես, եւ Քո տարիները չեն անցնում: Դու ես, որ փառաւորեալ ես ողջ տիեզերքում, թող հեթանոսները չպղծեն Քո սուրբ անունը: Եւ Դու կարող ես փրկել ինձ այս պղծութիւնից, որպեսզի սրբութեամբ մեռնեմ Քո մեծ անուան համար»:
Արդ, մինչ սուրբ Հռիփսիմէն աղօթում էր, եկաւ Տրդատ թագաւորը եւ մտաւ այն սենեակից ներս, ուր նրան փակել էին: Իսկ մարդիկ, ոմանք ապարանքից դուրս, ոմանք՝ փողոցներում, սկսեցին ուրախանալ ու երգել, հարսանեկան պարեր պարել ու կաքաւել: Բայց Աստուած նայեց Իր սիրելի Հռիփսիմէին՝ փրկելու նրան, որ չկորչի այն աւանդը, որ պահել էր զգուշութեամբ, լսեց նրա աղօթքը եւ զօրութիւն տուեց, որ կարողանայ մարտնչել ընդդէմ անօրէն ստամբակի բռնութեան:
Արդ, թագաւորը ներս մտաւ եւ փորձեց բռնութեամբ ստիպել նրան՝ կատարելու իր ցանկութիւնը: Իսկ սուրբ կոյսը, որ զօրացել էր Սուրբ Հոգով, մարտնչեց առնաբար եւ, մաքառելով ժամը երեքից մինչեւ տասը, պարտութեան մատնեց թագաւորին, որն անպարտելի էր համարուած, ցոյց էր տուել իր ուժը Յունաց աշխարհին, զարմացրել բոլորին եւ վերադառնալուց յետոյ էլ իր թագաւորութեան մէջ բազում քաջագործութիւններ արել: Եւ նա, ով այդպիսի մեծահռչակ անուն ունէր, ահա պարտուեց մի աղջկայ կողմից՝ յաղթուելով Քրիստոսի կամքով եւ զօրութեամբ, յոգնեց ու տկարացաւ: Ապա դուրս եկաւ ու հրամայեց սենեակի առջեւ բերել երանելի Գայիանէին՝ վիզը պարան գցած, իսկ ինքը ներս մտաւ: Սպասաւորներին պատուիրեց, որ ստիպեն Գայիանէին դրսից խրատել Հռիփսիմէին՝ թագաւորի կամքը կատարելու համար, որպէսզի փրկուեն թէ՛ ինքը, թէ՛ իրենք:
Եւ նա յանձն առաւ խօսել իր սանի հետ, մօտեցաւ դռանը ու սկսեց խօսել ներսում գտնուող Հռիփսիմէի հետ. «Որդեա՛կ, թող Քրիստոս քեզ հեռու պահի պղծութիւնից եւ քեզ զօրաւիգ լինի: Քա՛ւ լիցի, որ հրաժարուես Աստուծոյ կենաց ժառանգութիւնից այս անցաւոր կեանքի համար, որը ոչինչ է, այսօր կայ, իսկ վաղը չի լինելու»: Երբ իմացան, թէ Գայիանէն ինչ խրատ տուեց, քարերով հարուածեցին նրա բերանին, մինչեւ որ թափուեցին ատամները: Ապա դարձեալ ստիպեցին կատարել թագաւորի կամքը, սակայն նա առաւել եւս հաստատելով՝ ասում էր իր սանուհուն. «Քաջալերուի՛ր եւ ամուր եղի՛ր, քանզի պիտի տեսնես Քրիստոսին, Ում փափագել ես: Յիշի՛ր, որդեա՛կ, այն հոգեխառն սնունդը եւ աստուածային խրատները, որոնցով մեծացրի քեզ: Յիշի՛ր այն բազում հալածանքները, որ միասին կրեցինք, յիշի՛ր այն մահուան բաժակը, որ միասին պիտի ըմպենք: Յիշի՛ր գեհենի յաւիտենական հուրը եւ արդարների անապական պարգեւները, որ պատրաստուած են մեզ համար: Յիշի՛ր աստուածային երկնային խօսքը, որ այսօր լսեցիր քո ականջներով: Այդ խօսքը քաջալերեց ու զօրացրեց մեզ եւ պիտի արժանացնի Իր խոստացած պսակին ու հանգստեանը՝ բնակեցնելով մեզ աստուածային յաւիտենական լուսեղէն օթեւաններում: Այլ մեր Տէրը, մեր թագաւորը եւ մեր Աստուածը, Ով խոնարհուեց մեզ համար, մեզ չի թողնի, քանզի Նրա զօրութեանն ենք ապաւինել: Նա անարգամեծար Տէր է, եւ մեզ՝ Իր աղախիններին, զերծ կը պահի բոլոր մեղքերից: Նրա ամենազօր Աջը պահպանեց մեզ եւ կը պահպանի մինչեւ յաւիտեան, միայն թէ չհեռանանք Նրա սիրուց: Նա կ՚արթնացնի Իր զօրութիւնները եւ կը գայ՝ մեզ փրկելու: Ցոյց կը տայ մեզ Իր երեսը, եւ մենք կ՚ապրենք, որովհետեւ Նա է մեր Փրկիչ Աստուածը, եւ Նրա համար համբերեցինք շարունակ: Յիշի՛ր Տիրոջը, Ով խոնրահուեց, որ մեզ բարձրացնի, թափեց Իր արիւնը խաչի վրայ ու մահ ճաշակեց մեր փրկութեան համար: Պահի՛ր Նրան քո մտքում եւ ողջ սրտով օգնութեան կանչի՛ր: Ահա քեզ օգնութիւն է հասել, քո բազուկները կը զօրացնեն քեզ, ինչպէս պատանի Դաւթին իր բազուկները՝ արջերի եւ առիւծների առջեւ: Նա, որ Իր ծառայ Դաւթի ձեռքով ջախջախեց հսկային, քո առջեւ կը խորտակի նաեւ անօրէնին եւ կ՚արժանացնի մեզ առանց ամօթի դեմ յանդիման տեսնել Իրեն»:
Մինչ թագաւորը պայքարում էր սուրբ Հռիփսիմէի հետ, այս ամէն խօսքերը սուրբ Գայիանէն իր սանին ասում էր հռոմէացիների լեզուով, սակայն արքունի սպասաւորներից ոմանք հասկացան, թէ նա ինչ էր ասում: Այնժամ հեռացրին նրան դռան մօտից: Եւ թէպէտ շատ գանահարեցին, քարերով հարուածեցին երեսին, թափեցին ատամները ու խոշտանգեցին, սակայն նա շարունակ իր սանին նոյնն էր յորդորում:
Իսկ նա, օրուայ ժամը տասից մինչեւ գիշերուայ առաջին ժամը մարտնչելով նրա հետ, յաղթեց թագաւորին: Սուրբ Հոգով զօրացած աղջիկը հարուածներով պարտութեան մատնեց, յոգնեցրեց թագաւորին եւ տկարացնելով ցած գցեց: Թագաւորին թողեց մերկացած իր հանդերձներից, պատառոտուած պատմուճանով, թագի նշանն իրենից ընկած եւ ամօթահար: Թէպէտ պատառոտուեցին նաեւ իր հանդերձները, սակայն նա յաղթող գտնուեց եւ իր անձը սրբութեամբ պահեց: Ուժով բացեց սենեակի դուռը, դուրս եկաւ, ճեղքեց ամբոխը, եւ ոչ ոք չկարողացաւ պահել նրան: Գնալով քաղաքի միջով, հասաւ հնձան, ուր առաջ իրենց կացարանն էր, աւետիս տուեց իր ընկերներին եւ ապա դէպի հիւսիս ուղղուելով՝ հասաւ Արտաշատ տանող ճանապարհի վրայ ընկած մի աւազուտ բարձրավանդակ տեղ:
Եւ այնտեղ ծունր դնելով սկսեց աղօթել ու ասել. «Տէ՛ր ամենայնի, ո՞վ կարող է հատուցել Քեզ մեզ շնորհած բարիքներիդ դիմաց: Դու ամուր պահեցիր Քո հանդէպ ունեցած մեր յոյսը եւ ազատեցիր մեզ գազանի պիղծ ու ապականիչ ժանիքներից: Լաւ է, որ մեռնենք Քո սրբութեան մէջ, քան ձեռք մեկնենք օտար աստուածներին: Դու ես Արարիչը, եւ ամէն ինչ Քեզանից է ու Քո Միածին Որդիով, առանց որի ոչինչ չի եղել: Թող Քո բարի Հոգին առաջնորդի մեզ դէպի ուղիղ Երկիր, դէպի յաւիտենական երկնաւոր բարիքները: Օգնի՛ր առանց ամօթի կանգնելու Միածնիդ առջեւ եւ լինել Նրա աջ կողմում: Նա ստեղծեց մարդկանց սրտերը եւ նայում է նրանց բոլոր գործերին: Մենք էլ, որ Քո ժողովուրդն ենք, Քո արօտի հօտից, արժանացրո՛ւ մեզ մտնել Քո սիրելիների համար պատրաստուած օթեւանները: Շտապում ենք, Տէ՛ր, ելնել մեր մարմիններից, խառնուել Քո սիրելի Միածին Որդու գնդին եւ նրանց թուին, ովքեր սիրեցին մեր Տէր Յիսուս Քրիստոսի երեւելի Գալստեան օրը: Փրկի՛ր մեզ այս պղծութիւնից, իսկ եթէ Քո անուան համար մեզ տանջանքների մատնեն, ապա պատրաստ ենք: Արդարեւ, ցնծում ենք եւ ուրախ ենք Քո սիրով մարտնչել այս պատերազմում, որ վիճակուեց մեզ, քանզի յաղթեց Քո ամենայաղթ զօրութիւնը, եւ մեզ եւս յաղթել տուեց: Նայի՛ր Տէ՛ր, Քո ժառանգութեանը ու Քո ձեռքի գործերին եւ առաջնորդիր մեզ Քո Վերին Երուսաղէմ քաղաքը, որ Քո բարձունքներում է, ուր պիտի ժողովես բոլոր արդարներին, սուրբերին եւ Քո անունը սիրողներին: Թող Տէր Աստուծոյ լոյսը մեզ վրայ լինի»:
Եւ ահա նոյն գիշեր, առջեւում վառ լապտերներով, շուտափոյթ այնտեղ հասան թագաւորի իշխանները եւ դահճապետը՝ դահիճներով հանդերձ: Իսկոյն մօտեցան, ձեռքերը յետեւում կապեցին եւ ուզում էին լեզուն կտրել, բայց նա իր կամքով բացեց բերանը եւ հանեց լեզուն: Հանեցին նրա պատառոտուած հանդերձները, գետնին չորս ցցեր խփեցին, եւ երկուսը ոտքերից ու երկուսը ձեռքերից կապելով՝ պրկեցին նրան: Մօտեցրին կանթեղները եւ կանթեղների բոցով երկար այրեցին ու խորովեցին նրա մարմինը: Նրա գոգը քարեր լցրին, դուրս թափեցին աղիքները եւ մինչ կենդանի էր, փորեցին երանելու աչքերը: Ապա անդամ առ անդամ մասնատեցին նրան՝ ասելով. «Իւրաքանչիւր ոք, ով կը համարձակուի արհամարհել ու անարգել թագաւորի հրամանները, այս օրինակով կորստեան կը մատնուի»: Կային եւ այլ սուրբեր՝ այրեր ու կանայք, ովքեր եկել էին նրանց հետ, աւելի քան եօթանասուն մարդ: Նրանցից ոմանք այդ ժամին հասան այդտեղ՝ կամենալով ամփոփել ու թաղել Քրիստոսի սուրբ վկայուհու մարմնի մասունքները, սակայն սրի քաշելով կոտորեցին նրանց: Նրանք մօտ երեսուն եւ երկու հոգի էին, ովքեր Քրիստոսի սիրոյ համար չվախեցան մահից: Նրանք ուրախութեամբ ասում էին. «Սիրեցինք Քեզ, Տէ՛ր, քանզի լսում ես մեր աղօթքի ձայնը, խոնարհեցրել ես Քո ունկը, եւ մենք Քեզ ենք ուղղում մեր ձայնը: Փա՜ռք Քեզ, որ անարժաններիս չզրկեցիր Քո բարիքներից: Ո՛վ մարդասէր, որ պահեցիր մեզ աչքի բիբի նման եւ Քո թեւերի հովանու տակ ազատուեցինք բազում անօրէնութիւններից: Ահա Քո փառաւորեալ անուան համար ընդունում ենք մահը»: Եւ այսպէս աղօթելով՝ ամէնքը կոտորուեցին:
Նրանցից մէկին սպանեցին հնձանի ներսում, ուր նրանց կացարանն էր: Նա կեանքից հեռանալու պահին աղօթում էր՝ ասելով. «Գոհանում եմ Քեզանից, բարերար Տէ՛ր, որ ինձ էլ չզրկեցիր, քանզի ես հիւանդ էի եւ չկարողացայ քայլել ու իմ ընկերներին հասնել: Սակայն դու, մարդասէր Տէ՛ր, ընդունի՛ր իմ հոգին եւս ու խառնի՛ր Քո սուրբ վկաների գնդին, իմ ընկերների ու քոյրերի, մեր մայր ու առաջնորդ Գայիանէի ու Քեզ սիրող ու մեր դուստր Հռիփսիմէի մօտ»: Այս ասելով՝ երկինք փոխուեց: Նրանց բոլորի մարմինները քարշ տալով դուրս գցեցին, որ կեր դառնան քաղաքի շների, երկրի գազանների ու երկնքի թռչունների համար:
Իսկ թագաւորը մոռացել էր իր նուաստացումը, որի համար հարկ էր ամաչել, որովհետեւ այդչափ անուանի լինելով՝ արիութեամբ գերազանց էր գտնւում պատերազմներում, յունաց օլիմպիադայում հանդէս էր եկել քաջագործութիւններով: Արդ, նա, որ այդքան հզօր էր եւ ամրակազմ, Աստուծոյ կամքով պարտուեց մի աղջկայ կողմից: Սակայն նա չէր մտածում ամօթալի նախատինքի մասին, այլ նրա գեղեցկութիւնը տեսնելու ցանկութեամբ վառուած՝ տրտմել էր աղջկայ մահուան համար եւ սուգով պատուել: «Տեսէ՛ք,- ասում էր,- թէ ինչպէս քրիստոնեաների կախարդական աղանդը շատ մարդկանց մահուան պատճառ է լինում՝ նրանց հեռացնելով աստուածների պաշտամունքից: Արհամարհում են երկրաւոր կեանքի վայելչութիւնը եւ մահից չեն վախենում, մանաւանդ սքանչելի Հռիփսիմէն, որի նմանը կանանցից ծնուածների մէջ երկիրը չունէր: Իմ սիրտը նրա հետ է, եւ ես՝ Տրդատս, քանի դեռ ողջ եմ, չեմ մոռանայ նրան: Բազում են այն վայրերը, որտեղ ես հասել եմ խաղաղութեամբ, բազում են այն երկրները, որոնց ասպատակել եմ ու աւարել, սակայն չեմ տեսել նման գեղեցկութիւն, որը կործանեցին այդ կախարդները: Եւ այնպէս զօրացան այդ կախարդութիւնները, որ անգամ ինձ յաղթեցին»: