Որ Քրիստոսանուէր կոչմամբն ծագեցար որպէս զարեգակն.
Եւ լուսաւորեցեր զՀայաստան աշխարհս աստուածգիտութեամբ.
Տէր սուրբ Գրիգոր, անդադար բարեխօսեա վասն անձանց մերոց:
Որ քոյին առաքինասէր ճգնութեամբդ.
Վերափոխեցար ի լուսեղէն յերկնային խորանսն.
Տէր սուրբ Գրիգոր, անդադար բարեխօսեա վասն անձանց մերոց:
Արեգակն արդարութեան ի Հայաստան ծագեալ.
Պայծառացուցեր սուրբ զեկեղեցի հեղմամբ արեան սրբոցն.
Մաղթանօք սոցա խնայեա ի մեզ պարգեւատու բարեաց եւ ողորմեա քո արարածոց:
(Շարակնոց)
Եկէ՛ք, լուսաւորուէ՛ք խաւարտչին գբի խորքերից Մեծն Գրիգորի՝ հոգիների լուսաւորչի հրաշափայլ ծագմամբ, մտքի տեսութեամբ միաբան անցէ՛ք ահաւոր խորհրդի միջով եւ խորհէ՛ք, թէ այս ի՞նչ էր, որ Տէրը ցոյց տուեց մեզ: Ո՜հ զարմանք, այսօր երկրից դէպի վեր է ճառագայթում իմանալի արեգակը, որպէսզի մեզ երկրից երկինք հրաւիրի: Խոր գերեզմանից դուրս է գալիս ոչ թէ ինչպէս չորեքօրեայ մեռած Ղազարոսը, այլ նա, որ տասնչորս տարի մեռած էր համարւում, որպէսզի հոգով մեռածներիս այս կեանքից անմահութեան վերափոխի: Ոտքի տակ տալով մահաթոյն վիշապին՝ անապական դուրս է գալիս թունաւոր զեռուների մէջից, որպէսզի մենք էլ կարողանանք ոտքի տակ տալ ապականարար բոլոր ախտերին՝ օձերին, վիշապներին եւ թշնամու ողջ զօրութեանը: Նա, ով մաքուր էր հոգով, չարչարուեց մեզ համար, սրբուեց կաւից եւ տղմից, որպէսզի սուրբ Աւազանով վերստին ծննդեամբ մաքրի մեր հոգիների աղտեղութիւնը եւ մեղքերով ծանրաբեռնուածներիս հանգստացնի Աստուծոյ մօտ:
Եւ սա ո՞ր երախտիքների դիմաց, քանզի Աստուծոյ բարերարութեան դիմաց մեր ապերախտութիւնն է, մեր Տէր Աստուծոյ արդարութեան դիմաց՝ մեր երեսի ամօթը, որով արդարանում է Սուրբ Գրքի այն խօսքը, թէ «Ուր որ մեղքը շատացաւ, շնորհն առաւել ևս շատացաւ»[1] : Այդ պատճառով ուրախանանք այսօր: Աստուծոյ շնորհները նրա անպատմելի պարգեւների մէջ էին, նրա, ում հանդէպ ապաշնորհ եղանք, քանզի մերն են մեր նախահայրերի յանցանքները, ովքեր չարչարեցին Գրիգորիսին անտանելի տանջանքներով: Մենք, որ ցանկացանք գլխովին նսեմացնել նրա արփիազգեստ անձը եւ մարել մեր մէջ բազմալոյս ճառագայթը, զրկել նրան կեանքի լոյսից՝ դատապարտելով վիրապընկեց պատժով, սակայն Վիրապից նրա եօթնապատիկ լուսափայլ ծագմամբ Աստուած ընտրեց նրան լուսատու լինել մեղքով խաւարած մեր անձանց համար:
Եւ դա այդպէս է՝ հռչակուած անտարակոյս խոստովանութեամբ և հանդիսական տօնախմբութեամբ: Եթէ Աստուծոյ ամենաբարի բնութիւնից յետոյ լինի մեզ բարերար մէկը, նախ եւ առաջ նա կը լինի մեզ իրաւամբ ճանաչելի եւ գործերով մեծարելի: Քանզի եթէ այսպէս են մարմնաւոր ծնօղները՝ որպէս երկրորդ պատճառներ առաջին անպատճառական Պատճառից յետոյ, ապա նրանցից որքա՞ն առաւել է մեր գորովագութ, աստուածանման սիրով լի, պարծանքի հայր տէր Գրիգորիսը: Եւ եթէ պատուիրուեց. «Պատուիր քո հօրն ու մօրը», որքա՞ն առաւել պարտաւորութիւն ունենք արժանաւորապէս պաշտամունքով պատուասիրել հոգիների հօրը՝ նրա լուսաւոր վարդապետութեան ունկնդրութեամբ եւ նրա առաքելաւանդ կանոնների պահպանութեամբ:
Մանաւանդ թէ ըստ Գրիգորի ակնարկութեան՝ նրանից յետոյ եւ նրա հետ միասին վերապատուելի է ինքնին մեր մայրը՝ մեր հօր օգնականը: Ո՞վ է նա, եթէ ոչ սուրբ կոյսերի մէջ սքանչելին՝ անարատ Հռիփսիմէն, որը գբում տիրապէս մեզ միջնորդ եղաւ Գրիգորի մօտ, ըստ ամենայնի որպէս արուսեակ ծագեց Հայոց աշխարհում որպէս սուրբ Գրիգորի արփիի նախընթաց:
Իմացէ՛ք եւ տեսէ՛ք, Թորգոմի որդինե՛ր, /ստուգապէս անդադար հնչում է մեր ականջներում Լուսաւորչի ձայնը/, քանզի Տէրը հրաշք գործեց: Անքննելի են Նրա խորհուրդները եւ անհասանելի է արարչական սիրով նախախնամութիւնը, քանզի ամէնքի Տէրը այցելեց ձեզ ոչ թէ ձեր ծանօթների ու մերձաւորների, այլ անծանօթ, օտար, ձեր կողմից անարգուած եւ մերժուած հիւրի միջոցով: Քանզի այն վէմը, որն անարգեցիք շինողներդ ու գցեցիք Արտաշատի Խոր վիրապը, Տէրը ձեզ համար անկիւնաքար դարձրեց:
Ոչ փոքր հրաշք է եւ այն, որ սուրբ քարերը, որոնք կաթողիկէ Եկեղեցու շինութեան համար էին, ցած ընկան ձեզնից, սակայն երկնաւոր Ճարտարապետը կանգնեցրեց դրանք որպէս պարիսպ ձեր հոգիների նորոգութեան համար: Քանզի իմաստուն կոյսերի դասը, որոնց չարաչար մահուամբ զրկեցիք կեանքից, Սքանչելագործը ձեռնարկեց նրանց ձեռամբ նոր կեանքով յարութիւն տալ ձեզ: «Արդ, եթէ ինձ ընդունում էք որպէս երախտաւոր հայր, նրանց էլ ճանաչէք երախտաւոր հոգեւոր մայրեր, քանզի այդ կոյսերից շատ ազգեր ծնուեցին: Հապա ուրեմն, նրանց սրբութեան գրկում կրթուած լինելով պահեցողութեամբ եւ աղօթքներով, աճեցէ՛ք հաւատով՝ առաջադիմելով ի Քրիստոս: Քանզի եթէ իր նահատակութեամբ Հռիփսիմէ կոյսը չերկնէր Հայաստան աշխարհը, ես չէր կարող մի ամբողջ ազգ ծնել: Եւ եթէ կոյսի արիւնը չբարեխօսէր ձեզ համար, Տէրն ինձ չէր առաքի մշակել ձեր ամայացած այգին»:
Ըստ քերթողահօր ճահագրութեան[2]՝ Նա ինքը՝ փառաւորեալ վկայուհին եւ Քրիստոսի հարս սուրբ Հռիփսիմէն, իր նահատակութեան օրը աւետիս տարաւ Վիրապ՝ խորհրդաբար առձայնելով. «Քեզ աւետի՛ս, երկնաւոր նահատա՛կ եւ փրկութեան քարո՛զ, բազմափայլ ճառագա՛յթ, որ փակուած ես գբի մէջ: Ահա քեզ օգնութեան եմ հասնում՝ իմ կուսութեան թեթեւընթաց ամպով սլանալով Արեւմուտքից դէպի Արեւելք: Եկայ՝ քո վայրերում ծագեցնելու իմ հայրերի՝ Պետրոսի եւ Պօղոսի Աւետարանի տիեզերածաւալ լոյսի փայլակնաբորբ ճառագայթը, վանելու, փարատելու խաւարի մէգը, որ արգելելով փակել է քո՝ կենդանի լոյսիդ ճառագայթը: Ով մե՛ծ լուսատու, քաղցրանուագ քո լոյսով ծագի՛ր խոր անդունդներից, որ պերճացնես քո սուրբ հայրերի՝ Թադէոսի եւ Բարդուղիմէոսի Աւետարանի լոյսով Հիւսիսի աշխարհարձակ ճառագայթալոյս փայլատակումը: Խփի՛ր քո արեգակնային խորանը, ելի՛ր, արդարութեան Արեգա՛կ, ընթացի՛ր ցնծութեամբ՝ ողջոյն տալու արիւնազգեստ հարսին, որ ճգնելով մարտիրոսական արեամբ՝ եկել է Անմահ Փեսայի հարսնանման խորան: Ահա բացեցի երկինքը, որ հնչի Սուրբ Հոգու որոտմունքը քո դաշտում, քաղցրութեան ցօղ ցօղուի հովիտներում, արեամբ ոռոգելու եւ զուարթացնելու քո արդարութեան պտուղները՝ քո բոյսերի ցօղը, յոգնա՛ծ հողագործ: Ահա իմ կուսական հանդիսամարտով խլեցի անէծքի փուշը եւ մեղքի տատասկը քո անդաստանից: Ելի՛ր, քա՛ջ սերմնացան, սերմանի՛ր Աւետարանի լուսաւոր սերմերը, որպէսզի երբ գայ հունձի ժամանակը, ցնծա՛նք միասին: Ահա իմ եւ քո խառնուած արեան վտակները հանգցնում են խաւարի բոցը, վառելով բորբոքում աստուածային լոյսի հուրը՝ սրբելու քո արեամբ ներկուած անդաստանները: Ելի՛ր, քրտնաջան մշա՛կ, տնկի՛ր կենաց որթը: Յուրախութիւն վերնայինների եւ ներքինների՝ իմ հարսանեաց տաճարում պատուի՛ր Հօր ձեռքով մշակուած ծաղկած ողկոյզը եւ քո սուրբ աջով ճմլուած խաղողի արիւնը: Ահա ճմլւում եմ քո հնձաններում իմ կուսութեան բաժակով՝ անմահութեան տանելով քո ժողովրդին, հրով եւ սրով կոտորուածներին՝ մեր վարդապետութեան ծաղիկներին: Ելի՛ր, պսակներ հիւսի՛ր քո նոր ժողովրդի համար, որպէսզի դրանցով մտնեն մեզ մօտ՝ լուսեղէն յարկերը»:
Այսպէս մաքուր աղաւնին՝ սուրբ Հռիփսիմէն, ձիթենու ճիւղը բերանին՝ որպէս Հայոց աշխարհի հետ Աստուծոյ հաշտութեան նշան, խորհրդաբար աւետարանեց Վիրապում եւ Հոգու աւետիս տուեց երկնաւոր նահատակին, ով իջել էր անդունդի խորքերը, ինչպէս Նոյը տապանի ծոցում եւ Արարատ լերան վրայ: Այս մեծ աւետիսին էր սպասում մեր նահապետը, Խոր վիրապում տասնհինգամեայ տքնեալը, աշխարհիս հայրը՝ արթուն Գրիգորը, հոգեւոր լոյսի ճառագայթը, Միածնի քարոզիչը եւ մեծ Լուսաւորիչը:
Երկնքից եւ երկրից խնկերի անոյշ բուրմամք Բարձրեալին աղօթքներ էին հասնում շուտ նահատակութեան եւ աստուածառաք մեզ այցելութեան համար: Վերից Հռիփսիմէն էր իր երամով բարեխօսում Հայոց աշխարհի համար, ինչպէս Տէրն աղօթեց խաչը հանողների համար, իսկ այստեղից՝ գբից, Գրիգորիոսը սրտի խորքերից ձայն էր բարձրացնում՝ աղօթելով Ստեփաննոսի հետ քարը նետողների համար:
Այնժամ քաղցրացաւ Մարդասէրի գութը մեզ վրայ: Եւ քանի որ Տէրն ում սիրում է, նրան խրատում է, տանջում է իւրաքանչիւր որդու, ում ընդունում է, նախ բարկութեան գաւազանով արթնացրեց աշխարհը՝ յիմարութիւնը իմաստութեան փոխարկելու, պատուհասուած թագաւորին, մեծամեծներին եւ առհասարակ ամէնքին Իր սուրբ երկիւղով կրթելու համար, մինչեւ որ մարդիկ իրենց բժշկութեան համար Վերին օգնականութիւնը խնդրեն: Ապա Իր հրեշտակին առաքեց արքայական տնից պարկեշտ, անարատ կենցաղավարութեամբ, ի բնէ մաքուր մի կոյսի մօտ: Նա Տրդատ արքայի քոյրն էր՝ Խոսրովիդուխտը: Տէրը հրաշափառ տեսիլքով այցելեց նրան, եւ նա մէկ, երկու եւ աւելի անգամներ պատուիրեց Արտաշատի Վիրապից դուրս բերել բանտուած Գրիգորին, որպէսզի նա բժշկի մարդկանց եւ աստուածգիտութեամբ լուսաւորի Հայաստան աշխարհը: Եւ լսեցին նրան. Օտայ անուամբ աւագ նախարարը, ով չէր հաւատում եւ համարում էր Գրիգորին որպէս վաղուց մեռած, ողջ գտաւ նրան եւ, իջեցնելով պարանը, խնդութեամբ դուրս բերեցին Աստուծոյ երանելի այր, առաքելանման նահատակ սուրբ Գրիգորին, ինչպէս Յովսեփի եղբայրները՝ Յովսեփին:
Արդ, անդունդների խորքերից ծագեց արփիական Գրիգորը որպէս նոր արեւ: Արտաքուստ ծածկուած էր ամպով, թխամած եւ տանջուած էր մարմնով, սակայն դա հոգիների Լուսատուի հոգու պայծառութեան մեծ նշան էր: Որի համար իսկոյն գալով Վաղարշապատ՝ արքունի տուն, ծագեց որպէս գերարփի արեգակ Արամի տան վրայ: Լոյսը տեսնելով՝ երկար գիշերից յետոյ ցնծաց համայն Հայաստան աշխարհը, տեսաւ ցերեկուայ մեծ լուսատուին՝ աստուածապարգեւ Գրիգորին եւ անյապաղ դիմեց նրան՝ հրաշանշան զօրութեամբ հին երկիրը նորով կերպարանելու համար: Դիմեց, որպէսզի լուսազարդի, սփոփի եւ կենդանացնի իրենց, որ պատուած էին հեթանոսութեան թանձր մառախուղով եւ կարծում էին, թէ անհնար է ազատուել անտանելի հարուածներից: Դիմեց, որ աղօթքներով եւ պահեցողութեամբ բժշկի ախտով տառապողներին, մարմիններից, բայց աւելի շատ հոգիներից հալածի խաւարասէր դեւերին, քանզի երբ ծագի լոյսը, ինչպէ՞ս չի հալածուի խաւարը, կամ երբ ծագի ճշմարտութիւնը, ինչպէ՞ս չի նահանջի սուտ մոլորութիւնը:
Եւ արդ, ժամանակը չէ պատմելու մեր հոգիների եօթնաջահ լուսատուի մեծամեծ գործերի մասին, որ արեց Վիրապից ելնելուց յետոյ: Ասենք շատից քիչը՝ նոյն օրը սուրբ Հռիփսիմեանց կոյսերի նշխարների ամփոփումը, վաթսուն եւ հինգ օր թագաւորին եւ ողջ ժողովրդին աստուածպաշտութեան խորհուրդը լուսաւոր վարդապետութեամբ քարոզելը, թագաւորի գործակցութեամբ մեհեանները եւ բագինները աւերելը, բոլոր տեղերում տէրունական խաչեր կանգնեցնելը: Ապա երկնաւոր կոչմամբ հրաւիրուեց ընդունելու քահանայական կարգը, որի համար գնաց Կեսարիա եւ Հայոց աշխարհի քահանայապետութեան համար ձեռնադրուեց սուրբ Ղեւոնդ պատրիարքի կողմից: Եւ գալով մկրտեց Տրդատ թագաւորին եւ ողջ աղգին: Շինեց եկեղեցիներ եւ արեգակի փայլով լուսազարդ պայծառացրեց արեւելեան մի ամբողջ ազգ:
Սա էր Լուսաւորչի Վիրապից ելքի համառօտ պատմութիւնը: Սա էր նոր արփիի ծագումը, որ Հայաստան աշխարհը ծայրէծայր լցրեց իր լոյսով: Եւ նրա սքանչելահրաշ փայլման աննուազ զօրութիւնը յաւերժ կը լինի մեր մէջ: Բայց միայն Աստուծոյ կամքով մեր հայրը մեզ Լուսաւորիչ եղաւ ու կոչուեց, որպէսզի մենք էլ լուսաւորուելով միշտ լինենք լուսածնունդ հարազատ զաւակներ: Խաւարասէր մտքով չփակենք մեր սրտերի պատուհանները ընդդէմ միջօրէի լուսաւորութեան: Չփակենք մեր հոգիների իմանալի աչքը երկնաւոր իմաստութեան պայծառութեան առջեւ: Հաղորդ չլինենք խաւարի անպտուղ գործերին եւ կուրօրէն չընկնենք դէպի կորուստ տանող ճանապարհների խորխորատները: Ո՛չ ձեզ, ո՛չ ձեր ընկերոջը մի՛ գայղակղեցրէք, որ չգլորուէք անդնդային վիրապի մէջ, այլ միմեանց օգնական լինելով՝ փութացէ՛ք վեր ելնել խաւարից դէպի լոյս: Գիշերուանը չենք, խաւարինը չենք: Զգաստացէ՛ք եւ շրջէ՛ք ցերեկուայ մէջ որպէս լուսոյ եւ ցերեկուայ որդիներ: Եւ դու, բոլորիս լուսատու հա՛յր, Թորգոմի տան արեւի գեղեցկագոյն լո՛յս, պարթեւազարմ Գրիգո՛ր, հսկող հովի՛ւ եւ վարդապե՛տ ճշմարտութեան, խոստովանօղ վկա՛յ եւ բազմաչարչար նահատա՛կ, որ միշտ կենդանի ես մեր մէջ, լուսացնցուղ ճառագայթներով արթնացրո՛ւ քո զօրութիւնը երկնի բարձունքներից եւ մեր հոգիների անդաստաններում տնկի՛ր ամէն տեսակ բարիքներ տուող բերքեր: Ծաղկեցրո՛ւ պէս-պէս առաքինութիւններ քո արեամբ ոռոգուած աստուածատունկ դրախտում: Պտղաբերի՛ր տեսակ-տեսակ բարեկարգութիւններ զօրութիւնների Տիրոջ այգում, որը տնկեց անեղական Աջը եւ այն մշակեց երեսիդ քրտինքով: Ջերմացրո՛ւ պաղած մեր սրտերը աստուածպաշտութեան եռանդով, լուսազարդ գեղեցկութեամբ պայծառացրո՛ւ քո սուրբ եկեղեցին, որպէսզի այնտեղ որպէս փայլող պատուական քարեր՝ մեր կեանքի բոլոր օրերում պաշտենք քեզ սրբութեամբ, արդարութեամբ եւ ուղղափառ վարդապետութեամբ: Քեզնով ճանաչեցինք մեր Արարչին, կեանք Տուողին եւ Նորոգողին՝ ամենակալ Հօրը, Միածին Որդուն եւ կենդանարար Սուրբ Հոգուն: Եւ մենք հոգով եւ ճշմարտութեամբ երկրպագում ենք Սուրբ Երրորդութեանը եւ մի Աստուածութեանը, Որին փառք, պատիւ եւ իշխանութիւն յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Արդ, Վիրապից ելնելուց յետոյ
- 302-303թթ. Տրդատ Գ թագաւորի օժանդակութեամբ Վաղարշապատ մայրաքաղաքում հիմնել է ամենայն հայոց կաթողիկոսութեան կենտրոնը՝ Վաղարշապատի սուրբ կաթողիկէ եկեղեցին, հայոց առաջին եկեղեցին, որի համար ընտրել է տեսիլքում հրեշտակի ցոյց տուած ոսկէ խարսխի վրայ հառնող հրեղէն սեան լուսէ խաչի տեղը: Լոյսով պաճուճուած Միածին Որդին իջել է այդտեղ եւ ձեռքի ոսկէ մուրճը գետնին զարկելով՝ նշադրել է տաճարի հիմնադրման տեղը:
- 303 թուականին պաշտօնապէս հիմնել է Հայաստանեայց առաքելական սուրբ Եկեղեցու հոգեւոր եւ նուիրապետական գերագոյն իշխանութիւնը՝ ամենայն հայոց կաթողիկոսութիւնը:
- 303 թուականի յունուարի 6-ին Սուրբ Ծննդեան եւ Աստուածյայտնութեան տօնի օրը Բագաւանում (Արածանիի ակունքների մօտ) մկրտել է Տրդատ թագաւորին եւ ողջ արքունիքին:
- 305 թուականին ս.Լուսաւորչի կողմից վերանորոգուել է Գողթն գաւառի (այժմեան Նախիջեւանի Օրդուբադի շրջան) Ագուլիսի սուրբ Թովմա առաքեալ վանքը, որն առաջին դարում հիմնադրել է Բարդուղիմեոս առաքեալը:
- Հաստատել է Հայ Եկեղեցում ընդունուած խորհրդապաշտական աղօրհնեքի օրհնութեան արարողութիւնը՝ ըստ ս.Սահակ Պարթեւի եկեղեցական կանոնների եւ ս.Ներսէս Շնորհալու «Թուղթ ընդհանրական»-ի:
- Չորրորդ դարի սկզբում հիմնադրել է Աղջոց ս.Ստեփանոս վանքը՝ որպէս կուսանաց վանք՝ Տրդատ Գ արքայի հալածանքներից փախած եւ այդտեղ ապաստանած Ստեփանոս քահանայի նահատակման տեղում (ներկայիս ՀՀ Արարատի մարզում, Գեղարդավանքից 7 կմ հարաւ-արեւելք):
- Չորրորդ դարի սկզբում հեթանոսական սրբավայրի տեղում հիմնադրել է Գեղարդավանքը (ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գիւղից հիւսիս-արեւելք, Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին):
- Չորրորդ դարի սկզբում, Հայաստանում քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակուելուց յետոյ (301թ.) հիմնադրել է Արցախում առաջին վանքը՝ Ամարասի վանքը (ԼՂՀ, Մարտունու շրջանի Մաճկալաշէն գիւղի մօտ, Խազազ եւ Լուսաւորիչ սարերի միջեւ ընկած գոգահովտում): Վանքի կառուցումն աւարտել է նրա թոռը՝ Արցախի առաջին եպիսկոպոս սուրբ Գրիգորիսը (թաղուած է նոյն վանքում):
- 305 թուականին հիմնել է Սեւանավանքը Սեւանայ լճի կղզում եւ հեթանոսական մեհեանի տեղում կառուցել է ս.Յարութիւն եկեղեցին:
- Հաստատել է խաղողօրհնէքի արարողակարգը: Խաղողի օրհնութեան արարողութիւնը սերում է նաւասարդեան տօնից, որը մեծ շուքով կատարել են նախաքրիստոնեայ Հայաստանում՝ հայոց թագաւորների, նախարարների, աւագանու եւ ժողովրդի մասնակցութեամբ: Երինջներ, ցուլեր, քաղցրահամ մրգեր են զոհաբերել Արամազդ, Անահիտ, Աստղիկ, Վահագն հեթանոսական աստուածներին: Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը, տեսնելով հեթանոսական այս տօնի խոր արմատները ժողովրդի մէջ, Սուրբ Աստուածածնի Վերափոխման տօնին կցել է խաղողօրհնէքի արարողակարգը:
- Եղել է Յովհաննավանքի (ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավանք համայնք) հիմնադիրը եւ առաջին վանահայրը: Այստեղ է ամփոփել ս. Յովհաննէս Մկրտչի մասունքները:
- Հաստատել է Աթանագինէս եպիսկոպոսի տօնը Հոգեգալստեան առաջին կիրակիին յաջորդող հինգշաբթի օրը:
- Ամփոփել է Հռիփսիմեանց կոյսերի մարմիննեը տապաններում ու թաղել նրանց նահատակութեան վայրերում եւ սրբադասել:
- 312 թուականին հիմնել է Մշոյ սուրբ առաքելոց վանքը առաքեալների՝ Հռօմից բերուած մասունքների վրայ:
- 323 թուականին ամփոփել է սուրբ Մանէի նշխարները, ով երկար տարիներ ճգնում էր Եկեղեաց գաւառի Սեպուհ լերան մի այրում: Ապա առանձնացել է նոյն Մանէայ այրում եւ ճգնութեամբ կրօնաւորել:
- Չորրորդ դարի սկզբին Կեսարիայում ձեռնադրուելուց յետոյ Հայաստան է բերել սուրբ Յովհաննէս Մկրտչի եւ սուրբ Աթանագինէի մարմինները եւ թաղել Իննակնեան կոչուող վայրում, որը Գիսանէ եւ Դեմետրէ հեթանոսական կուռքերի պաշտամունքի վայր էր, եւ այդ մասունքների վրայ էլ կառուցում Մշոյ սուրբ Կարապետ վանքը (Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գաւառում, Մուշից հիւսիս-արեւմուտք, Քարքէ լերան լանջին): Նա առաջին վանահայր է կարգել Զենոբ Գլակին, որի անուամբ վանքն անուանուել է նաեւ Գլակավանք: Այն կոչուել է նաեւ Իննակնեան՝ ինն աղբիւրների մօտ կառուցուած լինելու պատճառով:
- Հիմնադրել է Որոտնավանքը (ՀՀ Սիւնիքի մարզի Վաղատին գիւղից 2 կմ հարաւ-արեւելք, Որոտան գետի կիրճի եզրին, այժմ՝ աւերակ): Վաղ միջնադարում եկեղեցին յայտնի է եղել որպէս օձի խայթոցները բուժելու իր զօրութեամբ եւ դարձել նշանաւոր ուխտատեղի:
- Հիմնել է Սաղմոսավանքը (ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսաւան գիւղի արեւելեան կողմում, Քասախ գետի աջ ափին, կիրճի եզրին):
- 921 թուականին Սեպուհ լերան վրայ՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի նշխարների վրայ, Յովհաննէս Ե Դրասխանակերտցի կաթողիկոսի կողմից հիմնուել է Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ վանքը Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարաղանեաց եւ Եկեղեաց գաւառների սահմանում՝ Սեպուհ լերան վրայ:
[1] Հռոմ. Ե 20:
[2] Ճահագրութիւն – քաջայարմար գրութիւն, արուեստական կամ ճարտար գրուածք:
Վերցված է՝ https://shavigh.am/ կայքից