Էջմիածինն ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ նմա,
Ձայնք հնչեցին սանդարամետք անդնդոց:
Տեսեալ զլոյս մեծ հայրապետին Գրիգորի.
պատմէր ցնծութեամբ հաւատացեալ արքային:
Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ,
Քանզի ի սմա ծագեաց մեզ լոյս ի Հայաստան աշխարհի:
(Շարակնոց)
Արդ, եղբայրնե՛ր, եկէք պատմեմ ձեզ Արարչի ձեր հանդէպ ունեցած սիրոյ ապացոյցը, որ երեւաց ինձ ահաւոր տեսիլքով: Ես տեսայ Աստուծոյ էջքը Իր սուրբ վկաների մօտ, սրանց անհամեմատ մեծութիւնը եւ անճառելիների մօտ դէպի վեր բարձրանալը երկնքի արքայութեան անզուգականութեան մէջ: Նա ինձ յայտնեց ձեզ շնորհուած կեցուցիչ տւչութեան մասին, որ պիտի լինի եւ ցոյց տուեց աստուածային, սքանչելի, անպատում տեսիլք, որը փոքր ի շատէ յանգամանալից կը պատմեմ ձեզ:
Այս գիշերուայ կէսին, մինչ դուք աշխատանքի ծանրութիւնից ու տքնութիւնից յոգնած քուն էիք մտել, ես դեռեւս արթուն էի եւ մտորում էի աստուածային ողորմութեան անքնին հրաշքների յանկարծահաս կատարուելու, Նրա այցելութեան եւ ձեզ աստուածային գիտութեան վարդապետութեան հանճարագիտութեան խրատների բովի մէջ առնելու մասին: Խորհում էի նաեւ վկաների իրենց սիրելի Արարչի հանդէպ ունեցած սիրոյ եւ փոխարէնը նրանց համար պատրաստուած անճառելի հատուցման մասին, եւ թէ այն ինչպիսին է լինելու:
Յանկարծակի սաստիկ ձայն լսուեց, որոտման թնդիւն, ահաւոր դղրդիւն՝ փոթորկուած ծովի խռովեալ ալիքների սաստիկ ձայնի նման: Բացուեց երկնքի հաստատութեան խորանաշէն յարկը, եւ մի այր՝ լուսեղէն կերպարանքով, կանչեց իմ անունը եւ ասաց. «Գրիգո՛ր»: Ես նայեցի ու տեսայ Նրա կերպարանքը եւ զարհուրած ու դողալով գետին ընկայ: Նա ինձ ասաց. «Նայի՛ր վերեւ եւ տե՛ս այն հրաշքները, որ ցոյց եմ տալու քեզ»: Եւ ես նայելով տեսայ երկնքի բացուած հաստատութիւնը եւ նրա վրայի ջրերը՝ ճեղքուած հաստատութեան նման, քանզի ձորերի ու լերան կատարներների նման այս ու այն կողմ կուտակուած ու բաժանուած էին՝ անբաւ ու անկշռելի աչքի համար: Լոյսը հոսելով վերեւից ներքեւ մինչեւ երկիր էր հասնում, իսկ լոյսի հետ՝ անթիւ, անհամար, հրեղէն երկու թեւերով լուսեղէն զօրք՝ մարդկանց կերպարանքով: Ինչպէս որ արեգակնակէզ գարնան ժամանակ պատուհանների կամ երդիկների լուսանցոյցի վրայ մանրամաղ փոշու բազմութիւնը խաղում է շողերի մէջ, այդպէս էլ զօրքը լոյսի հետ լցրեց ողջ երկիրը: Լոյսն առաջ եկաւ, եւ զօրքը՝ նրա հետ:
Եւ առջեւից ընթանում էր մի ահազդու կերպարանքով, բարձր ու ահեղ մարդ. նա վերեւից մինչեւ ներքեւ էջքի առաջապահն էր: Ձեռքին ունէր ոսկէ մեծ ուռ[1], եւ բոլորը գալիս էին Նրա յետեւից: Խոյանալով արագաթռիչ արծուի նման՝ Նա գալիս էր սլանալով, իջաւ քաղաքի մէջտեղը եւ հասաւ երկրի յատակը: Հարուածեց լայնատարած գետնին, սոսկալի դղրդիւն հնչեց անդունդների սանդարամետից, եւ ամբողջ տեսանելի երկիրը, որքան աչքը կարող էր տեսնել, հարթուեց, հաւասարուեց ու դաշտաձեւ դարձաւ:
Եւ քաղաքի մէջ՝ արքունի ապարանքի մօտ, տեսայ խոշոր բլրի չափ ճախարակաձեւ ոսկէ խարիսխ, նրա վրայ յոյժ բարձր հրեղէն սիւն, իսկ նրա վրայ էլ՝ լուսեղէն խաչով ամպէ խոյակ: Նայեցի ու տեսայ երեք այլ խարիսխներ. մէկն այն տեղում, ուր նահատակուեց սուրբ Գայիանէն իր երկու ընկերների հետ, մէկն այն տեղում, ուր նահատակուեց սուրբ Հռիփսիմէն իր երեսուներկու ընկերների հետ եւ մէկը՝ հնձանի տեղում: Այդ խարիսխները կարմիր էին՝ արեան գոյնով, սիւներն ամպեղէն էին, իսկ խոյակները՝ հրեղէն: Երեք սիւների վրայ կային լուսեղէն խաչեր՝ տէրունական խաչի նմանութեամբ: Սիւների խաչերն իրենց չափով հաւասար էին նրանցից վեր եղող խոյակի լուսեղէն սեանը: Չորս սիւների խաչերի վրայ զարմանատես կամարներ միմեանց կապուեցին եւ դրա վրայ գմբեթաձեւ աստուածակերտ, զարմանալի ամպեղէն շինուածք տեսայ: Խորանից ներքեւ՝ կամարների վրայ, տեսայ այս երեսունեօթ սուրբ վկաներին՝ սպիտակազգեստ եւ լուսաւոր կերպարանքներով, որն անկարող եմ պատմել:
Շինուածքի կատարին տեսայ զարմանահրաշ, աստուածակերտ, սքանչելի, հրեղէն աթոռ, որի վրայ կար Տէրունական Խաչը: Համատարած լոյսը, պարուրելով նրան, խառնուեց Խաչի ճառագայթներին եւ մօտենալով միաձուլուեց: Շողացող լոյսը սիւն դարձաւ եւ թափանցեց խարիսխների ներքին սիւների մէջ:
Եւ յորդաբուխ աղբիւր բխեց, հոսեց, ծաւալուեց բոլոր դաշտերում, լցուեց ամենուր, որքան աչքը կարող էր տեսնել: Դարձաւ լի ու կապուտակ ծով, եւ բոլոր դաշտերն առհասարակ երկնագոյն երեւացին: Եւ տեսայ հրեղէն սեղանների բազմութիւն՝ անթիւ, անհամար. ամէն մի սեղանի վրայ մէկ սիւն՝ մէկ խաչով, որոնք սաստիկ փայլելով երեւում էին, ինչպէս աստղերի բազմութիւն:
Տեսայ սեւագոյն այծերի անհամար հօտեր, որոնք ջուրն անցնելով՝ փոխեցին իրենց գոյնը եւ սպիտակ ոչխարներ դարձան: Նրանց լուսակէզ բուրդը համատարած փայլում էր եւ ճառագայթներ արձակում: Մինչ նայում էի, յանկարծակի հօտեր ծնուեցին, բազմացան ու լցրեցին վայրերը: Ծնուած գառներն ամբողջովին լուսակէզ էին: Յանկարծ այլ ծնունդներ եղան, շատացան, բազմացան, եւ կէսն, ընկնելով ջրի մէջ, այն կողմը ելան: Եւ գառները թուխ գայլեր դարձան, ելան յարձակուեցին հօտերի վրայ, սկսեցին կոտորել նրանց, եւ արեան ճապաղիք եղաւ: Եւ մինչ նայում էի, տեսայ, որ ահա հօտերը թեւեր առան, թեւաւոր դարձան ու վերացան խառնուեցին լուսեղէն զօրքին: Հրեղէն հեղեղ բարձրացաւ եւ վերցրեց տարաւ գայլերին:
Եւ ես զարմացած նայում էի: Այն այրը, որ առաջ կանչել էր իմ անունը, ցոյց տուեց ինձ եւ ասաց. «Ո՛վ մարդ, ինչո՞ւ ես զարմացել, չե՞ս ընկալում Աստուծոյ մեծամեծ գործերը»: Ես ասացի. «Ինչպէ՞ս, Տէ՛ր»: Եւ ասաց ինձ. «Այս տեսիլքը քեզ ցոյց տրուեց, որ իմանաս: Դու տեսար բացուած երկինքը. իմացի՛ր, որ բացուել են Քրիստոսի մարդասիրութեան դռներն Իր արարածների համար: Իմացի՛ր, որ որոտման հնչող ձայնը նշանակում է, որ Աստուծոյ գթութեան եւ ողորմութեան անձրեւն է իջնում: Ահա բացուած են երկնքի դռները, բացուած են նաեւ նրա վրայ եղած ջրերը, որ այս աշխարհի մարդկանց համար վեր ելնելու արգելք չլինի: Իսկ այս սուրբ վկաները, որ նահատակուեցին այստեղ, ճանապարհ հարթեցին հիւսիսային[2] կողմերի համար, քանզի իրենք վեր ելան եւ ուղղեցին այլոց շաւիղները:
Լոյսը, որ լցրեց այս վայրերը, Աւետարանի քարոզութիւնն է, որը տարածուելու է նաեւ դէպի հիւսիս: Լուսեղէն զօրքերը փափագում էին խոնարհուել դէպի վկաների վարդագոյն արեան անոյշ, ծաղկանման բուրմունքը, եւ այսուհետ հրեշտակների բազմութիւնները խառնուելու են մարդկանց՝ նրանց հետ բնակութեան համար:
Իսկ որ ահաւոր ու շքեղափայլ այրը գնում էր լոյսի առջեւից՝ ոսկէ ուռը ձեռքին եւ հարուածեց սանդարամետին, դա Աստուծոյ նախախնամութիւնն է, որ նայում է երկրին եւ ահուդողի մատնում, մերձենում է լեռներին, եւ նրանք մխում են: Աստուածութեան այդ ահը հարթեց, կործանեց եւ ոչնչացրեց մոլորութիւնը երկրից: Իսկ այն, որ հնչեց երկրի վրայ, դա ծառայութեան եւ հնազանդութեան ձայնն էր, որ խօսեց:
Իսկ որ սեան խարիսխը ոսկուց էր եւ ինքը՝ հրեղէն, խոյակն ամպեղէն էր՝ վրան լուսեղէն խաչ, ցոյց է տալիս, որ ոսկէ խարիսխը հաստատութեան անշարժ վէմն է, հրեղէն սիւնը՝ կաթողիկէ Եկեղեցին, որն բոլոր ժողովուրդներին հաւաքում է իր թեւերի ներքոյ՝ մի հաւատի միաբանութեան մէջ: Ամպէ խոյակը պիտի ընդունի արդարներին, երբ Տիրոջ Գալստեանը թռչեն-բարձրանան Նրան ընդառաջ:
Նրա վրայի լուսաւոր Խաչը մեծ քահանայապետութիւնն է ժողովուրդների մէջ, Քրիստոսի մարմնացեալ պատկերի, Աստուածորդու քահանայապետութեան օծութեան օրինակը: Այդ տեղում թող լինի Աստուծոյ տաճարը՝ բոլոր հաւատացեալների աղօթքի ու խնդրանքների տունը եւ քահանայապետութեան Աթոռը:
Իսկ երեք խարիսխները, որոնք կարմիր էին՝ արեան գոյն, եկողների նեղութիւնների, չարչարանքների ու մահուան համբերութեան համար էին, քանզի արեան հեղումով իրենց մահը ճշմարիտ հաւատի խարիսխ դարձրեցին: Քեզ երեւացին ամպեղէն սիւները, որովհետեւ ամպը թեթեւ արագութիւն ունի յարութեան ժամանակ երկինք վերանալու համար: Եւ հրեղէն խոյակը ցոյց է տալիս, որ նրանց բնակութիւնը լինելու է Աստուածութեան լոյսի հրի մէջ:
Խաչերը նշանակում են վկաների չարչարանքները, որ նման էին Տիրոջ չարչարանքներին եւ մեռան Նրա համար: Քանզի ապրեցին Աստուծով, խաչուեցին Քրիստոսի հետ, եւ Քրիստոս կենդանի է նրանց ոսկորներում, որպէսզի բոլորին ցոյց տայ նրանց կենդանութիւնը, տարածի նրանցից բխած Իր գիտութեան անուշ բուրմունքը եւ հռչակի նրանց առաքինութիւնը ողջ աշխարհով: Նրանք սպանեցին իրենց երկրաւոր մարմինները եւ իրենց կախեցին տէրունական Խաչից, չարչարակից եղան իրենց Տիրոջը, որի համար հաղորդակից են լինելու փառքին եւ զօրութեանը:
Առաջին խաչը, որ քեզ ցոյց տրուեց, քահանայութեան պատուի պարծանքն է՝ Քրիստոսի Խաչի փառաւորութեամբ: Իսկ միւս երեք խաչերը, որ տեղ էին գտել սուրբերի հանգստեան վկայարաններում, ցոյց է տալիս, որ իրենց արեան հեղման տեղերում պէտք է շինուեն իրենց նշխարների հանգստեան վկայարաններ: Եւ որ առաջին սիւնը բարձր է, ցոյց է տալիս, որ կաթողիկէ Եկեղեցու պատիւն աւելի մեծ է ու բարձր, քան սուրբերի ամբողջ գերազանցութիւնը: Կամարները, որոնք սիւներն իրար էին կապում, խորհրդանշում է կաթողիկէ Եկեղեցու միաբանութիւնը, իսկ վրայի խորանը վերին Քաղաքի եւ երկնքի արքայութեան ժողովարանն է:
Եւ որ քեզ երեւացին վկաները, գիտցի՛ր, որ մահը ժամանակաւոր է, իսկ նրանց կենդանութիւնը՝ յաւիտենական, փառաւորուած ի փառս Աստուածորդու, որի համար նրանց անձանց վրայ տպաւորուած էր խաչի օրինակը:
Շինուածքի գագաթին, որ տեսնում ես, նոյն ինքը Աստուածութեան ամենազօր բնութեան, ինքնութեան բարձրութեան Աթոռն է, քանզի Նա Ինքն է սուրբ Եկեղեցու գլուխը, բոլոր բարիքների լրումը: Նրան է պատշաճում ամէն շինուածք, որ ընդարձակւում է աստուածային աճով, եւ որի մէջ բոլոր մարմինները հաստատուած ու կարգուած են իրենց յօդերով, խաղերով եւ անդամներով:
Խաչին փարուած լոյսը Աստուածութեան Հոգին է, Որը փառաւորում է Որդուն, եւ խառնուեց Նրա ճառագայթներին, որովհետեւ Նա վերցնում է Որդուց եւ պատմում Իրեն սիրողներին: Նրանք միացան իրար, որովհետեւ մի է Աստուածութեան բնութիւնը: Այն, որ լոյսը ծագեց չորս սիւների մէջ եւ յորդաբուխ աղբիւր բխեցրեց, նշանակում է, որ ընդհանրական Եկեղեցուց Հոգու շնորհները Իր վկաների մէջ են լինելու: Քահանայութեան մէջ բխելու է մկրտութեան աղբիւրը՝ լուանալու հոգու եւ մարմնի ախտերը, իսկ այն, որ յորդելով լցուեց շատ վայրեր, նշանակում է, որ շատ ժողովուրդների մկրտութեամբ փրկութիւն պիտի լինի: Բոլոր դաշտերը երկնագոյն երեւացին, որովհետեւ երկիրը լինելու է երկնքի նման՝ խառը հրեշտակներով եւ մարդկանցով:
Հրեղէն սեղանների բազմութիւնը, որ երեւում է քեզ, յիրաւի լինելու են Աստուծոյ սեղաններ, որոնք քաւութիւն պիտի բաշխեն բոլորին: Նրանք հրեղէն երեւացին, որովհետեւ Հոգու պաշտամունքը փառքով պիտի լինի: Սեղանների վրայ մէկական սիւները քահանայական աղօթքի արարողակարգն է, նրանց վրայի խաչերը՝ Քրիստոսի սուրբ անունը բոլոր տեղերում փառաւորելը: Եւ որ շատ էին աստղերի չափ, նշանակում է, որ սուրբ պաշտամունքը պիտի բազմանայ աստղերի չափ:
Սեւ այծերի բազմութեան հօտերը, որոնք ջուրն իջնելիս փոխուեցին եւ սպիտակ ոչխարներ դարձան, նշանակում է, որ քահանայապետութեան միջոցով պիտի հասնի Աստուածութեան շնորհների աջը, որը մկրտութեան աղբիւր է բխեցնելու բազմաթիւ մեղաւորների քաւութեան եւ թողութեան համար: Եւ նրանց լուսեղէն բուրդը, որ փայլում էր պայծառութիւնից, նշանակում է, որ մկրտուածները պիտի զգեստաւորուեն լոյսով եւ արժանի լինեն խոստացուած արքայութեանը: Հօտերը, որ ծնեցին, բազմացան եւ լցրին բոլոր վայրերը, նշանակում է, որ քարոզութիւնը ծաւալուելու է երկար ժամանակ, լինելու են նորոգուած ծնունդներ եւ բազմանալու է մկրտութիւնը:
Եւ որ հօտերի կէսը ջուրն էր ընկել եւ դուրս եկել այն կողմը, որտեղից անցել էին, ցոյց է տալիս, որ վերջին ժամանակներում մարդիկ պիտի լինեն անօրէն, հեռանան ճշմարտութիւնից, անարգեն Աստուածութեան սուրբ ուխտի դրոշմը, եւ շատերն էլ հեռանալու են Նրանից: Գառներից գայլեր են լինելու, որոնք կոտորելու են սուրբ գառներին. սա նշանակում է, որ նրանք, հեռանալով ճշմարտութիւնից եւ քահանայութեան ուխտից, կը լինեն գայլեր, գառների՝ այսինքն ուխտի եւ քահանայութեան արեան ճապաղիք կþանեն եւ ժողովուրդների միջեւ խռովութիւն կþառաջացնեն: Իսկ գառներից, ժողովրդից կամ քահանաներից ովքեր աներկբայ կը համբերեն, թեւեր կþառնեն եւ կը վերանան դէպի Քրիստոսի արքայութիւնը: Եւ ովքեր գայլերի միտքը եւ նրանց յափշտակութեան գործերն ունենան, կորստեան կը մատնուեն անշէջ հրով:
- Եւ դու, — ասաց ինձ այրը,- ամուր եղի՛ր, քաջ եւ զգոյշ, քանզի գործը եկել, քեզ է հասել: Քեզ բարիք դիւրին է լինելու, քանզի դու ճշմարիտ վկաների հետ վարձք պիտի ստանաս Քրիստոսի անպատում պարգեւներից: Արդ, զգո՛յշ եղիր աւանդիդ համար, որը Տէր Յիսուս Քրիստոսից վստահուեց քեզ: Շինի՛ր Աստուծոյ անուան տաճարը քեզ ցոյց տրուած տեղում, ուր հրեղէն սիւնը ոսկէ խարիսխ ունէր եւ սուրբերի վկայարաններ այն տեղերում, ուր նրանք զոհաբերուեցին Աստուածութեան յոյսի եւ կենդանութեան համար, որպէսզի բժշկուեն հարուած ստացողները, քարոզութիւնն օրըստօրէ յարատեւ յաջողութիւն եւ առաջադիմութիւն ունենայ, եւ Քրիստոսի հաւատքի մէջ ամէնքը չափահաս դառնան»: Երբ այս ասաց, ցնցում եղաւ, իսկ առաւօտեան տեսիլքը ծածկուեց:
Արդ, ամենարարիչը, ամենաստեղծը, ամենագէտը, ամենատէրը, ամենակալը, ամենահնարն ու ամենաբժիշկը խրատեց ձեզ, որպէսզի Իր Աստուածութեանը ձեզ մերձաւոր դարձնի: Այդ պատճառով մեր միջոցով ձեզ ցոյց տուեց կեանքի ճանապարհը եւ փրկութեան միջոցները՝ բերել-հասցնելով թողութեանը: Ահա թէ ինչու ինձ ցոյց տուեց հանդերձեալի տեսիլքը, որ պատմեմ ձեզ, քանզի մօտ ժամանակում Իր կամքը պիտի լինի ձեզ վրայ: Եւ դուք էլ, ըստ հրամանների, ասածներս փութացէ՛ք կատարել: Արդ, եկէք շինենք վկայարանները, վկաներին տեղափոխենք հանգստարաններ, որպէսզի նրանք էլ ձեզ նորոգութեան առաջնորդեն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տօնը նշում է Սուրբ Զատկից վաթսունչորս օր անց կամ Հոգեգալստեան կիրակիին յաջորդող երկրորդ կիրակի օրը:
[1] Ուռ – մեծ մուրճ, կռան:
[2] Հայոց երկիրը հիւսիսային երկիր է համարուել ինչպէս հայ, այնպէս էլ ասորական ու արաբական մատենագրութեան մէջ:
shavigh.am