Աստիճանների օրհներգություններ
Վերադարձի ժամանակ շրջակա ազգերը հարձակվեցին հրեաների վրա և այդտեղ էլ կործանվեցին, որի մասին էլ մարգարեն երգելով՝ ասում է.
1. Բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ, ասասցէ Իսրայէլ:
2. Բազում անգամ մարտեան ընդ իս ի մանկութենէ իմմէ, և ինձ ոչ յաղթեցին:
Մանկությունիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դեմ, — թող Իսրայելն ասի: Մանկությունիցս ի վեր բազում անգամ մարտնչեցին իմ դեմ, բայց չհաղթեցին ինձ:
Բազում անգամներ՝ Եգիպտոսից ելնելու ժամանակ, ու թեև բազում անգամներ հաղթեցին, սակայն չկարողացան ոչնչացնել, և չեն կարող գցել փառքից ու պատվից, քահանայությունից, թագավորությունից, մինչև որ գա Քրիստոսը, և լիրբը՝ նրա վրա կատաղած [այսինքն՝ սատանան՝ կատաղությամբ խաչի մահվան մատնելով նրան]:
3. Զթիկունս իմ հարին մեղաւորք, ընդ երկար արարին զանօրէնութիւնս իւրեանց:
Մեղավորներն հարվածեցին իմ թիկունքին, երկար ժամանակ գործեցին անօրինությունն իրենց:
Սիմաքոս [թարգմանում է]՝ մկաններս մաշեցին, Թեոդիտոն՝ լայնացրեցին, որով ցույց է տալիս ձգելը՝ լայնացնելն ու մաշեցելը, այսինքն՝ լայնացնելով և մաշելով նրանցից հանեցին մարմնավոր բարիքները: Նաև թիկունքին ասելով նկատի ունի գաղտնի հափշտակելը, որ թիկունքից եկան, այլ ոչ թե դիմացից, ինչպես որ Տիրոջ մոտ հանդգնեցին [գալ]՝ չնալեյով աստվածության երեսին, նրա, ով կամավորապես թիկունքը հարվածներին հանձնեց, իսկ երեսը՝ ապտակների, ըստ Եսայու մարգարեի (տե՛ս Ես. 50:6): Երկար ժամանակ գործեցին անօրինությունն իրենց. եգիպտացիները իսրայելացիներին տանջելով երկու հարյուր տարի, իսկ բաբելոնացիները՝ յոթանասուն տարի: Հրեաներն էլ մարգարեների արյունը խառնելով Տիրոջ սպանության հետ՝ բավականին երկարաձգեցին իրենց անօրինությունները: Նաև հեթանոսները բավական երկար ժամանակ տանջեցին սրբերին, ինչպես նախ մակաբայեցիներին, իսկ հետո՝ Քրիստոսի վկաներին՝ թիկունքից հարվածելով և չարչարելով բազմացրեցին իրենց մեղքերը:
4. Տէր արդար է, և խորտակէ զուլն մեղաւորաց:
5. Ամաչեսցեն և յետս դարձցին ամենեքեան, ոյք ատեն զՍիովն:
Տերն արդար է, մեղավորների լուծը նա կխորտակի: Ամոթահար կլինեն ու ետ կդառնան բոլոր նրանք, ովքեր ատում են Սիոնը:
Մյուս թարգմանիչները մեղավորների վիզն ու մանյակն են ասում: Տերն արդար դատավոր է, հատուցում է՝ կտրելով թագավորների վզերը, այսինքն՝ զորքը, որոնք թագավորներին բարձրացրած՝ կրում են որպես գլուխ, ինչպես խորտակվեց Սենեքերիմի զորքը և նրանց տան կուռքերի գլուխները: Ասորերենում ասվում է. «Տերը խորտակելու է մեղավորների ոստերը», մեղավորները դևերն են, իսկ ոստերը՝ նրանց մեջ բուսնած հեթանոսները, նախ սրանց, իսկ հետո ոստերին է ուղարկում դեպի հուր, քանզի նախ պետք է ազգ ազգի դեմ դուրս գա, և թագավորները թագավորների վրա, սով, համաճարակ և [այսպես պետք է] սպառվեն ու խորտակվեն մեղավորների պարանոցն ու ոստը: Ամոթահար կլինեն նրանք, ովքեր ատելությամբ Երուսաղեմի վրա եկան, և ովքեր ատում են եկեղեցին, հալածող թագավորները ամոթահար ետ դարձան, նաև նրանք, ովքեր ատում են առաքինությունը, որը տանում է դեպի վերին Սիոն:
6. Եղիցին նոքա որպէս խոտ տանեաց, որ մինչչև ի բառն եկեալ չորացաւ:
Նրանք կլինեն տանիքի խոտի պես, որ չորանում է դեռ չհնձած:
Մարդու օրերը խոտի պես են, որով ցույց է տալիս հեշտությամբ անցնելը, սակայն նրանք կրկնակի վճիռ ունեն՝ անմիջապես կործանման, քանզի տանիքում աճած խոտ են, ինչպես որ Պաղեստինում էին տանիքների վրա աճում, այլ ոչ թե հյուսիսային կողմերում, ուստի և նրանք այնտեղ չորանալու են Աստծու բարկությունից՝ դեռ իրենց օրհասը չեկած:
7. Ուստի ոչ ելից զբուռն իւր հնձօղն, և ոչ զգիրկս իւր, որ զորայն ժողովէր:
8. Ոչ ասացին ամենեքեան, ոյք անցանէին առ նոքօք, թէ օրհնութիւն Տեառն ընդ ձեզ է, և օրհնեցաք զձեզ յանուանէ Տեառն:
Դրանով հնձվորն իր բուռը չի լցնի, ոչ էլ խուրձ կապողն՝ իր գիրկը:
Նրանց կողքից անցնողները չեն ասի՝ «Տիրոջ օրհնությունը ձեզ վրա լինի, և օրհնյալ լինեք Տիրոջ անունով»:
Սովորություն է Տիրոջ անվամբ աշխատավորներին օրհնելը, երբ տեսնում են վարսագեղ արտերը՝ առատ ցորենով և հատիկներով. «Այդպիսի մարդուն բարի է վաստակելը», «Օրհնյալ եք դուք Տիրոջ կողմից»: Այլև հնձողները հրեշտակներն են, ինչպես Տերն ասաց, ովքեր պահանջելով արդարների հոգիները, իրենց բռերն ու գրկերը լցնում են նրանց բարի գործերով, որոնք էլ հավաքելով՝ տանում են որպես նվեր երկնավոր Թագավորին: Նույնպես և աշխարհի վերջում Աստծուց ստանալով բարիքներն ու հաղթանակի պսակը՝ լի գրկով՝ շատ լավերին և բռով՝ սակավ արդարներին, և այդպիսի ուղիով անցածները՝ հրեշտակներն ու արդարները երանությամբ օրհնելու են նրանց ի փառս Հոր Աստծու: Այդպես չեն լինի անարմատները, երաշտից չորացածներն ու շուտ թառամածները, նոսր հող ունեցողներն ու հնձած հասկերի մնացորդները, ովքեր կա՛մ չստացան Տիրոջ անունը քրիստոնեությամբ, կա՛մ ստացան, սակայն կոչմանն արժանի չմնացին:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը