Ով երանեալ սուրբ վկայք՝ որք արժանի եղէք.
մարմնով եւ արեամբ դասակից լինիլ զուարթնոց երկնից:
Քաղաքավարեալք ի մարմնի եւ հետեւօղք Որդւոյն Աստուծոյ.
մարմնով եւ արեամբ դասակից լինիլ զուարթնոց երկնից:
Լուսաւորեալք ի Հօրէ՝ պայծառացեալք ի Հոգւոյն Սրբոյ,
բարեխօսեցէք առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Հայոց աշխարհի մեծ պարծանք եւ Քրիստոսի փառաւոր վկաներ սուրբ Սահակը եւ սուրբ Յովսէփը Կարին քաղաքից էին, որը նաեւ Թէոդուպօլիս կամ Էրզրում է կոչւում եւ ապրել են յունաց Նիկեփորոս կայսեր ինքնակալութեան ու իսմայէլացիների Ահարոն ամիրապետի ժամանակներում: Սրանց հայրը Կայս կոչուող հեթանոս ցեղից էր, իսկ մայրը քրիստոնեայ էր՝ Հայոց Կարին քաղաքից: Նրանք ունէին այլ եղբայր եւս, որի անունը գրքերում չի յիշատակուած: Այս երեք եղբայրներն իրենց մօրից մանկուց սովորեցին եւ դաստիարակուեցին քրիստոնէական հաւատով ու Քրիստոսի օրէնքներով, եւ ինչպէս առաքեալն է ասում՝ եռում էին հոգով, բերկրում էին յոյսով, աղօթում էին յաճախ, հաղորդ էին լինում սուրբերի կարիքներին եւ փութաջան էին առաքինութեան գործերում: Փոքր տարիքում իրենց հօր եւ նրա ազգատոհմի երկիւղից միառժամանակ ծածուկ էին պահում քրիստոնէութիւնը, սակայն այնուհետեւ ցանկացան յայտնապէս պաշտել սուրբ հաւատը:
Ապա միմեանց հետ որոշեցին եւ իրենց մասին գրութեամբ ծանուցեցին Նիկեփորոս կայսրին: Կամք յայտնեցին կայսեր դեսպանին՝ նրա մօտ գնալու եւ իրենց աստուածսիրութեան մասին յայտնելու համար, որովհետեւ արհամարհում էին այլազգիների կրօնն ու այն առասպել համարում: Կայսրը սիրով ընդունեց նրանց խօսքերը եւ յոյժ ուրախ եղաւ ի Տէր. հրովարտակ ուղարկեց եւ երանի տուեց նրանց Քրիստոսի հաւատի համար, երդումով խոստացաւ անել ինչ որ կամենան, միայն թէ շտապ իր մօտ հասնեն: Եւ նրանք, մխիթարուած հրովարտակով, պատրաստուեցին ճանապարհ ընկնել եւ նոյնն էին յորդորում իրենց այլ ազգակիցներին, որոնք ջերմ էին ի Քրիստոս հաւատի մէջ: Սակայն այս մասին մատնիչները յայտնեցին նրանց հօրը, եւ նա իսկոյն խափանեց նրանց ճանապարհը:
Բայց նրանց ամենակրտսեր եղբայրը մինչ այս, մինչ այն, փախաւ հօր տնից եւ գնաց դէպի յունաց տէրութիւն: Յովսէփն ու Սահակը եւս ցանկանում էին նոյնն անել, սակայն չէին կարող, որովհետեւ Յովսէփը՝ ամենաաւագը, ամուսնացած էր եւ որդիներ ունէր: Նա ցանկանում էր նաեւ նրանց փրկութիւնը, որի համար չէր կարողանում թողնել նրանց ու մեկնել, ուստի հրաժարուեց առանձին փախչելուց: Իսկ Սահակը եղբօր սիրոյ համար յանձն առաւ մնալ նրա հետ, համաձայնուեց սպասել յարմար ժամանակի, մինչեւ հնարաւոր կը լինէր Աստուծոյ առաջնորդութեամբ մեկնել ամբողջ ընտանիքով:
Օրեր անց լուր առան, թէ Մամիկոնէից տէր Քուրդիկ հայոց իշխանը որոշել է անցնել կայսեր տէրութիւն՝ երկիւղելով ապստամբութիւնից, որի համար ամբաստանւում էր չարախօսների կողմից: Յովսէփն ու Սահակն էլ առիթ փնտռելով գնացին նրա մօտ եւ յայտնեցին իրենց խորհուրդը, ու նա յանձն առաւ իր հետ տանել նրանց՝ իրենց ամբողջ ընտանիքով: Քուրդիկն ինքը եւս սպասում էր յարմար ժամանակի, բայց քանի որ հետաձգւում էր գնալը, երկու եղբայրները վերադարձան Կարին: Ճանապարհին հանդիպեցին Կարինի քաղաքապետի մի գործակալի, որը զօրքով շրջում էր գաւառում եւ հետեւում քաղաքի ելումուտին: Մօտեցան եղբայրներին եւ հարցաքննեցին, թէ՝ ովքեր են ու որտեղից են գալիս: Ապա կասկածելով՝ նրանց տարան քաղաքապետի մօտ, որն իշխանութիւն ունէր Կարին քաղաքի եւ նրա շրջակայքի վրայ ու մէկ առ մէկ զեկուցեցին նրանց մասին:
Տեսնելով, որ այլեւս հնարաւոր չէ ոչինչ ծածկել, հասկացան, որ Տիրոջ կամքն է, որ խափանուի օտարութեան փախչելու իրենց ցանկութիւնը, եւ իրենք պէտք է ցոյց տան իրենց առ Աստուած սէրը մօտակայ նահատակութեան հանդէսին: Ուստի ապաւինելով աղօթքին՝ խնդրում էին Աստծուց, որ առաջիկայ պատերազմում թիկունքից իրենց օգնութեան հասնի, եւ այդպէս լի Հոգով՝ եղբայրը քաջալերում էր եղբօրը:
Իշխանը հրամայեց նրանց իր առջեւ բերել եւ սկսեց հարցաքննել ատեանի առաջ, թէ որն է իրենց պաշտամունքը, ինչ խորհուրդներ ունեն կամ ինչ են խորհում, «որովհետեւ, — ասացին, — պէտք է ընտրէք երկուսից մէկը. կա՛մ պաշտէք հայրենի կրօնը, կա՛մ զրկուէք կեանքից»: Այնժամ երկու երանելի եղբայրները, քաջալերուած Աստծուց, մեծ համարձակութեամբ միաբերան քարոզեցին ատեանի առաջ՝ ասելով. «Քրիստոնեա՛յ ենք եւ արհամարհում ենք մեր մոլորեցուցիչ ու սնոտի ուսմունքը: Դուք եւս ճշմարտութեան աշակերտներ եղէ՛ք, ճանաչէք ու հաւատացէք, որ Քրիստոս Աստուծոյ Որդին է, երկնքի եւ երկրի Արարիչն ու Տէրը, իսկ նրանցում եղածները արարածներ են: Նա Իր մարդասիրութեամբ խոնարհուեց մեր փրկութեան համար, մարմին առաւ սուրբ Կոյս Մարիամ Աստուածածնից, կամաւորապէս ու առանց մեղքերի անցաւ մարդկային բոլոր կրքերի միջով, խաչուեց, թաղուեց, երրորդ օրը յարութիւն առաւ, երկինք համբարձուեց եւ նոյն մարմնով, որ առաւ մեզնից, բարձունքներում նստեց Հօր աջ կողմը, ուր առաջ էր: Բոլոր նախահայրերը, մարգարէներն ու արդարները վկայեցին Նրա մասին, Նրա անունն ու Աստուածութիւնը հրեշտակների եւ բոլոր զօրութիւնների միջոցով քարոզուեց բոլոր ազգերի մէջ: Նա երեւաց երկրի վրայ եւ գալու է փառքով՝ յարութիւն տալու մեռելներին եւ հատուցելու հաւատացեալներին՝ ըստ իրենց բարի գործերի, որոնք Իրեն Աստուած ճանաչեցին, ու միաժամանակ պիտի հատուցի նաեւ անհնազանդներին, որոնք գնացին սուրբ եւ անբիծ հաւատի՝ Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու հայհոյութեան եւ անիրաւութեան յետեւից: Մենք եւ հաւատացեալներն այս հաւատամքն ունենք՝ խոստովանում ենք Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն եւ մի Աստուածութեանը՝ մի փառքով, մի պատուով եւ մի թագաւորութեամբ: Մենք հաւատացինք Նրան, մկրտուեցինք Նրանով եւ հաստատուած ենք Նրա մէջ յաւիտենական կեանքի յոյսով ու չենք շեղուի այս խոստովանութիւնից, որովհետեւ այլ ամէնը սնոտի մոլորութիւններ են: Ո՛չ իշխանութիւնը, ո՛չ հարստութիւնը, ո՛չ պարգեւները, ո՛չ ընտանիքի հանդէպ գութը, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ տեսակ-տեսակ տանջանքները, ո՛չ մահը եւ ո՛չ որեւէ բան չեն կարող մեզ հեռացնել Քրիստոսի սիրուց: Եւ արդ, ինչ որ կամենում ես, արա՛ անմիջապէս»:
Իշխանը եւ ողջ ատեանը զարմանում էին երանելիների համարձակութեան վրայ, բայց եւ միաժամանակ՝ նրանց իմաստութեան ու հզօր խօսքերի վրայ: Ոչ ոք չէր կարողանում պատասխանել նրանց զօրաւոր եւ հոգեւոր խօսքերին, որոնցով քարոզում էին մեր Տէր Յիսուս Քրիստոսի ճշմարտութիւնն ու մերկացնում նրանց սնոտի ուսմունքը: Այնժամ իշխանը հրամայեց նրանց բանտ տանել, մինչեւ որոշէր, թէ ինչ պիտի անէր:
Երանելիները բանտում գիշեր թէ ցերեկ գոհանում եւ օրհնում էին Աստծուն՝ Նրա անպատում պարգեւների համար, որ շնորհուեցին իրենց ոչ միայն Նրան հաւատալու, այլեւ Նրա համար չարչարանքներ եւ մահ ընդունելու, ինչպէս նաեւ ճշմարիտ խօսքը ի Յիսուս Քրիստոս աներկիւղ քարոզելու համար:
Իշխանը կանչեց իր խորհրդականներին՝ խորհուրդ անելու: Եւ որոշեցին բանտ ուղարկել իրենց իմաստուններին, որպէսզի նրանց հետ խօսեն իրենց ուսմունքի մասին եւ համոզեն՝ հեռանալ Քրիստոսի հաւատից, իսկ եթէ չհամաձայնէին, սրով զրկէին կեանքից: Եւ նրանց բանտ ուղարկեցին: Սրանք գնալով գայթակղեցնում էին նրանց եւ ասում. «Ինչո՞ւ էք զուր մոլորուել ի Քրիստոս ունայն խորհուրդների մէջ: Թողէ՛ք ձեր յամառութիւնը եւ պարգեւներ ու իշխանութիւն կը ստանաք: Իսկ եթէ չհամաձայնէք, սրով կը կտրեն ձեր պարանոցները, որովհետեւ ձեզ համար այսպէս է վճռուել ատեանի առաջ»: Իսկ երանելիները զուարթութեամբ պատասխանեցին. «Խորամանկութիւնն անմիտներին է որսում: Մենք չենք դաւաճանի այն ճշմարտութեանը, որն ուսանեցինք եւ հաւատարիմ ենք Քրիստոսին, որովհետեւ Նրանով ենք մնում հաւատով եւ յոյսով: Ցանկանում ենք սիրով ելնել մեր մարմիններից եւ պարզերես կանգնել Տիրոջ առջեւ՝ վայելելով մեզ սպասուող երանութիւնները: Դուք մեզ խոստանում էք այս անցաւոր պատիւները, կամ էլ հեռացնել մեզ կեանքից, եւ մենք պատրաստ ենք մեռնել, քան թէ ուրանալ ճշմարտութիւնը: Թող ձեր սուրն իսկոյն միջնորդ լինի եւ մեզ ուղարկի Քրիստոսի մօտ, որին փափագում ենք»:
Իսկ մարդիկ երկար հարցուփորձից յետոյ գնացին եւ ամէն բան պատմեցին իշխանին, որը երանելիների համար մահուան վճիռ կայացրեց: Մինչ այդ հրամայեցին նաեւ նրանց հօրը՝ գնալ բանտ եւ ասել որդիներին նոյն բաները, որպէսզի թերեւս նրանց փրկելու հնար գտնի: Եւ հայրը գալով խօսեց որդիների հետ՝ առաջ բերելով իր ալեհերութիւնն ու ծերութիւնը, ողոքեց, խնդրեց ու ողբալով լաց եղաւ՝ ասելով. «Որդեակնե՛ր, ողորմէ՛ք ինձ՝ ձեր թշուառական հօրը եւ խնայէ՛ք ձեզ: Իշխանի եւ ամբողջ ատեանի առջեւ յանձն առէք ընդունել մեր ուսմունքը եւ ուրանալ քրիստոնէութիւնը, որպէսզի փրկուէք մահից: Իսկ յետոյ կը գնաք եւ կը պաշտէք ձեր քրիստոնէութիւնը, ինչպէս կը կամենաք»:
Երանելիներն ասացին. «Ո՛վ հայր, ողջամիտ չէ խրատդ, մի՛ շարունակիր: Աւետարանից մենք սովորել ենք խոհեմագոյն իմաստութիւն եւ խրատ, որն ասում է. “Ով ուրանայ Ինձ մարդկանց առջեւ, Ես էլ նրան կ՚ուրանամ Իմ Հօր առջեւ, որ երկնքում է” եւ նաեւ՝ ով որ չատի ճշմարտութեան հակառակորդ իր հօրն ու մօրը եւ վերցնելով իր խաչը չգնա Քրիստոսի յետեւից, չի կարող լինել երկնաւոր Հօր որդին եւ Քրիստոսի ժառանգակիցը»: Երբ հայրը տեսաւ, որ իր խօսքերը բնաւ չեն ազդում նրանց վրայ, դուրս եկաւ եւ նրանց կորստեան համար լալով ու կոծով հեռացաւ: Իսկ նրանք անտեսեցին հօր արտասուքները, ողբը եւ հառաչանքները՝ համարելով, որ դրանք չար բանսարկուի հնարքներն են՝ իրենց վկայական մահը խափանելու համար եւ ուրախ էին ի Տէր, որովհետեւ ցանկանում էին բարի խոստովանութեամբ ելնել աշխարհից: Եւ բանտում աղօթում էին՝ ասելով. «Ամենակալ Տէր Աստուա՛ծ, գոհանում ենք Քեզնից, որ հաստատուն պահեցիր մեր յոյսը, որ ունենք առ Քեզ, առաջնորդեցիր մեզ խաւարից դէպի լոյս, անգիտութիւնից աստուածգիտութեան, անօրէնութիւնից արդարութեան եւ Քո սուրբ անուան համար հասցրեցիր մինչեւ այս կալանավայրն ու վկայութեան հանդէսին, որպէսզի աներկիւղ համարձակութեամբ Քեզ ատողների առջեւ խոստովանենք Քեզ՝ որպէս ճշմարիտ Աստուած: Ինչպէ՞ս հատուցենք Քո շնորհների դիմաց, որոնք առատացան մեր մէջ իմաստութեամբ ու գիտութեամբ եւ ցոյց տուեցին Քո կամքի բարեհաճութիւնը, եթէ ոչ մեր անձերը ճշմարտութեան վկաներ դարձնելով եւ Քո մեծ ու ահաւոր անուան համար մեռնելով: Արդ, ընդունի՛ր Քո անուան համար մեր նահատակութիւնը Քո ընտրեալների հետ, որոնք ողջ անձով եւ ամբողջ զօրութեամբ սիրեցին Քեզ: Խառնի՛ր մեզ Քո վկաների թուին, որոնք մեռան Քեզ համար եւ անմահացան ու վայելում են յաւիտենական անպատում բարիքները, որովհետեւ Քոնն է փառքը եւ երկրպագութիւնը բոլոր արարածներից՝ այժմ եւ յաւիտեանս յաւիտենից»:
Եւ բանտում գտնուողներն «ամէն» ասելով՝ փառաւորեցին Աստծուն, քանզի կային եւ այլ հաւատացեալ ազգակիցներ, որոնց բռնել եւ բանտ էին նետել, ուր խոշտանգում էին եւ ստիպում ուրանալ Քրիստոսին: Սակայն սուրբերը քաջալերում էին նրանց՝ չվախենալ մահից եւ յիշեցնում էին Սուրբ Գրքի այն խօսքը, թէ «Այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատուելու հանդերձեալ փառքի հետ, որ յայտնուելու է մեզ»[1]:
Եւ ահա եկաւ-հասաւ իշխանի արձակած Սահակ եւ Յովսէփ երանելիների մահուան հրամանը: Երբ նրանց տարան նահատակութեան վայրը, սուրբ Յովսէփը խնդրեց դահիճներին, որ նախ գլխատեն երանելի Սահակին՝ իրենից փոքր լինելու պատճառով: Սահակը յօժարութեամբ խոնարհեցրեց պարանոցը, եւ դահիճը սրի հարուածով կտրեց նրա գլուխը: Նոյն օրինակով նահատակուեց նաեւ երանելի Յովսէփը: Այսպէս, սուրբերն ի Քրիստոս բարի խոստովանութեամբ նահատակուեցին Կարին քաղաքում Տիրոջ 808 թուականին, Յունուար ամսուայ տասնհինգին:
Սուրբերի մարմինները քարշ տուեցին եւ նետեցին մի տեղ՝ կերակուր լինելու շների եւ թռչունների համար: Մունետիկն աղաղակում էր. «Թող ոչ ոք չմօտենայ նրանց, իսկ եթէ մէկը համարձակուի, նրանց օրինակով մահուան կը մատնուի»: Իշխանի հրամանով պահապանները հսկում էին, որպէսզի ոչ ոք չվերցնէր նրանց մարմինները:
Եւ ահա այդ գիշեր սքանչելի տեսիլք երեւաց. լոյսն ի վերուստ իջել էր սուրբերի վրայ, որից բոլորը մեծ զարմանքի ու երկիւղի մէջ ընկան: Տիրոջ ահն էր պատել իշխանին, որից զարհուրած հրամայեց հայտարարել, որ ովքեր կամենում են վերցնել նրանց մարմինները, թող համարձակ վերցնեն: Եւ առանց պատիժների արձակեց բոլոր բանտարկուածներին: Եւ հաւատացեալները մեծ ուրախութեամբ վերցրեցին սուրբերի նշխարները, ամփոփեցին հանգստարաններում եւ տարիներ անց այդ տեղում վկայարան շինեցին, ուր սուրբերի բարեխօսութեամբ բազմաթիւ բժշկութիւններ էին լինում ի փառս ամենասուրբ Երրորդութեան, որին վայել է փառք եւ պատիւ յաւիտեանս յաւիտենից. ամէն
[1] Հռոմ. Ը 18:
shavigh.am