Հռոմեացիներ 5.12-21
12 Ինչպէս որ մէկ մարդով մեղքը աշխարհ մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին. 13 քանզի մինչեւ օրէնքը մեղքն աշխարհում կար. բայց մեղքը մեղք չի համարւում, ուր չկայ օրէնք. 14 սակայն մահը թագաւորեց Ադամից մինչեւ Մովսէս նոյնիսկ նրանց վրայ, որոնք Ադամի յանցանքի նման յանցանք չգործեցին, Ադամի, որը օրինակն է նրա, որ գալու էր: 15 Բայց շնորհն այնպէս չէ, ինչպէս յանցանքը. որովհետեւ եթէ մէկի յանցանքով շատերը մեռան, որչա՜փ եւս առաւել Աստծոյ շնորհները եւ պարգեւները մէկ մարդու՝ Յիսուս Քրիստոսի շնորհով աւելացան շատերի մէջ: 16 Եւ այս պարգեւները այնպէս չեն, ինչպէս որ է մէկ մարդու մեղքի հետեւանքը. որովհետեւ մէկի մեղքի դատաստանը դատապարտութիւն բերեց, իսկ շնորհը գործուած շատ մեղքերի դիմաց արդարութիւն բերեց. 17 արդարեւ, եթէ մէկ մարդու յանցանքով մահը թագաւորեց միայն այդ մէկով, որչա՜փ եւս առաւել նրանք, որ շնորհի առատութիւն եւ արդարութեան պարգեւներ են ստանում, կեանքում պիտի թագաւորեն միակ Յիսուս Քրիստոսի միջոցով: 18 Ապա ուրեմն, ինչպէս մէկ մարդու յանցանքով բոլոր մարդիկ դատապարտութեան մատնուեցին, նոյնպէս եւ մէկի արդարութեամբ բոլոր մարդիկ պիտի հասնեն կեանքի արդարութեան շնորհին. 19 որովհետեւ ինչպէս մէկ մարդու անհնազանդութեամբ շատ մեղաւորներ եղան, նոյնպէս եւ մէկի հնազանդութեամբ շատ արդարներ պիտի լինեն: 20 Բայց օրէնքը յայտնուեց, որպէսզի յանցանքները բազմանան. որովհետեւ ուր որ մեղքը շատացաւ, շնորհն առաւել եւս շատացաւ: 21 Ինչպէս որ մեղքը թագաւորեց մահուան մէջ, նոյնպէս եւ շնորհը պիտի թագաւորի արդարութեամբ մինչեւ յաւիտենական կեանք մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով:
Ավ. ըստ Մատթեոսի 11.25-30
25 Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին: 26 Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ: 27 Ամենայն ինչ տրուեց ինձ իմ Հօրից. եւ ոչ ոք չի ճանաչում Որդուն, եթէ ոչ՝ Հայրը. եւ ոչ ոք չի ճանաչում Հօրը, եթէ ոչ՝ Որդին, եւ նա, ում Որդին ուզի յայտնել: 28 Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածնե՛րդ ու բեռնաւորուածնե՛րդ, եւ ես ձեզ կհանգստացնեմ: 29 Իմ լուծը ձեզ վրա՛յ վերցրէք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք, 30 որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ»: