Այսօր տօնէ եկեղեցի զյիշատակ սրբոյն Ներսէսի. Հայաստանեայց Լուսաւորչի,
Արի եւ քաջ հովուապետի՝ ընտրեալ ի գլուխ հօտին Քրիստոսի.
Աղաչանօք սորա՝ կեցո զմեզ Տէր Աստուած հարցն մերոց:
Որ յարմատոյն Աբրահամու վերաբուսեալ ծաղիկ հաւատոյ՝
Սուրբն Ներսէս սիւն Հայաստանեայց.
Շառաւիղ անմահ տնկոյն պտուղ լուսոյ սուրբ Լուսաւորչին.
Աղաչանօք սորա՝ կեցո զմեզ Տէր Աստուած հարցն մերոց:
Որ օրհնիս ի հրեղինաց անլռելի ձայնիւ հնչմամբ.
Շնորհեցեր մեզ դեղ կենաց զանմարմնական վարուք
Մաքրեալ զհողանիւթ նշխար սրբոյն Ներսէսի.
Աղաչանօք սորա՝ կեցո զմեզ Տէր Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Հայաստանեայց Եկեղեցու հայրապետների մէջ սքանչելին, մարգարէական հոգով լի եւ առաքելական ճգնութիւններով պայծառացած մեր սուրբ հայր Ներսէս Մեծը սերում էր պարթեւեան Արշակունիների ազգից, սուրբ Լուսաւորչի զարմից, հինգերորդը նրա սերնդից՝ նրա թոռան թոռը, սուրբ Գրիգորի որդու՝ Վրթանէսի որդու՝ սուրբ Յուսիկի որդու՝ Աթանագինէսի որդին:
Վաղ հասակում նրան ուղարկեցին Կապադովկեան Կեսարիա կրթուելու եւ ուսանելու հելլէնական դպրութիւնը, բայց առաւել՝ աստուածային գիտութիւնը, որտեղ իր աստուածահաճոյ կենցաղավարութեամբ օրէցօր առաջադիմեց առաքինութիւնների մէջ: Ապա Կեսարիայից գնաց Կոստանդնուպօլիս, որտեղ առաւել զարգացաւ իմաստութեամբ եւ առաքինութեամբ եւ, սիրելի լինելով յոյներին ու հայերին, փեսայացաւ Պիոնէս անունով երեւելի իշխաններից մէկին: Աստուծոյ կամքով ունեցաւ մի որդի, որին Իսահակ կոչեց, որը նոյն ինքը՝ հայոց հայրապետ սուրբ Սահակ Պարթեւն էր:
Նա մի այր էր՝ բարձրահասակ եւ վայելչագեղ, որի նմանը չկար աշխարհի երեսին: Գրաւիչ տեսք ունէր, զարմանալի եւ պատկառելի էր բոլոր տեսնողների համար, իսկ զինուորական կրթութեան մէջ նախանձելի քաջ: Աստուծոյ երկիւղը սրտում խստիւ պահպանում էր Նրա պատուիրանները: Մարդասէր էր, սուրբ եւ պարկեշտ, յոյժ իմաստուն, անաչառ, արդարադատ, հեզ, քաղցր, խոնարհ, աղքատասէր, օրինաւոր եւ լի Աստուծոյ սիրով: Բոլորի հետ վարւում էր ըստ պատուիրանի՝ սիրել ընկերոջը ինչպէս ինքն իրեն: Դեռեւս մանկուց ապրում էր Տիրոջ բոլոր պատուիրաններով եւ արդարութեամբ ու անարատութեամբ՝ ծառայելով մերձաւորներին: Լի Աստուծոյ նախանձախնդրութեամբ՝ վարւում էր Սուրբ Հոգով եւ կատարեալ էր ամէն բանում:
Ներսէսի բարի համբաւը տարածուել էր մինչեւ իր հայրենի Հայոց երկիրը: Երբ Արշակի թագաւորութեան երկրորդ տարում մեռաւ Փառներսէհ հայոց կաթողիկոսը, երկրի եպիսկոպոսները թագաւորի եւ նախարարների հետ ժողով գումարեցին եւ Լուսաւորչի Աթոռի արժանաւոր ժառանգ տեսան Ներսէսին, որի համար պատգամաւորներ ուղարկեցին՝ նրան Կոստանդնուպօլսից Հայաստան բերելու համար: Եւ թէպէտ երանելին շատ հակառակուեց, սակայն ազգի եւ Եկեղեցու շահը հարկադրեց նրան հնազանդուել Աստուծոյ հրաւէրին: Նախապէս ազդարարեց թագաւորին ու նրա աւագանուն, թէ իր հովիւ եւ առաջնորդ ընտրուելու դէպքում պարտաւոր է լինելու անաչառ, յանդիմանել բոլորին իրենց սխալների համար եւ, վերացնելով սպրդած անկարգութիւնները, երկիրը դարձնել նախկին բարեզարդութեանը, որ կար Մեծ Գրիգորի օրօք: Եւ նրանք յանձն առան նրա բոլոր խօսքերը: Այնժամ Տիրոջ 364 թուականին մեծ շուքով, մեծամեծ նուէրներով, ընծաներով եւ կնքուած հրովարտակներով նրան ուղարկեցին Կեսարիա, ինչպէս այն ժամանակ սուրբ Լուսաւորչին, որպէսզի Եւսեբիոս եպիսկոպոսապետի կողմից ձեռնադրուի հայոց կաթողիկոսութեան համար:
Նրանք ցնծութեամբ եկան-հասան եւ տեսան կաթողիկոսների կաթողիկոսին՝ սուրբ, մեծանուն, երանելի եւ սքանչելի Եւսեբիոսին, ու նրան յանձնեցին Արշակ թագաւորի հրովարտակը: Եւսեբիոսը նրանց ընդունեց սիրով եւ պատուով ու ըստ առաքելական կարգի՝ ժողովեց սուրբ եպիսկոպոսներին, որպէսզի սուրբ Ներսէսին ձեռնադրեն որպէս Հայոց աշխարհի եպիսկոպոսապետ: Եւ այնտեղ Տիրոջ կողմից մեծահրաշ սքանչելիք եղաւ, որովհետեւ երբ Եւսեբիոս եպիսկոպոսապետն ու քահանաները եկեղեցի մտան, որոնց մէջ էր նաեւ սուրբ երիցապետ Բարսեղը, Սուրբ Հոգին աղաւնու կերպարանքով բոլոր քահանաների եւ բազմաթիւ ժողովրդի առաջ իջաւ սուրբ Սեղանի վրայ, ապա սուրբ Սեղանից սաւառնելով աղաւնակերպ իջաւ եւ երկար ժամանակ նստեց սուրբ Բարսեղի վրայ, իսկ երբ հասաւ այն պահը, երբ կամեցան ձեռնադրել Ներսէսին, Սուրբ հոգին սուրբ Բարսեղի վրայից վերացաւ եւ իջաւ Ներսէսի վրայ:
Երբ Աստուծոյ այս նշանն ու սքանչելիքը երեւաց, ողջ ժողովուրդը եւ Եւսեբիոս մեծ եպիսկոպոսապետը զարմացած մնացին: Բոլորն աղաղակեցին՝ ասելով նրան. «Դու հաճելի եղար Աստծուն, Աստուծոյ Հոգին իջաւ քեզ վրայ, ինչպէս երբ Ամենասուրբ Հոգին երեւաց Տիրոջ վրայ»: Ապա ձեռնադրեցին նրան եւ պատուով նստեցրին եպիսկոպոսութեան աթոռին: Դրանից յետոյ, երբ երանելի Ներսէսը հրաւիրուեց քահանայապետական հանդիսութեամբ մատուցելու աստուածային պատարագը, երկնքից՝ ի վերուստ, լոյսի հրեղէն սիւն իջաւ եկեղեցու վրայ, եւ լսելի եղաւ երկնային զօրքերի ձայնը, որոնք երգում էին Երեքսրբեան օրհնութիւնը: Իսկ պատարագի արձակումից յետոյ, երբ սուրբ Ներսէս հայրապետը ելաւ տաճարից, տեսան, որ նրա երեսը լուսափայլում էր նախամարգարէ Մովսէսի նման, երբ նա իջնում էր Սինա լերան վրայից: Երկիւղեցին բոլոր տեսնողները եւ երանի տուեցին նրա հօտին, որ Աստուած այսպիսի հովիւ տուեց նրանց:
Ապա մեծ պարծանքով եւ Սուրբ Հոգով զգեստաւորուած՝ փառքով վերադարձաւ Հայաստան աշխարհ: Ճանապարհներին նրան ընդառաջ էին գալիս բազմութիւններ քաղաքներից եւ գիւղերից, որովհետեւ լսել էին այն հրաշքների մասին, որ եղել էին նրա հետ, օրհնութիւն էին ստանում նրանից, իսկ ախտաժետները բժշկութիւն գտնում:
Երբ մտան Հայոց երկիր, Առիւծ կոչուող լերան վրայ նրանց դիմաւորեց Արշակ թագաւորը նախարարներով հանդերձ: Մեծ խնդութեամբ ողջունեցին միմեանց եւ օրհնութեամբ երկիր մտան: Նրան պատուով Վաղարշապատ տարան եւ փառքով նստեցրին Էջմիածնի Աթոռին: Անպատմելի ուրախութիւն տիրեց ողջ հայ ազգին, քանզի ընդունում էին նրան որպէս Ասուծոյ հրեշտակի եւ նրա մէջ տեսնում էին Քրիստոսի կենդանի նահատակին՝ Մեծ Գրիգորին:
Արդարեւ, իր նախահօր՝ մեծ Լուսաւորչի նման Ներսէս Մեծը ծագեց Հայոց աշխարհում, նորոգելով պայծառացրեց Հայաստանեայց Եկեղեցին, ինչպէս կանոնակարգել էին սուրբ Գրիգորը, նրա որդիներն ու թոռները: Նրա հովւապետութեան տարիներին երկրում մեծ խաղաղութիւն տիրեց, որովհետեւ նա իր վարքով եւ գործունէութեամբ նմանուեց իր հօրը՝ Մեծ Գրիգորին՝ հոգալով իր հօտը անվնաս պահել երեւելի եւ աներեւոյթ թշնամիներից: Նա բոլորին սնում էր վարդապետութեան հասուն պտուղներով՝ առատօրէն մատակարարելով օգտակարը: Այնքան լցուեց աստուածային շնորհներով, որ մեծամեծ հրաշքներ էր գործում, բժշկում էր հիւանդներին եւ մոլորուածներին կանգնեցնում ուղիղ ճանապարհի վրայ:
Այնպէս էր սիրում եւ խնամում աղքատներին ու տառապեալներին, որ իր հանդերձներն ու կերակուրը կիսում էր նրանց հետ: Օգնական եւ առաջնորդ էր նեղուած եւ տառապած անձանց, հովանաւոր ու պաշտպան՝ բոլոր զրկուածներին: Ում օրհնում էր, օրհնւում էր, ում անիծում էր, անիծւում էր: Շինում էր քանդուած եկեղեցիները, վերականգնում աւերուած Սեղանները, ապաշխարութեան կարգ էր սահմանում թերահաւատների համար, որպէսզի հաւատան Աստծուն եւ փրկութիւն ունենան, իսկ հաւատացեալներին մխիթարում էր հանդերձեալ բարիքների եւ մշտնջենաւոր պարգեւների յոյսով: Վերստին փառաւորուեց Թադէոս առաքեալի Աթոռը, որովհետեւ նա իր հայրերի նման որդի եղաւ: Ընդդիմանալով չարախօսներին՝ պապանձեցնում էր նրանց, միանգամայն խափանում անօրէն գործն ու խօսքը եւ մինչ ի մահ մարտնչում ճշմարտութեան համար:
Իր մէջ կրում էր անպատմելի զօրութիւններ: Մեծ ուշադրութիւն էր դարձնում ողորմածութեան մասին օրէնքներ սահմանելու վրայ: Նախ ինքն էր բարի գործեր անում, եւ ապա ուրիշներին բարի գործեր անելու օրինակ տալիս: Ուսուցանում էր, որ ամենամեծ բարիքներն են սէրը, յոյսը, հաւատը, սրբութիւնը, քաղցրութիւնը, հեզութիւնը, անոխակալութիւնը: Սքանչելի էր իր վարդապետութեան աստուածատուր պարգեւներով եւ հրաշագործութեան նշաններով եւ իր սրբութեան օրինակելի վարքով նման էր բոլոր առաքինութիւններն իր մէջ արտացոլող հայելու: Տեսնելով սուրբի մեծ ողորմածութիւնն աղքատների հանդէպ՝ մարդիկ եւս իրենց ունեցուածքը զուարթութեամբ բաշխում էին աղքատների եւ Եկեղեցու կարիքների համար:
Նա գնաց հասաւ Տարոն գաւառի կողմերը եւ իր մօտ ժողովեց Հայոց աշխարհի բոլոր եպիսկոպոսներին: Հաւաքուեցին Աշտիշատ գիւղում, որտեղ սուրբ Լուսաւորչի կողմից շինուել էր առաջին եկեղեցին: Այն մայր եկեղեցին էր եւ նախնեաց եկեղեցական ժողովների հաւաքատեղին: Բոլորը յոժարութեամբ մասնակցեցին ժողովին եւ օգտակար խորհրդակցութիւն ունեցան՝ աշխարհական կարգերը բարելաւելու եւ հաւատի ընդհանուր կանոններ հաստատելու վերաբերեալ: Ժողովի ընդունած կարեւոր որոշումներն էին.
Առաջին. ըստ պատուի եւ աւագութեան Եկեղեցում եւ արքունիքի մէջ օրինաւոր պահել նուիրապետութեան կարգը, որպէսզի կարողանան խաղաղութեան մէջ պահել Եկեղեցուն եւ թագաւորութեանը;
Երկրորդ. պահել ամուսնութեան օրինաւոր կարգը՝ մինչեւ եօթ սերունդը: Ըստ սահմանած կանոնի՝ խորշել մերձաւոր խնամիութիւնից, որպէսզի իշխանները եւ ազնուականներն ամուսնական կապեր չկնքեն իրենց ազգականների հետ՝ հայրենի ցեղապետութիւնը պահելու պատրուակով;
Երրորդ. պահել թաղման կարգը քրիստոնէական օրէնքով եւ ոչ թէ հեթանոսների նման կոծել մեռելի վրայ համընդհանուր յարութեանը չյուսացողի պէս;
Չորրորդ. հրեական խտրութեամբ եւ հեթանոսական անգթութեամբ չհալածել անդարման ու սովալլուկ բորոտներին եւ պիսակաւորներին դէպի անբնակ վայրերը՝ կեր դարձնելով գազաններին: Այլ Հայոց աշխարհի տարբեր գաւառներում բոլոր ցաւագնոտների համար շինել հանգստավայրեր. բորոտների համար ուրկանոցներ, կոյրերի, կաղերի եւ այլ հաշմանդամների համար անկելանոցներ, նաեւ այրիների, աղքատների եւ օտարների համար հիւանդանոցներ, որբանոցներ, կացարաններ, հիւրանոցներ, հոգետներ՝ կցելով նրանց հասութաբեր գիւղեր եւ ագարակներ՝ վերակացուներով եւ սպասաւորներով հանդերձ: Եւ այս ամէնի հոգաբարձութեան համար որպէս տնտես եւ վերակացու նշանակեց իր հաւատարիմ եւ առաքինի, երանելի Խադ սարկաւագին, որ Կարին գաւառից էր:
Հինգերորդ. սահմանեց, որ աշխարհից հեռացած անձինք սիրեն եւ պահեն իրենց առանձնութիւնը՝ ըստ սահմանուած վանական կանոնների, որոնցով չպէտք է դեգերէին քաղաքներում եւ շէներում, աշխարհականների տներում ու բնակուէին վանքից դուրս: Եւ քանի որ մեծացել էր կրօնաւորների թիւը, ու եղած վանքերը բաւարար չէին նրանց, ուստի հրամայեց շինել նոր վանքեր, մենաստաններ եւ առանձնատներ՝ ըստ իւրաքանչիւրի ցանկութեան եւ անհրաժեշտութեան: Նրանց բոլորի վրայ տեսուչ եւ հայր նշանակեց Շաղիտային, որը սուրբ Դանիէլի առաքինի աշակերտներից մէկն էր:
Այսպէս սուրբ Ներսէսի օրօք Հայաստան աշխարհը ծաղկեց ու պայծառացաւ իբրեւ Աստուծոյ դրախտ, ինչպէս Իսրայէլի տունը Մովսէսի ժամանակ: Բոլոր քաղաքները եւ գիւղերը, շէներն ու աւանները փայլեցին շինութիւնների բարեզարդութեամբ եւ նորոգութեամբ: Վեր բարձրացան նորանոր տաճարներ եւ վանքեր, բազմացան եկեղեցու սպասաւորները, լեռները լցուեցին մենաստաններով՝ ինչպէս եգիպտոսում Մեծ Անտօնի ժամանակ, եւ ինչպէս ասում են՝ սուրբ Ներսէսի օրօք շինուեցին երկու հազար քառասուն մեծ ու փոքր վանքեր:
Հայաստանի բոլոր գաւառներում հիմնեց յունարէն եւ ասորերեն լեզուների դպրոցներ, քանի որ դեռեւս չկար հայոց գիրը եւ հոգ էր տանում, որ եկեղեցականները կրթուած լինէին գիտութեամբ եւ աստուածային իմաստութեամբ: Իր հայրապետանոցի պայծառութիւնն ու զարդը Քրիստոսի աղքատների հիւրընկալութեան կարգն էր: Սուրբ հայրապետի սեղանը յատկացուած էր բոլոր կարիքաւորների ընդունելութեան համար: Չասենք նրանց մասին, որոնց դրսում էր խնամարկում: Ճաշի կամ ընթրիքի չէր նստում առանց սեղանակից ունենալու աղքատներին, կոյրերին, կաղերին եւ հիւանդներին: Սուրբ հայրապետը նրանց ծառայում էր անձամբ՝ իր ձեռքով կերակուր բաժանելով, ձեռքերն ու ոտքերը լուանալով, վէրքերը դարմանելով, կապելով եւ օծելով ու այդպէս իր բոլոր ունեցածը նրանց վրայ էր ծախսում: Եւ այս ամէնով հանդերձ՝ սրբութեամբ եւ արթնութեամբ հսկում էր իր հօտին: Բոլորին պատրաստում էր Աստուծոյ խօսքի ունկնդրութեանը, եւ ինչ որ ուսուցանում էր, նախ ինքն էր կատարում: Մարգարէների եւ առաքեալների նմանութեամբ սովորեցնում էր ողորմած լինել: «Ձեր մեղքերը, — ասում էր, — պէտք է ողորմութեամբ քաւէք, եւ ձեր անօրէնութիւնները՝ գթութեամբ եւ աղքատներին ողորմութիւն տալով»: Յիշեցնում էր առաքեալներին, որոնք աղքատներին սպասարկելու համար ընտրեցին մեծ նախավկայ եւ նախասարկաւագ Ստեփանոսին իր ընկերներով, նրան, ով արժանի եղաւ բացուած երկնքում տեսնելու Աստուծոյ Որդուն՝ նստած Հօր աջ կողմում: Յիշեցնում էր նաեւ Տիրոջ խօսքը՝ ուղղուած մեծահարուստին, որը կատարել էր բոլոր պատուիրանները. «Վաճառի՛ր քո ունեցուածքը եւ տո՛ւր աղքատներին ու գանձեր կը գտնես երկնքում»: Այս եւ նման բաներ շարունակ խոսում էր գիշեր թէ ցերեկ եւ չէր դադարում ուսուցանել ու յանդիմանել:
Այսպէս նրա օրօք վայելչօրէն պայծառացաւ Հայաստանեայց Եկեղեցին: Ապա եպիսկոպոսների ու իշխանների միաբան խորհրդով եւ թագաւորի հաւանութեամբ որոշեցին, որ հարկ չկայ, որ հայոց կաթողիկոսը՝ ազգի ընդհանրական եպիսկոպոսապետը, նախկին սովորութեամբ ձեռնադրութիւն ստանայ Կեսարիայի եպիսկոպոսապետից, որը ոչ քիչ նեղութիւնների եւ գժտութիւնների առիթ էր հայերի եւ յոյների միջեւ: Այլ որոշեցին, որ ազգի պատրիարքը ձեռնադրուի ազգի եպիսկոպոսների կողմից, եւ այս որոշումով սուրբ Ներսէսին անուանեցին լիիրաւ պատրիարք, այսինքն ինքնիշխան հայրապետ: Եւ այս սովորոյթը, որպէս հաստատուն աւանդ, անցաւ յաջորդ աթոռակալներին մինչեւ այսօր:
Այդ շրջանում թշնամութիւն ծագեց հայոց Արշակ թագաւորի եւ հռոմէացիների Վաղենտիանոս կայսեր տէրութիւնների միջեւ, որի պատճառով կայսրը սպանել տուեց Արշակի եղբայր Տրդատին, որն իր մօտ պատանդ էր եւ իր սպարապետին՝ Մեծ Թէոդոս Սպանացուն մեծ զօրքով ուղարկեց Հայոց աշխարհի վրայ: Այնժամ Արշակը սարսափած աղաչեց սուրբ Ներսէս հայրապետին՝ իր իմաստութեամբ հաշտութեան միջոց գտնել ու մարել ինքնակալի ցասումը:
Եւ սուրբ Ներսէսը պատուական այրերով իսկոյն ելաւ գնաց Թէոդոսին ընդառաջ ու ողոքիչ խօսքերով համոզեց նրան՝ վնաս չպատճառել երկրին: Ապա նրա հետ գնաց արքունի դուռը, որտեղ աստուածիմաստ գիտութեամբ եւ իր բերանի շնորհաբուխ խօսքերով համոզեց ինքնակալին խաղաղութիւն հաստատել: Կայսրը մեծ սիրով լսեց, յոյժ մեծարեց սուրբ հայրապետին ու վերադարձրեց հայոց միւս պատանդներին՝ Արշակի եղբօրորդի Տիրիթ Արտաշէսեանին եւ միւս եղբօրորդուն՝ Գնել Տրդատեանին: Եւ քանի որ կայսրը զուր սպանել էր Տրդատին, առաւել գութ ցոյց տուեց նրա որդուն՝ Գնելին, եւ նրան հիւպատոսութեան պատիւ ու բազում գանձեր շնորհեց: Եւ լսելով նաեւ, որ մեռել է հայոց Արշակ արքայի կինը, նրան կնութեան ուղարկեց իր ազգականուհուն՝ չքնաղագեղ Ուլումպիադա օրիորդին: Եւ այդպէս Ներսէս Մեծը փառքով վերադարձաւ Հայաստան՝ ուրախացնելով բոլորին, առաւելապէս Արշակ թագաւորին:
Սակայն Արշակը կարճ ժամանակ անց ոտնահարեց սուրբ Ներսէսի ջանքերն ու կայսեր սէրը եւ Տիրիթի գործակցութեամբ չարիքներ գործեց: Քանզի երբ Տիրիթը տեսաւ, որ իր հօրեղբօրորդի Գնելը մեծ բարձրութեան հասաւ եւ փեսայացաւ Սիւնեաց Անդոկ նահապետին՝ մեծ շուքով, ասես թագաւորական հարսանիքով, ամուսնանալով նրա Փառանձեմ դստեր հետ, սկսեց Արշակի մօտ չարախօսել նրանից: Արշակն էլ, որ աչք ունէր Գնելի կնոջ վրայ, սպանել տուեց Գնելին ու առաւ նրա կնոջը՝ Փառանձեմին: Բայց քանի որ դեռեւս ողջ էր Ուլումպիադա թագուհին, Փառանձեմն իրեն դաւակից է դարձնում Մրջիւնիկ անունով մէկին, որն այդ ժամանակ արքունի դռան երէցն էր: Մրջիւնիկ երէցն անարժան, երբէք չկատարուած, անջնջելի անմոռանալի չարագործութիւն՝ յաւիտենական տանջանքի արժանի, չտեսնուած, չլսուած անարժան գործ կատարեց՝ կեանքի դեղի մէջ մահուան դեղ խառնելով. Աստուծոյ Մարմնի՝ սուրբ հաղորդութեան հացի հետ խառնեց մահաբեր դեղը, եկեղեցու մէջ տուեց Ուլումպիադա տիկնոջն ու սպանեց նրան: Այս չերէցը, կատարելով անօրէն Փառանձեմի ամենաչար կամքը, նրանից պարգեւ ստացաւ Տարոն գաւառի իր հայրենի Գոմկունք գիւղը:
Սուրբ Ներսէս հայրապետը, տեսնելով Արշակի եւ նրա գործակիցների գործած չարիքները, անիծեց նրանց: Առանձնացաւ՝ հեռանալով Վաղարշապատ թագաւորական քաղաքից, եւ սուգի մատնուեց Արշակի համար, ինչպէս Սամուէլը Սաւուղի համար:
Այս դէպքերից յետոյ հայոց նախարարները թշնամացան Արշակի դէմ վատ համբաւ ունեցող Արշակաւան քաղաքի պատճառով եւ նրա դէմ գրգռեցին պարսից Շապուհ արքային:
Մինչ Արշակը վարանումների մէջ էր, Վաղենտիանոս յունաց կայսեր եղբայրը՝ Վաղէսը, լսելով, թէ Արշակն արհամարհել է հռոմեացիներին եւ միաբանուել պարսիկների հետ, Թէոդոս զօրավարին մեծ զօրքով ուղարկեց Հայաստան՝ ասպատակելու երկիրը:
Այնժամ տագնապած Արշակը եպիսկոպոսների եւ նախարարների միջնորդութեամբ դարձեալ դիմեց սուրբ Ներսէսին՝ խոստանալով ապաշխարել իր բոլոր չարիքների համար, միայն թէ հայրապետը խաղաղութեան հնար գտնի: Եւ Ներսէս Մեծը, տեղի տալով նրանց խնդրանքներին, եկաւ ու նախ նախարարներին հաշտեցրեց թագաւորի հետ՝ ուխտ հաստատելով նրանց միջեւ, որ թագաւորն այսուհետեւ ուղղուի եւ բարի օրինակ լինի, իսկ նախարարները հպատակութեան արժանի պատիւ ցուցաբերեն նրան: Ապա դարձեալ ընդառաջ գնաց Մեծն Թէոդոսին, համոզեց նրան՝ որեւէ վնաս չհասցնել Հայոց աշխարհին: Եւ Թէոդոսը, որն ունէր Աստուծոյ երկիւղը, ընդունեց սուրբի խնդրանքները, նրան յորդորեց իր հետ գալ արքունիք եւ անձամբ համոզել թագաւորին: Քաջ հովիւը յանձն առաւ իր հօտի օգտի համար եւ պատանդներով ու Արշակի թղթով գնաց Կոստանդնուպօլիս: Իսկ Վաղէսը, որն արիոսական էր եւ ժանտաբարոյ, երբ լսեց Աստուծոյ մարդու՝ Ներսէսի գալստեան մասին, իր ամբողջ ցասումը թափեց նրա վրայ. իմանալով նրա ուղղափառ կատարեալ վարդապետութեան եւ մոլորութիւնների անաչառ յանդիմանիչ լինելու մասին, իսկ եւ իսկ հրամայեց իր երկու սարկաւագների եւ մի քանի քահանաների հետ աքսորել նրան:
Ձմեռային օրեր էին: Երբ նաւարկում էին դէպի աքսորավայրը, ծովից դառնաշունչ հողմ բարձրացաւ եւ նաւը շպրտեց մի կղզու ափ (ըստ աւանդութեան կարծիք կայ՝ Մարմարայ ծովի կղզիներից մէկը), մի անբնակ վայր, որտեղ ո՛չ դալար բոյս կար, ո՛չ արմատ եւ ոչ մի բան՝ պիտանի մարդու բնակութեան համար, այլ միայն քար, աւազ եւ ապառաժ: Սուրբ Ներսէսն ուրախ էր այս բանի համար, որ իրեն վիճակուեց չարչարանքներ կրել Յիսուս Քրիստոսի՝ Աստուծոյ Որդու անուան համար: Այդ կղզում ոչ խմելու ջուր կար եւ ոչ մի չնչին արմատ: Այդ պատճառով էլ նրանց այդտեղ էին աքսորել, որպէսզի սովամահ լինէին: Նրանցից տկարները սկսեցին տանջուել քաղցից ու ծարաւից, տառապել, թուլանալ ու նուաղել: Այն ժամանակ սուրբ Ներսէսն սկսեց բոլորին քաջալերել ու մխիթարել՝ ասելով. «Պինդ մնացէ՛ք, հաստատուն եղէ՛ք եւ մի՛ վախեցէք, որովհետեւ մեր Տէր Յիսուս Քրիստոս էր, որ Սաբեկի ծառից խոյ պտղաբերեց եւ ընդունեց կենդանի զոհին՝ Իսահակին, որ պանդխտութեան մէջ օրհնեց Յակոբին, որ ստրկութիւնից փրկեց Յովսէփին եւ տէր դարձրեց, որ երկնքին հրամայեց ի վերուստ քաղցր կերակուր՝ մանանայ ցօղել, որ ապստամբ եւ դառը ժողովրդին կերակրեց լորամարգիներով, եւ վէմ լինելով, շրջեց նրանց հետ անջրդի անապատում ու ծարաւ ժողովրդին քաղցր ջուր տուեց: Նա Ինքն էր, որ անապատում սակաւ հացով կերակրեց ժողովրդին ու այն ծառի օրինակով, որ խոյ պտղաբերեց, բեւեռուեց ու կախուեց խաչից, խոցուեց կողից ու այնտեղից մեզ համար փրկութեան ջուր բխեցրեց, որպէսզի մեր փրկութեան համար լուացուենք ու սրբուենք ապաշխարութեամբ: Նա մեզ համար հաց եղաւ, Իր արիւնը տուեց մեզ՝ ըմպելու, որպէսզի Իր Մարմինը խառնելով մեր մարմնի հետ, Արիւնն էլ՝ մեր արեան հետ, մեզ բնակեցնի Իր Աստուածութեան մէջ: Արդ, մենք, որ Նրա այսքան երախտիքների դիմաց գոհաբանական խօսքեր չենք ուղղում նրան, ինչպէ՞ս կարող ենք կարծել, որ Նա սովամահ կը թողնի մեզ: Քա՛ւ լիցի, այդպէս չէ, խնդրենք հաւատով, եւ Նա մեզ կերակուր կը տայ: Եւ հիմա նշա՞ն խնդրենք Նրանից. քա՛ւ լիցի, քանզի նշանը պէտք է թերահաւատ ու չար մարդկանց ուղղութեան բերելու համար: Տէրը գիտէ մեր կարիքներն ու օգտակարը եւ ըստ այդմ կը պատրաստի մեզ անհրաժեշտը: Մենք այնպէս չենք եւ քա՛ւ լիցի, որ լինենք, ինչպէս ասաց. “Չար ազգը նշան է խնդրում”: Տէրը կարող է առանց կերակրի մեզ ողջ պահել, կարող է կերակուր տալ, կարող է արդարացնել, կարող է արժանացնել, որ Իր անուան համար պատրաստուենք մահուան՝ տալով մեզ խաղաղ, բնական մահը եւ արժանացնելով Արքայութեանը: Այժմ բոլորդ ծնրադրէ՛ք, որ արժանանաք Քրիստոսի մարդասիրութեանը»:
Եւ երբ նրանք երեք անգամ ծնրադրեցին եւ աղօթեցին, ծովում հողմ բարձրացաւ, եւ մեծ քանակութեամբ ձուկ կղզու ափ թափուեց, այնքան շատ, որ կոյտ-կոյտ լցուեցին կղզում, եւ դրանց հետ՝ շատ փայտ: Փայտը հաւաքեցին, կոյտեր շինեցին եւ մինչ մտածում էին, թէ կայծ է հարկաւոր, յանկարծ փայտն ինքն իրեն բոցավառուեց: Նրանք գոհանալով աղօթեցին, ապա ձուկը խորովեցին ու կերան: Երբ յագեցան եւ խմելու ջուր ցանկացան, սուրբ Ներսէսը ոտքի կանգնեց, կղզու մէջ աւազը փորեց եւ քաղցրահամ աղբիւր բխեցրեց, որով շարունակ յագեցնում էին իրենց ծարաւը:
Այսպէս կերակրւում էին ծովից, իսկ սուրբ Ներսէսն անդադար մխիթարում էր նրանց եւ ասում. «Այսպէս յիշէ՛ք եւ ձեր մտքերում պահէ՛ք Տիրոջ խօսքը, որ ասաց. “Դուք փնտռեցէք Աստուծոյ Արքայութիւնը եւ արդարութիւնը, եւ այդ բոլորը ձեզ կը տրուի ու կ՚աւելանայ”: Տեսնո՞ւմ էք, եղբայրնե՛ր, որ Աստուած խրատելու համար մեզ մօտենում է, ինչպէս հայրը որդուն, որպէսզի մեզ քաջ ու պիտանի դարձնի եւ մեծամեծ պարգեւների արժանացնի: Նա մեզնից փոքր-ինչ առաքինութիւն է ուզում, ուզում է, որ սիրենք Իրեն, որի դիմաց մեզ անթիւ, անհամար բարիքներ է տալիս եւ հրաշքներ գործում, Իր մարդասիրութեամբ բարի հատուցում է անում, որովհետեւ Նա նոյնիսկ Իր անձը չխնայեց ու մեզ համար կերակուր եւ ըմպելի եղաւ»: Այսպէս՝ ինը տարի շարունակ, սուրբ Ներսէսը մշտապէս քաջալերում էր նրանց:
Իսկ երբ Վաղէսը մեռաւ ու նրա փոխարէն թագաւորեց բարեպաշտ Թէոդոսը, իրեն գահակից Գրատիանոս եւ կրտսեր Վաղենտիանոս կայսրերի հաւանութեամբ աքսորավայրից վերադարձրեց բոլոր սուրբ հայրերին: Նրանց թւում նաեւ սուրբ Ներսէսին մեծ պատուով եւ փառքով բերել տուեց թագաւորանիստ քաղաք եւ Կոստանդնուպօլսում հոգեմարտ Մակեդոնի եւ ժամանակի այլ հերձուածների դէմ գումարուած հայրապետների ժողովում նրան նստեցրեց պատուաւոր տեղում:
Եւ մինչ սուրբ Ներսէսը պատրաստւում էր վերադառնալ իր Աթոռին, լսեց հայոց Արշակ արքայի վտարանդի լինելու, նրա դաժան մահուան եւ պարսիկների կողմից երկրի աւերման մասին: Այդ պատճառով խնդրեց Մեծն Թէոդոսին՝ թագաւորեցնել Պապ արքայորդուն, որն այդ ժամանակ գտնւում էր Կոստանդնուպօլսում եւ յունաց զօրքով նրան ուղարկել Հայաստան՝ պարսիկներին երկրից քշելու համար:
Աստուածասէր կայսրն ամէն բան արեց սուրբ Ներսէսի կամքով, եւ սուրբ հայրապետը Պապի ու կայսեր բանակի հետ վերադարձաւ իր երկիրը՝ Հայաստան: Այնժամ պարսից արքան մի ստուար գունդ ուղարկեց, եւ հայոց զօրքը՝ միաբանուած կայսերական զօրքի հետ, դուրս եկաւ պարսիկների դէմ: Պատերազմից առաջ սուրբ Ներսէս հայրապետն օրհնեց հայոց եւ յունաց զօրքին ու զօրավարներին, խաչակնքեց զէնքերի վրայ եւ քաջալերեց բոլորին՝ աներկիւղ մարտնչել Քրիստոսի Խաչի թշնամիների դէմ: Իսկ ինքը Նպատ լերան վրայ ելնելով՝ ձեռքերը խաչանման վեր տարածած աղօթում էր ու խնդրում Տիրոջից, որ խնայի Իր ուխտին եւ սուրբ եկեղեցիներին, որ ստացել էր Իր պատուական արիւնով, Իր ժողովրդին չմատնի անաստուած հեթանոսների ձեռքը, եւ երբէք հեթանոսները չասեն, թէ ո՞ւր է նրանց Աստուածը:
Մինչ նա աղօթում էր, Հայոց զօրքի ճակատը կրակի նման գնում էր ընդդէմ Պարսից զօրքի: Պապ թագաւորն անդադար թախանձում էր սուրբ Ներսէսին՝ ասելով. «Աղօթի՛ր անդադար, աղաչի՛ր Աստծուն, քանզի զօրքերն իրար են բախւում»: Եւ երբ շատ ձանձրացրեց, Ներսէս եպիսկոպոսապետն ասաց Պապ թագաւորին. «Եթէ քո սիրտը դարձնես դէպի Տէրը, Նա կը գթայ քեզ եւ աշխարհին: Եթէ քեզ մաքրես քո պիղծ գործերից, Նա կ՚ընդունի քեզ եւ քեզ չի մատնի թշնամիներիդ ձեռքը: Նա ամէն բան ստեղծեց ոչնչից եւ իր ափի մէջ է պահում ողջ տիեզերքն իր բնակիչներով, երկինքը չափում է թզով եւ բոլոր երկիրը՝ Իր քլով[1]: Նա լեռներն ու դաշտերը կշեռքին դրեց: Նա ճանաչեց Հօր Իմաստութիւնը, Նրան խորհրդակից եղաւ եւ դատաստան է անում Հօր հետ: Այժմ էլ կշեռքին է դնում Արեւելքն ու Արեւմուտքը, Հիւսիսն ու Հարաւը: Նա կշեռքը վեր պահած նայում է, թէ որ կողմը կհակուի նժարը ըստ մեղքի ծանրութեան, ըստ այդմ էլ կը դատի Իր արարածներին: Որովհետեւ Նա գիտէ Իր արարածների գործերը եւ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իրենց գործերի: Հիմա է նախատելու, յանդիմանելու եւ դատելու ժամանակը, եւ այս պահին ոչ թէ մարդն է մարդու դէմ ճակատամարտում, այլ դատաւորների Դատաւորն է վեր կացել՝ երկիրը դատելու: Արդ, դատաստանի ժամն է, ո՞վ կը համարձակուի այս ժամին Նրա առաջ բանալ իր բերանը, ո՞վ է, որ գիտէ Տիրոջ մտքերը եւ դեռ խրատ կը տայ Նրան, որովհետեւ ամէն բան Նրանից է, Նրանում է եւ Նրանով է: Նրան փա՛ռք յաւիտեանս: Եթէ Տէրը հատուցում է մեզ ըստ մեր գործերի, մենք չենք կարող դէմ գնալ Նրա կամքին եւ Նրանից որեւէ բան խնդրել, այլ պէտք է ասենք. Դու արդար ես այն ամէնի մէջ, որ բերիր մեզ վրայ, Քո բոլոր գործերը ճշմարիտ են, Քո ճանապարհները՝ ուղիղ, եւ բոլոր դատաստանները՝ արդար: Դու ըստ ամենայնի արդար արեցիր այն, ինչ արեցիր, եւ ինչ որ արեցիր, ճշմարտութեամբ եւ արդարութեամբ արեցիր մեր մեղքերի պատճառով, որովհետեւ մենք մեղանչեցինք եւ անիրաւութիւն գործեցինք, ապստամբեցինք Քո դէմ, ամէն ինչում մեղանչեցինք: Չլսեցինք ու չպահպանեցինք Քո պատուիրանները եւ չարեցինք այնպէս, ինչպէս պատուիրեցիր մեզ, որպէսզի բարիք ստանանք Քեզնից: Այն ամէնը, ինչ բերիր մեզ վրայ եւ այն ամէնը, ինչ արեցիր մեր հանդէպ, արդար դատաստանով արեցիր, որովհետեւ Քո դատաստանները բարի են: Արդ, մեզ իսպառ մի՛ լքիր յանուն Քո անուան, փրկի՛ր մեզ ըստ Քո հրաշալի գործերի եւ փառք բեր Քո անուանը, որպէսզի երբէք չամաչեն նրանք, ովքեր յուսացել են Քեզ: Թող ամաչեն նրանց բռնութիւնները, ոչնչանան նրանց բոլոր զօրութիւնները, եւ ճանաչեն, որ Դու ես միակ Տէր Աստուածը, որ փառաւորուած ես ամբողջ տիեզերքում: Եւ ամէն բանում թող ամբողջովին կատարուի միայն Քո կամքը, որովհետեւ հզօր ես, ամենակարող եւ ամէն բանում արդար ու սիրում ես ողորմել նեղեալներին եւ վտանգի մէջ գտնուողներին: Դու գիտես մեր օգտակարը, Տէ՛ր, եւ տալիս ես, ինչպէս որ կամենում ես: Եւ եթէ նեղութիւնները մեզ օգուտ են բերում, ապա յաճախակի դարձրու դրանք եւ շնորհի՛ր մեզ: Ինչպէս որ Տիրոջ կամքն է, որ երկնքում է, թող այդպէս կատարուի, եւ ինչ գաւազանով էլ կամենաս խրատել մեզ, ահաւասիկ ամէն ժամ Քո ձեռքում ենք: Քաւի՛ր, Տէ՛ր, Քո ծառաների այս անօրինութիւնները, մեղքերն ու յանցանքները, քանզի ո՞վ է այն մարդը, որ յանցանք չի գործում կամ չի մեղանչում Քո առաջ: Ոչ ոք արդար չէ երկրի վրայ, անգամ մէկը: Դու ես միայն, որ առանց մեղքերի ես, միայն Քոնն է արդարութիւնը, որ ոչնչից արարեցիր մեզ, կենդանութիւն տուեցիր, ցոյց տուեցիր կեանքի եւ փրկութեան ճանապարհը ու հողեղէն արարածներիս բանականութիւն եւ իմաստութիւն տուեցիր: Դու դարձար մեր փրկանքը, որպէսզի մեզ անմահութիւն պարգեւես եւ յիշի՛ր Քո սուրբ Եկեղեցին, որ ստացար Քո սուրբ արիւնով: Քեզ ընծայուածներին մի՛ մատնիր շների ձեռքը: Հեռացրո՛ւ Քո սրտմտութիւնն ու բարկութիւնը Քո ուխտից եւ փրկի՛ր Քո սուրբ Եկեղեցին»:
Այսպէս՝ Նպատ լերան վրայ կանգնած, Մովսէս նախամարգարէի նման ձեռքերը վեր պահած անդադար առ Աստուած աղօթքներ մատուցեց մինչեւ երեկոյ՝ արեգակի մայր մտնելը, մինչեւ երկրորդ Ամաղէկի պարտութիւնը, քանզի քրիստոնեաների զօրքը ուժգին հարուածեց եւ ջախջախեց պարսից զօրքի ճակատը: Պարսից գնդերը պարտութիւն կրեցին, փախուստի դիմեցին եւ ցրուեցին ու սփռուեցին դաշտերում եւ ձորերում: Յունաց եւ Հայոց զօրքերը հետապնդեցին նրանց, կոտորեցին, իսկ մնացածներին հալածեցին հայոց սահմաններից:
Եւ երբ երկիրը խաղաղուեց, Մեծն Ներսէսը յորդորեց Պապ թագաւորին եւ բոլոր իշխաններին՝ անարատութեամբ քայլել Տիրոջ օրէնքներով եւ պատուիրաններով: Սակայն Պապ թագաւորն ամենեւին նրան չէր լսում, որովհետեւ սուրբ հայրապետը շարունակ յանդիմանում էր նրան իր չար գործերի ու մեղքերի համար: Նա չէր կամենում սթափուել, ուղղութեան գալ եւ չէր կարողանում տանել յանդիմանողի մշտական նախատինքները: Որոշեց դաւ նիւթել նրա դէմ, բայց քանի որ այս բանը չէր կարող յայտնապէս անել, ձեւացրեց, թէ կամենում է ուղղուել եւ ցանկանում է, որ Աստուծոյ քահանայապետն իրեն ապաշխարութիւն նշանակի: Ապա նրան հրաւիրեց իր ապարանքը, որ գտնւում էր Եկեղեաց գաւառի Խախ աւանում, նրա համար ընթրիք պատրաստեց, ապա խնդրեց Աստուծոյ մարդուն, որ բազմի արքունի գահին: Ընթրիքի ժամին անապակ գինի մատուցեց սուրբ Ներսէսին եւ ըմպելիքի մէջ մահուան դեղ խառնելով՝ նրան առաջարկեց:
Երբ սուրբ Ներսէսը խմեց այդ բաժակից, իսկոյն հասկացաւ կատարուածը, ապա սկսեց խօսել ու ասել. «Օրհնեա՛լ է մեր Տէր Աստուած, որ ինձ արժանացրեց խմելու այս բաժակից եւ մեռնելու Տիրոջ անուան համար, որին փափագում էի մանկուց: Արդ, ընդունում եմ այս փրկութեն բաժակը եւ կանչում Տիրոջ անունը, որպէսզի ես եւս արժանանամ հասնել եւ լոյսի մէջ բաժնեկից լինել սուրբերի ժառանգութեանը: Բայց քեզ, ո՛վ թագաւոր, արժան էր, որ որպէս թագաւոր ինձ սպանելու համար յայտնապէս հրաման տայիր: Ո՞վ պէտք է արգելէր քեզ, կամ ո՞վ պէտք է ձեռքդ բռնէր ու ետ պահէր այդ գործից, որ կամենում էիր անել: Բայց Դո՛ւ, Տէ՛ր, որ հանգիստ ես պարգեւում բոլոր յոգնածներին, ների՛ր սրանց այս գործը, որ արեցին իմ դէմ եւ ընդունի՛ր Քո ծառայի հոգին»:
Այս եւ նման այլ բաներ խօսելով՝ վեր կացաւ ու գնաց վանքի իր կացարանը: Նրա հետ արքունական սենեակից դուրս եկան եւ գնացին նաեւ Հայոց բոլոր մեծամեծ նախարարները, քահանաները եւ սուրբի սպասաւորները, որոնց մէջ էր նաեւ նրա դպրապետ երանելի Մաշտոցը՝ սուրբ Մեսրոպը: Երբ հասաւ իր կացարանը, բարձրացրեց իր պարեգօտը եւ սրտի վրայ ցոյց տուեց մի նկանակի մեծութեամբ կապուտակուած մի տեղ: Նրան թիւրակէ[2] եւ դեղփափներ էին տալիս եւ հնար էին որոնում փրկելու սուրբին, սակայն նա ոչինչ չընդունեց, մերժեց եւ ասաց. «Ինձ համար մեծ բարիք եղաւ, որ վիճակուեց մեռնել Քրիստոսի պատուիրանների ամուր պահպանութեան համար: Արդարեւ, դուք ինքներդ գիտէք, որ ամէնքին հրապարակաւ քարոզում էի ճշմարտութիւնը եւ ուղիղ ճանապարհը, ուստի եւ ցանկանում էի նաեւ հրապարակաւ մեռնել, ինչպէս որ եղաւ: Ինձ բարւօք վիճակ դուրս եկաւ Աստուծոյ ընտրեալների հետ, եւ իմ ժառանգութիւնը հաճելի է ինձ: Օրհնում եմ Տիրոջը, որ ինձ հասցրեց ժառանգութեան այս վիճակին եւ մեծապէս ուրախ եմ, որ շուտով բաժանուելու եւ հեռանալու եմ այս անօրէն ու ամբարիշտ աշխարհից»: Ուրիշ շատ բաներ խօսեց նրանց հետ, տուեց իր վերջին խրատները, իր հօտին իբրեւ կտակ թողեց իր հոգեշնորհ վարդապետութիւնը եւ աստուածային յայտնութիւնները: Ամէն բանից առաջ բոլորին յորդորեց զգոյշ լինել իրենց անձանց համար եւ պահել Տիրոջ պատուիրանները, «Ձեր ծառայակից Ներսէսին, — ասաց, — այլեւս չէք տեսնելու մարմնով, որովհետեւ ես գնում եմ իմ Արարչի մօտ, որին փափագել եմ մանկուց: Արդ, իմ փոխարէն Նա Ինքը՝ Տէրը կը հովուի ձեզ ու սուրբ եւ անարատ կը պահի ճշմարիտ հաւատի եւ բարի գործերի մէջ: Իսկ ես, մինչ մարմնի մէջ եմ, կը պատմեմ այն տեսիլքը, որ տեսայ անբնակ կղզում, երբ աքսորուած էի: Մինչեւ իմ մահուան օրը ես չկամեցայ այն յայտնել որեւէ մէկին, բայց այժմ Տէրն Ինքն է հրամայում այն պատմել ձեր օգտի համար»:
Այնժամ երանելին սկսեց ըստ կարգի մարգարէաբար պատմել լինելիքը. յայտնեց Արշակունեաց տոհմից Հայոց թագաւորութեան վերացման, Լուսաւորչի տան քահանայական շառաւղի անկման, անապատի պղծի ելնելու, «նետողների» ազգի յարձակման, արեւելքի թագաւորութեան հզօրանալու եւ իր երկրի աւերման, սուրբ Երուսաղէմ քաղաքի նուաճման, սուրբ խաչափայտի գերութեան եւ աշխարհի այլեւայլ մեծամեծ փոփոխութիւնների մասին, որոնք պիտի կատարուեր մինչեւ նեռի գալուստը: Խօսեց նաեւ աշխարհի վախճանի, ահեղ Ատեանի եւ արդար Դատաստանի մասին, որ պիտի լինի Քրիստոսի միւս անգամ Գալստեան ժամանակ, ինչպէս նաեւ ըստ իւրաքանչիւրի գործերի արդարադատ հատուցման մասին: Ինչպէս գրում է «Ճառընտիր»-ը, այս ամէնը լսում էր նրա աշակերտ Մեսրոպը, որ Մաշտոց անուանուեց, եւ իր մտքում պահում էր սուրբի բոլոր ասածները:
Երբ սուրբն աւարտեց իր խօսքը, սկսեց մօտ երկու ժամ գունդ-գունդ արիւն դուրս գալ նրա բերանից: Սրանից յետոյ նա վեր կացաւ, ծնրադրեց եւ խնդրեց Աստծուց՝ թողութիւն շնորհել իրեն սպանողին: Աղօթում էր եւ յիշատակում բոլորին՝ մերձաւորներին եւ հեռաւորներին, անարգներին եւ պատուականներին, նաեւ նրանց, որոնց բնաւ չէր ճանաչում, որպէսզի բոլորը ողորմութիւն գտնեն Տիրոջից: Ապա հաղորդուեց Տիրոջ Մարմնի եւ Արեան կենարար խորհրդին, ձեռքերն ու աչքերը երկինք բարձրացրեց՝ ասելով. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»: Եւ այս ասելով՝ Աստուծոյ ձեռքն աւանդեց իր հոգին:
Եկեղեցու պաշտօնեաները, Հայոց Մուշեղ սպարապետը, Հայր մարդպետը եւ արքունական բանակի ամբողջ ազնուականների գունդը Խախ աւանից վերցրին սուրբ Ներսէսի մարմինը, որտեղ կատարուել էր նրա սպանութիւնը եւ տարան իր գիւղը՝ Եկեղեաց գաւառի Թիլ աւանը: Սուրբին յուղարկաւորում էին սաղմոսներով, օրհնութիւններով, վառ ջահերով, հանդիսաւոր պաշտամունքով: Բայց մինչ սուրբի մարմինը դեռ չէին թաղել, եկաւ Պապ թագաւորը, պատանեց Քրիստոսի վկայի մարմինը եւ թաղեց նրան մարտիրոսական դամբարանում: Նա չքմեղ լինելով՝ անգէտ էր ձեւանում, իբրեւ թէ ինքը չի արել այդ չար գործը:
Կային անապատական երկու կրօնաւորներ, որոնք ճգնում էին լեռներում. մէկի անունը Շաղիտա էր՝ ազգութեամբ ասորի, եւ բնակւում էր Առիւծ կոչուած լերան վրայ, իսկ միւսի անունը՝ Եպիփան, որ ազգութեամբ յոյն էր եւ բնակւում էր մեծ լերան վրայ, մեհեանների տեղում, որ կոչւում էր Անահիտի աթոռ: Սրանք երկուսն էլ եղել են սուրբ Դանիէլի աշակերտները: Արդ, այն ժամին, երբ սուրբ Ներսէսն աւանդեց իր հոգին, նրանցից իւրաքանչիւրն իր լերան վրայ ցերեկուայ ժամին բաց աչքով տեսաւ լոյսերի մէջ փայլատակող սուրբ Ներսէսին՝ ամպերի մէջ յափշտակուելիս: Եւ ահա հրեշտակների գունդը, նրան իր մէջ առնելով, հրեղէն կառքով դէպի վեր՝ երկինք տարաւ: Նրան ընդառաջ էին գալիս սուրբերի դասերը՝ մարգարէները, առաքեալները, վարդապետները, ճգնաւորները եւ մարտիրոսները: Անապատականները զարմացան այս տեսիլքից, սակայն Շաղիտան, որ մնում էր Առիւծ կոչուած լերան վրայ եւ առաւել փորձառու էր, հասկացաւ, որ սուրբ Ներսէսը մահուամբ երկինք փոխադրուեց, իսկ Եպիփանը կարծեց, թէ սուրբ Ներսէսը մարմնով երկինք յափշտակուեց: Ապա երկուսն էլ իսկոյն իջան իրենց լեռներից եւ արագ հասան մինչեւ Եկեղեաց գաւառը, հարցուփորձով իմացան կատարուածը, եկան մինչեւ Թիլ աւանը եւ տեսան այն տեղը, ուր նա դրուած էր: Այնտեղ հանդիպելով միմեանց՝ ամէնքի առջեւ պատմեցին տեսիլքը, եւ բոլոր լսողները փառաւորեցին Աստծուն, Ով փառաւորեց Իր հաւատարիմ պաշտօնեային՝ սուրբ Ներսէս հայրապետին:
Նրա մահից յետոյ բոլորը խոր տրտմութեան մէջ ընկան, իւրաքանչիւրն ասում էր. «Կորաւ Հայոց փառքը, որովհետեւ այս երկրից վերցուեց Աստուծոյ արդարը»: Իշխաններն ու նախարարներն էլ ասում էին. «Արդ, կորաւ մեր երկիրը, ինչո՞ւ զուր հեղուեց արդարի արիւնը: Այսուհետեւ չենք կարող թշնամու դէմ գնալ, կամ էլ մէկի դեմ նիզակ ուղղել, որովհետեւ գիտենք, որ Աստուած մեզ բաց է թողել Իր ձեռքից: Մենք լքուած ենք եւ չենք կարող գլուխներս վեր բարձրացնել, գիտենք, որ այսուհետեւ յաղթանակ չի լինելու Հայոց երկրի թշնամիների դէմ, որովհետեւ մենք յաղթում էինք նրա աղօթքով, ով մեռաւ»: Եւ Հայոց բոլոր սահմաններում՝ ծայրէծայր, ազնուականներն ու շինականները, Թորգոմի տան բոլոր բնակիչները սգում էին նրա համար:
Զանազան գաւառներում եւ աւաններում սուրբ հայրապետը շինեց բազմաթիւ որբանոցներ, այրիների ապաստաններ, կուսանոցներ: Ամենուր հիմնեց հիւանդանոցներ, նրանց համար սահմանեց ուտեստ ու դարման, իր հաւատարիմ մարդկանց, որոնք ունէին Աստուծոյ երկիւղը եւ սպասում էին Քրիստոսի Գալստեանն ու յաւիտենական դատաստանին, նշանակեց որպէս տեսուչներ հիւանդների եւ աղքատների համար: Նրա օրօք ոչ ոք չէր համարձակւում խլել մէկի կնոջը, կամ թողնել իր կնոջը, որին առել էր հարսանիքի պսակով եւ օրհնութեամբ: Եթէ յանկարծ մէկը մեռնում էր, ոչ ոք չէր համարձակւում Եկեղեցու կանոնից դուրս անյուսութեամբ ողբալ մեռելի վրայ, կոծ ու սուգ անել, ողբեր ասել մեռելի վրայ, այլ պէտք էր լոկ արտասուքով, պատշաճ սաղմոսներով եւ օրհնութիւններով, կանթեղներով եւ վառած մոմերով յուղարկաւորել մեռելին: Նրա հայրապետութեան տարիներին Հայաստանի բոլոր սահմաններում չէր կարելի տեսնել աղքատներին մուրալիս, որովհետեւ նրանց կացարաններում կար այն ամէնը, ինչ պէտք էր իրենց: Հէնց այնտեղ նրանք առանց կարիքի էին ու լիացած: Եկեղեցիներում մեծապէս պայծառացած էին պաշտամունքի կարգերը, ժողովրդի մեծ բազմութեամբ մշտապէս կատարւում էին սուրբ վկաների յիշատակները, եւ առհասարակ պայծառացած էր վանական կարգը շէն ու անշէն բոլոր վայրերում:
Իր մէջ բնակուող Սուրբ Հոգու իմաստութեամբ երանելի Ներսէս հայոց հայրապետն իր կեանքի բոլոր օրերին ամէնքին վարդապետում եւ խրատում էր ինչպէս մի բազմագութ հայր, հոգեւոր սիրով քաջալերում էր բոլորին՝ մեծամեծներին, պատուական անձանց, անարգներին, հարուստներին, աղքատներին, իշխաններին, շինականներին… Եւ երկրի վերակացութիւնը ամենայն հոգատարութեամբ, անխոնջ եւ անձանձրոյթ կատարեց մինչեւ իր կեանքի վերջը: Նրա նման ուրիշ մէկը չեղաւ Հայոց աշխարհում:
Սուրբ Ներսէսը հայրապետութեան աթոռին նստեց շուրջ քսան տարի եւ ննջեց յիսուն տարեկան հասակում՝ Տիրոջ 383 թուականին, Հրոտից ամսին:
Մեր սուրբ Ներսէս հայրապետի այս աշխարհից փոխուելուց յետոյ նրա պատուական մարմինը թաղուեց Եկեղեաց գաւառի Թիլ աւանի Երզնկայի մեծ եկեղեցում: Որքան ժամանակ այդ եկեղեցին շէն էր, նրա գերեզմանը, որ պատուելի էր հաւատացեալների կողմից, փայլում էր բժշկութեան նշաններով: Մի քանի դար անց, երբ պատերազմ ծագեց Պարսից Խոսրով արքայի եւ Յունաց Հերակլ կայսեր միջեւ, Հայոց երկրի շատ վայրեր ոտնակոխ եղան պարսից զօրքի, իսկ կարճ ժամանակ անց՝ նաեւ հագարացիների զօրքի կողմից: Քանզի Խոսրովի մահից ութ տարի անց նախկին ամիրապետի քեռորդի ոմն Աբդռահիմ ամիրապետն իր տասնութ հազար զօրքով ելաւ Հայոց վրայ, երկրի բնակիչներից հարկեր հաւաքեց ու Տարոն գաւառում կոտորեց քրիստոնեաների զօրքը: Եւ նման օրինակով շրջեց Վերին Հայքում, Բասէնում, Վիրքում, Ջաւախքում, Վանանդում եւ բազում աւերածութիւններից յետոյ վերադարձաւ Տաճկաստան:
Եւ ահա այդ նոյն արշաւանքների ժամանակ՝ Տիրոջ 632 թուականին, քանդուեցին սուրբ Գրիգոր Լուսաւորչի հիմնած երեք մեծամեծ հին եկեղեցիները՝ Տարոնի Աշտիշատի վանքի եկեղեցին, սուրբ Յովհաննէսի Իննակնեան վանքը՝ սուրբ Մշոյ Կարապետը, եւ Եկեղեաց գաւառի Թիլ աւանի Կաթողիկէ եկեղեցին, ուր գտնւում էին սուրբ Լուսաւորչի որդիների եւ թոռների, այդ թւում եւ սուրբ Ներսէս Մեծի տապանները: Արդ, այդ եկեղեցիների շինուածքների աւերումից եւ տաճարի սպասաւորների կոտորուելուց յետոյ, որոնք մէկ առ մէկ ճանաչում էին սուրբերի գերեզմանները, ժամանակ անց անյայտացաւ նաեւ Ներսէս Մեծի գերեզմանը, որովհետեւ տեղաբնակները միայն այն գիտէին, որ այդ տաճարում են եղել իրենց նախնի սուրբ հայրապետների գերեզմանները, որի պատճառով տաճարը կոչել են Սուրբ Հայրապետների եկեղեցի կամ սուրբ Հանգուցեալ եկեղեցի: Անցան դարեր, եւ եկան Կիլիկիայի Հայոց Լեւոն երրորդ արքայի եւ Հայոց Յակոբ Կլայեցի կաթողիկոսի ժամանակները, եւ Տիրոջ 1272 թուականին, Տէրը կամեցաւ, որ դրանք յայտնի լինեն ըստ հետեւեալ շարագրութեան:
Այդ շրջանում բովանդակ Եկեղեաց գաւառի եւ մայրաքաղաք Երզնկայի առաջնորդն էր տէր Սարգիս արքեպիսկոպոսը, մի առաքինի եւ աստուածասէր այր, որը Յովհաննէս բարեսէր իշխանի գործակցութեամբ կառուցեց բարեկարգ եկեղեցի: Եկեղեաց գաւառի Թիլ աւանի վանքի առաջնորդը Ներսէս վարդապետն էր, որի առաջնորդութեամբ կային շատ վանականներ: Նրանցից մէկն էր սրբակրօն Պատուական սարկաւագը, որը նշանակուած էր վանքի եւ Սուրբ Հայրապետների անուան եկեղեցու սպասաւորութեան համար: Իր հեզ եւ հանդարտ վարքով նա իրապէս պատուի արժանի մի այր էր ու Սուրբ Հոգու ընդունելութեան համար որպէս ընտիր անօթ:
Արդ, յունուարի քսանվեցին, հինգշաբթի գիշերը Պատուական սարկաւագին մի տեսիլք երեւաց. նա մի ծերունի տեսաւ, որը քահանայակերպ ծիրանի էր հագել: Փառաւորապէս նստած մի ջորու վրայ՝ մտաւ վանքից ներս եւ ասաց սարկաւագին. «Եղբա՛յր, ո՞րն է այստեղ սուրբ Հանգուցեալ եկեղեցին»: Եւ սարկաւագը, բռնելով ջորու սանձից, իջեցրեց ծերունուն եւ առաջնորդեց նրան մինչեւ այդ եկեղեցին: Եւ երբ ծերունին ներս մտաւ, ասաց. «Այստեղ է գտնւում սուրբ Ներսէսի գերեզմանը»: Եւ ձեռքի գաւազանով ցոյց տուեց տեղը: Նա հարուածեց գաւազանով, եւ այդ տեղում հրախառն լոյս փայլատակեց: Ապա պատուիրեց սարկաւագին՝ ասելով. «Այս տեղը, որ ցոյց տուեցի, ստուգապէս սուրբ Ներսէսի գերեզմանն է, որում նրա ոսկորների սուրբ նշխարներն են: Յայտնի՛ր տեղապահ առաջնորդին, եւ եկէք հանէ՛ք: Դրանք խոր չեն թաղուած, այլ ծածկուած են քիչ հողով: Այս չորրորդ անգամն է, որ ինձ ասում են՝ գալ եւ ցոյց տալ այս տեղը, սակայն ես պատճառ էի բռնում իմ ծերութիւնը, որի համար այս ջորին տուեցին ինձ, որպէսզի նա տանի ծերիս, եւ ես գալով՝ ցոյց տուեցի»:
Երբ Պատուական սարկաւագն արթնացաւ քնից, պատուեց զարմանքով, երկիւղով եւ հիացմամբ: Եւ երբ այդ տեսիլքը պատմեց առաջնորդին ու վանքի եղբայրներին, նրանք ասացին. «Աղօթի՛ր, որ տեսիլքը կրկնուի»: Առաքինի սարկաւագը, հնազանդուելով նրանց, աղօթեց եւ յաջորդ գիշերուայ մէջ, երբ լուսանում էր ուրբաթը, ծիրանի հագած մի երիտասարդ տեսաւ՝ զինուորի կերպարանքով եւ հարցրեց նրան. «Հանեցի՞ք սուրբ Ներսէսի նշխարները»: Սարկաւագը պատասխանեց նրան եւ ասաց. «Ո՛չ, որովհետեւ ինձ չեն հաւատում»: Այնժամ նա իր ձեռքի մատանիով դրոշմեց այդ տեղի վրայ եւ ասաց. «Ա՛յս է գերեզմանը, որում կան սուրբ Ներսէսի նշխարները: Իսկոյն հանէ՛ք դրանք»: Երբ սարկաւագն արթնացաւ եւ պատմեց տեսիլքը, եղբայրները դարձեալ դժուարանում էին հաւատալ, «որովհետեւ, — ասում էին, — անհնար է, որ կարողանանք գտնել սուրբի գերեզմանը, որն անյայտացել է հարիւրաւոր տարիներ»: Հետեւեալ գիշերուայ մէջ դարձեալ երեւաց նոյն երիտասարդը եւ սարկաւագին սաստելով ասաց. «Ինչո՞ւ էք դանդաղում եւ չէք հանում սուրբ Ներսէսի նշխարները»: Նա արթնանալով պատմեց եղբայրներին, եւ նրանք զարմացած ասացին. «Աղօթի՛ր, որպէսզի տեսիլքը երեւայ եւս մէկ անգամ, եւ այնժամ կ՚իմանանք, որ այն ճշմարիտ է»:
Յաջորդ գիշեր, երբ լուսանում էր միաշաբաթը, երեւաց նոյն երիտասարդը եւ ասաց. «Ինչո՞ւ դուրս չէք բերում սուրբ Ներսէսի փառաւորեալ նշխարները: Ահա երեք անգամ գալով ցոյց տուեցի քեզ: Եկել է սուրբին յայտնելու ժամանակը, որը մինչ այսօր անյայտ եւ ոտքի կոխան մնաց՝ շատ ազգերի կողմից իր ազգի կողմից ոտնահարման պատճառով: Արդ, շտապ դուրս բերէ՛ք, քանզի երբ ճնճղուկը ձեռքի մէջ է լինում, պէտք է նրան զգուշութեամբ պահել, իսկ եթէ նա ազատուելով թռչի, դժուար կը լինի բռնել»:
Երբ Պատուական սարկաւագը պատմեց այս վերջին տեսիլքը, այն արժանահաւատ եղաւ բոլորի համար, եւ հասկացան առակաւոր խօսքի իմաստը, թէ սուրբ անձը, որն իբրեւ ճնճղուկ փրկուեց որսողի որոգայթից, մարմնի մէջ հրեշտակային վարքով զերծ մնաց չարի բոլոր խաբէութիւններից, եւ այսքան ժամանակ մարդկանց անյայտ լինելով՝ այժմ յօժարում է իրեն յայտնել իւրայիններին: Իսկ եթէ իւրայիններն անփոյթ գտնուեն իրեն գտնելու համար, ապա դարձեալ չի յայտնի իրեն, եւ այնուհետեւ եթէ անգամ կամենան, չեն կարող գտնել: Բոլոր եղբայրները փառաւորեցին Աստծուն՝ այդպիսի անգին գանձի այցելութեան համար:
Ապա վանահայր Ներսէս վարդապետն իսկոյն գնաց Երզնկա քաղաքը՝ մեծապատիւ տէր Սարգիս արքեպիսկոպոսի մօտ եւ պատմեց նրան տեսիլքի բոլոր հանգամանքները՝ աւետիս տալով նրան, թէ սուրբ Ներսէսի այսօրինակ երեւմունքը մեծամեծ պարգեւների եւ փրկութեան նշան է: Այնժամ արքեպիսկոպոսը՝ լցուած մեծ խնդութեամբ գոհացաւ Աստծուց եւ ասաց Ներսէս վարդապետին. «Գնացէ՛ք եւ այս գիշեր եղբայրներով հսկման կարգ կատարէք, իսկ յաջորդ օրը կը փորէք այդ տեղը, մինչեւ երեւայ գերեզմանը, եւ ինձ էլ լուր կը տաք, որպէսզի գանք եւ հանենք Հայաստանեայց ուրախարար գանձը»:
Եւ վանականներն արեցին ըստ արքեպիսկոպոսի հրամանի, քանզի գիշերուայ հսկումից յետոյ, յաջորդ օրը, որը փետրուար ամսուայ առաջին օրն էր, փորեցին տեսիլքում նշուած տեղը, մինչեւ որ երեւաց սուրբ Ներսէսի գերեզմանը: Լուր տուեցին արքեպիսկոպոսին, սակայն մինչեւ նրա գալը վանքի բնակիչները, վախենալով ամբոխի բազմութիւնից, թէ միգուցէ չկարողանան սուրբին հանել հանդերձներով, շտապեցին գերեզմանից դուրս բերել սուրբի նշխարները: Նրա կրածեփ քարից գերեզմանն ունէր երեք կանգուն երկարութիւն, ներքեւի կողմից մէկ կանգուն լայնութիւն, իսկ խորութիւնը՝ մի մարդաչափ՝ չորս աստիճաններով:
Եկան Երզնկայի աստուածապատիւ տէր Սարգիս եպիսկոպոսը եւ նրա որդի Յովհաննէս բարեսէր իշխանը: Նրանց հետ էին նաեւ եկեղեցու սպասաւորները եւ քաղաքի պատուաւոր անձինք: Ինչպէս ջուր փափագող մի ծարաւ եղջերու՝ նրանց յետեւից գալիս էր նաեւ բազմամբոխ մի ժողովուրդ, որպէսզի վկայէր, թէ եկել է Հայոց փրկութեան եւ ազատութեան ժամանակը: Եւ երբ եկան, ընկնելով երկրպագեցին նրա գերեզմանին՝ հրեշտականման մարմնի օթարանին, սուրբ յարկին եւ լուսոյ գանձն իր մէջ պահողին: Եպիսկոպոսը եկեղեցու սպասաւորներին հրամայեց գերեզմանի մօտ բերել սուրբի նշխարները՝ ի տես ամէնքի: Եւ երբ նա աստուածային հոգով տեսաւ մեր սուրբ Ներսէս հայրապետի եւ հայոց երկրորդ լուսաւորչի կենդանի նշխարները, արտասուեց եւ ողբալից ձայնով խօսեց սուրբի՝ իբրեւ կենդանու հետ՝ ասելով. «Ո՛վ սուրբդ Աստուծոյ, ահա գթալուդ ժամանակն է, որ ողորմես քո ընկած ու տառապած ազգին: Բազում ալիքներից ծփում եւ քամուց քշւում է նաեւ Եկեղեցին: Ձեռք մեկնի՛ր եւ օգնի՛ր, բազմահմուտ եւ ամենագէտ նաւավա՛ր: Մոլորուել է Քրիստոսի հօտը եւ կարօտ է ստանալ կեանքի կերակուրը: Գահավիել է եւ ցրուել՝ մատնուելով անխնայ յօշոտող գայլերի ձեռքը: Հիմա է այցելութեան եւ քաջ հովուիդ գառներին գայլերից փրկելու ժամանակը: Հիւանդացել է եկեղեցու մարմինը, չի գտնում հարազատ բժիշկ իր վէրքերի համար եւ դեղ՝ մահաբեր ցաւերի համար: Հիւանդ է ոչ թէ մի մասը, որ կարողանայինք դարմանել, ոչ էլ մի տեղը, որ սպեղանի դնէինք, այլ նա հիւանդ է ամբողջովին: Ցաւակցաբար նայի՛ր եւ խնդրի՛ր մարդասէր Բժշկից, որպէսզի խոնարհուի՝ լսելու նեղեալներիս հեծութեան ու տառապանքների ձայները»:
Այս և նման մաղթանքներ էր յղում Սարգիս եպիսկոպոսը սուրբ նշխարների առջեւ: Ապա հրաման տուեց ողջ բազմութեանը, քահանաներին եւ ժողովրդին, սպասաւորներից մէկի միջնորդութեամբ խոստովանել նախնիների յանցանքները, թողութիւն խնդրել նրանց անհնազանդութեան համար, որի պատճառով պատահեցին այս բոլոր չարիքները, նաեւ ուխտել կենդանի նշխարների առաջ` չգնալ նոյն չար ճանապարհով եւ չապստամբել աստուածային պատուիրանների դէմ:
Այնժամ առաջ եկաւ ընտրեալ վարդապետներից մէկը եւ սկսեց Եկեղեցու ձայնակցութեամբ եւ ողջ ազգի անունից ասել. «Մեղանչեցի՛նք, հա՛յր սուրբ, մեր հոգիների վերակացո՛ւ, մեղանչեցինք թէ՛ մենք, թէ՛ մեր հայրերը, անօրինութիւն եւ յանցանք գործեցինք: Եթէ ճաշակէինք քո քաղցր պատուիրանների պտուղը, ապա կարօտ չէինք մնայ լուսաւորիչ հայրերի տեսչութեանը: Յիրաւի, մեզ պատեց տրտմութեան խաւարը, որովհետեւ չհետեւեցինք պատուիրանների լոյսին: Արդարապէս աղքատացանք, որովհետեւ ոսկուց, արծաթից եւ բոլոր պատուական քարերից աւելի ցանկալի աստուածային օրէնքները չգանձեցինք մեր հոգիներում: Այդ պատճառով մեզ տիրեցին մահաբեր ցաւերը, որովհետեւ չկերակրուեցինք Աստուծոյ հոգեղէն եւ կենդանի խօսքով: Մեզ տիրեց կսկծեցուցիչ քաղցն ու ծարաւը, որովհետեւ քաղցր հայրերից չընդունեցինք Աստուծոյ Բանի կերակուրը: Մենք մոռացանք հոգեւոր հօրդ խաղաղութեան խրատը, դու էլ մեզ մոռացար, աջդ շնորհալի: Շնորհաշատ եւ պարգեւաշատ Աջդ, որ Սիօնի մանուկների կաթնասուն դաստիարակը եւ սնուցիչն էր, հայոց զօրքի հրեղէն պարիսպն էր եւ բարձրացնում էր Հայաստանեայց թագաւորների դրօշը: Արդ, հա՛յր, հաշտուի՛ր հայրենի գթութեանդ միջնորդութեամբ եւ ների՛ր յանցաւոր որդիներիս մեղքերը: Հայրը հարուածում է որդուն, ցաւ պատճառում, սակայն ինքը չի մնում առանց ցաւի, այլ անհնազանդ որդուն գաւազանով խրատելուց առաւել ցաւ է զգում ծնողական գութի պատճառով: Կատարուեց մեզ վրայ մարգարէական հոգով լի քո տեսիլքը, եւ որպէս մեր պատուիրանազանցութեան պատուհաս՝ կրեցինք դառը ժամանակները: Եւ արդ, հա՛յր, եթէ այս տագնապալի տառապանքները յիշեցնես մարդասէր եւ գթառատ Հօրը, գիտեմ, որ կը դադարի նրա բարկութիւնը եւ կը նայի քաղցրութեամբ ու ողորմութեամբ, որը յատուկ է Իրեն: Հա՛յր, խնդրի՛ր մեղաւորներիս համար, որովհետեւ երկնաւոր Հայրը գիտի լսել բոլոր հայրերի մաղթանքները, որ իրենց անառակ որդիների համար են: Նա պատւում է պատուական ալեհեր մազերը, որոնք երաշխաւոր են մեղաւոր որդիների համար»:
Արդ այս եւ նման պաղատանքի խօսքեր յիշատակուեցին այդ տեղում եւ ողջ ժողովրդի կողմից արտասուագոչ հառաչանքներով խոստումներ տրուեցին սուրբ Ներսէսի կենդանի նշխարների առջեւ: Ապա եպիսկոպոսը սուրբ նշխարները պատեց սպիտակ եւ մաքուր կտաւներով, եկեղեցում առանձին դրեց երկու արկղների մէջ եւ կնքեց իր մատանիով: Երկու մեծ մասը տուեց եկեղեցուն՝ ի համբոյր եւ ի տես ուխտաւոր ժողովրդի, որ գալիս էին բոլոր կողմերից, եւ մնացածները պահուեցին զգուշութեամբ: Իսկ ինքը՝ եպիսկոպոսը, վերադարձաւ քաղաք՝ սպասելով Աստուծոյ տնօրինութեանը: Ուրախացաւ հայոց ազգը, երբ երկրով մէկ տարածուեց այս լուրը, բոլոր տեղերից գալիս էին հաւատացեալների բազմութիւնը՝ երկրպագելու եւ տեսնելու սուրբ գերեզմանը:
Եթէ սուրբ Գրիգոր Լուսաւորիչը համարւում է «Լուսաւորիչ հոգւոց»՝ հաւատի լոյսը տարածելու համար, Սահակ Ա Պարթեւը՝ «Լուսաւորիչ մտաց»՝ հայ դպրութեան հիմնադրման եւ զարգացման համար, ապա Ներսէս Մեծ հայրապետը՝ «Լուսաւորիչ սրտից»՝ բարոյական եւ քրիստոնէական բարեկարգութեան նոր շրջանի սկզբնաւորման համար:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ներսէս Մեծ հայրապետի յիշատակը տօնում է Խադ եպիսկոպոսի հետ՝ Կաթողիկէ սուրբ Էջմիածնի տօնին յաջորդող շաբաթ օրը (յունիս-յուլիսի սկիզբ):
ՏԱՂ ՀԱՄԵՂԱԲԱՐ
Ներսէս դրախտէն էր տունկք բերեալ, յեկեղեցիս արմատացեալ,
Գեղուղէշ վարսաւորեալ եւ զանազան պտղօք լցեալ:
Ներսէս դու հաց հոգոց եղեալ եւ ամենեցուն կեանս տուեալ,
Քաղցրահամ ճաշակ շնորհեալ, որոց բանին էին սովեալ:
Ներսէս հանգոյն առաքելոց, աղ համեմիչ անհամելոց,
Թէ ոք նեխեալ յիւր անդամոց, կսկիծ արկեալ դաժան դեղոց:
Ներսէս պայծառ լոյս բորբոքած եւ յաշտանակ բարձր նստած,
Յընդհանրական ազգս ծագած, կաթուղիկոս Մեծ անուանած:
Ներսէս վերին խորոց գիտող, եւ խորհրդոց Տեառն պատմող,
Կտակարանացն թարգմանող, ծածուկ բանից բացայայտող:
Ներսէս տօնիցն զարդարիչ, եկեղեցոյ կարգաց գտիչ,
Տէրունական աւուրց պատւիչ, ըստ խորհրդեանն երգս յօրինիչ:
Ներսէս անչափ զանձն ճգնօղ, նիզակ կենօքն չարչարող,
Ի հանապազ պահս աշխատող, զմարմնոյն ներհակ միշտ կամեցող:
Ներսէս յաղօթս առ Տէր կանխէր, դէմ յանդիման ընդ Նա խօսէր,
Մտօք զՓրկչին շնորհսն որոնէր, փառս տալով:
[1] Քիլ — երկարութեան չափ է, թզից փոքր, բացուած ձեռքը բութ մատի ծայրից մինչեւ ցուցամատի ծայրը, որը համարւում է հաւասար ութ մատնաչափի:
[2] Թիւրակէ – հակաթոյն:
Վերցված է՝ https://shavigh.am/ կայքից