Եսայի 1.2-15
2 Լսի՛ր, երկի՛նք, եւ ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տէրն է խօսում. «Զաւակներ ունեցայ եւ մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին: 3 Եզն իր տիրոջն է ճանաչում, եւ էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայէլն ինձ չճանաչեց, իմ ժողովուրդն ինձ չհասկացաւ: 4 Վա՜յ մեղաւոր ազգին. մեղքերո՛վ լի ժողովուրդ, չարագո՛րծ սերունդ, անօրէ՛ն ծնունդներ, թողեցիք Տիրոջը, բարկացրիք Իսրայէլի Սրբին: Նրանք օտարացան ու յետ քաշուեցին: 5 Ինչո՞ւ էք անօրինութիւնների վրայ նոր վէրքեր աւելացնում: Ամէն գլուխ ցաւի մէջ է, ամէն սիրտ՝ տրտմութեան: 6 Ոտքերից մինչեւ գլուխ նրա վրայ առողջ տեղ չկայ. վէրքերի, այտուցների եւ շարաւոտ խոցերի վրայ դնելու ո՛չ սպեղանի կայ, ո՛չ ձէթ եւ ո՛չ էլ վիրակապ: 7 Ձեր երկիրն աւերակ է, ձեր քաղաքները՝ հրոյ ճարակ. թշնամի ցեղերից աւերուած ու ամայացած ձեր հողի բարիքները ձեր իսկ աչքի առաջ օտարներն են ուտում: 8 Սիոնի դուստր Երուսաղէմը պիտի մնայ լքուած, ինչպէս տաղաւարը՝ այգում, մրգապահների հիւղակը՝ սեխի պարտէզում, ինչպէս պաշարման մէջ գտնուող քաղաքը»: 9 Եթէ Զօրութիւնների Տէրը մեզ սերունդ թողած չլինէր, կդառնայինք Սոդոմի պէս, կնմանուէինք Գոմորին: 10 Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրէք Աստծոյ օրէնքներին, ո՛վ Գոմորի մարդիկ: 11 «Իմ ինչի՞ն են պէտք ձեր բազմաթիւ զոհերը,– ասում է Տէրը,– ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակէզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արիւնը չէ, որ ուզում եմ, 12 եւ ոչ էլ այն, որ գաք ու կանգնէք իմ առաջ: Ո՞վ խնդրեց դա ձեզնից. մի՛ շարունակէք կոխոտել իմ գաւիթները: 13 Եթէ ազնիւ ալիւրի հաց մատուցէք ինձ, զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները եւ տօնական մեծ օրը եւս անընդունելի են ինձ. 14 ձեր պահեցողութիւնն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տօները ատեց իմ հոգին: Կշտացել եմ ձեզնից, այլեւս չեմ ների ձեր մեղքերը: 15 Երբ աղօթքի համար դէպի վեր բարձրացնէք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, եւ եթէ բազմապատկէք ձեր աղօթքները, չեմ լսելու ձեզ, որովհետեւ ձեր ձեռքերը լի են արիւնով:
Հռոմեացիներ 6.12-23
12 Այսուհետեւ մեղքը թող չթագաւորի ձեր մահկանացու մարմիններին՝ հնազանդեցնելու ձեզ իր ցանկութիւններին: 13 Եւ ձեր մարմնի անդամները, որպէս անիրաւութեան գործիք, ի ծառայութիւն մեղքի մի՛ պատրաստէք, այլ յանձնեցէ՛ք ձեզ ի ծառայութիւն Աստծոյ՝ որպէս մեռելներից կենդանի դարձածներ, իսկ ձեր մարմնի անդամները՝ արդարութեան գործիքներ՝ ի ծառայութիւն Աստծոյ, 14 որպէսզի մեղքը ձեզ չտիրի. քանզի օրէնքի տակ չէք, այլ՝ շնորհի: 15 Իսկ արդ, ի՞նչ: Մե՞ղք գործենք, որովհետեւ օրէնքի տակ չենք, այլ՝ շնորհի: Քա՛ւ լիցի: 16 Չգիտէ՞ք, թէ ում համար որ դուք ձեզ ծառայութեան մէջ էք դնում հնազանդութեան համար, ծառայ էք, ում որ հնազանդւում էք. եթէ մեղքին՝ մահուան է տանում, իսկ եթէ Աստծոյ հնազանդութեանը՝ արդարութեան: 17 Բայց՝ գոհութիւն Աստծոյ. մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտէ հնազանդուեցիք այնպիսի վարդապետութեան, որ ձեզ աւանդուեց: 18 Արդ, մեղքից ազատագրուածներդ ծառայեցէ՛ք արդարութեան: 19 Մարդկայնօրէն եմ ասում ձեր մարդկային տկարութեան պատճառով. եւ ինչպէս որ ձեր մարմնի անդամները տուեցիք անօրինութեանը՝ որպէս ծառաներ պղծութեան եւ անօրինութեան, նոյնպէս եւ այժմ ձեր մարմնի անդամները տուէ՛ք սրբութեան համար՝ որպէս ծառաներ արդարութեան. 20 որովհետեւ մինչ մեղքի ծառաներն էիք, ազատ էիք արդարութեան հանդէպ: 21 Իսկ արդ, ի՞նչ պտուղ ունէիք այն ժամանակ, որի համար այժմ ամաչում էք. որովհետեւ դրանց վախճանը մահ է: 22 Բայց այժմ, ազատուած մեղքից եւ ծառայ դարձած Աստծուն, ձեր պտուղն էք տալիս սրբութեամբ, եւ նրա վախճանը կեանք է յաւիտենական. 23 քանի որ մեղքի վարձը մահն է, իսկ Աստծոյ շնորհը՝ յաւիտենական կեանք մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով:
Ավ. ըստ Մատթեոսի 12.1-8
1 Յիսուս շաբաթ օրով անցաւ արտերի միջով. նրա աշակերտները քաղցած էին եւ սկսեցին հասկ պոկել եւ ուտել: 2 Փարիսեցիները, երբ այս տեսան, Յիսուսին ասացին. «Ահա քո աշակերտները անում են մի բան, որ շաբաթ օրն անել օրինաւոր չէ»: 3 Եւ նա նրանց ասաց. «Դուք չէ՞ք կարդացել, թէ ինչ արեց Դաւիթը, երբ քաղց զգաց ինքը եւ նրանք, որ իր հետ էին: 4 Թէ ինչպէս մտաւ Աստծոյ տունը եւ կերաւ առաջաւորութեան հացը, որն ուտել օրէնք չէր ո՛չ նրա եւ ո՛չ էլ նրա հետ եղողների համար, այլ միայն՝ քահանաների համար: 5 Կամ թէ օրէնքում չէ՞ք կարդացել, որ շաբաթ օրերը տաճարում քահանաները խախտում են շաբաթը եւ անմեղ են: 6 Բայց ասում եմ ձեզ, որ այստեղ տաճարից մեծ մէկը կայ: 7 Եւ եթէ իմանայիք, թէ ինչ է նշանակում՝ «Ողորմութիւն եմ կամենում եւ ոչ՝ զոհ», ապա դուք անպարտներին չէիք դատապարտի. 8 ուրեմն, մարդու Որդին շաբաթ օրուայ տէրն է»: