Անտանելի չարչարանացն եղէն վկայք ճշմարտութեան.
Եւ խաչակից եղէք Որդւոյն Աստուծոյ. զբաժակ մահու արբիք ուրախութեամբ.
Ով սուրբ վկայք. զձեզ ունիմք բարեխօս առ Տէր վասն անձանց մերոց:
Յաղթանակ համբերութեամբ կատարեցիք զընթացս ձեր՝
Եւ փոխեցայք յերկրայնոցս ի յերկինս. ընկալայք ի Քրիստոսէ զպսակս անապական.
Ով սուրբ վկայք. զձեզ ունիմք բարեխօս առ Տէր վասն անձանց մերոց:
Արդ եկայք հաւատացեալք՝ կատարեսցուք զյիշատակ սրբոց վկայիցն.
Զի ի ձեռն սոցա բացցի մեզ դուռն ողորմութեան.
Ունելով միշտ բարեխօս առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Քրիստոսի հրաշագործ վկայ, հոգու եւ մարմնի բժիշկ Թալիլէոսը ծնուել է Լիբանանում եւ ապրել է Նումերիանոս կայսեր ժամանակներում: Նա ազնուական տոհմից մի վայելչատես երիտասարդ էր, քրիստոնեայի որդի եւ հմուտ բժիշկ՝ զարդարուած աստուածպաշտութեամբ ու առաքինութեամբ: Ապրելով անտառից ոչ հեռու գտնուող իր տանը՝ նա բժշկում էր իր մօտ եկող հիւանդներին, որոնցից շատերին հիւրընկալում եւ պահում էր իր տանը ու չէր արձակում, մինչեւ չէին առողջանում: Բարերար լինելով ամէնքի հանդէպ՝ նա սիրելի էր բոլորին՝ մեծերին ու փոքրերին, սակայն առաւել գութ ունէր աղքատների հանդէպ: Նրանց ախտերն իրենը համարելով՝ մեծ սիրով ջանում էր փարատել նրանց ցաւերը: Պատահում էր, որ նրանց անձամբ էր ուսին դրած տեղից-տեղ տանում: Նա ինքն էր ջանում գտնել հիւանդներին ու նրանց համար բժշկութեան միջոց գտնել: Այդ պատճառով Աստուած նրան բժշկութեան շնորհ տուեց, որը վեր էր, քան իր բժշկութեան զօրութիւնը, որովհետեւ շատ անգամ դեղամիջոցների փոխարէն աղօթում էր եւ միայն խօսքով կամ Տիրոջ անունով ձեռք դնելով՝ բժշկում հիւանդներին ու ախտաժէտներին: Գթասիրտ լինելով՝ անխտիր դարմանում էր նաեւ հեթանոս աղքատներին եւ աղօթքներով փարատում նրանց ցաւերը: Այդ բանը դժկամութեամբ էին ընդունում որոշ քրիստոնեաներ, իսկ նա զայրանում էր նմանների անգթութեան վրայ: Մի անգամ տեսաւ, որ քրիստոնեաներից մէկը, որ ոխ ունէր մի հեթանոսի դէմ, ուրախացաւ նրա դժնի մահուան համար: Այնժամ Թալիլէոսը սաստեց նրան՝ ասելով. «Մի՛ ուրախացիր թշնամուդ չարիք պատահելուց, այլ առաւել ուրախացիր, երբ նրան աստուածպաշտութեան կը դարձնես»: Այդ մարդն ասաց. «Արդար էր նրա արագահաս մահը, քանզի ի՞նչ շահ ունի ապրելը, եթէ ծերանում են մեղքերի մէջ»: Սուրբը, ի լուր բոլոր հաւատացեալների, պատասխանեց. «Եղբայրնե՛ր, մենք Աստծուց հրաման ենք ստացել աղօթել թշնամիների համար եւ ոչ թէ ուրախանալ նրանց չարիքների համար: Եւ եթէ մարդասիրութեամբ վարուենք նրանց հետ, ապա կը մեղմենք նրանց խստասրտութիւնը եւ նրանց անհաւատութիւնը կը դարձնենք դէպի հաւատը»:
Սրանից յետոյ Թալիլէոսը Քրիստոսի անուամբ բժշկեց իր կեանքից անյոյս, օձահար մի հեթանոսի եւ հեռացրեց նրան կռապաշտութիւնից: Նրա մօտ բերեցին կռապաշտ մէկ ուրիշի, որն ունէր կոկորդի ցաւ, եւ որեւէ բժիշկ չէր կարողացել առողջացնել նրան: Նա խօսք տուեց սուրբին՝ ընդունել սուրբ հաւատը, եւ սուրբը Խաչի նշանով անմիջապէս բժշկեց նրան: Մի անգամ էլ տանից դուրս եկաւ եւ տեսաւ մի հեթանոս աղքատի, որն ընկել էր ճանապարհին, սահել ու կոտրել իր ոտքը: Նա աղաչեց Թալիլէոսին օգնել իրեն, իսկ Թալիլէոսն ասաց. «Միայն հաւատայ եւ կ՚ապրես»: Նա հաւատաց Քրիստոսի զօրութեանը, իսկ սուրբը բժշկեց նրան ու դարձրեց դէպի սուրբ հաւատը: Նաեւ մի այսահար աղջկայ ազատեց դեւից, բացեց մի աղքատի աչքերը եւ նրանց քրիստոնեայ դարձրեց:
Չարանալով սուրբի գործերից՝ բարիատեաց սատանան դրդեց կռապաշտներին, եւ նրանք բռնեցին նրան ու տարան Տիբերիանոս անունով դատաւորի մօտ, որպէսզի Եդեսիայում Նումերիանոս ինքնակալի եւ նրա եղբօր՝ Կարինոսի հրամանով դատէր քրիստոնեաներին: Նրանք ամբաստանեցին՝ ասելով. «Այս մարդը մոգութեամբ մոլորեցնում է շատերին եւ դարձնում Նազովրեցու կրօնին: Գիշերն էլ լռելեայն կտրել է Լիբանանի անտառի սաղարթախիտ ծառերը, խափանել աստուածների պաշտամունքը եւ խախտել նրանց պատգամները»: Այնժամ դատաւորը հրամայեց գանահարել նրան՝ որպէս մի ստահակ ծառայի եւ տեսնելով, որ նա լռում է, համարեց, թէ մտափոխուել է եւ վտարեց նրան այդ գաւառից:
Թալիլէոսը ելաւ գնաց Կիլիկիա, ուր դարձեալ շրջեց եւ Քրիստոսի անուամբ բժշկութիւններ արեց, որի համար կռապաշտները գնացին Թէոդորոս անթիհիպատոսի մօտ, որը նստում էր Անարզաբայից յիսուն ասպարէզ հեռաւորութեամբ ծովափնեայ քաղաքում եւ ասացին. «Արեւելքից մի անծանօթ գալիլեացի է եկել, հանդէս է գալիս որպէս բժիշկ եւ կախարդութեամբ մոլորեցնում է շատերին՝ պաշտելու Խաչեալին»: Իշխանը որոնողներ ուղարկեց, եւ նրանք, սուրբին գտնելով, բերեցին դատաւորի պալատ: Դատաւորն ասաց. «Ինձ մօտ բերէ՛ք այդ չարաբարոյ մարդուն: Լսել եմ, որ նա քրիստոնեաների աղանդի առաջնորդն է, որոնցից շատերին վերացրել եմ հրով, սրով եւ ջրով»: Երբ նրան բերեցին ատեանի առաջ, դատաւորը տեսնելով, որ նա կայտառ, ոսկեհեր մի երիտասարդ է, ասաց իւրայիններին. «Որտե՞ղ բռնեցիք այդ գեղեցկատես պատանուն»: Նրանք պատասխանեցին. «Մենք նրան տեսանք Անարզաբա գնալու ճանապարհին: Մեզ տեսնելով՝ նա թաքնուեց տնկախիտ մայրիների մէջ, բայց օր անց նրան գտանք մի ձիթենու տակ եւ բերեցինք ձերդ իշխանութեան առջեւ»:
Ապա իշխանը դարձաւ սուրբին եւ ասաց. «Ասա՛ ինձ, ո՞րն է քո պաշտամունքը, ո՞ր քաղաքից ես, եւ ի՞նչ է քո անունը»: Քրիստոսի վկան պատասխանեց. «Ես քրիստոնեայ եմ, անունս Թալիլէոս է: Ես եւ իմ ծնողները Լիբանանից ենք: Իմ հայրը՝ Բերկոկիոսը, քրիստոնեայ զօրավար էր, քրիստոնեայ էր նաեւ մայրս՝ Հռոմուիլիանէն: Իմ եղբայր Յովհաննէսն Աստուծոյ սպասաւոր էր՝ եկեղեցու կիսասարկաւագ, իսկ ես բժշկութիւն սովորել եմ Մակարիոս բժշկապետից: Հալածանքների ժամանակ, երբ բռնում էին քրիստոնեաներին, ինձ եւս բռնեցին եւ տարան Եդեսիայի Տիբերիոս դատաւորի մօտ, որն ինձ շատ նեղութիւններ պատճառեց, սակայն ես ողջ սրտով կանչեցի Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն՝ ճշմարիտ Աստծուն եւ ինքնաբուն բարի ամէնքի Արարչին, ու Նա ազատեց ինձ որսողի ձեռքից: Եւ ահա այն ատեանից եկել եմ այս ատեան, արա՛, ինչ կամենում ես, որովհետեւ արժանի է մեռնել Քրիստոս Աստուծոյ համար, Ով իմ հզօր Օգնականն է»:
Թէոդորոս դատաւորն ասաց. «Ա՛յ չարաբարոյ, մի՞թէ կարծում ես՝ կ՚ազատուես իմ ձեռքից, ինչպէս որ ազատուեցիր Տիբերիոս դատաւորի ձեռքից»: Թալիլէոսն ասաց. «Հաւատում եմ Նրան, Որին յուսացել եմ՝ իմ Տէր Յիսուս Քրիստոսին, Ով չի ամաչեցնի ինձ եւ օգնական կը լինի մինչեւ մահ»:
Դատաւորը հրամայեց կանչել Աստերիոս հիւսնին, ով տանջանքներ յօրինող դահիճներից էր եւ ասաց նրան. «Աստերիէ՛, տա՛ր դրան եւ շաղափով ծակի՛ր ոտքի մատերը»: Նրանք շատ չարչարուեցին, սակայն ոչինչ չկարողացան անել: Սպասաւորները եկան եւ ասացին դատաւորին. «Ահա երրորդ ժամից մինչեւ վեցերորդ ժամը չարչարուեցինք՝ ծակելու նրա ոտքերը, սակայն ոչինչ չկարողացանք անել»: Բարկացաւ դատաւորը եւ ասաց. «Մի՞թէ ծաղր առնելու էք եկել, անզգամնե՛ր, գնացէ՛ք եւ ծակէ՛ք, ինչպէս որ ասացի»: Եւ նրանք շուարած ու խելացնոր վերցրին մի փայտեայ կոճղ եւ ծակեցին նրա ծայրը: Այնուհետեւ եկաւ Աստերիոսը եւ ասաց. «Տէ՛ր իմ, ծակեցինք նրա ոտքի մատերը, ինչպէս հրամայեցիր»: Այնժամ դատաւորն ասաց. «Լարեր եւ պարաններ անցկացրէք ոտքերին ու նրան գլխիվայր կախէք»: Եւ նրանք, խելացնոր եղած, կախեցին փայտը եւ համարեցին, թէ Թալիլէոսին կախեցին:
Այս տեսնելով՝ Թալիլէոսի մօտ կանգնած աշակերտն ասաց. «Տեսնո՞ւմ ես, թէ դրանք ինչ են անում»: Եւ Թալիլէոսն ասաց. «Լուռ մնայ, եղբա՛յր, ինձ հետ է իմ զօրացուցիչը՝ Քրիստոս»: Երբ դատաւորն իմացաւ, թէ ինչ է եղել, զայրագին ասաց դահիճներին. «Այս ի՞նչ արեցիք, անմիտներ, ես ձեզ հրամայեցի մարդ կախել, իսկ դուք փայտ էք կախել»: Այս գործը գլխաւորում էին դահիճներից երկուսը՝ Աստերիոսը եւ նրա գործակից Ալեքսանդրոսը, որոնց բռնաւորը հրամայեց պատժել՝ ասելով. «Տարածէ՛ք դրանց գետնի վրայ եւ անխնայ տանջէ՛ք, որպէսզի այլեւս չհամարձակուեն խայտառակել իմ ատեանը»: Իսկ Աստերիոսն ու Ալեքսանդրոսը, լուսաւորուելով Աստծուց, միաբերան աղաղակեցին. «Կենդանի է Տէրը, մենք եւս քրիստոնեայ ենք»: Սաստիկ բարկացած դատաւորը հրամայեց բռնել նրանց ու իր առջեւ բերել:
Իսկ նրանք, որ զօրեղ էին բոլոր դահիճներից, խոյս տուեցին ապարանքից ու փախան քաղաքից: Դատաւորը Մոտինոս դահճապետին հրամայեց մարդիկ վերցնել ու հետապնդել նրանց: «Եթէ չկամենան վերադառնալ, — ասաց, — սպանէ՛ք նրանց, ուր էլ որ գտնէք»: Գնալով նրանց յետեւից՝ գտան լերան վրայ՝ յիսուն ասպարէզ հեռու քաղաքից: Տեսնելով, որ նրանք հաստատուն են ի Քրիստոս հաւատի մէջ, կտրեցին նրանց գլուխները եւ եկան ու պատմեցին իրենց տիրոջը, իսկ Թալիլէոսն ուրախ եղաւ ի Քրիստոս նրանց նահատակութեան համար:
Ապա դատաւորը վկային դարձեալ կանչեց ատեանի առաջ եւ ասաց նրան. «Ի՞նչ կ՚ասես, Թալիլիէ՛, համաձա՞յն ես զոհ մատուցել աստուածներին, թէ՞ ոչ: Եթէ զոհես, կեանք կ՚ունենաս եւ կը վայելես արեւի լոյսը»: Քաջ նահատակը պատասխանեց. «Ոչ մի կերպ չես կարող համոզել Քրիստոսի ծառային, որ նա զոհ մատուցի պիղծ դեւերին, քանի որ քո աստուածները դիւաբնակ կուռքեր են: Ես թքում եմ նրանց վրայ եւ անարգում»: Դատաւորը մոլեգնեց եւ իր ծառաներին ցասումով ասաց. «Ինձ աթոռ տուէք, եւ ես ինքս կը ծակեմ դրա ոտքերի մատերը»: Սուրբ Թալիլէոսն ասաց. «Արի՛, ո՛վ դատաւոր, եթէ կարող ես, կատարի՛ր, ինչ կամենում ես»: Դատաւորը կամեցաւ վեր կենալ ատեանի աթոռից, սակայն անեւեւոյթ զօրութեամբ կապուեց եւ կպաւ աթոռին: Այնժամ ներկայ գտնուող բազմութիւնն աղաղակեց. «Մե՛ծ է քրիստոնեաների աստուածը, որ հրաշքներ է գործում»: Իսկ ամօթահար դատաւորն ասաց. «Ո՛վ Թալիլիէ, աղաչի՛ր քո Աստծուն, որպէսզի ազատի ինձ աթոռից, եւ թող այլ պատուհաս չգայ ինձ վրայ: Արդարեւ, մեծ է քո Աստուածը»:
Երանելին աղօթեց, եւ նա արձակուեց: Սակայն նա չճանաչեց Աստուծոյ զօրութիւնը եւ առաւել խստասիրտ դարձաւ: Ատամները կրճտացնելով՝ վերցրեց շաղափը եւ սկսեց ծակել սուրբի ոտքերի մատերը, եւ ահա գոսացան անօրէնի ձեռքերը: Ահաբեկուած դարձեալ աղաչեց Թալիլէոսին, եւ նա աղօթքով բժշկեց նրան: Այնժամ բռնաւորը, վախենալով չարչարել նրան, ատեանի սպասաւորներին ասաց. «Հեռացրէ՛ք դրան իմ երեսից եւ տարէ՛ք ու նետէ՛ք խոր ծովը, որ մեռնի խորտակուելով եւ ոչ թէ իմ ձեռքով»: Սուրբ Թալիլէոսն ասաց նրան. «Դու ես սկսել իմ դատը, եւ դու էլ պէտք է աւարտես»: Դատաւորն ասաց. «Հեռացի՛ր եւ մեռի՛ր ինձնից հեռու, որովհետեւ եթէ նախքան քեզ տանջելը, դու կախարդում էիր, ապա ի՞նչ կը լինի ինձ, եթէ քեզ չարչարանքների մատնեմ, որին արժանի ես»: Թալիլէոսն ասաց. «Ո՛վ բռնաւոր, արա՛, ինչ կամենում ես: Եւ մի՛ կարծիր, թէ տանջանքներով եւ սպառնալիքներով ինձ կը հեռացնես իմ կենդանի Տէր Աստծուց: Լա՛ւ իմացիր, քո աստուածներին ես չեմ պաշտելու եւ քո դեւերին, որոնց ծառայում ես, չեմ երկրպագելու»:
Խօսքը դեռ չաւարտած՝ դատաւորի ակնարկով դահիճները դուրս բերեցին նրան եւ տարան ծովափ, դրեցին մի մակոյկի մէջ եւ քշեցին ծովի խորքերը: Այնժամ երանելին աղօթեց եւ ասաց. «Տէր իմ Աստուա՛ծ, մի՛ թող, որ մեռնեմ այս կերպով, այլ տո՛ւր, որ կատարելապէս աւարտին հասցնեմ նահատակութեան հանդէսը եւ ընդունեմ անմահութեան պսակը»: Իսկ դահիճները, մի մեծ քար կապելով վկայի պարանոցին, ընկղմեցին նրան ծովի խորքերը եւ գալով յայտնեցին դատաւորին. «Ինչպէս որ հրամայեց ձերդ մեծութիւնը, Թալիլէոսին գցեցինք ծովը, եւ նա խորտակուեց մեր աչքի առաջ»:
Մինչ նրանք խօսում էին դատաւորի հետ, ահա նրանց յետեւից եկաւ հասաւ Քրիստոսի կենդանի վկայ Թալիլէոսը՝ սպիտակ պատմուճան հագած: Երբ դահիճները տեսան նրան, ահաբեկուեցին եւ ասացին. «Տեսնո՞ւմ ես, տէ՛ր, նա ինքը՝ Թալիլէոսն է գալիս՝ փրկուելով ծովից»: Դատաւորն ապշեց, կանչեց նրան իր մօտ եւ ասաց. «Ա՛յ կախարդ, այդ ինչպէ՞ս զօրացան քո հմայութիւնները, որ մինչեւ անգամ ծովին ես յաղթում»: Երանելին պատասխանեց. «Արդ, ո՞ւր է քո աստուածների զօրութիւնը, ո՞ւր է քո սնոտի պարծանքը: Ահա իմ Տէր Յիսուս Քրիստոս ունայնացրեց ձեր խորհուրդները եւ թոյլ չտուեց, որ ես մեռնեմ, որպէսզի աւելի ու աւելի յաղթեմ քո հօրը՝ սատանային»:
Դատաւորն իր խորհրդակիցներին ասաց. «Տեսա՞ք, թէ ինչպէս կախարդեց ծովին եւ մեզ էլ անիծելով անարգեց: Եթէ դրան այդպէս թողնենք, կը զօրանայ մեր բոլորի վրայ եւ իր չարահնար մոգութեամբ կը սպանի մեզ»: Սկսեց խորհուրդ անել իր գիտակ մոգերի հետ, թէ ինչ անեն նրան, այնժամ Ուրբիկոս անունով մոգն ասաց. «Թող ձերդ տէրութիւնը հրամայի, որ նրան բազմութեան առաջ հրապարակ տանեն եւ գազանների առաջ գցեն»: Դատաւորը կանչեց գազանների պահապանին եւ ասաց. «Տեղ պատրաստի՛ր հրապարակում ու այնտեղ բեր ամեհի գազաններին»: Եւ երբ արեցին հրամայուածը, բռնաւորը սուրբին ասաց. «Ի՞նչ կ՚ասես, Թալիլիէ, այժմ զոհ կը մատուցե՞ս, թէ՞ քեզ մատնեմ գազաններին՝ որպէս կերակուր»: Թալիլէոսն ասաց. «Դեռեւս չտեսա՞ր իմ Տէր Յիսուս Քրիստոսի շնորհներն ու փառքը: Ես կ՚երգեմ Դաւթեան օրհնութիւնը եւ կ՚ասեմ. ” Չպիտի մեռնեմ, այլ պիտի ապրեմ եւ Տիրոջ գործերը պիտի պատմեմ: Տէրն ինձ խրատելով պատժեց, բայց չմատնեց մահուան: Տիրոջ աջը զօրութիւն գործեց, Տիրոջ աջը բարձրացրեց ինձ, եւ Տիրոջ աջը զօրութիւն գործեց 1:
Այնժամ տարան նահատակին, կապուած դուրս բերեցին հրապարակ եւ նրա վրայ մի հսկայ արջ արձակեցին: Գազանը մօտեցաւ սուրբին, խոնարհեց իր գլուխը եւ սկսեց լիզել նրա ոտքերը: Այս տեսնելով՝ Թէոդորոս բռնաւորը զայրացած գոչեց եւ հրամայեց երկու առիւծ արձակել նրա վրայ: Սակայն նրանք եւս հեզաբար մօտեցան նահատակին եւ ասես թէ սկսեցին քծնել նրան: Այնժամ իշխանը պատռեց իր քղամիդը, իսկ ամբոխն աղաղակեց. «Քրիստոնեաների մեծ Աստուա՛ծ, Թալիլէոսի Աստուա՛ծ, օգնի՛ր մեզ»: Դղրդաց ամբողջ հրապարակը: Ամբոխը ստիպեց բռնաւորին՝ դուրս բերել Թալիլէոսին հրապարակից եւ փոխարէնը Ուրբիկոս մոգին, որն այդ խրատը տուեց, մտցնել հրապարակ՝ մարտնչելու գազանների դէմ: Դատաւորը չկարողացաւ ընդդիմանալ, այնժամ բռնեցին մոգին եւ գցեցին գազանների առաջ, որոնք անմիջապէս յօշոտեցին նրան՝ չթողնելով ոչ մի մասունք:
Դատաւորն ահաբեկուեց եւ գլխիկոր գնաց իր ապարանքը: Որոշեց հրով այրել նահատակին, սակայն, վախենալով ժողովրդից, գլխատման վճիռ արձակեց: Դահիճները նրան տարան նահատակութեան վայրը, ուր գնացին նաեւ ամբոխից շատերը: Սուրբ Թալիլէոսն աղօթեց այնտեղ, եւ տեղում մէծ շարժում եղաւ: Ահաբեկուած ժողովուրդը, սուրբի ոտքերն ընկած, ասում էր. «Ողորմի՛ր մեզ եւ Քրիստոսի նշանով կնքի՛ր մեզ»: Եւ երբ խաչակնքեց նրանց վրայ, դահիճը գլխատեց սուրբին, եւ այդպէս Տիրոջ 284 թուականի մայիսի 20-ին նահատակուեց Քրիստոսի հրաշագործ վկա բժիշկ Թալիլէոսը:
Նոյն օրը նահատակուեցին մի քանի վկաներ եւս, որոնք քրիստոնեայ էին դարձել սուրբ Թալիլէոսի ձեռամբ: Նրանց թւում էին վերոգրեալ դահիճներից երկուսը՝ Աստերիոսը եւ Ալեքսանդրոսը, Մակարիոս բժշկապետը՝ Թալիլէոսի ուսուցիչը, նաեւ՝ Աստերոնը, Փիլագրոսը, Տիմոթէոսը, Թէոդուլան, Մակարիան եւ ուրիշները, որոնց անունները գրուած են Կեանքի գրքում:
Մի քանի նորադարձ եւ Աստծուց երկիւղած հաւատացեալներ Թալիլէոս փառաւոր վկայի մարմինն ու գլուխը թաղեցին նահատակութեան մօտ վայրում: Եւ երբ թագաւորեց Կոստանդիանոս Մեծը, նա Կոստանդնուպօլսում նրա անունով մեծ վկայարան շինեց, որտեղ տեղափոխեց նրա պատուական նշխարները: