ՍՈՒՐԲ ԹԷՈԴԻՏՈՆ ԳԱՂԱՏԱՑՈՒ ԵՒ ԱՆԿԻՒՐԻԱՅԻ ԵՕԹ ԿՈՅՍԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
Ով երանեալ սուրբ վկայք՝ որք արժանի եղէք
Մարմնով եւ արեամբ դասակից լինել զուարթնոց երկնից:
Քաղաքավարեալք ի մարմնի՝ եւ հետեւողք Որդւոյն Աստուծոյ.
Մարմնով եւ արեամբ դասակից լինել զուարթնոց երկնից:
Լուսաւորեալք ի Հօրէ. պայծառացեալք ի Հոգւոյն Սրբոյ.
Բարեխօսեցէք առ Տէր վասն անձանց մերոց:
(Շարակնոց)
Պանծալի վայելչազարդ պսակները՝ սուրբ գաղատացիների այս դասը, Անկիւրիա քաղաքից էին եւ ապրել են կռապաշտ կայսրերի (կարծիք կայ՝ Յուլիանոսի, ըստ ոմանց էլ՝ Դիոկղետիանոսի եւ Մաքսիմիանոսի) հալածանքների տարիներին: Սուրբ Թէոդիտոնն աշխարհիկ այր էր, սակայն աչքի էր ընկնում սքանչելի առաքինութիւններով եւ բարի օրինակ էր բոլոր հաւատացեալների համար, որովհետեւ մանկուց անարատ վարք ունէր եւ ջերմեռանդ աստուածպաշտութեամբ ապրում էր աշխարհում, ինչպէս անապատում: Պահեցող էր, աղօթասէր, զուարթամիտ ու համբերող եւ քրիստոնեայի համար ուրախութիւն էր համարում Աստուծոյ համար չարչարանքներն ու վշտերը:
Հալածանքների ժամանակ Թէոդիտոնը, գինեվաճառ լինելով, իր տունը իբրեւ թէ պանդոկ դարձրեց եւ այդ քողի տակ իր յարկի տակ ընդունեց ծպտեալ քրիստոնեաներին՝ կերակրելով նրանց: Աղքատասիրութիւնից մղուած՝ ինչ որ վաստակում էր, բաշխում էր հաւատացեալներին եւ օգնական լինելով թէ՛ իր խրատներով եւ թէ՛ աղօթքներով՝ շատ խառնակեցիկ մարդկանց առաքինութեան, արթնութեան եւ դարձի պատճառ եղաւ: Սուրբ Հոգու տւչութեան ազդու յորդորներով բազմաթիւ հեթանոսների ու հրեաների ձգեց դէպի սուրբ հաւատը, իր տունն ու պանդոկը դարձրեց առաքինութեան կրթարան, որտեղ նա եղաւ հոգիների վարժապետ, տնտես, այցելու եւ սիրելի բարերար ամէնքի համար:
Նա եղաւ հոգիների եւ մարմինների բժիշկ: Աստծուց բժշկութեան շնորհ ստացաւ, միայն ձեռքը դնելով եւ աղօթելով փարատում էր ցաւերն ու հիւանդութիւնները: Եւ ովքեր գովաբանութեամբ գոհանում էին նրա երախտիքներից, խոնարհաբար ուսուցանում էր նրանց գոհանալ միայն Աստծուց եւ միայն Նրան փառաւորել խօսքով ու գործով:
Այդ օրերին կայսրերի կողմից Անկիւրիա ուղարկուեց դաժան եւ արինարբու Թէոդեկնոսը՝ որպէս Գաղատիայի կուսակալ եւ վերակացու: Նա խոստացաւ ինքնակալներին կատարել իրենց կամքը եւ բոլոր քրիստոնեաներին դարձնել կուռքերի պաշտամունքին: Նախքան Անկիւրիա հասնելը մէկը միւսի յետեւից պատուիրակներ էր ուղարկում, որպէսզի քանդէին Գաղատիայի բոլոր եկեղեցիները, քահանաներին ստիպէին գնալ մեհեաններ եւ դառնալ քրմեր ու զոհարարներ, ինչպէս նաեւ հարկադրէին ժողովրդին՝ երկրպագելու եւ զոհ մատուցելու հեթանոսական աստուածներին: Ովքեր չէին հնազանդուի, պատուիրեց գանահարել եւ բանտարկել, որպէսզի երբ գայ, կորստեան մատնի անհնազանդներին կամ էլ ազատի իրենց հրամանն ընդունողներին:
Երբ տարածուեց այս լուրը, հաւատացեալները նաւի պես ալեկոծուեցին չար պաշտօնեաների յարուցած սաստիկ փոթորկից: Տնէտուն մտնելով՝ քրիստոնեաներին քարշ տալով նետում էին բանտերը, աւար առնում նրանց ունեցուածքը եւ վայրի գազանների պէս կեղեքում անմեղ մարդկանց կեանքը: Եւ այլեւս ոչ մի քրիստոնեայ չէր երեւում հրապարակներում, որովհետեւ մի մասին բռնեցին, միւսները թաքնուեցին, շատերն էլ, ցրուելով լեռներում եւ դաշտերում, սովալլուկ հալումաշ եղան աղքատութեան մէջ:
Երբ բռնաւոր Թէոդեկնոսը հասաւ Անկիւրիա, բանտարկուածներից շատերին մահուան մատնեցին Քրիստոսի անուան համար, իսկ միւսները չհամարձակուեցին իրենց քրիստոնեայ կոչել: Այսպիսի դաժան նեղութիւնների օրերին երանելի Թէոդիտոնը մեծապէս սատարում էր հաւատացեալներին՝ իր պանդոկը ապաւինութեան վայր եւ աղօթքի տուն դարձնելով բոլոր վտանգուածների համար: Իսկ հեթանոսները կարծում էին, թէ նրա տունը այլ պանդոկներից մէկն է՝ արբեցութեան ու շուայտութեան մի վայր, եւ այդ պատճառով չբռնեցին ո՛չ նրան եւ ո՛չ էլ նրա պանդոկ գնացողներին: Իսկ երանելի Թէոդիտոնը խիստ մտահոգւում էր բանտարկուածների համար, մտածում էր, թէ ինչպէս մխիթարի նրանց եւ բաւարարի նրանց կարիքները:
Չար բռնաւորը հրամայել էր շներին նետել նահատակուողների սուրբ մարմինները, եւ եթէ մէկը կամենար թաղել նրանց, նրան եւս կը զրկէին կեանքից: Սակայն Թէոդիտոնը, որ համարձակ շրջում էր որպէս գինեվաճառ, գտաւ եւ հաւաքեց վկաների նետուած շատ մարմիններ, եւ հեթանոսներից ոչ ոք չէր կասկածում նրան: Այլեւայլ պատճառներով մտնում էր բանտերը, սրտապնդում երանելի բանտարկուածներին եւ բոցավառում նրանց՝ առաջիկայ մրցասպարէզում յաղթելու եւ պսակներ ստանալու համար:
Թէոդեկնոսը, որ չարութեան անօթ էր, պատուիրել էր պարէն եւ գինի վաճառողներին, որ կուռքերին մատուցուող զոհերի ճարպն ու արիւնը խառնէին հացի, գինու եւ այլ սննդամթերքի հետ: Իմանալով այս մասին՝ Թէոդիտոնն իր պահեստում մաքուր ցորեն եւ գինի թաքցրեց, որոնք բաշխում էր հաւատացեալներին, բայց առաւել՝ Աստուծոյ քահանաներին՝ սուրբ Պատարագի ժամանակ ընծայաբերութեան համար: Միաժամանակ իր տանը սուրբ Խորհրդի համար Սեղան էր դրել եւ այնտեղ մատուցել էր տալիս սուրբ Պատարագը: Եւ ովքեր հալածանքներից փրկուելու հնար էին փնտռում, ժողովւում էին այնտեղ՝ իբրեւ Աստուծոյ եկեղեցու, ինչպէս Նոյեան տապանում:
Հեթանոսները բռնեցին Թէոդիտոնի ծանօթներից մէկին՝ Բեկտորին, որովհետեւ քրմերն ամբաստանել էին նրան՝ ասելով, թէ նա անարգել է աստուածներին, բարկացրել Ապօլոնին եւ իրենց պղծութեան սպասաւորներ կոչել: Աստուածներին չերկրպագելու համար բազում սպառնալիքներից յետոյ նրան բանտ նետեցին: Երբ սուրբ Թէոդիտոնն իմացաւ այս մասին, գիշերը գնաց նրա մօտ, քաջալերեց եւ զօրացրեց՝ ասելով. «Թող չլինի, որ սարսափես այս առօրեայ տանջանքներից կամ էլ միտդ բերես ընտանիքիդ հանդէպ գութը, որովհետեւ քրիստոնեան իր կեանքով ու խորհուրդներով պէտք է ապրի աստուածպաշտութեամբ: Թող քեզ չհրապուրեն անօրէնների խոստումները, որոնք հոգու մահաբեր թոյներ են: Չար մարդկանցից բարին մի՛ ակնկալիր, այլ յուսայ Տիրոջը եւ հաստատի՛ր քո անձը մեր զօրացուցիչ Քրիստոսով»:
Երբ հետեւեալ օրը Բեկտորին բերեցին ատեանի առաջ, առաջինն ինքը համարձակութեամբ խոստովանեց Քրիստոսին, բայց երբ նրան տանջանքների մատնեցին, մահուան երկիւղից դատաւորին խնդրեց մի քանի օր թոյլ տալ իրեն: Դահիճները նրան դարձեալ բանտ տարան, որտեղ մեռաւ ցաւերի մէջ եւ բոլորի մօտ տարակուսանք թողեց:
Պատահեց, որ մի անգամ երանելի Թէոդիտոնը գնաց Անկիւրիա քաղաքից դուրս եւ անցնելով Մալոս գիւղի միջով, որն Անկիւրիայից հեռու էր քառասուն մղոնով, կամեցաւ իր ուղեկիցների հետ հանգստանալ Ալիս գետի մօտ գտնուող մի այրի մէջ, որտեղ առաջ գտել եւ թաղել էր Մեդիկոս քաղաքում նահատակուած սուրբ Վաղէս վկայի մարմինը: Նրա ոսկորները նետել էին Ալիս գետի հորձանքների մէջ:
Այդ տեղով անցնում էին եղբայրներ, որոնց Թէոդիտոնն ազատել էր բանտից եւ հեթանոսների ձեռքից: Նրանք եկան, ողջունեցին ու փարուեցին Թէոդիտոնին՝ մեծ երախտիքի խօսքեր ասելով նրան՝ որպէս բոլորի հայր եւ բարերար: Իսկ սուրբը, ուրախանալով նրանց գալստեան համար, խնդրեց այդ օրը գետափին ճաշել իր հետ մի անտառաշատ ու կանաչագեղ վայրում: Բայց քանի որ Թէոդիտոնը սովորութիւն ունէր հաց չուտել առանց քահանայի կողմից սեղանի օրհնութեան, իւրայիններից ուղարկեց երկուսին՝ մերձակայ գիւղից շտապ քահանայ բերելու համար, որպէսզի նա հացակից լինի իրենց, օրհնի սեղանը եւ աղօթի ճանապարհ գնալու համար:
Երբ ուղարկուած մարդիկ գիւղամէջ մտան, հանդիպեցին վաներէց Փրոնտոնին, որը գալիս էր եկեղեցուց, ուր կատարել էր վեցերորդ ժամուայ աղօթքը: Եւ երբ ողջոյն տուեցին, քահանան ասաց նրանց. «Եթէ քրիստոնեայ էք, մտէ՛ք իմ տուն»: Եւ նրանք պատասխանեցին. «Քրիստոնեայ ենք եւ ուրախ ենք քրիստոնեայ տեսնելու համար»: Այնժամ զարմացաւ Փրոնտոն երէցը եւ ասաց. «Գոհանում եմ Տիրոջից, որ չի թաքցնում Իր խորհուրդները ինձնից, քանզի այս գիշեր ձեր կերպարանքով երկու աւետաբեր տեսայ, որոնք իրենց հետ այստեղ գանձ էին բերել»: Մարդիկ ասացին. «Յիրաւի այդպէս է, որովհետեւ մեզ հետ է կենդանի նահատակ Թէոդիտոնը՝ ամենապատուական գանձը: Իսկ դու մեզ ցոյց տուր գիւղի երէցին»: Փրոտոնն ասաց. «Ես իսկ եմ»: Եւ երբ նրան յայտնեցին Թէոդիտոնի հրաւէրի մասին, երէցն ասաց. «Արժան է, որ մենք հիւընկալենք նրան, քան թէ գնալ նրա հրաւէրին, որովհետեւ քրիստոնեաները պէտք չէ, որ դրսում մնան»:
Այս ասելով՝ գնաց նրանց հետ եւ ստիպեց Թէոդիտոնին ու նրա հետ եղողներին իջեւանել իր տանը, սակայն երանելի Թէոդիտոնը յանձն չառաւ՝ ասելով. «Շտապում եմ քաղաք վերադառնալ, որովհետեւ այնտեղ քրիստոնեաների փրկութեան համար կայ աւելի ընդարձակ ասպարէզ: Եւ մենք պէտք է իսկոյն այնտեղ գնանք, որպէսզի օգնենք նեղութեան մէջ գտնուող մեր եղբայրներին»: Եւ երբ ճաշեցին, Թէոդիտոնը ժպիտվ ասաց քահանային. «Յոյժ յարմար է այս տեղը սուրբերի նշխարները պահելու համար: Արդ, շտապի՛ր, մի՛ հեղգացիր եւ սուրբերի համար հանգստարան պատրաստի՛ր»: Փրոնտոսը պատասխանեց. «Դու հաւաքի՛ր նշխարները, իսկ եթէ ինձ անպատրաստ տեսնես նրանց տեղ տալու համար, այնժամ կը յանդիմանես ինձ հեղգութեան համար»: Թէոդիտոնն ասաց. «Թող ինձ վրայ լինի նշխարները քեզ հասցնելը»: Ապա հանելով իր մատանին՝ տուեց քահանային եւ ասաց. «Թող Տէրը վկայ լինի մեր միջեւ՝ մեր խոստումը կատարելու համար»: Երանելին այս ասաց մարգարէաբար. Տէրն, անշուշտ, նշխարներն այլ վկայի մօտ չէր ուղարկի, որովհետեւ նա ինքը փափագում էր ընդունել նահատակութիւնը:
Այնուհետեւ հրաժեշտ տալով երէցին՝ Թէոդիտոնը գնաց իր Անկիւրիա քաղաքը եւ տեսաւ, որ հալածանքների հրդեհն աւելի ու աւելի է բորբոքուել: Այդ օրերին ատեանի սպասաւորներն Անկիւրիայում բռնել էին նաեւ ճգնասուն եօթ կոյսերի, որոնք մանկուց մեծացել էին բարեպաշտութեամբ եւ Աստուծոյ երկիւղով: Իրենց խօսքով, կատարեալ առաքինութեամբ եւ բարի օրինակով նրանք շատերին ուսուցանում էին աստուածպաշտութեան կարգը: Նրանց անուններն էին Տեկուսա, որը երանելի Թէոդիտոնի մորաքոյրն էր, Ալեքսանդրա, Կլաւդիա, Փենա, Եւփրասիա, Մատրոնա եւ Յուղիտա: Բռնաւոր Թէոդեկնոսը չարչարեց նրանց եւ պէս-պէս տանջանքներով փորձութիւնների ենթարկեց, սակայն, չկարողանալով խոստումներով եւ սպառնալիքներով նրանց յետ դարձնել Քրիստոսի սիրուց, անօրէնը հրամայեց նրանց մատնել անառակ երիտասարդների ձեռքը:
Տեսնելով բանսարկուի չար հնարքները՝ սուրբ եւ պարկեշտ կոյսերը բազում արտասուքներով բազկատարած աղաչում եւ ամբողջ սրտով աղաղակում էին Տիրոջը՝ ասելով. «Տէր Յիսուս Քրիստո՛ս, Դու գիտես, թէ որքան կարող էինք, մինչ օրս ջանացինք Քո շնորհիւ անարատ պահել մեր կուսութեան մարգարիտը՝ որպէս պատուական գանձ: Եւ արդ, տե՛ս, Տէ՛ր, նայի՛ր երկնքի Քո սուրբ Աթոռից, որ անպատկառ երիտասարդները ցանկանում են իշխանութիւն առնել մեր մարմինների վրայ: Խնայի՛ր մեզ, Տէ՛ր, եւ Քո մեծ ողորմութեամբ այցելի՛ր մեզ: Թոյլ մի՛ տուր, որ ապականուի Քո ժառանգութիւնը, որովհետեւ Դու ամենակարող օրհնեալ Տէր ես, որ բնակւում ես բարձունքներում»:
Մինչ հեծեծանքներով ապաւինում էին իրենց աղօթքներին, մօտեցաւ երիտասարդներից ամենալիրբը եւ, բռնելով Տեկուսայի հանդերձներից, դէպի իրեն ձգեց: Այնժամ սուրբ կոյսն ընկաւ նրա ոտքերը, հանեց գլխի քօղը եւ ասաց. «Որդեա՛կ, խնդրում եմ նայի՛ր իմ ճերմակ մազերին եւ ծեր հասակիս, պահքից տկարացած ու ճգնութիւնից այլակերպուած մարմնիս, որ խոշտանգուել է չարչարանքներից: Քեզ ի՞նչ օգուտ եօթանասունամեայ պառաւ կնոջից, ամօթ է սիրել մեռած մարմինը, որը շուտով գերեզմանի չի արժանանալու, այլ դատաւորի հրամանով կերակուր է դառնալու թռչուններին եւ գազաններին: Եւ այս էլ ասեմ քեզ ու քեզ հետ եղողներին. եթէ խնայեք տարեց կանանցս, կ՚արժանանաք Աստուծոյ ողորմութեան շնորհներին, ապա թէ ոչ, գոնէ ի պատիւ ձեր մայրերի, որ մեր տարիքին են, խնայէ՛ք մեզ»: Երիտասարդներն արտասուելով զղջացին ու հեռացան, եւ այդպէս սուրբ կոյսերն անփորձանք մնացին Աստուծոյ պահպանութեամբ:
Լսելով այս մասին՝ բռնաւոր Թէոդեկնոսը որոշեց այլ կերպ նեղել եւ նրանց կործանելու մէկ այլ հնար էր որոնում: Այնժամ հրամայեց պատուել նրանց՝ նշանակելով որպէս Արտեմիս եւ Աթենաս աստուածների քրմուհիներ: Մօտեցել էր չաստուածների տօնը, եւ օրէնք էր, որ քրմուհիները պիղծ արձանները շուքով տանէին ու լուանային մօտակայ լճում: Բռնաւորը պատուիրեց, որ այդ գործն անեն այն եօթ կոյսերը, սակայն երանելիները պատասխանեցին՝ ասելով. «Պատրաստ ենք մեռնել մեր Քրիստոս Աստուծոյ համար, քան թէ ծառայել գարշելի կուռքերին»: Եւ երբ դատաւորը շատ ստիպեց նրանց, սրբուհի Տեկուսան իր սրբասուն ընկերների հետ համարձակ յանդիմանեց հեթանոսների անմտութիւնը եւ անարգեց նրանց անօրէն պաշտամունքը: Այնժամ դատաւորը նրանց ուղարկեց բուն իսկ քրմուհիների մօտ, որպէսզի կանացի հրապուրանքներով որսան նրանց միտքը: Նրանց բերեցին պսակներ եւ պայծառ հանդերձներ՝ յորդորելով իրենց պաշտօնակից լինել Արտեմիսի եւ Աթենասի ծառայութեան մէջ, սակայն իմաստուն կոյսերն անարգեցին ու մերժեցին նրանց անհեթեթ խօսքերը եւ ոտքի տակ տուեցին նրանց բոլոր ընդունայն զարդերը: Երբ բռնաւորն իրազեկ եղաւ այս ամէնին, բարկութեամբ հրամայեց, որ արձանների հետ նրանց մերկացրած լճափ տանեն, որ խայտառակուեն:
Այնժամ դահիճները նրանց մերկացրած կանգնեցրին սայլի վրայ, իսկ նրանց յետեւից կառքով տանում էին կուռքերի արձանները: Գնում էր նաեւ բռնաւորը մեծ հանդիսութեամբ՝ թմբուկներով եւ հերարձակ կանանց պարերով: Եւ ո՞վ կարող է պատմել պարկեշտ կոյսերի մեծ ամօթը, երբ տեսնում էին իրենց հեթանոսների բազմութեան ծաղրի առարկայ դարձած: Սակայն բարեխնամ Տէրը գթաց Իր աղախիններին. կարեկցանք դրեց ամբոխի սրտում, եւ ամբոխը, տեսնելով նրանց խոշտանգուած մարմիններն ու պարկեշտ եւ խոնարհ կերպարանքները, չյանդգնեցին նայել նրանց, այլ միահամուռ կարեկցաբար գովեցին նրանց պարկեշտութիւնն ու համբերութիւնը:
Երբ երանելի Թէոդիտոնն իմացաւ, թէ ինչ է կատարուել իր մօրաքրոջ եւ նրա ընկերների հետ, մտատանջումների եւ վարանումների մէջ ընկաւ: Անդադար արտասուալից աղօթում էր, որ չլինի, թէ կանայք տանջանքների եւ մահուան երկիւղից տկարանան ու յաղթուեն: Այնժամ Թէոդիտոնը ծպտուած էր Թէոխարիտէս անունով մի աղքատի տան մէջ, որը մօտ էր գտնւում նահապետների վկայարանին: Նրանց մէջ էին իր ազգականները՝ Պօղիքրոնը, նոյնանուն այլ Թէոդիտոնը եւ այլ բարեպաշտներ: Աղօթում էին առաւօտից մինչեւ վեցերորդ ժամը, եւ ահա եկաւ Թէոխարիտէսի կինը եւ յայտնեց, որ եօթ սուրբ կոյսերին գցել են լիճը, ուր նրանք նահատակուել են:
Քանզի երբ դատաւորը նրանց լճափ տարաւ, չկարողացաւ համոզել նրանց ծառայել կուռքերին եւ լուանալ նրանց արձանները: Այնժամ նրա հրամանով նրանց պարանոցներից ծանր քարեր կապեցին, նստեցրին նաւ եւ երկու արտաչափ հեռանալով ափից՝ նրանց ջրասոյզ արին: Այդպէս սուրբ կոյսերը նահատակուեցին եւ պսակուեցին Քրիստոսից կուսական եւ վկայական անթառամ պսակներով:
Լսելով այս մասին՝ երանելի Թէոդիտոնը մտածում էր, թէ ինչպէս երեկոյեան լճից դուրս բերի սուրբ կոյսերի մարմինները: Եւ մինչ դրա շուրջ Պողիքրոնի եւ Թէոխարիտէսի հետ խորհուրդ էր անում, եկաւ Գղիկերիոս անունով մի պատանի եւ յայտնեց, որ դատաւորի հրամանով զօրականները գիշերակացներ են նշանակել՝ պահպանելու լիճը: Այնժամ յոյժ տրտմեց Թէոդիտոնը, որովհետեւ խափանուեցին իր խորհուրդները: Նա ելք չէր տեսնում, չգիտէր, թէ ինչպէս խոր լճից դուրս կը բերի բոլոր մարմինները, եթէ այդ քարերից իւրաքանչիւրին, սայլը հազիւ էր շարժել:
Երբ իջաւ երեկոն, Թէոդիտոնը միայնակ գնաց նահապետների տաճարի դուռը եւ տեսնելով, որ հեթանոսները փակել են նրա մուտքը, աղօթեց արտաքին գաւթում եւ աղաչեց Տիրոջը առաջնորդել իրեն: Այնտեղից հայրերի վկայարան գնաց եւ տեսաւ, որ այն եւս փակուած էր: Այստեղ եւս աղօթեց ջերմեռանդ հաւատով, սակայն ոտնաձայն ու շշնջիւն լսելով՝ խոյս տուեց, եկաւ Թէոխարիտէսի տուն եւ այնտեղ տրտմութեամբ քուն մտաւ: Այնժամ նրան երեւաց սուրբ կոյս Տեկուսան եւ ասաց. «Ննջո՞ւմ ես, որդեա՛կ, եւ չե՞ս հոգում մեզ համար: Չե՞ս յիշում իմ խրատները, որոնցով մանկուց դաստիարակեցի քեզ: Երբ կենդանի էի, չէիր անտեսում ինձ, այլ պաշտում էիր որպէս մայր: Այդ ինչպէ՞ս մոռացար ինձ: Որդեա՛կ, մի՛ թող, որ մեր մարմինները ձկներին կերակուր լինեն, քանզի օրեր անց քեզ եւս նահատակութիւն է սպասւում: Արդ, ե՛լ, գնա՛ լիճը, սակայն մատնիչից զգո՛յշ եղիր»: Եւ այս ասելով՝ աներեւոյթ եղաւ:
Արթնանալով Թէոդիտոնը պատմեց տեսիլքը: Միասին աղօթելուց յետոյ Գղերիկոսին եւ Թէոխարիտէսին ուղարկեց լիճը՝ հետախուզելու: Կարծում էր՝ պահապանները գնացել էին քաղաք՝ կատարելու իրենց չաստուածների տօնը, սակայն երբ իմացաւ, որ դեռեւս այնտեղ են, սպասեց եւ ողջ օրն աղօթեց պահեցողութեամբ: Երեկոյեան, վերցնելով գրաստ եւ սուր կտրող գործիք, մի քանի մարդկանց հետ ճանապարհ ընկաւ:
Մութն ընկել էր, եւ աստղերը չէին երեւում: Մահապարտների գլխատման վայրն անցնելիս ահաբեկուեցին. ձայն լսեցին, որն ասաց իրենց. «Քաջալերուի՛ր, Թէոդիտո՛ն եւ առաջ գնա՛»: Առաւել զարհուրելով՝ կնքեցին իրենց սուրբ Խաչի նշանով, եւ ահա նրանց երեւաց լուսափայլ մի Խաչ, որ ճառագում էր արեւելեան կողմից: Երկրպագելով այդ տեղում՝ աղօթեցին, ապա առաջ շարժուեցին: Այնուհետեւ հանդիպեցին թանձր խաւարի եւ անձրեւի ու տղմաշաղախ առաջ գնացին՝ դարձեալ Տիրոջն աղօթելով: Եւ ահա մի պայծառ ջահ տեսան, որն իրենց ցոյց էր տալիս ճանապարհը: Երեւացին նաեւ երկու լուսափայլ ալեւորներ եւ ասացին. «Քաջալերուի՛ր, Թէոդիտո՛ն, որովհետեւ մեր Տէր Յիսուս Քրիստոս քո անունը դասեց վկաների հետ: Նա տեսաւ քո արտասուքները ու լսեց քո աղօթքները՝ սուրբերի մարմինները գտնելու համար եւ առաքեց մեզ՝ օգնական լինելու քեզ: Մենք այն հայրերից ենք, որոնց Աստուծոյ մօտ բարեխօս դարձրիր: Երբ հասնես լճի մօտ, այնտեղ կը գտնես սուրբ Սոսանդրոսին իր սպառազէնով, որը կ՚ահաբեկի պահապաններին, սակայն պէտք չէ, որ մատնիչը քեզ ուղեկից լինի»:
Երբ լոյսի առաջնորդութեամբ հասան լճափ, սաստիկ փայլատակում ու որոտ եղաւ, եւ ուժգին հողմով տեղատարափ անձրեւ սկսուեց: Մինչ պահապանները տագնապում էին սաստիկ ամպրոպից, լճափի եզրին տեսան հսկայազօր, բոցավառ մէկին՝ սպառազինուած զէնքով ու հանդերձանքով: Նրանից շուրջբոլորը հուր էր ցոլում, նա ինքը սուրբ Սոսադրոսն էր՝ Գաղատիայի երեւելի վկաներից մէկը: Պահապանները զարհուրած փախան դէպի իրենց հիւղակը, իսկ լճի ջուրը քամու բռնութեամբ հաւաքուեց մի կողմ, եւ երեւացին սուրբերի մարմինները: Այնժամ Թէոդիտոնը եւ նրա հետ եղողները կտրեցին եօթ կոյսերի պարանոցներից կապուած պարանները, վերցրին նրանց պատուական մարմինները, դրեցին գրաստների վրայ եւ, բերելով Նահապետաց տաճարի մօտ, ամփոփեցին մերձակայ շիրիմում:
Երբ բացուեց առաւօտը, քաղաքում լուր տարածուեց, թէ քրիստոնեաները գողացել են լիճը նետուած կանանց մարմինները, որի համար կռապաշտները բռնեցին շատերին: Այնժամ սուրբ Թէոդիտոնը որոշեց անձամբ մատնել իրեն, որպէսզի իր պատճառով ուրիշները վտանգի չենթարկուեն, սակայն հաւատացեալներն արգելեցին նրան: Իսկ Պօղիքրոնը, շինականի կերպարանք ընդունելով, գնաց դատաւորի դուռը՝ լրտեսելու, սակայն երբ յայտնի եղաւ, որ նա քրիստոնեայ է, տարան ատեանի առաջ: Դատաւորը նրան մատնեց խոշտանգումների, եւ մերկացրած սուսերով ահաբեկեցին նրան: Այնժամ նա զարհուրեց եւ մատնեց, թէ ով դուրս բերեց մարմինները եւ որտեղ թաղեց: Հեթանոսները եկան, հանեցին սուրբ կոյսերի մարմինները եւ այրեցին: Այնժամ Թէոդիտոնը հասկացաւ, որ Պողիքրոնն էր այն մատնիչը, որի համար երկու անգամ զգուշացուեց իրեն:
Այնուհետեւ Թէոդիտոնը, վառուելով առաջիկա նահատակութեան մրցասպարէզ մտնելու փափագով, աղօթեց արտասուքներով եւ ասաց. «Տէր Յիսուս Քրիստո՛ս, քեզ յուսացողների Յո՛յս, օգնի՛ր որ Քո կամքով աւարտեմ վկայութեանս ընթացքը եւ որպէս Քեզ ընդունելի պատարագ՝ հեղեմ իմ արիւնը բոլոր նրանց փոխարէն, ովքեր չարչարուեցին Քեզ համար: Տէ՛ր, թեթեւացրո՛ւ նրանց բեռը եւ հանդարտեցրո՛ւ հալածանքների մրրիկը, որպէսզի Քեզ հաւատացողները անհուն խաղաղութիւն վայելեն»: Աւարտելով աղօթքը եւ քաջալերելով եղբայրներին, որոնք մորմոքւում էին նրա հեռանալու համար, պատուիրեց եւ ասաց. «Երբ Մալոս գիւղից գայ պատուական Փրոնտոնը եւ իր հետ բերի իմ մատանին, նրան կը տաք իմ նշխարները, եթէ միայն կարողանաք դրանք գաղտուկ վերցնել»: Այս ասելով՝ կնքեց իր ամբողջ մարմինը սուրբ Խաչի նշանով եւ գնաց՝ նահատակութեան հանդէս մտնելու:
Ճանապարհին հանդիպեց երկու հեթանոս իր բարեկամներին, որոնք ասացին իրեն. «Ո՞ւր ես գնում, Թէոդիտէ՛, վերադարձի՛ր քո տուն եւ փրկի՛ր անձդ: Չգիտե՞ս արդեօք, որ որոնում են քեզ, որովհետեւ Պողիքրոնը վկայել է քո դէմ՝ մարմինները գաղտնի վերցնելու համար: Քրմերը եւս ամբաստանել են քեզ, որ անարգել ես աստուածներին իբրեւ անշունչ քարեր: Արդ, մենք՝ որպէս բարեկամ, խորհուրդ ենք տալիս, որ զգոյշ լինես անձիդ համար»: Առաքինի նահատակը պատասխանեց. «Եթէ դուք իմ բարեկամներն էք եւ կամենում էք ինձ համար բարի գործ անել, մի՛ խոչընդոտէք իմ ճանապարհը, այլ նախքան իմ գալը գնացէք դատաւորի մօտ եւ աւետիս տուէք նրան, թէ ահա այն Թէոդիտոնը, որին փնտռում էք, շուտով կը ժամանի»:
Ապա եկաւ դատաւորի ապարանքը, յայտնեց իր անձը եւ, մօտենալով ատեանին, աներկիւղ կանգնեց դատաւորի առջեւ: Զուարթագին նայում էր տանջանքի գործիքներին, որոնք կային ատեանի ընդարձակ սրահում՝ քրիստոնեաներին տանջելու համար. խարոյկի վրայ եռացնելու կաթսաներ, անիւներ, կախաղաններ, գելարաններ եւ ամէն տեսակ չարչարանքների գործիքներ: Դատաւորը դարձաւ Թէոդիտոնին եւ ասաց նրան. «Ինչո՞ւ ես նայում այդ գործիքներին: Դրանք քո համար չեն, եթէ միայն սթափուես եւ զոհ մատուցես աստուածներին: Այնժամ ազատ կը լինես այն բոլոր մեղքերից, որոնցով քեզ ամբաստանում են: Դու կը դասուես իմ լաւագոյն բարեկամների շարքում, սիրելի կը լինես թագաւորներին ու կ՚արժանանաս հրովարտակով ընդունել մեծ պատիւ եւ իշխանութիւն: Միայն թէ ուրացի՛ր Յիսուսին, Որին հռոմեական ինքնակալութեան կուսակալ Պիղատոսը խաչեց Հրէաստանում»: Շատ այլ ողոքիչ խօսքեր ասաց դատաւորը՝ միաժամանակ գովելով Ապօլոնին եւ իր այլ աստուածներին: Ներկայ ժողովուրդը երանի էր տալիս Թէոդիտոնին, որ կարող է հասնել այդպիսի փառքի եւ պատուի, որի համար յորդորում էին նրան լսել իշխանին:
Քրիստոսի սուրբ վկայ Թէոդիտոնը պատասխանեց՝ ասելով. «Ամէն բանից առաջ շնորհ եմ խնդրում իմ Փրկիչ Յիսուս Քրիստոսից, որ կարողանամ ատեանի առաջ ցոյց տալ ձեր դիցապաշտ մոլորութիւնը եւ իմ Տէր Յիսուս Քրիստոսի սքանչելի խորհուրդը: Արդ, ո՛վ Թէոդենէ՛, հարկ է, որ Նրա հանդէպ ունեցած իմ հաւատը յայտնի դարձնել խօսքով, գործով եւ բազում վկաներով: Արդարեւ, ձեր աստուածների մասին խօսելն իսկ աղտեղի է, սակայն կ՚ասեմ յամօթ ձեզ: Արամազդը, որին ըստ ձեր քերթողների վկայութեան աստուածների հայր էք կոչում, հայրասպան էր եւ պղծագործ, գարշանքների սկիզբն ու աւարտը: Նոյնպէս էլ Ապօլոնը, Արէսը, Հեփեստոսը, որոնք ցանկացան իրենց քոյրերին, էլ չեմ ասում միւսների խայտառակութիւնների մասին: Նրանց մասին պարծանքով գրեցին, ովքեր գրեցին, իսկ դուք էլ պարծենում էք՝ ընթերցելով դրանք եւ լսելով: Տեսնո՞ւմ ես, ո՛վ հիւպատոս, հեթանոսներիդ ամօթալի պաշտամունքները: Իսկ մեր Տէր Յիսուս Քրիստոսի աստուածահրաշ զօրութեան եւ սքանչելիքների համար, որոնց մասին ի սկզբանէ Սուրբ Հոգով յայտնեցին մարգարէները, ամաչելու տեղ չունենք, որովհետեւ դրանք լի են կատարեալ սրբութեամբ: Քանզի ինչպէս գրուած է, ժամանակի լրումին Աստուած երեւաց երկրի վրայ, շրջեց մարդկանց հետ, լոյս ծագեցրեց խաւարում նստած ժողովրդի վրայ, բժշկեց հոգու եւ մարմնի ախտերը, յանձն առաւ մահը, Իր Յարութեամբ մեզ կեանք պարգեւեց՝ արժանացնելով երկնքի Արքայութեանը եւ արեց ամէն բան աստուածավայելուչ տնօրինութեամբ: Ի սկզբանէ այս ամէնին վկայ եղան իմաստուն քաղդէացիներն ու Արեւելքի մոգերը, որոնք աստղի առաջնորդութեամբ ընծաներով հանդերձ եկան երկրպագելու մարմնի մէջ երեւացած Աստծուն: Ո՞վ կարող է մէկ առ մէկ պատմել մեր Տիրոջ նշանների եւ հրաշքների մասին, թէ ինչպէս Նա ջուրը գինու փոխարկեց, հինգ նկանակով հինգ հազարին կերակրեց, քայլեց ծովի վրայով, ինչպէս ցամաքով, Նրա խօսքով մեռելները յարութիւն առան, կոյրերը տեսան, կաղերը քայլեցին, հիւանդները բժշկուեցին, դեւերը հալածուեցին, որովհետեւ Նա ճշմարիտ Աստուած էր՝ կեանքի եւ մահուան Տէրը, եւ ոչ թէ սոսկ մարդ՝ մարդկանցից մէկը»:
Մինչ այս պահը ամբոխը լուռ էր, սակայն յետոյ խռովուեց: Դղրդաց ատեանը, քրմերը պատռում էին իրենց օձիքները, փետում մազերը եւ բողոքում իշխանին, թէ դատաւորն ինքը, ամբողջովին լցուած բարկութեամբ, հրամայեց դահիճներին անմիջապէս նրան կախաղան հանել եւ քերել նրա մարմինը: Վեր կացաւ աթոռից եւ սաստիկ զայրոյթից կամեցաւ անձամբ տանջել նրան: Իսկ Թէոդիտոնն այդ մոլեգնած ամբոխի մէջ ամբողջովին հանդարտ էր, ասես թէ ատեանի ցասումը մէկ ուրիշի դէմ էր:
Դահիճները, գլուխ գլխի տուած, յօրինում էին ամէն տեսակ տանջանքներ, սրով թէ հրով ջախջախելու նրա բոլոր ոսկորները: Նախ մերկացրին նրան, ապա կախեցին եւ երկու դասի բաժանուած՝ սկսեցին երկաթէ քերիչներով գազանաբար քերել կողերը մինչեւ յոգնելը, իսկ սուրբ վկան զուարթերես ու անայլայլելի էր: Ապա բռնաւորը հրամայեց քացախ լցնել քերուած կողերի վրայ եւ վառուող ջահեր պահել: Երբ սուրբն առաւ իր խանձուած մարմնի եւ քացախի սուր հոտը, մի կողմ դարձրեց իր երեսը:
Այնժամ անմիտ իշխանը, վեր թռչելով իր աթոռից, ասաց. «Արդ, ո՞ւր մնաց ճոռոմաբանութիւնդ: Ահա տեսնում եմ՝ մի փոքր եւս, եւ կը նուաղես տանջանքներից: Եթէ չհայհոյէիր աստուածներին, այս չարիքները քեզ չէին պատահի: Եւ արդ, բաւ է այդ քեզ խրատուելու համար: Անփառունակ գինեվաճառ լինելով՝ մի՛ համարձակուիր ընդդիմանալ ինքնակալներին, որոնք քո արեան վրայ իշխանութիւն ունեն»: Քաջ նահատակը պատասխանեց. «Ո՛վ հիւպատոս, մի՛ զարմացիր, որ կողերիս անսովոր հոտից շրջեցի ռունգերս: Պատուիրի՛ր քո դահիճներին, որ փութաջան կատարեն քո հրամանը, որովհետեւ նրանք թոյլ են եւ ծոյլ: Դու եւս արիացի՛ր՝ յօրինելու այլ տեսակ-տեսակ տանջանքներ, փորձելու իմ զօրութիւնը, որն իմը չէ, այլ իմ զօրացուցիչ Տէր Յիսուս Քրիստոսինը, Որով հզօրանալով առ ոչինչ եմ համարոմ քեզ եւ քո անօրէն թագաւորներին: Եթէ ինձ բռնէիր որպէս չարագործ, թերեւս կը վախենայի, իսկ այժմ չեմ վախենում քո սպառնալիքներից եւ յօժարութեամբ պատրաստ եմ Քրիստոսի անուան համար կրել բոլոր չարչարանքները»:
Սրտմտած այս խօսքերից՝ դատաւորը հրամայեց քարերով խփել նրա ծնօտին եւ ջարդել ատամները, իսկ պատուական վկան ասաց. «Թէպէտ լեզուս էլ կտրես, քրիստոնեաների Աստուածը լսում է նաեւ լռութեան մէջ»: Այնժամ դատաւորը հրամայեց նրան բանտ նետել: Թէոդիտոնը վիրալից եւ պատառոտուած մարմնով անցնում էր հրապարակով եւ ասում ամբոխին. «Բոլորդ տեսէ՛ք իմ Քրիստոսի հրաշալի զօրութիւնը, տեսէ՛ք, որ ովքեր չարչարւում են Նրա սիրոյ համար, նրանց հանգիստ է պարգեւում: Մարմնիս տկարութիւնն ինձ աւելի զօրաւոր է դարձնում, քան հուրը, օգնում է տկար մարդկանց չվախենալ բռնաւորների սպառնալիքներից եւ արհամարհել ինքնակալների աստուածընդդէմ հրամանները: Այս շնորհները մեր Տէրը պարգեւում է առանց աչառութեան՝ մեծերին եւ փոքրերին, իշխաններին եւ օտարներին»: Եւ բոլորին ցոյց էր տալիս իր վէրքերը՝ որպէս թէ արքունական պատուոյ նշաններ ու յայտնում էր իր սրտի ուրախութիւնը Փրկչի հետ չարչարակից լինելու համար:
Հինգ օր յետոյ Թէոդեկնոսը հրամայեց դարձեալ Թէոդիտոնին բերել ատեանի առաջ եւ կանգնեցնել ամբոխի համար տեսանելի մի տեղում: Ասաց նրան. «Մօ՛տ եկ, Թէոդիտո՛ն, քանզի գիտեմ, որ խրատուել եւ սթափուել ես քո տանջանքներից ու թողել քո ամբարտաւանութիւնը: Դէմ գնալով մեր կամքին՝ անմտութեամբ յանձն առար խոշտանգուել, սակայն այժմ ընդունի՛ր ամենիշխան աստուածների տէրութիւնը եւ զոհ մատուցի՛ր նրանց, որպէսզի վայելես այն բոլոր բարիքները, որոնք քեզ խոստացայ եւ դեռ պիտի խոստանամ: Ընտրի՛ր քեզ համար բարին, ապա թէ ոչ, պատրաստ են կիզիչ հուրը, երկաթէ սուրը, գիշատիչ գազանների մռնչիւնը»: Քրիստոսի վկան պատասխանեց. «Ո՛վ Թէոդեկնէ, ինչո՞ւ ես յոխորտում ընդդէմ իմ Տէր Յիսուս Քրիստոսի զօրութեան: Ինչպէս տեսնում ես, իմ մարմինն ապականուել է տանջանքներից, եւ քեզ թւում է, թէ իսպառ տկարացել եմ, սակայն փորձելու համար ինձ ենթարկի՛ր նորանոր հարուածների, որպէսզի իմանաս, թէ ես որքան տոկուն եմ»:
Դատաւորն ասաց. «Քերէ՛ք դրա մարմինը մինչեւ ոսկորները»: Դահիճները կատարեցին հրամայուածը, մինչեւ որ յոգնեցին, իսկ սուրբը վէմի պէս անսասան էր: Այնժամ բռնաւորը հրամայեց իջեցնել նրան եւ տարածել նրա մարմինը շիկացած խեցեղէնի վրայ: Եւ մինչ այս անտանելի տանջանքների մէջ էր, երանելին աղօթեց՝ ասելով. «Տէր Յիսուս Քրիստոս, անյոյսների Յո՛յս, լսի՛ր Քո ծառայի աղօթքը եւ մեղմացրո՛ւ իմ ցաւերը, որոնք կրում եմ Քո սուրբ անուան համար»: Այս ասելուց յետոյ լցուեց նոր զօրութեամբ եւ ասես թէ ոչինչ չէր զգում: Այդ պատճառով դատաւորը փոխեց հրամանը՝ քերելով փորել նախկին վէրքերը, իսկ Թէոդիտոնը դարձեալ ոչ մի ցաւ չէր զգում: Դահիճներն այլեւս ծաղր էին համարում նրան չարչարելը, որովհետեւ մարմնի վրայ ողջ տեղ չէր մնացել: Միայն լեզուն էին անվնաս թողել, որից ակնկալում էին զղջման խօսք լսել, սակայն Քրիստոսի վկայի համար այն ճշմարտութիւնը հաստատելու եւ իր Տէր Աստծուն օրհնելու գործիք էր:
Այնժամ դատաւորն արձակեց հետեւեալ վճիռը.«գալիլեացիների վերակացուին և անհաղթելի թագաւորների հրամանները մերժողին ու իմ անձն անարգողին հրամայում եմ գլխատել, իսկ գլխատումից յետոյ մարմինն այրել հրով, որպէսզի չընկնի քրիստոնեաների ձեռքը՝ նրան պատուով թաղելու համար»: Վճիռն արձակուելուց յետոյ ամբողջ քաղաքը հաւաքուեց՝ տեսնելու նրա նահատակութիւնը: Իսկ երանելին, ուրախութեամբ հասնելով նահատակութեան վայրը, աղօթեց՝ ասելով. «Տէր Յիսուս Քրիստո՛ս, Արարի՛չ երկնքի ու երկրի, որ չես թողնում Քեզ յուսացողներին: Գոհանում եմ Քեզնից, որ ինձ արժանացրիր լինել Քո երկնաքաղաքացին եւ Քո Արքայութեան կցորդը: Գոհանում եմ Քեզնից, որ օգնեցիր ինձ յաղթել վիշապին եւ ջախջախել նրա գլուխը: Հանգստացրո՛ւ Քո ծառաներին թշնամու գլխաւորած հալածանքներից եւ հարստահարութիւնից: Տո՛ւր խաղաղութիւն Քո Եկեղեցուն՝ կորզելով նրան բանսարկուի բռնութիւնից»: Եւ երբ ասաց՝ «ամէն», տեսաւ, որ եղբայրները լաց են լինում ու ասաց նրանց. «Լաց մի՛ եղէք, եղբայրնե՛ր, այլ փառաւորէք մեր Տէր Յիսուս Քրիստոսին, որ աւարտել տուեց իմ կեանքի ընթացքը եւ ոտքի տակ գցեց թշնամուն: Այսուհետեւ երկնքում համարձակապէս կ՚աղօթեմ ձեզ համար»: Այս ասելով՝ երանելին պարանոցը զուարթութեամբ մօտեցրեց սրի հարուածին եւ ընդունեց ի Քրիստոս նահատակութիւնը:
Դահիճները մեծ խարոյկ բորբոքեցին եւ սուրբ վկայի մարմինը դրեցին դիզուած փայտերի վրայ: Նոյն պահին նրա վրայ Աստծուց լոյս ճառագայթեց, որից զարհուրեցին դահիճները եւ չհամարձակուեցին մօտենալ ու վառել փայտերը: Այսպէս անարատ մնաց սուրբի պատուական մարմինը: Այս նշանի մասին լուրը հասաւ բռնաւորին, եւ նա հրամայեց զօրականներին պահպանել շուրջբոլորը, ուր գտնւում էին Թէոդիտոնի գլուխն ու մարմինը:
Մալոս գիւղից եկաւ հասաւ Փրոնտոն երէցը եւ, ինչպէս պայմանաւորուել էին սուրբի հետ, բերել էր նրա մատանին՝ որպէս գրաւ նշխարների համար: Գրաստի վրա դրուած՝ իր այգուց նաեւ հին գինի էր բերել: Երեկոյեան, երբ քաղաք հասաւ, նստեց գրաստի մօտ, այն տեղում, ուր գլխատուել էր սուրբը: Պահապանները մօտեցան Փրոնտոնին եւ հարցրեցին. «Ո՞ւր ես եկել այս ուշ ժամին, օտարակա՛ն, ե՛կ այս գիշեր մնա՛ մեզ մօտ: Աւելի լաւ է գիշերես այստեղ, քան թէ նեղուես տմարդի պանդոկապաններից»: Այսպէս ասացին, որովհետեւ չգիտէին, որ նա քրիստոնեայ է եւ քահանայ, իսկ Փրոնտոնն էլ չգիտէր, թէ այդ տեղում ինչ են անում պահապանները, եւ մտաւ նրանց հիւղակը: Եւ երբ նրա առաջ հաց ու գինի դրին, վերցրեց մի դատարկ անօթ, լցրեց իր գինուց, տուեց նրանց եւ ասաց. «Ճաշակեցէ՛ք այս հնգամեայ գինուց եւ տեսէք, թէ ինչպէս է այն ձեզ թւում»: Զմայլուելով հին եւ ազնիւ գինու համ ու հոտից՝ անյագաբար էլի ու էլի խնդրեցին, իսկ նա տուեց զուարթառատ մտքով:
Այնժամ Մետրոդորոս անունով երիտասարդ զօրականներից մէկը ծիծաղելով ասաց. «Ինձ պէտք է, որ առատութեամբ ըմպեմ այս գինուց, որպէսզի մոռանամ հարուածների ցաւը, որոնք ստացայ լճի մէջ նետուած եւ ապա գողացուած կանանց պատճառով»: Փրոնտոնն ասաց. «Չգիտեմ, թէ ինչ կանանց մասին է խօսքդ»: Այնժամ պահապաններից մէկը Մետրոդորոսին ասաց. «Զգո՛յշ եղիր, որ այդ բաժակը քեզ նոր չարիք չպատճառի: Այժմ մենք հրաման ունենք սթափութեամբ պահպանել այն պղնձէ մարդուն, որը լճից գողացաւ կանանց մարմինները»: Փրոնտոնն ասաց. «Ասացէ՛ք ինձ՝ ովքե՞ր են այն կանայք, որոնց հանել են լճից, եւ ո՞վ է այն պղնձէ մարդը, որին հսկում էք»: Գլաւկենտիոս զօրականը պատասխանեց նրան եւ ասաց. «Պղինձն ու երկաթը տեղի են տալիս հրից եւ երկաթէ գործիքներից, ինչպէս որ ադամանդն է ամբողջովին ընկնում հմուտ ձեռքի իշխանութեան տակ: Իսկ այս մարդուն, որի մասին խօսում ենք, չկարողացան նուաճել ո՛չ հուրը, ո՛չ երկաթը: Եթէ մարդ կոչեմ նրան, ապա մարդկանցից ոչ ոք այսպէս զօրաւոր եւ համբերող չի եղել տանջանքների մէջ: Նա մեր քաղաքակիցն էր, ճանաչում էինք որպէս քաղաքի մարդկանցից մէկը, սակայն նա մարդկային բնութիւնից վեր գտնուեց: Անունը Թէոդիտոն էր, կրօնով՝ քրիստոնեայ: Եօթ քրիստոնեայ կանանց մարմինները լճից գողանալուց յետոյ ինքնակամ իրեն մատնեց ատեանին, որպէսզի ուրիշներն իր փոխարէն պատիժ չկրեն: Թէպէտ դատաւորը բազում խոստումներ եւ սպառնալիքներ տուեց, թէպէտ փորձեց խստագոյն տանջանքներով, սակայն չկարողացաւ փափկացնել նրա կարծրացած միտքը, այլ ծիծաղում էր չարչարանքների մէջ: Ապա հրաման եղաւ նրան գլխատելու եւ մարմինը հրով այրելու, սակայն չկարողացանք հուր մօտեցնել նրա չհրկիզուող մարմնին, որովհետեւ խարոյկի մօտ նորանշան տեսիլք երեւաց, որը տեսանք մեր աչքով եւ որի էութիւնը չենք կարող յայտնել: Եւ որպէսզի քրիստոնեաները չտանեն նրա մարմինը, մենք այստեղ պահպանութեան ենք կանգնել»:
Լսելով այս ամէնը՝ Փրոնտոնը սրտում գոհացաւ Աստծուց եւ խնդրեց Նրանից, որ յաջողութիւն տայ իրեն՝ սուրբ վկայի մարմինը տանելու համար: Այնուհետեւ սկսեց առաւել զուարթութեամբ զրուցել պահապանների հետ, նրանց շատ գինի տուեց, որից արբեցին եւ ողջ գիշեր խոր քուն մտան: Այնժամ արթուն երէցը գնաց, վերցրեց Քրիստոսի վկայի պատուական մարմինը, դրեց իր գրաստին եւ ասաց. «Ո՛վ երանելի Թէոդիտոն, կատարի՛ր քո խոստումը, որ տուեցիր ինձ եւ յաջողութիւն տուր իմ ճանապարհին»: Սուրբի մատանին հագցրեց նրա մատին, ծածկեց նրան խոտով: Լուսաբացին գրաստն արձակեց իրենից առաջ, եւ ինքն էլ, իբրեւ թէ կորցրել է գրաստը, գնաց որոնելու: Գինովութիւնից սթափուած պահապանները կարեկցում էին նրան կորստի համար, մինչեւ որ կամաց-կամաց հեռացաւ իրենց տեսադաշտից: Եւ այդպէս, Տիրոջ խնամատարութեամբ անցնելով անկոխ տեղերով, հասաւ իր Մալոս գիւղը, պատուական գանձն ամփոփեց այնտեղ, եւ դա էլ եղաւ սուրբ եւ փառաւոր վկայի՝ Թէոդիտոնի վկայարանը, որտեղ ի պատիւ սուրբի պատուական նշխարների՝ այցելում էին հաւատացեալները:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրան եօթ սուրբ կանանց հետ միասին յիշատակում է Հոգեգալուստին յաջորդող երրորդ հինգշաբթի օրը: