Սաղմոս Դավթի, Երեմիայի ձեռքով՝ եբրայերենում անվերնագիր: Խոստովանում է, որ հնում անվերնագիր է գտել, և ինքն է տվել Երեմիային, որ նույն եղանակով ողբաց Իսրայելի վրա, և որ նրանը չէ այս սաղմոսը, և նա Բաբելոն նույնպես չգնաց, այլ սուրբ Դավիթը Հոգով տեսնելով պանդխտության մեջ գտնվող գերու տառապանքները և ողբալու վայրը՝ ասում է.
1. Առ հետս Բաբելացւոց, անդ նստէաք և լայաք, որպէս յիշեցաք մեք անդ զՍիովն:
Բաբելոնի գետերի մոտ՝ այնտեղ նստած լալիս էինք, երբ հիշում էինք Սիոնը:
Լալու պատճառն այն էր, որ հիշում էինք Սիոնը՝ համեմատելով այն վայրի հետ, թե որտեղ էինք գտնվում և ուր եկանք մեր մեղքերի պատճառով: Ուստի և վշտերից օգուտ քաղեցին, որովհետև երբ Սիոնում էին, տաճարի մեջ կուռքեր էին դնում, իսկ այնտեղ չէին կարողանում առանց արտասուքի հիշել այդ մասին, դրա համար էլ Մարդասերը թողնում է, որ ըստ արժանվույնս սգան իրենց վիշտը:
2. Ի մէջ ուռեաց նոցա կախեցաք զկտակարանս մեր:
Նրանց ուռիներից էինք կախել մեր կտակարանները:
Սիոնի սենյակների փոխարեն, և հիրավի տարան գրքերը, որպեսզի չմոռանան այն հանդիմանող խոսքերը, որ իրենց էին ուղղված և ինչը չլսելու պատճառով գերեվարվեցին: Եվ քանի որ իրենք էլ պտղազուրկ էին զոհերից և պատարագներից, այդ պատճառով էլ անպտուղ ծառերից կախեցին:
3. Անդ հարցանէին գերիչք մեր զբանս օրհնութեան, գերեվարք մեր ստիպէին զմեզ և ասէին:
Այնտեղ մեզ գերեվարողները օրհնության խոսք էին պահանջում մեզնից, մեզ տարագրողներն ստիպում էին՝ ասելով:
Ոմանք մխիթարության հույսով, և ոմանք էլ հանդիմանության նպատակով: Մեզ տարագրողները, որոնք գերի տարան և թույլատրեցին կտակարանները վերցնել մեզ հետ, ստիպում էին՝ ասելով.
Օրհնեցէ՛ք զմեզ յօրհնութենէ Սիոնի:
«Երգեցե՛ք մեզ համար Սիոնի օրհներգներից»:
4. Իսկ զիա՞րդ օրհնեսցուք զօրհնութիւնս Տեառն յերկիր օտար:
Իսկ մենք ինչպե՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում:
Սա լսելով ասում էին՝ ինչպե՞ս երգենք Տիրոջ օրհներգերը օտար երկրում, որտեղ օտար պաշտամունք ունեին և օտար երգեր էին երգում այստեղ, թեև գիտեին և երգում էին, թե. «Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ» (Սղմ. 23:1), որպեսզի, ասում են, չմոռանանք Սիոնը, որի համար նաև երդվում են.
5. Թէ մոռացայց զքեզ, Երուսաղէմ, մոռասցի զիս աջ իմ:
Եթե մոռանամ քեզ, Երուսաղեմ, թող իմ աջը մոռանա ինձ:
Որն իմ բարեկեցությունն է կամ իմ աջը, որի մասին ասում էին. «Քո աջով պահպանի՛ր և լսի՛ր մեզ» (Սղմ. 59:7), և որ Տերը կընդունի ինձ իր աջով:
6. Կցեսցի լեզուի իմ ի քիմս իմ, թէ ոչ յիշեցից զքեզ, թէ ոչ նախ նուագեցից զքեզ, Երուսաղէմ, սկիզբն ուրախութեան իմոյ:
Թող լեզուս քիմքիս կպչի, թե քեզ չհիշեմ, եթե իմ ուրախության սկզբում նախ քեզ, Երուսաղե՛մ, չգովաբանեմ:
Մահու չափ երդվում են, հատկապես Հոգին է երդում վերցնում նրանցից որպես գրավ, որպեսզի յոթանասուն տարի բնակվելով այնտեղ՝ Աստծուն հիշելով մնան: Նախ քեզ չգովաբանեմ, երբ վերադարձի հրաման լսեմ, այսինքն՝ ուրախության սկզբում Աստծուն գովաբանելով՝ մեր ոտքերը հասնեն քո դռների մոտ՝ Երուսաղե՛մ:
7. Յիշե՛ա, Տէր, զորդիսն եդովման, յաւուրն Երուսաղէմի:
Հիշի՛ր, Տեր, թե ինչ էին ասում եդոմացիները Երուսաղեմի օրերին:
Ուստի, ունենալով հայրենի նախանձը, Երուսաղեմի կործանման օրերին հորդորում էին քանդել՝ սկսած պարիսպներից մինչև հիմքը, և որոնց Երեմիա մարգարեի միջոցով Աստված ասաց, թե թողեք հիմքը, քանի որ Տիրոջն է, դրա համար էլ ասում է.
Ոյք ասէին՝ քակեցէ՛ք, քակեցէ՛ք, մինչև ի հիմն հատուցէ՛ք:
Որ ասում էին. «Քանդեցե՛ք, քանդեցե՛ք, հիմնահատա՛կ արեք»:
Փոխարենը ետ դառնալիս հատուցում տվին:
8. Դուստր բաբելացւոց թշուառական, երանի՛ որ հատոյց զհատուցումն քո, զոր դու մեզ հատուցեր:
Ո՛վ Բաբելոնի թշվառ դուստր, երանի՜ նրան, ով քեզ պիտի հատուցի այնպես, ինչպես դու մեզ հատուցեցիր:
Երբ տիրի քեզ Կյուրոսը, երանի նրան, ով կենդանի կլինի, որպեսզի քեզ հատուցում տա, ինչպես որ դու մեզ հատուցեցիր այն բանի համար, որ քո կուռքերին չպաշտեցինք, մեր անմեղ մանուկներին քարերին էիր հարվածում, այդ պատճառով էլ ասում է.
9. Երանի՛, որ կալաւ զմանկունս քո, և եհար զքարի:
Երանի՜ նրան, ով կբռնի քո մանուկներին ու կխփի քարին:
Նրանք էին այսպես ասում, քանի որ օրենքի տակ էին, որ ասում էր. «Կյանքի դիմաց՝ կյանք, և անդամի դիմաց՝ անդամ» (հմմտ. Բ Օր. 19:21): Իսկ մեր պատվիրանը հեռու է պահում մեզ թշնամուն վնասելուց՝ ասելով. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, բարություն արե՛ք ձեզ ատողներին» (Մատթ. 5:44) և այլն:
Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը