Պիտի հանդես գան Քրիստոսին ճշմարիտ հավատացողներ և պատերազմի ելնեն նրա դեմ , քանզի նա պետք է պատերազմի տարբեր ժողովուրդների մեջ գոյություն ունեցող սրբակրոն մարդկանց դեմ , ովքեր պահպանում են Աստծո պատվիրանները և ճշմարտապես խոստովանում են մեր Քրիստոս Ատծոոն :
Այսուհետև տեղի են ունենալու այլազգիների ՝ Քամի անիծյալ որդիներ թուրքերի պիղծ զորքի հարձակումները քրիստոնյա ժողովուրդների վրա , բոլոր երկրները սրի ճարակ պիտի դառնան , քրիստոնյա բոլոր ժողովուրդները կործանվելու են սովի մագիլներում և գերության մեջ : Բազմաթիվ գավառներ անմարդաբնակ են դառնալու , երկրի երեսից պիտի վերանա սրբերի զորությունը , բազմաթիվ եկեղեցիներ պիտի հիմնահատակ կործանվեն , պիտի խափանվի Քրիստոսի խաչի խորհուրդը : Ամբարշտության բազմանալու հետ միասին , դադարելու են սրբոց տոնակատարությունները , որդիները պիտի հակառակվեն իրենց հայրերին , հայրերը պիտի ատեն իրենց որդիներին , եղբայրները պիտի իրար դեմ դուրս գան և սպանությամբ ու արյունահեղությամբ պիտի ջանան մեկը մյուսին կործանել ՝ ուրանալով եղբայրական գութն ու սերը . նրանց եղբայրության արյունը պիտի ցամաքի , և նման գործերով պիտի հավասարվեն անհավատներին : Անհավատ ժողովուրդները պիտի ալեկոծեն աշխարհը , անդաստանների բույսերը արյան ցողով պիտի շաղախվեն , երկիրը պիտի ավերվի սրով ու գերությամբ … :
Այն ժամանակ , ահա , պիտի հանդես գա քրիստոնյաների արիական ժողովուրդը , մեծ զորքով գրավի Երուսաղեմ սուրբ քաղաքը և գերությունից ազատի Աստվածընկալ Սուրբ Գերեզմանը … :
Աղբյուր ՝ Մատթեոս Ուռհայեցի « Ժամանակագրություն »
Երևանի Համալսարանի Հրատարակչություն – 1991 թ.