Որք զարդարեցին տնօրինաբար զիմաստս Անեղին.
Հաստատելով յերկրի զգիր կենդանի՝ հովուել զհօտ նոր Իսրայէլի.
Երգով քաղցրութեան՝ հնչմամբ զԱստուած օրհնեսցուք:
Որ զերկրաւոր մեծութեան փառաց խաւար կոչեցին.
Ապաւինելով ի յոյս անմահ Փեսային՝ անճառ Բանին արժանի եղեն.
Երգով քաղցրութեան՝ հնչմամբ զԱստուած օրհնեսցուք:
Որ զօրութեամբ Հօր իմաստութեան էին անեղի.
Հաստատեցին զաթոռ սրբոյն Գրիգորի՝ թարգմանութեամբ նշանագրութեան.
Երգով քաղցրութեան՝ հնչմամբ զԱստուած օրհնեսցուք:
(Շարակնոց)
Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: «Թարգմանիչ» անպաճույճ ու պարզ բառով են մեծարվում հայ ազգի նվիրյալ զավակները՝ սուրբ Սահակ Պարթև հայրապետը եւ սուրբ Մեսրոպ Մաշտոցը՝ իրենց ավագ եւ կրտսեր աշակերտներով:
Հայոց մեծ դարձից՝ Քրիստոսի Ճշմարիտ Լույսով լուսավորվելուց հետո Աստված նոր դարձ պարգեւեց մեզ, նոր լուսավորություն շնորհեց մեր ազգին, որպեսզի պահպանենք մեր ինքությունը եւ մեծագույն հավատով փառաբանենք ամենքի Արարչին:
Ո՛չ ոք չի կարող ժխտել, որ մեր պատմության ամենանշանակալի իրադարձությունը հայերեն նշանագրերի ստեղծումն է կամ հայ գրերի գյուտը, գյուտը մեր ինքնության պահպանման բանալու, որով բացում կամ փակում ենք հայ ազգի հավերժության դուռը: Հայոց այբուբենի տառերը կոչվել են նաեւ զինվորներ:
Ամենայն հայոց մեծ ռաբունապետը եւ Աստուծոյ ճշմարիտ այրը, առաքելաշնորհ վարդապետը ու անմահական յիշատակի արժանի, երիցս տօնելի սուրբ Մեսրոպը ծնուել է Տարօն գաւառի Հացեկաց գիւղում եւ որդին էր Վարդան անունով աստուածասէր ու երանելի մի մարդու: Մանկուց աստուածավախ էր եւ բարեպաշտ, քաջավարժ էր հելլենական դպրութեան, նշանագրութեան հմտութեան եւ միանգամայն հմուտ ասորերէն ու պարսից գիր ու գրականութեան մէջ:
Այդ ժամանակներում հայոց դպրութիւն չլինելու պատճառով նա աշակերտեց մեր սուրբ հայրապետ Ներսէս Մեծին ու եղաւ նրա նոտարը: Ներկայ գտնուելով նրա մահուանը՝ լսեց նրա մարգարէական խօսքերը, ինչպէս որ տեսնում ենք սուրբ Ներսէսի վարքի մէջ, որ գրուած է Ճառընտիրներում: Այդ պատճառով բոլոր եղելութիւնների եւ սուրբ Ներսէսի մարգարէութիւնների առաջին արձանագրողը ճանաչւում է նա ինքը՝ երանելի Մեսրոպը:
Երբ Ներսէս Մեծը փոխուեց այս աշխարհից, Մաշտոցն արքունիք մտաւ եւ մնաց արքունի դիւանում հայոց Վարազդատ, Արշակ, Վաղարշակ եւ Խոսրով Վերջ Դ թագաւորների օրօք: Այնուհետեւ բազմաթիւ գիտութիւններ ունենալու եւ գրաւոր գրչութեան մէջ հմուտ լինելու պատճառով նշանակուեց թագաւորների դիւանադպիր: Ըստ ամենայնի՝ նա յաջողակ էր արքայատուր հրամանները սպասաւորելու բոլոր գործերում: Այդպէս արքունիքում ապրեց եօթ տարի՝ մինչեւ Խոսրով թագաւորի երրորդ տարին: Խելամուտ եւ կիրթ էր թագաւորութեան բոլոր գործերում, հմուտ՝ զինուորական վարժանքների մէջ, մինչեւ որ իր զինուորական արուեստով ցանկալի եղաւ զօրականներին, սիրելի՝ թագաւորին եւ աւագանուն, որովհետեւ մեծ պատրաստակամութեամբ դնում էր իր անձը՝ յաջողութեամբ աւարտին հասցնելու իրեն յանձնարարուած արքունի բոլոր գործերը: Եւ այն, որ աւելի մեծ է եւ գովեստի արժանի, ապրելով Հայոց աշխարհի ալեծուփ ժամանակներում եւ զբաղուած լինելով ատենադպրութեան ու զինուորական գործերով, երանելի Մաշտոցն ամենեւին չէր թերանում աստուածպաշտութեան ու հոգեւոր կրթութեան մէջ, այլ խորամուխ էր լինում աստուածային գրքերի ընթերցանութեան մէջ, որ յունարէն եւ ասորերէն լեզուներով էր, գողանում էր գիշերուայ ու ցերեկուայ ազատ ժամերը, անխոնջ դեգերում եւ կատարելապէս հմտանում աստուածատուր պատուիրանների կատարման մէջ ու օրըստօրէ լուսաւորւում եւ պայծառանում Հոգու գիտութեամբ: Միաժամանակ զգուշանում էր իր անձի համար, որպէսզի օրէցօր աճող աշխարհիկ իշխանական փառքն ու պատիւը արգելք չլինեն իր հոգեւոր կեանքի ճանապարհին: Ուստի որոշեց ըստ աւետարանական կատարելութեան կատարեալ չափի՝ ամբողջովին նուիրուել երկնաւոր Թագաւորի եւ մարդասէր Աստուծոյ ծառայութեանը եւ ընդունել կրօնաւորական կարգը:
Այնուհետեւ հրաժարուեց զինուորութիւնից եւ աշխարհածուփ երկրաւոր զբաղմունքներից, վերցրեց պանծալի խաչը, գնաց ամենակեցոյց Խաչեալի յետեւից եւ, ընտրելով Տէրունական հրամանի բարի խրատը, Փրկչի քաղցր լծով ու թեթեւ բեռով խառնուեց Քրիստոսի խաչակիր գնդին: Իսկոյն մտաւ մենաստան, որ կար Վասպուրականի վերնակողմում գտնուող Գողթն գաւառում, ընդունեց վանական կարգը եւ ընտիր ու երեւելի գտնուեց ամէն բանի մէջ, կիրթ՝ բոլոր առաքինութիւններում եւ փորձառու՝ բարեկրօնութեան մէջ: Աստուածային հրաւէրով քահանայ ձեռնադրուեց, որից յետոյ առաւել առաջադիմեց հրեշտակային սրբութեամբ ջերմ ծառայութեան ու իր Տէր Աստուծոյ պաշտամունքի մէջ եւ իր սքանչելի վարքով կենդանի օրինակ եղաւ բոլորի համար: Իր անթերի առաջադիմութեամբ աւելի ու աւելի էր պայծառանում Աստուծոյ վերնապարգեւ շնորհներով, ուստի ցանկացաւ առանձնանալ մի անապատում եւ միայնակ ճգնել: Այդպէս, խստակրօն վարքով եւ մեծ առաքինութեամբ բնակուելով մի քարանձաւում, դարձաւ անապատական եւ եղաւ կատարեալ ճգնաւոր՝ բոլոր մենակեացներից աւելի զարմանալի ու հռչակաւոր:
Նրա ձեռնասուն աշակերտ երանելի Կորիւնը գրում է. «Ըստ Աւետարանի՝ բազում եւ տեսակ-տեսակ նեղութիւններ էր կրում, իրեն մատնում հոգեւոր վարժանքների՝ առանձնութեան, լեռնակեցութեան, քաղցի ու ծարաւի, բուսակերութեան, անլոյս արգելարանների, ճգնակեցութեան ու գետնատարած անկողինների: Շատ անգամ էր գիշերուայ հանգիստը ոտքի վրայ տքնութեամբ անցկացնում մէկ ակնթարթում: Եւ այս ամէնն անում էր ոչ քիչ ժամանակ: Գտել էր ոմանց, կցել իրեն, աշակերտ դարձրել եւ ընտելացրել աւետարանելու համար: Եւ այսպէս քաջութեամբ եւ կամաւորապէս տանելով բոլոր վրայ հասած փորձութիւնները եւ պայծառանալով՝ ծանօթ ու հաճելի էր լինում Աստծուն եւ մարդկանց»:
Աստուած մի կարեւոր եւ օգտակար խորհուրդ էր տնկել երանելի Մաշտոցի սրտում. գրաւոր վարդապետութեամբ եւ առաքելական քարոզութեամբ լծուել իր ազգի կրկին լուսաւորութեան գործին: Այդ նպատակով իր շուրջը ժողովեց այն ինքնանուէր եղբայրներին, որոնք հաւաքուեցին իր շուրջը՝ բարի նախանձով ընդօրինակելու նրա առաքինակրօն վարքը եւ ջերմեռանդ աստուածպաշտութիւնը: Եւ այդպէս օրըստօրէ շատ աշակերտներ հաւաքելով՝ վարժում էր նրանց առաքինութեան կատարեալ վարք ունենալ աստուածեղէն իմաստութեան լուսաւոր կարգի մէջ:
Եւ երբ երանելին տեսաւ, որ Աստուած յաջողութիւն է տալիս իր ձեռնարկած խորհուրդներին ու իրեն օգնականներ է տալիս հոգիների մշակութեան համար, անյապաղ իջաւ անապատից եւ իր աշակերտներով գնաց Գողթն գաւառի մերձակայ վայրերը, որտեղ բնակւում էին տխմար ու բարբարոսամիտ, անկարգ ու անփոյթ կեանքով եւ հեթանոսական սովորութիւններով ապրող մարդիկ: Նրանցից ոմանք շաղախուած էին կռապաշտութեան մէջ՝ պաշտամունք մատուցելով դեւերին: Այնտեղ երանելուն ընդառաջ եկաւ Գողթնի իշխանը, որը մի աստուածավախ եւ աստուածասէր մարդ էր եւ մեծ ուրախութեամբ օրհնեց սուրբի այցելութիւնը իր գաւառ, իսկ երանելի Մաշտոցը շատ ուրախ եղաւ այդ ընդունելութեան համար: Բանեցնելով աւետարանական քարոզչութեան իր հմտութիւնը եւ ունենալով իշխանի ու իր հաւատարիմ աշակերտների գործակցութիւնը, սկսեց գաւառում քարոզել կենաց խօսքը, խրատել եւ ուսուցանել: Շատ արագ շատերին գերելով՝ հեռացրեց նրանց իրենց հայրենի աւանդութիւններից ու սատանայական դիւապաշտ մոլորութիւնից եւ հնազանդեցրեց Քրիստոսին: Իր անձով փոխարինելով սուրբ Լուսաւորչին՝ երկրում երեւաց որպէս լուսատու, որովհետեւ Տէրն Ինքն էր ձեռք մեկնում Իր Մաշտոց ծառային: Եւ յայտնապէս մեծամեծ հրաշքներ երեւացին գաւառի բնակիչներին, քանզի ինչպէս մի ժամանակ՝ սուրբ Գրիգորի օրերին, այնպէս էլ այդժամ սուրբ Մաշտոցի աղօթքներով եւ ամենայաղթ նշանի՝ սուրբ Խաչի զօրութեամբ դեւերը զանազան կերպարանքներով փախան եւ ընկան Մարաց երկրի կողմերը:
Եւ Տէրը երանելի Մաշտոցին բոցավառեց Հայաստան աշխարհում դպրութիւն ունենալու եւ պայծառացնելու փափագով, որովհետեւ սուրբ Գրիգորից յետոյ ողջ Հայոց երկրում ծաւալուել էր աստուածգիտութեան լոյսը, սակայն հայոց դպրութիւն չունենալու պատճառով ողջ ժողովուրդն անընտել էր աստուածային հնչելի գրին: Եկեղեցիներում ընթերցում էին յոյն եւ ասորի լեզուներով, որոնք կարող էին հասկանալ ուսեալները եւ ոչ հասարակ ժողովուրդը, եւ բացի այդ՝ առանց գրագիտութեան զօրանում էր խաւարամտութիւնը եւ խամրում աստուածպաշտութիւնը:
Ապա վեր կացաւ, գնաց Հայոց կաթողիկոսի՝ Մեծ Սահակ Պարթեւ մօտ, որը նոր էր նստել հայրապետութեան Աթոռին եւ դեռեւս մանկուց իր մտերիմն ու սիրելին էր, երբ ինքը նրա հօր՝ Ներսէս Մեծի դպիրն էր: Նրանից հրաման առնելով՝ իր ընկերներով շրջում էր բոլոր տեղերով եւ ուր որ հասնում էր, քարոզում էր, ի լուր բոլորի ընթերցում էր Սուրբ Գիրքը եւ այն թարգմանում հայերէն: Բայց քանի որ նա շատ յոգնում ու քիչ սփոփանք էր տալիս ժողովրդի անհամար բազմութեանը, ցանկանում էր, որ Աստուած Ինքն այցելի ազգին եւ բաւարարի նրա դպրութիւն ունենալու անհրաժեշտ կարիքը: Ուստի երանելին աւելացրեց մշտամռունչ, անդադար, արտասուալից աղօթքները եւ բազկատարած պաղատանքներն առ Աստուած: Նա կրկնում էր առաքեալի խօսքը եւ ասում. «Տրտմութիւն է ինձ համար, եւ անպակաս են սրտիս ցաւերն իմ եղբայրների ու ազգակիցների համար, որ նրանք չմնան դպրութիւնից հեռու եւ զուրկ Սուրբ Գրքի մխիթարութիւնից»: Եւ այդպէս, պաշարուած հոգսերով, ընկած մտորումների ծփանքի մէջ, թէ արդեօք ինչ ելք գտնի այդ բանի համար, վեր կացաւ ու դարձեալ գնաց սուրբ Սահակ կաթողիկոսի մօտ:
Եւ դա հայոց Վռամշապուհ արքայի թագաւորութեան հինգերորդ տարին էր: Երբ Մաշտոցն իր խորհուրդները յայտնեց նրան, տեսաւ, որ նա իրենից աւելի մեծ փափագ ու պատրաստակամութիւն ունէր այդ գործը գլուխ բերելու համար: Եւ նրանք՝ իրենց աշակերտներով հանդերձ, աղօթքներով դիմեցին Աստծուն՝ իրենց խնդրին լուծում ստանալու համար, որովհետեւ գիտէին, որ դա պէտք է լինէր բոլորի հոգիների փրկութեան պատճառ: Եւ այդ անում էին շատ օրեր:
Երբ այս ամէնի մասին տեղեկացրին նաեւ Հայոց Վռամշապուհ բարեպաշտ արքային, այնժամ արքան նրանց յայտնեց Դանիէլ անունով մի երեւելի, ազգութեամբ ասորի եպիսկոպոսի մասին, ասաց, որ Միջագետքում իր եղած ժամանակ լսել է, որ նա ունի հայերէն այբուբենի նշանագրերը, որոնք ձեռք է բերել մի տեղից, կամ էլ յարմարացրել: Լսելով այս մասին՝ նրանք թախանձագին խնդրեցին թագաւորին՝ ջանք գործադրել դրանք ձեռք բերելու համար: Եւ թագաւորը Խադունեաց ցեղից Վահրիճ անունով իշխանին հրովարտակով հանդերձ՝ ուղարկեց Յաբէլ անունով վանահօր մօտ, որը Վռամշապուհ արքային յայտնել էր այս բաների մասին, եւ որը մտերիմ էր Դանիէլ եպիսկոպոսին: Այնժամ վանահայրը շտապ գնաց եպիսկոպոսի մօտ եւ, նախ անձամբ նրանից իմանալով նշանագրերի դասաւորութեան մասին, առաւ նրանից եւ Վահրիճի հետ ուղարկեց Հայոց երկիր, որից մեծապէս ուրախ եղան թագաւորը, սուրբ Սահակ հայրապետը եւ երանելի Մաշտոցը:
Երանելի հոգաբարձուները, առնելով յանկարծագիւտ նշանագրերը, թագաւորից խնդրեցին մատաղ մանուկներ՝ այս դանիէլեան նշանագրերը հեշտութեամբ սովորեցնելու համար: Այնժամ թագաւորը հրամայեց, որ բոլոր տեղերում կրթուեն երանելի Մաշտոցի ընդհանուր վերակացութեամբ եւ վարժապետութեամբ: Այդ շրջանում նա սուրբ Սահակ հայրապետի կողմից վարդապետութեան աստիճան ստացաւ, ճանաչուեց որպէս ամենայն Հայոց մեծ ուսուցիչ եւ այնուհետեւ Մեսրոպ կոչուեց:
Արդ, մօտ երկու տարի երանելի Մեսրոպը դանիէլեան նշանագրերով քարոզեց իր վարդապետութիւնը, դրանցով իրականացրեց գրաւոր վերծանութիւնները եւ հայերէն լեզուով քարոզութիւնները, սակայն շուտով տեսաւ, որ այդ նշանագրերը բաւարար չեն ամբողջապէս եւ անթերի կերպով յօդելու հայոց լեզուի վանկերն ու կապերը: Այնժամ ուսումնասիրեց եւ հասկացաւ, որ նշանագրերը քաղուած եւ ստեղծուած են ուրիշ դպրութիւններից, որովհետեւ դա յունարէնից եւ ասորերէնից կազմուած խառը այբուբեն էր, որ բաւարար չէր մեր լեզուի համար, կամ էլ մի ժամանակ՝ հայ նախնիների օրօք, յօրինուած խազեր էին՝ աղաւաղուած, խրթին եւ անյարմար: Այդ պատճառով սուրբ Սահակի հետ նոր նշանագրեր փնտռելու նոյն հոգսի մէջ ընկան եւ որոշ ժամանակ անց դարձեալ մի ելք էին փնտռում:
Ապա սուրբ Մեսրոպ վարդապետը յանձն առաւ անձամբ գնալ ասորիների Դանիէլ եպիսկոպոսի մօտ, որ թերեւս աւելի տեղեկութիւններ իմանայ նրանից: Ձեռնասուն աշակերտների մի դաս առած՝ արքայի հրամանով եւ սուրբ Սահակի համաձայնութեամբ ճանապարհ ընկաւ դէպի Միջագետք, հանդիպեց Դանիէլին, սակայն նրանից աւելին չիմացաւ: Երանելի Մերսոպը վարանած շրջում էր՝ հանդիպելով ասորի եւ յոյն եպիսկոպոսների, որ թերեւս իրեն ցոյց տան մէկին, որ հմուտ լինի գրագիտութեան մէջ եւ ունակ՝ իր խնդրածը գտնելու հարցում: Գնաց Եդեսիայի Բաբելաս եպիսկոպոսի, ինչպէս նաեւ Ամիդի Ակակիոս եպիսկոպոսի մօտ, որոնք թէպէտ ընդունեցին նրան մեծարանքով եւ սիրով, բայց ջանքեր գործադրելով չկարողացան օգտակար լինել ու նպաստ բերել գործին:
Տեսնելով, որ զուր ժամանակ է կորցնում, Մեսրոպն իր հետ եկած աշակերտներին բաժանեց երկու դասի եւ Միջագետքում նրանց կրթութեան տուեց յոյն եւ ասորի դպրոցներում:
Հեթանոսութեան շրջանից Եդեսիայում պահպանուել էր ուսման նշանաւոր ճեմարան եւ այն համարւում էր որպէս գրագիտութեան կենտրոն: Այդ ժամանակ դրա իշխանն ու վարժապետը մի անուանի մարդ էր՝ Պղատոս անունով մի հեթանոս ճարտասան այր: Սուրբ Մեսրոպ վարդապետը գնաց նրա մօտ եւ յայտնեց իր ցանկութիւնը, իսկ նա, ուրախութեամբ ընդունելով երանելուն, փորձեց օգնել գտնելու խնդրածը: Նա մի ժամանակ հասկանում էր հայերէն խօսքը, այն վերածում էր բազմազան այլեւայլ տառերի հնչման, յօրինում էր ամփոփել այբուբենի ինչ-որ շարք եւ ըստ դրա՝ յարմարեցնում նշանագրերը: Հռետորը շատ ջանաց, բայց արդիւնք չստանալով՝ խոստովանեց իր տգիտութիւնը. Աստուած չէր կամենում, որ գործն իրականանար մարդկային ճարտարութեամբ, այլ պէտք էր այն կատարէր Մեսրոպ Մեծը վերնատուր շնորհներով: Այնժամ Պղատոսը տեղեկացրեց Մեսրոպին, որ իրենից առաջ այդ կրթարանում եղել է մեծահամբաւ մի հեթանոս վարդապետ՝ Եպիփանիոս անունով, որը յետոյ հանճարներից առել է Եդեսիայի այս կրթարանի գրքերը եւ գնացել Մեծ Եպիփան Կիպրացու յետեւից: Ապա հաւատացել է Քրիստոսին եւ այժմ էլ կրօնաւորում է անապատներից մէկում: «Փորձիր գտնել նրան, — ասաց, — թերեւս նա կարողանայ կատարել քո ցանկութիւնը»:
Այս լսելով՝ Մեսրոպը վերադարձաւ Բաբելոս եպիսկոպոսի մօտ, որից ճշգրիտ տեղեկութիւններ հաւաքեց այն Եպիփանիոս իմաստասէրի եւ միայնակեացի մասին ու իմացաւ, որ նա օրեր առաջ վախճանուել է, բայց ունի Հռուփանոս անունով մի աշակերտ, որը քրիստոնեայ եւ եկեղեցական մի այր էր, հելլեն գրչութեան հրաշալի գիտակ եւ առանձնացած ապրում է Սամոսատ քաղաքում: Սուրբ Մեսրոպն իր մի քանի աշակերտների հետ անյապաղ մեկնեց Սամոսատ, ուր մեծապէս պատուեց եւ մեծարուեց եպիսկոպոսների ու եկեղեցականների կողմից: Այնտեղ գտաւ Հռուփանոսին, սակայն այս անգամ եւս օգուտ չունենալով՝ իսպառ յոյսը կտրեց մարդկային օգնականութիւնից եւ, միայն Աստծուն ապաւինելով, տրուեց աղօթքների ու տքնութիւնների: Արտասուալից պաղատանքներով, ճգնութեամբ եւ աշխարհահեծ հոգսերով յիշում էր մարգարէի ասածը, թէ՝ «Երբ որ հեծեծես, այն ժամանակ կþապրես»:
Եւ այդպէս շատ նեղութիւններ կրեց իր ազգին եւ երկրին բարիք անելու համար, որի համար վերին շնորհներով արժանի եղաւ ստանալ խնդրածը՝ առաւել, քան խնդրում եւ իմանում էր: Եւ ամէն բան շնորհող Աստծուց որպէս պարգեւ՝ վիճակուեց նրան հայրաբար ծնել նորոգուած ու սքանչելի սերունդ: Նա Իր հզօր Աջով գծագրեց հայերէն լեզուի նշանագրերը, որոնք երկնաւոր տեսիլքով դրոշմուեցին նրա սրտում:
Այնուհետեւ նա կարողացաւ ոչ միայն մի ազգի, այլեւ շատ անգիր լեզուների համար գիր ստեղծել:
Մի օր, երբ աղօթում էր Սամոսատում եւ իր խոնարհ աղերսներն էր ուղղում Տիրոջը, ահա ո՛չ արթնութեան մէջ եւ ո՛չ էլ երազում, այլ իր սրտի ընդունարանում տեսաւ հոգեղէն աջ ձեռքի թաթ, որը գրում էր մի քարի վրայ, դրա վրայ խորապէս դրոշմելով տառերի ձեւը, ինչպէս մէկը կը գրէր փափուկ ձեան վրայ: Եւ սա միայն երեւմունք չէր. այն իր բոլոր մանրամասնութիւններով ամփոփուեց ու հաւաքուեց սուրբի մտքում, ինչպէս մի անօթում:
Այնժամ սթափուեց աղօթքից՝ լի զուարթութեամբ եւ անպատմելի ուրախութեամբ, գոհացաւ վերնատուր պարգեւներ շնորհող Աստծուց եւ անմիջապէս ստեղծեց աստուածատուր նշանագրերը. մագաղաթի վրայ գծագրեց տառերի օրինակները, անուանեց եւ դասաւորեց ըստ միաւորուած տառերի ու վանկերի կազմութեան:
Ապա գնաց Հռուփանոսի մօտ, ցոյց տուեց, թէ ինչպէս են գրութեամբ բովանդակուել հայոց խօսքի հնչիւնները: Եւ նրա գործակցութեամբ ու միաբան խորհրդով դպրութեան կարգով եւ վայելուչ կերպով առանձին-առանձին կատարեց նշանագրերի ընտրութիւնը՝ յարմարեցնելով նրբագոյնները ու թանձրագոյնները, կարճերը եւ երկարները, առանձիններն ու կրկնաւորները: Առձեռն պատրաստ ունենալով իր՝ մեսրոպեան յօրինուած գիրը եւ այն նմանեցնելով Հռուփանոսի ճարտար գրչութեանը՝ հայերէն այբուբենի շարադասութիւնը փոխեց ըստ յունաց այբուբենի շարադասութեան, ինչպէս նաեւ սահմանեց տառադարձութեան եւ լծորդատառերի կանոնները ու քերականական եւ քերթողական արուեստի բոլոր մանրամասները:
Այնուհետեւ սուրբ Մեսրոպ վարդապետը իսկոյն պատուէր յղեց իր աշակերտներին, որ մօտակայ քաղաքների դպրոցներից անմիջապէս հաւաքուեն իր մօտ: Ծարաւ հոգով զովացուցիչ աղբիւրին դիմող մէկի նման Սուրբ Հոգով անմիջապէս ձեռնամուխ եղաւ Աստուածաշնչի թարգմանութեանը՝ իր երկու հասուն աշակերտներվ հանդերձ: Նրանցից մէկը Յովհան Եկեղեացին էր, եւ միւսը՝ Յովսէփ Պաղանացին: Եւ աշակերտող մանուկների հոգեւոր կրթութեան համար խորհրդաբար կերպով սկսեցին Սողոմոնի առակներից, որը հէնց սկզբից բոլորին սովորեցնում է ծանօթ լինել իմաստութեանը, այս է՝ «Ճանաչել իմաստութիւնն ու խրատը, իմանալ հանճարի խօսքերը», որը գեղեցիկ գրչութեամբ գրուեց Հռուփանոս ճարտար գրչի ձեռամբ:
Այնուհետեւ սուրբ Մեսրոպը ձեռնարկեց նաեւ նոր Կտակարանի թարգմանութիւնը հայոց դպրութեան համար, որն ամենակարեւորն է բոլոր սուրբ գրքերից:
Հայոց գրերի գիւտը եղաւ Քրիստոսի 406 թուականին, ինչպէս ասում են՝ նոյեմբեր ամսի 25-ին, սուրբ Սահակի կաթողիկոսութեան տասնեօթերորդ եւ Հայոց Վռամշապուհ արքայի տասնհինգերորդ տարում, տասը տարի անց՝ սուրբ Մեսրոպի անապատից իջնելուց յետոյ, որը սքանչելի խորհրդով կազմեց երեսունհինգ կամ երեսունվեց տարի՝ ի վերուստ շնորհուած տառերի թուով:
Արդ, երբ ձեռնարկած գործը յաջողութեան հասաւ, 407 թուականի սկզբում շնորհազարդ սուրբ Մեսրոպ վարդապետը իւրայինների հետ այցելութեան եկաւ եպիսկոպոսներին, որոնց նախապէս դիմել էր գրերի գիւտի համար: Նրանց առջեւ դնելով աստուածատուր նշանագրերը՝ յայտնեց, թէ այս է Բարձրեալի Աջի գործը: Բոլոր ներկաները փառք տուեցին Աստծուն, մեծապէս ուրախ եղան եւ պատուով ճանապարհեցին երանելուն: Եւ այսպէս յաջողութեամբ ու հոգելից ուրախութեամբ ճանապարհորդելով բոլոր տեղերով՝ եկաւ հասաւ Հայաստան աշխարհի Այրարատեան գաւառի կողմերը՝ նոր քաղաքի սահմաններին, որն արքայանիստ եւ գահանիստ Վաղարշապատն է, ուր կայ սուրբ Էջմիածինը: Երբ առան այս լուրը, բարեպաշտ հայոց Վռամշապուհ թագաւորը, սուրբ Սահակը, աւագանու նախարարների գունդը, եկեղեցու միաբանութիւնը եւ ժողովրդի բազմութիւնը գնացին եւ Ռահ գետի մօտ դիմաւորեցին երանելուն: Տալով միմեանց ցանկալի ողջոյնը՝ Աստուծոյ այր Մեսրոպին ընդունեցին որպէս երկրորդ Մովսէս՝ իջած Աստուծոյ լերան վրայից աստուածատուր տախտակներով: Եւ լսելով Աստուծոյ հրաշքների մասին, որ եղել են նրա հետ, տեսնելով նաեւ նշանագրերը եւ թարգմանութիւնը՝ գրուած Հայաստան աշխարհի հայրենի խօսքի նորաստեղծ հայկական տառերով, նրանց սրտերը լցուեցին անպատմելի ուրախութեամբ, եւ այդպէս ցնծալից խօսքերով, հոգեւոր երգերով ու օրհնութեամբ վերադարձան քաղաք եւ այդ օրն անցկացրին տօնական մեծ ուրախութեամբ:
Այնուհետեւ արքունի հրամանով հաւաքեցին մանուկներին, եւ հայեցի կրթութեան դպրոցներ բացուեցին: Հայաստան աշխարհն՝ իբրեւ Աստուծոյ դրախտ, սկսեց ծաղկել գրաւոր հանճարի տեսակ-տեսակ տնկիներով: Իսկ թէ ինչպէս կատարուեցին Աստուածաշնչի թարգմանութիւնը եւ սուրբ հայրերի ու իմաստուն այրերի բազմապատիկ մատեանների թարգմանութիւնները, որ եղան սուրբ Սահակ Պարթեւի, սուրբ Մեսրոպի եւ նրա աշակերտների կողմից, գրուած է Մեծն Սահակի վարքագրութեան մէջ:
Յիշատակելի է եկեղեցական պաշտամունքների ծիսարանը, որը հաւաքուել է սուրբ թարգմանիչ աշակերտների ձեռքով եւ ապա ստեղծուել ու կարգաւորուել սուրբ Մեսրոպի կողմից, եւ նրա անունով էլ այդ գիրքը Մաշթոց է կոչուել: Էլ չենք խօսում Հայաստանեայց Եկեղեցու այլ բարեկարգութիւնների մասին, որ եղան սուրբ Սահակի ձեռամբ, որի համավաստակ գործակիցն եւ աջակիցը սուրբ Մեսրոպն էր: Եւ այս երկուսն էին, որոնք իրաւամբ ճանաչուեցին որպէս մեր ազգի երկրորդ լուսաւորիչներ:
Իսկ երբ վրացիները լսեցին, որ սուրբ Մեսրոպն աստուածատուր շնորհներով ստեղծեց հայոց գիրը, պատուիրակներ ուղարկեցին երանելու մօտ՝ իրենց Բակուր իշխանի եւ Մովսէս կաթողիկոսի աղերսագրով հանդերձ, որպէսզի իրականացնի նաեւ իրենց սեփական գիրն ունենալու ցանկութիւնը. նրանք չունէին իրենց առանձին գիրը եւ օգտագործում էին յունական կամ այլ օտար նշանագրերը: Նա իր արուեստն առաջարկելով՝ խրատեց, յորդորեց նրանց, եւ այնժամ բոլորը յանձն առան կատարել նրա ուզածը: Եւ Ջաղա անունով մի թարգմանիչ գտաւ, մի գրագետ ու ճշմարտահաւատ մարդ, գնաց Վրաստան եւ յարմարացրեց նրանց խօսուածքին իւրայատուկ նշանագրեր՝ ստեղծելով մի գիր, որը մինչ օրս գործածում են վրաց եկեղեցական մատեանների մէջ:
Այս նոյն օրինակով տարիներ անց սուրբ Մեսրոպը գնաց նաեւ Աղուանից երկիրը եւ նրանց Արսովազէն արքայի եւ Երեմիա եպիսկոպոսապետի խնդրանքով ստեղծեց նաեւ նրանց նշանագրերը, որոնցով Աղուանից Երեմիա կաթողիկոսն իրականացրեց Աստուածաշնչի աղուաներէն թարգմանութիւնը: Եւ այսպէս սուրբ Մեսրոպ վարդապետը եղաւ իրար սահմանակից այս երեք ազգերի անմոռաց յիշատակութեան արժանի մեծ բարերարութեան՝ դպրութեան առիթը 1:
Հաւատի մէջ միմեանց լծակիցները իրար մէջ բաժանեցին եկեղեցական հոգսերը. սուրբ Սահակ հայրապետը պէտք է ստանձնէր Արարատեան գաւառի եւ այլ տարածքների հոգեւոր պահպանութիւնը, իսկ սուրբ Մեսրոպ վարդապետը՝ առաքինի մշակներով հանդերձ, պէտք է առաքելական քարոզութեամբ սերմանէր կենաց խօսքը յատկապէս Հայաստանի սահմանամերձ գաւառներում, ուր դեռեւս կային հեթանոսական կամ բարբարիանոսական աղանդների մնացուկներ, եւ տարածէր նաեւ սուրբ գրքերի, յատկապէս նոր Կտակարանի թարգմանութիւնը: Ամենից առաջ սուրբ Մեսրոպը գնաց Գողթն գաւառը՝ իր առաջին անդաստանը, որտեղ քարոզել էր կենաց խօսքը եւ այնտեղ իր սովորութեամբ տարածելով վարդապետութիւնը՝ ամբողջ գաւառը լցրեց Քրիստոսի Աւետարանի ողջոյնով: Գաւառի բոլոր գիւղերում կարգեց սուրբ վանականներ, եւ նրանց վրայ իւրայիններից վերակացուներ նշանակեց:
Այնտեղից գնաց Սիւնեաց սահմանակից գաւառը, ուր տեղ-տեղ կային աւելի վայրենաբարոյ, գազանամիտ բնակիչներ: Հաւաքեց երիտասարդներ, նրանց սովորեցրեց վարդապետութիւնը եւ այնքան ջանք թափեց նրանց վրայ՝ դայեակաբար պահպանելով եւ խրատելով, որ այդ վայրենաբարոյ մարդկանցից ընտրուեցին եպիսկոպոսութեանն արժանի անձինք, որովհետեւ հոգելից Մեսրոպ վարդապետից բխած Հոգու շնորհները իրեն աշակերտողներին այլ մարդ էին դարձնում: Այդպէս Սիւնեաց երկիրը լցուեց վանականների դասով: Սուրբ Մեսրոպը նոյնն արեց նաեւ Վրաց աշխարհի մերձակայ սահմաններում, որի թեմում եպիսկոպոս կարգուեց երանելի Կորիւնը՝ նրա աշակերտներից մէկը՝ այս բաները պատմողը:
Ապա վերադարձաւ Այրարատ, հանդիպեց սուրբ Սահակ հայրապետին եւ պատմեց նրան եղելութիւնների մասին՝ փառաւորելով մեր Քրիստոս Աստուծոյ մեծ եւ հզօր անունը:
Ինչպէս Պօղոսը, նա շարունակում էր շրջել Հայոց աշխարհում եւ այցելել իրեն աշակերտողներին, արթուն պահել նրանց, նորոգել ու հաստատել: Այդպէս ամենուր տարածում էր Տիրոջ սուրբ Աւետարանը, հայոց խօսքով ու գրով բոլորին մատուցում Տիրոջ պատգամները եւ վարժեցնում քայլելու կենաց ճանապարհով:
Այնուհետեւ սուրբ Սահակ հայրապետի հետ խորհրդակցեց հայոց ազգի այն մասի համար, որ գտնւում էր հոռոմների իշխանութեան տակ, որովհետեւ սուրբ Սահակը պարսից բաժնում տիրող խռովութեան պատճառով միառժամանակ գտնւում էր յունաց բաժնում: Եւ քանի որ յունաց բաժնի ժողովուրդը գտնւում էր Կեսարիայի յոյն եպիսկոպոսապետի իշխանութեան տակ, յունաց վերակացուներն արժանի պատիւ չէին ընծայում սուրբ Սահակին եւ թոյլ չէին տալիս սուրբ Մեսրոպին հայոց դպրութիւն ուսուցանել այդ բաժնում եղող հայերին:
Այնժամ սուրբ Սահակը Մերսոպ վարդապետին եւ Վարդան զօրավարին ուղարկեց Կոստանդնուպօլիս՝ մի գրութեամբ հանդերձ, որն ուղղուած էր Թէոդոս Կրտսեր կայսրին եւ քաղաքի Ատտիկոս պատրիարքին: Եւ նրանք մեծարանքով ընդունեցին սուրբ Մեսրոպ վարդապետին, որի համբաւն արդէն իսկ լսել էին ու կատարեցին նրա եւ սուրբ Սահակի բոլոր խնդրանքները՝ հրաման տալով հովուել եւ համարձակ ուսուցանել յունաց տիրապետութեան տակ գտնուող հայոց ազգին: Կայսրից հրաման ելաւ նաեւ արժանի մեծարանքով սուրբ Մեսրոպին կոչել նաեւ «ակումիտ», որը նշանակում է աննինջ կամ տքնող կամ էլ հանգիստ չունեցող, որովհետեւ այս անունը տալիս էին կենաց խօսքը անձանձրոյթ քարոզող երեւելի վարդապետներին, ինչպէս նաեւ տքնող մենակեացներին, որոնք բնակւում էին վանքերում, որտեղից ելնում էին իմաստութեամբ եւ սրբութեամբ երեւելի այրեր: Կայսրը Վարդանին էլ կոչեց ստրատելատ, այսինքն իր բաժնում գտնուող զօրքի սպարապետ: Հրամայեց Կարին գաւառում շինել նոր քաղաք, որը կոչեց Թէոդուպօլիս, որը Էրզրումն է, իսկ Ատտիկոս պատրիարքն էլ Մեսրոպին կոչեց Եկղեսիաստիկոս, որը պատուոյ անուն էր՝ ի նշան եկեղեցական ուսուցման մէջ կատարելութեան: Բայց այս ամէնով հանդերձ՝ Ատտիկոս պատրիարքը թուղթ գրեց սուրբ Սահակին, որի մէջ սիրալիր մեղադրում էր սուրբ Մեսրոպին, թէ «Ինչու այդքան չարչարուեցիր՝ գրերի գիւտի համար շրջելով Ասորիքում եւ չեկար մեզ մօտ՝ Կոստանդնուպօլիս, ուր այդժամ ծաղկած էր սուրբ Յովհան Ոսկեբերանը, եւ նա անձամբ կամ այլոց ձեռքով կարող էր կատարել ձեր փափագը, բայց ուրախ ենք, որ Աստուած Ինքն է կատարել քո խնդրածը»:
Ապա երկուսին էլ յորդորեց, որ թէ՛ եկեղեցական իշխանութեամբ, թէ՛ աշխարհիկ սաստով ուղղութեան բերեն բարբարոսներին՝ աղանդաւոր վայրի ցեղերին, որոնք սփռուած էին Փոքր Հայքի յունաց բաժնում: Սուրբ Մեսրոպն ու Վարդանը մեծ պատուով եւ արքունի հոգատարութեամբ միառժամանակ մնացին թագաւորական քաղաքում, ապա Պասեքից յետոյ արքունական կառքերով եւ մեծ շուքով եկան Հայոց երկրի յունաց բաժինը՝ գլուխ բերելու կայսեր Արեւելքի Անտիոքոս սպարապետին ուղղուած հրովարտակով յանձնարարած բոլոր գործերը: Յունաց բաժնից հաւաքեց հայ մանուկներ՝ կրթուելու դպրոցներում, իր գլխաւոր աշակերտներից վերակացուներ կարգեց, իսկ ինքը տարածում էր Քրիստոսի վարդապետութիւնը՝ քաղցրացնելով ժողովուածներին:
Այնուհետեւ ձեռնամուխ եղաւ քննելու դժպատեհ ու կամակոր բարբարիանոսների աղանդը եւ երբ նրանց ուղղութեան բերելու հնար չգտաւ, դիմեց աշխարհական ատեանին: Ովքեր չկանգնեցին ճիշտ ճանապարհին, վտարեց երկրից՝ նրանց վրայ խարան դաջելով, որպէսզի ամենուր յայտնի լինեն իրենց վատթարութեամբ, եւ ոչ ոք չյարի նրանց:
Ապա սուրբ Սահակի հետ վերադարձաւ՝ վարդապետելու սեփական հօտին: Ձեռք բերելով եկեղեցու հայրերի բազում շնորհագիր մատեաններ՝ ծովածաւալ խորութեամբ մատուցում էր վարդապետութիւնը եւ այն հեղում ամէն բարութիւններով: Ապա իր աշակերտներով սկսեց շրջել ու անձանրոյթ սովորեցնել, որ շարունակեն մնալ ճշմարտութեան մէջ, օրէցօր աստուածպաշտութեան կարգով եւ աստուածիմաստ գիտութեան ուսմամբ առաջադիմեն բարի գործերում: Բոլորին զգեստաւորեց Քրիստոսով, ազատեց շատ բանտարկուածների ու նեղեալների՝ Քրիստոսի ահաւոր զօրութեամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից: Պատռեց շատ անիրաւ մուրհակներ, շատ սգաւոր ու վշտակիր անձանց իր մխիթարական վարդապետութեամբ ակնկալութիւն եւ յոյս տուեց Աստուծոյ՝ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի փառքի յայտնութեամբ եւ ամենքին ընդհանրապէս փոխեց եւ աստուածպաշտութեան կարգ ու կանոնի մէջ դրեց:
Այնուհետեւ վերադարձաւ Այրարատ, ուր յունական բաժնից ժամանել էր նաեւ սուրբ Սահակը: Երանելի Մաշտոցն, ունենալով բարձրագոյն եւ մեծ կրթութիւն, սկսեց կարգել ու յօրինել ճոխագոյն, դիւապատում, շնորհագիր, բազմադիմի ճառեր՝ քաղուած մարգարէական գրքերի լուսաւորութիւնից ու հիւթից՝ լի աւետարանական ճշմարիտ հաւատի ամէն ճաշակներով: Դրանց մէջ աւելի շատ միահիւսեց ու կազմեց հանդերձեալ կեանքի յարութեան հանդէպ ունեցած յոյսի վերաբերեալ շատ նմանութիւններ եւ օրինակներ աշխարհի անցաւոր բաներից, որպէսզի դիւրընկալ եւ հասկանալի լինեն տխմարներին ու մարմնաւոր բաներով զբաղուածներին՝ նպատակ ունենալով նրանց սթափեցնել, արթնացնել եւ խոստացուած պարգեւների նկատմամբ հիմնովին քաջալերել:
Երբ սուբ Սահակը Արշակունեաց վերջին թագաւորի՝ հայոց Արտաշիր թագաւորի պատճառով աքսորուեց Պարսկաստան, սուրբ Մերսոպը յանձն առաւ քաջ հովուի փոխանորդութիւնը, մինչեւ որ Սահակ Մեծը վերադարձաւ իր Աթոռին եւ վախճանուեց Տիրոջ 440 թուականին՝ հասնելով խոր ծերութեան: Եւ սուրբ Մեսրոպը, որը եւս արդէն ծերացել էր, տեղապահութեամբ ստանձնեց նրա Աթոռը: Երանելին, բաժանուած լինելով իրեն համաշունչ եւ իր հետ հաւասարապէս ի վերուստ ընտրեալ ի վերուստ ընտրեալ գործակցից, մնաց մենակ եւ պատուեց մեծ սուգով:
Եւ թէպէտ միայնութեան տրտմութիւնը թոյլ չէր տալիս իրեն զուարթանալ, սակայն աւետարանական քարոզութիւնը եւ սուրբ Եկեղեցու վերակացութիւնը շարունակեց տանել առանց պակասութեան: Նայելով իր ազգի վիճակին, որից այնուհետեւ վերցուեց Արշակունեաց թագաւորութիւնը, եւ վերացաւ քահանայական զարմը սուրբ Լուսաւորչի ցեղից, ամէն կերպ ջանում էր, որ Քրիստոսի հօտը չցրուի ապականիչ գայլերի կողմից: Հայրաբար խնամում էր ամենքին եւ հոգելից խօսքերով յորդորում դէպի բարին:
Գիշեր թէ ցերեկ անց էր կացնում պահեցողութեամբ, առ Աստուած ուղղուած աղօթքներով ու խնդրուածքներով: Շարժում էր մերձաւորների հոգեւոր եռանդը եւ շատ խրատական ու զգաստացնող թղթեր ուղարկում բոլոր գաւառները: Ամենքին յիշեցնում էր աստուածադիր պատուիրաններն ու հրամանները, զգուշացնում էր ամէն մարդու, կատարում էր ճգնաւորութեան նոյնիսկ բազմատեսակ ու դժուարագոյն կրթանքները, մանաւանդ երբ ծերունական հասակի պատճառով մտաբերում էր իր վերջին օրը, քուն չէր տալիս աչքերին եւ ոչ էլ նիրհ՝ արտեւանունքներին, մինչեւ Տիրոջ հանգստին հասնելը:
Եւ ահա երանելի Սահակի մահից վեց ամիս յետոյ, երբ սուրբ Մեսրոպ վարդապետը գտնւում էր հայրապետանոցում կամ Վաղարշապատ քաղաքի մերձակայ ապարանքներից մէկում, մի քանի օրուայ հիւանդութիւնից յետոյ միեւնոյն հոգեկրօն վարքով հասաւ սուրբի քրիստոսակոչ վախճանը, որ եղաւ Տիրոջ 441 թուականի Մեհեկան ամսի տասներեքին 2: Եւ երբ պիտի զատուէր ձեռնասուն աշակերտների միջից եւ խառնուէր Քրիստոսի գնդին, ցաւերից թեթեւանալով եւ սթափուելով՝ վեր կացաւ, նստեց ժողովի մէջ եւ ձեռքերը բազկատարած երկինք բարձրացրած՝ բոլորին յանձնեց Աստծուն եւ նրանց համար օգնութիւն խնդրեց: Եւ այնտեղ ժողովուած գլխաւոր աշակերտներից էին սուրբ Յովսէփը, սուրբ Թաթիկը, զինուորականներ՝ Հայոց երկրի հազարապետ Վահան Ամատունին, Հմայեակ Մամիկոնեանը՝ սուրբ Վարդանի եղբայրը, ու աւագանու այլ անդամներ: Եւ մինչ սուրբի ձեռքերը կարկառուած էին դէպի երկինք, խաչանման, լուսաւոր եւ ճառագայթարձակ սքանչելի տեսիլ երեւաց այն ապարանքի վրայ, ուր վախճանւում էր երանելին: Այդ տեսաւ ամէն մարդ ինքը, եւ ոչ թէ ընկերը պատմեց: Եւ նա սէր ու միաբանութիւն աւանդեց բոլորին, օրհնեց մերձաւորներին ու հեռաւորներին եւ իր հաճոյական աղօթքը Քրիստոսին հասցնելով՝ իր սուրբ հոգին աւաւնդեց Փրկչի ձեռքը:
Մեծ սուգ եւ ողբ տիրեց բոլորին՝ իրենց հօրից որբանալու համար, որին չէին տարբերում հոգիների Լուսաւորչից: Նաեւ սուր վէճ ծագեց նրա պատուական նշխարներին ժառանգորդ լինելու համար. Վաղարշապատի բնակիչները չէին կամենում անգին գանձը ձեռքից բաց թողնել եւ պնդում էին, որ ամփոփուի Էջմիածնում՝ սուրբերի հանգստարանում, նրա ազգակիցները եւ համերկրացիներն էլ ցանկանում էին նրան տանել իր բնիկ գաւառը՝ Տարօն, իսկ աշակերտներից ոմանք ասում էին, թէ պէտք է նրան տանել Գողթն գաւառ՝ իբրեւ իր առաջին քարոզութեան դաստակերտ եւ թաղել իր շինած վանքում, որն ըստ Յայսմաւուրքի՝ Մասրեվանք է կոչւում, այսինքն՝ Մեսրոպի վանք: Սակայն ամենքին յաղթող գտնուեց Հայոց աշխարհի մեծ հազարապետ Վահան Ամատունին եւ նրա մարմինը տարաւ իր ծննդավայրը՝ Օշական: Նրան ուղեկցում էին Հմայեակ Մամիկոնեանը, եկեղեցականների եւ աշխարհականների աշխարհագումար բազմութիւնը՝ հանդերձ սաղմոսներով, օրհնութեամբ ու հոգեւոր ցնծութիւններով, վառ կանթեղներով ու ջահերով, բուրող խունկերով, երկրային եւ երկնային լուսաճաճանչ զարդերով, քանզի այն լուսաւոր երկնային խաչաձեւ նշանը, որ իջել էր սուրբի տապանի վրայ, ամբողջ ճանապարհին առաջնորդում էր նրանց թափօրը: Եւ երբ Օշական հասան, պատուական մարմինն ամփոփեցին սուրբերի վկայարանի մէջ, կատարեցին օրինաւոր կարգը, եւ այնժամ նշանն աներեւոյթ եղաւ: Այս երեւելի նշանը եղաւ Աստուծոյ կողմից՝ որպէս ճշմարտութեան ճշմարիտ վարդապետի՝ երանելի Մեսրոպի սրբութեան նշան, որից շատ անհաւատներ, տեսնելով այս սքանչելիքը, դարձան դէպի սուրբ հաւատը եւ մկրտուեցին:
Երեք տարի անց քրիստոսասէր իշխան Վահան Ամատունին կանգնեցրեց սքանչելի տաճար՝ տաշած, քանդակած քարերով, եւ տաճարի ներսում շինեց սուրբի գերեզմանը: Նա Քրիստոսի կենարար Մարմնի եւ Արեան սուրբ Սեղանի համար վայելուչ, գոյնզգոյն, ոսկով եւ արծաթով ու թանկագին քարերով պայծառափայլ անօթներ պատրաստեց ի յիշատակ, եւ մի տեղ հաւաքուած բոլոր սուրբերի հետ Քրիստոսի խաչակրօն վկայի, երանելի Մաշթոցի մարմինը փոխադրեց տաճարի գերեզմանը: Նրա Թաթիկ անունով ձեռնասուն աշակերտին՝ մի զգաստ ու բարեպաշտ մարդու, վերակացու կարգեց ի փառս Աստուծոյ, որը յետոյ եղաւ Բասենի եպիսկոպոս եւ ապա վկայական մահուամբ նահատակուեց սուրբ Ղեւոնդեանների հետ՝ նրա հետ նաեւ սուրբ Յովսէփը Վայոց ձորից, որը ստանձնեց հայրապետական Աթոռը: Այս սուրբ Յովսէփի խնդրանքով եւ հրամանով սքանչելի Կորիւնը գրեց սուրբ Մեսրոպի վարքը, որից եւ մենք քաղեցինք՝ համեմատելով երանելի Մովսէս Խորենացու հետ, որն Աթէնքում լինելու պատճառով ներկայ չգտնուեց երկու հրեշտակատիպ հայրերի եւ վարդապետների՝ սուրբ Սահակի եւ սուրբ Մեսրոպի մահուանը: Այդ պատճառով նրանց գերեզմանների վրայ ցաւագին ողբ արեց եւ նոյնօրինակ ողբով կնքեց իր պատմութեան գիրքը, որը սուրբ Մեսրոպի մասին արժան է մէջ բերել. «Նա գերազանցում էր իր ժամանակի բոլոր առաքինի անձանց, քանզի նրա վարքի մէջ ամենեւին տեղ չգտան ամբարտաւանութիւնը եւ մարդահաճութիւնը: Այլ բոլորի հանդէպ բարեխորհուրդ էր, հեզ եւ բարի կամեցող՝ զարդարուած երկնայինների առաքինութիւններով: Տեսքով հրեշտակային էր, մտքով՝ արգասաւոր, խօսքով՝ պայծառ, գործով՝ ժուժկալ, մարմնով՝ արտափայլող, բնաւորութեամբ՝ անճառ, խորհուրդներով՝ մեծ, հաւատով՝ ուղիղ, յոյսով՝ համբերող, սիրոյ մէջ՝ անկեղծ, ուսուցանելու մէջ՝ անձանձրոյթ»:
Մենք եւս նմանուենք նրան ինչպէս ճշմարտութեան ուսմունքին աշակերտ լինելով, այնպէս էլ նրա առաքինափայլ վարքին նմանուելով, որպէսզի հաղորդ լինելով նրան՝ բոլոր սուրբերի հետ արժանի լինենք անանց ուրախութեանը մեր Տէր Յիսուս Քրիստոսով:
Նրան աշակերտողները սովորեցին բոլոր գիտութիւնները՝ քրիստոնէական ու հեթանոսական, եւ դարձան ճշմարիտ թարգմանիչներ:
Նրանք ոչ միայն թարգմանիչներ էին, այլեւ վարդապետներ եւ ուսուցիչներ:
Նրանք լցուած էին Սուրբ Հոգով, խօսում էին ազգերի լեզուներով, թարգմանում էին բազմաթիւ ազգերի լեզուները, խրթին խօսքերի բացայայտողներ էին, խորիմաստ խօսքերի պարզ մեկնիչներ:
Նրանք Եկեղեցու սիւներ էին ու նրա զաւակների ամրափակ պարիսպներ, լուսատու աշտանակներ էին ու վառուող ջահեր, որոնք իրենց լոյսը համընդհանուր ծաւալում էին աշխարհի ոլորտները:
Նրանք Կենաց խօսքի աստուածաբաններ էին ու պապակուած անձանց արբեցնողներ, բանսարկուի ջերմ տապի զովացուցիչներ ու հաւատի մէջ պաղածներին ջերմացնողներ:
Նրանք ճռուողուն ծիծառներ էին, քաղցրախօս տատրակներ ու ողջախոհ անձինք, սրբութիւն սիրողներ եւ աղտեղութեան անարգողներ, մանուկների դաստիարակներ եւ երիտասարդների համար բարի օրինակներ, կոյսերի համար զարդարանք, ամուսնացածների համար օրէնք, ծերերի համար սփոփիչներ, տկարների համար մխիթարիչներ, ընկածներին բարձրացնողներ, մեղաւորներին ուղղողներ, ծոյլերին խթանողներ, եռանդուններին դէպի գործ մղողներ:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հոգեգալուստից յետոյ երեսուներեքերորդ օրը, որ հինգշաբթի օր է, նշում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ եւ Մեսրովբայ» տօնը:
Լուսաւորիչք ազգիս հայկազեան, լուսաւորեալք բանիւ տիրական,
Ներբողեսցուք զձեզ յօժարական, բարեխօսել ընդ մեր փրկութեան,
Սահակ պայծառ ջահ անշիջական, Մեսրոպ անճառ լուսոյ բնակարան,
Սահակ ընտրեալ Հօրն անեղական, Մեսրոպ քարոզ Բանին հայրական,
Սահակ Սերովբէ մարմնաւորական, Մեսրոպ մաքուր Քերովբէ աննման,
Սահակ սիրով վառեալ վերնական, Մեսրոպ մեծաց պարգեւաց արժան,
Սահակ տեսող մարգարէ աննման, Մեսրոպ պատմող հռետորական,
Սահակ ցուցող մարդկան զապագան, Մեսրոպ եղեալ մայր իմաստութեան,
Սահակ հովիւ հօտիս տիրական, Մեսրոպ տեսուչ ազգիս Թորգոմեան,
Սահակ պարծանք ցեղին Պարթեւեան, Մեսրոպ արժան շնորհաց վերնական,
Սահակ փթթեալ վարդ անապական, Մեսրոպ բուրեալ հոտ անմահութեան,
Սահակ տաճար Տեառն բանական, Մեսրոպ հոգոց մարդկան քաւարան,
Սահակ նախնոյն սարաս եւնման, Մեսրոպ Հոգւոյն Սրբոյ երգարան,
Մեսրոպ Սահակ արարօրք ազդական, սերմանեցին զհատն տիրական,
Մեսրոպ Սահակ ձիթենոյ նման, արմաւենիք տանն աստուածական,
Մեսրոպ Սահակ կանթեղք վաառեցան եւ լուսատու հոգոց կարգեցան,
Մեսրոպ Սահակ սեղան կազմեցան, զհացն կենաց բաշխեն անխափան,
Մեսրոպ Սահակ կոչնականք եդան եւ հրաւիրակք ազգիս հայկազեան,
Մեսրոպ Սահակ առ Տէրն էական, մեզ հայցեցէք վասն ողորմութեան,
Բարեխօսութեամբ սրբոցս ըղձալի, մեզ ողորմեա՛, Միածի՛ն Որդի, աղաչեմք:
(Գանձարան)
shavigh.am