Հոգևոր կյանքում ճգնեք պարզորեն, փափուկ, առանց ճնշման։ Պարզություն ու նրբազգացություն․ սա հոգևոր կյանքի ամենասուրբ միջոցն է, սակայն անհնար է սովորել դա արտաքնապես, այսինքն՝ մտքով։ Հարկավոր է, որ այն խորհրդավոր կերպով ու աննկատ բացվի, ներթափանցի քո ներսը, այնպես, որ հոգիդ համակվի դրանով Աստծու շնորհի միջոցով։
Բայց հաճախ, երբ մենք ուզում ենք հասնել դրան, այդ մասին իմանում է բանսարկուն ու խոչընդոտներ ստեղծում մեզ համար․․․ Կատարեք Ավետարանի խոսքը․ «թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը» (Մտթ․ 6։3)։ Երբ փափագում ես այդ, բռնանում Աստծու վրա, ոչինչ էլ չի գալիս։ Բայց այն կգա, սակայն ոչ թե այն ժամանակ, երբ դու ես ուզում, այլ «այն օրը, երբ չես սպասում, և այն ժամին, երբ չես իմանում» (Մտթ․ 24։50, Ղուկ․ 12։46)։
Դրանում խորհուրդ կա, որը չեմ կարող բացատրել ձեզ, միտքը նման բաներ ընկալելու մեխանիզմ չունի։ Դա ինձ հետ տեղի է ունեցել Պատմոսում։
Իսկ ի՞նչ անել, եթե նախանձախնդրությունը կորել է։ Երբ կորցնեք աստվածային շնորհը, ոչինչ մի արեք։ Շարունակեք ձեր կյանքն ու ձեր ճգնությունը պարզորեն ու հանգիստ, մինչև որ կրկին չգա Աստծու հանդեպ սերն ու նախանձախնդրությունը և ծարավն առ Քրիստոս։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ լավ կընթանա։ Այդժամ շնորհով եք լցվում և ուրախանում եք։
Եկեղեցու հոգևոր արարողությունները մի ամբողջ խորհուրդ են։ Սակայն դրանք միայն օգնում են աղոթքի խորհրդին, դրանք օժանդակ մի բան են։ Ջերմեռանդորեն տրվեք հոգևոր արարողություններին՝ դրանց մեջ խորանալով, և Աստծու շնորհը խորհրդավոր կերպով կհամակի ձեզ։
Հայր Պորֆիրիոս Կավսոկալիվացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը