ՍՈՒՐԲ ԿԱԼԻՍՏՐԱՏՈՍԻ ԵՒ ՔԱՌԱՍՈՒՆԻՆԸ ՍՈՒՐԲԵՐԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
Ընդ սուրբս Քո բարեբանեմք զՔեզ Քրիստոս Աստուած հարցն մերոց:
Որք խաչակից Քեզ գոլով յօժարութեամբ յանձն առին զդժնդակ տանջանս.
Ընդ նոսին օրհնեմք զՔեզ Քրիստոս Աստուած հարցն մերոց:
Որք մեռան ընդ Քեզ եւ կենդանացան. եւ թագաւորեալք վայելեսցեն ի Քո փառս.
Ընդ նոսին կենագործեա զմեզ Քրիստոս:
(Շարակնոց)
Քրիստոսի քաջ զօրական սուրբ Կալիստրատոսը բիւթանացիների երկրի Քղկատոն գաւառից էր, իշխանական ազգից եւ զինուորագրուած էր Դեկոսի կամ Դիոկղետիանոսի «Քղկատոն» կոչուած կայսերական գնդում:
Երբ ակոմբիտացիների զօրքի լեգէոնը շարժուեց դէպի Հռոմ, զինուորական կրթութիւն ստանալու համար ակամայից այնտեղ գնաց նաեւ այն գունդը, որում գտնւում էր Կալիստրտոսը: Եւ այդ բոլոր զօրքերը գտնւում էին մեծ իշխան հռոմէացի Պրեսենտինոսի իշխանութեան տակ:
Զինուորականների դասում քրիստոնեայ էր միայն Կալիստրատոսը: Նա քրիստոնեայ ծնողների զաւակ էր՝ սերուած հաւատացեալ նախնիներից: Նրա նախահայրը՝ Ոկորոսը, եղել էր Երուսաղէմում՝ Պիղատոսի մօտ, տեսել էր մեր Փրկիչ Քրիստոսի խաչելութիւնը, Նրա մեռնելն ու թաղուելը, ապա ընդունել էր գալիլեացիների հաւատը եւ մկրտուել սուրբ Պենտեկոստէի օրը: Այնուհետեւ եկել էր իր քաղաքը, աւանդել իր որդիներին ու թոռներին յուսալ Տիրոջը՝ Տէր Յիսուս Քրիստոսին: Այդպէս նրանց սերունդը՝ մինչեւ Կալիստրատոսը, միմեանցից սովորելով՝ պահել եւ փոխանցել էին իրենց հայրերի խրատները:
Երանելի Կալիստրատոսը զինուորական դասում քաջութեամբ պահեց աստուածպաշտութիւնը, որովհետեւ բարեսէր էր, առաքինի, լի Հոգով, քաջածանօթ Հին եւ Նոր Կտակարաններին, աշխարհիկ մարդկանցից առաւել ճարտասան եւ գիտուն: Զգուշաւոր եւ աւանդապահ էր այն վարդապետութեան մէջ, որը լսել էր իր նախնիներից եւ դա ցոյց էր տալիս իր օրինակով, քանզի չէր դադարում փառաւորել Աստծուն եւ պաշտել Նրան ջերմեռանդ աղօթքներով ու պահեցողութեամբ, որն անում էր հեթանոս զինուորակիցներից ծածուկ:
Սակայն մի անգամ զինուորներից ոմանք տեսան, որ Կլիստրատոսն իր գիշերային աղօթքներն էր մատուցում Աստծուն: Ապա, իմանալով նաեւ նրա բռնած ճանապարհի մասին, սկսեցին Նազովրեցուն պաշտելու համար անգոսնել նրան որպէս մանկամիտ եւ ասել. «Քեզ վայել չէ, որ մեր բոլորի մէջ մանկամիտ լինես: Արդ, համաձայնուի՛ր, ե՛կ Արամազդի արձանի մօտ, ա՛ռ կնդրուկ եւ արիւն, ցօղի՛ր նրա վրայ ու մեզ հետ սիրելի եղիր աստուածներին: Ապա թէ ոչ մեզ չմեղադրես, որովհետեւ մենք պարտաւոր ենք զօրավարին յայտնել այս ամէնի մասին»: Սուրբ Կալիստրատոսը պատասխանեց նրանց՝ ասելով. «Ինչպէ՞ս սատանան ձեզ իմ դէմ չարութեամբ լցրեց, քանի որ ես ձեզնից ոչ ոքի չեմ վնասել ու նեղութիւն չեմ պատճառել: Ես ձեզ հետ եմ եղել պատերազմներում, անուանագրում համարով թերեւս ձեզնից առաջ եմ, մարտերում չեմ առանձնացել եւ ձեզ հետ եմ եղել գնդի համարի մէջ: Եւ արդ, թէ ի՞նչ ունէք չարախօսելու իմ դէմ, չգիտեմ, բայց այն գիտեմ, որ իմ Փրկիչ Յիսուս Քրիստոսի անճառելի մարդասիրութիւնից եւ ուղղափառ պաշտամունքից ինձ չէք կարող հեռացնել ոչ միայն դուք, այլեւ ձեզ նման շատերը: Այս կը վկայի Քրիստոս, Ով վկայեց Պոնտացի Պիղատոսի առջեւ եւ Որի ականատեսն է եղել իմ նախահայրը՝ Ոկորոսը»:
Այս լսելով՝ առաւօտեան վեր կացան ու գնացին պատմեցին Պրեսենտինոս զօրավարին՝ ասելով. «Քո իշխանութեան տակ եղող զինուորներից մէկն ապստամբել է ընդդէմ աստուածների պաշտամունքի: Նա Թագաւոր եւ Աստուած է ընդունում մէկին, որին կոչում են Քրիստոս, Նրան խաչեալ է խոստովանում, նաեւ աղօթում եւ պահք է պահում, իսկ օրապահիկ խոզենին[1] եւ հացը՝ բաշխում կարօտեալներին: Նա ուտում է օրական մէկ անգամ, այն էլ թրջած չոր հաց: Եւ ահա, որպէսզի նա չապստամբեցնի քաջ զինուորներից շատերին, այս ամէնը յայտնեցինք քո մեծապայծառ իշխանութեանը»: Իսկ Պրեսենտինոսն ասաց. «Ո՞վ է նա, եւ ի՞նչ է նրա անունը», եւ նրանք պատասխանեցին հռոմէացիների լեզուով (քանի որ զօրավարը յունարէն չէր հասկանում). «Պօ՛նուս միլէս», կամ «Պօ՛նա միլի՛ցիա», որ նշանակում է բարի զինուոր կամ քաջ զօրական, որովհետեւ նրա յունական Գալլիսդրադօս անունն այդպէս է թարգմանւում:
Զօրավարը հրամայեց նրան իր առջեւ բերել: Եւ նա հռոմեացիների լեզուով ասաց նրան. «Քուի՛տ տի՛գունդ սօ՛չիի դո՛ւի բռօ՛բդէռ դէ. չէլէռիուս տի՛գ», որ թարգմանւում է՝ «Ի՞նչ են ասում ընկերներդ քո մասին, պատասխանի՛ր իսկոյն»: Յոյն վկայագրի լատիներէն լեզուով պահպանուած այս հատուածը վկայում է այն մասին, որ ամբողջ պատմութիւնը նախ գրուել է այդ լեզուով, ապա թարգմանուել յունարէն եւ սփռուել այլ եկեղեցիներում:
Արդ, Կալիստրատոսը, որ անխտիր խօսում էր լատիներէն եւ յունարէն, պատասխանեց. «Տէ՛ր իմ, ինչ որ ունէին ասելու իմ մասին, ասացին, իսկ ես անձս մեղադրող ոչինչ չունեմ ասելու»: Պրեսենտինոսն ասաց չարախօսներին. «Ի՞նչ գիտէք Կալիստրատոսի մասին»: Եւ նրանք պատասխանեցին. «Թող քո մեծապայծառ իշխանութիւնը հրամայի դրան, որ զոհ մատուցի Արամազդ մեծ աստծուն, եւ այնժամ կը տեսնես, որ նա իր մոլորուած կամքով խոտորուել է դէպի չարը»: Զօրավարը դարձաւ Կալիստրատոսին եւ ասաց նրան. «Կալիստրատո՛ս, զո՛հ մատուցիր Արամազդ աստծուն»: Կալիստրատոսը պատասխանեց. «Ես օրհնութեան պատարագ եմ մատուցում մեծ Աստծուն, Ով Իր իմաստութեամբ արարեց երկինքն ու երկիրը: Ես չեմ ճանաչում ձեռագործ աստուածներին, այլ պահում եմ այն, ինչպէս սովորել եմ, որովհետեւ գրուած է. «Հեթանոսների բոլոր կուռքերը դեւեր են»[2], իսկ Տէրն արարել է երկինքն ու երկիրը», նաեւ՝ «Հեթանոսների կուռքերը ոսկի եւ արծաթ են՝ մարդկանց որդիների ձեռքի գործ»[3]: Արդ, ես մարդկանց ձեռքի գործերին չեմ երկրպագում, բայց հնազանդ եմ քեզ, քանի որ քո զինուորն եմ, քո իշխանութեան տակ եմ զօրախմբում, պատերազմի եւ ամէն տեսակ ծառայութեան մէջ: Իսկ մի՞թէ իշխանութիւն ունես ծառայեցնել իմ հոգուն, քա՛ւ լիցի»:
Պրեսենտինոսն ասաց. «Ո՛վ Կալիստրատոս, այստեղ ճարտասանութեան կարիք չկայ, այլ խօսքը մեզ հետ համաձայնելու մասին է: Ընդունի՛ր եւ զո՛հ մատուցիր, որպէսզի ստիպուած քեզ չարաչար կորստեան չմատնեմ: Դու ինքդ գիտես, որ երբ բռնում եմ որեւէ մէկին, տանջանքների մատնելուց առաջ իմ մռնչիւնով սարսափեցնում եմ նրան»: Կալիստրատոսն պատասխանեց. «Քո մռնչիւնն ու սպառնալիքները ժամանակաւոր են, իսկ աչքերի լացն ու ատամների կրճտոցը՝ յաւիտենական: Եթէ ես մարդկանց առաջ ուրանամ իմ Տէր Յիսուս Քրիստոսին, տանուտէրը կը փակի ինձ դրսում, եւ այնտեղ կը լինի աչքերի լաց եւ ատամների կրճտոց»:
Այնժամ զօրավարը հրամայեց ամուր կապել նրան եւ բրերով հարուածել: Նրան տանջեցին այնքան, որ վեց կամ ութ դահիճներ յոգնելով փոխարինեցին միմեանց: Եւ մինչ հարուածում էին, սուրբ Կալիստրատոսն աղօթում էր՝ ասելով. «Տէ՛ր, ես որոշել եւ երդուել եմ պահել Քո արդարութեան իրաւունքը, սակայն այժմ յոյժ տկարացել եմ, ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո խօսքի եւ թոյլ մի՛ տուր, որ կորստեան մատնողը եւ բազմագլուխ գազանը ծիծաղի ինձ վրայ: Զօրացրո՛ւ ինձ, Քրիստո՛ս, ինձ համար լեզու եղիր՝ նրանց պատասխանելու եւ բժիշկ՝ իմ վէրքերն առողջացնելու համար, քանզի չարչարանքներից մարմինս սաստիկ ցաւերով է պատուել»:
Երբ զօրավարը տեսաւ, որ նրա արիւնը առուի պէս հոսում է գետնի վրայով, հրամայեց դադարեցնել հարուածելը եւ ասաց նրան. «Կալիստրատո՛ս, զո՛հ մատուցիր աստուածներին, որպէսզի փրկուես առաջիկայ տանջանքներից, որովհետեւ երդւում եմ ճառագայթաբեր Արտեմիսով եւ բոլոր աստուածների համագումարով, որ եթէ չհամաձայնես, մսակտոր կþանեմ քեզ, շները կþուտեն մարմինդ եւ առիւծները կը լիզեն արիւնդ»: Կալիստրատոսն ասաց. «Իմ յոյսը Աստուած է, Ով ինձ դուրս կը բերի առիւծների բերանից եւ իմ միամօրութիւնը՝ շների ձեռքից, որպէսզի քո այս գնդում միայն ես չլինեմ, որ օրհնեմ Նրան: Քանզի ակնկալում եմ՝ առաջնորդելով շատերին, գնալ Նրա մօտ եւ յաղթութեան դրօշ բարձրացնել բանսարկուի վրայ»:
Այնժամ զօրավարը հրամայեց սուրբին պառկեցնել մանրացրած խեցու վրայ եւ պրկել, որպէսզի բզկտուեն նրա ուսերն ու վիրալից մարմինը: Այնուհետեւ հրամայեց ձագար դնել նրա բերանին եւ դրա միջով սափորով ջուր լցնել նրա որովայնը, մինչեւ որ տիկի պէս ուռչի սուրբի մարմինը: Իսկ Քրիստոսի քաջ նահատակը արիաբար կրում էր տանջանքները եւ ասում. «Աստուա՛ծ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի, զօրացրո՛ւ ինձ բանսարկուի հնարքների դէմ: Փրկի՛ր ինձ նրանից, որպէսզի կորստեան չմատնի ինձ, տեղ չունենայ իմ մէջ, եւ թող այնպէս լինի, որ ես Քեզնով շատերին շահեմ»:
Զօրավարն ասաց. «Կալիստրատո՛ս, զո՛հ մատուցիր աստուածներին, ապա թէ ոչ՝ կը զրկեմ քեզ կեանքից, որպէսզի քո պատճառով իմ գնդից որեւէ մէկը չմոլորուի»: Կալիստրատոսն ասաց. «Անամօ՛թ, ջանում ես մարտնչել քո հօր՝ սատանայի հօտի համար, չիմանալով, որ դա Քրիստոսի հօտն է: Բայց իմ յոյսը երկնքի Թագաւոր իմ Տէր Յիսուս Քրիստոսն է: Թէպէտ յոյժ մրցակցում ես ինձ հետ բանսարկուի համար, սակայն ես կը գերեմ նրան, ոմանց կը յափշտակեմ քո զօրքի միջից, կը լուսաւորեմ նրանց եւ այս քաղաքում կը հաստատեմ Քրիստոսի Եկեղեցին»: Իսկ զօրավարն ասաց. «Ա՛յ անսուրբ եւ երիցս թշուառակա՛ն, չե՞ս տեսնում արդեօք, որ իմ սաստիկ հրամանը քո աչքի առջեւ է: Ահաւասիկ, հէնց այժմ իմ իշխանութեամբ կը հրամայեմ քեզ գցել քուրձի մէջ, կապել նրա բերանը եւ քեզ տանել ու գցել ծովը: Ինչպէ՞ս կարող ես այնուհետեւ հաստատել Քրիստոսի Եկեղեցին կամ որսալ իմ գնդի զօրականներից մէկին»:
Եւ հրամայեց կտաւէ քուրձ բերել եւ նրան գցել մէջը, կապարով կնքել քուրձի բերանը եւ տալ նաւավարների ձեռքը: Ափից քառասուն ասպարէզ հեռաւորութեամբ նաւավարները նրան գցեցին ծովը, իսկ զօրավարը ծովափին սպասում էր նրանց: Ծով նետուած Կալիստրատոսը քուրձի մէջ մաքառում էր քարերի ծերպերում: Նա կէտի փորում գտնուող Յովնանի օրինակով աղօթում էր՝ ասելով. «Աներեւոյթ եւ անքնին Աստուա՛ծ, անհասանելի եւ անճառելի: Ամէն բան դողում եւ սարսում է Քո փառքի անմատոյց Աթոռից: Քո սպառնալիքից հալւում են լեռները, Քո անունից պատռւում են անդունդները, Քեզնից դողում է ծովը՝ գետերով ու ձկներով հանդերձ: Դու քննեցիր Յովնանի սիրտը եւ ընդունեցիր նրա աղօթքները. նա իջաւ մի երկիր, որի նիգերը փակ էին յաւիտեան, բայց Դու փրկեցիր նրան ապականութիւնից: Ընդունի՛ր նաեւ մեղաւորիս ու տառապեալիս աղաչանքները, թող իմ աղօթքները մտնեն Քո սուրբ փառքի տաճարը, եւ փրկի՛ր ինձ այս նեղութիւնից: Տէ՛ր, Դու գիտես, որ այս քաղաքում կամենում եմ հաստատել Քո Եկեղեցին: Ինձ գործակից եղիր բարի գործերում, քանզի Քո անունը յաւիտեան սուրբ է»:
Երբ վերջացրեց աղօթքը, քուրձը, դիպչելով կիրճի քարերին, պատառոտուեց: Այնժամ դելֆին ձուկը նրան իր վրայ վերցրեց, խորքերից դուրս բերեց ծովափ՝ աւազների վրայ եւ դարձաւ դէպի ծովը: Երբ զօրականներն ու զօրավարը տեսան նրան, սաստիկ զարհուրեցին, իսկ Կալիստրատոսը սաղմոսում էր եւ ասում. «Ես մտայ ծովի խորքերը եւ սահանքներն ինձ ընկմեցին: Ես չյոգնեցի աղաղակելուց, քանզի լսեցիր իմ աղօթքները, պատռեցիր իմ քուրձը եւ հաստատեցիր ինձ ուրախութեամբ»:
Այնժամ քառասունինը զինուորներ ընկան երանելի Կալիստրատոսի առջեւ եւ ասացին. «Աղաչում ենք քեզ, Բարձրեալ Աստուծոյ ծառա՛յ, փրկի՛ր մեզ այս աշխարհի ունայնութիւնից, որովհետեւ մենք եւս քրիստոնեայ ենք: Արդարեւ, մեծ է քրիստոնեաների Աստուածը: Նա, որ քեզ դուրս բերեց անդունդներից, կարող է եւ պատերազմում օգնել ում որ կամենայ, որովհետեւ միայն Նա է Աստուած»: Սուրբ Կալիստրատոսն ասաց. «Իմ Տէր Յիսուս Քրիստոս կը փրկի ձեզ, եւ այսուհետեւ դուք կը տեսնէք երկնքի Արքայութիւնը»: Եւ նրանց համար աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր, որ յաւիտենապէս բնակւում ես անմատոյց լոյսի մէջ, նայի՛ր այս հօտին, որ հաւատաց Քեզ եւ պահի՛ր նրանց, որովհետեւ ողորմած ես միշտ եւ յաւիտեան»: Իսկ Պրեսենտինոսն ասաց. «Երդւում եմ արեգակով՝ լուսափայլ թագաւորով, որ նա մեծ կախարդ է, որովհետեւ կարողացաւ ճեղքել ծովը եւ մոլորեցնել սրանց»: Եւ ասաց նրան. «Բոլորը պիտի տեսնեն քո կախարդութիւնը: Սպասի՛ր, եւ կը տեսնես, թէ ով է Պրեսենտինոսը, եւ ով է այն Աստուածը, որին դու պաշտում ես»:
Եւ ատեան նստելով՝ հրամայեց բերել գաւազաններ եւ հերթով հարուածել քառասունինը այրերին: Իսկ նրանք սկսեցին աղօթել՝ ասելով. «Տէ՛ր Յիսուս, մենք Քեզ համար ենք չարչարւում, օգնի՛ր մեզ, Փրկիչ Աստուա՛ծ եւ մեզ համբերութիւն տուր: Պահպանի՛ր մեր հովուին՝ Կալիստրատոսին, որպէսզի կատարելապէս ուսուցանի մեզ, որովհետեւ Քո անբաւ գիտութեան մէջ մենք անբան անասունի պէս ենք: Կամեցի՛ր փրկել մեզ, որովհետեւ յաւիտեան օրհնեալ է Քո անունը»:
Այնուհետեւ անօրէն զօրավարը հրամայեց նրանց բանտ նետել, մինչեւ որոշէր, թէ ինչ անէր նրանց: Նա յոյժ տրտմած էր, որովհետեւ իր զօրականներից կորցրել էր յիսուն այրերի: Եւ երբ նրանք բանտ մտան, սուրբ Կալիստրատոսն սկսեց աղօթքներով հաստատել իր քառասունինը ընկերներին, որոնց անուններն էին՝ Ակակիոս, Աղպիոս, Անթիմոս, Անիկտոս, Արագսէոս, Բասիլիսկոս, Բեմարքոս (կամ Բեբրաքմոս), Բիբիանոս, Բիտաղիոս, Գենադէոս, Գերոնտէս, Գէորգէոս, Գիգանդիոս, Գրիգորիոս, Դաղմատիոս, Դեդաղիոս, Դոմետիանոս, Դոմնասիոս, Դոմնինոս, Դորոթէոս, Դուղկիտիոս, Եղսիդիոս, Եւագր, Եւագրիոս, Եւարէստոս, Եւսեբիոս, Եւտողիոս, Թարասիմիդէս, Թերասիոս, Թէոդորոս, Լամբիոս, Լիմինոս, Լիրիկոս, Լիւսիմաքոս, Կանդիտիանոս, Կոստանդինոս, Հեղիադէս, Հեղիուդորոս, Հիւսիքոս, Մադրինոս, Մարկիանոս, Մեմնոս, Միլինոս, Նիկատիոս, Նիկողայոս, Ողիպէոս, Ողոմբրիոս, Ուտրիպէոս, Քսանթէոս:
Սրանք բոլորն ընկան սուրբ Կալիստրատոսի առջեւ եւ խնդրեցին տալ իրենց գիտութիւն Քրիստոսի մասին, իսկ նա, ձեռքերը դէպի երկինք տարածած, աղօթեց՝ ասելով. «Աստուա՛ծ, Դու, որ ստեղծեցիր ամէն բան, ամենագէտ եւ հզօր ես ու օրհնաբանւում ես հրեշտակների անթիւ զօրքերի կողմից: Մեր հայրերի Աստուա՛ծ, նայի՛ր այս հօտին, արի՛ ու օգնի՛ր մեզ: Տէ՛ր, կատարի՛ր Քո անսուտ խոստումը, թէ՝ “Ուր երկու կամ երեք հոգի հաւաքուել են Իմ անունով, այնտեղ եմ Ես՝ նրանց մէջ”[4]: Լսի՛ր մեզ, Թագաւո՛ր յաւիտենական, ցրի՛ր, Տէ՛ր, բանսարկուի հուրը, անցկացրո՛ւ, Տէ՛ր, հնոցի կրակը, որ չբարձրանայ քառասունինը կանգունից աւել, եւ այրի նոր հաւատացեալների թուից որեւէ մէկին, որպէսզի բոլոր հեթանոսները տեսնեն Քո փառքը եւ փառաւորեն Քեզ: Տո՛ւր ինձ, Տէ՛ր, իմաստութիւն եւ գիտութիւն, որպէսզի Քո ծառաներին հաստատեմ ճշմարիտ հաւատի մէջ, որովհետեւ յաւիտեան օրհնեալ է Քո անունը»:
Բոլորը միաբերան ասացին «Ամէն»: Նրանցից մէկը, որի անունը Դաղմատիոս էր, ասաց սուրբին. «Աղաչում եմ քեզ, տէ՛ր իմ Կալիստրատոս, մեզ քրիստոնեայ դարձրու եւ սովորեցրո՛ւ մեզ Աստուծոյ խօսքը, որպէսզի երբէք չերկմտենք: Ցո՛յց տուր մեզ մեր յոյսը եւ օգնականութիւնը: Պատմի՛ր մեզ Աստուծոյ ամբողջ իմաստութեան մասին, որպէսզի մենք եւս Քրիստոսի շնորհով փառաբանողներ լինենք քեզ հետ, որովհետեւ մեր հայրերը մեզ երբէք չուսուցանեցին արդարութեան ճանապարհները»: Եւ նա ասաց նրանց. «Իմ որդեակնե՛ր եւ սիրելի եղբայրնե՛ր, որ ունէք արդարութեան քաղցն ու ծարաւը, թող Տէրը ձեզ լցնի ու արբեցնի ամենաբարի եւ ամենաբաշխ Սուրբ Հոգով: Ես նուաստ եւ տգէտ եմ Աստուծոյ խորհուրդների անհասանելի խորութիւնների առջեւ, սակայն ձեզնից իւրաքանչիւրը թող հարցնի ինչ կամենում է, եւ ես կը պատմեմ այն, ինչ որ Տէրն ինձ խօսել կը տայ»:
Այնժամ Բեմարքոսն ընկաւ նրա առաջ եւ հարցրեց. «Աղաչում եմ քեզ, տէ՛ր, ասա՛ ինձ, ինչպէ՞ս ճանաչել ճշմարիտ Աստծուն, ինչպէ՞ս ծնուեց Քրիստոս եւ ի՞նչ պատճառով, ինչո՞ւ հրեաները խաչեցին Նրան եւ սպանեցին»: Սուրբ Կալիստրատոսը բացեց իր բերանը եւ սկսեց պերճ խօսքերով քարոզել ու ուսուցանել Հին եւ Նոր Կտակարանների աստուածային վարդապետութիւնը՝ սկսած աշխարհի արարումից մինչեւ Քրիստոսի երկրորդ Գալուստը եւ աւելացրեց. «Արդ, եղբայրնե՛ր, մի ժամանակ մարդիկ ողորմելի էին, քանի որ մոլորութեամբ խաբուած էին, բայց այժմ երանելի են, որովհետեւ եթէ հաւատարիմ մնան Քրիստոսի ծառայութեան մէջ, Քրիստոսի Խաչով կը մտնեն անճառ փառքի մէջ, իսկ ով ուրանայ Նրան մարդկանց առջեւ, կը մատնուի դժոխքի ձեռքը: Բայց դուք մի՛ կարծէք, թէ սակաւ են ի Քրիստոս հաւատացեալները, եւ բազում են ձեռակերտներին երկրպագողները: Ապաւինելով Տէր Յիսուս Քրիստոսին՝ գիտեմ, որ այնքան կը մեծանայ մեր հաւատը, որ կը տարածուի ամբողջ երկրի վրայ: Եւ արդ, սիրելինե՛ր, հաստատուէք այս հաւատի մէջ, որն իբրեւ հարազատ եղբայրների՝ ուսուցանեցի ձեզ սիրով եւ անկեղծութեամբ»:
Եւ երբ սուրբ Կալիստրատոսն աւարտեց իր խօսքը, Հեղիուդորոսը հարցրեց նրան. «Իմ տէր Կալիստրատո՛ս, ասա՛ ինձ, երբ մարդը վախճանւում է, ի՞նչ է լինում նրա հոգին, ո՞ւր է գնում, ի՞նչ է անում, կամ որտե՞ղ է բնակւում՝ տանջանքների՞, թէ՞ հանգստեան մէջ»: Եւ նա դարձեալ մանրապատում խօսքերով՝ մի մասը սուրբ գրքերից, մի մասն էլ իր հայրերի աւանդութիւններից, սկսեց ճառել գալիք իրողութիւնների մասին՝ ասելով. «Բարի հրեշտակները տանում են արդարների հոգիներին եւ փառքով երկինք բարձրացնում՝ երկրպագելու Աստծուն, ցոյց են տալիս երկնքի Արքայութիւնը, որը պիտի ժառանգեն մեռելների յարութիւնից յետոյ, որն այժմ վայելում են միայն տեսութեամբ եւ յոյսով ուրախանում են մինչեւ Քրիստոսի Գալուստը: Իսկ մեղաւորների հոգիներին չար հրեշտակները ցոյց են տալիս յաւիտենական հուրը եւ պատրաստուած տանջանքները: Այդպէս նրանք սպասում են տրտմութեամբ՝ մինչեւ Քրիստոսի Գալուստը: Եթէ նրանք ննջել են ի Քրիստոս ճշմարիտ հաւատով եւ մեղքերի խոստովանութեամբ, եւ եթէ մէկն այստեղ կատարի նրանց յիշատակը, նրանց համար աստուածային Պատարագ մատուցի եւ աղքատներին ողորմութիւն անի, նրանց հոգիները թողութիւն կը ստանան: Ինչպէս Քրիստոս մեռաւ եւ յարութիւն առաւ, նոյնպէս էլ մենք պէտք է յարութիւն առնենք Նրա Գալստեան օրը: Եւ եթէ մեղաւոր մարդն իր կենդանութեան օրօք զղջայ իր գործած մեղքերի համար, խոստովանի ու ապաշխարի, Աստուած թողութիւն կը տայ նրա մեղքերին եւ այդ մեղաւորին կը դասի արդարների հետ»: Ապա վարդապետութեան շատ խօսքեր ասելուց յետոյ աւարտեց խօսքն՝ ասելով. «Եւ արդ, եղբայրնե՛ր, առաքինութեան հետեւորդներ լինենք, որպէսզի Քրիստոսի հետ փառաւորուէք թէ՛ այստեղ, եւ թէ՛ հանդերձեալում»:
Ապա Եւարեստոսը հարցրեց մարդու վախճանի օրուայ մասին, թէ Աստուծոյ կողմից սահմանուա՞ծ է լինում օրերի թիւը, թէ՞ պատահական, Լիւսիմաքոսն էլ հարցրեց Աստուծոյ արարածների մասին, եւ Կալիստրատոսը պատշաճօրէն պատասխանեց նրանց բոլոր հարցերին՝ իր խօսքի ընթացքում յորդորելով ջանասէր լինել աստուածպաշտութեան եւ աղօթքների մէջ, որոնցով փրկւում են բոլոր փորձութիւններից: Օրինակ էր բերում իր անձը, թէ ինչպէս էր բանակում չարն իրեն ասում, թէ՝ այստեղ աղօթելու տեղ չէ: «Սակայն, — ասաց, — ես ամուր էի պահում այն միտքը, թէ Աստուած ընդունում է ոչ միայն եկեղեցում կատարուած սաղմոսներն ու աղօթքները, այլեւ տեսնում է քայլերն ու գարշապարների հետքերը, որոնք ամբողջ հաւատով մարդուն Աստուծոյ տաճար են տանում: Նոյնպէս էլ՝ ով աղօթելու տեղ չի գտնում, որտեղ էլ որ աղօթք անի, Աստուած ընդունում եւ լսում է սրտի անխօս հեծեծանքները: Ապա ուրեմն, սիրելինե՛ր, եթէ մեր սրտերը Աստուծոյ հետ լինեն, թշնամին ոչինչ չի շահի՝ նման բազմապիսի խորհուրդներ տալով աղօթքի ժամին: Եթէ մարդն անձանձրոյթ եւ առանց յոգնելու մեղք է գործում, իսկ աղօթելիս տկարանում է, ծուլանում, ձանձրանում եւ նիրհում՝ համարելով, թէ դրանք բնութեան կրքերն են եւ ոչ թէ բանսարկուի հնարքները, իմացէ՛ք, եղբայրնե՛ր, որ դրանք չարի որոգայթներ են, որոնցից պէտք է փախչել եւ սիրով ու հաւատարմութեամբ փառաւորել Աստծուն:
Եւ ամենավերջում ասաց. «Եւ արդ, եղբայրնե՛ր, մարդուն մեծ ջանքեր են պէտք այս երկրի վրայ իր անձը պահելու համար: Մենք պէտք է ճիգեր գործադրենք՝ վերցնելու յաղթութեան նշանը առաջիկայ պատերազմում, որը մղում է հեթանոս իշխանի զօրքը բանսարկուի գործակցութեամբ: Քաջութեամբ ընդդիմանանք չար մարտնչողին, յաղթենք հպարտ անօրէնին, եւ նա էլ անդառնալիօրէն կը պարտուի մեր կողմից: Եւ մենք, ազատուելով այս կեանքի խաբէութիւնից, անթառամ փառքի պսակը կþընդունենք մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսից, Որին վայել է փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ապա դադարեց խօսել, որովհետեւ երեկոն իջել էր: Ողջ գիշեր աղօթեց մինչեւ առաւօտ: Վկայաբանը գրում է. «Բայց կար մի ատենադպիր, որը մօտ գտնուելով բանտի մուտքին, ուշ դարձրեց Կալիստրատոսի խօսքերին, նշանագրեց դրանք մագաղաթի վրայ, այն տուեց մեզ, եւ մենք ճշմարտապէս հաստատեցինք այս խորհրդի պատմութիւնը»: Ատենադպրի անունը Մառինոս էր, որը յետոյ հաւատաց Քրիստոսին եւ նահատակուեց Կալիստրատոսեաններից յետոյ:
Օրեր անց զօրավար Պրեսենտինոսը նստեց դատաստանի աթոռին եւ հրամայեց բանտարկուածներին իր առջեւ բերել: Նրանց բերեցին մեծ հրապարակ, որտեղ կանգնեցրել էին կուռքերի շատ արձաններ: Այնտեղ էին հաւաքուել նաեւ զօրագլուխները եւ բոլոր զօրականները: Զօրավարն սկսեց խօսել եւ ասել. «Կալիստրատո՛ս, ինչպէ՞ս է, խրատուե՞լ ես եւ կարողացե՞լ ես համոզել թագաւորի զօրքից քեզնով հրապուրուածներին՝ զոհ մատուցել աստուածներին, որպէսզի ազատուէք տանջանքներից»: Սուրբ Կալիստրատոսը պատասխանեց. «Ես հաստատապէս կը պատասխանեմ իմ անձի համար, որովհետեւ ոչինչ չի կարող ինձ համոզել՝ հեռանալ Քրիստոսից, Ով իմ յոյսն է, իսկ նրանք չափահաս մարդիկ են, իրենց հարցրու»: Զօրավարն ասաց. «Դուք ի՞նչ կþասէք, որ մոլորուելով հաւատացիք այդ շաղակրատին»: Պատասխանեցին. «Եթէ կամենում ես մեզ պահել գնդում, չենք ընդդիմանայ, բայց թող քեզ յայտնի լինի, որ մենք հաւատում ենք երկնքի եւ երկրի Թագաւորին՝ ամէնքի Աստծուն, Նրանից ծնուած Յիսուս Քրիստոսին եւ Սուրբ Հոգուն, որովհետեւ Նա երեքանձնեայ Աստուած է, Սուրբ Երրորդութիւն, մի Աստուածութիւն եւ մի զօրութիւն, ինչպէս մեզ սովորեցրել է մեր ուսուցիչը՝ Կալիստրատոսը»:
Եւ նա հրամայեց նախ տանջել նրանց դալար ճիպոտներով, ապա կապել նրանց ձեռքերն ու ոտքերը եւ բոլորին քարշ տալ ծովափ: Դարձաւ նրանց եւ ասաց. «Զո՛հ մատուցէք աստուածներին, ապա թէ ոչ, կը խեղդուէք այս ծովում»: Եւ նրանք պատասխանեցին. «Մենք հաւատում ենք ճշմարիտ Աստծուն, արա՛, ինչ ուզում ես»: Մինչ նրանց ծովը նետելը, սուրբ Կալիստրատոսն սկսեց աղօթել եւ ասել. «Աստուա՛ծ յաւիտենական, անհասանելի՛ եւ ամենակա՛լ, որ յաւիտենապէս հաստատեցիր երկինքը՝ Քո Աթոռի անշարժ տէրութիւնը եւ երկիրը՝ որպէս Քո ոտքերի պատուանդան, նայի՛ր այս հօտին, մեզ հետ եղիր եւ փրկի՛ր մեզ ապականութիւնից: Շնորհի՛ր, որ այս ծովի ջրերը սրանց համար լինեն վերստին ծննդեան մկրտութեան աւազան: Արժանի՛ արա լուացուել յաւիտենական եւ սուրբ լուացումով, թօթափուել հին մարդու ունայնութիւնից եւ բաժին առնել նրանց հետ, ովքեր չարչարուեցին Քո խաչի համար: Պարգեւի՛ր մեզ, Տէ՛ր, հասնելու Քո օթեւանները Քո Սուրբ Հոգու գործակցութեամբ, քանզի փառաւորեալ է Հօր, Որդու եւ Սուրբ հոգու անունը յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Եւ երբ բոլորը միաբան ասացին՝ «Ամէն», նրանց կապուած նետեցին ջուրը, եւ նոյն պահին արձակուեցին նրանց կապանքները, ծանր քարերը խորտակուեցին ջրում, իսկ իրենք, քայլելով ջրերի վրայով, Սուրբ Հոգու շնորհներով ցամաք ելան: Նրանք լուսազգեստ եւ պայծառատես էին, իսկ սուրբ Կալիստրատոսի գլխին պսակ կար: Եւ երկնքից ձայն լսուեց, որն ասաց. «Քաջալերուէ՛ք, Իմ սիրելինե՛ր, որովհետեւ Ես ձեզ հետ եմ: Ուրա՛խ եղէք, որովհետեւ ահա ձեզ համար տեղ եմ պատրաստել Իմ Արքայութեան մէջ: Ցնծացէ՛ք, որովհետեւ ձեր անունները գրել եմ Կեանքի Գրքի մէջ»:
Ահեղ որոտմունք եւ մեծ շարժում եղաւ, որից կուռքերի արձաններն ընկան ու փշրուեցին: «Իսկ երբ տեսանք լոյսը, — գրում է վկայաբանը, — որը ծագեց սուրբերի վրայ, տեսանք նաեւ կուռքերի ընկնելն ու դրանց փշրուելը եւ լսեցինք երանաւէտ ձայնը, այնժամ զօրականներից հարիւր երեսունհինգ հոգի հաւատացին»:
Պրեսինտինոսը բռնուեց մեծ երկիւղով եւ հրամայեց վկաներին բանտ տանել, որտեղ սուրբ Կալիստրատոսը դարձեալ սկսեց ուսուցանել նրանց եւ ասել. «Եղբայրնե՛ր, ահաւասիկ Տէրը մեզ Իր մօտ է կանչում: Եւ քանի որ ես մկրտութիւն եմ ստացել մանուկ հասակում, այժմ էլ Տէրը ձեզ արժանացրեց աւազանով վերստին ծննդեան: Արդ, եկէք աղօթենք»: Եւ բարձրացնելով իր ձեռքերը՝ սկսեց աղօթել ու ասել. «Տէ՛ր, Տէ՛ր, որքան սքանչելի է Քո անունը յաւիտեան: Նախքան յաւիտեանները Դու Քո խօսքով հաստատեցիր ամէն բան եւ որ Տէրն ես անապական, աներեւոյթ ու անաղարտ գանձերի, պահի՛ր այս հօտը՝ փրկելով առիւծի բերանից եւ հասցրո՛ւ յաւիտենական փրկութեան: Արժանացրո՛ւ մեզ միասին գալ Քեզ մօտ՝ Քեզ խոստովանելով, դո՛ւրս բեր մեզ այս մեղսասէր կեանքից՝ պահելով անբիծ եւ անարատ եւ նեղ դռնով մտցրո՛ւ թագաւորական Տաճարը, որպէսզի անլռելի ձայնով օրհնենք ամենօրհնեալ անունդ՝ Հօրը, Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն»:
Իսկ ամբարիշտ Պրեսինտինոս զօրավարը մտածեց, որ եթէ նրանք ապրեն, կը մոլորեցնեն շատերին: Այդ պատճառով նրանց բանտ ուղարկեց, ուր գիշերուայ մէջ դաժանաբար խօշտանգելով կոտորեցին: Քրիստոսի քաջ զօրականները թուով յիսունն էին՝ սուրբ Կալիստրատոսը եւ իր քառասունինը ընկերները: Նրանք նահատակուեցին սեպտեմբեր ամսուայ քսանեօթին: Եւ վկայագիրը, որպէս ականատես, աւելացնում է. «Իսկ մենք՝ զինուորներս, որ հաւատացինք սքանչելի տեսիլքին ու մկրտուեցինք Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, գիշերը գաղտնի եկանք, վերցրինք սուրբերի նշխարները եւ դրեցինք մի պատշաճ տեղում: Այդ պատճառով Տէրը մեզ արժանացրեց Հռոմում սուրբերի անուան եկեղեցի հիմնել: Եւ սուրբ Կալիստրատոսի անունով շինեցինք մեղաւորների քաւարան, հրեշտակների ու մարդկանց միաբանութեան հաւաքատեղի՝ ի փառաբանութիւն, ի երկրպագութիւն եւ ի գովութիւն Ամենասուրբ Երրորդութեան՝ Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու»:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նրանց յիշատակը տօնում է Հոգեգալստեանը հաջորդող հինգերորդ երկուշաբթի օրը:
[1] Խոզենի – խոզի միս:
[2] Սաղմ. ՂԵ 5:
[3] Սաղմ. ՃԺԳ 4:
[4] Մատթ. ԺԸ 20:
Վերցված է ՝ https://shavigh.am/ կայքէջից