Զաքարիա 3.7-4.9
3.7 «Այսպէս ասաց Ամենակալ Տէրը. “Եթէ իմ ճանապարհներով գնաս եւ պահես իմ հրամանները, դու կլինես դատաւորը իմ տան. եւ եթէ պահես իմ գաւիթները, քեզ կդարձնեմ մէկը նրանցից, որոնք ահա շրջում են դրանց մէջ: 8 Բայց լսի՛ր, Յեսո՛ւ, մե՛ծ քահանայ, դու եւ քո մերձաւորները, որ նստած են քո առաջ, քանզի նրանք գիտակ կանխատես մարդիկ են: 9 Ահա ես բերում եմ իմ ծառային՝ Շառաւիղին, քանի որ այն քարի վրայ, որ դրեցի Յեսուի դիմաց, եօթ աչքեր կան. ահա ես խորխորատ պիտի փորեմ,– ասում է Ամենակալ Տէրը,– եւ պիտի շօշափեմ այդ երկրի ամբողջ անօրինութիւնը մէկ օրում: 10 Այն օրը,– ասում է Ամենակալ Տէրը,– բոլորդ պիտի կանչէք, իւրաքանչիւրն իր ընկերոջը, որթատունկի եւ թզենու տակ”»:
4.1 Եւ հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, դարձաւ եւ արթնացրեց ինձ, ինչպէս մարդ արթնանում է իր քնից, եւ ասաց ինձ. 2 «Ի՞նչ ես տեսնում դու»: Ես ասացի. «Ահա տեսնում եմ ոսկեձոյլ մի աշտանակ եւ նրա վրայ գունդ. գնդի վրայ՝ եօթ ճրագ, ճրագների վրայ՝ եօթ բերաններ»: 3 Աշտանակի վրայ կային երկու ձիթենիներ. մէկը՝ վառուած գնդի աջ կողմում, եւ մէկը՝ ձախ կողմում: 4 Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ, ես հարցրի եւ ասացի. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»: 5 Հրեշտակը, որ խօսում էր ինձ հետ, պատասխան տուեց եւ ասաց ինձ. «Չգիտե՞ս ինչ են դրանք»: Ես ասացի. «Ո՛չ, Տէ՛ր»: 6 Պատասխան տուեց հրեշտակը եւ ասաց ինձ. «Սա Տիրոջ խօսքն է Զորոբաբէլին՝ ասուած ոչ թէ մեծ զօրութեամբ եւ ուժգնութեամբ, այլ իմ Հոգով,– ասում է Ամենակալ Տէրը:– 7 Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ, որ կանգնած ես Զորոբաբէլի առաջ, ես կհանեմ ժառանգութեան քարը՝ շնորհների հաւասարութիւն շնորհելու նրան»: 8 Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. 9 «Զորոբաբէլի ձեռքերը հիմք գցեցին այս տանը եւ նրա ձեռքերն էլ կկանգնեցնեն դա: Երբ դա պատահի, դու կիմանաս, թէ Ամենակալ Տէրն ուղարկեց ինձ քեզ մօտ:
Ա Կորնթացիներ 12.28-13.3
12.28 Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ: 29 Մի՞թէ բոլորն էլ առաքեալներ են. մի՞թէ բոլորն էլ մարգարէներ են. մի՞թէ բոլորն էլ ուսուցանողներ են. մի՞թէ բոլորն էլ զօրութիւններ գործողներ են. 30 մի՞թէ բոլորն էլ բժշկելու շնորհ ունեն. մի՞թէ բոլորն էլ լեզուներ են խօսում. մի՞թէ բոլորն էլ թարգմանում են: 31 Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին: Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կտամ ձեզ:
13.1 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կնմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են: 2 Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ: 3 Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ:
Ավ. ըստ Մատթեոսի 23.34-39
34 Դրա համար ահա ես ձեզ մօտ ուղարկում եմ մարգարէներ, իմաստուններ ու օրէնսգէտներ. նրանցից ոմանց դուք պիտի սպանէք եւ խաչը պիտի հանէք. նրանցից ոմանց էլ պիտի տանջէք ձեր ժողովարաններում ու քաղաքից քաղաք պիտի հալածէք, 35 որպէսզի ձեզ վրայ ընկնի մեղքը երկրի վրայ թափուած ամէն արդար արեան՝ արդար Աբէլի արիւնից մինչեւ արիւնը Բարաքիայի որդի Զաքարիայի, որին սպանեցիք տաճարի եւ զոհասեղանի միջեւ: 36 Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս բոլորը պիտի գայ այս սերնդի վրայ: 37 Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք: 38 Ահա ձեր տունը աւերակ կթողնուի ձեզ. 39 բայց ձեզ ասում եմ, որ այսուհետեւ ինձ այլեւս չէք տեսնի, մինչեւ որ ասէք. “Օրհնեա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով”»: