Որ աստուածային զօրութիւնդ Քո ծանուցեր Հոգիդ Ճշմարիտ.
Բաշխելով իշխանաբար զպարգեւս Քո. տեսանողաց մարգարէիցն ի սկզբանէ.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
Որ մաքրեցեր բնակարան աստուածութեանդ Քո սուրբ մարգարէսն.
Եւ աղբերաբար հեղեր յանձինս նոցա զանապական եւ զերկնային շնորհաց Քոց բղխումն.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
Որ յայտնեցեր զծածկեալ խորհուրդ Քոյոց սիրողաց.
Եւ անճառելեաց ապագայից պատմողս արարեր տնօրէնութեան Քում Էակցի Բանիդ Աստուծոյ.
Բարեխօսութեամբ սոցա խնայեա ի մեզ:
(Շարակնոց)
Աշակերտել է Եղիա մարգարէին
Ապրել է Հրէաստանում Քրիստոսից առաջ իններորդ դարում:
Եղիայի կրկնապատիկ հոգով պայծառափայլ սքանչելի Եղիսէի անունը իր մարգարէութեան ու հրաշագործութեան համար թարգմանւում է՝ Աստուած փրկիչ է, կամ Աստուծոյ փրկութիւն, որովհետեւ նա ցոյց տուեց մեր մարմնացեալ Փրկչի աստուածային նշանների նախատիպ օրինակը:
Եղիսէ մարգարէն Ռուբէնի Աբելմաւուլ ցեղից էր: Երբ մայրը ծնեց նրան, երկու ոսկէ երինջները, որ կային Գանում եւ Բեթէլում, գոչեցին այնքան ուժգին, որ լսելի եղաւ Երուսաղէմում, իսկ տաճարի քահանայապետն ասաց. «Այսօր ծնուեց մի մեծ մարգարէ, որն Իսրայէլից պիտի վերացնի կռապաշտութիւնը»:
Եղիսէն մեծանում էր: Մի անգամ, երբ նա տասներկու եզներով վարում էր հողը, Եղիա մարգարէն տեսաւ նրան, իր կաշուէ վերարկուն գցեց Եղիսէի վրայ ու անցաւ գնաց: Այնժամ Եղիսէն թողեց եզները եւ գնաց Եղիայի յետեւից՝ ասելով. «Թող նախ հրաժեշտ տամ հօրս ու մօրս, ապա հետեւեմ քեզ»: Եղիան ասաց. «Գնա՛ եւ վերադարձի՛ր, ինչ որ լինելու է, ես կþանեմ քեզ հետ»: Եղիսէն վերադարձաւ, մի զոյգ եզ վերցրեց, մորթեց, հերկելու գործիքներով խորովեց դրանք եւ բաժանեց ժողովրդին: Նրանք կերան, իսկ ինքը գնաց Եղիայի յետեւից՝ սպասաւորելու նրան:
Եղիայի երկինք վերանալուց յետոյ Եղիսէն վերցրեց նրա կաշուէ վերարկուն, որը Եղիան գցել էր իր վրայ, ծալեց եւ խփեց ջրերին: Ջրերն իրարից հեռացան այս ու այն կողմ, եւ Եղիսէն անցաւ ցամաքով: Այս բանի համար ուրախացան Երիքովի մարգարէների որդիները, որոնք կանգնած էին նրա դիմաց եւ տեսել էին, որ Եղիայի հոգին իջել է Եղիսէի վրայ:
Եւ մտնելով Երիքով՝ Եղիսէն Եղիայի հոգով մաքրեց Երիքովի ջրերը: Ապա այնտեղից գնաց Բեթէլ: Եւ մինչ ճանապարհին էր, քաղաքից դուրս եկած փոքր երեխաները ծաղրում էին մարգարէին, աղաղակում եւ ասում. «Ելի՛ր, ճաղա՛տ, ելի՛ր, ճաղա՛տ»: Մարգարէն դարձաւ նրանց կողմը, Տիրոջ անունով անիծեց նրանց եւ կոչեց յանցանքի ու դատապարտութեան որդիներ: Այնժամ անտառից երկու արջեր եկան ու մանուկներից քառասուներկուսին յօշոտեցին:
Դարձեալ՝ սամարացի մի կին աղաղակում էր Եղիսէ մարգարէին եւ ասում. «Աստուծոյ մա՛րդ, իմ ամուսինը՝ քո ծառան, մեռաւ: Դու գիտես, տէ՛ր իմ, որ նա Տիրոջ երկիւղած ծառան էր, որովհետեւ մարգարէների որդիներից էր: Եւ ահա պարտատէրը եկել է՝ իմ երկու որդիներին տանելու ծառայութեան»: Եղիսէն ասաց նրան. «Ի՞նչ կայ քո տանը»: Կինը պատասխանեց. «Քո աղախնու տանը ոչինչ չկայ, բացի այն քիչ իւղից, որով օծւում ենք»: Եղիսէն նրան ասաց. «Գնա՛ եւ քո բոլոր դրացիներից շատ դատարկ ամաններ խնդրի՛ր եւ որքան աման գտնես, կը բերես: Իսկ դու մտի՛ր քո տուն, փակի՛ր դռներդ քո որդիների առաջ եւ քո տան եղած իւղը լցրու բոլոր ամանների մէջ, մինչեւ որ լցուեն»: Կինը գնաց եւ այդպէս արեց: Որդիները դրսից բերում էին ամանները, իսկ մայրը տանից վերցնում էր դրանք եւ որդիներին դարձեալ ուղարկում՝ դրացիներից ամաններ բերելու համար: Եւ նա իւղով լցրեց բոլոր ամանները: Մայրը որդիներին ասում էր՝ նորից աման տուէք, իսկ որդիներն ասում էին՝ այլեւս աման չկայ, եւ այնժամ իւղը դադարեց հոսելուց: Կինը գնաց, Աստուծոյ մարդուն պատմեց այդ մասին, իսկ նա ասաց. «Գնա՛, վաճառի՛ր քո իւղը եւ վճարի՛ր քո պարտքերը: Դու եւ քո որդիները կþապրէք մնացած իւղով՝ առանց որեւէ կարիքի»:
Մի օր, երբ Եղիսէն անցնում էր Սոմնայով, մեծ հաւատ ունեցող մի կին կանչեց նրան հաց ուտելու: Մարգարէն ծանօթացաւ կնոջ եւ նրա ամուսնու հետ եւ շատ անգամներ նա գալիս էր նրանց մօտ՝ հանգստանալու ու հաց ուտելու: Կինն իր ամուսնուն ասաց. «Գիտեմ, որ Աստուծոյ մարդը սուրբ է, եւ նրա ճանապարհը մեր կողմով է: Ե՛կ վերնատանը օթարան պատրաստենք նրա համար, այնտեղ դնենք մահիճ եւ աշտանակ, որպէսզի երբ նա մեզ մօտ գայ, այնտեղ մնայ»: Երբ Եղիսէն եկաւ նրանց մօտ, մտաւ վերնատուն ու տեսաւ, որ սոմնացին այդքան պատրաստութիւն է տեսել իր համար: Ապա ասաց իր սպասաւոր Գէեզիին. «Ինձ մօտ կանչիր սոմնացի կնոջը»: Եւ նա իսկոյն եկաւ ու կանգնեց նրա առջեւ: Եղիսէն Գէեզիին ասաց. «Ասա՛ նրան. “Ահա այս ամէն բաները պատրաստել ես ինձ համար: Ի՞նչ պէտք է անել քեզ համար. գուցէ արքայի կամ զօրքերի հրամանատարի մօտ պէտք է բարեխօսե՞լ”»: Եւ նա ասաց. «Ո՛չ, տէ՛ր»: Եղիսէի սպասաւոր Գէեզին ասաց. «Տէ՛ր, նա որդի չունի, եւ նրա ամուսինը ծեր չէ»: Եղիսէն ասաց. «Յաջորդ տարի՝ այս օրը, երբ գամ այստեղ, դու մի որդի կþունենաս քո գրկում»: Ըստ Եղիսէի խօսքի՝ կինը յղիացաւ ու որդի ծնեց:
Եւ մանուկը մեծանում էր: Մի անգամ նա իր հօր հետ գնաց հնձողների մօտ: Տղան արեւահարուելով ասաց իր հօրը. «Գլուխս ցաւում է»: Եւ հայրը տղային տուեց, որ տանեն մօր մօտ: Եւ երբ տուեցին մօրը, տղան մեռաւ մօր ծնկների վրայ: Այնժամ կինը տղային տարաւ պառկեցրեց մարգարէի մահճի վրայ, դուռը փակեց նրա վրայ, իսկ ինքը գնաց Կարմելոս լեռը՝ Աստուծոյ մարդու մօտ, ընկաւ Եղիսէի ոտքերը, լաց եղաւ եւ ասաց. «Մի՞թէ ես իմ տիրոջից որդի խնդրեցի, չասացի՞ թէ՝ մի խաբիր քո աղախնուն»: Այնժամ Եղիսէն ասաց Գէեզիին. «Գօտի՛ կապիր մէջքիդ, ձեռքդ վերցրո՛ւ իմ ցուպը, այն տար դիր մանկան վրայ, եւ նա կþապրի»: Ապա մանկան մայրն ասաց. «Կենդանի է Տէրը, եւ կենդանի է քո անձը, ես քեզ չեմ լքի»: Եղիսէն վեր կացաւ ու գնաց կնոջ յետեւից, իսկ Գէեզին նրանցից առաջ անցաւ եւ ցուպը դրեց մեռած երեխայի վրայ, բայց նա չկենդանացաւ: Եղիսէն մտաւ տուն, ելաւ վերնատուն, փակեց դուռն ու աղօթեց Տիրոջը, ապա ընկաւ մանկան վրայ, իր բերանը դրեց նրա բերանին, իր աչքերը՝ նրա աչքերին, իր ձեռքերը՝ նրա ձեռքերին, կծկուեց մանկան վրայ եւ ջերմացրեց նրա մարմինը: Այնուհետեւ ելաւ, եօթ անգամ իր մարմնով ծածկեց երեխայի մարմինը, տան մէջ շրջեց այս ու այն կողմ, դարձաւ դէպի երեխան, եւ այնժամ մանուկը բացեց իր աչքերը: Եղիսէն իր կենդանի որդուն տուեց իր մօրը, իսկ ինքը վերադարձաւ Գաղգաղայ:
Եւ այդ երկրում սով էր: Մարգարէների որդիները քաղցած եւ անօթի նստած էին Եղիսէի առջեւ: Եղիսէն Գէեզիին ասաց. «Ապո՛ւր եփիր մարգարէների որդիների համար»: Եւ երբ սպասաւորը գնաց դաշտից բանջար քաղելու, մի որթատունկ գտաւ, քաղեց նրա վայրի պտուղը եւ բերեց լցրեց կաթսայի մէջ: Եփելուց յետոյ դրեց մարդկանց առջեւ, որ ուտեն, եւ երբ սկսեցին ուտել, աղաղակեցին ու ասացին. «Մա՛հ կայ, մա՛հ կայ այդ կաթսայում, ո՛վ Աստուծոյ մարդ»: Եւ չկարողացան ուտել այդ կերակուրը: Այնժամ Եղիսէն ասաց Գէեզիին. «Ալիւր վերցրո՛ւ, լցրո՛ւ այդ կաթսայի մէջ, եւ տո՛ւր թող ուտեն առանց վախենալու»: Մարդիկ կերան, եւ ոչ ոքի վնաս չեղաւ:
Բեթսարիսայից մի մարդ եկաւ եւ մարգարէի համար գարուց պատրաստուած նկանակներ բերեց առաջին արմտիքից եւ տոպրակով չոր թուզ: Եղիսէն առաւ, օրհնեց ու սպասաւորին ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն»: Իսկ սպասաւորն ասաց. «Ի՞նչ ես տալիս, որ հարիւր մարդկանց առաջ դնեմ»: Եղիսէն ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն, քանզի այսպէս է ասում Տէրը. “Պիտի ուտեն այսօր, վաղը եւ միւս օրը, եւ նկանակները պիտի աւելանան”»: Այդպէս կերան մի ամբողջ շաբաթ, քանզի նշխարից նշխար էր աւելանում, ինչպէս որ ասել էր Տէրը:
Եղիսէն Յորդանանի ջրերով մաքրեց ասորի Նէեմանի կնոջ բորոտութիւնը եւ բորոտ դարձրեց Գէեզիին, որն ագահաբար ծառաներից խլեց Նէեմանի պարգեւները, նաեւ՝ իր խօսքով Յորդանանի յատակից դուրս բերեց փայտահատ կացինը:
Նա Իսրայէլի արքային յայտնեց ասորիների արքայի դարան մտնելու մասին, եւ արքան փրկուեց նրա որոգայթներից: Եղիսէին բռնելու համար նա կառքեր, երիվարներ եւ մեծ զօրք ուղարկեց Դոթայիմ, ուր Եղիսէն այդժամ գտնւում էր: Սրանք եկան ու գիշերը պաշարեցին քաղաքը: Եղիսէն առաւօտ կանուխ վեր կացաւ՝ պաշտամունք կատարելու եւ ապա գնաց նրանց մօտ: Բայց քանի որ սպասաւորը վախենում էր, Եղիսէն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետեւ մեզ հետ եղողները նրանց հետ եղողներից շատ են»: Եւ մարգարէն աղօթեց՝ ասելով. «Տէ՜ր, բա՛ց իմ սպասաւորի աչքերը, եւ նա կը տեսնի»: Եւ Տէրը բացեց նրա աչքերը, եւ նա տեսաւ, որ Եղիսէի շուրջը լեռը լի էր ձիերով եւ հրեղէն կառքերով: Երբ թշնամիները եկան նրա վրայ, նրանք չէին տեսնում երկնային զօրքերին: Եւ Տէրը Եղիսէի աղօթքով շլացութեամբ հարուածեց ասորիներին, իսկ Եղիսէն առաջնորդելով նրանց տարաւ Սամարիա, որտեղ բացուեցին նրանց աչքերը: Եւ երբ Իսրայէլի արքան կամեցաւ կոտորել նրանց, Եղիսէն թոյլ չտուեց եւ ասաց. «ՄԻ՛ սպանիր: Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերեվարել: Նրանց հաց ու ջուր տուր, եւ թող գնան իրենց տիրոջ մօտ ու պատմեն»:
Այս դէպքերից յետոյ, երբ ասորիների արքան՝ Ադերի որդին, պաշարեց Սամարիան, մեծ սով տիրեց քաղաքին, այնքան որ թանկացաւ էշի գլուխը, որը յիսուն սիկղ արծաթ արժէցաւ, իսկ աղաւնու կեղտի մէկ քառորդ կապիճ չափը՝ յիսունհինգ արծաթ: Իսրայէլի արքան շրջում էր պարսպի վրայ: Մի կին աղաղակելով ասաց նրան. «Փրկի՛ր ինձ, տէ՛ր արքայ»: Թագաւորը նրան ասաց. «Եթէ Տէրը չի փրկում քեզ, ապա ինչո՞վ կարող եմ ես փրկել քեզ. կալո՞վ, թէ՞ հնձանով»: Եւ դարձեալ հարցրեց նրան. «Քեզ ի՞նչ է պատահել»: Եւ նա պատասխանեց. «Այս կինն ինձ ասաց. “Տո՛ւր ինձ քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ վաղը կþուտենք իմ որդուն”: Ես եւ նա եփեցինք ու կերանք իմ որդուն, իսկ այսօր նա թաքցրեց իր որդուն»: Երբ արքան լսեց կնոջ այս խօսքերը, պատռեց իր օձիքը, «վա՜յ» տուեց իր անձին՝ ասելով. «Թող Աստուած այսպէս ու այնպէս եւ աւելին անի ինձ, եթէ Սափատի որդի Եղիսէի գլուխն այսօր իր ուսերին մնայ»: Եւ շատերը տեսան, որ արքան մարմնի վրայ քուրձ էր հագել, ու լաց եղան: Իսկ Եղիսէն քաղաքի ծերերի հետ նստած էր իր տանը: Նա մարգարէացաւ ծերերի առաջ եւ ասաց. «Ահա մարդասպանի որդին դահիճ կþուղարկի՝ գլուխս կտրելու համար»: Եւ շարունակեց՝ ասելով. «Լսեցէ՛ք Տիրոջ խօսքը: Վաղն այս ժամին Սամարիայի դարպասների մօտ մէկ գրիւ ընտիր ալիւրը մէկ սիկղ, եւ երկու գրիւ գարին մէկ սիկղ պիտի արժէնայ»: Իսկ թագաւորի սիրելիներից մէկը, որն այդտեղ էր, ասաց. «Մի՞թէ Տէրը երկնքից ալիւր եւ գարի պիտի թափի, որ կատարուի այդ խօսքդ»: Եղիսէն պատասխանեց նրան. «Դու դա քո աչքով կը տեսնես, բայց դու դրանցից չպիտի ուտես»:
Եւ այդ գիշեր Տէրը ասորիների բանակատեղիում կառքերի շառաչ եւ մեծ զօրքի աղաղակ հնչեցրեց: Եւ նրանք մթան մէջ մազապուրծ փախան՝ թողնելով իրենց վրանները, բոլոր կահկարասիները, ձիերը, էշերն ու հաւաքած պաշարները: Եւ չորս բորոտներ ելան քաղաքից եւ գնացին ասորիների բանակատեղին: Ոչ ոքի չտեսնելով՝ մի վրան մտան, կերան ու խմեցին, վերցրին արծաթ, ոսկի ու հագուստներ, գնացին եւ տարան թաքցրեցին դրանք: Ապա այդ մասին տարածեցին քաղաքում, մարդիկ անմիջապէս եկան, եւ այդպէս մէկ օրում ամէն բանի առատութիւն եղաւ. մէկ գրիւ ընտիր ալիւրը արժեց մէկ սիկղ, իսկ երկու գրիւ գարին՝ մէկ սիկղ, ինչպէս Եղիսէն էր ասել: Եւ այն մարդը, որը չէր հաւատացել ու հեգնել էր մարգարէի խօսքը, նոյն օրն ընկաւ ամբոխի ոտքի տակ, մեռաւ ու չվայելեց այն բարիքներից. չկերաւ այն առատ հացից, որը տեսաւ իր աչքով:
Եղիսէն ծանր հիւանդացաւ: Եւ մինչ մահամերձ էր, Իսրայէլի Յովաս արքան եկաւ նրա մօտ, լաց եղաւ նրա համար եւ ասաց. «Հա՜յր, հա՜յր, դու Իսրայէլի մարտակառքն էիր եւ դրա հեծեալը»: Եւ Եղիսէն ասաց նրան. «Ա՛ռ քո աղեղն ու նետը, արձակի՛ր եւ խփի՛ր գետնին»: Արքան երեք նետ խփեց գետնին ու կանգ առաւ: Այս բանի համար Աստուծոյ մարդը սաստիկ բարկացաւ եւ ասաց. «Եթէ հինգ կամ վեց անգամ խփէիր, ապա իսկառ կþոչնչացնէիր ասորիներին»:
Եղիսէն մեռաւ, եւ նրան թաղեցին: Նա իր բոլոր ժամանակներում փայլեց մեծամեծ նշաններով եւ յոյժ սքանչելի եղաւ նաեւ իր մահից յետոյ: Քանզի մէկ տարի անց, երբ իսրայէլացիները թաղում էին մի մեռելի, տեսնելով ասորիների կողոպտիչ զօրքին, վախեցան, այդ մեռած մարդուն գցեցին Եղիսէի գերեզմանի վրայ ու փախան: Երբ մեռելը մերձեցաւ Եղիսէի ոսկորներին, կենդանացաւ, կանգնեց իր ոտքերի վրայ եւ գնաց իր տուն՝ փառաւորելով Աստծուն:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Եղիսէ մարգարէին յիշատակում է Հոգեգալստեանը յաջորդող հինգերորդ կիրակիից յետոյ եկող հինգշաբթի օրը: