Ս. Գրիգոր Տաթեւացի
ՔԱՐՈԶ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԸՍՏ ԱՅՆ ԽՕՍՔԻ, ԹԷ՝ «ՆԱ ԻՐ ՄՕՏ ԿԱՆՉԵՑ ՏԱՍՆԵՐԿՈՒՍԻՆ ԵՒ ՍԿՍԵՑ ՈՒՂԱՐԿԵԼ ՆՐԱՆՑ» [ՄԱՐԿ. Զ 7]
Թէ ինչու Տէրը թուով տասներկու առաքեալներ ընտրեց, եկեղեցու վարդապետներն ասում են՝ բազում պատճառներով:
Նախ՝ երկնքում հրեշտակների գնդերը տասներկուսն են՝ ըստ իւրաքանչիւր դասի, նաեւ ըստ իմանալիների բոլոր գնդերի եւ ըստ երեք դասակարգութիւնների՝ առաջին, միջին եւ վերջին, ապա չորրորդն է, որն ըստ ոմանց քառադէմ կենդանիների դասակարգութիւնն է: Հրեղէն վիշապը, որն ընկաւ երկնքից, իր պոչով քաշեց չորրորդ մասին, եւ երկիր գցեց, ու մնացին ինը դասեր. երեքը՝ առաջին, երեքը՝ միջին, երեքը՝ վերջին: Արդ, ինչպէս որ երկնքում տասներկուսն են հրեշտակների գնդերը, այդպէս էլ Տէրը երկրի վրայ ընտրեց թուով տասներկու առաքեալների դասը: Նաեւ՝ Եսային տեսաւ Տիրոջը՝ նստած Աթոռի վրայ, որ մարմնացեալ Բանն էր երկրի վրայ: Եւ երկու սերովբէները, որոնցից իւրաքանչիւրը վեց թեւեր ունէին, տասներկու առաքեալներն էին, որոնք սպասաւորում էին Քրիստոսին: Նաեւ՝ վեցթեւեան սերովբէների գերագոյն պատիւը նրանց տասներկուերորդ դասակարգութիւն լինելն էր խորհրդանշում:
Երկրորդ՝ ինչպէս որ երկնակամարում կան տասներկու կենդանակերպեր, որոնք շրջապատում են երկու կիսագնդերը, այդպէս էլ Եկեղեցին, որ երկինք է երկրի վրայ, շրջապատուած է տասներկու առաքեալներով: Նրանք մարմնով շրջապատում են այս ստորին Սիոնը, իսկ հոգով՝ կատարեալ անդրանիկների հոգիներով, այն վերին Երուսաղէմը, ինչպէս առաքեալն է ասում:
Երրորդ՝ ինչպէս որ տարին ամբողջանում է տասներկու ամիսներով, նոյնպէս էլ Փրկչի տնօրինական բոլոր գործերը եւ Տիրոջ ընդունելի տարին ամբողջանում եւ կատարւում են առաքեալներով:
Չորրորդ՝ օրը տասներկու ժամ ունի, ինչպէս որ սահմանել է Տէրը: Օր կոչում է Իրեն, իսկ ժամեր՝ տասներկու առաքեալներին, որոնք Աւետարանի լոյսը ծագեցրին ամբողջ աշխարհում:
Հինգերորդ՝ աշխարհի չորս ծագերում տասներկու հողմեր տարուայ չորս եղանակներին սառոյց եւ սառնամանիք են բերում, ձիւն եւ ցօղ են երկիր իջեցնում, դալար բոյսեր ծաղկեցնում եւ պտղաբերում: Այդպէս էլ տասներկու առաքեալները Հոգու շնորհով հարաւային գարնանաշարժ հողմ են տիեզերքի ոլորտներում, կեանքի ցօղ ու անձրեւ են հաւատացեալների համար, որով բողբոջելով ծաղկում են հաւատով եւ բարի պտուղներով: Իսկ անհաւատ ու անզեղջ մարդկանց համար ձիւն եւ սառնամանիք, կայծակ ու խրատ են բերում, որպէսզի նրանք զղջալով յետ դառնան իրենց մեղքերից եւ ապաշխարեն:
Վեցերորդ՝ տասներկուսն էին հին Իսրայէլի նահապետները, նոյնպէս էլ տասներկուսն էին առաքեալները, որոնք ցեղապետեր եւ ծնօղներ եղան նոր Իսրայէլում, եւ որոնցից բազմացան հաւատացեալները ու եղան ինչպէս երկնքի լուսաւոր աստղեր: Եւ նրանցից ոչ ոք հարճի որդի չէ, այլ բոլորը ազատներ[1] են եւ վերին Երուսաղէմի ազատ ծնունդներ:
Եօթերորդ՝ երբ անցան ծովի միջով եւ ելան անապատ, Եղիմում աղբիւրները տասներկուսն էին, իսկ արմաւենիները՝ եօթանասունը[2]: Վէմից տասներկու աղբիւրներ բխեցին, որոնք խորհրդանշում էին տասներկու առաքեալներին: Նրանք զովացրին աւազանի ջրի միջով մկրտութեամբ անցնող մարդկանց եւ իրենց քաղցրագոյն վարդապետութեամբ տիեզերքի բոլոր ոլորտներում կենդանի վէմից բխեցրին քրիստոնեաների տասներկու ցեղերին:
Ութերորդ՝ տասներկուսն էին իշխանները, որոնք անցան Կարմիր ծովի միջով: Այդպէս էլ տասներկուսն էին առաքեալները՝ տիեզերքի իշխաններն ու թագաւորները, որոնք ոտքի տակ տուեցին կռապաշտութեան ծովը, որ ներկուած էր կոտորուած որդիների արեամբ եւ չոր ոտքերով բնակուեցին Եկեղեցու ծոցում: Նաեւ նրանց կողմից առաքուած տասներկու լրտեսները տասներկու առաքեալների նմանութեամբ, որոնք զննեցին տիեզերքը, ոչ թէ երկմտութեամբ, ինչպէս այն տասը, այլ միամտութեամբ, ինչպէս այն երկուսը, որոնք խաչի թեւերով բերեցին մեզ կենաց ողկոյզը՝ Քրիստոս, եւ հոգեւոր կեանքի ապաշխարութեան բժշկարար քաղցր վարդապետութիւնը:
Իններորդ՝ տասներկու առաքեալների օրինակով տասներկուսն էին քահանայապետի լանջի վակասի քարերը, որոնք դրուեցին ոչ թէ մի քահանայի լանջին, այլ պայծառացած արդարութեան Արեգակից՝ ճառագայթափայլ լուսաւոր խօսքով անբաժանելի միաւորութեամբ դրուեցին հաւատացեալների սրտի ու հոգու մէջ, ինչպէս ասում էր ճշմարիտ քահանայապետը՝ Քրիստոս. «Հա՛յր, ում որ ինձ տուեցիր, կամենում եմ, որ, ուր Ես եմ, նրանք էլ Ինձ հետ լինեն, որպէսզի տեսնեն Իմ փառքը»[3]:
Տասներորդ՝ Յորդանանի այն տասներկու քարերը, որոնք Յեսուն դուրս բերեց ցամաք եւ սեղան շինեց, խորհրդանշում են տասներկու առաքեալներին, որոնք աշխարհի փորձութիւնների ծովի միջով ելան ցամաք եւ շինեցին Աստուծոյ սեղանն ու դրեցին Եկեղեցու հիմքերը: Այս օրինակով նոր Եկեղեցու շինուածքի հիմքում տասներկու անտաշ քարեր ենք դնում, որի տասներկու լուսանցոյցները մեր մէջ դրոշմում են առաքեալների խորհուրդը, եւ ըստ այդմ՝ նրանք մեր մէջ ծագող երկնային լոյսի ճանապարհն ու մուտքն են:
Տասնմէկերորդ՝ Սողոմօնի տասներկու եզները չորս կողմերից կրում էին պղնձէ ջրի աւազանը. երեքը՝ արեւելեան կողմից, երեքը՝ արեւմտեան, երեքը՝ հիւսիսային եւ երեքը՝ հարաւային: Այդպէս էլ առաքեալները հաւատքի տասներկու լծակիցներ էին՝ երեք-երեք ուղարկուած ի դէմս Երրորդութեան, որոնք իմանալի Աւազանը, որ շինեց արդար Սողոմօնը՝ հոգու եւ մարմնի մեղքերի սրբութեան համար, բարձրացրած տարան աշխարհի չորս կողմերը:
Տասներկուերորդ՝ Սողոմօնը զարմանալի աթոռ շինեց՝ դէմ յանդիման տասներկու առիւծակերպ կենդանիներով՝ ի խորհուրդ տասներկու առաքեալների, որոնք Տիրոջն առան իրենց վրայ: Նրա համար եղան հանգիստ եւ բնակութեան վայր ու աշխարհի թագաւորներ, իսկ թշնամու համար՝ առիւծի պէս ահարկու:
Տասներեքերորդ՝ տասներկուսն էին Սողոմօնի տան հացատու իշխանները՝ ի խորհուրդ տասներկու առաքեալների, որոնք եղան Քրիստոսի հաւատացեալների կերակրիչները Աստուծոյ Բանի կենդանի հացով, որի համար մարգարէն ասում է. «Նրանց իշխաններ կարգեց բոլոր ազգերի վրայ, որպէսզի նրանց անունները յիշուեն բոլոր սերունդների մէջ»:
Տասնչորսերորդ՝ տասներկուսն են մեր սեփական անդամները, որոնք բոլոր մեղքերի եւ արդարութեան գործիքներն են: Այդպէս էլ սուրբ առաքեալները Գլխի՝ Քրիստոսի տասներկու անդամներն են: Եւ նրանք, իբրեւ իմաստուն բժիշկներ, բռնելով մեր անդամներից, որոնց թշնամին դարձրել էր մահուան եւ մեղքի զէնքեր, դարձրին ի Քրիստոս կեանքի եւ արդարութեան գործիքներ:
Տասնհինգերորդ՝ Երրորդութեան դէմքերի անուանումները՝ Հայր, Որդի Հոգի, գրւում են նոյնքան (ընդհանուրը՝ տասներկու թուով) տառերով: Այդ պատճառով մեր Տէրն այդքան թուով առաքեալներ ընտրեց, յայտնեց նրանց տիեզերքի երեք Անձանց եւ հաւատացեալների սրտում դրոշմեց Երրորդութեան դաւանութիւնը:
Տասնվեցերորդ՝ ինչպէս Յայտնութեան գիրքն է ասում. «Եւ երկնքում մեծ նշան երևաց. մի կին՝ արեգակն իր վրայ առած, լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի պսակ՝ տասներկու աստղերից»[4]: Արդ, կինը խորհրդանշում է սուրբ Եկեղեցին, որովհետեւ նա Քրիստոսի հարսն է եւ բազմածին է, զգեստաւորուած է առաւօտուայ Արեգակով եւ բարձր կանգնած՝ աղօտ ու փոփոխական օրէնքների վրայ: Իսկ տասներկու աստղերով պսակը տասներկու առաքեալների քարոզութիւնն է եւ հաւատքի տասներկու աստիճանները, որոնցով պայծառացած պսակւում է սուրբ Եկեղեցին՝ գլխին ունենալով հաւատքի դաւանութիւնը՝ բորբոքուած սիրոյ առաքինութեամբ եւ հիւսուած Քրիստոս Փեսայի փառքով ու պատուով:
Տասնեօթերորդ՝ Յայտնութեան գիրքն ասում է. «Աստուծոյ քաղաքում կային տասներկու դռներ՝ տասներկու միաձեւ մարգարիտներից»[5]: Աստուծոյ քաղաք եւ տաճար է կոչւում սուրբ Եկեղեցին, այսինքն այս ստորին եւ այն վերին Սիոնը՝ ըստ այն խօսքի, որն ասում է. «Պիտի ընթանամ նրանց միջով ու պիտի բնակուեմ նրանց մէջ»[6]: Եւ այս քաղաքի տասներկու դռները տասներկու առաքեալներն են երեք պատճառով: Նախ՝ որովհետեւ նրանք մեր առջեւ բացեցին երկնքի ճանապարհը եւ դռները, երկրորդ՝ նրանց միջոցով ստացանք եօթ շնորհները եւ Հայր Աստծուն մօտենալը եւ երրորդ՝ նրանք են, որ բացում եւ փակում են, այսինքն բացում են հաւատացեալների եւ փակում՝ անհաւատների առաջ: Իսկ մարգարիտ են կոչւում երեք պատճառով: Նախ՝ ողորկութեան պատճառով, որովհետեւ չունէին մեղքերի անհարթութիւն, երկրորդ՝ ի Քրիստոս պայծառ իմացութեան եւ հաւատքի պատճառով եւ երրորդ՝ սրբութեան պատճառով: Իսկ միաձեւ դռները խորհրդանշում են, որ տասներկու առաքեալները համանման են իշխանութեամբ, պատուով եւ փառքով, որովհետեւ մեր Տէրը նրանց բոլորին միապէս տուեց կապելու եւ արձակելու իշխանութիւն: Եւ համբարձուելիս ձեռքը դրեց համընդհանուր բոլորի վրայ ու օրհնեց նրանց, նաեւ՝ հաւասարապէս տուեց դատելու իշխանութիւն՝ ասելով. «Կը նստէք տասներկու աթոռների վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին»[7]: Այսպէս առաքեալներն Աստուծոյ քաղաքի տասներկու դռներն են:
Կային չորս կողմերից երեքական բացուող դռներ. երեք դուռ՝ արեւելեան կողմից, երեք դուռ՝ արեւմտեան կողմից, երեք դուռ՝ հարաւային կողմից եւ երեք դուռ՝ հիւսիսային կողմից: Սա նշանակում է աշխարհի չորս ծայրերում երկրպագելը Սուրբ Երրորդութեանը: Նոյն ինքը՝ խաչանման երեւացող այն դուռը, խորհրդանշում է, որ կենարար Խաչի միջոցով մենք ստացանք Սուրբ Երրորդութեան գիտութիւնը եւ արժանացանք ներս մտնելու: Իսկ որ ասում է. «Նրա դռները չէին փակւում զօր ու գիշեր, այլ միշտ բաց էին»[8], ցոյց է տալիս, որ առաքելական քարոզութիւնը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կամենում են մտնել, եւ երբէք չի փակւում, լինի մեղքերի խաւարի մէջ եղողների, ինչպէս Կիպրիանոսի համար, լինի առաքինութեան լոյսի մէջ եղողների, ինչպէս Կոռնելիոսի համար:
Տասնութերորդ՝ տասներկուսն էին դռան պահապան հրեշտակները: Նախ՝ սա խորհրդանշում է նոյն առաքեալներին, որոնք կոչւում են նոր Եկեղեցու եւ վերին Երուսաղէմի դռնապաններ, որովհետեւ նրանք բացում են դուռը հաւատացեալների եւ փակում անհաւատների առջեւ: Երկրորդ՝ տասներկուսն էին հրեշտակները, որոնք գործակից էին առաքեալներին, ինչպէս որ Սուրբ Հոգին էր գործակից մեր Տիրոջը, որովհետեւ Նա Աստուծոյ Հոգով էր հանում դեւերին: Նմանապէս տասներկու առաքեալներին գործակից էին տասներկու հրեշտակները, որոնք առաջ ընթանալով՝ բացում էին ժողովրդի միտքը՝ լսելու քարոզութեան խօսքերը: Քանզի եթէ լսելով հաւատում ենք, որ իւրաքանչիւր հաւատացեալ մէկ պահապան հրեշտակ ունի, ապա որքան առաւել ունէին նրանք, որ Եկեղեցին հիմնողներն էին եւ Աւետարանի քարոզիչները ու առաջնորդւում էին հրեշտակների կողմից՝ իմացութեամբ հետեւելով նրանց:
Տասնիններորդ՝ ասում է. «Ամսական տասներկուսն էին կենաց ծառի պտուղները»: Կենաց Ծառը մեր Տէր Յիսուս Քրիստոսն է, քանզի Նա դալար է Աստուածութեամբ եւ կենարար Իրեն բոլոր մօտեցողների համար: Իսկ տասներկու պտուղները տասներկու առաքեալներն են, որոնք պտղաբերուեցին Նրանից՝ աշխարհին մարմնով յայտնուելու տարուայ եւ ամսուայ մէջ: Կենաց Ծառի տերեւը բուժիչ էր. տերեւը խորհրդանշում է Քրիստոսի եւ առաքեալների աշխարհակեցոյց վարդապետութիւնը, որով բոլոր ազգերը զովացան մեղքերի տապից եւ առողջանալով բժշկուեցին բոլոր հոգեւոր մեղքերից:
Քսաներորդ՝ ասում է. «Քաղաքի պարիսպն ունէր տասներկու հիմքեր, որոնց վրայ գրուած էին տասներկու առաքեալների անունները»[9]: Հիմքը Քրիստոսն է, ինչպէս առաքեալն է ասում. «Ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք, քան դրուած այն հիմքը, որ Յիսուս Քրիստոսն է»[10]: Պարիսպ են կոչւում շինուածքները բոլոր ազգերի կողմից, որոնք արմատացան Նրա վրայ եւ շաղկապուելով հաստատուեցին հաւատով: Նաեւ՝ այստեղ հիմք է կոչում տասներկու առաքեալներին, որովհետեւ նրանց գործերն ու խօսքերը դրեցին Եկեղեցու հիմքը, ինչպէս որ ասաց Պետրոսին. «Եւ Ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ Իմ եկեղեցին»[11], այսինքն՝ քո այն դաւանութիւնը, որ Ինձ խոստովանեցիր Աստուծոյ Որդի, քրիստոնէական Եկեղեցու սկիզբն է ու հիմքը: Եւ այստեղ պէտք է իմանալ, որ հիմք է կոչւում Քրիստոս, հիմք են կոչւում առաքեալները, եւ հիմք է հաւատը մեր մէջ:
Այսպէս իմանանք, որ Քրիստոս է հիմքը եւ անկիւնաքարը, որովհետեւ Նա է Եկեղեցու սկիզբը եւ լրումը, որ երկուսը, այսինքն՝ երկինքն ու երկիրը, հրէաներին ու հեթանոսներին մի դարձրեց: Հիմք են առաքեալները՝ որպէս Քրիստոսի մերձաւորներ ու շինող ճարտարապետներ: Հիմք է հաւատը մեր մէջ, եւ իւրաքանչիւր գործ՝ ոսկի, արծաթ, փայտ, խռիւ եւ այլն, նրա վրայ է շինուած: «Քաղաքի հիմքերը ամէն տեսակ թանկագին քարերից էին»[12], որոնց վրայ գրուած էին առաքեալների անունները: Քանզի Աստուծոյ քաղաքի դռների վրայ գրուած էին տասներկու քրիստոնեայ ցեղերի անունները, որպէսզի ով հաւատայ Քրիստոսին, ներս մտնի դրանց միջով: Նոյնպէս էլ հիմքի վրայ տասներկու առաքեալների անուններն էին գրուած, որպէսզի ով աշակերտի նրանց, կառուցուի նրանց (հիմքի) վրայ: Եւ դարձեալ՝ ինչպէս որ Հնում քահանայապետի վակասին կային տասներկու պատուական քարեր, նոյնպէս էլ նոր Եկեղեցու հիմքում կան տասներկու պատուական քարեր: Եւ ինչպէս այն նահապետների, այնպէս էլ այս տիեզերահռչակ ու բարեհամբաւ առաքեալների անունները նկարագրութիւն ունեն, որով ցոյց է տրւում, որ հին եւ նոր եկեղեցիները ձայնակից են միմեանց, սակայն զանազանւում են հետեւեալ կերպ: Նախ՝ այնտեղ նախօրինակն էր, այստեղ՝ ճշմարտութիւնը: Երկրորդ՝ այն տարին մէկ անգամ էր լինում քահանայի լանջին եւ տաճար մտնում, իսկ այստեղ միշտ եւ անդադար Քրիստոսի քահանայապետի վրայ է եւ հիմք է՝ կառուցուած վերին տաճարի համար: Պատեհ եմ գտնում յայտնել իւրաքանչիւրի յատկութիւնը ըստ սուրբ Վարդանի՝ ասուած այս կերպով:
Առաջին պարսպի հիմքը Յասպիսն է, որը Պետրոսն է: Յասպիսի գոյնը կանաչ է, ինչպէս զմրուխտը եւ համեմատւում է գլխաւոր առաքեալի՝ Պետրոսի հետ երեք պատճառով: Նախ՝ գլխիվայր խաչուելով՝ նա իր մարմնով կրեց Քրիստոսի մահը, որի պատճառով պատկերահանները նրա կենդանագիր պատկերն արտայայտում են թխակերպ՝ դահանակ կոչուող քարի գոյնով, որը կանաչագեղ մուգ գոյն ունի: Երկրորդ՝ խորհրդանշում է նրա միշտ կենդանի սէրը, որ փթթեց Նրա հանդէպ եւ ի յայտ եկաւ սիրոյ երեք հարցումներից, որոնք բժշկութիւն եղան նրա երեք ուրացումներին: Երրորդ՝ խորհրդանշում է այն, որ կենարար Մարմնի ճաշակմամբ հովուեց մեզ դալար վայրերում եւ հանդարտ ջրերի մօտ սնուցեց կենսաբուխ վարդապետութեամբ, ինչպէս որ հրաման ստացաւ Տիրոջ կողմից, թէ՝ «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին»: Այդ պատճառով Յասպիս քարը խորհրդանշում է Պետրոս առաքեալին:
Երկրորդը Շափիւղան է, որը Պօղոսն է: Այս քարն իր կապուտակ գոյնով երկնքի օդի նմանութիւնն ունի, ինչպէս լաջվարդը[13], որը Պօղոս առաքեալի օրինակն է երկու պատճառով, որովհետեւ նախ՝ նա բարձրացաւ մինչեւ երրորդ երկինք ու լսեց անպատում խօսքեր եւ երկրորդ՝ Աւետարան քարոզելիս իր վարքը դարձրեց օդի պէս փոփոխական, քանզի հրեայի հետ հրեայ եղաւ, հեթանոսի հետ՝ հեթանոս եւ բոլորի հետ եղաւ ամէն ինչ, որպէսզի շահէր ամէնքին:
Երկրորդը՝ պղնձագոյն Գոճազմ քարը, որին ոմանք Կայծ են կոչում, Անդրէասն է երկու պատճառով: Նախ՝ որովհետեւ հոգով բորբոքուեց Քրիստոսի սիրով եւ երկրորդ՝ խաչուեց Քրիստոսի հետ եւ իր անձը պատարագեց սիրելիի համար՝ նմանուելով Քրիստոսին:
Չորրորդը Զմրուխտն է, որը Յովհաննէսն է երկու պատճառով, որովհետեւ նախ՝ զմրուխտը կանաչ գոյն ունի եւ երկրորդ՝ նա աճ է ունենում ձէթով: Սա խորհրդանշում է Յովհաննէս Աւետարանչին, որովհետեւ նա աւետարանական քարոզութեամբ օծեց մեզ Սուրբ Հոգու շնորհներով, ինչպէս որ ուսուցանեց. «Շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան»[14]:: Նաեւ մեզ կենդանութիւն տուեց յաւիտենական յոյսով, ինչպէս որ գրեց. «Նա նոյն Ինքը կեանք էր, որ յայտնուեց, մենք այն տեսանք, վկայում ենք եւ պատմում ենք ձեզ այն յաւիտենական կեանքի մասին, որ Հօր մօտ էր եւ յայտնուեց մեզ»[15]: Այդ պատճառով Յովհաննէսը, միշտ առոյգ կենդանութիւն խորհդանշելով, զմրուխտ է կոչւում:
Հինգերորդը Եղնգաքարն է, որը Յակոբոսն է: Այս քարը մարդու եղունգի գոյն ունի: Եւ եղունգը երեք յատկութիւն ունի: Նախ՝ անզգայ է, երկրորդ՝ մեռելի գոյն ունի, երրորդ՝ նախ ինքն է մեռնում, յետոյ ամբողջ մարմինը: Եւ յիրաւի, սա վերաբերում է Յովհաննէսի եղբայր Յակոբոսին, որովհետեւ տասներկու առաքեալների մէջ բոլորից առաջ Քրիստոսի հետ մարմնով մեռնելու համար նա ընդունեց բաժակը, ինչպէս որ խոստացաւ: Ինչպէս երբ ըմպում են գինու բաժակից, անզգայ են լինում, այդպէս էլ նա ըմպեց Քրիստոսի սիրոյ եւ չարչարանքների բաժակից, որի պատճառով եղնգաքարը Յակոբոսն է:
Վեցերորդը Սարդիոնն է, որը Փիլիպպոսն է երկու պատճառով, որովհետեւ նախ՝ սարդիոնը հրի պայծառ գոյն ունի, եւ Փիլիպպոս առաքեալը կախաղանի վրայ աստուածային հրով մաքրեց կռապաշտութիւնը մարդկանց մտքերից, եւ երկրորդ՝ սարդիոնը բուժիչ զօրութիւն ունի. բժշկում է սրի հարուածները, եւ այդպէս էլ առաքեալը խաչի վրայից բժշկեց մեղքերի հետեւանքով մահուամբ խոցուած հոգիներին եւ թողութիւն շնորհեց:
Եօթերորդը Ոսկէքարն է, որը Բարդուղիմէոսն է, որովհետեւ այս քարը փայլող ոսկու նմանութիւն ունի: Քանզի Բարդուղիմէոս առաքեալը ստացաւ Քրիստոսի ճշմարիտ եւ անապական մարմնի նմանութիւնը, որովհետեւ մերկացաւ մեռելոտի մարմնի մորթից եւ հագաւ յաւիտենական կեանքի անմահ ու անապական զգեստը:
Ութերորդը Բիւրեղն է, որը Թովմասն է երեք պատճառով, որովհետեւ այդ քարը ծովանման է եւ օդակերպ ու ընկերակցում է յակինթին: Այն խորհրդանշում է Թովմասին, որը երկուորեակ էր իր աշակերտակցի հետ: Նա քարոզեց հնդիկներին, որոնք մարմնով արջասպագոյն էին, հաւատքի միջոցով վերափոխեց նրանց առ Քրիստոս եւ հոգով երկնային դարձրեց:
Իններորդը Տպազիոնն է, որը Մատթէոսն է երկու պատճառով, որովհետեւ նախ՝ այս քարը կարմրագոյն է, ինչպէս կայծակը եւ երկրորդ՝ երբ աչքի ցաւ ունեցողը նայում է նրան, առողջանում է: Այն խորհրդանշում է երանելի Մատթէոս Աւետարանչին, որովհետեւ նա նախ ցոյց տուեց Աւետարանի ճառագայթները եւ ապա նրանցով լուսաւորեց մարդկանց խաւարած մտքերը:
Տասներորդը Դահանակն է, որը Թադէոսն է: Այս քարը ոսկուց աւելի մուգ գոյն ունի եւ խորհրդանշում է Թադէոս առաքեալին, որը ցանկալի է ոսկուց եւ պատուական քարերից, որովհետեւ իր քարոզութեամբ Քրիստոսի հաւատը շնորհեց Եդեսիայի Աբգար թագաւորին: Նաեւ՝ այս ոսկեգոյն քարը խորհրդանշում է Յուդա Յակոբեանին, որովհետեւ Յուդա նշանակում է խոստովանող, իսկ հաւատքը կարծր եւ անապական վէմ է:
Տասնմէկերորդը Յակինթն է, որը Սիմօնն է երկու պատճառով: Նախ՝ յակինթը լուսաւորում է եւ ունի օդի յատկութիւն: Այն խորհրդանշում է Սիմօնին, որը եղաւ Քրիստոսի շնորհների նախանձախնդիրը: Եւ դարձեալ՝ նա երկնային խորհուրդ ունէր, որի համար ասաց Փրկչին. «Եթէ այդ գործերն անում ես, ուրեմն յայտնի՛ր Քեզ աշխարհին»[16]: Այդ պատճառով Նախանձայոյզ կոչուեց:
Տասներկուերորդը Կարկեհանն է, որը Մատաթիան է երեք պատճառով, որովհետեւ նախ՝ նա լրացրեց աշակերտների թիւը, ինչպէս կարկեհանը քարերին: Երկրորդ՝ այդ քարը ծիրանագոյն է. դա խորհրդանշում է, որ երբ բաժանուեցին հրեղէն լեզուները, նա մասնակից եղաւ: Երրորդ՝ ծիրանին թագաւորական է եւ երկրի վրայ թագաւորեց Երուսաղէմում, ինչպէս Դաւիթն է ասում:
Այսպէս ըստ Եպիփան եւ Անդրէաս սուրբերի՝ քարերի յատկութիւնները Հնում վերագրում էին նահապետներին, իսկ Նորում՝ առաքելական հիմնաքարերին, որովհետեւ ճշմարտապէս նրանք էին հաւատքի հիմքերը եւ պատուական քարերը, ինչպէս մարգարէն է ասում. «Նրանք սուրբ քարեր են՝ ընկած այդ երկրում»[17]: Տասներկու առաքեալները հիմքեր եղան, մէկն այսպէս, միւսն այնպէս, եւ իրենց վրայ շինեցին Աստուծոյ տաճարը՝ բանական Եկեղեցին: Եւ ինչպէս որ տասներկուսն են առաքեալները, այնպէս էլ Հնում տասներկուսն էին մարգարէները եւ Նորում տասներկուսը՝ վարդապետները: Եւ սրանք են Աստուծոյ տան՝ սուրբ Եկեղեցու հիմնաքարերը, վերակացուները եւ դաստիարակները, ինչպէս որ առաքեալն է ասում. «Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ»[18]: Եւ այսպէս ինչպէս ասուեց՝ նրանք բոլորը թուով տասներկուսն էին՝ ի փառս մեր Քրիստոս Աստուծոյ, որ օրհնեալ է յաւիտեանս. ամէն:
ՔՐԻՍՏՈՍԻ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԻ ԵՒ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՍՈՒՐԲ ՊՕՂՈՍԻ ԱՌԱՔԵԱԼԻ ՏՕՆԸ
Երանելի սուրբ առաքեալները, որ Տիրոջ կողմից երանութեան արժանացան այս աշխարհում եւ հանդերձեալում, տիրապէս կրկնակի գովելի, պանծալի եւ բաղձալի են մեզ երկրի վրայ եւ երկնքում: Արդարև, ճշմարիտ Բանը կանխապէս ասում էր նրանց. «Երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ շատ մարգարէներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում էք, բայց չտեսան, և լսել՝ ինչ որ դուք լսում էք, բայց չլսեցին»[19]: Յիրաւի, երանելի աշակերտները, որ պատուելի եղան առաքելական կոչմամբ, եղան մարմնացեալ Բանի ականատեսները եւ սպասաւորները, Որի մասին մարգարէներն ի սկզբանէ ըղձափափագ տեսութեամբ գուշակեցին հեռուներից, եւ Ով կանխաւ ու աղօտ կերպով գծեց առաջին նախահայրերի եւ Փրկչի Գալստեանն ակնկալող արդար նահապետների բազմատեսակ ընթացքի ուղին: Երանելի աշակերտներն ընտանի կենցաղավարութեամբ Աստուծոյ Բանի բերանից լսեցին աստուածային խօսքեր ու խորհուրդներ, որոնցում ծածկուած էին իմաստութեան եւ գիտութեան բոլոր գանձերը: Նրանց ասում էր. «Մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում»[20]: Եւ դարձեալ՝ «Եւ ես խոստանում եմ ձեզ, ինչպէս եւ Իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, որ ուտէք եւ խմէք Իմ սեղանից Իմ արքայութեան մէջ ու նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»[21]: Եւ արդ, ո՞ր հողեղէն լեզուն կարող է մեկնել այս երկու երանութիւնները, այն երանութիւնները, որոնք երկուսը միասին մենք չենք ճաշակել, որովհետեւ նրանցից մէկն անցեալ է, անդառնալի, իսկ միւսը հանդերձեալ է, ակնկալելի: Քանզի եթէ երկրի վրայ կեանքի ընկեր լինէի առաքեալներին, որոնցով էլ Փրկչին, թերեւս բերկրալից եւ խնդալիր իմ անձով կը կարողանայի փոքրիշատէ պատուական խօսքերով մեկնել առաքեալների երանաւէտ այն վիճակը: Կամ եթէ ի վերուստ առաքելութեան կանչուած եւ երրորդ երկինք ելած Պօղոսի հետ տեսած լինէի երանելի առաքեալների՝ իրենց Տիրոջ եւ Վարդապետի աթոռակիցների փառքը, կը համարձակուէի սակաւ-ինչ ճառել նրանց անբաւելի փառքից՝ լռելով անճառելիների մասին, որոնք կարելի է վայելել, սակայն ոչ պատմել: Իսկ արդ, ինչպէ՞ս, չկարողանալով խօսել անյայտներից եւ ծածուկներից, պատշաճ համարենք լռե՞լ յայտնիների մասին: Քա՛ւ լիցի: Չէ՞ որ գրուած է. «Բարի է ծածկել թագաւորի խորհուրդը, սակայն Աստուծոյ գործերը պէտք է յայտնել փառքով»: Արդարեւ, եթէ «Երկինքը պատմում է Աստուծոյ փառքը, եւ երկնքի հաստատութիւնը յայտնում է Նրա ձեռքի գործերը»[22]՝ ըստ երկնային կենդանակերպ զարդերի թուի եւ տասներկու ընտրեալ առաքեալների երկնանման պայծառութեան օրինակի, եւ եթէ մեծ եւ փոքր լուսատուները լուսաւորում են ցերեկն ու գիշերը Պետրոս եւ Պօղոս գլխաւոր առաքեալների նմանութեամբ, մենք ինչպէ՞ս անտեսենք եւ չակնարկենք առաքելական դասի գեղեցիկ պարի ակներեւ երանութեան մասին եւ կամ չկարողանալով համարձակ նայել արեգակի պայծառ դէմքին՝ ինչո՞ւ ամբողջովին զրկուենք անգամ լոյսը վայելելուց: Կամ ինչպէ՞ս չլսենք Սիոնի այս աւետարանիչների աւետարանութեան տիեզերալուր խօսքը, եթէ նրանց ձայնը բռնել է ողջ երկիրը, եւ նրանց խօսքերը հասել են մինչեւ աշխարհի ծայրերը թէ՛ Աւետարանով, թէ՛ թղթերով, թէ՛ խօսքով եւ թէ՛ գործերով:
Այլ դուք, երանելինե՛ր եւ Աստծուց փառաւորուածնե՛ր, Աստուծոյ փառաւորիչնե՛ր վերեւում՝ երկնքում եւ այս խոնարհ վայրում՝ երկրի վրայ, կանչուածնե՛ր եւ ընտրեալնե՛ր, ի սկզբանէ հրաւիրուածնե՛ր եւ անսահման բարիքներ վայելողնե՛ր, որ կան ժամանակի մէջ եւ ժամանակից յետոյ՝ յաւիտեաններում, առաքեալների երանելի դա՛ս, աղաչո՛ւմ եմ, խօսք դրէք իմ բերանում՝ խօսել ձեր մասին արժանին եւ օգտակարը՝ լսողների օգտի համար, որպէսզի ընդհանրական ճառասացութեամբ յիշատակեմ տօնասիրողներիդ նախ՝ երկրի վրայ ձեր բարի ժառանգութեան եւ ապա՝ երկնքում Քրիստոսի հետ յաւիտենական թագաւորութեան համար:
Այսպէս նախ եւ առաջ տուէք ինձ խօսել իմաստութեամբ, ո՛վ հրաւիրեալ ժողովուրդ, երանելի առաքեալների լուսածնունդ զաւակնե՛ր եւ հարազատ աշակերտնե՛ր: Ինչպիսի փառք, պատիւ կամ երանութիւն պիտի լինի աշխարհում, որ համեմատ լինի կանչուելու եւ ընտիր գտնուելու հետ, թագաւորների Թագաւորին եւ տէրերի Տիրոջը՝ մեր Փրկիչ Քրիստոսին, եւ մարդացեալ Աստծուն սպասաւորելու հետ, Ով Իր պաշտօնեաների հետ կնքեց անսուտ առհաւատչեան՝ հանդերձեալ վարձքի անզուգական խոստումով, որ տուեց նրանց բարի ծառայութեան փոխարէն՝ ասելով. «Ուր Ես եմ, այնտեղ կը լինի եւ Իմ ծառան»[23]: Եւ ամէն երանութեամբ լի ինչ պարծանքների պարծանք կայ, քան հաւատքի Զօրագլխին՝ Յիսուս Քրիստոսին զինուորագրուելը առանց զէնքի, սուսերի, վահանի՝ արդարութեան զօրաւոր զէնքով վանելով եւ աջ ու ձախ հարուածելով աշխարհին եւ աշխարհի իշխանին՝ իբրեւ թիկնապահ եւ թիկնապահների գլուխ տիեզերքի Տիրոջ առաջ: Եւ դա՝ անկարօտ Տիրոջ այս առաքինի զօրականների հաւատարիմ նիզակակիցների վկայութեամբ, քանզի ասում է. «Եւ դուք էք, որ Իմ փորձութիւնների մէջ Ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ»[24]: Կամ այլ ինչ բաղձալի ընտրութիւն կայ երկրի վրայ, քան երկնաւոր Վարդապետի ոտքերի մօտ աշակերտելը, Ով մարդկանցս եւ մեր փրկութեան համար իջաւ երկնքից: Նա ձեռնասուն աշակերտութեան համար ընտրեց եւ թուով առանձնացրեց Իր երանելի առաքեալներին, որոնց աստուածեղէն բերանով մարդկայնօրէն խօսեց Աստուծոյ Արքայութեան մասին, յայտնապէս ցոյց տուեց Իր իմաստութեան անյայտներն ու ծածուկները, իսկ երբ խօսում էր ժողովրդի հետ առակներով, Իր աշակերտներին առանձին մեկնում էր ամէն բան, «քանի որ, — ասում էր, — ձե՛զ է տրուած իմանալ երկնքի արքայութեան խորհուրդները, իսկ նրանց տրուած չէ»[25]:
Եւ պարզապէս, ի՞նչ կայ աւելի նախանձելի, քան Քրիստոսի բարեկամ, հազարապետ եւ Աստուծոյ խորին խորհուրդների կրող լինելը: Տէրն առաքեալներին ասաց. «Դուք Իմ բարեկամներն էք: Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ»[26]: Որքա՜ն սքանչելի է, քանզի աննշան մարդիկ՝ Աբրահամեան տոհմի զաւակներն ու յետնորդները եւ Մովսէսի օրէնքի անգէտ աշակերտները թէ՛ պատուով, թէ՛ գիտութեամբ եւ թէ՛ աստուածամերձ ընտանութեամբ վեր գտնուեցին Աբրահամից ու Մովսէսից: Մարդիկ, որ անուսում էին եւ անգէտ, խելամուտ էին երկնային վարդապետութեանը եւ Միածնի Հօր ծածկուած գանձերին: Գալիլեացի այրերը եւ ձկնորսները աջակից եւ գործակից էին ահաւոր Բարձրեալին եւ տիեզերքը Փրկագործողին, Ով իրենց մարդկանց որսորդներ դարձրեց՝ ազգերին եւ ազգութիւններին Աւետարանի ուռկանի մէջ ժողովելու համար: Արհամարհուած էին աշխարհի կողմից, բայց Աստուծոյ համար սիրելի էին եւ ընտանի, Նրան խօսակից էին եւ սեղանակից, ճանապարհակից եւ չարչարանակից, մի խօսքով հաղորդ եւ կցորդ էին իրենց Տիրոջն ու վարդապետին Նրա տնօրինութեան բոլոր գործերում:
Սուրբ Հոգու Գալստից յետոյ սքանչելապէս Նրանով զօրացած աշակերտները գնացին ամբողջ տիեզերքով մէկ, արծուի պէս խոյացան եւ առիւծաբար սուրացին աւետարանական քարոզութեան ասպարէզի հանդէս եւ Տիրոջով յաղթող գտնուեցին երեւելի եւ աներեւոյթ թշնամու ընդդիմակաց ողջ զօրութեանը: Նշաններով եւ մեծամեծ հրաշքներով յեղափոխեցին համայն աշխարհը աստուածահրաշ նոր կերպարանքով եւ նուաճեցին զօրավարներին, իմաստուններին ու աշխարհակալներին: Ո՞ւր է այսուհետեւ հողածինների՝ իշխանաւորների եւ մեծահարուստների, գիտնականների եւ զօրաւորների, մեծապատիւների եւ գերապատիւների պարծանքը, որ պարծենում էին արքունական երկրաւոր ժառանգութեամբ, որը մարդը ժամանակաւորապէս գտաւ մարդուց եւ մարդկանց մօտ, եւ որը երբէք մեծարելի չէ: Իսկ սուրբ առաքեալները Աստուծոյ կողմից եւ Աստուծոյ մօտ մեծարելի եւ վերապատուելի եղան ու կը լինեն այժմուանից մինչեւ յաւիտեան:
Եւ առաքեալների յայտնապէս քարոզելը Աստուծոյ անքննելի գործն է, որովհետեւ Նա ընտրեց աշխարհի յիմարներին, որպէսզի ամաչեցնի իմաստուններին, ընտրեց աշխարհի տկարներին, որպէսզի ամաչեցնի հզօրներին, ընտրեց աշխարհի կողմից արհամարհուածներին, որպէսզի ամէն մարմին չպարծենայ Աստուծոյ առաջ: Եւ սա մխիթարութիւն է ի Քրիստոս բոլոր կանչուածներիս համար: Ջանանք ամուր պահել կոչումը եւ դասուել ընտրեալների հետ, ինչպէս որ կանխապէս ասաց. «Իրաւ որ, եղբայրնե՛ր, ձեր իսկ կոչումին նայեցէ՛ք. ըստ մարմնի՝ ոչ շատ իմաստուններ, ոչ շատ հզօրներ եւ ոչ շատ ազնուականներ կանչուեցին»[27]: Չկանչեց ո՛չ Հերովդէս արքային, ո՛չ Կայիափա քահանայապետին, ո՛չ հրեա իշխաններին եւ ո՛չ էլ սնապարծ դպիրներին ու փարիսեցիներին, այլ կանչեց խոնարհներին եւ աշխարհի աչքում անպիտաններին:
Իսկ ձեզ՝ հաւատացեալներիդ եւ առաքեալների ձեռամբ ի Քրիստոս կանչուածներիդ, ասում եմ՝ ճանաչէ՛ք ընտրեալ առաքեալների հետ ձեր հրաւիրման գինը, որպէսզի արժանի լինէք շնորհներ առնելու եւ ընտրուելու, ապա թէ ոչ՝ երկիւղէ՛ք՝ նայելով կորստեան որդուն, որը ստացաւ առաքելութեան նոյն շնորհը, սակայն ապաշնորհ գտնուելով՝ չարաչար ընկաւ բարձրութիւնից, հրաւիրուածը չընտրուեց, որը ողբալի է բոլոր վիճակներից: Նշանակում է թշուառանալ երանութեան մէջ, տնանկ դառնալ հարստութեան մէջ, գերեվարուել թագաւորութեան մէջ եւ աստուածամերձ լինելով՝ կապուել սանդարամետականի հետ: Եւ սա թող նշան լինի քեզ եւ քո վիճակի համար, ո՛վ առաքեալներին ի Քրիստոս աշակերտողներդ: Եթէ հաւատարիմ գտնուես կոչմանդ մէջ, իմացի՛ր, որ ընտրեալ կը լինես, եթէ փոքրի մէջ հաւատարիմ լինես, ապա շատի մէջ եւս կը լինես: Սակայն մենք մոլորւում ենք եւ չենք պահում ընտրութեան պայմանը, որն է. «Իւրաքանչիւր ոք, ինչ կոչման մէջ որ էր, երբ կանչուեց, թող նրանում էլ մնայ»[28]:
Ահ ու դողով պէտք է լսել եւ այն խօսքը, որ նոյն խորհրդի դիտաւորութիւնն ունի՝ «Պահի՛ր ինչ որ ունես, որպէսզի ոչ ոք չառնի քո պսակը»[29], ինչպէս որ երանելի Մատաթիան առաւ վիճակը եւ առաքելութեան պսակը, որը չպահեց Յուդան, այլ թողեց եւ որսողի բաժին դարձաւ, ինչպէս նաեւ նա, ով ընկաւ քառասուն վկաների դասից եւ փոխարէնը պսակ առաւ օտար մէկը, որովհետեւ չեն պակասում Աստուծոյ ծառաները՝ ընտրեալների թիւը լրացնելու համար: Ուստի մեզնից իւրաքանչիւրը, գործակից լինելով շնորհներին, թող Տիրոջ շնորհով ջանայ լինել այդ թւում: Առաքեալներն այդպէս ընտրուեցին, այդպէս զօրացան, այդպէս բարձրացան իրենց բնութիւնից վեր: Եւ այս է նրանց գովեստի լրումը Աստուծոյ կողմից, որովհետեւ գնացին Կանչողի յետեւից եւ չհեռացան Նրանից թէ՛ իրենց կեանքով եւ թէ՛ մահով:
Իսկ մենք ինչպէս կարող ենք նախանձելի համարել սուրբ առաքեալների կոչումը եւ ընտրութիւնը, ցանկանալ նրանց շնորհները, երանի տալ նրանց ժառանգութեանը, սակայն խուսափել նրանց գործերից: Դաւանում ենք պահել նրանց հաւատը, բայց յոյս չունեցողի պէս անպտուղ ենք լինում, որովհետեւ մեր հաւատը սիրով չի առաջնորդւում: Մեզնից ո՞վ է սիրում խաչը, ինչպէս Պետրոսը եւ Անդրէասը, կամ մեզնից ո՞վ է պատրաստ գլխատուել կամ այրուել Քրիստոսի անուան համար, ինչպէս Յակոբոսը եւ Յովհաննէսը: Ո՞վ կարող է կրել Պօղոսի չարչարանքներն ու վշտերը եւ իր մարմնի մէջ լրացնել Քրիստոսի չարչարանքները Նրա մարմնի, այսինքն սուրբ Եկեղեցու համար[30], մեռնել աշխարհի համար եւ կենդանի լինել Քրիստոսով՝ պարծենալով Կենարարի խաչով: Այն ո՞ր ճշմարիտ աշակերտն է քրտինք եւ արիւն թափելու չափ նմանուել առաքեալներին, որոնք ինչպէս խաչակից եղան Քրիստոսին երկրի վրայ, նոյնպէս էլ Նրա հետ թագաւորում են երկնքում: Իսկ մենք կամենում ենք թագաւորել Քրիստոսի հետ թէ՛ այստեղ, թէ՛ այնտեղ: Բայց այդպէս չի լինում, որովհետեւ Տէրն Ինքն ասաց. «Իմ թագաւորութիւնն այս աշխարհից չէ»[31], եւ թէ՝ «Եթէ իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու եւ փառքին»[32]: Միաբան վկայեցին նաեւ Նրա առաքեալները՝ ասելով. «Բազում նեղութիւններ կրելով է, որ մենք պէտք է մտնենք Աստուծոյ արքայութիւնը»[33]: Եւ ինչպէս Պօղոս առաքեալն է գրում՝ «Այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ»[34]: Ուստի այժմուանից խելամուտ լինենք՝ մեր աչքերը յառելով դէպի երկինք՝ երանելի առաքեալների վերին երանութեանը:
Եթէ հաւատում ենք այն խօսքերին, թէ՝ «Ինչ որ աչքը չտեսաւ, եւ ականջը չլսեց, եւ մարդու սիրտը չընկաւ, Աստուած այն պատրաստեց իր սիրելիների համար»[35], այսինքն նրանց համար, ովքեր սիրեցին Աստծուն, ապա ի՞նչ ասենք առաքեալների դասի համար, որոնց մասին վկայում էր Հօր Ծոցածին Բանը՝ ասելով. «Հայրն Ինքն իսկ սիրում է ձեզ, որովհետեւ դուք սիրեցիք Ինձ»[36]: Եթէ Տէրն այստեղ խոստացաւ հարիւրապատիկը նրանց, ովքեր ամեն բան թողնում են Իր համար եւ հանդերձեալում էլ խոստացաւ յաւիտենական կեանքի ժառանգութիւնը, ինչպէ՞ս այս ժառանգութեան մէջ առաջնութիւն չեն ունենայ սուրբ առաքեալները: Նրանք էին, որ առաջինը համարձակութեամբ հարցրին. «Ահաւասիկ, մենք թողեցինք ամէն բան եւ եկանք Քո յետեւից. արդ, մենք ի՞նչ կþունենանք»[37] եւ անսուտ խոստման պատասխան ստացան՝ լի ամենայն փառքով ու պատուով: Եթէ բոլոր պատուիրանները պահողների համար պահուած է մուտքը դէպի յաւիտենական կեանք, ապա որքա՞ն առաւել՝ յօժարութեամբ բոլոր պատուիրանները եւ խրատները պահողների, եւ առաւել եւս սուրբ առաքեալների համար: Ապա ուրեմն չկայ սահման՝ քննելու նրանց բարձրութեան աստիճանը երկնային բարիքների մէջ:
Յայտնի է եւ նրանց զօրութիւնը, ասպարէզներում նրանց յաղթանակը, մրցարաններում նրանց պսակները, ըստ աստիճանի՝ նրանց պատիւը, ըստ շնորհի՝ նրանց փառքը: Եւ արդ, քանի որ երանելի սուրբ առաքեալները, մինչ մարմնի մէջ էին, հոգով առաքինացան բնութիւնից էլ վեր, եւ բազմաշահ քանքարներով պատուեցին Տիրոջ շնորհների տաղանդները, այդ պատճառով երկնքի երանութեան մէջ նրանց պարգեւական գերիվերոյ վիճակը, որը գիտի միայն Նա, Ով նրանց հանդիսադիրը եւ պսակիչն է, անհամեմատ է բոլոր սուրբերի դասի, նրանց յաղթանակի, պսակի եւ փառքի հետ: Ընդհանուր տեսութեամբ մնում է միայն ասել, որ ճշմարտապէս գիտենք, որ նրանք ընտրեալներ են ընտրեալների միջից, երկնքի Արքայութեան մէջ փառաւորներ՝ փառաւորուածներից, աստուածամերձ եւ հարազատ՝ երկնաւոր Արքային, գերագոյններ վերագոյններից երկնաւոր Հօր օթեւաններում, գլխաւորներ եւ մեծագոյններ նրանցից, ովքեր Տիրոջ մեծաձայն հրաւէրով երկնքի Արքայութիւն կանչուեցին:
Եւ թող ոչ ոք չկասկածի, քանզի եթէ երկրի վրայ երանելի Պետրոսն իշխանութիւն ունէր փակել երկնքի Արքայութիւնը, ապա ինչեր կունենայ այնտեղ՝ երկնքում: Եթէ այստեղ նա Քրիստոսի երեսփոխանն է, Նրա ոչխարների հովիւը, հաւատքի վէմը, Եկեղեցու գլուխը, ապա ինչպէ՞ս կը կարծես այնտեղ, որ անհասանելի է մարդու մտքին: Եւ եթէ այստեղ Պօղոսը, որ իր Արարչի ընտիր անօթն էր, հեթանոսների առաքեալը, համատարած ամենքի հայրը, եւ որին տիեզերքն աշակերտ դարձաւ, տեսաւ անճառելի Դրախտը եւ երրորդ երկինքը, ի՞նչ փառքի ժառանգորդ կը լինի երկնային թագաւորութեան մէջ: Այսպէս եւ իմացիր բոլոր առաքեալների մասին մէկ առ մէկ, որոնց բոլորի Տէրը եւ ողջերի ու մեռածների Դատաւորը ըստ իրենց առաքելական պաշտօնի աստուածապատիւ բարձրութեան՝ յայտնեց, թէ պիտի նստեն Իր հետ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերին: Այս մասին խօսեց նաեւ Դաւիթ թագաւորը ոչ որպէս սոսկ թագաւոր, այլ որպէս աստուածազան[38] այր՝ ասելով. «Աստուած կանգնեց աստուածների ժողովում»[39]: Ո՜հ, ահաւոր մեծութի՛ւն, ուրեմն Աստուծոյ առաքեալներին կարող ենք աստուածներ կոչել, եւ յոյժ իրաւունք ունենք: Քանզի եթէ ճշմարիտ Աստուծոյ կողմից Մովսէս նախամարգարէն աստուած կարգուեց փարաւոնի համար, եւ Սուրբ Գիրքն էլ աստուածներ է կոչում նրանց, որոնց ուղղուեց Աստուծոյ Խօսքը, ապա որքան առաւել է առաքեալների նման անուանակոչութիւնը, որոնց Աստուծոյ Խօսքն ուղղուեց ոչ միայն ինչպէս պատգամախօս մարգարէների, այլեւ Ինքը՝ Բանն Աստուած այդքան ժամանակ եղաւ նրանց հետ, Իր Խօսքը դրեց նրանց բերանում եւ Իր Սուրբ Հոգուն՝ նրանց սրտերում՝ աշակերտ դարձնելու համայն տիեզերքին: Եւ ըստ իրենց յօժարութեան չափի ու չարչարանքների՝ մինչեւ մահ հոգաչափ չարչարուեցին իրենց կարողութեան չափով եւ կարողութիւնից էլ վեր, որպէսզի անճառելիների եւ մեծամեծ վարձքերի ժառանգորդ լինեն ու վերաբազմեն Աստուծոյ պատրաստած աթոռներին, որ պիտի դրուեն անմատոյց լոյսի մէջ բնակուող Աստուածութեան բարձր Գահի առաջ:
Եւ արդ, անցաւոր թագաւորներից եւ ինքնակալներից ո՞վ կարող է թեկուզ աղօտ նմանուել Քրիստոսի երանելի առաքեալներին, որ կան անզուգական փառաւորութեան եւ անանց, անպատում թագաւորութեան մէջ, որը մշտնջենաւոր կենդանութեամբ եւ յաւերժական անմահութեամբ, անկորուստ եւ անկողոպտելի, յաւիտեանս յաւիտենից վայելում են եւ կը վայելեն կենդանի Աստուծոյ հետ: Աշխարհի մեծամեծներից եւ մեծ գանձերի տէր ու կարծեցեալ մեծահարուստ իշխաններից ո՞վ կարող է կշռել նրանց անբաւ մեծութիւնը եւ անչափ հարստութիւնը, քանզի նրանց անսպառ հարստութիւնը Ինքը Քրիստոսն է Հօր եւ Ամենասուրբ Հոգու հետ: Հզօրներից, աշխարհի փառաւորներից, չնաշխարհիկներից կամ երջանիկներից ո՞վ կարող է համեմատուել երկնքի Արքայութեան մէջ յետինների կամ փոքրերի հետ, էլ չեմ ասում՝ աւագների, մեծամեծների, առաքեալների, սուրբերի, երանելիների, փառաւորեալների, աստուածազգեացների եւ աստուածացածների հետ: Տկարանում է խօսքս՝ աւելին ճառելու համար: Ահաւասիկ, ո՛վ սուրբ առաքեալների աշակերտներ, մատի ծայրով ձեզ ցոյց եմ տալիս Աստուծոյ ընտրեալներին եւ նրանց երանութիւնը երկրի վրայ ու երկնքում: Որքան կարող էք մտքի խորհրդով եւ հոգու աչքով նայէ՛ք, սեւեռուէ՛ք նրանց շնորհների մեծութեան ու փառքին, նրանց սքանչելի ճոխ հարստութեանը, նրանց անթառամ վայելչական գեղեցկութեանը, Աստծուց զօրացած անձանց զօրութեանը, քաջ նահատակներին, առաքինի զօրավարներին, ժիր մշակներին, քաջ հովիւներին, աշխարհատեսուչ ոստիկաններին, տիեզերքի առաջնորդներին, տիեզերալոյս վարդապետներին, Եկեղեցու հիմնադիրներին, աստուածապատիւ քահանայապետերին, Քրիստոսի սեղանակից իշխաններին, աթոռակից դատաւորներին, մեր հոգիների իրական ծնողներին եւ էլ ի՞նչ ասեմ՝ Քրիստոսի ճշմարիտ աշակերտներին եւ երանելի առաքեալներին, իրենց Արարչի հարազատ սիրելիներին, որդիներին ու բարեկամներին: Թող նրանց զօրաւոր մաղթանքները եւ շնորհաբաշխ օրհնութիւնը լինի բոլորիս վրայ, որպէսզի ընթանանք նրանց յետեւից, այն ճանապարհով, որ դէպի Աստուած է տանում եւ հասնենք նոյն երանութեանը մեր Տէր Յիսուս Քրիստոսով, Որին ամենակալ Հօր եւ կենդանարար Սուրբ Հոգու հետ փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս. ամէն:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Քրիստոսի տասներկու առաքեալների եւ Պօղոս առաքեալի յիշատակը տօնախմբում է Վարդավառի Բարեկենդանին նախորդող շաբաթ օրը:
[1] Ազատ — զերծ օտար կապերից, հարկերից, բռնութիւններից եւ այլն:
[2] Տես Ղեւտ. ԼԳ 9:
[3] Յովհ. ԺԷ 24:
[4] Յայտն. ԺԲ 1:
[5] Յայտն. ԻԱ 21:
[6] Բ Կորնթ. Զ 16:
[7] Մատթ. ԺԹ 28:
[8] Յայտն. ԻԱ 25:
[9] Յայտն. ԻԱ 14:
[10] Ա Կորնթ. Գ 11:
[11] Մատթ. ԺԶ 18:
[12] Յայտն. ԻԱ 19:
[13] Լաջվարդ — կապոյտ գոյն ունեցող քար, լազուրիտ:
[14] Յովհ. Ա 17:
[15] Ա Յովհ. Ա 2:
[16] Յովհ. Է 4:
[17] Զաք. Թ 16:
[18] Ա Կորնթ. ԺԲ 28:
[19] Մատթ. ԺԳ 16-17:
[20] Ղուկ Ժ 20:
[21] Ղուկ. ԻԲ 29-30:
[22] Սաղմ. ԺԸ 2:
[23] Յովհ. ԺԲ 26:
[24] Ղուկ. ԻԲ 28:
[25] Մատթ. ԺԳ 11:
[26] Յովհ. ԺԵ 14-15:
[27] Ա Կորնթ. Ա 26:
[28] Ա Կորնթ Է 20:
[29] Յայտն. Գ 11:
[30] Տե՛ս Կող. Ա 24:
[31] Յովհ. ԺԸ 36:
[32] Հռոմ. Ը 17:
[33] Գործք ԺԴ 21:
[34] Հռոմ. Ը 18:
[35] Ա Կորնթ. Բ 9
[36] Յովհ. ԺԶ 27:
[37] Մատթ. ԺԹ 27:
[38] Աստուածազան — աստուածանման, աստուածային:
[39] Սաղմ. ՁԱ 1:
Վերցված ՝ https://shavigh.am/ կայքէջից