Հռոմեացիներ 15.1-13
1 Մենք, որ ուժեղ ենք հաւատի մէջ, պարտաւոր ենք թոյլերի տկարութիւնը տանել եւ միայն մեզ համար հաճելի չլինել. 2 այլ մեզնից իւրաքանչիւր ոք թող ընկերոջը հաճելի լինի ի շինութիւն բարի գործերի. 3 քանզի Քրիստոս էլ ոչ թէ միայն իրեն հաճելի եղաւ, այլ, ինչպէս եւ գրուած է. «Քեզ նախատողների նախատինքներն ինձ վրայ ընկան»: 4 Ուրեմն, ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսն ընդունենք: 5 Եւ թող համբերութեան եւ ամենայն մխիթարութեան Աստուածը ձեզ շնորհ տայ, որ դուք համախոհ լինէք միմեանց՝ ըստ Յիսուս Քրիստոսի, 6 որպէսզի միասիրտ եւ միաբերան փառաւորէք Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը: 7 Ուստի, ընդունեցէ՛ք միմեանց, ինչպէս որ Քրիստոս ընդունեց ձեզ ի փառս Աստծոյ: 8 Ասեմ նաեւ, որ Քրիստոսի՝ թլփատուածներին սպասաւոր լինելը Աստծոյ ճշմարտութեան համար էր՝ հաստատուն դարձնելու համար հայրերին տրուած խոստումը: 9 Նաեւ հեթանոսները փառաւորում են Աստծուն նրա ողորմութեան համար, ինչպէս գրուած էլ է. «Դրա համար հեթանոսների մէջ գոհութիւն պիտի տամ քեզ եւ քո անուան համար սաղմոս պիտի երգեմ»: 10 Եւ դարձեալ ասում է, թէ՝ «Հեթանոսնե՛ր, ուրախացէ՛ք նրա ժողովրդի հետ»: 11 Եւ դարձեալ թէ՝ «Բոլո՛ր հեթանոսներ, օրհնեցէ՛ք Տիրոջը եւ գովեցէ՛ք նրան, բոլո՛ր ժողովուրդներ»: 12 Եւ դարձեալ Եսային ասում է. «Պիտի գայ Յեսսէի արմատը, եւ նա, որ պիտի կանգնի, իշխան է հեթանոսներին. նրա վրայ յոյս պիտի դնեն հեթանոսները»: 13 Թող յոյսի Աստուածը լիացնի ձեզ ամենայն ուրախութեամբ եւ խաղաղութեամբ, որպէսզի Սուրբ Հոգու զօրութեամբ դուք յոյսով առատանաք:
. ըստ Մատթեոսի 15.1-20
1 Այն ժամանակ Յիսուսին մօտեցան փարիսեցիներ ու օրէնսգէտներ, որոնք Երուսաղէմից էին, եւ ասացին. 2 «Ինչո՞ւ քո աշակերտները նախնիների աւանդութիւնը զանց են առնում, քանի որ, երբ հաց են ուտում, ձեռքները չեն լուանում»: 3 Նա պատասխան տուեց եւ ասաց նրանց. «Իսկ դուք ինչո՞ւ զանց էք առնում Աստծոյ պատուիրանը ձեր աւանդութեան պատճառով. 4 քանի որ Աստուած ասաց. “Մեծարի՛ր քո հօրը եւ մօրը”. 5 եւ՝ “Ով վատաբանում է հօրը կամ մօրը, մահուամբ պիտի պատժուի”: 6 Իսկ դուք ասում էք. “Ով իր հօրը կամ մօրը ասի, թէ՝ “Այն, ինչ ինձնից օգտուելու ես, Աստծուն ընծայ է”, այլեւս չի մեծարի իր հօրը կամ իր մօրը”. ուրեմն, Աստծոյ խօսքը արհամարհում էք ձեր աւանդութեան պատճառով: 7 Կեղծաւորնե՛ր, Եսային լաւ է մարգարէացել ձեզ վրայ եւ ասել. 8 “Այս ժողովուրդը շրթունքներով է ինձ մեծարում, բայց իրենց սիրտը հեռացած, բաժանուած է ինձնից. 9 զուր են ինձ պաշտում. մարդկանց կողմից պատուիրուած վարդապետութիւններ են ուսուցանում”»: 10 Եւ Յիսուս, իր մօտ կանչելով ժողովրդին, ասաց. «Լսեցէ՛ք եւ իմացէ՛ք. 11 ոչ թէ ինչ որ բերանով է մտնում, այն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից, այն է պղծում մարդուն»: 12 Այն ժամանակ նրա աշակերտները մօտեցան եւ ասացին նրան. «Գիտե՞ս, որ փարիսեցիները, երբ այդ խօսքը լսեցին, գայթակղուեցին»: 13 Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել, արմատախիլ պիտի արուի: 14 Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»: 15 Պետրոսը պատասխան տուեց նրան եւ ասաց. «Այս առակը բացատրի՛ր մեզ»: 16 Յիսուս ասաց. «Դեռեւս դո՞ւք էլ անհասկացող էք. 17 չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում: 18 Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ այն է մարդուն պղծում, 19 քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ: 20 Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում»: