Ելք 25.10-14
10 Վկայութեան տապանակ կպատրաստես կարծր փայտից: Երկուսուկէս կանգուն թող լինի դրա երկարութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա լայնութիւնը, մէկուկէս կանգուն՝ դրա բարձրութիւնը: 11 Այն կպատես մաքուր ոսկով՝ ներսից ու դրսից կոսկեզօծես այն: Դրա վրայ շուրջանակի կդնես ոսկէ պսակ: 12 Դրա համար չորս ոսկէ օղակներ կձուլես եւ կդնես դրա չորս կողմերին. երկու օղակները՝ մի կողմից եւ երկու օղակները՝ միւս կողմից: 13 Կարծր փայտից լծակներ կպատրաստես եւ դրանք կպատես ոսկով: 14 Լծակները կանցկացնես տապանակի կողքերին ամրացուած օղակների մէջ, որպէսզի դրանցով բարձրացնեն տապանակը:
Հեսու 3.14-4.18
3.14 Երբ ժողովուրդը Յորդանան գետն անցնելու համար դուրս ելաւ վրաններից, քահանաները վերցրին Տիրոջ ուխտի տապանակը եւ տարան ամբողջ ժողովրդի առաջից: 15 Երբ ուխտի տապանակը կրող քահանաները մտնում էին Յորդանան գետը, եւ տապանակը կրող քահանաների ոտքերը խրուեցին Յորդանան գետի ջրի մէջ – մինչ Յորդանան գետը գալիս էր ափէափ լցուած, ինչպէս ցորենի հնձի օրերին – 16 վերեւից իջնող ջրերը կանգնեցին՝ միաձոյլ, անջրպետուած, իրարից խիստ հեռացած՝ սկսած Ադամիտէս քաղաքից, որը Կարիաթարիմի մասն է. իսկ ցած իջնող ջրերը թափուեցին Արաբացիների ծովը՝ Աղի ծովը, մինչեւ որ իսպառ կտրուեցին, եւ ժողովուրդն արդէն կանգնած էր Երիքովի դիմաց: 17 Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները հաստատ կանգնեցին Յորդանան գետի հունի մէջ՝ ցամաքի վրայ: Եւ բոլոր իսրայէլացիներն անցան ցամաքով, մինչեւ որ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը:
4.1 Երբ ամբողջ ժողովուրդն աւարտեց Յորդանան գետի անցումը, Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. 2 «Ա՛ռ դու ժողովրդից տասներկու մարդ՝ ամէն ցեղից մի մարդ, 3 հրամա՛ն տուր նրանց ու ասա՛. “Այդտեղից՝ Յորդանան գետի միջից, հաստատ կանգնած քահանաների ոտնատեղերից տասներկու քարեր առէ՛ք, տարէ՛ք ձեզ հետ եւ դրէ՛ք ձեր այն բանակատեղիում, որտեղ իջեւանելու էք այս գիշեր”»: 4 Եւ Յեսուն տասներկու փառաւոր իսրայէլացիներ կանչեց՝ իւրաքանչիւր ցեղից մէկ մարդ, 5 եւ նրանց ասաց. «Իմ աչքի առաջ մօտեցէ՛ք Տիրոջը յանդիման՝ Յորդանան գետի մէջտեղում, եւ ամէն մէկդ այնտեղից Իսրայէլի ցեղերի թուի համեմատ մի քար վերցրէ՛ք ձեր ուսերին, 6 որպէսզի դրանք ձեզ համար միշտ նշան լինեն: Երբ վաղը ձեր որդիները ձեզ հարցնեն եւ ասեն՝ “Ի՞նչ են նշանակում այս քարերը ձեզ համար”, 7 դուք ձեր որդիներին կպատմէք եւ կասէք, թէ՝ “Յորդանան գետի ջրերը կտրուեցին ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակի առջեւ, երբ այն անցնում էր Յորդանան գետով. Յորդանան գետի ջուրը կտրուեց”: Այս քարերը յաւիտեան յիշատակ թող լինեն իսրայէլացիների մէջ»: 8 Եւ իսրայէլացիներն արեցին այնպէս, ինչպէս Տէրը պատուիրեց Յեսուին: Առնելով տասներկու քարեր Յորդանան գետի միջից, ինչպէս Տէրը հրամայել էր Յեսուին իսրայէլացիների անցնելուց յետոյ, դրանք իրենց հետ տարան բանակատեղի եւ դրեցին այնտեղ: 9 Յեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Յորդանան գետի մէջ՝ այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները. եւ մինչեւ այսօր դրանք այնտեղ են: 10 Տիրոջ ուխտի տապանակը տանող քահանաները կանգնեցին Յորդանան գետի մէջտեղում, մինչեւ որ Յեսուն աւարտեց հաղորդել այն ամէնը, որ Տէրը Յեսուին պատուիրել էր ժողովրդին ասելու, ճիշտ այնպէս, ինչպէս Մովսէսը պատուիրել էր Յեսուին: Եւ ժողովուրդը շտապեց ու անցաւ գետը: 11 Երբ ամբողջ ժողովուրդն անցաւ, Տիրոջ ուխտի տապանակն ու տասներկու քարերը տանողները անցան ժողովրդի առաջ: 12 Ռուբէնի որդիները, Գադի որդիները եւ Մանասէի կէս ցեղը սպառազինուած անցան իսրայէլացիների գլուխը, ինչպէս պատուիրել էր նրանց Մովսէսը: 13 Կռուի պատրաստ քառասուն հազար սպառազինեալներ անցան Տիրոջ առջեւ՝ պատերազմելու Երիքով քաղաքի դէմ: 14 Այդ օրը Տէրը մեծարեց Յեսուին Իսրայէլի ամբողջ ազգի առաջ. նրանից վախենում էին, ինչպէս որ վախենում էին Մովսէսից նրա կենդանութեան բոլոր օրերին: 15 Տէրը խօսեց Յեսուի հետ եւ ասաց. 16 «Հրամա՛ն տուր վկայութեան ուխտի տապանակը տանող քահանաներին, որ դուրս գան Յորդանան գետից»: 17 Եւ Յեսուն հրաման տուեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկէք Յորդանան գետից»: 18 Երբ Տիրոջ ուխտի տապանակը կրող քահանաները դուրս եկան Յորդանան գետի միջից, եւ քահանաները ոտք դրեցին ցամաքի վրայ, Յորդանան գետի ջուրը յետ իր տեղը դարձաւ եւ հոսեց իր ամբողջ հունով, ինչպէս երէկ եւ նախորդ օրը:
Ա Թագավորություններ 6.18-7.2
6.18 Յեքոնէի որդիները, սակայն, բեթսամիւսացիների նման չուրախացան, որ տեսել են Տիրոջ ուխտի տապանակը: 19 Տէրը նրանցից յիսուն հազար եօթանասուն մարդ կոտորեց: Ժողովուրդը սգի մէջ էր, քանզի Տէրը ժողովրդին մեծամեծ հարուածներ էր հասցրել: 20 Բեթսամիւսացի մարդիկ ասացին. «Ո՞վ կարող է կանգնել այս սուրբ Տէր Աստծոյ առաջ, եւ մեզնից ո՞ւմ մօտ կգնայ Տիրոջ ուխտի տապանակը»: 21 Եւ Կարիաթարիմի բնակիչների մօտ պատգամաւորներ ուղարկեցին, որ նրանց ասեն. «Այլազգիները վերադարձրին Տիրոջ ուխտի տապանակը, եկէ՛ք եւ այն ձեզ մօտ տարէ՛ք»:
7.1 Կարիաթարիմցիները եկան, այնտեղից հանեցին Տիրոջ ուխտի տապանակը եւ այն տարան Ամինադաբի տունը, որը բլրի վրայ էր: Նրա որդի Եղիազարին սրբագործեցին, որ պահպանի Տիրոջ ուխտի տապանակը: 2 Տապանակը Կարիաթարիմում դնելու օրից յետոյ բազում օրեր անցան՝ քսան տարի, եւ ամբողջ Իսրայէլը հայեացքը չէր կտրում Տիրոջից:
Բ Թագավորություններ 6.12-19
12 Դաւիթը գնաց, Տիրոջ տապանակը հանեց Աբեդդարի տնից եւ ուրախութեամբ բերեց Դաւթի քաղաքը: 13 Տապանակը տանողների հետ գնում էին պարողների եօթ խմբեր, զուարակ ու գառներ էին զոհ մատուցում: 14 Դաւիթը Տիրոջ առաջ տաւիղ էր նուագում: Նա պատմուճան էր հագել: 15 Դաւիթն ու Իսրայէլի ամբողջ տունը Տիրոջ տապանակը հանեցին ուրախութեան աղաղակ արձակելով ու փող հնչեցնելով: 16 Երբ տապանակը Դաւթի քաղաքին մօտեցաւ, Սաւուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից եւ տեսնելով, որ Դաւիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նուագարաններ նուագում, արհամարհեց նրան իր հոգում: 17 Տիրոջ տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ վրանի մէջ, որ Դաւիթը դրա համար էր կանգնեցրել: 18 Դաւիթը Տիրոջ առջեւ ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցեց: Երբ Դաւիթն աւարտեց ողջակէզներ ու խաղաղութեան զոհեր մատուցելը, Զօրութիւնների Տիրոջ անունից օրհնեց ժողովրդին: 19 Նա Իսրայէլի բոլոր բնակիչներին՝ Դանից մինչեւ Բերսաբէէ, տղամարդկանց թէ կանանց, ամէն մէկին բաշխեց հացի մի բլիթ, կասկարայի վրայ եփուած արմաւով խմորեղէն եւ չամչով կարկանդակ: Ժողովրդի ամբողջ բազմութիւնը գնաց իր տները:
Եբրայեցիներ 9.1-10
1 Առաջին ուխտն էլ ունէր պաշտամունքի կանոններ եւ երկրային սրբարան. 2 քանզի առաջին խորանը պատրաստուեց այսպէս. նրա մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջաւորութեան հացը. այս մասը կոչւում է սրբութիւն: 3 Եւ երկրորդ վարագոյրի յետեւում էր այն խորանը, որ կոչւում էր սրբութիւնների սրբութիւն, 4 որտեղ դրւում էր ոսկէ բուրվառը եւ ներսից ու դրսից ոսկով պատուած կտակարանների արկղը, որի մէջ կար ոսկէ սափորը՝ լի մանանայով, եւ Ահարոնի գաւազանը, որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները. 5 եւ նրա վրայ կանգնած էին փառքի քերովբէները, որ հովանի էին անում քաւութեան սեղանի վրայ. դրանց մասին այժմ մէկ առ մէկ խօսելու կարիք չկայ: 6 Եւ այս ամէնը այսպէս էր դասաւորուած. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում պաշտամունք կատարելու. 7 իսկ երկրորդ խորանը տարին մէկ անգամ միայն քահանայապետն էր մտնում. եւ այդ անում էր ոչ առանց զոհի արեան, 8 որ մատուցում էր իր եւ ժողովրդի մեղքերի համար: Սրանով Սուրբ Հոգին ցոյց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը յայտնուած չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը. 9 դա խորհրդանշան է ներկայ ժամանակի համար, երբ ընծայւում էին պատարագներ եւ զոհեր, որոնք չէին կարող կատարեալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը, այլ դրանք կապուած էին միայն կերակուրների, ըմպելիքների 10 եւ պէս-պէս լուացումների հետ, որոնք մարմնական ծիսակատարումներ էին՝ ի զօրու մինչեւ բարեփոխման ժամանակները:
Ավ. ըստ Մատթեոսի 5.17-20
17 Մի՛ կարծէք, թէ օրէնքը կամ մարգարէներին ջնջելու եկայ. չեկայ ջնջելու, այլ՝ լրացնելու: 18 Ճշմարիտ եմ ասում ձեզ. մինչեւ որ երկինք ու երկիր անցնեն, մի յովտ իսկ, որ մի նշանախեց է, օրէնքից եւ մարգարէներից չի անցնի, մինչեւ որ այս բոլորը կատարուի: 19 Ով որ այս պատուիրաններից, փոքրերից անգամ, մի բան ջնջի եւ մարդկանց այդպէս ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ով կատարի եւ ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի: 20 Բայց ասում եմ ձեզ, որ եթէ ձեր արդարութիւնը աւելի չլինի, քան օրէնսգէտներինը եւ փարիսեցիներինը, երկնքի արքայութիւնը չէք մտնի: