Ելք 19.9-13
9 Տէրն ասաց Մովսէսին. «Ահա ես քեզ մօտ պիտի գամ ամպի սեան մէջ, որ ժողովուրդը լսի այն, ինչ ես ասելու եմ քեզ, եւ նա յաւիտեան պիտի հաւատայ քեզ»: Մովսէսը ժողովրդի ասածը հաղորդեց Աստծուն: 10 Տէրն ասաց Մովսէսին. «Իջի՛ր, կարգադրի՛ր ժողովրդին, մաքրի՛ր նրանց այսօր եւ վաղը, նաեւ թող լուանան իրենց զգեստները, 11 որպէսզի երրորդ օրը պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տէրը ողջ ժողովրդի աչքի առաջ իջնելու է Սինա լեռան վրայ: 12 Ժողովրդի ու լեռան միջեւ տարածութիւն կթողնես եւ կասես. “Զգո՛յշ եղէք՝ լեռան վրայ մարդ չբարձրանայ ու դրան չմօտենայ, որովհետեւ ով մօտենայ լեռանը, մահուամբ պիտի պատժուի: 13 Լեռանը մօտեցողին որեւէ ձեռք չդիպչի, որովհետեւ դրան դիպչողը կքարկոծուի կամ նետահար կլինի. անասուն լինի թէ մարդ՝ չի ապրի”: Նրանք կարող են լեռը բարձրանալ միայն այն ժամանակ, երբ որոտները, շեփորահարութիւնն ու ամպը վերանան լեռան վրայից»:
Դ Թագավորություններ 2.9-12
9 Երբ նրանք անցան, Եղիան ասաց Եղիսէէին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ, քանի դեռ Տէրն ինձ քո մօտից չի վերացրել»: Եղիսէէն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ չափով ինձ վրայ լինի»: 10 Եղիան ասաց. «Դժուար բան խնդրեցիր, բայց եթէ քեզնից իմ երկինք բարձրանալու ժամանակ ինձ տեսնես, այդպէս թող լինի, ապա թէ ոչ՝ թող չլինի»: 11 Մինչ նրանք քայլում էին, մի հրեղէն կառք ու հրեղէն երիվարներ երեւացին, նրանց միմեանցից բաժանեցին, եւ Եղիան պտտահողմի մէջ դէպի երկինք վերացաւ: 12 Եղիսէէն նայեց ու աղաղակեց. «Հա՜յր իմ, հա՜յր իմ, Իսրայէլի կառքը եւ նրա հեծեալը»: Եւ այլեւս չտեսաւ նրան: Եղիսէէն իր հագուստները բռնեց ու պատռելով երկու կէս արեց:
Ա Հովհաննես 5.9-12
9 Եթէ ընդունում ենք մարդկանց վկայութիւնը, Աստծոյ վկայութիւնն, ինչ խօսք, աւելի մեծ է: Այս է Աստծոյ վկայութիւնը. այն, որ նա վկայեց իր Որդու համար: 10 Ով հաւատում է Աստծոյ Որդուն, նա իր մէջ իսկ ունի այս վկայութիւնը. ով չի հաւատում Աստծոյ Որդուն, սուտ է հանում Աստծուն, քանի որ չի հաւատում այն վկայութեանը, որն Աստուած վկայեց իր Որդու համար: 11 Եւ այս իսկ է վկայութիւնը. այն, որ Աստուած յաւիտենական կեանք տուեց մեզ. եւ դա այն կեանքն է, որ նրա Որդու մէջ է: 12 Ով ընդունում է Որդուն, ընդունում է նաեւ կեանքը. եւ ով չի ընդունում Աստծոյ Որդուն, չի ընդունում նաեւ կեանքը:
Ավ. ըստ Հովհաննեսի 1.1-17
1 Սկզբից էր Բանը եւ Բանը Աստծոյ մօտ էր եւ Բանը Աստուած էր: 2 Նա սկզբից Աստծոյ մօտ էր: 3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրա չեղաւ ոչինչ, որ եղել է: 4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: 5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց: 6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: 7 Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի Լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: 8 Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի Լոյսի մասին: 9 Նա էր ճշմարիտ Լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: 10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: 11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: 12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծոյ որդիներ, նրանց, որոնք իր անուանը կհաւատան: 13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ո՛չ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: 14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը՝ նման այն փառքին, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ: 15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից առաջ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: 16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան: