Դադիվանքի ներկա կառույցները 12-րդ դարից վաղ չեն: Այս վանքի պատմությունն ըստ էության Վերին Խաչենի իշխանական տան և նրա հոգևոր գործունեության մասին պատմություն է: Դադիվանքում իրականացված պեղումները երևան են բերել մի հին գերզմանական կառույցի (որի մանր, անկանոն քարերով կառուցված շրջանաձև դամբանափոսն իր կառուցվածքով մինչքրիստոնեական թաղման խուց է հիշեցնում) և նրա վրա ստեղծված մատուռի մնացորդները: 13-րդ դարի վերջին փորձ է արվել մեծ եկեղեցի կառուցել`մատուռը ներառելով բեմի տակ: Սակայն ինչ-ինչ պատճառներով այն ավարտին չի հասցվել: Նախքան 12-րդ դարի կեսերը, այս մատուռին կից հարավային կողմում կառուցվել է դեպի արևելք ուղղված, ուղղանկյուն խորանով միանավ եկեղեցի, որին արևմուտքից հարել է ուղղանկյուն սրահ-գավիթը։ Դադիվանքի Կաթողիկե եկեղեցին, որ համաձայն արձանագրության կառուցվել է 1214 թվականին, իր հյուսիս-արևմտյան անկյունով նույնպես կցված է միանավ եկեղեցուն (նկ. 1):
Նկ. 1 Սուրբ Դադիի գերեզմանը և կից կառույցները. 1 – գերեզմանը և մատուռը, 3 – վաղ բազիլիկ եկեղեցին, 8 – վաղ բազիլիկ եկեղեցու գավիթը, 6 – մեծ գավիթը, 7 – Աթանասի նախաձեռնած եկեղեցին, 4 – Կաթողիկե եկեղեցին, չափագրությունը՝ Ս. Այվազյանի։
Սուրբ Դադիի մասին
Սուրբ Դադիի և Դադիվանքի մասին առաջին գրավոր տեղեկությունը պահպանվել է 10-րդ դարում կազմված Մովսես Դասխուրանցու «Պատմություն Աղվանից» աշխատության մեջ` 9-րդ դարի դեպքերի կապակցությամբ. «Զայս Վարազ Տրդատ եւ զորդի իւր Ստեփաննոս Ներսեհ ի Փիլիպեան` ազգակիցն իւրեանց սպան ի միում ժամու ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք» (Կաղանկատուացի 1983, 340):
Մատենագրական հաջորդ տեղեկությունը հաղորդում է Մխիթար Գոշը (12-րդ դարի վերջ)։ 1145 թվականին Գանձակի համար մղվող կռիվներում Չոլի ամիրայի Արցախ կատարած ասպատակությունները նկարագրելիս, վերջինս նշում է, որ ավերվել է և Դադուի վանքը․ «զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք» (Կաղանկատուացի 1983, 353): Թե ինչու է վանքը առաքելադիր և ով է Դադուն, Մխիթար Գոշը ոչինչ չի հայտնում: Միայն կարելի է ենթադրել, որ վանքի առաքելական ծագումն արդեն հայտնի մի բան էր: Սրան էլ հավելենք, որ հեղինակը նույն տեղում հայտնում է, որ չնայած Չոլին մեկ տարի առաջ ավերել և գրավել է Արցախի ամրությունները, բայց ստիպված է եղել նորից արշավել «ի կողմն Խաչինոյ, Տանձեաց եւ Ադախայ, քանզի յառաջնում նուագին ոչ մնացին ընդ ձեռամբ նորա դղեակք այնոքիկ, զորս էառն, այլ սակաւ ինչ, մնացեալքն յազատացն անտի, որք էին ղողեալք յանտառս մայրեաց, առին դարձեալ զբերդ-ամրոցսն իւրեանց եւ դարձեալ ապստամբութեամբ վարէին ընդ տաճկացն» (Կաղանկատուացի 1983, 353):
Մոտավորապես այս ժամանակներին է վերաբերում (1140-ական թվականների սկիզբ) Խաչենի ավագ իշխան Հասան Վախթանգյանի ազատագրական պայքարի սկիզբը, որի մասին նա հայտնում է Դադիվանքում 1182 թվականին իր կողմից կանգնեցրած խաչքարի արձանագրության մեջ. «Ես Հասան որդի Վախտանգա, տէր Հաթերքո և Հանդաբերդոյ, Խաչինաբերդո և Հաւախաղացին կացի յաւագութեան ամս :Խ: Շատ պատերազմաւ եւ յաղթեցի թշնամեաց իմոց աւգնականութեամբն Աստուծոյ: Եւ եղեն ինձ :Զ: որդի, զբերդերս և զգաւառս ետու նոցայ և եկի ի վանքս մաւտ յիմ եղբայրս Գրիգորէս և եղէ կրաւնաւոր: Եւ բերի զխաչաքարս յԱզուա, շատ աշխատութեամբ և բազում հնարիւք եւ կանգնեցի սուրբ նշան հոգոյ իմո յիշատակ: Արդ, վասն ձեր հոգոյդ, որք ընթեռնոյք՝ զիս յաղաւթս յիշեցէք, ։ՈԼԱ։ (1182) թուիս» (ԴՀՎ 5, 198)։ Ինչպես տեսնում ենք այս արձանագրության մեջ վանքը հիշատակվում է առանց անվան հստակեցման։
Հետագա տեղեկությունները վերաբերում են 12-րդ դարի վերջին և 13-րդ դարի առաջին կեսին, երբ հայ իշխանական տները հայ-վրացական միացյալ զորքերի աջակցությամբ ազատագրում են իրենց կալվածքները սելջուկյան տիրակալներից: Ազատագրական այս պայքարն ընկալվում էր որպես սրբազան պատերազմ, արագ հզորացող իշխանական տները իրենց պայքարում տեղական սրբերը փոխարինում են համահայկական կամ ընդհանուր քրիստոնեական սրբերով (Պետրոսյան 2017, 236-237)։ Զաքարյանները ազատագրական պայքարի հիմնական սուրբ են դարձնում սուրբ Սարգսին (հատկապես նկատի ուենալավ նրա զորական կերպարը, հիշենք նաև, որ Սարգիս էր կոչվում և նրանց հայրը), Հասան-Ջալալյանները` Ստեփանոս նախավկային, ապա Հովհաննես Մկրտչին: Վերին Խաչենի կամ Հաթերքի տերեըը վերանորոգում են Դադոյի կամ Դադեի կերպարը՝ հիմքում ունենալով նրա անվան նմանությունը սուրբ Թադե-Թադեոսին և թերևս տեղական ինչ-ինչ ավանդազրույցներ: Ուշագրավ է, որ վանքի Կաթողիկե եկեղեցու պատին 1224 թվականին փորագրված արձանագրության մեջ Վերին Խաչենի և Ծարի իշխան, Հասանի և Դոփի որդի Գրիգորը վանքն անվանում է Դադի գերեզման. «Անուամբն Ա[ստուծո]յ՝ ես՝ Գրիգոր, որդի Հասանա, որ մեծ յուսով տուի ի Դադի գերեզմանս :Դ: տուն շինակ[ան] վ[աս]ն հոգո իմո, յառաջնորդութ[եա]ն տ[եառ]ն Գրիգորիսի. եւ սոքա տուին ինձ զտաւն սրբոյն Գրիգորի զամենայն եկեղեցիքս» (ԴՀՎ 5, 201, նկ. 2)։
13-րդ դարերի կեսերին Միքայել Ասորու ժամանակագրության թարգմանութան մեջ Վարդան Արևելցին ներմուծում է մի հատված, համաձայն որի «Թադէոս, մի յեւթանասնիցն, որ գնաց հրամանաւ Թադէի՝ ի Մեծն Հայք, և ի կողմանս հիւսիսոյ և լուեալ զմահն Աբգարու և դարձաւ և եմուտ ի Փոքր Սիւնիք և կրօնաւորեալ անդէն ծածկաբար վախճանեցաւ և տեղին շինեցաւ վանք և յանուն նորա կոչեցաւ» (Ասորի 1871, հավելված 33, հավանական է, որ Վարդանն էլ այս հատվածը վերցրել է իր ուսուցիչ Վանական վարդապետից, որտեղ սուրբը կոչվում է Դադիու, ինչպես որ Մխիթար Գոշի մոտ է, հմմտ. Ալիշան 1902, 22-23, Մաթևոսյան 2020, 26-28)։ Այսպիսով, փորձեր են արվել սրբի անունը ձևափոխել-համապատասխանացնել սուրբ Թադեոսի անվան հետ՝ որպես լրացուցիչ «ապացույց» նրա առաքելական ծագման։ Կարելի է եզրակացնել, որ Մխիթար Գոշն ու Վանական վարդապետը նոր շունչ են հաղորդել Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին տեղական ավանդույթներին՝ հիմնավորելով և ամրապնդելով համաքրիստոնեական սրբի նրա կերպարը՝ որպես Վերին Խաչենի իշխանական տան հովանավոր սուրբ:
Նկ. 2 Հասանի որդի Գրիգորի արձանագրությունը՝ Դադիի գերեզմանի հիշատակությամբ, լուս. Հ. Պետրոսյանի։
Սուրբ Դադիի մատուռն ու գերեզմանը
19-րդ դարի առաջին նկարագրություններում և հետազոտություններում Դադի գերեզմանը մատնանշող որևէ հստակ կառույց կամ գերեզման չկա։ Վերջինիս հնարավոր վայր էր համարվում հյուսիսային բազիլիկ մեծ եկեղեցին` թերևս նկատի ունենալով նրա անսովոր լայնությունը (որ կարող էր հիշեցնել նմանատիպ վաղքրիստոնեական տաճարները) և աբսիդում կանգնեցված` արտառոց մեծության սյունը (որը կարող էր հիշեցնել վաղքրիստոնեական կոթող, ինչպիսիք կանգնեցվում էին նաև սրբերի գերեզմանների վրա): Մերօրյա հետազոտությունները, սակայն, վկայում են, որ բազիլիկ եկեղեցու ներկա կառույցը պատկանում է 13-րդ դարի վերջին և ձեռնարկվել է վանքի վանահայր Աթանաս եպիսկոպոսի կողմից: Նույնը կարելի է ասել և բեմում կանգեցրած կոթողի մասին (նկ. 4), որը ծավալային լուծման և մշակման առումով մոտենում է եկեղեցու որմնասյուների խարիսխներին, իսկ խաչաքանդակներով ու, հավանական է, տարեթիվ ներկայացնող կցագիր արձանագրությամբ («Թ :ՊԺ:» — 1361 թ. կամ «ՊԺԹ» — 1370 թ.) վերաբերում է 13-14-րդ դարերին: Հարկ է նկատի ունենալ նաև, որ այս բազիլիկին հարավից կից ավելի վաղ կառուցված փոքրիկ բազիլիկ եկեղեցին և քիչ ավելի հարավ-արևելք գտնվող Կաթողիկեն (կառուցված 1214 թվականին` այսինքն, նորից ավելի վաղ, քան մեծ բազիլիկի առկա շինությունը) ունեն հյուսիսային մուտքեր: Հայտնի է, որ հայկական եկեղեցիները միայն եզակի դեպքում էին հյուսիսային մուտք ունենում` եթե տեխնիկապես հնարավոր չէր մուտքի բացում արևմուտքից կամ հարավից կամ եթե կային հատուկ ծիսական կամ դավանական հանգամանքներ: Քանի որ տվյալ դեպքում տեխնիկականը բացառվում է (փոքր բազիլիկը մուտք ունի նաև հարավից, իսկ Կաթողիկեն` արևմուտքից), մնում է ենթադրել, որ հյուսիսային մուտքերի առկայությունը պայմանավորված էր մեծ բազիլիկայի տարածքում ինչ-որ սրբության` տվյալ դեպքում Դադիին վերագրվող գերեզմանի առկայությամբ (հմմտ. Այվազյան 2015, 52-53): Կարելի է ենթադրել, որ ձեռնարկելով նոր եկեղեցու կառուցումը, Աթանաս վարդապետն արդեն ավերակ գերեզմանից ու մատուռից հանել էր կարևոր մասունքները՝ դրանք նոր կառույցում դնելու համար: Այդ մասին են վկայում նախաբեմը` որն ինքնին եզակի դրսևորում է հայ եկեղեցական ճարտարապետության մեջ և պատերի մեջ ընդգրկված զանազան քանդակազարդ խորշերը (նկ. 3):
Ինչ վերաբերվում է գերեզմանի ավերակներին, ապա դրանք ծածկել են եկեղեցու նախաբեմի և բեմի տակ։ Նկատենք, որ Դադիվանքի վերականգնող ճարտարապետ Ս. Այվազյանը ենթադրում է, որ Աթանասը ոչ թե եկեղեցի է նախաձեռնել և կիսատ թողել, այլ Դադիի գերեզմանի և մատուռի շուրջ ձևավորել է մի յուրօրինակ սրբացված տարածք (Այվազյան 2015, 56):
Իրոք, ինչպես ցույց տվեցին պեղումները, եկեղեցու նախաբեմի և բեմի տակ են ներառվել մոտավոր ձվաձև կտրվածքով, մանր անմշակ քարերով շարված դամբանափոսը և նրա վրա կառուցված մատուռը (նկ. 4, 5)։ Պեղումները երևան են բերել փայտե գահավորակի մնացորդներ (նկ. 6), օնիքսից պատրաստված գավազանի գլուխ, մարդկային ոսկորներ, որոնք վերաբերում են 13-րդ դարին (պեղումների առաջին փուլն իրականացրել է Համլետ Պետրոսյանը, տե՛ս Պետրոսյան 2007, երկրրոդ փուլը՝ Գագիկ Սարգսյանը, ճարտարապետ՝ Սամվել Այվազյան, տե՛ս Այվազյան, Սարգսյան 2012, 1-11, Այվազյան 2015, 68-73)։ Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ 13-րդ դարի վերջին Աթանաս վարդապետը նոր եկեղեցու բեմի և նախաբեմի տակ է ներառել արդեն խարխուլ կառույցները, իսկ առանձնացրած մասունքների համար նախաբեմի պատերում ստեղծել է մի շարք քանդակազարդ խորշեր։ Հայր Աթանասը չի ավարտել եկեղեցու կառուցումը և այն այդպես էլ մնացել է բացօթյա կառույցի տեսքով:
Նկ. 3 Հայր Աթանասի եկեղեցու նախաբեմի հյուսիսիային պատը՝ մասունքների համար նախատեսված խորշերով, լուս. Հ. Պետրոսյանի։
Նկ. 4 Դադիի գերեզմանի պեղումների առաջին փուլը, լուս. Հ. Պետրոսյանի։
Նկ. 5 Դադիի գերեզմանի պեղումների առաջին փուլը, չափագրությունը Ս. Այվազյանի։
Նկ. 6 Գահավորակի մնացորդները, լուս. Հ. Պետրոսյանի։
Գրականություն
- Ալիշան 1902 – Ալիշան Ղ., Արշալոյս քրիստոնեութեան Հայոց, Վենետիկ, սբ. Ղազար։
- Այվազյան 2015 – Այվազյան Ս., Դադի վանքի վերականգնումը 1997-2011 թվականներին, Երևան, ՀՃՈՒ հրատ.։
- Այվազյան, Սարգսյան 2012 — Այվազյան Ս․, Սարգսյան Գ․, Դադիվանքում 2008 թ․ կատարված պեղումները, «Վարձք», թիվ 7, էջ 1-11։
- Ասորի 1871 — Ժամանակագրութիւն Տեառն Միխայէլի Ասորւոց պատրիարքի, յԵրուսաղէմ։
- ԴՀՎ 5 – Դիվան հայ վիմագրության, պր․ 5, Արցախ /կազմեց՝ Ս․ Բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982։
- Կաղանկատուացի 1983 – Մովսէս Կաղանկատուացի, Պատմութիւն Աղուանից աշխարհի, ՀՀ ԳԱԱ հրատ․, Երևան։
- Մաթևոսյան 2018 – Մաթևոսյան Կ., Դադիվանքը և նրա որմնանկարները, Դադիվանք. վերածնված հրաշալիք, Երևան, էջ 25-40։
- Պետրոսյան 2007 – Պետրոսյան Հ., Դադիվանքի բազիլիկ մեծ եկեղեցու աբսիդի հատվածում 2007 թ. հուլիսին կատարված հետախուզական պեղումների նախնական հաշվետվությունը, Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի արխիվ:
- Պետրոսյան 2017 – Պետրոսյան Հ., Վաճառի սուրբ Ստեփանոս վանքի պեղումները և համաքրիստոնեական սրբերի ու մասունքների արդիականացման խնդիրները 13-րդ դարում, Հայաստանը և արևելաքրիստոնեական քաղաքակրթությունը, Միջազգային գիտաժողովի զեկուցումներ և զեկուցումների դրույթներ, Երևան, «Գիտություն» հրատ., էջ 231-237:
Վերցված Է՝:https://monumentwatch.org/ — ից