Իմաստ. Սողոմոնի 1.1-7
1 Սիրեցէ՛ք արդարութիւնը, երկրի՛ դատաւորներ: Բարի՛ խորհեցէք Տիրոջ մասին եւ պարզ սրտով փնտրեցէ՛ք նրան: 2 Աստուած պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, եւ պիտի երեւայ նրանց, ովքեր թերահաւատ չեն նրա նկատմամբ: 3 Արդարեւ, անիրաւ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զօրութիւնը փորձելու համար Աստուած յանդիմանում է անզգամներին: 4 Իմաստութիւնը չի մտնի չարանենգ անձի մէջ եւ ոչ էլ կբնակուի այն մարմնի մէջ, որ մեղք է գործում: 5 Իմաստուն եւ անբիծ հոգին փախչում է նենգութիւնից ու մերժում անմիտների խորհուրդները, եւ երբ անիրաւութիւն է վրայ հասնում, յանդիմանում է այն: 6 Իմաստուն եւ մարդասէր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետեւ Աստուած վկայ է նրա ներքին ցանկութիւններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզուի ունկնդիրը: 7 Արդարեւ, Տիրոջ Հոգին լցնում է տիեզերքը, եւ նա, որ պահում է ամէն ինչ, գիտէ, թէ ով ինչ է բարբառում:
Երեմիա 16.16-21
16 «Ահաւասիկ ես կ՚ուղարկեմ բազում ձկնորսների, — ասում է Տէրը, — եւ նրանք կ՚որսան նրանց. այնուհետեւ կ՚ուղարկեմ բազում որսորդների, եւ նրանք կ՚որսան նրանց բոլոր լեռների վրայ, բոլոր բլուրների վրայ ու ժայռերի ծերպերից: 17 Իմ աչքը նրանց բոլոր ճանապարհներին է. նրանք իմ տեսողութիւնից չեն թաքնուել, ոչ էլ նրանց անիրաւութիւններն են ծածկուել իմ աչքերի առաջ: 18 Ես նախ նրանց կրկնակի կը հատուցեմ իրենց անիրաւութիւնների դիմաց, նաեւ նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց գարշելի մեռելոտիներով եւ իրենց անօրէնութիւններով լցրին իմ ժառանգութիւնը»: 19 Տէ՛ր, ո՛վ իմ զօրութիւն, իմ օգնութիւն եւ չար օրերի իմ ապաւէն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մօտ են գալու եւ ասելու. «Ինչպէ՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար: 20 Մի՞թէ մարդ ինքն իր համար աստուածներ կը շինի, բայց չէ՞ որ նրանք աստուածներ չեն»: 21 «Դրա համար էլ այժմ ես նրանց ցոյց կը տամ իմ ձեռքը, ճանաչել կը տամ նրանց նաեւ իմ զօրութիւնը, ու թող գիտենան, որ իմ անունը Տէր է»:
Ա Կորնթացիներ 12.28-13.10
12:28 Եւ ում որ Աստուած կարգեց եկեղեցու մէջ, սրանք են. նախ՝ առաքեալներ, երկրորդ՝ մարգարէներ, երրորդ՝ ուսուցանողներ, ապա՝ զօրաւոր գործեր կատարելու շնորհներ, ապա՝ բժշկելու շնորհներ, օգնելու, կառավարելու շնորհներ, տեսակ-տեսակ լեզուներ խօսելու շնորհներ, լեզուների թարգմանութեան շնորհներ: 29 Մի՞թէ բոլորն էլ առաքեալներ են. մի՞թէ բոլորն էլ մարգարէներ են. մի՞թէ բոլորն էլ ուսուցանողներ են. մի՞թէ բոլորն էլ զօրութիւններ գործողներ են. 30 մի՞թէ բոլորն էլ բժշկելու շնորհ ունեն. մի՞թէ բոլորն էլ լեզուներ են խօսում. մի՞թէ բոլորն էլ թարգմանում են: 31 Բայց դուք նախանձախնդիր եղէք լաւագոյն շնորհներին: Եւ ես առաւել լաւ ճանապարհ ցոյց կտամ ձեզ:
13:1 Եթէ խօսեմ մարդկանց լեզուները եւ հրեշտակներինը, բայց սէր չունենամ, կնմանուեմ մի պղնձի, որ հնչում է, կամ՝ ծնծղաների, որ ղօղանջում են: 2 Եւ եթէ մարգարէութիւն անելու շնորհ ունենամ եւ հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտութիւնը եւ եթէ ունենամ ամբողջ հաւատը՝ մինչեւ իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սէր չունենամ, ոչինչ եմ: 3 Եւ եթէ իմ ամբողջ ունեցուածքը տամ աղքատներին եւ իմ այս մարմինը մատնեմ այրուելու, բայց սէր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենայ: 4 Սէրը համբերող է, քաղցրաբարոյ է. սէրը չի նախանձում, չի ամբարտաւանանում, չի գոռոզանում, 5 անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկութեամբ չի գրգռւում, չար բան չի խորհում, 6 անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ. 7 ամէն բանի դիմանում է, ամէն բանի հաւատում է, մշտապէս յոյս է տածում, ամէն բանի համբերում: 8 Սէրը երբեք չի անհետանում. թէ մարգարէութիւններ են, պիտի չքանան. թէ լեզուներ՝ պիտի լռեն. թէ գիտութիւն՝ պիտի անցնի. 9 քանզի շատից քիչը գիտենք եւ շատից քիչն ենք մարգարէանում: 10 Իսկ երբ գայ կատարեալը, շատից քիչը կանհետանայ:
Ավ. ըստ Ղուկասի 9.1-6
1 Եւ նա, կանչելով տասներկու առաքեալներին, նրանց զօրութիւն եւ իշխանութիւն տուեց բոլոր դեւերի վրայ, նաեւ՝ բժշկելու հիւանդութիւնները: 2 Եւ ուղարկեց նրանց քարոզելու Աստծոյ արքայութիւնը եւ բժշկելու ախտերով վարակուածներին: 3 Եւ ասաց նրանց. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք՝ ո՛չ գաւազան եւ ո՛չ մախաղ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. երկու հագուստ մի՛ ունեցէք. 4 որ տունն էլ մտնէք, այնտեղ գիշերեցէք եւ ապա այնտեղից գնացէ՛ք: 5 Եւ նրանք, որ ձեզ չեն ընդունի, որպէս վկայութիւն նրանց դէմ՝ ձեր ոտքերի փոշին թօթափեցէ՛ք, երբ այդ քաղաքից դուրս ելնէք»: 6 Եւ նրանք ելան եւ շրջում էին քաղաքներում ու գիւղերում, աւետարանում էին եւ բժշկում ամէն տեղ: