ՍՈՒՐԲ ԹԱԴԷՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՅՍԻ ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ
«Քեւ պարծի այսօր սուրբ եկեղեցի. ով վկայուհի սուրբ Սանդուխտ.
Որ զհայրականն քո թողեր զպաշտօն. վասն Քրիստոսի հեղեր զարիւն քո սուրբ:
Աշակերտեցար առաքելոյն Թադէոսի եւ ի հաւատս ճշմարիտս հաստատեցար.
Ոչ խառնակելով ընդ հեթանոսական պաշտօնսն. արժանի եղեր վերանալ առ Հայր:
Որ զտիկնութեանն քո թողեր զփառս. եւ աստուածային փառօքն զարդարեցար.
Այսօր դասակցեալ ընդ զուարթունս երկնից, վասն մեր առ Տէր բարեխօսեա»:
(Շարակնոց)
Հայաստանեայց առաջին հոգեւոր հայրը՝ սուրբ Թադէոս առաքեալը, Սուրբ Գրքում հիշվում է որպես Ղեբեոս, որ Թադեոս կոչվեց (Մատթ. 10:3) կամ Հակոբի որդի Հուդա (Ղուկ. 6:16):
Գալով ասորիների երկիրը՝ Միջագետք եւ Հայաստան, սուրբ Թադէոսն սկսեց քարոզել ու սերմանել կենաց խօսքը իրեն վիճակուած այդ տարածքներում, հրաշքներ գործել Յիսուս Քրիստոսի անուամբ: Ապա հասաւ Եդեսիա (Ուրֆա)՝ հայոց Աբգար արքայի թագաւորանիստ քաղաքը, որը թագաւորում էր նաեւ բոլոր ասորի իշխանների վրայ, քանի որ Միջագետքի բոլոր շրջանները գտնւում էին մեր Արշակունի թագաւորների իշխանութեան տակ:
Թադէոսը նախ իջեւանեց հայոց մեծ նախարարի՝ Տուբիա Բագրատունու տանը, եւ այնտեղ սկսեց պէս-պէս ախտերից ու հիւանդութիւններից բժշկել շատերին եւ Սուրբ Հոգու շնորհներով լուսաւորել նրանց երկնային լոյսով: Նրա գալստեան լուրը հասաւ թագաւորի ականջին, ում համար առաւելապէս ուղարկուել էր, իսկ արքան, լսելով Թադէոսի գործերի մասին, անմիջապէս հասկացաւ, որ նա է Քրիստոսի առաքեալը եւ Քրիստոսի կողմից իր մօտ ուղարկուածը, որի համար մեծ ցանկութեամբ եւ մեծարանքով նրան արքունիք հրաւիրեց: Եւ երբ Աբգար թագաւորը հանդիպեց սուրբ Թադէոսին ու տեսաւ սուրբ առաքեալի դէմքի սքանչելի կերպարանքը, որ նման էր Աստուծոյ կողմից ուղարկուած երկնային լուսափայլ հրեշտակի, պատուեց երկիւղով, ընկաւ իր երեսի վրայ եւ երկրպագեց նրան: Իսկ սուրբ Թադէոսը կանգնեցրեց նրան, իր ձեռքը դնելով նրա վրայ՝ ամբողջովին բժշկեց իր բազմամեայ ցաւերից եւ նրա ողջ տունը լուսաւորեց Քրիստոսի հաւատով: Արքունիքից բժշկեց նաեւ Աբդիոսի որդուն՝ պատուական այր Աբդիուին: Եւ այդպէս քաղաքի ամբողջ բազմութեան առաջ օրըստօրէ հրապարակաւ քարոզելով Քրիստոս Աստուծոյ հաւատը, լուսաւորեց նրանց սուրբ Աւազանի մկրտութեամբ՝ թագաւորով հանդերձ, որից յետոյ թագաւորն ինքը դարձաւ ճշմարտութեան ճանապարհի քարոզիչը՝ բոլորին յորդորելով դէպի բարին:
Այնտեղ՝ Եդեսիայում, գտնւում էր Քրիստոսի անձեռագործ դաստառակը, որը որպէս ընծայ վաղօրօք ուղարկուել էր Աբգար թագաւորին, եւ բոլոր առաքեալներից առաջինը սուրբ Թադէոսն էր, որ հիմնեց առաջին եկեղեցին, ուր դրեց սուրբ դաստառակը: Կարգեց քահանաներ եւ սպասաւորներ, ձեռնադրեց Ադդէ անունով կերպասագործ մէկին, որն, ինչպէս ասում են, Բագրատունիներից էր եւ որին յետագայում աշակերտ դարձրեց: Անվրէպ կանոններ սահմանելով նրա համար՝ առաքեալը Աստուծոյ հօտը յանձնեց նրա ձեռքը, ապա օրհնելով թագաւորին եւ նրա հաւատացեալ ժողովրդին՝ թողեց իր աշակերտներից ոմանց՝ հոգեւոր վերակացութեան եւ Ադդէ հայրապէտին գործակից լինելու համար: Այնուհետեւ վերցրեց իր միւս աշակերտներին եւ ուղղուեց դէպի Հայոց ներքին շրջանները՝ իր հետ տանելով Աբգար թագաւորի հրովարտակը՝ ուղղուած նրա քեռորդի Սանատրուկին, որը նստում էր Արտազ գաւառի Շաւարշան քաղաքում՝ որպէս արքայի փոխանորդ եւ արքունի զօրքերի իշխան:
Հասնելով այնտեղ՝ սուրբ առաքեալն սկսեց նշաններով եւ Սուրբ Հոգու զօրութեամբ բոլորին քարոզել կենաց խօսքը: Նրանցից շատերը հաւատացին Քրիստոսին, այդ թւում նաեւ Սանատրուկն ինքը, սակայն ոչ կատարեալ սրտով. նա կամենում էր թագաւորել ու գիտէր, որ դիցապաշտ նախարարները չէին հանդուրժի որեւէ հաւատացեալ թագաւորի, որի պատճառով տեղ չտուեց սուրբ Թադէոսին՝ երկար ժամանակ իր մօտ մնալու համար:
Այնժամ սուրբ Թադէոսը Զաքարիա անունով իր աշակերտներից մէկին թողեց այդտեղ, իսկ ինքն սկսեց շրջել Մեծ Հայքի տարբեր կողմերում՝ մինչեւ Աղուանքի սահմանները: Կարճ ժամանակ անց տեսաւ, որ գրեթէ բոլորն ընկղմուած էին հեթանոսութեան խոր խաւարի մէջ, եւ շատ քչերն էին յօժարում ընդունել աստուածգիտութեան լոյսը: Սակայն ուր էլ որ հաւատացեալ աշակերտներ ունեցաւ, նրանցից քահանաներ ձեռնադրեց, որպէսզի քրիստոնէութիւնն արմատանայ գոնէ ծածկապէս: Սուրբ Թադէոսը գնաց նաեւ Գամիրքի Մաժակ քաղաքը, որը գտնւում է կապադովկիացիների երկիր Կեսարիայում: Այնտեղ նա եկեղեցի հիմնեց եւ իրեն աշակերտողներից Թէոփիլոս անունով մէկին ձեռնադրեց եպիսկոպոս, որին առաքելական շաւղով յաջորդեցին միւսները:
Մինչ սուրբ առաքեալը շրջում էր քարոզելով, մեռաւ երանելի Աբգար թագաւորը, եւ Մեծ Հայքում թագաւորեց Սանատրուկը՝ հաստատելով իր հեթանոսական կրօնը: Կարճ ժամանակ անց, երբ մեռաւ նաեւ Աբգարի որդին, Սանատրուկը տիրացաւ նաեւ նրա իշխանութեանը եւ ահարկու եղաւ ամենքի համար:
Այդ շրջանում, երբ սուրբ Թադէոսը մօտեցաւ Միջագետքի սահմաններին՝ այցելելու իր աշակերտներին, ճանապարհին պատահեցին հինգ պատուական եւ թագաւորազուն այրեր, որոնք որպէս դեսպաններ Հռոմից գալիս էին Սանատրուկի մօտ: Նրանցից գլխաւորի անունը Խռիւսի էր, որ նշանակում է ոսկի: Երբ սրանք լսեցին սուրբ Թադէոսի քարոզութիւնը եւ տեսան նրա հրաշագործութիւնները, հաւատացին Քրիստոսին, մկրտուեցին նրա ձեռամբ ու աշակերտեցին նրան, իսկ սուրբը երանելի Ոսկիին քահանայ ձեռնադրեց: Սրանք որոշ ժամանակ շրջեցին առաքեալի հետ՝ քարոզելու, իսկ յետոյ Ծաղկեայ լեռներում՝ Եփրատի ակունքների մօտ, առանձնացան ճգնարաններում, որտեղ էլ շատ ժամանակ անց նահատակուեցին Սուքիասեաններին աշակերտներ դարձնելու պատճառով:
Այնուհետեւ սուրբ Թադէոսն այդտեղից ուղղուեց դէպի Արտազ գաւառ՝ հաստատելու իր առաջին աշակերտներին: Իսկ Սանատրուկ թագաւորն առժամանակ լուռ էր, որովհետեւ տեսնում էր այն մեծամեծ հրաշքները, որ գործում էր երանելի առաքեալն ամբողջ աշխարհազօր բանակի մէջ եւ բժշկում հիւանդութեան բոլոր ախտերը: Արքունի դռնից շատերը գալով լսում էին սուրբ առաքեալի Աւետարանի քաղցրաբարբառ քարոզութիւնը եւ հիանում այն հրաշքների վրայ, որ կատարւում էին նրա ձեռքով, քանզի տեսնում էին, որ մաքրում էր բորոտներին, քայլեցնում կաղերին, հանում դեւերին եւ Քրիստոսի անուամբ փարատում բոլոր անբուժելի ցաւերը, որի համար շատերը հաւատացին Քրիստոսին եւ միացան առաջին հաւատացեալներին:
Այս մասին լսեց նաեւ թագաւորի դուստրը՝ կոյս օրիորդ Սանդուխտը: Նա դեռահաս, ծաղկահասակ տարիքում էր, ըստ ոմանց՝ տասնհինգամեայ, սակայն իմաստուն էր մտքով, վայելչատես եւ գեղանի: Նա, գիշերը գալով սուրբ առաքեալի մօտ, նստեց նրա ոտքերի տակ ու ախորժաբար լսեց Աւետարանի քարոզութեան խօսքերը եւ մէկ առ մէկ սովորեց փրկչական բոլոր խորհուրդները: Քաղցրանում էր նրա հոգին, ընկնում էր սուրբ Թադէի ոտքերը եւ համբուրում արտասուքներով՝ ընդունելով նրան որպէս իր հոգեւոր հայր: Շատ օրեր չէր հեռանում նրա մօտից, մինչեւ որ հոգին բորբոքուեց Քրիստոսի սիրով եւ միաւորուեց Նրան: Տեսնելով Քրիստոսի հանդէպ նրա ջերմեռանդ սէրը՝ սուրբ առաքեալը մկրտեց նրան Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, եւ ահա նոյն պահին սուրբ կոյս Սանդուխտի վրայ երկնքից լուսեղէն նշան երեւաց: Լոյսի միջից լսւեց երկնային հրեշտակների ձայնը, որն ասում էր. «Զուարճացի՛ր եւ ուրա՛խ եղիր, դո՛ւստր գովելի եւ բարի հա՛րս երկնաւոր Փեսայի»: Շատերը տեսնելով այս լոյսը եւ լսելով Ձայնը՝ հաւատացին Քրիստոսին, իսկ հաւաքուած դիցապաշտ քրմերից ոմանք իսկոյն գնացին եւ այս ամէնը պատմեցին իրենց խստերախ Սանատրուկ թագաւորին: Այնժամ չարութեամբ զինուած անօրէն արքան իսկոյն հրամայեց բռնել ու կապել Թադէոսին, սրի քաշել հաւատացեալներին, իսկ նրանց գլխաւորներին գանահարել եւ բանտարկել, որոնց մէջ էր նաեւ Սանդուխտը:
Եւ երբ շատերին սրով կոտորեցին, երկնքից նշան եղաւ. ահա սաստիկ մեծ ու ահաւոր լոյս ծագեց Քրիստոսի անուան համար նահատակուածների վրայ, որը տեսնելով՝ շատերը հաւատացին Քրիստոսին, իսկ անհաւատները պատուեցին երկիւղով: Նրանցից շատերը կուրացան լոյսի ճառագայթներից եւ չհամարձակուեցին բռնել սուրբ առաքեալին: Այնժամ Փրկիչը երեւաց բարձունքներից եւ ասաց. «Ամո՛ւր եղիր, Թադէո՛ս, քանզի Ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»: Սուրբ Թադէոսը, տեսնելով իր Վարդապետին եւ Քրիստոս Փրկչին, լցուեց անպատում ուրախութեամբ եւ, արտասուքներով ընկնելով Նրա առաջ, ասաց. «Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, ինձ մի՛ լքիր: Ահա Քո զօրութեամբ ու հրամանով եկել եմ այս բարբարոս ազգի եւ թագաւորի մօտ: Ինչպէս որ պատուիրեցիր, ես քարոզեցի Քո սուրբ Աւետարանի խօսքերը, որոնք դրեցիր իմ բերանում, սակայն նրանք չկամեցան լսել: Իսկ ովքեր հաւատացին Քեզ, կոտորուեցին սրով, եւ ոմանց էլ բանտարկեցին՝ տանջանքների մատնելով: Նրանք կամենում էին ձեռք բարձրացնել նաեւ ինձ վրայ, սակայն սասանուելով Քո ահաւոր փառքից, փախուստ տուեցին եւ չկարողացան մօտենալ ինձ»: Եւ Տէրն ասաց. «Ե՛լ, յանդիման եղի՛ր դրանց եւ համբերի՛ր, որովհետեւ բազում նեղութիւններ պիտի հասնեն քեզ: Շատից քչերը պիտի ընդունեն Իմ Աւետարանի քարոզութիւնը: Ես կը պահպանեմ նրանց ու դէպի Ինձ կը դարձնեմ, իսկ ովքեր կը նահատակուեն Իմ անուան համար, Հօրս տան մէջ նրանց համար օթեւաններ կը պատրաստեմ»: Թադէոսն ասաց Տիրոջը. «Տէ՛ր, ես եւս շտապում եմ հասնել Քո Աստուածութեան լոյսին եւ Քո լուսեղէն փառքի մէջ պարուրուել երկնային լոյսով»: Տէրն ասաց. «Ցնծա՛ եւ ուրա՛խ եղիր, որովհետեւ Ես կը կատարեմ քո խնդրանքը»: Այս ասելով՝ օրհնեց նրան ու համբարձուեց:
Այդ գիշեր սուրբ առաքեալն ինքնակամ եւ մեծ ուրախութեամբ գնաց արքունի բանտ, ուր պահում էին սուրբ Սանդուխտին եւ նրա հետ՝ իշխանազուն այլ հաւատացեալների: Եւ ահա դռներն ինքնին բացուեցին, ու սուրբ Թադէոսը ներս մտաւ՝ ասելով. «Խաղաղութի՛ւն ձեզ, Քրիստոսի սիրելինե՛ր»: Նրան տեսնելով՝ երանելի բանտարկուածները զօրացան: Ապա Մեծն Թադէն մօտեցաւ Սանդուխտ կոյսին, որը ոսկէ կամարների ու զարդերի փոխարէն շղթաներ էր կրում, համբուրեց նրա կապանքները եւ ասաց նրան. «Երանի՜ քեզ, դո՛ւստր երկնաւոր Թագաւորի»: Սուրբ Սանդուխտն էլ համբուրեց առաքեալի ոտքերը ու մեծ փափագով խնդրեց նրան դարձեալ կենաց խօսքեր ասել՝ սփոփուելու եւ իր անձը մինչեւ վերջ անարատ պահելու համար, իսկ սուրբ առաքեալը բարէյորդոր խօսքերով ասաց նրան. «Զօրացի՛ր եւ մարտնչի՛ր հաւատի բարի պատերազմում: Սրտումդ պահի՛ր Քրիստոսին, կանչի՛ր Նրան քո ամբողջ սրտով, եւ Նա քեզ օգնութեան կը հասնի ու կը զօրացնի՝ ամաչեցնելով քո հակառակորդներին: Թող քեզ քաղցր չթուայ երկրային ու անցաւոր սէրը, որն այսօր կայ, իսկ վաղը չի լինելու եւ հետքն իսկ չի երեւալու: Այլ հաւատով, յոյսով եւ Քրիստոսի սիրով ամրացրո՛ւ քեզ, ու չարը քեզ չի՛ մերձենայ, նրա հնարքները չեն կարող զրկել քեզ յաւիտենական յոյսից եւ անանց ուրախութիւնից, որոնք սուրբերի եւ Իր անունը սիրողների հետ պիտի վայելես քո կամաւոր նահատակութեան միջոցով, որ պիտի ընդունես Քրիստոս Աստուծոյ անուան համար»:
Այսպէս սրտապնդելով բոլորին եւ հաստատելով Քրիստոսի սիրով՝ սուրբ Թադէոսը հրամայեց լռութեամբ աղօթել: Եւ ինքն էլ, ձեռքերը դէպի երկինք տարածած, աղօթեց՝ ասելով. «Գոհանում եմ Քեզնից, Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, Յիսուս Քրիստո՛ս, Աստուծոյ Միածին Որդի՛, որ աշխարհ եկար մարդկային ազգի փրկութեան համար, Քո երկնային բնակութիւնից նայի՛ր Քո Սանդուխտ աղախնուն, որը Քեզ ընծայեց իր երտասարդութիւնը: Տէ՛ր, պահպանի՛ր նրան՝ իր ընկերներով հանդերձ, զօրացրո՛ւ նրան առաջիկայ մրցապայքարում, ծագեցրո՛ւ Քո Աստուածութեան լոյսը նրանց վրայ եւ ամաչեցրո՛ւ խաւարակուլ թշնամուն: Ցո՛յց տուր Քո զօրութեան նշանը մարմնապէս վտանգուած այս անձանց, որովհետեւ նրանք Քոնն են: Թող նրանք յաւիտեան զօրաւոր լինեն Քո ահեղ անունով, քանզի Դու ես միայն աստուածների Աստուածը եւ տէրերի Տէրը եւ Քեզ վայել է փառք յաւիտեան»:
Երբ սուրբն աւարտեց իր աղօթքը, յանկարծակի սաստիկ թնդիւն եղաւ, բանտի ձեղունը վեր բարձրացաւ, եւ արեգակի ճառագայթներից առաւել սաստիկ լոյս ծագեց երկնքից, որի միջից երկնային աւետման ձայն լսուեց՝ ուղղուած նահատակներին. «Քաջալերուէ՛ք եւ հաստատուն մնացէ՛ք, որովհետեւ Ես պիտի գամ եւ Ձեզ Ինձ մօտ պիտի տանեմ: Դո՛ւ, Սանդո՛ւխտ, որ եկար Իմ յետեւից, արհամարհեցիր երկրաւոր պատիւները եւ Ինձ Հայր կոչեցիր, քեզ պիտի տամ գերագոյն լոյսը՝ առաւել պայծառ, քան շատ-շատերին»:
Երբ բանտարկուած սուրբերը լսեցին երկնաւոր ձայնը, արձակուեցին նրանց կապանքները, բժշկուեցին նրանց մարմնի անդամները, եւ միաբան փառաւորեցին Քրիստոս Աստծուն՝ ասելով. «Տէ՛ր Յիսուս Քրիստո՛ս, Աստուա՛ծ մեր, գոհանում ենք Քո մարդասիրութիւնից, որ փնտռելով գտար ու այցելեցիր կորուսեալներիս, փրկեցի՛ր դիցապաշտութիւնից եւ յաղթող դարձրիր աներեւոյթ թշնամու դէմ, սփոփեցիր մեզ Քո այցելութեամբ եւ այսպիսի սքանչելի երեւմամբ: Արդ, մենք ի՞նչ կարող ենք հատուցել Աստուածութեանդ, բացի մեր անձերից, որ պիտի մատուցենք Հօրդ որպէս անուշահոտ զոհաբերութիւն»:
Բանտապահները, տեսնելով այս նշանները, գնացին բանտի մուտքի մօտ եւ տեսան, որ դռները դեռեւս բաց էին, իսկ սուրբ առաքեալն աղօթում էր՝ կանգնած բանտարկուածների մէջ: Սարսափած ներս մտան եւ դողալով ընկան սուրբ Թադէի ոտքերը՝ ասելով. «Սո՛ւրբդ Աստուծոյ, մենք եւս հաւատում ենք քո Աստծուն, որին քարոզում ես: Ընդունի՛ր մեզ ու խառնի՛ր քո հաւատացեալների թուին»: Արտասուքներով փարւում էին նրա ոտքերին, աղաչում էին ու ասում. «Ների՛ր մեզ, սո՛ւրբդ Աստուծոյ, քանզի ոչ թէ մեր կամքով, այլ անօրէն թագաւորի ահից Աստուծոյ ծառաներիդ ակամայ պահում էինք ծանր նեղութիւնների մէջ: Բայց երբ տեսանք Բարձրեալի փառքը, որին դու քարոզում ես, հաստատապէս հաւատացինք, որ Նա է երկնքի ու երկրի Արարիչը: Հաւատում ենք Նրան ամբողջ սրտով եւ խոստովանում Նրա Աստուածութիւնը: Այսուհետ ոչ ոք չի կարող հեռացնել մեզ Նրանից, ո՛չ կապանքները, ո՛չ էլ նեղութիւնները: Եւ արդ, սո՛ւրբդ Աստուծոյ, շտապի՛ր մեզ մեր ընտանիքներով խառնել Քրիստոսի գնդին»:
Սուրբ առաքեալը հասկացաւ, որ Տիրոջ կողմից նրանց հրաւէր եղաւ եւ քաջալերելով զօրացրեց նրանց՝ ասելով. «Մի՛ երկնչէք, իմ եղբայրնե՛ր, մեր Տէրը մարդասէր է ու ողորմած եւ կամենում է գտնել բոլոր նրանց, ովքեր մոլորուած են մեղքերի մէջ, ինչպէս որ դուք էիք: Իր մեծ ողորմութեամբ Նա սիրեց ձեզ եւ Իր Աստուածութեան լոյսը ծագեցրեց ձեր սրտերում: Ուրեմն՝ ամո՛ւր եղէք եւ զօրացէ՛ք Քրիստոս Աստուծոյ հաւատի մէջ՝ մոռացութեան տալով ձեր սնոտի ու դիւական մոլորութիւնները: Իսկ այժմ աղօթէ՛ք»: Եւ ինքն էլ երկինք նայելով՝ հառաչաձայն աղօթեց՝ ասելով. «Ով Հա՛յր մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Դու Քո Որդու միջոցով կամեցար, ճանաչեցիր ու հրաւիրեցիր նրանց: Արդ, պահպանի՛ր նրանց սուրբ Աջովդ եւ թոյլ մի՛ տուր, որ խոտորուեն աջ կամ ձախ: Ամուր պահիր նրանց Քո գթութեամբ եւ սրբի՛ր Քո երկնային ազատութեամբ, որպէսզի միաւորուելով հաստատուեն Քո սիրելի Միածին Որդու սիրոյ մէջ»: Աւարտելով աղօթքը՝ նոյն գիշերուայ մէջ մկրտեց նրանց, որոնք թուով երեսուներեք հոգի էին՝ այր ու կին:
Իսկ սատանան, մարդու կերպարանք առնելով, եկաւ բանտի մօտ, կանգնեց հեռւում եւ բարձր ձայնով ասաց պահապաններին. «Ի՞նչ կարիք կար հեռանալ Արամազդ եւ Պիսիդոն մեծ աստուածներից ու Հայոց աշխարհի բարերար եւ աստուածների մայր Անահիտից՝ մոլորուելով մի հրեայի յետեւից, որը ձեզ նոր ուսմունք սովորեցրեց եւ խաբելով ձեզ՝ մոլորեցրեց: Եկէ՛ք, յե՛տ դարձէք եւ երկրպագէ՛ք Անահիտին, ու ես կը խնդրեմ իմ աստուածներին, որ ձեզ թողութիւն շնորհեն»:
Տեսնելով չարի խորամանկութիւնը՝ Թադէոսն ասաց. «Ո՛վ չար բանսարկո՛ւ եւ թշուառակա՛ն, հեռացի՛ր այստեղից»: Սատանան, ներսից լսելով սուրբ առաքեալի ձայնը, ասաց. «Լսում եմ քո ձայնը, սակայն չգիտեմ, թէ դու որտեղ ես»: Սուրբ առաքեալն ասաց. «Այլեւս չես տեսնի Քրիստոս Աստուծոյ ծառաներին, աղտեղի՛, պի՛ղծ, չա՛ր եւ անամօ՛թ: Մինչեւ ե՞րբ պիտի չամաչես Աստծուց: Վախեցի՛ր Տիրոջ զօրութիւնից եւ հեռացի՛ր, չարագլուխ վիշա՛պ»: Եւ երբ առաքեալը սաստեց, դեւն ամբողջովին խաւարեց ինչպէս մխացող թշուառական եւ բոլորին ակներեւ չարաչար տանջուեց հրեշտակների կողմից: Նորահաւատները, տեսնելով չարի անտանելի տանջանքները, հաստատուեցին ի Քրիստոս հաւատի մէջ, իսկ սատանան դառնապէս լաց եղաւ՝ ասելով. «Վա՜յ ինձ, որ պարտուեցի Խաչեալից եւ կորստեան մատնուեցի, սակայն գիտեմ, թէ ինչ պիտի անեմ: Ես կը մտնեմ իշխանների սիրտը եւ թագաւորի հետ միասին կը դրդեմ նրանց, որ բոլորիդ կոտորեն սրով»: Եւ ապա սուրբ առաքեալն ասաց. «Հեռացի՛ր, սատանա՛, թող Տէրը սաստի քեզ»: Չարն անմիջապէս անհետացաւ ու գնաց ընդդէմ սուրբերի գրգռեց թագաւորին եւ նրա իշխաններին:
Երբ բացուեց առաւօտը, թագաւորը իւրայինների հետ խորհուրդ արեց, թէ ինչպէս վարուի իր դստեր՝ Սանդուխտի հետ. հայրագութ սիրոյ պատճառով նա չէր կարողանում մահուան հրաման արձակել, որովհետեւ մեծապէս սիրում էր դստերը եւ երբ յիշում էր նրան, դառնապէս լաց էր լինում: Ուստի ուղարկեց իր նախարարներից մէկին՝ Սանդուխտին բանտից հանելու եւ իր մօտ բերելու համար: Նրա հետ ուղարկեց նաեւ այլոց, որպէսզի ամենուր փնտռէին Թադէոսին, ձերբակալէին նրան որպէս իր դստերը մոլորեցնողի, որովհետեւ չգիտէր, որ նա ինքնակամ բանտ է գնացել:
Երբ իշխանը մեծ ամբոխով բանտ եկաւ ու տեսաւ, որ բանտի դռները բաց էին, զարմացաւ: Ներս նայեց ու տեսաւ աւելի մեծ բազմութիւն, քան որ կարծում էր: Նրանց շուրջը սաստիկ լոյս տեսաւ, իսկ սուրբ առաքեալը ոտքի վրայ կենաց խօսքն էր ուսուցանում նրանց: Այնժամ իշխանը եւ նրա հետ եղողները, զարհուրած ահաւոր լոյսից, տանջահար գետնին ընկան ու չարչարուեցին աներեւոյթ տանջանքներով: Իսկ սուրբ Թադէն, իմանալով նրանց հասած վտանգի մասին, դուրս ելաւ եւ տեսաւ, որ նրանք թաւալւում էին գետնին ընկած: Այնժամ ձեռքը դրեց նրանց վրայ եւ Տիրոջ անունով բժշկեց ու դէպի սուրբ հաւատը դարձրեց իշխանին եւ նրա հետ յիսուն հոգու: Այդ իշխանը արքունի ողջ տան մեծ հրամանատարն էր եւ հայոց տէրութեան երկրորդ անձը:
Սատանան ողբում էր ունեցած մեծ կորստի համար: Ծնկները բռնած եւ նստած բանտի մօտ՝ լաց էր լինում դառնութեամբ ու ասում. «Կորցրեցի գլխիս մեծ զէնքը»: Եւ քանի որ երկնային զօրութեան ահից չէր կարողանում մօտենալ բանտին, շտապեց գնալ արքունիք եւ թագաւորին գրգռել ընդդէմ հաւատացեալների: Թագաւորը, տեղեկանալով եղելութիւններին, աստիկ չարացաւ եւ հրամայեց սրով կոտորել բոլոր նրանց, ովքեր աշակերտել էին Թադէոսին: Եւ այդ օրը նահատակուեցին շուրջ երկու հարիւր հոգի՝ այլ ու կին, եւ լսելի եղաւ երկնաւոր զօրքերի ահեղ ձայնն ու թնդիւնը, որոնք իջնելով ողջունում էին սուրբ նահատակներին:
Գիշերը եկաւ, երկնաւոր լոյսը համատարած սփռուած էր սուրբ վկաների վրայ: Սուրբ Սանդուխտն իր հաւատարիմ սպասաւորներից ոմանց իր հօրից գաղտնի ուղարկեց իր տուն եւ բերել տուեց բարակ կտաւներ: Դրանցով անձամբ ամփոփեց իր ընկերների սուրբ մարմինները, համբուրեց արտասուքներով եւ ասաց. «Երանի՜ ձեզ, եղբայրնե՛ր եւ քոյրե՛ր, քանզի արժանի եղաք երկնաւոր ուրախութիւններին: Յիշէ՛ք նաեւ ինձ՝ ձեր աղախնուն»: Եւ իր սպասաւորների ձեռքով թաղեց նրանց իր ապարանքի մօտ, պատուիրեց նրանց՝ զգոյշ լինել, որ արքունի տանից ոչ ոք չիմանայ, եւ ինքն էլ փութով բանտ վերադարձաւ:
Տեսնելով սուրբ առաքեալին աղօթելիս եւ շրջապատուած սքանչելի լոյսով՝ սուրբ Սանդուխտն ընկաւ նրա ոտքերը, համբուրեց Աստուծոյ մարդու գարշապարները, շատ արտասուքներ հեղեց եւ հառաչաձայն ասաց. «Տէ՛ր իմ եւ հա՛յր իմ, դու գտար ինձ՝ մոլորուածիս, եւ ինձ ճանաչեցրիր իմ երկնաւոր Տիրոջը՝ Աստուծոյ Միածին Որդուն, Յիսուս Քրիստոսին: Այժմ աղօթի՛ր ինձ համար եւ օրհնի՛ր ինձ, որպէսզի ես եւս փութալով հասնեմ իմ ընկերներին, որոնք նահատակուեցին ի Տէր եւ արժանի լինեմ քեզ հետ միասին տեսնելու Քրիստոսին»:
Սուրբ առաքեալը, տեսնելով սուրբ կոյս Սանդուխտի արտասուքները եւ նրա ջերմեռանդ սէրը Քրիստոսի հանդէպ, ասաց. «Երանի՛ է քեզ, դո՛ւստր երկնաւոր Թագաւորի, համբերի՛ր փոքր-ինչ եւ անմիջապէս կը տեսնես բոլոր արարածների լոյսը»: Քաջալերում էր նաեւ միւս հաւատացեալներին՝ ասելով. «Ամո՛ւր եղէք, որովհետեւ շուտով պիտի առնէք լուսեղէն պսակը»: Եւ երբ աւարտեց իր խօսքը, նրան հաց մատուցեցին, եւ նա վերցնելով հացը՝ օրհնեց, տուեց սուրբ Սանդուխտին ու նրա ընկերներին: Ապա վեր կացան, օրհնեցին, գոհութիւն մատուցեցին Սուրբ Երրորդութեանը, կնքեցին իրենց անձերը սուրբ Խաչի նշանով եւ ննջեցին: Իսկ Թադէոս առաքեալն աղօթում էր եւ ասում. «Տէր Աստուա՛ծ իմ, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, ինչպէ՞ս գոհութիւն յայտնեմ Քո առատ ողորմութեան համար, որ անարժանիս հրաւիրեցիր առաքելական կոչման, սրբելով մաքրեցիր ինձ եւ դարձրիր Սուրբ Հոգուդ տաճար: Դու ինձ բաժին տուեցիր այս երկիրը՝ Քո սուրբ Աւետարանի խօսքերը քարոզելու համար, որպէսզի ովքեր հաւատան Քո սուրբ եւ ահեղ անուանը, ընդունես նրանց Քո Աստուածութեան լոյսի մէջ ու խառնես նրանց վերին զօրքերի հրեշտակաերամ դասի հետ: Ընդունի՛ր եւ մեզ Քո տէրութեան մէջ որպէս անուշահոտ պատարագ: Պահպանի՛ր նաեւ այս երիտասարդ աղջկան՝ Սանդուխտին, որ սուրբ է կուսութեամբ եւ համբերութիւն տուր նրան՝ քաջութեամբ աւարտելու մարտիրոսական մրցահանդէսը, որպէսզի իր հայրական տան անցաւոր եւ եղծանելի պսակի փոխարէն իր գլխին առնի անթառամ լուսէպսակը»:
Եւ նոյն պահին Փրկիչը երեւաց սուրբ Թադէոսին եւ ասաց. «Խաղաղութի՛ւն ձեզ, Իմ սիրելինե՛ր»: Առաքեալը տեսնելով Տիրոջը, ընկաւ երեսի վրայ եւ երկրպագեց Նրան: Փրկիչն ասաց. «Լսեցի քո աղօթքները եւ ինչ որ խնդրեցիր Ինձնից, կը տամ քեզ: Սանդուխտի եւ քո այլ աշակերտների հետ մարտիրոսութեամբ պիտի աւարտին հասցնես մրցապայքարը, եւ Ես կը ծագեցնեմ Իմ Աստուածութեան լոյսը ձեր մասունքների վրայ: Ովքեր կը կատարեն ձեր յիշատակը ու Իմ անուան համար ընծայաբերութիւն կþանեն սուրբ վայրերում, պիտի լսեմ ու կատարեմ նրանց բոլոր խնդրանքները»:
Այնժամ Թադէոսն ասաց Փրկչին. «Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ, գիտեմ, որ սիրեցիր ինձ եւ չթողեցիր: Աղաչում եմ՝ մի՛ թող նաեւ նրանց, ովքեր իմ միջոցով հաւատացին Քո սուրբ անուանը: Իմ մահից յետոյ պահպանի՛ր նրանց Քո Աջով եւ մի՛ անտեսիր Քո այս անդաստանը, որ շնորհեցիր ինձ: Քո ահեղ Աստուածութեան լոյսով փարատի՛ր կռապաշտութեան խաւարը այս բարբարոս ազգից եւ մի՛ հատուցիր նրանց ըստ իրենց անօրէնութիւնների: Հալածի՛ր եւ ամաչեցրո՛ւ չար բանսարկուին, որ մոլորեցրեց այս ժողովրդին: Շնորհի՛ր, որ այս երկրի բնակիչները երկնաւոր գաւթիդ հօտի մէջ Քեզ յաւիտենական ժողովուրդ լինեն, որպէսզի իրենց անուշահոտ վարքով միաբան փառաւորեն Քո սուրբ Աստուածութեանը»: Եւ Տէրն ասաց. «Կը լսեմ նաեւ քո այդ խնդրանքները եւ մինչեւ աշխարհի վերջը Իմ ձեռքից բաց չեմ թողնի ո՛չ հաւատացեալներին եւ ո՛չ էլ քեզ բաժին հասած երկրին, այլ փութով կը կատարեմ քո կամքը: Ես կþայցելեմ ու կþընտրեմ նրանց որպէս Իմ սեփական ժողովուրդ, կը տամ Իմ աւետիսը նրանց սրտերին, հայեացքս կը պահեմ նրանց վրայ եւ կþողորմեմ: Խնդա՛ եւ ուրա՛խ եղիր»: Այս ասելով՝ օրհնեց նրան եւ երկինք վերացաւ:
Ապա սուրբ առաքեալն արթնացրեց հաւատացեալներին՝ իր աշակերտներին եւ Քրիստոսի աղախին Սանդուխտին, պատմեց նրանց տեսիլքի եւ Տիրոջ խոստման մասին, զուարթացրեց նրանց սրտերն ու յորդորեց աղօթել: Եւ ինքն էլ սաղմոսում էր՝ ասելով. «Ամեն ժամ կþօրհնեմ Տիրոջը …»: Բոլորը ձայնակցում էին նրան եւ մեծ ուրախութեամբ, քաղցր արտասուքներով ու սաղմոսներով փառաւորում Աստծուն: Եւ երբ դադարեցին աղօթել, առաքեալը դարձեալ ասաց նրանց. «Հաստատուն եղէ՛ք եւ համբերէ՛ք, որովհետեւ շուտով ձեր գլուխներին լուսէպսակ պիտի կրէք»: Ապա նայեց սուրբ Սանդուխտին, տեսաւ նրա արտասուալից երեսը եւ ասաց. «Մի՛ վհատուիր, դո՛ւստր, եւ մի՛ երկնչիր, որպէսզի տեսնողները չկարծեն, թէ երկիւղից ես լալիս»: Իսկ երանելի Սանդուխտը, լի հոգով եւ վառուած Փրկչի սիրով, պատասխանեց ու ասաց. «Տէ՛ր իմ եւ հոգեւոր հա՛յր իմ, ես չեմ վախենում, այլ ցնծում եմ եւ ուրախ եմ, քանզի շտապում եմ ժամ առաջ տեսնել Քրիստոսին: Ե՞րբ պիտի գնամ եւ Նրա առջեւ լինեմ ամէն ժամ, քանզի յոյժ փափագում եմ տեսնել երկնային լոյսը»:
Սուրբ առաքեալը շատ ուրախացաւ եւ ասաց նրան. «Երանի՛ քեզ, քո՛յր իմ եւ դո՛ւստր, քանզի շուտով պիտի հասնես Նրան, ում փափագում ես, պիտի առնես լուսեղէն պսակը, պարզերես ու պանծալի լինես երկնաւոր Թագաւորի առաջ եւ պիտի շատերից աւելի վեր դասուես»:
Երբ բացուեց առաւօտը, թագաւորի իշխաններն ու ծառաները եկան բանտի մուտքի մօտ, դուրս բերեցին սուրբ Թադէոսին եւ այլ քրիստոնեաներին ու շղթայակապ տարան թագաւորի ապարանքը: Միայն Սանդուխտն էր, որ գնում էր ազատ՝ առանց կապանքների: Երբ պալատի գաւիթ մտան, սրբուհի Սանդուխտը սքանչելի համարձակութեամբ բարձրացրեց իր ձայնը՝ ինչպէս իր արքայական տան ատեանում, եւ սկսեց խօսել երանելի նահատակակիցների հետ՝ ասելով. «Եղբայրնե՛ր, ամո՛ւր եղէք եւ զօրացէ՛ք Քրիստոսով, որովհետեւ երկրաւոր թագաւորների սպառնալիքները ոչինչ են: Նայէք միայն Նրան, Ում հաւատացիք: Ձեր մտքերն ու խորհուրդները յանձնէք Նրան, եւ Նա ձեզ զօրութիւն կը տայ, որովհետեւ միայն Նա է Աստուած, եւ չկայ այլ մէկը: Նա կը պահի ձեզ սնոտի եւ խաբուսիկ բոլոր պատրանքներից»:
Եւ մինչ խօսում էր նրանց հետ, թագաւորը ներսից կանչեց սուրբ Սանդուխտին: Եւ երբ կոյսը ներս մտաւ, Սանատրուկ արքան ասաց նրան. «Մօտեցի՛ր ինձ, դո՛ւստր իմ, հօրդ զաւակ՝ Սանդուխտ, որ համբուրեմ քեզ»: Իսկ սուրբ կոյսը չնայեց նրան եւ չմօտեցաւ, այլ հեզ գառան պէս կանգնել էր դատուելու համար: Թագաւորն ասաց. «Ուրացե՞լ ես ինձ, որդեակ ու սիրում ես այն մոլորեցուցչի՞ն: Ասում եմ քեզ, եթէ չթողնես յամառութիւնդ, ապա երդւում եմ բոլոր աստուածներով, որ չարաչար մահուամբ կորստեան կը մատնեմ թէ՛ քեզ, թէ՛ նրան»: Սուրբ Սանդուխտը պատասխանեց նրան հոգելից խօսքերով եւ ասաց. «Ում դու մոլորեցուցիչ ես կոչում, նա ինձ համար եղաւ ճշմարիտ ճանապարհի անմոլար առաջնորդ, դարձրեց ինձ խաւարից դէպի լոյս, ճանաչեցրեց ինձ իմ Տիրոջը եւ Հօրը՝ երկնքի ու երկրի Արարչին, Միածին Որդուն եւ Սուրբ Հոգուն: Արդ, ես շտապում եմ գնալ իմ Տիրոջ՝ Քրիստոսի մօտ, Ով տէրերի Տէրն է եւ թագաւորների Թագաւորը, բոլոր արարածների լոյսը եւ կեանքը»: Թագաւորն ասաց. «Ո՞վ է Նա, Որին դու Աստուած եւ Հայր ես կոչում»: Սանդուխտը պատասխանեց. «Նա Աստուած է, Ով ոչնչից արարեց ամէն բան եւ Իր բերանի խօսքով ստեղծեց բոլոր արարածներին: Սակայն ձեր մտքերը մոլորուած են եւ ձեր խորհուրդները՝ խաւարած, որովհետեւ թողնելով ձեր Արարիչ Աստծուն, որ ձեզ ստեղծեց ոչնչից, երկրպագում էք մեռելոտի կուռքերի ուրուականներին, որոնք չեն տեսնում եւ չեն լսում, իսկ նրանց մէջ բնակուող դեւերը խաւարեցնում եւ կուրացնում են ձեր մտքերը՝ կորստեան մատնելով ձեր հոգիները եւ դարձնելով ձեզ գեհենի որդիներ: Ձեզ եւ ձեր գործակից սատանայի համար պահուած է արտաքին խաւարը, ուր աչքերի լաց է եւ ատամների կրճտոց»:
Այնժամ բարկացած թագաւորը հրամայեց, որ ապտակեն ու գանահարեն նրան: Մոռանալով հայրական գութը՝ ասաց. «Կապէ՛ք դրան, մարմինը քերէ՛ք երկաթէ գործիքներով, իսկ մարմնի քերթուածքներն այրէ՛ք հրով»: Դահճապետը մօտենալով կապեց սուրբ Սանդուխտին, իսկ դահիճներն սկսեցին պատրաստել տանջանքի գործիքները: Հաւատացեալներից մէկը գնաց եւ ոչ հեռու գտնուող ձորակում ծպտուած սուրբ առաքեալին յայտնեց, որ ահա կապել են սուրբ Սանդուխտին եւ կամենում են նրան չարչարանքների մատնել: Եւ սուրբ առաքեալն արտասուալից աղօթեց՝ ասելով. «Տէ՛ր իմ Յիսուս Քրիստո՛ս, նայի՛ր Քո աղախնուն եւ զօրացրո՛ւ նրան՝ ամաչեցնելով ճշմարտութեան չար թշնամուն»: Իսկ սուրբ Սանդուխտը, որ կապանքների մէջ էր, մինչ պատրաստւում էին քերել նրա մարմինը, արիաբար գոչեց. «Տէ՛ր իմ Յիսուս Քրիստո՛ս, շտապի՛ր ինձ օգնութեան, որ բոլորը ճանաչեն Քո ամենազօր տէրութեանը: Դու ես իմ Հայրը եւ Արարիչը, ապաւէնը եւ կեանքը, մի՛ թող Քո հօտի տկար ոչխարներին»: Սուրբ աղջկայ աղաղակից յանկարծ դղրդիւն եղաւ, եւ երկնքից լոյս ծագեց: Ի վերուստ Ձայն լսուեց, որն ասաց. «Քաջալերուի՛ր, դո՛ւստր Իմ, քանզի քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»: Անմիջապէս նրա կապանքներն ինքնին արձակուեցին, իսկ փայլատակումների լոյսից շանթահարուած դահճապետը եւ նրա հետ շատերը կորստեան մատնուեցին: Թագաւորն ու միւսները պատուեցին ահով, որովհետեւ կարծեցին, թէ բոլորն առհասարակ կը կործանուեն: Այնժամ սուրբ Սանդուխտը, արձակուելով իր կապանքներից, ազատօրէն դուրս ելաւ ատեանից եւ շտապ գնաց այնտեղ, ուր պահում էին սուրբ առաքեալին: Մօտեցաւ, փարուեց նրա ոտքերին եւ ասաց. «Տէ՛ր իմ եւ հոգեւոր հա՛յր, ահա Քրիստոս իսկոյն արձակեց իմ կապանքներն ու ամաչեցրեց սատանային իր արբանեակներով»: Եւ միաբան գոհացան Աստծուց:
Սանատրուկի հրամանով այդտեղ եկաւ իշխաններից մէկը եւ ընկաւ սուրբ առաքեալի ոտքերն՝ ասելով. «Թագաւորն ինձ ուղարկեց քեզ մօտ եւ ասաց, որ մեղանչել է քո եւ քո Աստուծոյ հանդէպ: Նա խնդրում է, որ ներես իրեն ու աղօթես իր համար, որպէսզի անցնի Նրա ահեղ բարկութիւնը, որովհետեւ իսպառ կորստեան ենք մատնւում: Մենք կ՝անենք ամեն բան, ինչ որ կամենաս, իսկ արքան հրամայել է արձակել նաեւ ձեր կապանքները»:
Այնժամ Թադէոսն սկսեց արտասուքներով աղօթել եւ ասել. «Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, նայի՛ր Քո ժողովրդին եւ մի՛ հատուցիր նրանց ըստ իրենց մեղքերի: Ների՛ր նրանց, Տէ՛ր, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»: Եւ երբ սուրբն աւարտեց իր աղօթքը, հրաշքով արձակուեցին բոլոր հաւատացեալների կապանքները, եւ դադարեց ահեղ դղրդիւնը:
Իշխանն ահաբեկուեց կատարուածից, իսկ առաքեալն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, այլ գնա՛ եւ պատմի՛ր քո թագաւորին, ինչ որ տեսար»: Եւ նա գալով՝ ասաց. «Ո՛վ արքայ, ես տեսայ առաքեալին՝ շրջապատուած լոյսով, եւ երբ նա աղօթեց, ողջ երկրից հեռացաւ ցասումը»: Իսկ թագաւորը չարի դրդմամբ ասաց. «Մի՞թէ նա անցկացրեց բարկութիւնը: Չէ՞ որ մեծ աստուածներ Անահիտն ու Արամազդն են, որ բարօրութիւն են տալիս աշխարհին եւ փառք՝ թագաւորներիս»: Այնժամ իշխանը զայրացած դուրս եկաւ թագաւորի մօտից ու գնաց սուրբ Թադէոսի մօտ: Նա հաւատաց Քրիստոսին, մկրտուեց իր ամբողջ ընտանիքով, անուանակոչուեց Սամուէլ եւ դարձաւ սուրբ առաքեալի աշակերտը:
Լսելով այս մասին՝ թագաւորը մաղձոտեց եւ ընկղմուեց խոր տրտմութեան մէջ, որովհետեւ իշխանը երեւելի մէկն էր, լաւ խորհրդական եւ նրա նմանը չկար Հայոց աշխարհում: Չկարողանալով զսպել բարկութիւնը՝ Սանատրուկը հրամայեց շիկացած բեւեռներ գամել նրա ուսերին ու ներբաններին, եւ այդպէս երանելի Սամուէլը նահատակուեց ի Քրիստոս: Նրա հետ նահատակուեցին նաեւ առաքեալի Հայոց աշխարհից ընտրեալ մի քանի աշակերտներ, որոնցից մէկի անունը Իսրայէլ էր: Այդ օրը նահատակուեցին ութ հոգի. ոմանց սրունքները ծակեցին շիկացած երկաթով, ոմանց էլ սրով կոտորեցին: Եւ նշան եղաւ. լոյս ծագեց նրանց վրայ, իսկ անօրէնների վրայ ահ եւ բարկութիւն իջաւ:
Երբ գիշերն ընկաւ, սուրբ առաքեալը Սանդուխտ կոյսի եւ այլ ուխտապահ հաւատացեալների հետ վերցրեց նահատակների մարմինները, պատեց պատուական կտաւներով, իւղով ու խունկերով, որոնք պատրաստել էին հաւատացեալ կանայք, եւ Սանդուխտի նաժիշտները տարան, անհաւատներից ծածուկ թաղեցին փոքր ձորակում, ուր գտնւում էին նրանց օթեւանները: Այնժամ Սանդուխտ կոյսը, լի ուրախութեամբ, ասաց առաքեալին. «Երանի՛ քեզ, տէ՛ր իմ եւ հա՛յր իմ, քանզի շատերին արժանացրիր Քրիստոսի պսակին»: Առաքեալն ասաց. «Երանի՛ քեզ եւս, որ արժանի եղար ճանապարհել նրանց, խնդա՛ եւ ուրա՛խ եղիր, որովհետեւ շուտով դու եւս պիտի հասնես Քրիստոսին»: Իսկ սրբուհի Սանդուխտը, աւելի ու աւելի բորբոքուելով Փրկչի սիրով, նոյն սիրով բոցավառում էր բոլոր հաւատացեալներին՝ տղամարդկանց եւ կանանց, քաջալերում եւ մխիթարում էր նրանց, հոգ տանում եւ սփոփում, կերակրում ու հագցնում, հոգում բոլորի կարիքները եւ առաքելաբար քարոզում կենաց խօսքը: Եւ այդպէս Քրիստոսի անուամբ հրաշքներ գործելով՝ նա շատ անհաւատների դարձրեց դէպի սուրբ հաւատը: Իր ամբողջ տնով հաւատաց նաեւ ազնուատոհմ եւ մեծահարուստ մի կին՝ Զարմանդուխտ անունով, որը թագաւորի մերձաւորներից էր եւ շուրջ երկու հարիւր հոգով մկրտուեց սուրբ առաքեալի կողմից: Լսելով այս մասին՝ Սանատրուկ արքան հրամայեց միայն Զարմանդուխտին սրով սպանել, եւ երբ երանելի կինը նահատակուեց, նրա վրայ նշան երեւաց, իսկ շատ տեսնողներ ընդունեցին սուրբ հաւատը:
Սանատրուկ արքան չէր իմանում, թէ ինչ անի. առիւծի պէս մռնչում էր սուրբ Սանդուխտի վրայ եւ ասում. «Նա բոլորին աւելի է մոլորեցնում»: Այդ պատճառով, չխնայելով նաեւ իր դստերը, հրամայեց յաջորդ օրը սրով սպանել նրան: Իսկ սուրբ Թադէն, իմանալով թագաւորի անօրէն հրամանի մասին, ողջ գիշեր աղօթեց սուրբ Սանդուխտի համար: Առաւօտեան սուրբ Սանդուխտն եկաւ, խոնարհուելով համբուրեց առաքեալի ոտքերը եւ ասաց. «Տէ՛ր իմ, երէկ խորհում էի իմ սրտում, թէ ինչ պիտի անի Քրիստոս՝ իմ լոյսը, եւ երբ այս գիշեր քուն մտայ, սաստիկ լոյս ծագեց ինձ վրայ: Լոյսի միջից մի լուսազգեստ մարդ, որին չկարողացայ ճանաչել սաստիկ լոյսի ճառագայթներից, ձայնեց ինձ եւ ասաց. “Սանդո՛ւխտ, իսկոյն ե՛կ եւ հագի՛ր Իմ լոյսը”: Եւ ես արտասուքներ հեղելով, երկիւղով ու խնդութեամբ ասացի. “Արժանի չեմ, Տէ՛ր”: Բայց Նա սաստելով հագցրեց ինձ լոյսը որպէս վերարկու, լուսեպսակ դրեց իմ գլխին եւ զարդարեց ինձ լուսեղէն զարդարանքներով: Եւ մինչ հիացմունքի մէջ էի, ասաց ինձ. “Ուրա՛խ եղիր, Սանդո՛ւխտ, Ես քեզ չեմ թողնի”: Եւ յանկարծակի ահեղ թնդիւն եղաւ, որից արթնացայ եւ փառաւորեցի Քրիստոս Աստծուն, որ արժանացրեց ինձ այս սքանչելի տեսիլքին»:
Այս ամէնը լսելով՝ սուրբ Թադէոսն իմացաւ, որ այսօր կոյսը պիտի ելնի աշխարհից, հագնի հրեշտակների լուսեղէն դասի փառքը եւ իր գլխին առնի նահատակութեան պսակը: Սուրբ առաքեալն արտասուքներով ասաց. «Երանի՛ քեզ, Սանդո՛ւխտ, որովհետեւ Քրիստոս Ինքն է երեւացել քեզ: Տեսնելով քո ջերմեռանդ սէրն Իր հանդէպ, Նա երեւաց քեզ, որ քեզ առաւել հաստատի Իր Աստուածութեան լոյսի մէջ: Իսկ այն, որ լոյսը քեզ հագցրեց որպէս վերարկու եւ լուսեպսակ դրեց քո գլխին, նշանակում է, որ դու պիտի թողնես քո թանձր մարմինը եւ գլխիդ լուսեպսակ դնելու համար արժանանաս մարտիրոսութեան, պիտի զարդարուես վերագոյն լոյսով, բնակուես Աստուածութեան լոյսի մէջ եւ ամէն ժամ լինես երկնային լոյսի ուրախութեան մէջ: Եւ որ ասաց՝ “Խնդա՛ եւ ուրա՛խ եղիր, քեզ չեմ թողնի”, նշանակում է, որ Քրիստոս անբաժան է Իր սիրելիներից եւ ուրախացնում է բոլոր նրանց, ովքեր սիրում են Իր Աստուածութիւնը»:
Երբ սուրբ Սանդուխտը լսեց սքանչելի տեսիլքի մեկնութիւնը, սիրտը լցուեց ուրախութեամբ: Քաղցր արտասուքներով ընկաւ առաքեալի ոտքերը եւ ասաց. «Երանի՛ քեզ, հա՛յր եմ, որ ինձ վերստին կեանք տուեցիր, քարոզեցիր լոյս Քրիստոսին ու ինձ համար եղար դէպի անմահութիւն տանող ճանապարհ եւ դեղ: Արդ, խնդրի՛ր Քրիստոսին, որ Նա փութով ինձ Իրեն միաւորի»: Սուրբ առաքեալն ասաց. «Ահա շուտով կը հասնես կենդանի Լոյսին, որին փափագում ես»: Սուրբ Սանդուխտն ասաց. «Տէ՛ր իմ, աղաչում եմ քեզ, մինչեւ աշխարհից ելնելս միշտ ինձ մօտ եղիր»:
Ապա սկսեցին աղօթել: Սուրբ Թադէոսը բազկատարած ասում էր. «Տէ՛ր, յիշի՛ր Քո աղախնուն եւ համբերութիւն տուր նրան այսօրուայ պատերազմում: Ամաչեցրո՛ւ թշնամուն, որպէսզի բոլոր հաւատացեալները ճանաչեն, որ միայն Դու ես Աստուած երկնքում եւ երկրի վրայ, վերեւում եւ այս ստորին վայրում»: Ապա դառնալով սուրբ Սանդուխտին՝ օրհնեց նրան ու ասաց. «Ամո՛ւր եղիր, եւ Քրիստոս կը զօրացնի քեզ»:
Եւ ահա յանկարծակի բարբարոս իշխանները՝ զօրականներով հանդերձ, եկան հասան նրանց օթեւանները: Նրանք բռնեցին երանելի կոյսին եւ տարան նահատակութեան վայրը, իսկ սուրբ Թադէոսը քայլում էր Սանդուխտի կողքով եւ ի Յիսուս Քրիստոս քաջալերում երանելուն: Ճանապարհին դահճապետերը եւ նրանց հետ եղողները ահաբեկելով սպառնում էին կոյսին ու ասում. «Այն բանի համար, որ թողեցիր աստուածներին, արհամարհեցիր մեր մեծ թագաւորին, որ քո հայրն է, ոտնահարելով տիկնութեանդ պատիւը՝ գնացիր ծառայելու քրիստոնեաների Աստծուն եւ թշնամի դարձար Հայոց աշխարհին, պիտի սպանենք քեզ չարաչար մահով»: Իսկ սուրբ Սանդուխտը երկինք նայելով աղաղակում էր եւ ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստո՛ս, օգնութեան հասիր այս պատերազմում եւ զօրացրո՛ւ ինձ համբերութեամբ՝ մեռնելու Քո մեծ անուան համար: Ընդունի՛ր ինձ եւ խառնի՛ր Քո սուրբերի գնդին, նրանց հետ, ովքեր սիրեցին Քեզ եւ հաճելի եղան Քո Աստուածութեանը»:
Եւ երբ մօտեցան նահատակութեան վայրին, սուրբ Սանդուխտը զօրականներին ասաց. «Փոքր-ինչ ժամանակ տուէք՝ իմ Տէր Աստծուն աղօթելու համար», եւ նրանք չհամարձակուեցին ընդդէմ խօսք ասել: Այնժամ կոյսն աչքերը երկինք բարձրացրեց եւ արտասուախառն պաղատանքներով աղօթեց՝ ասելով. «Մեր Տէր եւ Փրկիչ Յիսուս Քրիստոսի Հա՛յր, նայի՛ր երկնքից՝ Քո սրբարանից, եւ գթա՛ ինձ Քո մարդասիրութեամբ: Ընդունի՛ր Քո աղախնուն Քո սիրելի Որդու անուամբ որպէս անուշահոտ պատարագ եւ արժանացրո՛ւ ինձ Քո Աստուածութեան երկնաւոր լոյսին, որպէսզի վայելեմ անսպառ ու յաւիտենական բարիքները, որ խոստացար Քո սիրելիներին»:
Սուրբ առաքեալից օրհնութիւն ստանալուց յետոյ հեռացաւ նրա մօտից եւ ասաց չարի արբանեակներին. «Եկէ՛ք, կատարէ՛ք ձեր հօր՝ սատանայի կամքը»: Այս ասելով՝ երանելի կոյսը եւ Քրիստոսի անարատ գառը իր պարանոցը կամաւոր մօտեցրեց սրին: Եւ մինչ դահիճը բարձրացրեց սուրը՝ Սանդուխտին սպանելու համար, դահճապետը հարուածեց ու սպանեց դահճին: Այս տեսնելով՝ բարբարոսները յիմարացան, զայրացան եւ կատաղեցին. վերցնելով սրերը՝ միաբան յարձակուեցին կոյսի վրայ, սակայն խառնուեցին իրար ու կոտորեցին միմեանց:
Իսկ Քրիստոսի աղախինն աղօթում էր, աղաչում, որ Տէրը չզրկի իրեն նահատակութիւնից եւ ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստո՛ս, ընդունի՛ր ինձ Քո յաւիտենական յարկերի տակ: Ես ուրախ եմ այս չարչարանքների ու մահուան համար, որ Քո անուան համար են: Դու զօրացրիր ինձ՝ յաղթելու նրանց, որոնք մարտնչում են իմ դէմ: Քոնն է յաղթութիւնը եւ Քեզ վայել է փառք յաւիտեանս. ամէն»: Այդտեղ գտնուող մի պատանի զօրական սուսերով հարուածեց երանելի կոյսի կրծքին. յորդ արիւն հոսեց եւ անուշահոտութիւն բուրեց: Եւ այդպէս պանծալի վկայուհի Սանդուխտն աւանդեց իր հոգին ի Քրիստոս բարի խոսովանութեամբ:
Նա եղաւ Հայաստանեայց առաքելուհին եւ կուսամայրը, որ բոլորից առաջ եւ մատաղ հասակում պսակուեց վկայութեամբ: Արդ, սուրբ Սանդուխտի նահատակութիւնից յետոյ երկնքից լուսէ սիւն ծագեց, մեծ շարժում եղաւ եւ երկնային զօրքերի ահեղ ձայն լսուեց, որոնք օրհնում էին Աստծուն: Լոյսի սիւնն իջաւ եւ երեք օր ու երեք գիշեր մնաց սուրբ մարմնի վրայ: Եւ այդ օրերին շուրջ երկու հազար հոգի՝ այր ու կին, հաւատացին եւ չհեռացան այն տեղից, ուր նահատակուեց սրբուհի Սանդուխտը, մինչեւ որ սուրբ Թադէոսը եկաւ եւ գիշերուայ մէջ մկրտեց նրանց: Ապա վերցնելով սուրբ Սանդուխտի մարմինը՝ ամփոփեց այդ նոյն տեղում եւ գաղտնի հանգստարան շինեց երանելի կոյսի համար, որպէսզի այն չպղծուի անօրէնների կողմից, իսկ Տէրն Ինքն իր ժամանակին այն յայտնի կը դարձնի Իր հաւատացեալներին:
Սանդուխտի նահատակութիւնից երեք օր անց, երբ առաւօտեան մօտ սուրբ առաքեալն աղօթում էր, Փրկիչը երեւաց նրան եւ ասաց. «Խաղաղութի՛ւն քեզ, շտապ ե՛կ, քանզի այսօր մարտահանդէս պիտի մտնես: Համբերի՛ր, որովհետեւ բազում չարչարանքների պիտի մատնեն քեզ, սակայն Ես քեզ չեմ թողնի»: Եւ օրհնելով նրան՝ աներեւոյթ եղաւ: Թադէոսը լցուեց ուրախութեամբ եւ աղօթելով ասաց. «Գոհանո՛ւմ եմ Քեզնից, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, որ չլքեցիր ինձ այս բարբարոս երկրում: Արդ, ընդունի՛ր ինձ որպէս Քո Աստուածութեան անուշահօտ ընծայ եւ զօրացրո՛ւ ինձ պատերազմի մէջ: Յիշի՛ր, Տէ՛ր, Քո Սանդուխտ աղախնուն, որ եկաւ Քեզ մօտ: Ընդունի՛ր, խառնի՛ր ինձ եւս Քո սուրբերի գնդին, որ պատարագուեցին Քո սուրբ անուան համար՝ ընծայուելով Քեզ Աստուածութեան լոյսի մէջ: Պահպանի՛ր նաեւ հաւատացեալներին, որոնք ապաւինեցին Քեզ: Լսի՛ր նրանց պաղատանքներն ու խնդրանքները եւ նրանցից հեռացրո՛ւ ու ամաչեցրո՛ւ չար բանսարկուին, որպէսզի չհամարձակուի մօտենալ Քո հաւատացեալների գնդին: Իսկ ինձ էլ՝ Քո ծառային, զօրացրու Քո սիրոյ պատուիրանի մէջ՝ մինչեւ վերջ համբերելու համար»:
Երբ աւարտեց աղօթքը, օրհնեց հաւատացեալներին ու ասաց. «Որդեակնե՛ր, դուք ձեր անձերն ընծայեցիք Աստծուն եւ զինուորագրուեցիք Քրիստոսի գնդում: Ուստի հաստատո՛ւն մնացէք հաւատի մէջ, եւ Քրիստոս Աստուած կը զօրացնի ու կը շատացնի ձեզ, կþամաչեցնի չար բանսարկուին՝ հեթանոսներին մոլորեցնողին եւ յաւիտենապէս նրան ձեր ոտքի տակ կը գցի: Եւ ահա ես եւս գնում եմ իմ Տիրոջ՝ Քրիստոսի մօտ: Ես կþաղաչեմ Նրան, որ առաքի մի զօրաւոր հրեշտակ՝ պահելու ձեզ հեթանոսական մոլորութեան ծառայութեան չար լծից, որտեղից Նա ձեզ դուրս բերեց ու զտեց Իր Աստուածութեան լոյսի բովի մէջ՝ դարձնելով սեփական ժողովուրդ: Արդ, Նա է ձեր Հայրը, Տէրը եւ Թագաւորը: Նա կը պահպանի ձեզ եւ չի թողնի»:
Երբ հաւատացեալները լսեցին, որ շուտով նա պիտի փոխուի առ Քրիստոս, բոլորն արտասուեցին եւ ընկնելով սուրբի առջեւ, համբուրեցին նրա ոտքերն ու ասացին. «Տէ՛ր, դու կենդանացրիր մեր հոգիները, աղօթի՛ր մեզ համար եւ խնդրի՛ր Քրիստոսից, որ Նա չլքի մեզ»: Եւ սուրբ առաքեալը, մխիթարելով նրանց, ասաց. «Տէր Յիսուս Քրիստո՛ս, Քո սուրբ Աջով պահպանի՛ր այս փոքր ժողովրդին»: Ապա բաժանուելով՝ արձակեց նրանց երկնաւոր օրհնութեամբ:
Եւ երբ հաւատացեալները գնացին, թագաւորի հրամանով ամբոխի հետ երկու իշխաններ եկան: Նրանք ամենուր փնտռում էին առաքեալին՝ կարծելով, թէ չեն կարող հեշտութեամբ գտնել՝ ինչպէս երէկ եւ նախորդ օրերին, իսկ սուրբ առաքեալն անձամբ առաջ եկաւ եւ ասաց. «Ահա ես, ում փնտռում էք»: Եւ նրանք բռնեցին նրան ու բերեցին Սանատրուկ թագաւորի առջեւ: Թագաւորը տեսնելով նրան՝ ասաց. «Դո՞ւ ես Թադէոսը», եւ նա պատասխանեց. «Ես եմ»: Արքան տեսնելով նրա լուսապայծառ եւ փառաւոր երեսը, վախեցաւ եւ չկարողացաւ խստութեամբ խօսել նրա հետ, այլ ասաց մեղադրելով. «Ինչպէ՞ս գողացար իմ չքնաղ դստեր միտքը եւ գրաւեցիր նրան դէպի քեզ, հեռացրիր նրան իմ հայրենի աթոռից, ծիրանազգեստ եւ ոսկեհուռ պատիւներից ու ատելի դարձրիր աստուածներին: Դու նրան դարձրիր մի աղքատ մէկը, որից իմ բարկութիւնը նրան կորստեան մատնեց անողորմ սրով»:
Պատասխանեց սուրբ առաքեալը եւ ասաց. «Ճշմարիտ ասացիր: Արդարեւ, ես գողացայ նրան դժնդակ սառնամանիքներից, անդնդային չարամեռ յորձանքներից ու ձեր չար պաշտամունքների խաւար գործերից, որոնք ընծայում էք Անահիտի կռամոլ դեւերին: Ես ի Քրիստոս գրաւեցի նրա միտքը՝ ծնունդ տալով սուրբ Աւազանով երկնաւոր ծննդեամբ եւ նրան ընծայեցի Աստծուն: Արդ, հեռացնելով պղծութիւններից՝ Քրիստոս նրան զգեստաւորեց երկնաւոր ճառագայթների լուսեղէն փառքով: Եւ մինչ դու կարծում ես, թէ նրան սպանել ես, նա մահուանից կեանք է փոխուել եւ թեւեր առնելով ելել, լուսեղէն զօրքին միացել: Նա ընդունել է անթառամ պսակը եւ, սիրով միանալով Աստուածութեանը, ամեն ժամ ուրախանում է սերովբէական դասի մէջ՝ փառաւորելով Սուրբ Երրորդութեանը, որովհետեւ այնտեղ անսպառ լոյս է եւ յաւիտենական կեանք: Իսկ դուք ձեր մոլորուած մտքերով եւ խաւար խորհուրդներով հեռացել էք երկնքի ու երկրի Արարչից, Ով ձեզ կեանք ու շունչ է տուել եւ դարձել էք մեռելոտի կուռքերի երկրպագուները: Ստութեան հայրը՝ անիծեալ սատանան, մոլորեցրել է ձեզ եւ գցել կապանքների ու մահուան որոգայթների մէջ՝ մատնելով անվախճան տանջանքների»:
Թագաւորը բարկացած ասաց. «Այս մարդն այլեւս չպէտք է ապրի»: Այնժամ արքայի հրամանով տարան սուրբ Թադէոսին եւ շղթայակապ բանտարկեցին դղեակի ամրոցում, ուր պահում էին մարդակեր գազանների:
Երբ սուրբին բերեցին հրապարակ, նրա վրայ արձակեցին երկու առիւծներ, որոնք մօտենալով ընկան առաքեալի ոտքերը, սկսեցին լիզել նրա հողաթափերը եւ քծնելով մռնչալ: Եւ երբ սուրբն սկսեց աղօթել, արձակուեցին նրա կապանքները, իսկ առիւծները նրա ակնարկով գնացին իրենց տեղը: Երբ անօրէն թագաւորը տեսաւ կատարուած սքանչելիքը, առաւել չարացաւ եւ հրամայեց վառել ու բորբոքել հնոցը: Եւ սուրբ առաքեալին շղթայակապ գցեցին հնոցի մէջ, որտեղ նա սկսեց աղօթել ու ասել. «Տէր Յիսուս Քրիստո՛ս, ինձ օգնութեան հասիր»: Եւ յանկարծ անձրեւախառն ուժգին հողմ բարձրացաւ, որն ամբողջ կրակն ուղղեց անօրէնների կողմը: Շատերն այրուելով մեռան, շատերն էլ մեռան՝ ահաբեկուելով երկնքից եկող Ձայնից, որ որոտում էր Բարձունքներում: Իսկ Սանատրուկ Թագաւորը երկիւղից փախաւ դէպի իր ապարանքը, քանզի վախենում էր մեռնել, վարանում էր եւ տարակուսած ելք չէր գտնում:
Սուրբ առաքեալը՝ պատուած երկնային ցօղով, լոյսի պէս զուարթ ու պայծառ էր: Այդ օրը հաւատացին չորս հարիւր երեսուներեք հոգի, որոնք աղաղակում էին եւ ասում. «Մե՛ծ է քրիստոնեաների Աստուածը, եւ անպարտելի է Նրա զօրութիւնը»: Թադէոս առաքեալը մկրտեց նրանց, որը լսելով՝ թագաւորը հրամայեց անմիջապէս սրով սպանել նրան: Իսկ սուրբ առաքեալը շտապում էր հաւատացեալներին հաստատել կենսաբեր Աւետարանի հաւատի մէջ, աղօթում էր եւ ասում. «Տէր Յիսուս Քրիստո՛ս, Աստուա՛ծ իմ, մի՛ թող Քո սուրբ ժողովրդին, այլ զօրացրո՛ւ նրանց Քո Աստուածութեան սիրով եւ ինձ էլ ընդունիր որպէս անուշահոտ ընծայ»:
Ապա օրհնեց հաւատացեալներին, յանձնեց նրանց Քրիստոսին եւ ասաց նրանց. «Եկէք այն բարձունքը եւ այնտեղ կը տեսնէք իմ մարտիրոսութիւնը: Ես Զաքարիային ձեզ առաջնորդ կը տամ, որը Քրիստոսի սիրելին է, իմ լծակիցը եւ Տիրոջ սպասաւորը: Նա Սուրբ Հոգով կþուսուցանի ձեզ Աւետարանի խօսքերը եւ, հաստատելով ձեզ սուրբ հաւատի մէջ, շուտով մարտիրոսութեամբ կը գայ իմ յետեւից»: Այս ասելով՝ արձակեց նրանց՝ տալով իր օրհնութիւնը:
Եւ ահա եկան բազմաթիւ զօրականներ՝ իրենց իշխաններով հանդերձ, բռնեցին Թադէոսին, դուրս բերեցին փոքր ձորակից ու տարան քարածերպ մի բարձրաւանդակ վայր: Սուրբ առաքեալն աղօթում էր եւ ասում. «Տէր Աստուա՛ծ, մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, ընդունի՛ր ինձ այժմ եւ ցո՛յց տուր ահեղ Աստուածութեանդ նշանը, որ իմանան ու ճանաչեն, թէ միայն Դու ես բոլոր արարածների Աստուածը: Եւ արդ, աղաչում եմ Քեզ, մի՛ թող այս երկիրը Քո ձեռքից եւ սա իրենց մեղք մի՛ համարիր, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում: Փոխի՛ր սրանց բարբարոս միտքը եւ ճանաչել տուր Քո Աստուածութիւնը»: Ապա կնքելով իրեն սուրբ Խաչի նշանով՝ ասաց դահիճներին. «Այժմ արէ՛ք, ինչ կամենում էք»: Դահիճը իր սուրը բարձրացրեց սուրբի վրայ, սակայն հարուածեց եւ սպանեց իր Զեմենտիոս եղբօրը, որը վերակացու էր կարգուած բոլոր գործերում եւ մարդասէր ու հաւատարիմ մէկն էր արքունիքում:
Երբ առաքեալը տեսաւ, որ նա մեռաւ, տրտմեց: Մօտեցաւ մեռած մարդուն, նայեց երկինք ու ասաց. «Մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հա՛յր, նայի՛ր երկնքի Քո սուրբ Աթոռից եւ կենդանացրո՛ւ այս մեռելին, որպէսզի բոլորն իմանան, որ Դու ես միայն ճշմարիտ Աստուած»: Ապա բռնեց մեռելի ձեռքից եւ ասաց. «Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց Յիսուս Քրիստոսի՝ Աստուծոյ Որդու անունով»: Եւ Զեմենտիոսն անմիջապէս կանգնեց եւ յարութիւն առաւ: Ընկաւ սուրբի ոտքերն ու ասաց. «Հաւատում եմ քո Աստծուն, որովհետեւ միայն Նա է Աստուած, եւ չկայ այլ մէկը»: Եւ քանի որ Զեմենտիոսի վրայ մնացել էին վէրքերի նշանները, սուրբ առաքեալն, իր ձեռքը դնելով, բժշկեց նրան: Եւ նոյն ժամին հաւատացին եօթ հարիւր քսան հոգի, որոնց համար Զեմենտիոսը նոր առաջնորդ եղաւ: Սուրբ Թադէոսն ասաց նրան. «Ահա Քրիստոս քեզ կենդանութիւն տուեց, փրկեց մոլորութիւնից եւ քեզ երկնային լոյսին արժանի դարձրեց: Արդ, զօրացի՛ր եւ պի՛նդ կաց Քրիստոսի հաւատի մէջ, եւ Նա կը պահպանի քեզ ու բոլոր հաւատացեալներին»: Ապա մկրտեց նրանց, համբուրեց եւ օրհնեց երկնային սիրով, յանձնեց նրանց Սուրբ Հոգուն եւ ասաց. «Գնացէ՛ք խաղաղութեամբ, Տէրը ձեզ հետ լինի»: Եւ անդադար նոյն խնդրանքն էր անում՝ աղօթելով. «Տէր իմ Յիսուս Քրիստո՛ս, պահպանի՛ր սրանց՝ ամաչեցնելով չարին եւ ընդունի՛ր ինձ»:
Երբ թագաւորը տեղեկացաւ եղելութիւններին, բարկութեամբ հրամայեց դահիճներին, որ իսկոյն սպանեն Թադէոսին: Եւ անմիջապէս սրով խոցեցին սուրբ առաքեալին: Անուշահոտութիւն տարածուեց, ի վերուստ ահեղ ձայն լսուեց, եւ սուրբի վրայ երկնքից լոյս ծագեց: Մեծ շարժում եղաւ, վէմը պատռուելով Աստուծոյ զօրութեամբ իր մէջ առաւ առաքեալի սուրբի մարմինը, իսկ անօրէնները փախուստ տուեցին: Հեռւում կանգնած հաւատացեալները զօրանում էին լոյսի ճառագայթներից եւ արփիափայլ լոյսի մէջ յայտնապէս տեսնում պայծառացած սուրբ Թադէոսին: Միաբերան աղաղակում էին եւ ասում. «Աստուծոյ սուրբ առաքեա՛լ եւ մեր հա՛յր, յիշի՛ր մեզ ու մի՛ մոռացիր», եւ կարծեցին, թէ նա համբարձուեց մարմնով:
Ապա իջան նահատակութեան վայրը, որտեղ ականատեսներից իմանալով, թէ ինչպէս սուրբը նահատակուեց սրով, եւ թէ ինչպէս պատռուած վէմն իր մէջ առաւ սուրբ մարմինը, արտասուեցին, սակայն մխիթարուեցին կատարուած հրաշքներից:
Այդ ողջ ընթացքում սուրբ Թադէոսի եւ Սանդուխտ կոյսի միջոցով երեք կամ չորս հազար հոգի՝ տղամարդ եւ կին, ընդունեց սուրբ հաւատը՝ փառաւորելով Սուրբ Երրորդութեանը Բարձունքներում:
Ըստ հին վկայաբանների՝ սուրբ Թադէոս առաքեալը նահատակուեց Քաղոց ամսուայ տասներեքին, իններորդ ժամին, իսկ սուրբ Սանդուխտը՝ նրանից վեց օր առաջ: Դա Տիրոջ 48 կամ 50 թուականն էր:
ՍՈՒՐԲ ԹԱԴԷՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԵՒ ՍԱՆԴՈՒԽՏ ԿՈՅՍԻ ՆՇԽԱՐՆԵՐԻ ԳԻՒՏԸ
Մեր սուրբ Թադէոս առաքեալի եւ Սանդուխտ կոյսի նահատակութիւններից յետոյ նրանց մարմինները երկար տարիներ անյայտ մնացին, ինչպէս որ քրիստոնէական հաւատը ծածկուած մնաց եւ օրէցօր տկարացաւ մեր կռապաշտ Արշակունի թագաւորների երեսից, եւ մինչեւ անգամ Տրդատի հայր Խոսրովը ցանկացաւ Հայոց աշխարհից վերացնել քրիստոնէութիւնը՝ նահատակելով շատերին: Սակայն Տրդատի օրօք առաքելանման նահատակ սուրբ Գրիգորի ձեռամբ լուսաւորուեց համայն Հայոց երկիրը, եւ նրա որդիների եւ թոռների ժամանակներում՝ չորրորդ դարում կամ սուրբ Թարգմանիչների օրօք՝ վեցերորդ դարում, յայտնի եղան սուրբ Թադէոսի եւ Սանդուխտի նշխարները, որի մասին իր «Հայոց պատութեան» մեջ յիշատակում է նաեւ քերթողահայր Մովսէս Խորենացին: Սակայն այս մասին առաւել մանրամասն գրել է ժամանակի վարդապետներից մէկը՝ պատմելով հետեւեալը:
«Կիրակոս անունով մի սուրբ մենակեաց, որը սուրբ Դաւիթ ճգնաւորի աշակերտն էր, փայլում էր իր աստուածահաճոյ վարքով եւ խիստ ճգնակեցութեամբ: Նա վաղուց հրաժարուած լինելով աշխարհի հոգսերից՝ բնակւում էր Սանատրուկ կոչուած մի լերան վրայ՝ մօտ Թադէոսի եւ Սանդուխտի նահատակութեան վայրին՝ Արտազ գաւառի Շաւարշան աւանին: Մի օր, երբ երանելի Կիրակոսն աղօթքից յետոյ քուն մտաւ, սքանչելի տեսիլք տեսաւ, որը պատմեց նաեւ այլ կրօնաւորներին: “Տեսնում էի, — ասում էր, — որ Սանատրուկ դաշտի մի փոքր բլրի վրայ սքանչելի լոյս էր ծագել: Լոյսի մէջ ոսկէ աթոռի վրայ անպատմելի գեղեցկութեամբ մի լուսաւոր այր էր նստած, եւ աթոռի շուրջ կային հինգ այլ մարդիկ: Ես՝ Կիրակոսս, մեծ հիացմունքի եւ զարմանքի մէջ էի: Յանկարծ բլրի վրայ մի թագաւորազուն աղջիկ երեւաց՝ արեգակի պէս պայծառ, զարդարուած ոսկեհուռ հանդերձներով, գլխին՝ հրաշագեղ պսակ ու եկաւ այն լուսաւոր մարդու մօտ, որ նստած էր ոսկեղէն աթոռին: Նա աղջկան ասաց. «Ուրա՛խ եղիր, սուրբ կո՛յս, Քրիստոսի հա՛րս»:
Եւ տեսայ նաեւ սքանչելատես մի մարդու, որը նման էր իմ Դաւիթ վարդապետին: Նա ինձ ասաց. «Մի՛ երկնչիր, այլ զօրացի՛ր Յիսուս Քրիստոսով, որովհետեւ Նա քեզ շնորհ արեց եւ ցոյց տուեց Իր մխիթարութեան լոյսը: Այժմ լսի՛ր, եւ ես քեզ կը մեկնեմ սքանչելի տեսիլքը: Լոյսը, որ երեւաց քեզ, Սուրբ Հոգու շնորհներն են, որոնք լուսաւորում են՝ ծագելով արդարների եւ սուրբերի վրայ եւ երեւում արժանաւորներին, ինչպէս որ այժմ քեզ: Արդ, նա, որ նստած էր ոսկեղէն աթոռին, Թադէոս առաքեալն է, լուսազգեստ հինգ այրերը նրա աշակերտներն են եւ սուրբ վկաները, իսկ պայծառ աղջիկը՝ սուրբ Սանդուխտը»: Եւ ես ահուդողով հարցրեցի նրան. «Եւ որտե՞ղ են նրանք, տէ՛ր իմ»: Եւ նա ասաց. «Նրանք իրենք իրենց յայտնի կը դարձնեն»: Ես զարմացած արթնացայ եւ օրհնելով փառաւորեցի Աստծուն հրաշալի տեսիլքի համար եւ աղօթքով խնդրեցի ցոյց տալ ճշմարիտը:
Երկու օր անց այդ տեղում առաքեալը երեւաց նոյն կերպով: Ես նրան տեսնելով՝ ընկայ, սակայն նա ինձ բարձրացրեց եւ ասաց. «Մի՛ երկնչիր, Կիրակո՛ս, ուշադիր նայի՛ր, եւ ես ցոյց կը տամ մեր նշխարների տեղը»: Նա ինձ արեւմտեան կողմում ցոյց տուեց մի անտաշ արձան եւ ասաց. «Այստեղ պիտի գտնես»: Ես սթափուեցի եւ երեսուն օր պահք պահեցի: Երեսուներորդ օրը հաղորդուեցի սուրբ Խորհրդին, ապա գնացի այն նշուած վայրը ու գտայ արձանը: Փորեցի նրա շուրջը, սակայն ոչինչ չգտայ ու տրտմած եւ յոգնած նիրհեցի: Եւ դարձեալ տեսայ սուրբ առաքեալին՝ իր ընկերներով հանդերձ, սակայն առաւել հրաշատես: Նա ասաց ինձ. «Մի՛ երկնչիր, Կիրակո՛ս, փորիր աջ կողմում եւ կը գտնես»: Եւ փորեցի եւ գտայ մի վկայի նշխարները, որոնցից անուշահոտութիւն բուրեց: Ես կարծեցի, թէ դրանք սուրբ առաքեալի նշխարներն են եւ գոհացայ Աստծուց, սակայն այդ գիշեր բարձրահասակ, գեղեցիկ տեսքով ու լուսափայլ դէմքով մի պատանի երեւաց ինձ ու ասաց. «Կիրակո՛ս, այդ ես եմ՝ Զաքարիան: Իւրաքանչիւրիս վրայ գիր կը գտնես, ըստ որի՝ ինչ որ գտել ես, Իսրայէլի նշխարներն են, եւ ինչ որ կայ դրանց վրայ, իմն են, իսկ դիմաց գտնուող արձանի տակ կը գտնես սուրբ առաքեալի նշխարները»: Տեսիլքի մէջ ինձ թուաց, թէ արձանը ճեղքուեց եւ լոյս ծագեց: Եւ ես հիացած արթնացայ տեսիլքից:
Գիշերը տեսայ սուրբ Սանդուխտին՝ ինչպէս նախկին տեսիլքում, բայց առաւել պայծառատես: Ես զարհուրած ընկայ, իսկ նա բարձրացրեց ինձ ու պատուիրեց, որ կտաւ փռեմ եւ նշխարները հաւաքեմ կտաւի վրայ: Ես կատարեցի ինձ պատուիրածը, եւ յանկարծ նշխարներն սկսեցին ջահի պէս վառուել: Ես սոսկացի ու հիացայ, իսկ նա ասաց. «Մի՛ վախեցիր»: Ես ասացի. «Ահա կտաւը կþայրուի», եւ նա ասաց. «Չի՛ այրուի, այլ կը սրբի եւ կը լուսաւորի, իսկ ի Քրիստոս հաւատացեալներին բժշկութեան շնորհներ կþընծայի»: Եւ մինչ նայում էի, ահա կերպարանուեցին բոլոր նրանք, որոնց նշխարները գտնուել էին: Իրաքանչիւրը լուսաւոր եւ զարմանալի կերպարանք առաւ, իսկ սուրբ Սանդուխտը՝ լուսեղէն տեսքով, կանգնած էր նրանց բոլորի առջեւում: Նրանցից մէկը սուրբ Սանդուխտ կոյսին ասաց. «Ուրա՛խ եղիր, Քրիստոս Փեսայի անարատ հա՛րս, քանզի մեր նշխարները քեզնով շնորհուեցին Հայոց աշխարհին՝ ի մխիթարութիւն: Եւ արդ, վերցրո՛ւ եւ բաշխի՛ր դրանք հիւանդների բժշկութեան համար, եւ թող յայտնի լինի մեր նահատակութիւնը եւ սէրը, որ ունենք առ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին»: Սուրբ Սանդուխտ կոյսը փառաւորեց Աստծուն, ապա դարձաւ ինձ ու ասաց. «Մի՛տդ պահիր, ինչ որ տեսար եւ լսեցիր»: Նա ինձ տարաւ բլրի վրայ եւ այնտեղ ցոյց տուեց լոյսով ողողուած մի փոքր եկեղեցի: «Իսկ վերին լոյսը, — ասաց, — անճառելի է: Այնտեղ սուրբերի բնակութիւնն է եւ հանդերձեալ կեանքը: Արդ, զօրացի՛ր եւ կատարի՛ր քեզ հրամայուածը»:
Ես սթափուեցի, փառաւորեցի Քրիստոս Աստծուն եւ պահք պահեցի Նաւասարդ ամսից մինչեւ Սահմի ամիսը:
Եկաւ Շահէն եպիսկոպոսը բազմաթիւ ուխտաւորներով՝ փնտռելու սուրբ նշխարները, սակայն չգտաւ: Եւ դարձեալ նոյն լուսաւոր կերպարանքով սուրբ Թադէոս առաքեալը երեւաց ինձ ու ասաց. «Այսօր կը գտնէք ձեր փափագելին»: Եւ տանելով ինձ ցոյց տուեց այն տեղը ու պատուիրեց ուշադիր լինել տեղանքին: Իսկ ես Սամուէլ քահանայի հետ հասայ սուրբ հանգստարանի նշուած տեղը եւ աղօթքներով խնդրեցի Աստծուց՝ որ արժանացնի մեզ գտնելու սուրբ նշխարները: Եւ յանկարծակի ահեղ թնդիւն եղաւ, վէմը պատռուեց եւ անուշահոտ բուրմունք տարածուեց, որը լցրեց ամբողջ տարածքը: Եւ մենք գտանք փառաւոր ու սքանչելի նշխարները՝ դրուած առանձին հանգստարաններում: Առաջինը սուրբ առաքեալի նշխարներն էին, որ կային պատռուած վէմի մէջ՝ արեւելեան կողմում: Առաքեալի նշխարների մօտ գտանք Սամուէլի եւ Իսրայէլի նշխարները, որոնք այս նշանն ունէին. նրանցից մէկի ոտքերին երկաթէ բեւեռներ էին գամուած, որոնք դեռեւս նրա վրայ էին, իսկ միւսի ոտքերի սրունքները խոցուած էին: Մենք մեծ երկիւղով հաւաքեցինք նշխարները եւ փառաւորեցինք Աստծուն:
Երրորդ օրը գնացինք սուրբ Սանդուխտ կոյսի հանգստարան եւ աղօթեցինք: Եւ ահա մօտ երեք ժամ բլուրը պատուեց թանձր մշուշով, ու մենք ոչինչ չէինք տեսնում: Բազում արտասուալից աղօթքներից յետոյ բլրի վրայ կարողացանք լոյս տեսնել, եւ լոյսի մէջ երեւաց լուսաւոր մարդկանց բազմութիւն, որոնք փայլում էին փառաւորապէս: Եւ ահա բացուեց սուրբի տապանը, որից անուշահոտութիւն տարածուեց: Մշուշը ցրուեց, եւ լոյս եղաւ: Երեւացին սուրբ Սանդուխտի նշխարները, որոնք բերեցինք ու դրեցինք այն տեղում, ուր գտնւում էին սուրբ առաքեալի նշխարները: Եւ այդ գիշեր երկնքից պայծառ լոյս ծագեց սուրբերի նշխարների վրայ, ու լսելի եղաւ սուրբերի օրհնութեան ձայնը, որոնք հրաշափառ երգերով, քաղցր խօսքերով եւ ողջագուրուելով օրհնում էին Աստծուն, իսկ նրանց նշխարները թռչելով՝ միմեանց մօտ հանգիստ էին գտնում: Մենք զարհուրած կանգնած էինք: Ահա տեսանք սուրբ Սանդուխտի նշխարները, որ երեւում էին առաքեալի նշխարների մէջ: Մեծ երկիւղով մօտեցանք, նրանց նշխարներն առանձնացրինք միմեանցից, որպէսզի ով մօտենայ, իմանայ, թէ որն է առաքեալի նշխարները, եւ որը՝ Սանդուխտինը ու ցնծութեամբ փառաւորի Աստծուն: Եւ Աստուծոյ շնորհով բոլոր սուրբերին պատուով ամփոփեցինք հանգստարաններում»:
Սուրբերի համբաւը ելաւ ու տարածուեց ողջ Հայոց աշխարհում: Մարդիկ գալիս էին բոլոր կողմերից՝ իրենց հիւանդութիւններին բժշկութիւն գտնելու համար: Ռշտունեաց տոհմից մի կին, որն ի ծնէ կոյր էր, եկաւ, բժշկութիւն ստացաւ եւ լուսաւորուեց: Նա պատմեց մի սքանչելի տեսիլքի մասին, որը ցոյց տրուեց իրեն եւ ասաց. «Իմ տան մէջ գիշերը մի տեսիլք տեսայ: Մի գեղեցկատես աղջիկ ասաց ինձ. “Ես եմ՝ Սանդուխտը, արի, ե՛կ մեր հանգստեան վայրը, որ Արտազ գաւառում է, եւ Աստուած սուրբ Թադէոսի եւ նրա աշակերտների ձեռքով կը լուսաւորի քեզ, քանզի նրանք, եւ ես էլ նրանց հետ, մեր ձեռքը կը դնենք քո աչքերի վրայ, եւ դու կþառողջանաս”: Ես եկայ մեծ հաւատով, եւ ահա Քրիստոսի ու Նրա սուրբերի շնորհով բացուեցին իմ աչքերը: Բժշկուեցին նաեւ շատերը եւ փառաւորեցին Աստծուն»:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ Թադէոս առաքեալի եւ սուրբ Սանդուխտ կոյսի յիշատակի օրը նշում է Վարդավառի տօնին յաջորդող շաբաթ օրը: