«Այսօր յիշատակ սրբոցն. եւ փայլին նշխարք սոցա ի մէջ եկեղեցւոյ.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:
Հեղմամբ արեան սոցա մեծարի մայր սոցա իմանալի Սիոն.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ:
Տաճար են Սուրբ Հոգւոյն. կենդանի ոսկերք սոցա՝ հիւանդաց բժիշկ.
Աղաչեսցուք զՏէր սոքօք խնայեա ի մեզ»:
(Շարակնոց)
Առաքինի նահատակները՝ քառասուներեք զօրականները, որոնց նահատակութեան ժամին միացան նրանց նաեւ երկու պահապանները՝ դառնալով քառասունհինգը, զինուորագրուած էին «Հայոց լեգէոն» կոչուած կայսերական գնդում, որը տեղակայուած էր Փոքր Հայքի Նիկոպօլիս[1] քաղաքում եւ ապրել են ամբարիշտ Լիկիանոսի կայսրութեան ժամանակներում: Սա այն Լիկիանոսն էր, որն օտարացել էր Հայոց Տրդատ Մեծ արքայի հետ բարեկամութիւնից եւ երբ հաւատացեալների դէմ հալածանքներ յարուցեց իր տէրութեան արեւելեան կողմերում, առանձնակի թշնամութիւն ցուցաբերեց քրիստոնեայ հայերի դէմ: Արդ, արեւելեան կողմերի անօրեն Լիւսիաս դուքսը, որի հրամանով եւ Ագրիկողայոս դատաւորի ձեռքով Սեբաստիայում նահատակուեցին քառասուն մանուկները, ինչպէս նաեւ այլ վկաներ Ամասիայում եւ այլեւայլ քաղաքներում, եկաւ Նիկոպօլիս քաղաք եւ ըստ արքունի հրովարտակի՝ տեղեկացրեց, որ եթէ գտնեն քրիստոնեայ մէկին, նա պէտք է դառնայ կուռքերի պաշտամունքին, կամ էլ տանջանքներով ու մահուամբ զրկուի կեանքից:
Ապա Հայոց լեգէոնի մէջ գտաւ քառասուներեք անձանց, ովքեր աներկիւղ հանդէս էին գալիս որպէս քրիստոնեաներ: Նրանց գլխաւորներն էին Ղեւոնդիոսը, Սիսիանոսը, Մաւրիկոսը, Դանիէլը, Անտոնիոսը եւ Անիքտոսը, որոնք նշանաւոր ազգից պատուական այրեր էին եւ քաջածանօթ՝ սուրբ գրքերին: Երբ բոլորը կանգնեցին դքսի ատեանի առջեւ, Լիւսիասը, նայելով նրանց վայելչագեղ կերպարանքին, հարցրեց. «Որտեղի՞ց էք, եւ ո՞վ է ձեզ ուսուցանել չպաշտել վերին աստուածներին եւ զոհեր չմատուցել նրանց»: Քաջ Ղեւոնդիոսն առաջ եկաւ եւ ի դէմս բոլորի պատասխանեց. «Մենք բոլորս քրիստոնեաներ ենք»: Եւ մատնանշելով գլխաւորներից մի քանիսին՝ ասաց. «Մեզնից ոմանք այս քաղաքից են, ոմանք էլ՝ քաղաքի մերձակայ սահմաններից, սակայն մեր բոլորի երկնային հայրենիքը մէկն է: Մեր երկնաւոր Հայրը Քրիստոսն է, եւ Նա է մեզ ուսուցանել չպաշտել համր եւ կոյր կուռքերին ու չերկրպագել մարդկանց ձեռքի գործերին»: Լիւսիասն ասաց. «Ո՞ւր է Քրիստոսը, արդեօք Նա չխաչուեց եւ արդեօք Նա չմեռաւ»: Ղեւոնդիոսը պատասխանեց. «Դու լսել ես միայն Նրա մեռնելու մասին, սակայն իմացի՛ր, որ Նա յարութիւն առաւ եւ կենդանի է երկնքում: Նա եկաւ ու մեռաւ մեզ համար եւ ապա յարութիւն առաւ որպէս կենդանի Աստուծոյ Որդի»: Դուքսը հեգնելով ասաց. «Մի՞թէ Նա մինչ այժմ ապրում է եւ կենդանի է»: Սուրբ Ղեւոնդիոսը պատասխանեց. «Ո՛վ Լիւսիաս, ձեր աստուածները մեռած են եւ նրանք չկան, իսկ մեր Տէրը եւ Աստուածը, Ով Իր Աջով արարեց եւ պահեց երկինքն ու երկիրը, ծովը եւ բոլոր արարածներին, յանձն առաւ մեռնել մեզ համար, որպէսզի մեզ ազատի կուռքերի պաշտամունքից: Նա ուսուցանեց մեզ տալ կեանքը Իր համար, որպէսզի մեռնելով՝ կենդանի լինենք Նրա հետ»:
Լիւսիասը դարձեալ ասաց. «Արդեօ՞ք տասներկուսը չեն երկնաւոր աստուածները: Դու այլ մէկի՞ն ես աստուած կոչում, որը երկնքի, երկրի եւ ծովի արարիչն է»: Ղեւոնդիոսը պատասխանեց. «Իսկ ովքե՞ր են ձեր աստուածները»: Դատաւորն ասաց. «Արամազդը, Ապոլոնը եւ Ասկլեպիսը՝ միւսներով հանդերձ, որոնց ողջ աշխարհն է պաշտում»: Ղեւոնդիոսը ծիծաղեց եւ ասաց. «Մի՞թէ Արամազդն աստուած է, չէ՞ որ յայտնի են նրա անարժան գործերը»: Դատաւորը զայրացաւ եւ ասաց. «Ո՛հ, հայհոյի՛չ, դու մոլեգնում ես, չգիտե՞ս արդեօք, որ նա իր վրայ կրում է երկինքը եւ մարդկանց ու աստուածների հայրն է»: Ղեւոնդիոսը պատասխանեց. «Եթէ Արամազդն աստուած լինէր, պէտք է ամենակարող լինէր եւ վրէժխնդրութեան կարիք չունենար իրեն չպաշտողների հանդէպ: Եթէ նա աստուած լինէր, պէտք է ամեն բանում լինէր արդար, չարատեաց, շնութիւնը, պոռնկութիւնը եւ խառնակութիւնն ատող եւ ոչ թէ սիրող, պատերազմները մերժող ու խաղաղասէր, քանզի հարկ է, որ Աստուած ամեն բանում լինի կատարեալ, առանց կարիքի եւ անմեղանչական: Եթէ լսում ենք, որ ձեր աստուածը մեղանչել է, ապա նա մեղաւոր է եւ կարիք ունի անմեղ Աստուծոյ, Ով քաւութիւն կը տայ իր մեղքերին»:
Բարկացած դուքսը սաստեց նրան եւ ասաց. «Ա՛յ չարամիտ, ո՞վ քեզ դատաւոր կարգեց արդար աստուածներին դատելու համար: Երդւում եմ աստուածներով եւ իմ կեանքով, որ ձեզ դաժան կորստեան կը մատնեմ»: Իմաստուն Ղեւոնդիոսը պատասխանեց. «Մի՛ զայրացիր ճշմարիտ խօսքից: Իւրաքանչիւր բանական մարդու համար օրէնք է դրուած՝ չմերձենալ օտար կնոջ, հեռու մնալ ազգապղծութիւնից, չվիճել եւ չարիք չպատճառել որեւէ մէկին: Եթէ կարծում ես, որ ձեր աստուածներն աշխարհի պահապաններն են, ապա պէտք է, որ նրանք բարեպաշտների հանդէպ լինէին առաւել խաղաղասէր, խաղաղարար եւ բարերար, իսկ եթէ ձեր գլխաւոր աստուածը գործում է ընդդէմ օրէնքի, ապա նա մարդկանց յորդորում է օրինազանց լինել: Ձեր աստուածը, մարդկանց չար արարքներից օրինակ վերցնելով, գործում է նրանց նման: Եւ եթէ օրինազանց մարդիկ պատժապարտ եւ մահապարտ են, ապա ի՞նչ պատժի ու մահուան են արժանի ձեր օրինազանց աստուածները: Էլ չեմ ասում շատերի մասին, որոնք հեռու են պահում իրենց անձերը նման պղծութիւններից եւ արդարներ են կոչւում: Ապա պարզ է, որ պարկեշտ մարդիկ աւելի արդար են, քան թէ խառնակ վարքով ձեր աստուածները: Եթէ ինչ որ բան սուտ խօսեցի, վկայութիւն տուր, իսկ եթէ ոչ, ապա իմացի՛ր, որ ձեր աստուածները աստուածներ չեն, այլ չարագործ դեւեր»:
Այնժամ սուրբ Դանիէլը գովաբանեց սուրբ Ղեւոնդիոսին եւ ասաց. «Լա՛ւ ասացիր, հա՛յր, դու քաջալերելով զօրացրիր բոլորիս»: Իսկ բարկացած դատաւորն ասաց Ղեւոնդիոսին. «Ա՛յ չարագլուխ եւ անմի՛տ: Ձեր աստուածը խաչուեց որպէս չարագործ, այդ ո՞վ է խաչուել մեր աստուածներից»: Սուրբ Ղեւոնդիոս պատասխանեց. «Արդարեւ, մեր Աստուածը խաչուել է, եւ մենք պարծենում ենք Նրա խաչով, որի դէմ չեն կարող կանգնել ձեր աստուածները: Կամենալով ազատել մարդկանց անաստուած մոլորութիւնից՝ Քրիստոս կամաւոր մատնեց Իր անձը հրեաների ձեռքը, որպէսզի Իր խաչով վերացնի նախամարդու պատուիրանազանցութիւնը, իջնելով դժոխք՝ ազատեց հոգիներին եւ Իր յարութեամբ մեզ յարութիւն պարգեւեց, ինչպէս որ կանխաւ ասել էր Իր մարգարէների միջոցով: Իսկ ի՞նչ են արել ձեր աստուածները: Արամազդն, ինքն անառակ լինելով, կարող է թռչուն, ցուլ եւ սողուն լինել: Արդ, ո՞րն է առաւել գովելի, Աստուծոյ մարդասիրութի՞ւնը Իր արարածների հանդէպ՝ մեղքի մէջ ընկածին յարութիւն տալով եւ կամաւոր խոնարհութեամբ մեռնելով նրա համար, թէ՞ անբան արարածների, սողունների եւ թռչունների պէս շաղախուելը անառակութեան եւ ցանկութիւնների մէջ: Էլ չեմ խօսում ձեր Ապոլոն աստուծոյ մասին, որն ըստ ձեր վիպասանութեան՝ շանթահարուելով մեռաւ, կամ Ասկլեպիոսի եւ Հերակլէսի մասին, որոնք նոյն կերպով վերացան երկնառաք հրով, որովհետեւ նրանք աստուածներ չէին, այլ խաբեբաներ»:
Այլեւս չհանդուրժելով՝ դատաւորը իւրայիններին ասաց. «Քարերով խփէ՛ք դրանց բերաններին, որտեղից հայհոյութիւններ են դուրս գալիս աստուածների դէմ»: Եւ երբ խփում էին, նահատակներից ոմանք ասացին բռնաւորին. «Սատանայի ծառա՛, Աստուած էլ քեզ պիտի հարուածի, որովհետեւ լսելով ճշմարտութիւնը՝ արբեցիր ամբարշտութեամբ»: Իսկ սուրբ Ղեւոնդիոսն իր ընկերներին ասաց. «Եղբայրնե՛ր, մի՛ անիծէք արդէն իսկ անիծեալներին, այլ օրհնեցէ՛ք, որովհետեւ գրուած է՝ օրհնեցէ՛ք ձեզ հալածողներին, օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք»: Այս լսելով՝ դատաւորն սկսեց համոզելով խօսել եւ ասել. «Ղեւոնդիո՛ս, երդւում եմ իմ աստուածներով, որ եթէ լսէք ինձ եւ զոհ մատուցէք, կը ստանաք, ինչ որ կամենաք: Մինչ այժմ ես համբերում էի՝ յուսալով, թէ կը սթափուէք, սակայն եթէ շարունակէք ըմբոստանալ ինքնակալների դէմ եւ յանձն չառնէք զոհ մատուցել աստուածներին, կը մասնատեմ ձեր մարմինները եւ կը նետեմ ագռաւներին ու շներին որպէս կերակուր: Ձեր յամառութիւնը, յատկապէս յիմարութիւնը, ձեզ օգուտ չի տայ»: Սուրբ Անտոնինոսը պատասխանեց նրան եւ ասաց. «Ո՞ր աստուածներին ես հրամայում զոհ մատուցել»: Լիւսիասն ասաց. «Զո՛հ մատուցէք Արամազդին ու Ապոլոնին»: Սուրբերը միաբան ծաղրեցին աստուածներին, իսկ սուրբ Ղեւոնդիոսն ասաց. «Ճիշտ էք, որ ձեր աստծուն ապոլոն էք կոչում, որը նշանակում է առիթ կորստեան, որովհետեւ նա չկարողացաւ պահել ինքն իրեն, որը դուք ինքներդ էք խոստովանում»:
Չարութիւնից շառագունած դատաւորը մեծ ցասումով հրամայեց անմիջապէս երկաթէ ծանր շղթաներով կապել նրանց ձեռքերն ու ոտքերը եւ բանտարկել քաղաքի հարաւային կողմում գտնուող ամրոցում, որի մօտից աղբիւր էր բխում ու հոսում քաղաքից դուրս:
Դատաւորը պատուիրեց իր երկու զօրականներին, որոնց անուններն էին Մենիաս եւ Բելիադէս, որպէսզի հսկեն բանտարկուածներին: «Կը տեսնենք, — ասաց, — թէ ինչպէս կը պահէք դրանց: Երդւում եմ Ասկլեպիոսով, որ եթէ իմանամ մէկը նրանց հաց ու ջուր է տուել, նրանց հասնող պատիժը ձեզ վրայ կը բերեմ ու այրելով ձեզ կը սպանեմ նրանց հետ»:
Ամրոցում բանտարկուած սուրբերը միաբան օրհնում էին Աստծուն՝ ասելով. «Օրհնում ենք Քեզ, Տէ՛ր, փառքի Թագաւո՛ր, որ յանձն առար կանգնել պոնտացի Պիղատոսի առջեւ՝ դատուելու մեր մեղքերի համար: Դու ես ճշմարիտ կեանքը, որ մեղաւորներիս համար պատարագուեցիր Քո Հօրը, ճշմարիտ Աստուծոյ Որդի՛ եւ Քահանայապե՛տ: Մի՛ զրկիր մեզ Քո ողորմութիւնից եւ պահի՛ր մեր միաբանութիւնը: Դու, որ մեզ միաւորեցիր Քեզ խոստովանելու համար եւ համաշունչ դարձրիր, մեզ միասնական պահիր նաեւ նահատակուելիս: Մի՛ թող, որ երբեւէ բաժանուենք միմեանցից, այլ թող, որ չարի ծառաները, տեսնելով մեր զուարթ յօժարութիւնը, նախանձախնդիր լինեն մեր գովելի ընթացքին: Ահա մենք շղթայակապ չարչարւում ենք քաղցի, ծարաւի ու խաւարի, մէջ, սակայն Դու, Տէ՛ր, շնորհի՛ր մեզ համբերութիւն եւ աւարտին հասցրու մեր ընթացքը, որպէսզի բանսարկուն ոչ ոքի չհեռացնի մեզնից»:
Նրանք ծնրադրած աւարտեցին աղօթքը, սակայն շղթաներից կքած չկարողացան ոտքի կանգնել, այլ նստած միաբերան սաղմոսեցին՝ ասելով. «Համբերութեամբ սպասեցի Տիրոջը, եւ Նա նայեց ինձ ու լսեց իմ աղօթքը: Նա ինձ հանեց տառապանքի փոսից, ցեխից ու տիղմից»[2]: Եւ աւարտելով սաղմոսը՝ երկրպագութեամբ ընկան իրենց երեսների վրայ ու դարձեալ վեր կենալով՝ սաղմոսեցին: Աղօթելով համբուրում էին իրենց շղթաները եւ միմեանց ողջագուրելով՝ ուրախութեամբ գոհանում Աստծուց: Ապա երանելի Ղեւոնդիոսն սկսեց մխիթարական խօսքերով գօտեպնդել իր քաջ նիզակակիցներին եւ ասել. «Իմ պատուական եղբայրնե՛ր եւ Քրիստոսի ազնիւ ծառանե՛ր, պէտք է արիութեամբ եւ քաջութեամբ տանենք ամեն բան: Դուք աստուածային Գրքից գիտէք ինչպէս Յոբի համբերութեան, այնպէս էլ Տիրոջ խաչելութեան մասին: Յիշէ՛ք նաեւ առաքինի անձանց. Յովհաննէս Մկրտիչը գլխատուեց, Պետրոս առաքեալը խաչուեց, Պօղոսը գլխատուեց, Թովմասը նետահարուեց եւ սուրբերից քանիսն էլ Մաքսիմիանոսի, Դեկոսի, Ադրիանոսի եւ այլ ամբարիշտ թագաւորների օրօք վկայեցին պանծալի վկայութիւնը եւ պսակուեցին, որոնց մենք երանի ենք տալիս: Ի՞նչ ասեմ նահատակուած քաջ այրերի մասին, որ եթէ աստուածապաշտ կանայք անգամ, առնացի սիրտ առած եւ իրենց բնութեան տկարութիւնը մոռացած, երկնքում պատրաստուած փառքի համար ամուր պահեցին իրենց հաւատը Քրիստոսի յոյսով, որովհետեւ լսել էին Աւետարանում Տիրոջ ասած խօսքը, թէ՝ “Ով որ Ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, Ես էլ կը խոստովանեմ նրան Իմ Հօր առաջ, որ երկնքում է: Եւ ով Ինձ կþուրանայ մարդկանց առաջ, Աստուծոյ հրեշտակներն էլ նրան կþուրանան”: Եւ արդ, եթէ տկար բնութեամբ կանայք մարտնչեցին ինչպէս այրեր, որչա՞փ առաւել պէտք է մենք՝ Քրիստոսի վկաներս, լինենք: Դուք լսել էք սրբուհի Եւփիմիայի, Կապիտոլինեայի, Յուղիտայի եւ այլ սուրբ կանանց մասին, թէ ինչպէս նրանք առաքինութեամբ հանդէս եկան մարտում եւ յաղթեցին սատանային: Նրանց անունները գրուած են կեանքի Գրքում»:
Ապա սուրբ Ղեւոնդիոսը շարունակեց եւ պատմեց սրբուհի Պոտամինէի սքանչելի նահատակութեան մասին, որը լսել էր Եգիպտոսից եկած մի վարդապետից, եւ սա էլ լսել էր սուրբ Անտօն ճգնաւորից: Պոտամինէն ապրել է Մաքսիմիանոս կայսեր օրօք, Ալեքսանդրիա քաղաքում: Նա մի հեթանոս մարդու աղախին էր: Երբ նրա տէրն իրեն յորդորեց կենակցել իր հետ, նա պատասխանեց. «Ես Քրիստոսի աղախինն եմ եւ չեմ կարող աղտեղել իմ անձը»: Իսկ նրա տէրը, շատ ստիպելուց յետոյ չկարողանալով համոզել, նրան մատնեց դատաւորի ձեռքը, որպէսզի Պոտամինէն կամ յանձն առնի կատարել իր կամքը, կամ էլ պատուհասուի որպէս քրիստոնեայ: Դատաւորը խրատեց նրան՝ լսել իր տիրոջը, իսկ Պոտամինէն պատասխանեց. «Մի՛ եղիր այնպիսի դատաւոր, որը հրամայում է աղախնուն՝ հպատակուել իր տիրոջ ցանկութեանը»: Քրիստոնեայ լինելու պատճառով դատաւորը նրան սպառնաց գցել կպրաձիւթով եռացող կաթսայի մէջ, իսկ Քրիստոսի առաքինի աղախինը դատաւորին ասաց. «Յանուն ինքնակալի, որը յոյժ պատուական է քո աչքին, աղաչում եմ, մի՛ հրամայիր, որ ինձ անմիջապէս գցեն կաթսայի մէջ, այլ թող ինձ դանդաղ իջեցնեն՝ դառը կտտանքներ կրելու համար, որպէսզի տեսնես, թէ որքան համբերութիւն է տուել ինձ Քրիստոս: Ահա այսպիսի վկայութեամբ նահատակուեց Փրկչի աղախինը:
Եւ արդ, տեսնո՞ւմ էք, իմ քաջ նահատակակիցնե՛ր, թէ ինչպէս միայնակ, աղախին կինն իր համբերութեամբ ամաչեցրեց բռնաւորին: Հապա ի՞նչ ասենք, կամ ինչպէս չշտապենք ծարաւ հոգով մեռնել մեր Տիրոջ համար: Մեր նահատակութիւնից յետոյ հրեշտակների պարերը կը պարուրեն մեր հոգիները եւ կը պարգեւեն երկնային թագաւորութեան պսակներն ու պատիւները, իսկ մեր բոլոր մասունքները կը տարածուեն ողջ աշխարհով՝ Տիրոջ անուան փառքի համար եւ ի ուրախութիւն հաւատացեալների»: Երանելի Ղեւոնդիոսի այս խօսքերից քաջերը զուարթանում էին եւ ասում. «Թող Տիրոջ կամքը լինի» եւ ուրախամիտ յոժարութեամբ տանում բանտի անտանելի նեղութիւնները:
Յուլիս ամսուայ անտանելի շօգ օրեր էին. նրանք պապակում էին ծարաւից, իսկ նրանց արգելուած էր հաց ու ջուր տալ: Սակայն Տէրն այցելեց նրանց. Բասիանէ անունով մի բարեպաշտ կին, վրան գցելով իր լայն վերնազգեստը, որի տակ թաքցնում էր ջրով լի անօթը, մտնում էր բանտ՝ իբր տեսակցութեան ու գաղտնի ջուր տալիս նրանց:
Երանելիները գիշերուայ ժամերը ցերեկուայ պէս անց էին կացնում ուրախութեամբ, սաղմոսերգում էին՝ օրհնելով Աստծուն, քանզի նրանցից շատերը մանկուց գիտէին սաղմոսները: Նրանք կատարում էին գիշերային աղօթքները եւ սպասում Աստուծոյ օգնականութեանը, իսկ Լիւսիաս դատաւորը վարանած մտածում էր, թէ ինչ տանջանքներով պատուհասի բանտարկուածներին, որովհետեւ նրանց յաղթել չէր ակնկալում: Նա անքուն գիշեր անցկացրեց, եւ երբ լուսաբացին նիրհեց, սատանան Ասկլեպիոս չաստուծոյ կերպարանքով եկաւ կանգնեց նրա առջեւ եւ ասաց. «Քա՛ջ եղիր, Լիւսիաս, այդ ես եմ՝ Ասկլեպիոսը, որին երէկ երդում տուեցիր: Արդ, վե՛ր կաց, շտապի՛ր վերջ տալ այդ մարդկանց, որովհետեւ մեզ հայհոյելուց եւ թշնամանալուց յետոյ նրանք արժանի չեն մեր աստուածութեանը: Արդ, ոչնչացրո՛ւ նրանց, որովհետեւ գիտեմ, որ յամառ են: Նրանք զոհ չեն մատուցի, չեն երկրպագի մեզ եւ այնտեղ՝ բանտում, շատ անգամ հայհոյում են մեզ: Ջախջախի՛ր նրանց ոսկորները, հրով այրի՛ր ու լցրո՛ւ գետը, որպէսզի ցրուեն, անհետանան եւ չընկնեն քրիստոնեաների ձեռքը»:
Առաւօտեան դատաւորը, համակուած դիւական անուրջներից ծփացող խորհուրդներով, շուտափոյթ վեր կացաւ եւ բազմաթիւ զօրականներով դուրս եկաւ քաղաքից: Նստեց մի բարձր տեղում եւ հրամայեց բանտարկուածներին իր առջեւ բերել: Եւ երբ շղթայուած սուրբերը եկան, Լիւսիասն սկսեց խօսել ու ասել. «Դուք գիտէք, որ ես երէկ խնայեցի ձեզ, որ տանջամահ չլինէք, եւ մինչ օրս թողեցի, որ ապրէք, որպէսզի այսօր զոհ մատուցէք աստուածներին ու լինէք ինքնակալների եւ մեր բարեկամները: Եւ արդ, եթէ զոհ մատուցէք աստուածներին, իւրաքանչիւրիդ երկու հարիւր ոսկի, հանդերձներ եւ թագաւորական պարգեւներ կը տամ: Գիտեմ իսկ, որ ձեզնից շատերը պատրաստ են զոհ մատուցել: Արդ, եթէ լսէք ինձ եւ զոհաբերէք ցուլեր, որ հրամայել եմ բերել այստեղ, ապա ձեզ համար կը պատրաստեմ բարիքներով լի սեղան, եւ խնջոյքի ժամանակ իւրաքանչիւրդ պարգեւներ ու պանծալի փառք կը ստանաք, իսկ եթէ չհնազանդուէք, ապա ստիպուած եմ ձեզ նոր տանջանքների մատնել: Բայց արդ, ես ինքս խնդրում եմ ձեզ՝ չզրկուել քաղցր լոյսից եւ չհեռանալ ձեր կանանցից, որդիներից ու բարեկամներից: Առա՛ջ եկէք, որ զոհ եւ խունկ մատուցէք մեր աստուածներից նրան, որին կը ցանկանաք»:
Այնժամ բոլորը միաբերան ասացին. «Նզովեա՛լ լինես դու քո պարգեւներով, ո՛վ բռնաւոր: Արդարեւ, ինչպէս անունդ է նշանակում, որ է կատաղած, (Լիւսիաս հելլենացիների լեզուով նշանակում է կատաղութիւն) մեզ հրամայում ես ապստամբել կենդանի Աստուծոյ դէմ եւ զոհ մատուցել պիղծ ու գարշելի դեւերին: Սակայն մեր փառաւոր հանդերձը, կերակուրն ու ըմպելիքը, մեր Հայրը, բարեկամը եւ եղբայրը մեր Տէր Յիսուս Քրիստոս է, Նա, Ով հրաւիրեց մեզ անմահ կեանքի երկնային ընթրիքին»: Անօրէն Լիւսիասը, դառնացած հոգով, սակայն արտաքուստ գութ ու կարեկցանք ցուցաբերելով, ասաց. «Դեռեւս խնայում եմ ձեզ, ո՛վ քաջեր, որովհետեւ երբ բարեկամները թշնամանում են, պէտք է համբերել»: Ապա թողնելով միւսներին՝ դարձաւ Ղեւոնդիոսին ու ասաց. «Տեսնում եմ, որ դու, որպէս մանկուց ուսեալ, միւսներից առաւել տեղեկութիւններ ունես ազգերի կրօնների մասին: Արդ, եթէ Արամազդին, Ապոլոնին եւ Ասկլեպիոսին աստուածներ չես համարում, ապա զոհ մատուցիր Պոսիդոնին կամ Արտեմիսին»: Քաջ Ղեւոնդը պատասխանեց. «Մոլորուած լինելով՝ դուք դրանց աստուածներ էք կոչում: Եթէ ասում են, թէ երկնքից եւ երկրից են ձեր աստուածները՝ իրենց ծնունդներով հանդերձ, ապա ուրեմն երկինքն ու երկիրը ապականացու տարերքներ են, եւ հետեւաբար, նրանցից ծնուածներն էլ ապականուած են իրենց ծնողների օրինակով: Եւ արդ, եթէ նրանք ապականացու են, ինչպէ՞ս են աստուածներ կոչւում: Եւ եթէ մարմիններից ելած մարդկանց հոգիները, որ մինչ սպասում են իրենց մարմիններին եւ անախտութեամբ հանգստանում են աստուածեղէն օթեւաններում, ինչպէ՞ս ախտաւորներին եւ ցանկասէրներին աստուած կը կոչեն: Թո՛ղ դրանց, քանզի եթէ նրանցից մէկը, բացի մեր Տիրոջից, համարձակուի ասել, թէ՝ ես աստուած եմ, ապա թող նա արարի մէկ այլ աշխարհ եւ աստուծոյ անուն ունենայ: Իսկ եթէ ոչ, ապա այս աշխարհը ստեղծուած է միայն քաջարուեստ Ճարտարապետի եւ մեր Թագաւոր Յիսուս Քրիստոսի ձեռամբ: Ո՛վ դատաւոր, համբերութեամբ լսի՛ր ինձ: Դու ասացիր, թէ ես տեղեակ եմ ազգերի պաշտամունքներին եւ մտքումդ պահի՛ր, ինչ որ հիմա կþասեմ: Եթէ օրինակ դու քեզ կայսր անուանէիր եւ բարկացնէիր ինքնակալներին, ապա իրաւամբ կը պատժուէիր: Այդպէս էլ ձեր աստուածները, որոնք դեւեր են, քանի որ յանդգնում են իրենց աստուածներ կոչել, արժանի են մեծամեծ պատիժների: Բայց դու տե՛ս զարմանալին. դուք, որ նախանձախնդիր էք ձեր աստուածներին, օրէցօր նուազում էք, եւ հակառակը, մենք՝ Քրիստոսի ծառաներս, որ չարչարւում եւ մեռնում ենք Նրա անուան համար, գնալով աճում ենք (քանզի Մեծն Կոստանդիանոսի օրօք հեռացել էին հռոմեացիների բոլոր կռապաշտ թագաւորները եւ մնացել էր միայն բռնաւոր Լիկիանոսը): Ահա այսքանն էլ բաւական է հաւատացնել քեզ, որ մենք Աստուծոյ սիրելի ծառաներն ենք»:
Այնժամ Լիւսիասը մռնչաց առիւծի պէս եւ ասաց. «Զո՛հ մատուցէք աստուածներին, ապա թէ ոչ՝ երդւում եմ Ասկլեպիոսով եւ արեգակով, թոյլ չեմ տայ, որ տեսնէք վաղուայ արեւը»: Քրիստոսի քառասուներեք քաջ նահատակները միաբան գոչեցին. «Մենք պաշտում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսին եւ աղօթքներ ենք մատուցում Նրան, որպէսզի գալիք Դատաստանի օրը Նա մեզ պահի անարատ, իսկ քեզ, ո՛վ Լիւսիաս, քո աստուածներով հանդերձ, մատնի գեհենի անշէջ հրին»:
Բարկացած դատաւորը հրամայեց անմիջապէս մերկացնել բոլոր քաջ նահատակներին, իւրաքանչիւրին կախել ծառից եւ երկաթէ ճանկերով ու սայրասուր խեցիներով քերել նրանց մարմինները: Մունետիկն աղաղակում էր եւ ասում. «Ովքեր զոհ չեն մատուցի աստուածներին եւ աւելին, կը համարձակուեն անարգել նրանց, կը մատնուեն այդպիսի չարչարանքների»: Մինչ քերում էին սուրբ վկաների մարմինները, նրանք ասում էին դատաւորին. «Ո՛վ բռնաւոր, եթէ կան առաւել դժնդակ տանջանքներ, պատճառի՛ր, որովհետեւ մեզ համար արհամարհելի են այս քերանքները»:
Օրուայ վեցերորդ ժամն էր, արեգակը բարձունքներից իր ճառագայթներն էր արձակում երկրի ողջ երեսին: Սուրբերի արեան վտակները հեղւում եւ ներկում էին գետինը: Տեսնելով, որ ոչինչ չկարողացաւ անել, դատաւորը պաշարուեց մտքերով: Հրամայեց իջեցնել նրանց կախաղաններից, տանել բանտ եւ պատուիրեց, որ ոչ ոք չգայ նրանց տեսակցութեան եւ ջուր չտայ:
Կար Հերովդէս անունով մի քրիստոնեայ իշխան, որը քաղաքապետ էր Նիկոպօլիսում եւ ծպտուած էր հեթանոսութեան քողի տակ: Նա ունէր Փիլինոս անունով մի դպիր, որը նոյնպէս ծածուկ քրիստոնեայ էր եւ մտերմութիւն ունէր սուրբերից գլխաւորի՝ Ղեւոնդիոսի հետ: Երանելի Ղեւոնդը նրան առանձին իր մօտ կանչեց ու ասաց. «Ո՛վ Փիլինէ, եթէ որպէս քրիստոնեայ եւ որպէս եղբայր սիրում ես ինձ, գնա քո տիրոջը՝ Հերովդէսին ասա՛, որ եթէ նա համարձակութիւն ունի Լիւսիասի առջեւ, թող վաղը կատարի մեզ կեանքից զրկելու իր սպառնալիքը», քանզի Ղեւոնդիոսը երկիւղ ունէր, որ սուրբերից որեւէ մէկը երկար չարչարանքների երկիւղից կը տկարանայ հաւատի մէջ: Եւ Փիլինոսը այս մասին յայտնեց իշխանին:
Յաջորդ օրը Լիւսիասը Հերովդէս իշխանին հրաւիրեց ճաշի եւ սպասում էր նրա գալստեանը, սակայն վերջինս չգնալու առիթ էր փնտռում: Եւ երբ Լիւսիասը ցանկացաւ իմանալ պատճառը, Հերովդէսն ասաց. «Երէկ տեսել եմ պատժուողների քերուած կողերը եւ քերանքից բացուած նրանց որովայնները: Այն տաղտկալի էր, եւ այժմ որեւէ կերակուր չեմ կարող տանել»: Լիւսիասն ասաց. «Արդ, ասա՛ ինձ, ի՞նչ ես կամենում, որ անեմ նրանց»: Եւ նա ասաց. «Ովքեր հակառակւում են ինքնակալների հրամաններին, արժանի են մահուան, ապա ինչո՞ւ իսկոյն չես սպանում նրանց»: Այնժամ դատաւորը խոստացաւ ըստ արքունի հրամանի հէնց վաղը հրի մատնելով զրկել նրանց կեանքից: Լսելով այս մասին՝ Փիլինոսը գնաց բանտ եւ յայտնեց սուրբերին, իսկ նրանք յոյժ ուրախացած զուարթագին սպասում էին իրենց ընթացքի աւարտին եւ բարին մաղթում Փիլինոսին ու նրա տիրոջը:
Ըստ իր սովորութեան, բանտ եկաւ բարեպաշտ Բասիանէն եւ իր հետ ծածկապէս ջուր բերեց: Բայց քանի որ պահապանները մուտքի մօտ արգելեցին նրան, սուրբերը հարցրեցին, թէ արդեօք ջուր ունի: Իսկ կինը մերձ գտնուողների պատճառով չհամարձակուեց ասել, թէ՝ ունեմ: Այնժամ սուրբ Ղեւոնդիոսը հայերէն լեզուով խօսեց Բասիանէի հետ (քանզի այդ կինը եւս հայոց ազգից էր, թէպէտ նրանք յունարէն քաջ գիտէին), որպէսզի բանտապահները չհասկանային եւ ասաց. «Գիտես, որ այստեղ պապակում ենք ծարաւից, եւ դուրս են գալիս մեր հոգիները: Եթէ մեր այս նեղութեան մէջ չլինի քո բերած ջուրը, իմացի՛ր, որ մինչ այժմ ինչ բարի գործեր որ արել ես մեզ համար, առոչինչ կը համարուի»: Նա այս ասաց, որպէսզի յորդորի նրան ջուր բերել իր նահատակակիցներին՝ մխիթարութեան եւ քաջալերութեան համար: Այնժամ Բասիանէն ելնելով դռնից, գտաւ բանտի փոքրիկ եւ նեղ պատուհան ու դրա միջով տուեց իր բերած ջուրը: Եւ երբ վկաները մի փոքր խմեցին ու զովացան, միաբան օրհնեցին կնոջը, եւ որպէս հատուցում նրա ծառայութեան համար՝ աղօթեցին, որ նրա որդիները եւ որդիների որդիներն արժանանան քահանայութեան սուրբ աստիճանին: Եւ արդարեւ, երանելի կինը Քրիստոսից բազում առաւելութեամբ ստացաւ իր վարձը, որը Տէրը խոստացել էր նրանց, որոնք խմելու մէկ բաժակ սառը ջուր կը տան Իր աշակերտի անունով, իսկ կինը Քրիստոսի անունով արբեցրեց Նրա կենդանի վկաներին:
Երբ իջաւ երեկոն, սուրբերն սկսեցին սաղմոսել. «Տէ՛ր, լսիր իմ աղօթքը, եւ իմ աղաղակը թող Քեզ հասնի…»: Սաղմոսերգութիւնից յետոյ նայում էին իրենց կապանքներին, որ Տիրոջ անուան համար էին եւ քաջալերուած զօրանում էին ի Տէր: Աղօթում էին եւ միաբան ասում. «Տէ՛ր Յիսուս Քրիստոս, Դու վերցնում ես Քո բոլոր արարածների ցաւերը եւ ոչինչ ծածուկ չի մնում Քեզնից, որովհետեւ քննում ես բոլորի սրտերը եւ փորձում երիկամները: Քո առջեւ յայտնի է մեր սրտի յօժարութիւնը, որ ունենք առ Քեզ: Բժշկի՛ր մեր հոգիները, որովհետեւ մատնեցինք մեր մարմինները Քեզ համար եւ քաւի՛ր մեր անօրէնութիւնները, որոնք գործեցինք այս ապականացու կեանքում: Թեթեւաբեռն է այս ամենը, որ կրում ենք Քո հանդէպ ունեցած մեր մեծ սիրոյ համար: Տէ՛ր, Քեզ ենք տենչում եւ միայն Քեզնից ենք երկնչում: Նայի՛ր երկնքից եւ զօրացրո՛ւ մեզ, որովհետեւ Դու ես միայն, որ մխիթարում ես մեզ մեր բոլոր նեղութիւնների մէջ, որպէսզի կարողանանք սիրով համբերել: Թող սատանան տեղ չգտնի մեր մէջ, եւ մի՛ բաժանիր մեզ միմեանցից, որովհետեւ մեր բոլորի մայրը հաւատքն է, որ ունենք առ Քեզ, եւ Դու, Տէ՛ր, մեր Հայրն ես: Փառաւորի՛ր Քո անունը մեր՝ Քո անդամների մէջ, եւ մենք ընդունելի կը լինենք որպէս խոյերով, զուարակներով ու պարարտ գառներով ողջակէզներ: Թող որ կատարեալ լինենք, եւ այդպէս լինի մեր պատարագը Քո առջեւ, քանզի օրհնեալ եւ փառաւորեալ ես յաւիտեան»: Բոլորն ասացին՝ «ամէն» եւ ուրախութիւնից ողջ գիշերն անցկացրին հսկումով, որովհետեւ լսել էին, որ յաջորդ օրը պիտի նահատակուեն: Գիշերային հսկման կարգով, որպէս Տիրոջ համար կենդանի մեռելներ եւ ի խորհուրդ իրենց անձանց թաղման, ասում էին մեծ սաղմոսը՝ «Երանի նրանց, ովքեր անբիծ ուղի են բռնել, եւ ընթանում են Տիրոջ օրէնքով…»[3]: Սաղմոսն ասելուց յետոյ, մինչ լռելայն աղօթում էին, ահա եկաւ Տիրոջ հրեշտակը, բանտը լցրեց լոյսով ու ասաց. «Ուրա՛խ եղէք, որովհետեւ մօտեցել է ձեր նահատակութիւնը, եկել է ձեր մարտի վերջը, եւ ձեր անունները գրուել են ողջերի Գրքում: Քաջալերուէ՛ք, որովհետեւ Տէրը ձեզ հետ է»: Այս ասելով՝ հրեշտակը հեռացաւ, իսկ սուրբերն անպատմելի ուրախութեամբ երկրպագեցին եւ փառաւորեցին Աստծուն:
Զօրականներից երկուսը՝ Մենէասը եւ Բելերադէսը, որոնք պահպանում էին բանտի մուտքը, տեսան պայծառ լոյսը եւ լսեցին հրեշտակի ձայնը, բայց չտեսան նրան: Մենէասը եգիպտերէն լեզուով (քանզի նրանք ազգութեամբ եգիպտացիներ էին) Բելերադէսին ասաց. «Լսո՞ւմ ես, Բերեադէս եղբա՛յր, եւ տեսնո՞ւմ ես, որ նրանք Արքայի որդիներ են: Ասում եմ քեզ, քրիստոնեաները վաղուց իմ բարեկամներն են, որովհետեւ նրանք չեն մտածում վնաս պատճառել որեւէ մէկին, այլ արթուն պահելով իրենց՝ պահք են պահում եւ աղօթում իրենց Աստծուն՝ առաւելապէս լուսաբացին եւ ամեն ժամ երկրպագում Նրան: Նրանք որեւէ անարդար եւ անարժան բան չեն անում: Հիւրասէր են եւ առաւելը՝ սիրում են բոլորին: Եւ դու ինձնից աւելի լաւ գիտես, թէ քանի՞ հրաշագործ կրօնաւորներ են ապրում Եգիպտոսի անապատներում: Ինչո՞ւ յապաղենք եւ անհոգ լինենք: Եկել է մարտահանդէսի ժամանակը՝ ցոյց տալու մեր քաջութիւնը: Ես ճիշտ եմ համարում բանտ մտնել, միանալ նրանց եւ խնդրել, որպէսզի ընդունեն մեզ իրենց շարքերում: Դու ի՞նչ կþասես, եղբա՛յր»: Բելերադէսն ասաց. «Եթէ նրանք չեն վախենում մահից, այլ ուրախութեամբ մեռնում են իրենց Աստուծոյ համար եւ բացի այդ՝ տեսան այն լոյսը, որը տեսնելու արժանացանք եւ մենք, ապա ինչո՞ւ հաղորդակից չլինենք նրանց ուրախութեանը: Կը լինի՞ արդեօք մէկը, որը կը ստիպի դատաւորին՝ տալ իր կեանքը իր չաստուծոյ՝ Ասկլեպիոսի կամ Ապոլոնի համար եւ շղթայակապ նեղութիւններ կրի: Նա իր անձը կապել է աշխարհիկ կեանքի սիրոյ հետ, կտրել է մեր ռոճիկը, շատ չարիքներ գործել ու արդարներին սպանել: Ի՞նչ կայ մեր ու նրա միջեւ: Ե՛կ գնա՛նք ու միանանք Աստուծոյ ծառաներին»:
Այս ասելով՝ միասին բանտ մտան եւ, ընկնելով սուրբերի առջեւ, ասացին. «Մեր տէրե՛ր եւ Քրիստոսի ծառանե՛ր, աղաչում ենք ձեզ, ընդունէ՛ք մեզ ձեր թւում, որովհետեւ հաւատում ենք ճշմարիտ Աստծուն՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին, Ով սիրեց մեզ եւ ցոյց տուեց Իր սիրոյ ապացոյցը: Աղօթէ՛ք մեզ համար, որպէսզի չարտաքսուենք ուշ ժամանելու պատճառով»: Ցնծացին սուրբ վկաները, ողջագուրելով համբուրեցին նրանց եւ ասացին. «Դուք մեր ի Քրիստոս եղբայրները եւ ծառայակիցներն էք: Մեր Տէրը մարդասէր է եւ գթառատ, որովհետեւ Նա տասնմէկերորդ ժամին եկած մշակներին ընդունեց Իր այգում: Ուստի մի՛ երկնչէք, որովհետեւ Տէրը, Ում դուք հաւատացիք, եւ նոյն Ինքը, Ով երեւաց մեզ ու խօսեց մեզ հետ, արժանի համարեց հրաւիրել եւ ձեզ»:
Առաւօտեան լուր հասաւ Լիւսիասին, թէ պահապաններն ըմբոստացել են եւ գնացել բանտարկուածների մօտ: Լիւսիասը բորբոքուեց բարկութեամբ եւ նզովեց իր չաստուածներին: Ապա դառնացած դուրս եկաւ քաղաքից, նստեց ատեանում եւ հրամայեց իսկոյն իր առջեւ բերել բանտարկուածներին: Երբ դատաւորը քառասուներեք նահատակների մէջ տեսաւ նաեւ ինքնակամ շղթայուած երկու պահապաններին՝ Մենէասին եւ Բելերադէսին, ժպտաց եւ Ապպիանոս իշխանին ասաց. «Տեսնո՞ւմ ես, Ապպիանէ՛, որ այդ պարկեշտ եւ զգաստ մարդկանց եւս ցանկալի եղաւ մահը: Ահա զօրականները սիրեցին մահը, քան թէ կեանքը»: Ապպիանոսն ասաց. «Տէ՛ր, պատուհասի՛ր նրանց նորահնար տանջանքներով»: Դատաւորն ասաց. «Ո՛չ, երդւում եմ աստուածներով, որ երկար չեմ տանջի նրանց, որ չլինի, թէ տանջանքների մէջ զղջան, խոստովանեն աստուածներին ու ապրեն: Այլ վճիռ կþարձակեմ, որ միւսների հետ այրեն նրանց եւս, եւ նրանք ստանան այն, ինչ ցանկանում են»:
Ապա Լիւսիասը բոլոր վկաների համար արձակեց մահուան հետեւեալ դատավճիռը. «Սրանք՝ այս քառասունհինգ վկաները եւ քրիստոնեաների սնոտի պաշտամունքի ծառաները, որ կանգնած են այս դատողական բեմի առջեւ, ըմբոստացան օգոստափառ ինքնակալների դէմ եւ զոհ չմատուցեցին աստուածներին: Ուստի արքայակնիք վճռով հրամայում եմ՝ նախ ծայրատել նրանց ձեռքերն ու ոտքերը եւ ապա թող հրոյ ճարակ լինեն ու լցուեն Գայլ գետի յորձանքների մէջ»:
Այնտեղ պէտք էր տեսնել սպանդի տարուող Քրիստոսի բանաւոր ոչխարների նահատակութիւնն ու ողջակիզումը Նրա անուան համար: Անողորմ դահիճները գայլաբար յարձակւում էին քաջ նահատակների վրայ, իւրաքանչիւրին անմեղ գառների պէս արագ-արագ պառկեցնում գետնին, անխնայ քերթում նրանց ձեռքերն ու ոտքերը՝ դաժանօրէն ջարդելով նրանց ոսկորները: Երանելիներից ոմանք արնաթաթախ թաւալւում էին գետնին, ոմանք արձակել էին իրենց հոգիները, ոմանք էլ՝ նուաղած հոգիներով՝ դեռեւս շնչում էին:
Սուրբ Անիքտոսը, նայելով իր գարշապարներին, տեսաւ, որ կրունկը ջարդուած է կացնով, բայց չէր կտրուել, այլ մի կողմի վրայ թեքուել ու ոլորուել էր: Ծիծաղեց եւ ձայն տուեց ընկերներին՝ ասելով. «Եկէ՛ք, եղբայրնե՛ր, եւ տեսէ՛ք հասկաբեր մանգաղը»: Եւ նրանք ուրախութեամբ ձայնակցում էին նրան:
Ապա ծայրատեցին սուրբ Սիսիանոսի մարմնի անդամները: Նա այրուած սրտով պապակում էր ծարաւից: Մի կողմ գլորուելով՝ ընկաւ քարի վրայ՝ ոչ շատ հեռու սուրբ ընկերներից, բացեց իր բերանը եւ աղաղակելով աղօթեց Տիրոջը՝ ասելով. «Մեծապարգեւ Տէ՛ր, որ վէմից յագեցրիր ժողովրդի բազմութեան ծարաւը, որ ճեղքեցիր Կարմիր ծովը, որպէսզի Քո ժողովուրդը փրկուի թշնամու ձեռքից, որ բացեցիր երկնքի սահանքները, ձայն տուեցիր ծովի ջրերին եւ յորդեցրիր երկրի երեսին, որ օրհնեցիր Յորդանանի ջրերը Քո սուրբ մկրտութեամբ, որ ասացիր՝ Ես եմ կենդանի ջուրը, այժմ էլ պատռի՛ր այս վէմը, ջուր բխեցրո՛ւ եւ փոքր-ինչ արբեցրո՛ւ ինձ: Ահա սրանով ես կþիմանամ, Տէ՛ր որ Դու սիրում ես մեզ, եւ մենք արժանի ենք Քո կոչմանը: Ահա տեսնում ես, որ քայքայուել է մեր մարմնի շինուածքը, եւ եղել ենք չորացած խեցու պէս»:
Մինչ քարի վրայ ընկած նա այս աղօթքն էր անում, քարից ուժգին դղրդիւն լսուեց, պատռուեց վէմը, եւ վճիտ ու քաղցր ջուր բխեց, որը, ինչպէս վկայաբանն է ասում, մինչ օրս կայ այդ վայրում: Սուրբ Սիսիանոսը խմեց այդ ջրից, զովացաւ եւ օրհնեց Աստծուն՝ ասելով. «Օրհնո՛ւմ եմ Քեզ, Տէ՛ր, որ լիացրիր ինձ, գովո՛ւմ եմ Քեզ, Թագաւո՛ր իմ եւ փառաւորում Քո նախայաւիտեան Որդուն, որ ծնուեց սուրբ Մարիամ Աստուածածնից, քանզի Դու ինձ յագեցրի՛ր Քո բարիքներից, ինչպէս որ մանուկն է յագենում մայրական կաթով: Եւ արդ, արժանի արա, Տէ՛ր, որ Քո շնորհներով ու յոյսով նահատակուեմ իմ սուրբ եղբայրների հետ: Եւ ինչպէս որ մենք միաւորուած էինք հոգով, թող որ միաւորուենք նաեւ մեր ոսկորներով: Ականջալո՛ւր եղիր մեզնով Քեզ օգնութեան կանչողներին ու աղաչողներին: Եթէ մէկը աղքատ, այրի, որբ եւ պանդուխտ լինի, կամ հոգու եւ մարմնի հիւանդութիւն ունենայ, կամ լինի գերութեան, թշուառութեան եւ չար ծառայութեան մէջ, եթէ մարդկանց եւ անասունների մէջ ապականարար ցաւեր լինեն, կամ մէկը ծովում նաւակոծութեան ենթարկուի, կամ այլեւայլ փորձանքների պատահի, Դու, Տէ՛ր, մեր պաղատանքներով լսի՛ր նրանց, որպէսզի երկրի բոլոր բնակիչներն իմանան, որ Դու յոյժ սիրեցիր մեզ եւ միշտ լսում ես մեզ: Այս ջուրը թող փարատի բոլոր ցաւերը, քանզի Դու հրամայեցիր, եւ անմիջապէս յորդեց, ու վերստին երեւաց հին սքանչելիքը ի փառս Հօր, Որդու եւ Սուրբ Հոգու եւ ի յիշատակ Քո քառասունհինգ վկաների»:
Այդ պահին դահիճները զբաղուած էին Բաբելոնի հրի պէս հուր բորբոքելով: Երբ տանում էին վկաներին՝ հուրը նետելու, հաշւում էին նրանց: Եւ տեսան, որ նրանց թիւը մէկով պակաս է. նրանք մոռացել էին Սիսանոսին, որն ընկած էր մի փոքր հեռու: Իսկ սուրբ Սիսիանոսը գոչեց եւ ասաց. «Ձե՛զ եմ ասում, ձե՛զ եմ ասում, այստե՛ղ եմ ես, այստե՛ղ եմ»: Այնժամ մօտեցան նրան, վերցրին ու տարան դէպի խարոյկը:
Սուրբերը, որոնք ողջ էին մնացել, հուրը մտնելիս համաշունչ ասացին. « Տէ՛ր, Քո ձեռքն ենք աւանդում մեր հոգիները: Օրհնեա՛լ ես, Տէ՛ր, որ մեզ նրանց ատամների որսը չդարձրիր»[4]: Այդպէս սաղմոսելով՝ մտան հրի մէջ եւ օրհնելով Աստծուն՝ Քրիստոսի քաջ եւ յաղթող վկաները Տիրոջ 319 թուականի յուլիսի 10-ին նահատակուեցին յաղթութեան քաղաքում՝ Փոքր Հայքի Նիկոպօլիս քաղաքում:
Նրանց նահատակութեան հէնց նոյն օրը Լիւսիասը հրամայեց հաւաքել նրանց ոսկորները եւ նետել Գայլ կոչուող գետի մէջ, որը վեց մղոն հեռու էր քաղաքից եւ շատ հեռու չէր Սեբաստիայից: Երբ պարկերի մէջ լցուած սուրբերի պատուական ոսկորները բերեցին գետափ, յարմար տեղ էին փնտռում սուրբ նշխարներն անհետ կորցնելու համար, եւ տեսնելով, որ կամուրջի մօտ խոր յորձանուտ կար, պարկերն ամբողջութեամբ դատարկեցին այնտեղ:
Սակայն Աստուծոյ նախախնամութեամբ գետն, անկորուստ պահելով այն պատուական նշխարները, դրանք կուտակեց մի տեղում: Եւ երբ դահիճները հեռացան, եկան սուրբերի առաքինութիւններին հետեւող Աստուծոյ ծառաներ եւ աստուածավախ մարդիկ՝ իրենց հետ բերելով հմուտ լողորդներ, եւ այդպէս դուրս բերեցին սուրբերի բոլոր ոսկորները, ինչպէս որ գրուած է, թէ՝ «Տէրը պահում է նրանց բոլոր ոսկորները»[5]: Քաղաք բերելով՝ դրանք պահեցին մի թաքստոցում եւ շատ չանցած պատուով դրեցին քառասունհինգ սուրբ վկաների անուան վկայարանում, որը շինեցին, երբ Քրիստոսի մարդասիրութեամբ մեծ խաղաղութիւն տիրեց (քանի որ զօրացել էր բարեպաշտ Կոստանդիանոս արքայի միահեծան ինքնակալութիւնը):
Երանելի վկաները հաւատացեալների համար եղան հաւատի անսասան աշտարակներ եւ իմանալի լուսաճաճանչ աստղեր, ծաղիկներ եկեղեցու համար եւ վերակացուներ՝ իրենց քաղաքի եւ ողջ աշխարհի համար, եւ առհասարակ բարերարներ՝ բոլոր նրանց համար, ովքեր խնդրում են իրենց բարեխօսութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսով:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին սուրբ քառասունհինգ վկաներին յիշատակում է Վարդավառի տօնին յաջորդող երկրորդ երկուշաբթի օրը:
[1] Նիկոպօլիս թարգմանւում է յաղթաքաղաք կամ յաղթութեան քաղաք:
[2] Սաղմ. ԼԹ 2-3:
[3] Սաղմ. ՃԺԸ:
[4] Սաղմ. ՃԻԳ 6:
[5] Սաղմ. ԼԳ 21:
Վերցված է ՝ https://shavigh.am/ — ից