Վանքի գլխավոր եկեղեցին՝ Կաթողիկեն, գտնվում է հյուսիսային դարավանդի արևելյան ծայրին (նկ. 1)։ Ըստ շինարարական արձանագրության՝ այն 1214 թվականին կառուցել է Հաթերքի իշխան Վախթանգի կին Արզուխաթունը (ԴՀՎ 5, 198-199)։ Եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն (10,6×12,2 մետր), ներքուստ խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է (նկ․ 2, 3)։ Հայաստանում հորինվածքային այս լուծումը տարածված էր դեռևս 10-րդ դարից (Հաղպատ, Սանահին, Կեչառիս), իսկ հետագայում նաև 13-րդ դարի (Հառիճ, Հովհաննավանք, Գեղարդ) վանական համալիրների եկեղեցիներում։
Նկ. 1 Վանական համալիրի գլխավոր հատակագիծը, չափագրությունը Ս. Այվազյանի։
Նկ. 2 Կաթողիկե եկեղեցին վերականգնումից առաջ, լուս. Ս․ Այվազյանի:
Նկ. 3 Կաթողիկե եկեղեցին վերականգնումից հետո, լուս. Ս․ Այվազյանի։
Նկ. 4 Կաթողիկեի հյուսիսային մուտքը, լուս. Հ. Պետրոսյանի։
Այսպիսին է նաև Արցախի Գանձասարի վանքի սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հորինվածքը (Якобсон 1977, 59, 60)։ Դադիվանքի Կաթողիկեն Գանձասարի վանքի եկեղեցուց երկու տարի առաջ է կառուցվել, այս հանգամանքը, ինչպես նաև հորինվածքային առնչությունները թույլ են տվել ենթադրել, որ Արցախի այս երկու նշանավոր հուշարձանների ճարտարապետը նույնն է եղել (Հասրաթյան 1992, 45)։ Սակայն նկատենք, որ Գանձասարի եկեղեցու հարուստ քանդակային հորինվածքները միանգամայն այլ մտահղացման և տեխնիկական կատարման արդյունք են։ Ի տարբերություն Գանձասարի վանքի եկեղեցու, Դադիվանքում հատակագիծը ավելի մոտ է քառակուսուն և խաչաթևերի խորության տարբերության շատ փոքր լինելու հանգամանքը նրան տալիս է կենտրոնագմբեթ կառույցի տեսք։
Եկեղեցու անկյունային երկհարկանի ավանդատները թաղածածկ են և արևելյան կողմից կիսաշրջանաձև Առաջին հարկում դրանց մուտքն աղոթասրահից է։ Երկրորդ հարկում, արևելյան ավանդատան մուտքը բեմի կողմից է, հյուսիսարևմտյանը` աղոթասրահից, իսկ հարավարևմտյանը՝ հարավային ճակատից։
Ներսից գմբեթատակ քառակուսու անկյունները շեշտված են կիսասյուներով, որոնց վրա հենվում են գմբեթակիր կամարները։ Աղոթասրահը լուսավորվում է հյուսիսային, հարավային և արևմտյան ճակատներում բացված լուսամուտներով։ Մուտքերը արևմտյան և հյուսիսային կողմում են։ Հյուսիսային մուտքը հետագայում փակվել է, ապա ներսից սվաղվել և զարդարվել է որմնանկարով։
Ներքին խաչաձև հորինվածքն արտահայտված է նաև եկեղեցու արտաքին հարուստ ծավալներում։ Խաչաթևերը շեշտված են ճակտոններով, իսկ ավանդատները փոքր ինչ ցածրացված են։ Ճակտոններն ընդգծված են նաև եռանկյունաձև կտրվածքի խորշերով։ Ճակատների դեկորատիվ հարդարանքն ամբողջանում է զույգ կիսագլանիկներով կազմված որմանասյուների վրա «հանգչող» ռիթմիկ կամարաշարով։ Ճակտոնի կենտրոնը շեշտված է բարձր և լայն կամարաշարով, կողային հատվածը՝ ավելի ցածր և նեղ։ Խորշերն ընդգծվում են միջին կամարներով։ Լուսամուտներն ունեն քանդակազարդ շրջանակների մեջ ներառված կիսաշրջանաձև վերջավորությամբ բացվածքներ։
Շքեղ մշակում ունեն եկեղեցու մուտքերը։ Հյուսիսային մուտքի ուղղանկյուն բացվածքը ներգծված է եռյակ գլանաձև կամարներով և կիսասյունիկներով շրջանակի մեջ։ Դռան բարավորի վերնամասը ուռուցիկ վարդյակ ունի, իսկ ներքնամասը հարդարված է սլաքաձև խոշոր քանդակների շարքով (նկ. 4)։ Քանդակազարդ են նաև շքամուտքի խոյակները։ Նմանատիպ մշակում ունի նաև արևմտյան շքամուտքը (նկ. 5)․ ավելին՝ դռան ուղղանկյուն շրջանակի աջակողմյան հատվածում՝ երեք փոքրիկ, հյուսկեն խաչերի արանքում պահպանվել էր քանդակագործի ինքնագիրը՝ «Նկարող սուրբ նշանացս զՊողոս յիշեցեք» (ԴՀՎ 5, 210)։ Այժմ այդ քարն անհետացել է։ Եկեղեցու գմբեթը ներսից գլանաձև է, դրսից՝ 16 նիստանի։ Բոլոր նիստերը զարդարված են սյունակամարաշարով։ Նիստերից ութի վրա բացվում են քանդակազարդ պսակներով պատուհաններ, մյուս՝ խուլ նիստերի մակերևույթներն աշխուժանում են խորշերով։ Դադիվանքի Կաթողիկե եկեղեցու ճարտարապետությանը աշխուժություն է հաղորդում նաև բազմագունությունը։ Կաթնագույն ֆելզիտով շարված կամարաշարերը, շքամուտքերը, զարդաքանդակները ընդգծվում են պատերի գորշավուն մակերևույթների ետնախորքի վրա։ Պատերի շարքերում օգտագործված են նաև բաց վարդագույն տուֆ քարեր։
Նկ. 5 Կաթողիկեի արևմտյան մուտքը, լուս. Հ. Պետրոսյանի։
Եկեղեցու հարավային և արևելյան ճակատներին կան նվիրատվական կտիտորական բարձրաքանդակներ (Մնացականյան 1976, 109-106): Հարավային ճակատին՝ պատուհանի երկու կողմերում, ամբողջ բարձրությամբ Արզուխաթունի երկու որդիներն են՝ Հասանը և Գրիգորը՝ պարեգոտերով և գլխարկներով (նկ. 6): Եկեղեցու մանրակերտը պատուհանի վերևում է։ Պատուհանից ցած՝ պատի ամբողջ մակերեսին Արզուխաթունի ընդարձակ, խոշոր տառերով փորագրված արձանագրությունն է, որի հիմքը շարված է կաթնագույն ֆելզիտ քարով՝ հանգամանք, որ շեշտել է պատի այս հատվածը և ավելի արտահայտիչ ու միասնական դարձրել հարավային պատի ձևավորումը (կամարը, պատկերաքանդակները, լուսամուտը, արձանագրությունը իրար հետ մեկ միասնական հորինվածք են կազմում, նկ. 7): Հասանը և Գրիգորը պատկերված են լուսապսակներով. նման պատկերագրությունն, ինչպես նկատել են հետազոտողները, հազվադեպ է նմանատիպ հուշարձաններում (Հասրաթյան 1992, 48) և կոչված է բացահայտելու Արզուխաթունի հանգուցյալ որդիներին։
Եկեղեցու մանրակերտը, համարյա բոլորակ քանդակ է՝ իր ծավալի կեսից ավելին դուրս է գալիս պատի հարթությունից և կրկնում է Կաթողիկեի ինչպես ծավալները, այնպես էլ ճարտարապետական բոլոր ձևերը (կամարաշարերը, լուսամուտները, գմբեթի վեղարի մշակումը և այլն)։
Արևելյան ճակատի պատկերաքանդակը (նկ. 8) նույնպես լուսամուտի հետ մեկ ընդհանուր հորինվածք է կազմում և վերջինիս գերիշխող թեման է։ Այստեղ քանդակված են Սուրբ Դադին և իշխան Վախթանգը (Արզուխաթունի ամուսինը): Քանդակները պահպանվել են գոտկատեղից վերև միայն։ Իշխանի և իր որդիների դիմաքանդակները նման են միմյանց՝ լուսապսակով, թավ մորուքով, առանց բեղերի մասնատման։ Սուրբ Դադին գլխաբաց է, նույնպես մորուքով և լուսապսակով։ Նրանց երկուսի ձեռքերն էլ ուղղված են դեպի լուսամուտի վերևում և դրա առանցքով քանդակված մանրակերտը։ Դադիվանքի կտիտորական քանդակները իրենց ինքնատիպությամբ ու նորարարությամբ առանձնանում են Հայաստանի այս տիպի քանդակների շարքում։
Նկ. 6 Հասան և Գրիգոր իշխանների պատկերաքանդակը, լուս. Հ. Պետրոսյանի։
Նկ. 8 Սուրբ Դադիի և Վախթանգ իշխանի քանդակները, լուս. Հ. Պետրոսյանի։
Նկ. 7 Կաթողիկեի հարավային պատի հորինվածքը, լուս. Հ. Պետրոսյանի։
Կաթողիկեի հարդարանքում կարևոր են նաև 1297 թվականին արված որմնանկարները, որոնք բավական վնասված էին։ Վերջերս, Արա Զարյանի և Քրիստին Լամուրեի ջանքերով դրանք վերականգնվել են (Զարյան, Լամուրե 2018, 63-75)։ Հարավային պատի խոշոր որմնանկարը պատկերում է Քրիստոսի կողմից Սուրբ Նիկողայոս հրաշագործին վեղարի և Մարիամ Աստվածածնի կողմից թիկնոցի հանձնումը (նկ. 9), իսկ հյուսիսային պատին՝ Սուրբ Ստեփանոս Նախավկային քարկոծելով նահատակության թեման է (նկ. 10, Дурново 1979, 154, Մաթևոսյան 2018, 34-40, Ավետիսյան 2018, 43-52)։
Կաթողիկեին արևմտյան կողմից կցված է թաղածածկ սյունասրահը։ Այն բավական երկար (3,7×17,8 մետր), վեց քարուկիր զանգվածեղ սյուներով (տրամագիծը մոտ 1,4 մետր) կամարակապ սրահ է (նկ. 11)։
Նկ. 9 Սուրբ Նիկողայոս Սքանչելագործին հայրապետական իշխանության շնորհումը, լուս. Հ. Պետրոսյանի։
Նկ. 10 Սուրբ Ստեփանոս Նախավկայի քարկոծումը, լուս. Հ. Պետրոսյանի։
Նկ. 11 Կաթողիկեին արմևմուտքից կից բաց սյունասրահը, լուս. Հ. Պետրոսյանի։
Սյունասրահին հյուսիսից կից է Դադիվանքի միանավ եկեղեցու և նրա գավթի հարավային ճակատը, իսկ արևմուտքից՝ զանգակատան պատը (նկ. 1/3)։ Այս եկեղեցին և գավիթը համալիրի ներկա կանգուն կառույցներից ամենավաղն են և ամենայն հավանականությամբ կառուցվել են 12-րդ դարում։ Միանավ եկեղեցին ձգված համաչափություններով (2,2×7,6 մետր), ուղղանկյուն աբսիդով թաղածածկ դահլիճ է, որը արևելյան կողմից կից է Կաթողիկեի արևմտյան պատին։ Պետք է ասել, որ Արցախի վանական համալիրների թաղածածկ տիպի եկեղեցիներում (Գտչավանք, Խաթրավանք, Հանդաբերդի վանք, Եղիշա Առաքյալի վանք, Չարեքտարի վանք, Կարմիր քարի վանք և այլն) լայն կիրառություն է ունեցել ներսից ուղղանկյուն խորանի ձևը (Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009, 33- 34)։ Միանավ եկեղեցուն արևմտյան կողմից կցված է թաղածածկ գավիթը (նկ. 1/8), որն իր հատակաձևով տարբերվում է նմանատիպ շենքերից (դրանք սովորաբար քառակուսուն մոտեցող հատակագիծ ունեն․ այստեղ այն բավական ձգված ուղղանկյուն է՝ 3,8 x 8,25 մետր չափերով)։
Վերոնշյալ շինություններին հյուսիսային կողմից կցված է Սուրբ Դադիի կիսակառույց եկեղեցին (նկ. 1/7), որը 13-րդ դարի վերջերին նախաձեռնել, սակայն ավարտին չի հասցրել վանքի վանահայր Աթանասը։ Այն միանավ բազիլիկ տիպի խոշոր կառույց է և իր չափերով (ներսի 9,0×21,4 մետր) ավելի մոտենում է Հայաստանի եռանավ բազիլիկաներին։ Եկեղեցու երկայնական պատերից 0,8 մետր դուրս են գալիս երեք զույգ որմնասյուներ, որոնք նախատեսված են եղել թաղակիր կամարների համար։ Ինչպես նկատել են հետազոտողները (Հասրաթյան 1992, 50), առկա են միայն այդ որմնասյուները, իսկ դրանց արանքում երկայնական պատերի վրա կամարներ չեն դրվել, որը կփոքրացներ աղոթասրահի թռիչքը և ծածկի թաղը կհենվեր որմնախորշերի կամարների վրա։ Եկեղեցու պատերը պահպանվել են ողջ բարձրությամբ, մինչև ծածկի թաղի տակը՝ առանց որմնակամարների որևէ հետքի։ Եկեղեցու պատերը ողջ պարագծով նույն բարձրության վրա են։ Այս հանգամանքը ևս խոսում է այն մասին, որ, հավանաբար, մի շարք պարճառներով (քաղաքական և տնտեսական անբարենպաստ պայմաններ, իրականացման տեխնիկական բարդություններ) կառույցն անավարտ է մնացել։ Եկեղեցու առանձնահատկություններից է նաև այն, որ ավանդատները տեղադրված են կիսաշրջանաձև խորանի և պատերի ուղղանկյուն եզրագծի միջև ստացվող անկյունային հոծ զանգվածի մեջ։ Դրանք արևմուտքից-արևելք ձգվող ուղղանկյուն, կիսաշրջանաձև աբսիդով, թաղածածկ փոքր (1,8×1,45 մետր) խցեր են, որոնք լուսավորվում են եկեղեցու արևելյան ճակատի լուսամուտներով (նկ․ 7)։ Այս եկեղեցու աբսիդի տակ պեղումներով բացվել են սուրրբ Դադիին վերագրվող գերեզմանի և մատուռի մնացորդները (մանրամասն տե՛ս «Դադիվանք. Սուրբ Դադիի և նրա գերեզմանի մասին» հոդվածը)։
Միանավ եկեղեցուն արևմուտքից կից է ժամատուն-գավիթը, որը 1224 թվականին կառուցել է վանքի առաջնորդ Գրիգորիս եպիսկոպոսը (ԴՀՎ 5, 210)։ Այն նաև ծառայել է որպես Հաթերքի իշխանների տապանատուն։ Կառույցը հատակագծում պատկանում է քառամույթ գավիթների հորինվածքային տիպին (նկ․ 1/6)։ Սակայն, ինչպես հատակագծային, այնպես էլ ծավալատարածական լուծումներով այն տարբերվում է Հայաստանի 12-13-րդ դարերի նմանատիպ կառույցներից։ Վերջիններս հիմնականում կենտրոնաձիգ կառուցվածքներ են՝ հատակագծում քառակուսի, կամ՝ քառակուսուն մոտեցող (Հաղարծին, Գոշավանք, Սանահին, Գեղարդ, Կեչառիս, Հառիճավանք, Մակարավանք և այլն)։ Այս շենքերի ծածկերը հիմնականում ունենում են երեք տիպի լուծում (Мнацаканян 1952, 134): Դադիվանքի գավիթն ունի բազիլիկայի համաչափություններ՝ երկարությունը մոտ 1,5 անգամ գերազանցում է լայնությանը (ներսի չափերն են 9,1×13,8 մետր) և շատ ինքնատիպ ծածկի լուծում։ Վերջինս երկթեք կտուրի տակ վերցված թաղ է, որի կենտրոնում բարձրանում է ութանիստ գմբեթը (նկ․ 12/8)։ Անկյունային հատվածները ծածկվում են հյուսիսային և հարավային հատվածների հետ քառորդ գլանի ձև ունեցող թաղով։
Նկ. 12 ժամատուն-գավթի ընդհանուր տեսքը մինչև վերականգնումը, լուս. Ս. Այվազյանի։
Գմբեթը հենվում է քառանկյունի հատույթով չորս մույթերի վրա։ Գավթի պատերին որմնամույթեր չկան։ Գմբեթատակ քառակուսուց գմբեթին անցումն իրականացված է տրոմպների միջոցով (նկ․ 13): Գմբեթն օրգանապես կապված չէ շենքի վերին մասի ծավալի հետ, այլ ուղղակի դուրս է գալիս երկթեք ծածկի միջից: Գավիթը հիմնականում կառուցված է կոպտատաշ բազալտով, բացառություն են կազմում սյուները, կամարներն ու թմբուկը: Հարդարանքը նույնպես զուսպ է: Արևելյան շքամուտքից բացի հարդարանքի տարր են նուրբ քանդակներով ծածկված տարբեր մեծության խաչքարերը, որոնցով ձևավորված են գավթի պատերը: Կառույցը լուսավորվում է վերևից՝ երդիկի միջոցով և արևմտյան կողմի զույգ լուսամուտներով:
Նկ. 13 Ժամատուն-գավթի ծածկի համակարգը, լուս. Հ. Պետրոսյանի։
Գրականություն
- Ավետիսյան 2018 – Ավետիսյան Գ․, Դադիվանքի որմնանկարները և Ս. Նիկողայոս Սքանչելագործի պատկերները հայկական միջնադարյան արվեստում, Դադիվանք. վերածնված հրաշալիք, Երևան, էջ 43-61։
- Զարյան, Լամուրե 2018 – Զարյան Ա., Լամուրե Ք., Դադիվանքի որմնանկարների պահպանական վերականգնումը, Դադիվանք. վերածնված հրաշալիք, Երևան, էջ 63-75։
- ԴՀՎ 5 — Դիվան հայ վիմագրության, պր․ 5, Արցախ /կազմեց՝ Ս․ Բարխուդարյան, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, Երևան, 1982։
- Հասրաթյան 1992 — Հասրաթյան Մ., Արցախի ճարտարապետական դպրոցը, ՀՀ ԳԱ հրատարակչութուն, Երևան:
- Մաթևոսյան 2018 — Մաթևոսյան Կ., Դադիվանքը և նրա որմնանկարները, Դադիվանք. վերածնված հրաշալիք, Երևան, էջ 25-40։
- Մնացականյան 1976 — Մնացականյան Ս․, Հայկական աշխարհիկ պատկերաքանդակը 4-14-րդ դարերում, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան։
- Պետրոսյան, Կիրակոսյան, Սաֆարյան 2009 — Պետրոսյան Հ․, Կիրակոսյան Լ․, Սաֆարյան Վ․, Հանդաբերդի վանքը և նրա պեղումները, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., Երևան։
- Дурново 1979 — Дурново Л․ Очерки изобразительного искусствасредневековой Армении. «Искуссто», Москва․
- Мнацаканян 1952 — Мнацаканян С. Архитектура армянских притворов, Издательство АН АрмССР, Ереван.
- Якобсон 1977 — Якобсон А․ Изистории армянского средневекового зодчества, Вестник общественных наук, №12․
Վերցված է ՝ https://monumentwatch.org/ — ից