Դուք պետք է նմանվեք մի ծառի, որ խորը արմատներ է գցել ճշմարիտ խոնարհության հովտում, որպեսզի հպարտության քամին չկարողանա վնաս հասցնել ձեր հոգուն, որը սիրո ծառ է, քանի որ Աստծո կողմից ստեղծվել է հանուն սիրո. սերում է սիրուց և ա՛յլ բանով չի կարող ապրել, եթե ո՛չ միայն՝ սիրով, Աստծո սուրբ սիրով։ […]
Ինչպե՞ս տեղափոխել այս ծառը խոնարհության հովտի ու հողի մեջ։ Ահա՛ ասեմ ձեզ. ճշմարիտ ինքնաճանաչողության միջոցով, զգայականության հանդեպ ատելությամբ ու զգայականությունից հեռու մնալով. ուրիշ ձևով երբեք չենք կարող խոնարհ լինել։ Իսկ այդպես՝ կլինենք երկու մեծ լեռների միջև. զորության առաքինության և համբերության առաքինության միջև, որոնք իրենց վրա են վերցնում բոլոր հակընդդեմ քամիների հարձակումները. և որքան ավելի են քամիները հակընդդեմ, այնքան ավելի է հոգին ուժեղանում, և իր ուժեղ լինելը ցույց է տալիս համբերության փաստով։
Այդպիսով առաքինությունները պահպանվում են և հասունանում, խոսքով ուսուցում և հոգեկերտում ընծայելով մերձավորներին, արդար դատողության իր սուրբ մտածումների բուրումնավետ ծաղիկներով, ինքն իր մեջ և մերձավորների մեջ տեսնելով Աստծո կամքը – որն ա՛յլ բան չի կամենում, եթե ո՛չ միայն՝ մեր բարիքը – , և ո՛չ թե՝ մարդկանց կամքը։ Սանձելով սեփական դատողությունը, զսպելով իր կամքը, պահպանելով ու սնուցելով մերձավորի հանդեպ սիրո ծառը՝ մերձավորի փրկության վառ բաղձանքի միջոցով և վայելելով այս կերակուրն ի պատիվ Աստծո։
Ա՜հ, որքա՜ն գեղեցիկ է մեր հոգու ծառը, երբ տնկված է այսքա՜ն քաղցրորեն, որովհետև կերպարանակից է դառնում անբիծ Գառան խոնարհությանը, Ով տվեց մեզ կյանքը, և լուսավորվում է շնորհի ու ողորմության արևի շողերով։ Եվ այս ողորմությունը մեր բոլոր արժանիքները չէին կարողանա ձեռքբերել։ Բայց քանի որ Աստված խոնարհվեց մինչև մարդու աստիճան, մեզ ընծայելով քաղցր ու սիրաբորբ Բանը, – որովհետև Բանը՝ Աստծո Որդին, Իր համբերության մեջ խոնարհվեց Խաչի վրա կրած սահմռկեցուցիչ մահվան աստիճան, – մեր գործերն ու մեր առաքինություններն արժանիքներ են ձեռքբերում շնորհիվ Իր խոնարհության և Իր թանկարժեք Արյան, որը Նա հեղեց այսքա՜ն մեծ սիրով։
Սբ. Կատարինե Սիենացի (1347-1380). « Նամակ 363, Մաեստրո Անդրեա Դի Վաննիին ».
Վերցված է ՝ https://mashtoz.org/ — ից