ՍՈՒՐԲ ՄԱԿԱԲԱՅԵՑԻՆԵՐԻ, ԵՂԻԱԶԱՐ ՔԱՀԱՆԱՅԻ, ՇԱՄՈՒՆԷԻ ԵՒ ՆՐԱ ԵՕԹ ՈՐԴԻՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆԸ
«Այսօր հրեշտակաց դասքն ի յերկինս
ուրախանան ի վերայ ճգնութեան սրբոցն:
Այսօր ճգնազգեաց սրբոց դասքն ի յերկրի
պսակեցան երկնային աստուածեղէն փառօքն:
Այսօր անմարմնոց զինուորութիւնքն մեծապէս տօնեն.
քանզի երկրաւոր զինուորաց բազմութիւնքն
ընծայեցան ի խորան սրբութեան երկնից»:
(Շարակնոց)
Մակաբայեցիները Հին օրէնքի պանծալի վկաներն էին եւ գերազանցում էին Նոր օրէնքից շատերին: Նրանց վարքն ու պատմութիւնը մեզ է հասել Սուրբ Գրքի Մակաբայեցիների՝ քաջ Յուդա Մակաբայեցու եւ նրա եղբայրների մասին աւանդութիւնից: Նրանցից անդրանիկը Յովսեփէոսն էր, երկրորդը՝ Աբերը, երրորդը՝ Մախիրին, չորրորդը՝ Յուդասը, հինգերորդը՝ Աքասը, վեցերորդը՝ Արէթն ու եօթերորդը՝ Յակոբը: Նրանց նաեւ այլ անուններ են ընծայում, սակայն ստոյգն անյայտ է, եւ միայն նրանց մօրն են միաբերան կոչում Շամունէ կամ Սաղոմոնիս:
Նրանց յիշատակի հետ է նշւում Եղիազար քահանայի տօնը: Ոմանք նրան համարում են Շամունէի եօթ որդիների դաստիարակը եւ կարծում են, որ բոլորն էլ նահատակուել են Երուսաղէմում, բայց առաւել ստոյգ է, որ նրանք նահատակուել են Անտիոքում: Այժմ ըստ Սուրբ Գրքի աւանդութեան՝ պատմենք նրանց վկայական նահատակութեան մասին:
Ասորեստանի Անտիոքոս անօրէն արքան Անտիոքոս Մեծի որդին էր: Նա մի սիգապանծ ու խրոխտ, ժանտ ու գազանաբարոյ այր էր, որն իշխանութեան աթոռին նստեց Ք. ա. 170 թուականին: Երբ զօրացաւ իր թագաւորութեան մէջ ու պատերազմով յաղթեց Եգիպտոսի Պտղոմէոս արքային, եկաւ հասաւ Երուսաղէմ եւ կողոպտեց Երուսաղէմի տաճարը: Մեծամեծ չարիքներ գործեց, մեծ կոտորած արեց ու սոսկալի սուգի մէջ գցեց ողջ եբրայական ազգին, իսկ ինքը մեծ աւարով եւ գերութեամբ վերադարձաւ Ասորեստանի արքայանիստ Անտիոք քաղաքը:
Երկու տարի անց Անտիոքոսը մեծ զօրքով մի հարկահաւաք իշխան ուղարկեց Հրէաստան, ով դարձեալ աւերեց Երուսաղէմը, աւար վերցրեց ու հեթանոսների բնակութեան համար հրամայեց այնտեղ ներքնաբերդ կառուցել: Բազում չարիքներ գործեցին, տաճարում արգելեցին եբրայեցիների պաշտամունքները, որի պատճառով շատերը խոյս տուեցին դէպի անապատ եւ անշէն վայրեր: Այդ թւում էր նաեւ մակաբայեցիների հայրը՝ Մատաթիա քահանան, իսկ վեհերոտներն ու երկչոտները գնացին հեթանոսների յետեւից եւ դարձան կռապաշտներ:
Տեղեկանալով այս մասին՝ Անտիոքոսը խիստ հրաման արձակեց, որ իր տէրութեան մէջ գտնուող բոլոր հրէաները եւ առհասարակ բոլորը թողնեն իրենց հայրենի օրէնքները ու դառնան հեթանոսութեանը: Հրամայեց կուռքերի արձաններ կանգնեցնել ինչպէս քաղաքներում, այնպէս էլ Աստուծոյ տաճարում՝ Սրբութեան Սեղանի վրայ: Այդ տարին սաստիկ հալածանքների տարի էր բոլոր եբրայեցիների համար, այդ թւում նաեւ սուրբ Մակաբայեցիների համար, որոնց նահատակութիւնը եղաւ ըստ այս աւանդութեան:
Այդ ժամանակներից ի վեր, երբ Աստուծոյ Տան մէջ սկսեցին կատարուել հեթանոսական պաշտամունքները, անտիոքացի Աթենեբիոս անունով մի չարագործ այր Երուսաղէմ քաղաքը լցրեց ամէն տեսակ պղծութիւններով: Նա արքունի հրամանով մահուան էր մատնում բոլոր նրանց, ովքեր յանձն չէին առնում թողնել մովսիսական օրէնքը, ու նրանց կապանքներով ուղարկում էր թագաւորի մօտ:
Այդ շրջանում թագաւորի ծննդեան օրը, երբ ժողովուրդը հոծ բազմութեամբ զոհաբերութիւններ էր մատուցում կուռքերին, եւ բոլորին ստիպում էին զոհաբերել կամ ճաշակել, բռնեցին Եղիազար քահանային, ով իննսունամեայ մի ծերունի էր՝ իմաստուն խորհուրդներով, երեւելի պատուով, զարդարուած բարեպաշտ վարքով, օրէնսգէտ ու օրինապահ: Արդ, երբ անօրէններն սկսեցին այդ պատկառելի ծերունուն ուրանալ տալ հրէութիւնը եւ ըստ թագաւորի հրամանի՝ ստիպեցին զոհել կուռքերին, նա անսասան հոգով ու ամուր սրտով յանձն առաւ մեռնել քաջի անունով, քան թէ ապրել խղճի խայթով ու գայթակղեցնել իւրայիններին: Այդ պատճառով նախընտրեց ընդունել ամէն տեսակ տանջանքներ, քան հեռանալ ճշմարիտ Աստուծոյ օրէնքից: Նրա բերանին գելոց դնելով՝ ստիպեցին խոզի միս ուտել, սակայն նա բացէիբաց մերժեց նրանց, համարձակուեց թքել եւ անարգել նրանց պաշտամունքները:
Այնժամ իրեն ծանօթ աւագանու որոշ մարդիկ մի կողմ տարան նրան ու սկսեցին անմտութեամբ խրատել, որպէսզի նա յետ կանգնի իր հաստատ որոշումից՝ ասելով. «Յանձն առ թագաւորի հրամանը: Մենք քեզ ուրիշ միս կը տանք, բայց դու ցոյց կը տաս, թէ իբր խոզի միս կերար: Այդպէս կը փարատես նրանց կարծիքները եւ կը փրկուես մահուանից»: Բայց նա, ինչպէս որ վայել էր իր պատկառելի տարիքին, իր վեհութեանն ու իմաստութեանը, փառահեղ սպիտակ մազերին, մանկուց ստացած կրթութեանը եւ յատկապէս աստուածադիր սուրբ օրէնքներին հաւատարիմ մարդուն, արժանապէս պատասխանեց. «Արժան չէ եւ ո՛չ էլ պատշաճ, որ այս տարիքի մարդը կեղծաւորութեամբ մօտենայ խոստովանութեան սրբութեանը, որովհետեւ շատ երիտասարդներ, խէթ նայելով ինձ, կը կասկածեն իրենց մտքում ու կասեն. «Եղիազարն իննսուն տարեկան հասակում, հասնելով մահուան շեմին, դաւանափոխ եղաւ»: Նրանք կը գայթակղուեն իմ կեղծաւորութեան պատճառով, իսկ ես խղճի խայթ կունենամ եւ աշխարհում վատ անուն կը թողնեմ: Այդ պատճառով ծերութեանս արժանի կերպով կամենում եմ քաջութեամբ հեռանալ աշխարհից ու բարութեան եւ առաքինութեան օրինակ թողնել սերունդների համար, որպէսզի նրանք յօժարութեամբ, քաջութեամբ ու կեանքի գնով կարողանան պաշտպանել իրենց սուրբ օրէնքները»:
Այս ասելով՝ ինքնակամ եւ սիրայօժար դիմեց դէպի տանջանքներն ու մահը: Նրանք, որ առաջ մխիթարում էին իրեն, այժմ չարացան նրա դէմ, նրա իմաստուն խորհուրդները մոլորութիւն համարեցին եւ սկսեցին արագացնել նրա տանջանքները: Իսկ նա, որ շատ կտտանքներ կրելուց յետոյ մերձ էր իր վախճանին, բացեց բերանը, սկսեց խօսել Տիրոջ հետ, Ով տեսնում է մարդկանց սրտերի սուրբ խորհուրդները, եւ ասաց. «Դու գիտես, որ իմ ձեռքին էր այս տաժանակիր մահից ազատուելու կարողութիւնը: Համբերութեամբ կրում եմ մարմնիս այս խիստ տանջանքները, բայց հոգով դրանք ընդունում եմ քաղցրութեամբ` Քո հանդէպ ունեցած երկիւղի պատճառով»: Եւ այսպէս մաքառելով՝ փոխուեց աշխարհից:
Սրանից յետոյ Սուսանդրում բռնեցին եօթ եղբայրներին իրենց մօր՝ Շամունէի հետ, տարան Անտիոք եւ կանգնեցրին թագաւորի ատեանի առջեւ: Ծեծելով ու խոշտանգելով՝ նրանց ստիպում էին խոզի միս ուտել: Նրանցից մէկը՝ Ակարը, սկսեց համարձակ խօսել ու ասել. «Ի՞նչ էք ուզում անել, ի՞նչ էք ուզում իմանալ մեզնից: Մենք պատրաստ ենք մեռնել, բայց ոչ երբէք՝ հրաժարուել մեր հայրերի օրէնքներից»: Թագաւորը լցուեց զայրոյթով. հրամայեց տապակներ, կաթսաներ եւ անիւներ շիկացնել ու տանջանքների պէս-պէս գործիքներ պատրաստել ու նահատակին առաջ բերել: Նախ կտրեցին նրա լեզուն, գլխի կաշին շուռ տուեցին դէմքին, մօր եւ եղբայրների առջեւ կտրեցին ծայրանդամները, իսկ երբ խօսելու եւ գործելու անկարող դարձրին, հրամայեց ողջ-ողջ նստեցնել շիկացած տապակների ու կաթսայի վրայ: Երբ ճենճերի ծուխն սկսեց ծաւալուել տապակից, եղբայրներն սկսեցին իրենց մօրն ու միմեանց մխիթարել եւ ասել. «Կը մեռնե՛նք քաջութեամբ եւ կը թողնենք անուն ու հոգի: Տէր Աստուած տեսնում է, թէ ինչպէս ենք չարչարւում այս պայքարում: Նա կարեկից կը լինի իր ծառաներին, ինչպէս որ իր օրհնութեան մէջ յայտնապէս ասել է Մովսէսը»:
Երբ առաջին եղբայրը փոխուեց աշխարհից, երկրորդին, որի անունն էր Մակար կամ Մաքիր կամ էլ Մակաբ, տարան տանջանքների վայրը: Նրա գլխի կաշին` մազերով հանդերձ, շուռ տուեցին դէմքին ու հարցրին. «Խոզի միս կուտե՞ս, թէ՞ անդամ առ անդամ հատենք մարմինդ»: Սա եւս հրաժարուեց, որի համար նոյն տանջանքների ենթարկուելով՝ նահատակուեց: Հոգին տալուց առաջ նա սկսեց խօսել եւ ասել թագաւորին. «Ա՛յ դու սիգապանծ, հպարտ ու ամբարտաւան: Դո՛ւ, որ մեզ զրկում ես այս կեանքից, իմացի՛ր, որ թէպէտ մենք մեռնում ենք օրէնքի համար, սակայն Նա, Ով աշխարհի Թագաւորն է, յաւիտենական կեանքում մեզ նորից կեանք կը պարգեւի»:
Նրանից յետոյ բերեցին երրորդին՝ Խորէն կամ Գուրիաս կոչուածին: Կամենում էին նրա լեզուն դուրս հանել, սակայն նա ինքն անմիջապէս դուրս հանեց եւ քաջասրտութեամբ տարածեց ձեռքերը: Թագաւորը յոյժ զարմացաւ պատանու քաջութեան վրայ, որովհետեւ տեսաւ, որ նա արհամարհում է տանջանքները:
Երբ սա եւս նահատակուեց, չորրորդին բերեցին նոյն տեղը (սրա անունը, ինչպէս գրուած է, Խորսէն էր) ու նոյն տանջանքներով չարչարեցին նրան: Երբ մերձ էր հոգին աւանդելուն, ասաց. «Մեզ համար լաւ է, որ փոխւում ենք այստեղից, քանզի հաւատում ենք մեռելների յարութեանը, երկրորդ ծննդեանը»:
Սրանից յետոյ հինգերորդին՝ Ամինադաբին բերեցին տանջանքների վայրը: Նա աչքերը վեր բարձրացրեց, նայեց թագաւորին, սկսեց խօսել նրա հետ եւ ասել. «Դու՝ մահկանացուդ, իշխանութիւն ունենալով մարդկանց վրայ, անում ես, ինչ կամենում ես, բայց մի՛ կարծիր, թէ քո չարութեամբ կարող ես վերացնել մեր ազգը կամ հեռացնել Աստծուց: Սպասի՛ր եւ շուտով կը տեսնես այն մեծամեծ հրաշքներն ու դաժան հարուածները, որոնցով Տէրը պիտի պատժի քեզ ու քո ազգատոհմին»:
Բերեցին նաեւ վեցերորդին՝ Դաղիլէին: Երբ մօտ էր մահուանը, թագաւորին ասաց. «Այս ամէնը մեզ վրայ են գալիս մեր մեղքերի պատճառով, քանզի Աստուծոյ առաջ մենք մեծ մեղքեր ենք գործել: Իսկ դու յոյս չունենաս, թէ աստուածամարտ լինելով՝ ողջ-առողջ եւ անվնաս կը մնաս»:
Առաւել եւս բարի յիշատակի էր արժանի նրանց սքանչելի մայրը՝ Շամունէն, ով մի օրում այդպիսի եօթ որդիներ կորցրեց՝ նրանց յանձնելով Աստուծոյ ձեռքը: Քաջալերում էր նրանցից իւրաքանչիւրին, ապա կանացի տկարութեան վրայ առնական քաջութիւն առնելով՝ առաջ եկաւ ու իրենց լեզուով ասաց. «Ես չէ, որ ձեզնից իւրաքանչիւրին կեանք եւ հոգի եմ տուել ու ոչ էլ կերպարանք, ոչ էլ ձեզ պահել ու հասցրել այս հասակին: Այսուհետ ոչինչ իմը չէ, այլ Նրանը, Ով աշխարհի Արարիչն է եւ Ով Իր ողորմածութեամբ ու Իր Գալստեամբ ձեր կեանքն ու հոգին ձեզ պիտի վերադարձնի»:
Անտիոքոսը թէպէտ քաջ նահատակների խօսքերից իրեն արհամարհուած զգաց, բայց քանի դեռ իր ձեռքում էր կրտսեր եղբայրը՝ Դադիդէն, սկսեց ոչ միայն մխիթարական խօսքեր ասել, այլեւ երդուելով խոստացաւ հարստութիւն, խոստացաւ պարգեւել իշխանութիւն ու դարձնել թագաւորների պատուական բարեկամ, միայն թէ հրաժարուի իր հայրերի օրէնքից:
Երբ թագաւորը տեսաւ, որ պատանին ամենեւին չի հնազանդւում, կանչել տուեց նրա մօրը, որպէսզի խրատի որդուն նրա կեանքը փրկելու համար: Երբ շատ ստիպեց, մայրը դարձաւ դէպի որդին եւ սկսեց խօսել նրա հետ. «Ողորմի՛ր ինձ, որդեա՛կ, քանզի ինն ամիս կրել եմ քեզ իմ որովայնում, երեք տարի գրկել, կրծքովս կերակրել եւ քեզ հասցրել այդ հասակին: Արդ, աղաչում եմ, նայի՛ր երկնքին ու երկրին եւ նրանցում եղած բոլոր արարածներին: Իմացի՛ր, որ նրանց Աստուած ստեղծել է ոչնչից: Դու մի՛ զարհուրիր դժնդակ դահճից, այլ բաժնեկից եղիր եղբայրներիդ ու ընտրի՛ր մահը եւ ոչ թէ այս աշխարհի կեանքը, որպէսզի Աստուծոյ ողորմութեամբ ընդունեմ քեզ եղբայրներիդ հետ»:
Ու մինչ մայրն այս քաջալերական խօսքերով հաստատում էր որդուն, նա ասաց. «Ո՞ւմ էք սպասում, ինչո՞ւ էք ուշացնում: Ես թագաւորի հրամանին չեմ ենթարկուելու, այլ հնազանդ եմ Մովսէսի միջոցով մեր հայրերին տրուած օրէնքներին: Իսկ դու, որ ամէն տեսակ չարիքների մատնեցիր եբրայեցիներին, չես փրկուի Աստուծոյ ձեռքից, քանզի եթէ մեր կենդանի Տէրը մեզ խրատելու համար պատուհասում է եւ մի փոքր բարկանում, սակայն դարձեալ ողորմում է Իր ծառաներին: Իսկ դու՝ անօրէ՛ն, ապստա՛մբ, պի՛ղծ եւ վախկո՛տ, քո սնոտի յոյսերով զուր ես բարձրամտում Նրա ծառաների վրայ: Դու չես փրկուելու ամենագէտ, ամենազօր Աստուծոյ դատաստանից: Այժմ մեր եղբայրները յաւիտենական կեանքի ու Աստուծոյ կտակարանների ուխտի համար համբերեցին տանջանքներին եւ ընդունեցին մահը: Ես էլ իմ եղբայրներին հաւասար պատրաստ եմ զոհել իմ շունչն ու մարմինը մեր հայրերի օրէնքի համար: Յոյսով աղօթում եմ Աստծուն, որ Նա քաւութիւն շնորհի մեր ազգին, իսկ քեզ դառնագոյն տանջանքներով խոստովանել տայ, որ միայն Ինքն է Աստուած, եւ չկայ ուրիշ մէկը: Իսկ իմ ու իմ եղբայրների նկատմամբ ցուցաբերած քո բոլոր բռնութիւնները կանցնեն եւ կը մոռացուեն»:
Եօթ եղբայրների քաջասրտութիւնից թագաւորն առաւել սրտմտեց, որի պատճառով կրտսեր եղբօրն առաւել դաժան տանջանքների ենթարկեց: Սակայն սա եւս, յուսալով Տիրոջը, անարատութեամբ ու սրբութեամբ հեռացաւ աշխարհից: Որդիներից յետոյ մայրը եւս նոյնակերպ նահատակութիւն ընդունեց: Թէ ինչ կտտանքների ենթարկեցին այս զոհերին եւ ինչ սաստիկ տանջանքների մատնեցին նրանց, բաւարարուենք այսքանով:
Այսպէս, Ք. ա. 163 թուականին մարտիրոսացան հրաշալի ու առաքինի նահատակները, աստուածային օրէնքի պանծալի սուրբ վկաները եւ Փրկչի մօտակայ Գալստեան նախընթաց կարապետները, որոնց արժանաւոր գովասանական ներբողները կարող էք գտնել սուրբ վարդապետների, յատկապէս` սուրբ Յովհան Ոսկեբերանի, սուրբ Գրիգոր Աստուածաբանի, երանելի Օգոստինոսի եւ այլոց աշխատութիւններում: