Որ ընդ հողեղէն բնութեան մերոյ խառնեցեր զբանական հոգիս.
ունել զօրութիւն ընդունելոյ զաստուածային եւ զհոգեւոր զշնորհս իջեալ ի վերուստ.
օրհնեա՜լ Տէր Աստուած հարցն մերոց:
Որ շնորհեցեր մաքուր հոգւոց յԻսրայէլի զհոգի մարգարէութեան,
որով ծանուցեր յառաջագոյն բազմապատիկ օրինակօք զանճառելի խորհուրդ Քո մարդեղութեանդ. օրհնեա՜լ Տէր Աստուած հարցն մերոց:
Որ զանեղ գոյիդ լինելութիւն՝ իբրեւ զեղեալ տեսանէին.
յառաջնորդական միտս նոցա տպաւորեալ Հոգիդ զկերպարան իրին
գերագոյն հրաշիւք ի վեր քան զբան.
օրհնեա՜լ Տէր Աստուած հարցն մերոց:
(Շարակնոց)
Ինչպէս որ չորս մեծանուն մարգարէները՝ Եսային, Երեմիան, Եզեկիէլն ու Դանիէլը, իրենց մատեաններով եւ մեծամեծ տեսիլքներով եղան չորս Աւետարանիչների կենդանի օրինակը, այդպէս էլ տասներկու մարգարէները՝ ընտրուած ըստ Իսրայէլի տասներկու ցեղերի, եղան տասներկու առաքեալների նախատիպ օրինակը: Նրանք առաքուեցին Աստծուց, որպէսզի խօսքով ու գրութեամբ քարոզեն Կեանքի պատգամը, իբրեւ արագընթաց երիվարներ՝ հայտնեն Տիրոջ հրամանը եւ ցոյց տան Միածնի աշխարհ գալու նշանները:
Այդ չորս մարգարէների համեմատութեամբ նրանք իրենց համառօտագրութիւնների պատճառով ոմանց կողմից փոքր համարուեցին, սակայն նրանցում պարունակուած մեծամեծ խորհուրդներն իրենց խորին ու հոգեշարժ քարոզութեամբ ամենեւին չեն զիջում նրանց մատեանների խորհուրդներին, ահաւոր եւ զօրաւոր տեսիլքներին ու պատգամներին: Քանզի «Մարդկանց կամքով երբէք մարգարէութիւն չի տրւում,- ասում է հաւատի Վէմը,- այլ Սուրբ Հոգին կրող մարդիկ խօսեցին Աստուծոյ մասին»: Իսկ մեզ մնում է նախնիների աւանդութեան համաձայն՝ Իսրայէլի տասներկու մարգարէների յիշատակի համար համառօտ ակնարկ անել: Ենթադրւում է, որ նրանց մասին հնագոյն աւանդութիւններ հաւաքողները Եպիփանն ու Դորոթէոսն էին, եւ ինչ որ գտնւում են Աստուածաշնչում կամ Ճաշոցում, հիմնականում վերցուած են նրանցից, ինչպէս նաեւ այլ վկայողներից ու մեկնիչներից:
* * *
ՈՎՍԷԷ
Ովսէէ թարգմանւում է «փրկող» կամ «փրկի՛ր», եբրայերէն՝ Եաշա, այսինքն՝ «փրկեց» կամ «ապրեցրեց»: Նա Իսաքարի ցեղից էր՝ Բէէրի որդին: Նա Իսրայէլի ու Յուդայի թագաւորների օրօք մարգարէացաւ Յակոբի ողջ տան համար: Ժամանակակիցն էր Եսայի մարգարէի եւ գրեց նրանից առաջ՝ սկսած Յուդայի Ոզիա արքայի ժամանակներից: Նաբադի որդի Յերոբաւամի մեղքերի պատճառով սպառնաց Իսրայէլին Ասորեստանից եկած հարուածներով, իսկ Եզեկիայի բարեպաշտութեան համար բարին մարգարէացաւ Յուդայի ցեղի համար: Աւետարանեց Փրկչի Գալուստը աշխարհ՝ ի փրկութիւն Նրան հաւատացողների՝ ճշմարիտ Իսրայէլի ժողովրդի: Յայտնապէս ցոյց տուեց Աստուծոյ կողմից հին Իսրայէլի մերժումը ու հեթանոսների հրաւէրը: Տիրոջ հրամանով պոռնիկ կին առաւ եւ նրանից որդիներ ունեցաւ: Առաջնեկին կոչեց Յեզրայէլ, որ թարգմանւում է «Աստուծոյ զաւակ» կամ «Աստուծոյ բազուկ», երկրորդին՝ Չողորմած, իսկ երրորդին՝ Ոչ իմ ժողովուրդ: Մեռաւ խաղաղութեամբ ու փառաւորապէս թաղուեց իր ագարակում:
* * *
ՅՈՎԷԼ
Սա Ռուբէնի ցեղից էր եւ որդին էր Բաթուէլի: Ըստ ոմանց՝ նա Եղիսէէ մարգարէի ժամանակակիցն է, իսկ ըստ այլոց՝ աւելի առաջ էր, քան Եսային ու Ովսէէն: Առաւելապէս խօսում է Յուդայի տան համար, նրանց սպառնում է քաղդէացիների կողմից գերութեամբ, յորդորում է ապաշխարութիւն, կանխատեսում է Քրիստոսի Գալուստը եւ Սուրբ Հոգու էջքը, ինչպէս նաեւ Տիրոջ երկրորդ Գալուստը՝ ահաւոր նշաններով, Նրա Դատաստանը եւ մեղաւորների ու արդարների հատուցումը: Մեռաւ խաղաղութեամբ ու փառքով թաղուեց իր ագարակում: Կայ գաղմատացիների թողած մի աւանդութիւն, ըստ որի՝ Յովէլ մարգարէի մարմինը փոխադրուել է իրենց քաղաք՝ Ադերա կամ Ծարա, եւ թաղուել աթոռանիստ Եկեղեցում՝ աւագ խորանի ներքոյ:
* * *
ԱՄՈՎՍ
Սա հովիւ էր Թեկուայից, որը գտնւում էր Բեթղեհէմից վեց մղոն հեռաւորութեան վրայ՝ դէպի հարաւ: Աստուծոյ կողմից մարգարէութեան է կոչւում Ովսէէի ու Եսայու ժամանակներից: Նախաձայնեց տիեզերքի Փրկչի Գալուստը, կանխապէս յայտնեց Իսրայէլի գերութիւնը Ասորեստանի կողմից եւ Յուդայի գերութիւնը Բաբելոնի կողմից: Կշտամբում էր հրէաներին իրենց չարութեան ու անգթութեան համար: Բեթէլում մարգարէանալիս նրան սաստեց տեղի Ամասիա քուրմը. «Գնա՛,- ասաց,- Հրէաստան երկիրը, այնտեղ ապրիր եւ այնտեղ մարգարէացիր: Այլեւս չշարունակես մարգարէանալ Բեթէլում, որովհետեւ այստեղ թագաւորի սրբութիւնն է ու թագաւորութեան տաճարը»: Սակայն Ամովսն ասաց, թէ ուր որ Տէրը հրամայում է, այնտեղ պիտի յայտնի Նրա պատգամը: Դրա համար ասում են, որ Ամասիա քուրմը չարչարեց Ամովսին, իսկ նրա որդին՝ Ովսէէն, երկաթէ գաւազանը մխեց նրա բերանի մէջ: Այդպէս կիսամահ բերուեց Թեկուա եւ օրեր անց մեռաւ սաստիկ ցաւերի մէջ: Թաղուեց իր երկրում, ու նրա գերեզմանը կար իր տեղում մինչեւ քրիստոնէութեան տարածուելը: Եւ ոչ միայն Ամովսը, այլեւ շատ մարգարէներ ելան աշխարհից վկայական մահուամբ:
* * *
ԱԲԴԻԱՍ
Աբդիուն կամ Աբդիասը, որը նշանակում է «Աստուծոյ ծառայ», Սիւքեմի Բեթակարան աւանից էր: Նա Աքաաբի հազարապետն էր եւ Ոքոզիա արքայի կողմից Եղիայի մօտ առաքուած երրորդ յիսնապետը, ով իր խոնարհութեամբ մեղմեց Եղիայի սիրտը, թէպէտ ոչ քիչ հալածանքներ կրեց նրա պատճառով: Նա Յեզաբէլի յարուցած հալածանքներից փրկելու համար հարիւր մարգարէների թաքցրել էր այրերում: Մարգարէութեան է կոչուել Եղիային աշակերտելուց յետոյ: Այս ամէնը, ըստ եբրայական աւանդութեան, նախնիների, հայրերի ու մեկնիչների, ասում են՝ այլ մէկն էր Աբդիաս մարգարէն, ով ապրում էր Եսայու ժամանակներում: Աբդիասի խօսքերը կանխատեսում էին քաղդէացիների կողմից գերութիւնը, գերութիւնից դարձը՝ օրինակելով Քրիստոսի միջոցով մեր փրկութիւնը բանսարկուի գերութիւնից: Թաղուեց Սամարիայում, ուր եւ քրիստոնէութեան շրջանում Եղիսէէ մարգարէի ու Յովհաննէս Մկրտչի նշխարների հետ գտնուեցին նաեւ նրա նշխարները:
* * *
ՅՈՎՆԱՆ
Ամաթիայի որդի Յովնանը Զաբուղոնի երկրից էր՝ Քոբերի Գէթ քաղաքից, որը յետոյ Դիոկեսարիա կոչուեց: Ըստ եբրայական աւանդութեան՝ հայրերից ոմանք կարծում էին, թէ Յովնանն այն այրի կնոջ որդին էր, ում Եղիան յարութիւն տուեց, եւ համարում են, թէ նա Եղիայի աշակերտներից մէկն էր: Տիրոջ կողմից մարգարէական քարոզութեան համար առաքուեց Նինուէ, սակայն ասում են, թէ նա մօր հետ խոյս տուեց Ասորեստան: Ոմանք ասում էին, թէ Յովնանի հայրը՝ Ամաթիան, նա ինքը Աբդիաս մարգարէն էր, իսկ ուրիշներն էլ՝ թէ Յովնանը եղել է Եղիսէէի աշակերտը, ով ուղարկուեց Յէսուին թագաւոր օծելու:
Սակայն ստոյգն այն է, որ Յովնանն ապրում էր Իսրայէլի արքայ Յովասի որդու՝ Յերոբովամի ժամանակներում, ուստի ժամանակակիցն էր Ովսէէի ու Եսայու: Եւ ըստ այսմ՝ Յովնանի քարոզութիւնը Նինուէում ճշտապէս համընկնում է Ասորեստանի Սարդանաբաղ արքայի տարիներին, որի օրօք յոյժ զեխութիւն ու անառակութիւն էին տիրել նինուէացիներին: Արդ, թէպէտ թագաւորը եւ ամբողջ քաղաքը միառժամանակ զղջացին, որի շնորհիւ Բարձրեալի անբաւ մարդասիրութեամբ փրկուեցին կործանումից, սակայն պատուհասի վտանգն անցնելուց յետոյ դարձեալ վերադարձան իրենց չարիքներին, որի համար Տէրը նրանց մատնեց մարաց Վարբակ արքայի ձեռքը, որի գործակիցներն էին Բեղէսի Բաբելոնացին եւ հայոց պսակաւոր արքայ Պարոյր Առաջինը: Այդ պատճառով Տոբիթը պատուիրում էր իր որդուն՝ թողնել Նինուէն, «որովհետեւ,- ասում էր,- գիտեմ, որ պիտի կործանուի այս քաղաքը՝ ըստ Յովնան մարգարէի խօսքի»:
Մեծամեծ խորհուրդներ էին խտացուած Յովնանի մէջ, քանզի նա եղաւ ակամայ քարոզ հեթանոսներին, իբրեւ առաքեալ՝ մարգարէների դասում, Փրկչի օրինակ ու պատկեր՝ յատկապէս թաղման եւ երեքօրեայ յարութեան, որի մասին սուրբ վարդապետները բազում ճառեր են թողել: Փրկչի խաչելութիւնից յետոյ, երբ բազում ննջեցեալներ յարութիւն առան, ասում են, թէ նրանց թւում էր նաեւ Յովնանը, որի գերեզմանը գտնւում էր Զաբուղոնի Գէթ քաղաքում:
* * *
ՄԻՔԻԱ
Միքիա Մորստացին, ըստ ոմանց Յուդայի ցեղից էր, իսկ ըստ ոմանց էլ՝ Եփրեմի ցեղից: Ոմանք կարծում էին, թէ նա էր, որ մարգարէացաւ Աքաաբի առջեւ, եւ քանի որ չխօսեց արքայի կամքով, յանձնուեց Յովրամ արքայորդու ձեռքը՝ մատնուելու բանտի ու սովի տառապանքներին: Եւ երբ, ըստ մարգարէի մարգաէութեան, Աքաաբը չվերադարձաւ պատերազմից, Յովրամը նրան սպանել տուեց:
Բայց ըստ ոմանց՝ աւելի ճշմարիտ է ասել, թէ այլ է Աքաաբի ու Յովրամի ժամանակներում ապրած Յեմլէի որդի Միքիաս մարգարէն, եւ այլ է այս Միքիա մարգարէն: Նա թողեց մարգարէութիւններ, առաւել շատ փայլեց Յուդայի, քան Իսրայէլի մէջ ու ապրեց Յովաթամի, Աքազի եւ Եզեկիայի օրօք: Եւ ինչպէս ասում են, սա եւս նահատակուեց վկայական մահուամբ՝ խոցոտուելով սրով:
Շատերը գրում են, թէ Մեծն Թէոդոս կայսեր կամ էլ նրա որդիներ Արկադէոսի եւ Ոնորիոսի օրօք սուրբ Միքիա մարգարէի ու Ամբակումի նշխարները գտնուել են Հրէաստանում՝ Ելեւթերուպոլսի Սեբբեննոս եպիսկոպոսին յայտնուած տեսիլքի միջոցով:
* * *
ՆԱՒՈՒՄ
Նաւում եբրայերէն հնչում է Նախում կամ Նահում եւ նշանակում է «մխիթարութիւն»: Սա Յեղկեսիա քաղաքից էր՝ Յորդանանի միւս կողմում գտնուող Բեգաբար երկրից, Շմաւոնի ցեղից: Սկսեց մարգարէանալ Եզեկիա արքայի օրերում, երբ Իսրայէլի ժողովուրդը գերութեան տարուեց Ասորեստան եւ Նինուէ, որի համար մխիթարում էր ժողովրդին՝ կանխատեսելով նրանց դարձը գերութիւնից: Ասում են, թէ յիսուն տարի անց, իբրեւ երկրորդ Յովնան` նինուէացիներին ապաշխարութիւն քարոզեց: Բայց երբ նրանք յետ չդարձան իրենց չարիքներից եւ տառապանքներ պատճառեցին Իսրայէլի ժողովրդին, նրանց սպառնաց իսպառ կործանումով ու կորստեամբ: Եւ սա կատարուեց հարիւր քառասուն տարի անց, երբ քաղդէացիները նուաճեցին Նինուէն ու վերացրին Ասորեստանի թագաւորութիւնը: Մխիթարեց Երուսաղէմի բնակչութեանը, թէ Նինուէի արքան Երուսաղէմ չի մտնի: Նաւում մարգարէն խաղաղութեամբ ննջեց իր երկրում՝ Բեգաբարում:
* * *
ԱՄԲԱԿՈՒՄ
Ոմանք ասում են, թէ Ամբակումը սոմնացու որդին էր, ում Եղիսէէն յարութիւն էր տուել, ոմանք էլ ասում են, թէ նրա ապրած ժամանակն անյայտ է, այլ միայն գիտեն, որ նա Շմաւոնի ցեղից էր, Սափատի որդին եւ Բեշոքար աւանից էր: Կայ առաւել տարածուած կարծիք, թէ նա Եզեկիայի ու Մանասէի ժամանակակիցն էր, եւ այն մարգարէներից մէկը, ում Աստուած առաքեց՝ յանդիմանելու Մանասէին գործած չարիքների համար: Բայց քաղդէացիների երկրից Յուդայի տան գերութեան ու դարձի մասին մարգարէութիւնների համար շատերն ընդունեցին, որ նա եղել է Դանիէլի ժամանակակիցը, եւ թէ նա ինքն էր, որ Տիրոջ հրեշտակի ձեռքով կերակուր տարաւ Դանիէլին, երբ նա գտնւում էր առիւծների գբում: Հզօր են Ամբակումի պատգամներն ու յայտնի: Մարգարէացաւ երկու աւազակների միջեւ Փրկչի խաչելութեան մասին:
* * *
ՍՈՓՈՆԻԱ
Սոփոնիան Շմաւոնի ցեղից էր, որդին էր Քուսիի, սա՝ որդին Գոդողիայի, սա՝ Ամարիայի, եւ սա էլ՝ Եզեկիայի: Մարգարէացաւ Յուդայի Յոզիա բարեպաշտ արքայի ժամանակներում: Նա Երեմիա մարգարէի ժամանակակիցն էր: Սոփոնիայի խօսքերը վերաբերում են մնացած երկու՝ Յուդայի ու Բենիամինի ցեղերին: Մարգարէացաւ հրէաների գերութիւնից ամբողջովին դարձի մասին՝ յօրինակ Փրկչի միջոցով մարդկային ազգի ազատութեան: Խաղաղութեամբ ննջեց իր տանը:
* * *
ԱՆԳԷ
Սա իր մանկութեան շրջանում Կիւրոսի օրօք Բաբելոնից Հրէաստան գերութիւնից վերադարձածներից մէկն էր: Զաքարիա մարգարէի ձայնակցութեամբ սկսեց մարգարէանալ Դարեհի երկրորդ տարում՝ Զօրոբաբէլի տաճարի շինութեան շրջանում, եւ յայտնապէս խօսեց Մեսիայի Գալստեան ժամանակ տաճարի փառաւորութեան մասին: Անգէին եբրայերէն լեզուով ասում են Խադդա, որը նշանակում է «ուրախ» կամ «տօնազուարճ»: Եւ արդարեւ, ըստ իր անուան ուրախարար նշանակութեան՝ զուարթացրեց Աստուծոյ ժողովրդին՝ աւետարանելով աշխարհի Փրկչի մօտալուտ Գալուստը, որը եղաւ հինգ հարիւր տարի անց: Նա կոչւում է Ամենակալ Տիրոջ պատգամաբեր, որը յունարէն լեզուով նոյն իմաստն է արտայայտում:
* * *
ԶԱՔԱՐԻԱ
Զաքարիա կամ Զէքիր իա կամ Զիքր էահ նշանակում է «Աստուած յիշեց» կամ «յիշատակ Աստուծոյ»: Նա Բարաքի որդին էր եւ Անգէ մարգարէի ժամանակակիցը, քանի որ սա եւս սկսեց մարգարէանալ Դարեհի երկրորդ տարում. նա՝ վեցերորդ ամսում, սա՝ ութերորդ ամսում: Ճոխագոյն են նրա խորհրդաւոր այլաբանութիւններն ու տեսիլքները: Պէս-պէս օրինակներով խորագոյն իմացութեամբ մարգարէացել է Քրիստոսի Գալստեան եւ Նրա տնօրինութեան մասին: Հայրերից մէկը Զաքարիայի մարգարէութիւնների մասին գրում է. «Խորութիւնների խորքերը խօսում են Աստուծոյ ջրերի հեղեղատների միջով, քանզի եթէ խօսէին պարզութեամբ, ոչ այնքան մարգարէութիւն, որքան աւետարանական պատմութիւն կը թուար»: Յայտնեց արմաւենեաց օրը Քրիստոսի փառքով Երուսաղէմ մտնելու, Յուդայի մատնութեան, հաղորդութեան խորհրդի հաստատման, Քրիստոսի ձեռքերի վէրքերի, Նրա` դժոխք իջնելու, արդարների երամների վեր բարձրանալու, Տիրոջ Յարութեան ու փառաւորութեան, ինչպէս նաեւ հեթանոսների կանչի եւ նոր Եկեղեցու մասին:
* * *
ՄԱՂԱՔԻԱ
Եբրայերէն հնչմամբ Մալաք նշանակում է «հրեշտակ», Մալաքի՝ «հրեշտակ իմ», իսկ Մալաքիա՝ «հրեշտակ Աստուծոյ»: Նրա համար հրէայ վարդապետներն ասում են, թէ նախկինում նա այլ անուն է ունեցել, սակայն տեսիլքներում յաճախ Աստուծոյ հրեշտակին տեսնելու ու նրանից մարգարէական խորհուրդներ եւ մեկնութիւններ ընդունելու պատճառով հրեշտակ է կոչուել: Նա ջերմօրէն տենչում էր նրանց, ակնկալում էր նրանց բարեխօսութիւնն ու ցանկանում նմանուել նրանց սրբութեանը:
Նրանց վարդապետներն ասում են նաեւ, թէ Մաղաքիա մարգարէն նոյն ինքը Եզրաս քահանան է՝ օրէնքներ գրողը: Այս նոյն կարծիքն ունէին նաեւ որոշ հայրեր եւ մեկնիչներ: Սակայն աւելի ստոյգ կարծիքն այն է, որ Մաղաքիան եղաւ Սուփի Զաբուղոնի կամ Ղեւիի ցեղի վերջին մարգարէն, Անգէի ու Զաքարիայի ժամանակակիցը, սակայն կրտսեր, քան նրանք, որովհետեւ նրա մարգարէութիւնն սկսւում է Զօրոբաբէլի տաճարի շինութեան աւարտից յետոյ: Խրատում է տաճարի քահանաներին, մարգարէանում է ահարոնեան քահանայութեան դադարեցման մասին, աւետարանում է Քրիստոսի աշխարհ Գալուստը՝ Իր պատգամաբերի՝ երկրորդ Եղիայի, այսինքն՝ Յովհաննէս Կարապետի նախընթացութեամբ: Որպէս Նոր Օրէնքին աւելի մերձաւոր մէկը, քան միւս տեսանողների դասերը՝ բազում մարգարէութիւններ է արել: Ասում են, որ մահացել է երիտասարդ հասակում եւ թաղուել իր ագարակում: