Նախաստեղծ Ադամը պատվվեց նրանով, որ Աստծու ձեռքով գոյացավ, իսկ Աբրահամը երանելի եղավ, որովհետև Աստծու բարեկամ կոչվեց: Հակոբը գովաբանվեց, քանի որ ժուժկալությամբ Աստծու հետ գոտեմարտեց: Մովսեսը բարեբանվեց, քանի որ Աստծուն տեսավ: Մարգարեները արժանացան Աստծու բարեհաճությանը, քանի որ Սուրբ Հոգով լցված՝ երկնքից երկիր Աստծու գալուստը քարոզեցին: Երջանկացան առաքյալները, քանի որ մարմնացած Բանն Աստծուն երկրի վրա տեսան և շոշափեցին Կենաց Խոսքը: Իսկ Տիրուհին՝ Մարիամը, գերազանց և հրաշափառ երանությունների արժանացավ, քանի որ Բանն Աստված, Ով ավելի վեր է, քան միտքը և հրեշտակների ու մարդկանց խոսքերը, նրանից ծնվեց: Նա, Ով նախքան ժամանակները Հորից է ծնվել, և Ում ծնունդը միայն Հայրը գիտի, Ով արշալույսից առաջ արգանդից ծնված Որդին է Հոր էությունից և փառքով աթոռակից է Նրան, Ով անստվեր Լույսն է և անմատույց Լույսի Հոր Ճառագայթը, նաև Ծնողի էության Կերպարանքն է ու Նկարագիրը և աներևույթ Աստծու փառքի Ծագումը, Անսկիզբ Բանն՝ անսկզբնական Հորից, Աստված՝ Աստծուց, Տեր՝ Տիրոջից, Ում փառքը ցանկալի էր անմահների դասերին և բաղձալի՝ աստվածասեր մարգարեներին, իսկ արդարները, թագավորներն ու նահապետները ցանկանում էին գոնե աղոտ կերպով տեսնել Նրան, բայց չկարողացան:
Ամենաօրհնյալ Սրբուհին անբովանդակելի Աստվածության Հուրն առանց այրվելու իր որովայնում կրեց, որովհետև Հորից անբաժանելի ու անզատելի Որդին, ինչպես անձրև, երկնքից իջավ Կույսի մաքրափայլ որովայնը: Ինչպես Ադամից ոչինչ չպակասեց, երբ Աստված, նրանից վերցնելով կողոսկրը, ստեղծեց Եվային, որպես կատարյալ մարդ՝ բնությամբ և գոյացությամբ, այդպես էլ Բանն Աստված Սուրբ Կույսի արյունից ու մարմնից շինեց Իր մարմինը, և Կույսից ոչինչ չպակասեց: Սուրբ Աստվածամոր մեջ մարդկային բնությունը միացավ Աստվածային բնության հետ, առանց երկրավոր հոր միջամտության, քանզի Նրան, Ում Հայրը նախքան հավիտյանները Որդի ծնեց, և Ում հետ Հայրը խոսեց, թե՝ ՙՔեզանով է սկսվում զորացումն Իմ օրերի՚ (Սաղմ. ՃԹ 3), Նույնին այսօր անճառաբար ծնեց Կույս Մարիամը: Նա սկիզբն է Անսկզբնականի, ժամանակը` Անժամանակի և մարդկանց հանդեպ իր ունեցած գութով, ովքեր հավատով են կատարում իր վերափոխման հիշատակը, հավասարվում է Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:
Նա, Ով Իր խոսքով պահում է բոլոր արարածներին, կառավարում երկնային ու երկրային բոլոր էություններին, ելավ Կույսի գիրկը, և Անժամանակ Որդին մանկացավ: Նա, Ով կերակուր է տալիս բոլոր ողջերին, Սուրբ Կույսի անապական կաթով սնվեց:
Կույսն ավելի վեր է, քան մարգարեները, առաքյալները, նախահայրերը, մարտիրոսներն ու վարդապետները և վեր, քան Իշխանություններն ու Պետությունները, Սերովբեներն ու Քերովբեները, և ավելի վեր է բարձրացել, քան երկնային բոլոր զորքերը: Զիջում է նա միայն Արարչին՝ Անեղ Բնությանը՝ գերազանց և աներևույթ Աստվածությանը: Քանի որ Տերունական Մարմինը Կույսի բնությունից զգեստավորվեց, և հրաշագործ Բանն Աստված Հոր աջ կողմում՝ քառակերպ աթոռին է նստում և երկրպագվում անմարմիններից:
Արդ, Սրբուհու միջոցով Խաչը ծագեց աշխարհի մեջ՝ որպես զորության գավազան և կնիք ամենքի համար՝ պահապանելու մեր ելն ու մուտը: Աստվածածնի միջոցով մահը մեռավ, դժոխքը կործանվեց, սատանան պարտվեց, և նրա զորությունները սանդարամետում փակվեցին: Նրա միջոցով բացվեց Կենաց ծառի ճանապարհը. բոցեղեն սուրը վերցվեց, ավազանը հաստատվեց, և մենք վերստին ծնունդով ջրից ու Հոգուց՝ Քրիստոսով զգեստավորվեցինք և Աստծու որդիներ ու ժառանգներ դարձանք:
Նա եղավ եդեմական շնչավոր Դրախտ, որտեղից բխեց մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ Կենաց Աղբյուրը՝ չորս գետերի բաժանված, որը ավետարանիչների քարոզությունն է աշխարհի չորս կողմերում՝ լցված հավատով ու Սուրբ Հոգով:
Սրբուհին եղավ Նոյան Տապան, և եթե այն միայն մի ընտանիք ազատեց ջրհեղեղից, ապա Կույսի միջոցով ողջ աշխարհը փրկվեց:
Նա եղավ Անկեզ Մորենի, քանզի սպառող Հուրը աստվածության փայլակնատարած լույսով բնակվեց նրա Սուրբ որովայնում և չբոցակիզեց, որից ոչ թե մեկ Մովսես առաքվեց Եգիպտոս՝ փարավոնին պատժելու և Իսրայելը ազատելու, այլ տասներկու առաքյալներ՝ ուսուցանելու ամբողջ աշխարհին, ովքեր կործանեցին անմարմին փարավոնին իր զորքերով հանդերձ և հեթանոսներին փրկելով՝ անմահ կյանքի կոչեցին:
Ուխտի Տապանակ եղավ, որն իր մեջ կրեց անպարագրելի Բանն Աստծուն, Ով ոչ միայն Իսրայելի որդիներին Սինայի անապատից դեպի Ավետյաց երկիրը առաջնորդեց, այլև ամբողջ մարդկային ցեղը դեպի երկնային Երուսաղեմ:
Նաև Սափոր Ոսկյա, որ իր մեջ կրեց Հոր անժամանակ Խոսքը՝ Կենաց Մանանան, որով ոչ միայն ապերախտ Իսրայելին կերակրեց, այլև ամբողջ աշխարհին:
Ծաղկած Գավազան Հեսսեի արմատից, որ ըստ Հակոբ նահապետի մարգարեության՝ ՙՆրա շառավղից որդի պիտի ելնի՚ և մեզ որպես կյանքի ողկույզ ընծայվի, ուրախացնելու համար տրտմածներին, և լի բարությամբ ու իմաստությամբ տարածվի ամբողջ աշխարհում:
Աշտանակ Ոսկեձույլ, որ իր վրա, որպես վառվող ճրագ, կրեց մարդացած Բանն Աստծուն (հմմտ. Հայտ. Ա 13): Աշտանակի ճրագի յոթ լեզուները Սուրբ Հոգու յոթնարփյան շնորհներն են, իսկ երկու ձիթենիները՝ մեկը աջից և մյուսը ձախից, Հին ու Նոր Կտակարանները (հմմտ. Զաք. Դ 2-3): Առաջին աշտարակից լեզուները խառնվեցին, և ազգերը ցրվեցին, իսկ այս աշտարակից, որ Աստվածածինն է, ճշմարիտ հավատի և ուղիղ վարքի շուրջ ամբողջ աշխարհն ի մի հավաքվեց երջանիկ առաքյալների միջոցով, ովքեր խմեցին Կենդանի Հուրը և անմահության բաժակով արբեցրին ողջ աշխարհը:
Նա եղավ Արևելք, որտեղից ծագեց Արդարության Արեգակը, ու հալածեց մեր հոգիներից խավարի աղջամուղջը և անստվեր Լույսն առաքեց ՙմահվան ստվերներում նստածներիս՚ (Մատթ. Դ 16):
Նա Օգնական Լեռ եղավ, որից ՙառանց ձեռքի դիպչելու հատվեց վեմը՚ (Դան. Բ 34)՝ անճառելի Բանն Աստված, և առանց սերմի, մարմնին միանալով՝ խորտակեց կուռքերի մոլորությունները և հիմնելով բարձրացրեց Կաթուղիկե Սուրբ Եկեղեցին (Սաղմ. ԿԷ 16):
Նա Իմանալի Գեղմը եղավ, որի վրա անպարագրելի Բանն Աստված իջավ որպես ցող, և միշտ հոսելով՝ կենդանի ջրով լցրեց տիեզերքը՝ տոչորվածների ծարավը հագեցնելու համար:
Նրան տեսավ Եսային, որպես Թեթև Ամպ, որի վրա նստած՝ Բանն Աստված իջավ Եգիպտոս ու կործանեց բազմաստվածության մոլորությունը և մաքրափայլ վեր հանեց սուրբ, ճգնազգյաց, հրեշտականման և սքանչելագործ կրոնավորների երջանիկ խմբերը, որոնցից են Անտոն Մեծը, Պողը, Մակարը և քրիստոսազգյաց կրոնավորների անհամրելի այլ խմբեր:
Նրանով վերցվեց Ադամի անեծքը, և փարատվեց Եվայի տաժանելի երկունքը: Եվ կոչեցին ամենասուրբ Աստվածամորը այգի վայելուչ, վեմ ջրածին, աղբյուր կնքած, բույս բարի, տեղ շափյուղայի, քաղաք Աստծու, բլուր կնդրուկի, հովիտ շուշանի, անապատ անկոխ, գիր անընթեռնելի, երկիր բանավոր, առավոտ խաղաղության: