Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի, 2023
Matyan.am

Այսպէս է ասում Տէրը.
«Քո գործերը յանձնի՛ր Տիրոջ ձեռքը, եւ քո մտադրութիւնները պիտի կատարուեն:
Ինչպիսի մեծութեան էլ հասնես, դու քեզ խոնա՛րհ պահիր եւ դու շնորհ կգտնես
Տիրոջ առջեւ» (Առակներ 16:3)

  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց
No Result
View All Result
Matyan.am
No Result
View All Result
Մատյան Խոսք մեծաց

Անհավատության հողի վրա առաքինության շուշաններ չեն ծաղկում

10 Օգոստոսի, 2023
Խոսք մեծաց, Կարևոր խոսք
Անհավատության հողի վրա առաքինության շուշաններ չեն ծաղկում
0
Կիսումներ
44
Դիտումներ
Share on FacebookShare on Twitter

ԿՅԱՆՔԻ ԱՂԸ

«Դո՛ւք եք երկրի աղը.
սակայն եթե աղը անհամանա,
ինչո՞վ այն կաղվի»:
Մատթ. 5.13

Ընտրված բնաբանը Տիրոջ պարզ խոսքերից մեկն է Լեռան քարոզի մեջ` հասկանալի ամենքի համար: Կերակուրը, պատրաստված խոհարարական արվեստի բոլոր առավելություններով, նյութերն ընտիր և ազնիվ, բայց եթե նրա մեջ աղ չկա, անհամ կլինի, անդուրեկան և մինչև իսկ պատճառ հիվանդության, եթե տևի այդ հանգամանքը: Աղն է, որ համ է տալիս կերակրին, առողջարար և սննդարար դարձնում և պահում նրան ապականությունից: Առօրյա կյանքից առնված այս օրինակով Տերը կամենում է բացատրել քրիստոնեության և քրիստոնյա մարդու արժեքը երկրի մեջ, այսինքն` պատմության մեջ: Առանց քրիստոնեության և իրական քրիստոնյա մարդու` կյանքը կդառնա անհամ, անհաճո և անառողջ. այսպես է քարոզել Տերը, և այսպես են հասկացել առաջին քրիստոնյաները իրենց կոչումը պատմության մեջ` որպես խորին համոզում և հավատ:

Ի՞նչ էր հեթանոսական աշխարհը քրիստոնեության ծագման և տարածման առաջին շրջանում. կրոնի կատարյալ անկում և դրա հետ նաև` բարոյական զգացման նվազում կամ իսպառ անհետացում: Դրա հետևանքն էր հունահռոմեական` ժամանակի ամենաքաղաքակիրթ համարված ազգերի զեխության և ապականության տիրապետությունը մեծագույն չափերով: Հունաստանի մայրաքաղաք Աթենքը, ուր Պերիկլյան ոսկեդարն էր ծաղկել մի ժամանակ` գրականության, արվեստի, ճարտարապետության, փիլիսոփայության, նաև ճշմարիտ հայրենասիրության և առաքինության ոսկեդարը հունական կյանքի, դարձել էր երկպառակության, ոճրագործության, եսականության, բարոյական և ազատասիրական զգացմունքից զուրկ ժողովրդի մայրաքաղաքը: Հռոմեական կայսրությունը, որ պետական զորության գագաթնակետին էր հասել, աշխարհի տերը դարձել, կրոնի անկմամբ և անհավատության զորացումով դարձել էր նաև ղեկավարը զեխության և բարոյական ապականության մրցության մեջ: Անհավատության հողի վրա առաքինության շուշաններ չեն ծաղկում առհասարակ:

Բ
Քրիստոնեությունը բարոյապես մեռնող մարդկության վերածնունդը եղավ` կրոնական-բարոյական նոր կյանքով և հասկացողությամբ: Նա բերեց նոր կրոն, որ սիրո և եղբայրության, անձնվիրության և հանրության օգտին նվիրված կրոնն էր: Շահասիրությունն ու եսամոլությունը, անձնական-զգայական վայելքն ու զեխությունը, որ տիրապետող էին ժամանակակից կյանքի մեջ, տեղի տվեցին զգաստության և մաքրության` նոր կրոնի ազդեցությամբ: Ապականվել էր օդը խեղդամահ լինելու չափ, ապականվել էր հունահռոմեական կյանքն ու քաղաքակրթությունը` չունենալով այլևս ներշնչման կենդանի աղբյուր, որ կրոնն է և հավատը դեպի Աստված: Առանց կրոնի և բարոյական գաղափարների չկա բարձր, կենսունակ և առաջադեմ քաղաքակրթություն: Ինչպես աղը համ է տալիս կերակրին, պահում նրան ապականությունից, այնպես էլ կրոնն ու հավատը, բարոյական կենդանի զգացումը աղն են քաղաքակրթության և աղբյուրը բարձր ստեղծագործության և կյանքի վայելչության:

Լիճը կամ ավազանը, եթե զրկվում է իր մեջ աղբյուրների և վտակների ջրերն ընդունելու հնարավորությունից, ճահճանում է, ապականվում կամ իսպառ չորանում: Այսպես է և մարդկային կյանքը ազգերի պատմության տված անհերքելի փաստերով: Այդպես էր ոչ միայն հույների և հռոմեացիների մեջ, այլև` եգիպտացիների, որոնց բարձր ստեղծագործությունները, արվեստի և քաղաքակրթության մնացորդները, ճարտարապետական հրաշալիքները, նկարչության բարձր զգացումը անհասկանալի են առանց նրանց կրոնի: Նույնը կարող ենք ասել Արևելքի շատ ազգերի մասին, որ չենք հիշում տեղի սղության պատճառով: Նրանք ամենքը կենդանի են, ստեղծագործող, միշտ քաղաքակրթության և առաջադիմության գագաթը բարձրանալու ճանապարհին, երբ նրանք կենդանի կրոնն ունեն, հավատը դեպի գաղափարականը: Կրոնը միայն պաշտամունքը չէ, ծեսերն ու արարողությունները, այլ առավել ևս` հոգևոր և ներքին ապրումը, որտեղից և բխում է արտաքինը և կերպավորում բազմապիսի ձևերով և բովանդակությամբ:

Եվ այս հասկանալի է պարզ մտածողությամբ իսկ. արտաքին մեր ընթացքը, գործողությունները հետևանքն են կամ մարմնավորումը մեր մտքերի, մեր ներքին հղացման: Փշից խաղող չի քաղվում, և ոչ էլ տատասկից` թուզ: Եթե հոգու մեջ հղացված չէ կառուցվելիք շենքի նախագաղափարը, անկարելի կլինի շենք կանգնեցնել: Բայց նույնիսկ ներքին հղացումը բավական չէ գործի կատարելության համար, այլ` շարժառիթն ու որակը: Եթե ակը պղտոր է, ցեխ ու ճահիճ, այնտեղից հոսող ջուրը չի կարող մաքուր լինել և կենդանարար: Կրոնը մեր ներքին աշխարհը մաքրող, զտող բարոյական զորությունն է, սիրո, զոհաբերության, գեղեցիկի, բարու և ճշմարտության աղբյուրը:

Գ
Սխալ չհասկանանք. կյանքն էլ միայն կրոնականը չէ: Նա շատ ավելի բազմակողմանի է և տարբեր բովանդակություններ ունի ևս: Գիտությունն ու արվեստը իրենց բոլոր ճյուղերով մարդկային հոգու ներգործության տարբեր դաշտեր են, տարբեր մեթոդներ և ուղիներ ունեն զարգացման, բայց նրանք տարբեր չպիտի լինեն իրենց բարձրագույն էությամբ և նպատակներով, որ կյանքի արտաքին բարօրության հետ ի վերջո ավելի հոգեկան դաստիարակությունն է, ազնվացումը:

Ներկա քաղաքակրթությունն, անշուշտ, շատ բարձր է, քան հունահռոմեականը. գիտությունը, փիլիսոփայությունը, արվեստը, տեխնիկական առաջադիմության հրաշալիքներ են կատարել, աներևակայելի թռիչքներ դեպի կատարելությունը, բայց դրա հետ նրանք էլ ազատ չեն անկման վտանգներից և սայթակումներից, որ դեպի խորխորատ կարող են տանել, եթե հոգևոր մի նոր վերածնունդ, շարժում չսկսվի հոգիների մեջ: Ինչպես հնում, հեթանոսության անկման օրերին, քիրստոնեությունը և քրիստոնյաները աղը հանդիսացան ազգերի ապականության դեմ և նոր կյանք բերին նրանց, նույն դերն ունեն կատարելու և այժմ: Պատմությունից քաղած դասերը ուղեցույց են և ճշմարտութուն նաև ներկա մարդկության համար: Քրիստոնեության բերած հոգևոր դրամագլուխը ոչ միայն չի սպառվել, այլ շատ քիչ չափով է գործադրված: Եվրոպայի և մարդկության վերածնունդը կախումն ունի ոչ միայն զենքի հաղթությունից, այլև կենդանի հավատի վերածնունդից: Մեր աղոթքն է, որ այս պատերազմը «բարւոյ պատերազմի» փոխարկվի ըստ ամենայնի և առիթ դառնա մարդկության զգաստության և իր որդեգրած ուղիների վերաքննության:

Արդարությունն է և հավատն այն ժայռը, որի վրա շինված տունը անսասան է փոթորիկներից և հեղեղներից:

«Եթե աղը անհամանա, ինչո՞վ այն կաղվի». ահա քրիստոնյա աշխարհի մտածելու խնդիրը այս ահավոր պատերազմի ընթացքում և դրա վերանալուց հետո:

ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ
«Հայաստանյայց Եկեղեցի», հունիս, 1943թ.

Աղբյուր՝ ՍՊԱՍԱՎՈՐ

Tags: Խոսք մեծացԿարևոր խոսք
Նախորդ

Օրվա ընթերցումներ Սուրբ Գրքից«Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան»:

Հաջորդ

Նա խնդրեց Աստծո իմաստությունը

Հաջորդ
Նա խնդրեց Աստծո իմաստությունը

Նա խնդրեց Աստծո իմաստությունը

Matyan.am

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.

Կայքի նավիգացիա

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Հետևեք մեզ

No Result
View All Result
  • Լրահոս
  • Հարցազրույցներ
  • Հոգևոր
    • Վարք սրբոց
    • Եկեղեցին հայկական
    • Աղոթարան
    • Աստվածաբանություն
    • Ոչ միայն հացիվ
  • Գրականություն
    • Գրական անկյուն
    • Խոսք մեծաց
    • Նամականի
    • Հեքիաթներ
  • Հայք
    • Մեր Ազգը
    • Մեր արվեստը
    • Հայացք անցյալին
    • Կարևոր խոսք
    • Գանձեր
  • Մեդիադարան
    • Տեսադարան
    • Հեռուստաթատրոն
    • Կինոպահոց

© 2021 Մատյան.հայ
by Vavati Group.