Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն
փորձում նրան, եւ պիտի երեւա նրանց,
ովքեր թերահավատ չեն Նրա նկատմամբ
(Սող. Ա. 2):
Սողոմոնը (եբր. Շլոմո) հաջորդում է հորը` նշանավոր Դավիթ արքային եւ թագավորում է Ք. ա. 965-928 թթ.: Նա փառքի է արժանանում իր իմաստության, բարեպաշտության, արդարամտության շնորհիվ: Սողոմոն Իմաստունի օրոք Իսրայելի եւ Հուդայի միացյալ թագավորությունը հզորանում է, կառուցվում է Երուսաղեմի տաճարը, զարթոնք է ապրում տնտեսական կյանքը: Սակայն այս մասին գրվել են բազմաթիվ եւ տարաբնույթ երկեր, հոդվածներ, ուստի մեր նպատակն է անդրադառնալ մեծ արքայի բարոյական նկարագրին, մարդկային թուլություններին, Աստծո հետ նրա ունեցած հարաբերություններին:
Սուրբ Գիրքը վկայում է. «Տերը Սողոմոնին երեւաց գիշերվա քնի մեջ: Տերն ասաց Սողոմոնին. «Որեւէ բան խնդրի՜ր քեզ համար»: Սողոմոնն ասաց. «Դու մեծ ողորմածություն արեցիր իմ հայր Դավթին, եւ նա էլ քեզ հետ, քո առջեւից ընթացավ ճշմարտությամբ, արդարությամբ ու սրտի մաքրությամբ, եւ դրա համար ցույց տվեցիր այս մեծ ողորմածությունը` նրա որդուն նստեցրիր նրա գահին, ինչպես որ է այսօր: Արդ, իմ Տե՜ր Աստված, դու քո ծառային դրել ես իմ հայր Դավթի փոխարեն, իսկ ես դեռ պատանի եմ եւ չգիտեմ իմ անելիքը: Քո ծառան քո ընտրած ժողովրդի մեջ է, մի ժողովուրդ, որը բազմամարդ է, անթիվ ու անհամար: Իմաստությո՜ւն տուր քո ծառային, որ նա կարողանա արդարությամբ լսել ու դատել քո ժողովրդին, խելամտություն ունենա տարբերելու բարին ու չարը, որովհետեւ ո՞վ կարող է ղեկավարել քո այս բազմամարդ ժողովրդին»: Տիրոջը հաճելի եղավ Սողոմոնի այս խնդրանքը, եւ Տերն ասաց նրան. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, խնդրեցիր ոչ թե կյանքի երկար օրեր, հարստություն կամ քո թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտություն` դատ անելու, ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու. քեզ տալիս եմ իմաստուն ու հանճարեղ միտք, այնպես որ ո՜չ քեզնից առաջ է քո նմանը եղել, եւ ո՜չ էլ քեզնից հետո քո նմանը կհայտնվի: Քեզ տալիս եմ նաեւ այն, ինչ դու չխնդրեցիր` հարստություն ու փառք, այնպես որ քո ապրած կյանքի օրերին թագավորներից ոչ ոք չի լինելու քեզ նման: Եւ եթե ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատվիրանները, ինչպես ընթացել էր քո հայր Դավիթը, ապա քո կյանքի օրերը կերկարացնեմ» (Գ. Թագ. Գ. 5-15):
Սողոմոնը հրեից արքան էր, նա թագավորի զավակ էր եւ ամուսնացած էր փարավոնի դստեր հետ. «…նա խնամիություն հաստատեց Եգիպտոսի արքա փարավոնի հետ, կին առավ նրա դստերն ու բերեց Դավթի քաղաքը» (Գ. Թագ. Գ. 1): Սակայն բոլորիս քաջ հայտնի է, որ մարդ արարածը մշտապես ձգտում է առավել մեծ հարստություն կուտակել, անսահման իշխանություն ձեռք բերել, փառք ու հռչակ վայելել: Հարստության, փառքի, իշխանության, բարեկեցիկ կյանքի վերաբերյալ բազմաթիվ հատվածներ կան Առակաց գրքում. «Չարաչք մարդը շտապում է հարստանալ, բայց չգիտի, որ ողորմած մարդը պիտի հաղթի իրեն» (Առակ. ԻԸ. 22). «Բարի անունը լավ է մեծ հարստությունից, ընտիր շնորհքը` արծաթից ու ոսկուց» (Առակ. ԻԲ. 1). «Ճշմարտության հետ գնացող աղքատն ավելի լավ է սրտի հետ ընթացող հարստից» (Առակ. ԻԸ. 6):
Սողոմոն Իմաստունը քաջ գիտակցում էր, որ հարստությունն ինքնին արժեք չէ եւ չափազանց խաբուսիկ է. այն թույլ է տալիս մարդուն առանց բարոյական եւ նյութական որեւէ նեղություն կրելու բարեգործություն անել: Մեծ ունեցվածքը կուրացնում է մարդուն` խանգարելով իրական, մնայուն արժեքները տեսնելուն: Այնինչ, Սուրբ Գրքում գրված է, որ բարի անունը լավ է մեծ հարստությունից. հարստությունը դեպի աղքատություն տանող ամենակարճ ճանապարհն է… Բարությունը թանկ է ոսկուց, իմաստությունը` գանձերից: Աստված փորձում էր Սողոմոնին, երբ հարցնում էր` որեւէ բան խնդրի՜ր քեզ համար. դա է վկայում Տիրոջ պատասխանը. «Քանի որ դու այդ բանը խնդրեցիր ինձնից, խնդրեցիր ոչ թե կյանքի երկար օրեր, հարստություն կամ քո թշնամիների մահ, այլ խնդրեցիր խելամտություն` դատ անելու, ուստի քո ասածի համաձայն եմ վարվելու…» (Դ. Թագ. Գ. 11-13): Աստվածաշնչում բազմաթիվ դեպքերի ենք հանդիպում, երբ Տերը այս կամ այն կերպ փորձում է մարդկանց. Նա յուրաքանչյուրիս շնորհել է ամենաթանկն ու կարեւորը` ազատ կամքը, ուստի ակնկալում է, որ ընտրենք դեպի Իրեն տանող ճանապարհը, արժեւորենք հոգեւորն ու ճշմարիտը: Աստվածաշնչյան բազմաթիվ հատվածներ հաստատում են վերոգրյալը. Տերը բարու եւ չարի գիտության ծառը տնկում է դրախտի մեջտեղում (հմմտ. Ծննդ. Բ. 9), փորձում է Աբրահամին` պատվիրելով զոհաբերել սեփական որդուն, Հոբը եւս փորձությունների է ենթարկվում, իսկ Աստծո Որդին, քառասուն օր գտնվելով անապատում, փորձվում է սատանայից (հմմտ. Մատթ. Դ., Մարկ. Ա. 12, Ղուկ. Դ.): Ահա նաեւ Հովհաննու ավետարանից փորձությանը վերաբերող մի հատված. «Հիսուս իր աչքերը վեր բարձրացրեց եւ տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ: Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց հաց պիտի գտնենք, որ դրանք ուտեն»: Այս ասում էր` նրան փորձելու համար, բայց ինքը գիտեր, թե ինչ էր անելու» (Հովհ. Զ. 5-7):
Սողոմոն արքան հստակ գիտակցում էր` ինչ է խնդրում Տիրոջից. նա տիեզերական Մտքի իմաստությունն էր փնտրում` արդարությամբ դատելու եւ ղեկավարելու սեփական ժողովրդին, որի հետագա ընթացքն իրեն էր վստահված: Մարդու իրական էությունը բացահայտվում է, երբ նա իշխանություն է ստանում: Սովորաբար աղոթելիս մենք` մահկանացուներս խնդրում ենք հարստություն, փառք, իշխանություն, երկար կյանք, հակառակորդների պարտություն, երազանքների իրականացում` մոռանալով իմաստության, արդարամտության եւ աստվածային կամքի մասին. երբեւէ խնդրե՞լ ենք, որ մեր կայնքում, հետագա ընթացքին Աստծո կամքը կատարվի եւ ոչ թե մերը: Սողոմոնը ոչ թե ցանկալիի հետ խնդրեց նաեւ իմաստություն, այլ հրաժարվեց ամեն ինչից` ընտրելով միայն իմաստությունը: Եւ Աստված տեսավ Սողոմոնի սիրտը, քանզի Նա նայում է ոչ թե մեր դեմքին, ինչպես մենք` մահկանացուներս, այլ սրտին. «Նրա տեսքին մի՜ նայիր եւ ոչ էլ հասակի բարձրությանը, քանզի ես նրան չեմ ընտրել: Աստած այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված` սրտին» (Ա. Թագ. ԺԶ. 7): Տերը կամենում է, որ գնահատենք ճշմարիտ արժեքները եւ խնդրենք հոգեւոր գանձեր` վստահ լինելով, որ Ինքը կհոգա մեր մնացյալ կարիքները. «Նախ խնդրեցե՜ք Աստծու արքայությունը եւ նրա արդարությունը, եւ այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա: Այսուհետեւ հոգ մի՜ արեք վաղվա օրվա մասին, որովհետեւ վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար» (Մատթ. Զ. 33, 34): Սողոմոնը հասկանում էր, որ չի կարելի նախընտրությունը տալ նյութականին, անցողիկին` հարստությանը եւ փառքին, քանզի դրանք կարող են գայթակղել եւ մոլորեցնել: Պողոս առաքյալը նամակ է գրում իր աշակերտ Տիմոթեոսին` զգուշացնելով հարստության վտանգավորության մասին. «Այլ ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բավականանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի եւ բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում եւ դեպի կորուստ, որովհետեւ բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով` մոլորվեցին հավատից ու իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ» (Ա. Տիմ. Զ. 8-11):
Սողոմոն արքան Աստծուց միայն իմաստություն խնդրեց, եւ վերջինս տրվեց նրան. դա են վկայում Աստվածաշնչի Գ. Թագ. Գ. 16-28 համարները, որտեղ նկարագրվում է, թե ինչպես էին երկու անառակ կանայք կռվում մանկան համար եւ թե ինչպես արքան կարողացավ արդար վճիռ կայացնել. «Եւ ամբողջ Իսրայելը լսելով արքայի վճռած դատաստանը` երկնչեց արքայից, քանզի տեսավ, որ նրա մեջ դատաստան վարելու Աստծու իմաստությունը կար» (28):
Սուրբգրային բազում հատվածներ հստակ ցույց են տալիս, թե Արարիչն ինչ է ակնկալում իր իսկ կողմից արարված մարդուց: Սողոմոնի մասին ընթերցելով` համոզվում ենք, որ Աստծո պարգեւած իմաստությունը արժեքավոր է երկրային անցողիկ գանձերից. սա է հաստատում նաեւ Կորնթացիների առաջին թուղթը. «…որովհետեւ Աստծու հիմարն ավելի իմաստուն է, քան մարդկային իմաստությունը, եւ Աստծու տկարն ավելի զորեղ է, քան մարդկային զորությունը» (Ա. Կորնթ. Ա. 25): Ամենուր փնտրենք Տիրոջ եւ ոչ թե մարդկային իմաստությունը, Նրա իմաստությունը խնդրենք մեր կյանքի, որոշումների, ծրագրերի, ապագայի համար: Սողոմոն արքան, ինչպես եւ Դանիել մարգարեն, Աստծո իմաստությունն էր խնդրում ոչ թե մարդկանց առջեւ փառք եւ հեղինակություն վայելելու, այլ այդ իմաստությամբ ապրելու, առաջնորդվելու, դեպի Բարձրյալը տանող ճշմարիտ ուղին գտնելու համար:
Այս շարակարգում վերհիշենք նաեւ Պողոս առաքյալին. Տերն ինքը դարձի բերեց նրան եւ օժտեց իմաստությամբ, Աստծո խոսքը քարոզելու, քրիստոնեական եկեղեցիներ (համայնքներ) հիմնելու շնորհով (Գործք Թ.): Պողոսը Տիրոջը ծառայեց ինքնամերժումով եւ անմնացորդ նվիրումով` մշտապես փնտրելով Նրա կամքը, գիտակցելով խոնարհության կարեւորությունը. «Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար: Եւ ամեն բան, արդարեւ, վնաս եմ համարում մեր Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար: Նրա համար ամեն ինչից զրկվեցի, — եւ այդ բոլորը աղբ եմ համարում, — որպեսզի շահեմ Քրիստոսին եւ գտնվեմ Նրա մեջ. ո՜չ թե նրա համար, որ ունենամ իմ արդարությունը, որ օրենքից է, այլ Քրիստոսի հավատից եղած արդարությունը, որ Աստծուց եկող արդարությունն է` հավատով, որպեսզի ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը ու մասնակից լինեմ նրա չարչարանքներին, կերպարանակից` նրա մահվան, որպեսզի հասնեմ մեռելներից հարություն առնելուն» (Փիլիպ. Գ. 7-11):
Կրկին անդրադառնանք Սողոմոն Իմաստունին. նա ցանկանում էր ավարտել Տիրոջ տաճարի կառուցումը, որը շարունակվում էր գրեթե յոթ տարի. «…Սողոմոնը տաճարը կառուցեց յոթը տարում» (Գ. Թագ. Գ. 38): Գ. Թագավորաց Ը. գլխում տեսնում ենք, թե ինչպես էր Սողոմոն արքան փառաբանում Աստծուն, ներում հայցում իր ժողովրդի գործած մեղքերի համար, աղաչում լսել իր աղոթքը. «Արդ, լսի՜ր քո ծառայի աղոթքներն ու իմ խնդրանքները, Տե՜ր Աստված Իսրայելի, լսի՜ր քո ծառայի պաղատագին աղոթքները, որ նա քո առջեւ մատուցում է քեզ» (Ը. 28): Սողոմոնն աղոթում էր ամբողջ հոգով` խոնարհությամբ եւ ինքնամերժումով. «Երբ Տիրոջ զոհասեղանի առաջ ծնկաչոք ու ձեռքերը դեպի վեր տարածած Սողոմոնն ավարտեց Տիրոջն ուղղված այս բոլոր աղոթքներն ու աղերսանքները, կանգնեց ու մեծաձայն օրհնեց Իսրայելի ամբողջ ժողովրդին…» (Գ. Թագ. Ը. 54): Աստված տեսնում է արքայի սրտի խոնարհությունն ու հեզությունը, նրա նվիրումն ու Իսրայելի ժողովրդի գործած մեղքերի համար անկեղծ զղջումն ու ցավը եւ պատասխանում է նրան. «Տերը նրան ասաց. «Լսեցի իմ առջեւ արած աղոթքի ձայնդ ու կատարած պաղատանքներդ եւ արեցի այն ամենը, ինչ դու խնդրում էիր քո աղոթքներում. սրբագործեցի քո կառուցած տունը, որպեսզի իմ անունը հավիտյան այնտեղ դրվի, իմ աչքն ու սիրտն ընդմիշտ այնտեղ լինեն» (Գ. Թագ. Թ. 3): Երկնային Հայրը լսում է արքայի աղոթքը եւ պատասխանում. Տերը երկրորդ անգամ է հայտնվում նրան:
Սակայն Սողոմոն Իմաստունը, լինելով մի ողջ թագավորության հզոր, մեծ փառք եւ հեղինակություն վայելող արքա, չի կարողանում հաղթահարել սեփական արատավոր թուլությունները եւ կործանվում է… Նա կնամոլ էր եւ կնության է առնում շատ օտար կանանց. «Նա յոթը հարյուր կին եւ երեք հարյուր հարճ ուներ, եւ կանայք խոտորեցրին նրա սիրտը: Սողոմոնի ծերության օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստվածների կողմը, եւ նա ամբողջ հոգով չկապվեց իր Տեր Աստծու հետ, ինչպես իր հոր` Դավթի սիրտն էր կապված» (Գ. Թագ. ԺԱ. 3, 4): Ուստի, «Տերը բարկացավ Սողոմոնի վրա, որովհետեւ նրա սիրտը խոտորվել էր Իսրայելի Տեր Աստծուց, որը երկու անգամ երեւացել ու պատվիրել էր նրան, որ օտար աստվածների հետեւից ամենեւին չգնա, այլ պահի եւ կատարի այն, ինչ Տեր Աստված պատվիրել էր նրան» (Գ. Թագ. ԺԱ. 9, 10):
Սողոմոն արքան փաստորեն չի կարողանում Տիրոջ պարգեւած իմաստությամբ հաղթահարել իր մարդկային արատավոր թուլությունները, խոտորվում է ճշմարիտ ուղուց, ընկնում մեղքերի հորձանուտը եւ կորցնում Արարչի սերն ու ապավինությունը… ո՞րն էր այս ամենի պատճառը… գուցե արքային կուրացնում են փառքն ու պատիվը, շլացնում` գանձերը եւ հարստությունը, գուցե մեղանչումի պատճառ են դառնում գոռոզամտությունն ու հպարտությունը… Այնուամենայնիվ, Սողոմոնը հեռացավ Աստծուց, երես թեքեց Նրանից եւ արդյունքում պատժվեց` զրկվելով թագավորությունից: Տերն այս մասին զգուշացրել էր. «Քեզ տալիս եմ նաեւ այն, ինչ դու չխնդրեցիր` հարստություն ու փառք, այնպես որ քո ապրած կյանքի օրերին թագավորներից ոչ ոք չի լինելու քեզ նման: Եւ եթե ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատվիրանները, ինչպես ընթացել էր քո հայր Դավիթը, ապա քո կյանքի օրերը կերկարացնեմ» (Գ. Թագ. Գ. 13, 14): Իսկ երկրորդ անգամ «Տերը նրան ասաց. «Լսեցի իմ առջեւ արած աղոթքի ձայնդ ու կատարած պաղատանքներդ եւ արեցի այն ամենը, ինչ դու խնդրում էիր քո աղոթքներում. սրբագործեցի քո կառուցած տունը, որպեսզի իմ անունը հավիտյան այնտեղ դրվի, իմ աչքն ու սիրտն ընդմիշտ այնտեղ լինեն: Եթե դու քո հայր Դավթի նման մաքուր սրտով, ուղիղ ճանապարհով ընթանաս իմ առջեւից, կատարես այն ամենը, ինչ պատվիրեցի նրան, պահես իմ հրամաններն ու պատվիրանները, ապա քո աթոռը Իսրայելի վրա հավիտյան կանգուն կպահեմ, ինչպես խոստացել եմ քո հայր Դավթին` ասելով, թե` ’’Քո տոհմից առաջնորդ չի պակասելու Իսրայելի գահի վրա’’: Իսկ եթե դուք ու ձեր որդիները ինձնից խոտորվեք, չպահեք իմ պատվիրաններն ու հրամանները, որ Մովսեսը տվեց ձեզ, գնաք ու ծառայեք օտար աստվածներին, երկրպագեք նրանց, ապա երկրի երեսից կջնջեմ Իսրայել աշխարհը, որ տվել եմ նրանց: Իմ անվան համար սրբագործված այս տունը աչքից կգցեմ, Իսրայելը բոլոր ժողովուրդների մոտ խայտառակ ու ծաղրի առարկա կլինի» (Գ. Թագ. Թ. 3-7): Երկնային Հայրը մշտապես կամենում է օգնել եւ օրհնել մեզ` իր պատկերով եւ նմանությամբ արարված մարդուն. մենք օժտված ենք Աստծո ամենամեծ շնորհով` ազատ կամքով, ուստի կարող ենք ընտրել դեպի Նա` հավիտենական կյանք տանող կամ Նրանից հեռացնող եւ գեհենի ճիրանները նետող ճանապարհը: Եթե դիմակայենք երկրային բազմատեսակ փորձություններին եւ պահպանենք առ Աստված ունեցած մեր հավատը, հավատարմությունն ու նվիրումը, կարժանանանք աստվածային օրհնությանը, իսկ եթե հեռանանք Նրանից` ընտրելով չարի ճանապարհները, կզրկվենք Տիրոջ ապավինությունից եւ շնորհներից: Սա է վկայում Սողոմոն Իմաստունի կյանքը. Աստված է օրհնում եւ բարձրացնում կամ նզովում եւ պատժում մարդուն, քանզի Նա է ամենայնի Արարիչը եւ ճշմարիտ Դատավորը: Տերը լսում էր Սողոմոնի աղոթքները, պատասխանում նրա խնդրանքներին` զգուշացնելով պահպանել արդարամտությունը եւ հավատարմությունը, սակայն վերջինս գայթակղվեց եւ թաթախվեց մեղքերի մեջ: Արքան սկսում է երկրպագել այլ աստվածների եւ տարբեր կուռքերի. «Սողոմոնը չարություն գործեց Աստծու առաջ եւ չընթացավ Տիրոջ ճանապարհով, ինչպես որ ընթացել էր իր հայր Դավիթը» (Գ. Թագ. ԺԱ. 6): Եւ ահա զրկվեց Աստծո օրհնությունից եւ ողորմածությունից. «Քանի որ այդպես վարվեցիր` չպահեցիր իմ հրամաններն ու պատվիրանները, որ պատգամել էի քեզ, ես կխլեմ թագավորությունը քո ձեռքից եւ այն կտամ քո ծառային» (Գ. Թագ. ԺԱ. 11):
Սողոմոն Իմաստունի օրինակը մեզ` քրիստոնյաներիս ցույց է տալիս, որ հավատով, նվիրումով եւ խոնարհությամբ ապրած կյանքը պետք է նույն կերպ էլ ավարտել` մշտապես հիշելով Աստծո հետ ունեցած մեծ Ուխտի մասին: Հիշենք նաեւ, որ հեզությունը, արդարամտությունը, հավատարմությունը, անսասան հավատն ու ինքնամերժումն են մեզ մոտեցնում են Տիրոջը: Լսենք Նրա խոսքը. «Եթե դու ուղիղ ճանապարհով ընթանաս իմ առջեւից, կատարես այն ամենը, ինչ պատվիրեցի, պահես իմ հրամաններն ու պատվիրանները…», եւ ամենագութ Տերը կփարի մեզ իր հայրական սիրով եւ ներողամտությամբ:
Արփինե Չանթիկյան