Շողակաթի տոնը կապվում է սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ: Շողակաթ անունը վերցված է Լուսավորչի տեսիլքի մեջ երևացած լույսի շողի կաթումից, և այս անունը տրվում է Լուսավորչի կառուցած երեք տաճարներից այն մեկին, որի տեղի վրա առաջին անգամ երևացել էր լույսի առաջին ծագումը, մինչև բուն Մայր Տաճարի տեղի վրա լուսեղեն շինության գծագրումը:
Այս տոնը տոնվում է Աստվածածնի Վերափոխման տոնին նախորդող շաբաթ օրը և հանդիսանում է Վերափոխման տոնի նավակատիքը, որով Լույսի տաճարը հաջորդում է Տիրոջ բնական մորը՝ սուրբ Կույսին: Քանի որ Քրիստոսի շնորհական մայրը՝ սուրբ Եկեղեցին, ամեն օր ծնում է Քրիստոսին իր սրտում՝ սուրբ սեղանի վրա, դրա համար էլ սուրբ Գրիգորի կողմից սուրբ Էջմիածնի ավագ խորանն Աստվածածին է կոչվում: Եվ այս պատճառով էլ Աստվածածնի պատկերը դրվում է եկեղեցիների սուրբ սեղանների վրա:
Երբ Նոյն ելնում է տապանից, իջնում է Արարատյան դաշտ և այն տեղում, ուր հետագայում Վաղարշապատ քաղաքն էր կառուցվելու, սեղան է պատրաստում և Աստծուն ողջակեզ մատուցում, որպես հաշտության պատարագ: Նոյան տապանը ճշմարտության՝ այսինքն՝ սուրբ Եկեղեցու օրինակն է, քանզի կենդանիներին վերցնելով իր մեջ նրանց փրկեց միայն ջրում խեղդվելուց, սակայն նրանց բարքերն ու վարքը չփոխեց, քանզի գազաններին որպես գազան էլ արձակեց, ինչպես նաև սողուններին՝ որպես սողուններ և թռչուններին՝ որպես թռչուններ: Իսկ քրիստոնեական Եկեղեցին ճշմարտությունն է, որովհետև վերցնելով իր մեջ գազանամիտ մարդկանց, ովքեր լցվել էին զանազան մեղքերով և ժանտահոտել մեղքերի գարշատեսակ բնությունից, Սուրբ Հոգու շնորհներով՝ ավազանի մկրտությամբ և սուրբ պատարագի խորհրդի միջոցով, նրանց դարձնում է զգոն ու հանդարտ, լուսատեսիլ ու մաքրափայլ՝ մարդկանց որդիներին դարձնելով Լույսի որդիներ:
Այնուհետև Նոյից շատ տարիներ անց Աստված ծագեցնում է տիեզերքի արփիական լույսին՝ սուրբ Գրիգորին, որով ծաղկազարդելով պայծառացնում է մեր մարդկային հոգիները: Նա ելնելով Վիրապից գալիս է Վաղարշապատ և այստեղ նախ ամփոփում հռիփսիմյանց սուրբ կույսերի նշխարները, որոնք տակավին անթաղ էին մնացել, ապա ուղղաշավիղ վարդապետությամբ լուսավորում հավատացյալներին և մշտամաքուր սրտով ու հրեշտակային վարքով, հորդառատ ու մարգարեական խոսքերով ժողովրդին ուսուցանում աստվածային պատգամները, նրանց խավարամած կռապաշտությունից դեպի աստվածպաշտության լույսը տանելով և իր զվարթալույս խոսքերով նրանց փշոտ ու տատասկոտ ճանապարհներից հանելով՝ երկնքի ճանապարհին է մոտեցնում: Ինչպես հնում Մովսեսն արեց Իսրայելի համար, այնպես էլ նորում Գրիգորն է անում, զարմացնելով երկնային զորքերին և բոլորիս Արարչին մեզ հետ հաշտեցնելով: Նա ցերեկը վարդապետելով քարոզում էր, իսկ գիշերներն աղոթքով անցկացնում: Եվ Վիրապից ելնելուց երեսուն օր անց տեսնում է հրաշալի ու սքանչելի, ահեղ ու զարմանալի մի տեսիլք, քանզի Տերը չէր կամենում անտեսել Իր ճշմարիտ ծառային, ով Իր անվան համար բազում չարչարանքներ կրեց:
Եվ այս տեսիլքի մասին Ագաթանգեղոսն այսպես է գրում. ՙԳիշերվա կեսին հանկարծակի սաստիկ ձայն եղավ, որոտման թնդյուն: Բացվեց երկնքի հաստատության խորանաշեն ծածկը և մի այր իջավ լույսի կերպարանքով, կանչեց իմ անունն ու ասաց. ՙԳրիգոր՚: Նայեցի, տեսա նրա կերպարանքը և զարհուրած դողալով գետին ընկա: Նա ասաց ինձ. ՙԴու վեր նայիր և տես հրաշքները, որ քեզ ցույց եմ տալու՚: Եվ ես նայեցի ու տեսա երկնքի հաստատությունը բացված, և նրա վրայի ջրերը՝ ճեղքված և ձորերի ու լեռների կատարների նման այս ու այն կողմ բաժանված ու դիզված, աչքի տեսողության համար անբավ ու անկշռելի: Իսկ լույսը վերևից ներքև հոսելով մինչև երկիր էր հասնում. և լույսի մեջ տեսա անչափ զորք, որոնք լուսեղեն էին, երկթև և մարդկային կերպարանք ունեին և որոնց թևերը կրակի նման էին: Նրանք մանր փոշու հյուլեների նմանություն ունեին, որ արեգակնակեզ գարնան ժամանակ պատուհանների կամ երդիկների լույսնացույցի վրա շողերի մեջ խաղում է:
Տեսա մարդկային մի ահավոր կերպարանք, բարձր ու ահեղ, որն առջևից էր ընթանում և վերևից մինչև ներքև վայրէջքի առաջապահն էր: Նա ձեռքին ուներ ոսկե մի մեծ մուրճ, և բոլորը Նրա ետևից էին գալիս: Ինքը գալիս էր սլանալով, խոյանալով արագաթև արծվի նմանությամբ ու իջավ հասավ մինչև երկրի հատակը, քաղաքի մեջտեղը, խփեց լայնատարած գետնին, որից մեծ ու անչափ թնդյուններ հնչեցին անդունդների սանդարամետից: Ամբողջ երևացող երկիրը, աչքին տեսանելի լինելու չափ, հարթ հավասար դաշտաձև տափակացավ: Եվ տեսա քաղաքի մեջ, արքունի ապարանքի մոտ, ճախարակաձև ոսկե խարիսխ, խոշոր բլրի մեծությամբ և նրա վրա հույժ բարձր հրեղեն սյուն, իսկ վրան՝ ամպե խոյակ՝ լուսեղեն խաչով:
Նայեցի և տեսա երեք այլ խարիսխներ ևս. մեկն այն տեղում, ուր նահատակվեց սուրբ Գայանեն երկու ընկերների հետ, մյուսն այն տեղում, ուր սուրբ Հռիփսիմեն նահատակվեց երեսուներկու ընկերների հետ և մեկն էլ՝ հնձանի տեղում: Այդ խարիսխները կարմիր էին արյան գույնով, սյուներն ամպեղեն էին, և խոյակները՝ հրեղեն: Երեք սյուների վրա կային լուսեղեն խաչեր, տերունական խաչի նմանությամբ, և այս սյուների խաչերը նման էին այն լուսեղեն սյունի խոյակին, որը նրանցից բարձր էր: Չորս սյուների խաչերի վրա զարմանատես կամարներ միմյանց կապվեցին և դրա վրա գմբեթաձև խորանարդ ու աստվածակերտ, զարմանալի ամպեղեն շինվածք տեսա: Խորանից ներքև կամարների վրա տեսա այս երեսունյոթ սուրբ վկաներին՝ սպիտակ հանդերձների լուսավոր կերպարանքով, որն անկարող եմ պատմել:
Շինվածքի կատարին տեսա զարմանալի, աստվածակերտ, սքանչելի, հրեղեն աթոռ, և նրա վրա կար տերունական խաչը: Համատարած լույսը նրան պարուրելով խառնվեց խաչի ճառագայթներին և կպչելով միաձուլվեց: Շողացող լույսը սյուն դառնալով ցայտեց խարիսխների ներքին սյուների մեջ:
Եվ հորդաբուխ աղբյուր բխեց, հոսեց ու ծավալվեց բոլոր դաշտերում և ամեն ինչ լցրեց, որչափ աչքը տեսնում էր: Եղավ լի ու կապտագույն ծով, և դաշտերն առհասարակ երկնագույն երևացին: Տեսա հրեղեն սեղաններ, անչափ բազմությամբ և ամեն մի սեղանի վրա՝ մեկական սյուն՝ վրան մեկական խաչով, որոնք իբրև աստղերի բազմություն երևացին և անչափ փայլեցին:
Տեսա և սև գույնի այծերի անթիվ հոտեր, որոնք ջուրն անցնելով ոչխարներ դարձան, և նրանց գույնը սպիտակության փոխվեց: Ոչխարների լուսեղեն բուրդը փայլում էր, ու նրա ճառագայթները փայլատակում էին: Մինչդեռ նորից նայում էի, հոտերը հանկարծակի ծնվեցին ու բազմացան, ծնունդներն ամեն կողմ լցրին, և ծնված գառներն ամենքն էլ լուսագեղմ էին: Հանկարծ այլ ծնունդներ շատացան, բազմացան, և կեսն ընկնելով գետի մեջ, ջրի այն կողմն ելան: Գառները դառան թուխ գայլեր և գնացին հարձակվեցին հոտերի վրա, սկսեցին կոտորել, և արյան ճապաղիք եղավ: Մինչդեռ նայում էի, տեսա, որ հոտերին թևեր աճեցին և դարձան թևավորներ ու վերացան, խառնվեցին լուսեղեն զորքերին: Ապա հրեղեն հեղեղ բարձրացավ ու վերցրեց տարավ գայլերին՚:
Ըստ տեսիլքի երկնքի հաստատաշեն խորանի բացվելը նշանակում է Աստծու մարդասիրության հայտնումը ստորիններին: Մեծ թնդույնը նշանակում է, որ աստվածային ողորմության անձրևը վերստին ցողվում է մարդկանց վրա: Իսկ բացված հաստատությունը և ջրերի բազմությունը, որ կուտակված կային այս և այն կողմում, ցույց է տալիս, որ մարդկանց համար բացվել է վեր ելնելու ճանապարհը: Լույսի սաստիկ հեղումը բարձունքից, որը լցնում է ամբողջ երկիրը, նշանակում է Լույսի քարոզությունը և Ավետարանի տարածումը ստորինների մեջ: Իսկ լուսեղեն զորքը, որ իջնում է լույսի հետ միասին, երևաց ի պատիվ վկաների, նաև մարդկանց խրախուսելու ու մեզ հետ լինելու համար:
Իսկ ահավոր ու շքեղ Այրը, Ով գնում էր լույսի առջևից և Իր ձեռքի ոսկի մուրճով հարվածեց սանդարամետին, Դա Աստծու Տեսչությունն է, Ում հայացքից դղրդում է երկիրը և նրա մոտենալուց ծխում են լեռները, և անդունդներում սուզվում սատանայի ողջ մոլորագնդերը: Երկրի հնչելը նշանակում է մարդկանց հնազանդությունը Կենաց խոսքի քարոզությանը:
Իսկ սյունը, որի խարիսխն ոսկի է, և ինքը՝ հրեղեն, խոյակն ամպեղեն և վրան լուսեղեն խաչ, Կաթողիկե Եկեղեցին է, որն իր թևերի տակ հավաքում է բոլոր ժողովուրդներին հավատքի մի միության մեջ: Ոսկյա խարիսխը հաստատության անշարժ վեմն է: Ամպեղեն խոյակը նշանակում է, որ արդարներն ամպով են վերանալու Քրիստոսին ընդառաջ, ինչպես ասում է առաքյալը: Իսկ լուսեղեն խաչը մեծ քահանայապետությունն է ժողովրդի մեջ և օրինակն է Քրիստոսի մարմնացյալ պատկերի, Աստվածորդու քահանայապետության: Այդ տեղում Աստծու տաճարն է, բոլոր հավատացյալների աղոթքի ու խնդրանքների տունը և քահանայապետության աթոռը:
Իսկ երեք խարիսխները, որոնք արնագույն կարմիր էին, նահատակների նեղությունների, չարչարանքների ու մահվան համբերության համար են, քանզի իրենց մահը հավատքի ճշմարտության խարիսխ դարձրին՝ իրենց արյունը թափելով: Ամպեղեն սյուներն երևացին, որովհետև ամպը հարության, երկինք վերանալու թեթև արագություն ունի: Հրեղեն խոյակը նշանակում է, որ նրանց բնակությունն աստվածային լույսի հրի մեջ է լինելու: Խաչերը խորհրդանշում են նահատակների չարչարանքը, որոնք նման են Տիրոջ չարչարանքներին, քանի որ Աստծով ապրեցին և Քրիստոսի հետ խաչվեցին, և Քրիստոս կենդանի է նրանց ոսկորներում: Քանզի նրանք իրենց մարմինը կախեցին տերունական խաչից. և ինչպես չարչարակից եղան իրենց Տիրոջը, նույնպես և հաղորդակից են լինելու Նրա փառքին ու զորությանը:
Առաջին խաչը քահանայապետության պարծանքն է, Քրիստոսի խաչի փառավորությամբ, իսկ մյուս երեքը հայտնում են սրբերի հանգստարանների տեղերը: Առաջին սյունը բարձր երևաց, քանի որ այն պատիվն է Կաթողիկե Եկեղեցու, որը շինվեց Քրիստոսի արյամբ և մեծ է, քան բոլոր մեծությունները: Իսկ կամարները, որոնք սյուները կապում են միմյանց հետ, ցույց են տալիս Եկեղեցու միասնությունը, որոնք շինվեցին տիեզերքի տարբեր ծայրերում նույնադավան խոստովանությամբ: Իսկ վերին խորանը խորհրդանշում է վերին մայրաքաղաքը՝ երկնքի արքայությունը, որում բնակվում են Աստծու վկաները: Եվ նրա վրա ցույց տրվեց Աստծու աթոռը, որն Եկեղեցու գլուխն է:
Խաչին փարված լույսն Աստծու Հոգին է, որը փառավորում է Որդուն: Այն խառնվեց ճառագայթին, քանզի Նա Որդուց է վերցնում և պատմում Իրեն սիրողներին: Սրանք իրար միացան, քանզի մեկ է Աստվածության էությունը, և մեկ է գիտությունը և դավանությունը, որը սովորեցինք Որդուց և ընդունեցինք Հոգուց: Սյուների մեջ լույս ծագեց, որտեղից և հորդաբուխ աղբյուր բխեց, քանզի Կաթողիկե Եկեղեցուց են շնորհները, իսկ նահատակների ու քահանայության մեջ բխելու է մկրտության աղբյուրը, լվանալու համար հոգու ախտը մարմնականով հանդերձ: Եվ այն, որ հորդեց, լցրեց շատ վայրեր, նշանակում է, որ մկրտությամբ բազմաթիվ ժողովուրդների փրկություն է լինելու: Իսկ դաշտերն երկնագույն երևացին, քանզի երկիրն երկնքի նման է լինելու, որպես հրեշտակների ու մարդկանց հավասարություն:
Հրեղեն սեղանների բազմությունն Աստծու սեղաններն են, որոնք քավություն կբաշխեն ամենքին: Եվ հրեղեն են սեղաններն, որպեսզի Հոգու պաշտամունքը փառքով լինի: Սեղանների վրայի մեկական սյուները քահանայական պաշտամունքներն են, իսկ վրայի խաչերը՝ որպեսզի Քրիստոսի անունն ամենուր փառավորվի: Եվ նրանք երկնքի աստղերի նման բազում էին, որովհետև սրբության պաշտամունքն աստղերի նման պիտի բազմանա:
Սև այծերի բազում հոտերը, որոնք ջուրը մտնելով դարձան սպիտակ ոչխարներ, նշանակում են, որ աստվածային շնորհների աջը քահանայության միջոցով է հասնելու, որի ձեռքը բխեցնելու է մկրտության աղբյուր, բազում մեղավորների թողության ու քավության համար: Եվ մկրտության խորհրդով փոխվելու է ոչ թե մարդկանց բնությունը, այլ բարքերը և վարքը, դեպի լուսափայլ սպիտակություն: Մկրտվածները զգեստավորվելու են լույսով և արժանի են լինելու խոստացված արքայությանը: Իսկ որ հոտերը ծնեցին, բազմացան ու լցրեցին բոլոր տեղերը, դա նշանակում է, որ երկար ժամանակ աճելու է Ավետարանի քարոզությունը, և լինելու են նոր ծնունդներ, և բազմանալու է Քրիստոսի հոտը: Իսկ ոչխարների այն մասը, որ հետո դարձան իրենց նախկին սևությանը, նրանք են, ովքեր ետ դարձան աստվածային սրբությունից և եղան գայլեր և Քրիստոսի հոտը կոտորողներ: Իսկ մնացած հոտը թևեր ստանալով վերանալու է երկինք: Սրանք իրենց արյունով վկայողներն են, և նրանք, ովքեր ամեն օր արյուն թափելու չափ պատերազմում են ընդդեմ երևացող և աներևույթ հակառակորդի, որոնց ճգնաջան աշխատությամբ կառուցվեց Կաթողիկե Եկեղեցին:
Եվ ապա Տերն ասում է Գրիգորին, որպեսզի պինդ լինի, քաջ և զգույշ, քանզի գործը հասել է իրեն: Ապա հրամայում է ցույց տված տեղում շինել տաճար Աստծու անվան համար, ինչպես նաև սրբերի վկայարաններ՝ նրանց զոհվելու տեղերում, որպեսզի բժշկվեն զարկվածները, և Ավետարանի քարոզությունն օրըստօրե առաջադիմի, և Քրիստոսի հավատքի մեջ ամենքը չափահաս դառնան: Եվ այսպիսի խոսքերով տեսիլքը ծածկվում է:
Այս տեսիլքից հետո Լուսավորիչը շարունակում է ուսուցանել ժողովրդին և ասում Տրդատ թագավորին, որպեսզի գան և կառուցեն լույսի սուրբ խորանը, ըստ տեսիլքի օրինակի: Այսպես ամբողջ տիեզերքի առջև, Հայաստանում, այն տեղում, ուր Տերը հարվածեց ոսկյա մուրճով, կանգնեցվում է կաթողիկե եկեղեցին, որի նկարագիրն երկնքից ցույց տրվեց մեծ նահատակ Գրիգորին: Այս խորանի համար ուրախանում են և՜ երկնավորները, և՜ երկրավորները, և այստեղ է լինում Արքայորդու հարսանյաց խրախճանքը, ուր Հայրն առատ սեղան պատրաստեց և հրավիրեց ճանապարհի եզրերի բոլոր նստածներին և դևերից տուժածներին, և այնտեղ արեց Իր օթևանն Իր Որդու և Սուրբ Հոգու հետ միասին, ըստ Իր խոստման: Եվ սրանով են փրկվում Հայոց աշխարհի հոգիները ծովահեղձ սատակումից, քանզի մտցնելով ախտերից սևացած մարդկանց իր հրախառն սենյակները, նրանց մաքրազարդեց իբրև լուսատեսիլ հրեշտակներ և լուսապաճույճ գեղեցկությամբ զարդարելով դարձրեց Վերին Երուսաղեմի որդիներ:
Սա գերազանց է խորհրդով, քան նախկին տապանակը, քանզի նրանով միայն Դագոնի կուռքը խորտակվեց, իսկ սրանով անդունդի խորքերում խորտակվեցին բագինների դիվանվեր պետերը, իրենց զոհասեղաններով ու պաշտամունքով հանդերձ: Այստեղ Տերը փառավոր ու ճոխ իշխանական պերճությամբ երևաց, և այդ պատճառով սա տուն է փառավորության և ազատության: Սա գլուխն է Հայաստան աշխարհի եկեղեցիների, քանզի սրանով են պայծառանում հայոց եկեղեցիները, և Հայոց աշխարհը սրանով է լուսավորվում աստվածգիտության լույսով: